Իմ գյուղը խորագրի արխիվներ

Այս անգամ ՝ ծիթրոնի հետքերով

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Բարև, ինչպես տեսնում ես, ես ամեն օր քայլում եմ ինչ-որ բանի հետքերով, այս անգամ էլ որոշեցի գնալ ծիթրոնի հետքերով: Դե, և՛ դուք կիմանաք, թե ինչպես ենք պեղում ծիթրոնը, թե՛ մեր տանը ծիթրոնի հարցը կլուծվի:
Մի օր, արևոտ օր, երբ հովն ընկավ, արդեն ժամը 17:00 կլիներ, մեկ էլ քույրս՝ Անետան, առաջարկեց գնալ ծիթրոն հավաքելու: Ինչպես կարող էի հրաժարվել, եթե ես կյանքում չէի գնացել ծիթրոնի հետքերով:

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Ուտելիք վերցրեցինք ու ճամփա ընկանք: Երևի գիտեք, որ ծիթրոնը դաշտում քեզ չի սպասում, ճանապարհի վրա է, պետք է հավաքելով գնաս, ու մենք այդպես էլ արեցինք:

Հավաքեցին, հոգնեցինք, որոշեցինք նստել ծառի տակ, մի կտոր հաց ուտել, այնուհետև շարժվել տուն: Հացը ուտելուց հետո ճանապարհ ընկանք, մեկ էլ՝ դիմացներս մի ավազե պատ: Որոշում ենք ցատկել, իրականում այդքան էլ բարձր չէր երևում, բայց բավականին սարսափելի էր: Մենք այդ պատը հաղթահարեցինք մոտ 10 րոպեում, երբ կարող էինք շրջանցել ընդամենը 3 րոպեում:

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Արդեն գալիս էինք տուն, մոտ երկու պարկ հավաքել էինք: Հասանք տուն, լիքը շնորհակալական խոսքեր լսեցինք: Ես ահավոր հոգնած էի, բայց դա ինձ չէր խանգարում լուսանկարները նայել, ընտրել դրանցից մեկը և տեղադրել ֆեյսբուքյանս էջում:

Մի խոսքով, ես դեռ շատ ճանապարհներով եմ գնալու, հետևեք իմ բացահայտումներին:

18-ը փոքր ա

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Հորաքրոջս ամուսնանալու պատմությունը, ով Ակնալիճ գյուղից հարս է եկել Ապարան քաղաք:

-Հոք, ո՞նց ես ամուսնացել:

- Չուզելով: Չուզելով ամուսնացել եմ, բայց համակերպվել, ապրում եմ: Դե, հեռու էր Ապարանը, դրա համար չէի ուզում: Ոնց պատմեմ, Կամոն (հորաքրոջս ամուսինը) իրա ընկերոջ հետ եկել էր մեր տուն՝ խոզ առնելու: Ուրեմն լսի, տատիս մեր պադվալի երդիկին չիր էր փռել, սրանք էլ կեթան- կգային՝ չիր կուտեին, ես էլ կոֆե էի դրել: Հա կանչում էի՝ եկեք, կոֆեն սառավ, ես էլ ինչ իմանայի, որ էդ ընթացքում եսիմ քանի հատ ճանճ ա ընկել կոֆեի մեջ: Սրանք կգան կոֆե խմելու, մեկ էլ զգում եմ՝ հա ծիծաղում են, դե, չգիտեի, որ ճանճի համար են ծիծաղում: Ես էլ իմ կարած շորն էի հագել, էդ էլ մի քիչ բաց էր, գիտեի՝ իմ շորի վրա են ծիծաղում ու վռազ կոպտեցի: Ասի՝ ինչի՞ վրա եք ծիծաղում, ասեք՝ ես էլ ծիծաղեմ: Ու էդ պահին սրա ընկերը ասեց, թե հըլը կոֆեդ խմի, Կամո, ու լեզվին երկու ճանճ: Էս ընկերն էլ ասեց՝ արա, ղսմաթով տղա ես, էլ ի՞նչ ես ուզում:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

-Քեզ ուզելու եկե՞լ են:

-Բա ոնց չեն եկել: Մի քանի անգամ եկան, ես էլ հա չէ էի ասում: Հենց գալիս էին, փախնում գնում էի հորքուրիս տուն, Հարութը (իր հորաքրոջ տղան) դնում հեծանիվ, հետ էր բերում:Մի օր էլ եկան (արդեն հինգերորդ անգամ էին գալիս) սկեսրարս պապայիս ասեց՝ Ռաֆիկ ջան, սենց չի լինի, եքա ճանապարհ ենք գալիս գնում, թող գոնե երեխեքը մի հատ առանձին խոսեն: Ես էլ սենյակս էի, եկավ, ասեց՝ բարև ձեզ, ասի՝ բարև: Հելա աթոռը տվեցի, ասի՝ նստեք, ասեց՝ չէ, չեմ ուզում, ասի՝ դու գիտես: Ասեց՝ հը՞ն, ի՞նչ ես ասում, ես էլ ուսս թափ տվեցի: Կարճ խելքով իբր էլի չեմ ուզում: Կամոն հելավ սենյակից, իրա հերը հարցրեց՝ հը՞ն, ի՞նչ ա ասում աղջիկը: Ինքն էլ ասեց՝ ի՞նչ պիտի ասի, ինքը ուզում ա: Իրանք էլ պատրաստված էին եկել: Իմ տալերը երգել պարելով մտան սենյակս, ես էլ ամոթու զոհ գնացի: Հետո եկան նշան դրեցին: Տատիս հա ասում էր՝ խի՞ չես ուզում:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

-Հարսանիք արեցի՞ք:

-Հա, մեծ հարսանիք արեցինք, հարսի շորս տարան հորքուրիս տանը հագցրին: Երկար շոր չէր: Նույնիսկ եկեղեցի չտարան, էտ էլ ասեմ: Իրանց ասելով, էտ ժամանակ հարսին եկեղեցի չէին տանում: Ինձ թվում էր՝ դրանք չֆայմեցին մտնեին Էջմիածին եկեղեցի:

-Իսկ ո՞նց հարմարվեցիր, դե, գյուղից եկել ես քաղաք: Կլիմային ինչպե՞ս հարմարվեցիր:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

-Դե, էս էլ էլի համարյա գյուղի նման մի տեղ էր, կարևորը, որ շոգից փախա: Ձմեռը ստեղ շատ ցուրտ էր, ճիշտն ասած, չէի պատկերացնում, որ ձմեռը տենց ահավոր կլինի, բայց հետո աստիճանաբար սովորեցի:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Ես 18 տարեկանում եմ ամուսնացել, բայց էտ սխալ ա: Սաղ կյանքը դեռ դեմս էր: Ես սովորում էլ էի՝ Հոկտեմբերյան մասնավոր կարի խմբակ էր, մի բանով կզբաղվեի: 18-ը փոքր ա, մի քիչ մեծ պիտի լինես, մեծ:

Inesa Zohrabyan aragacotn

Զորակոչը

Բարև: Այս նյութը գրում  եմ առավոտյան շուտ, այնպես որ, բառերս, մտքերս, զգացմունքներս երևի թե թարմ կլինեն:

Լավ, ուզում եմ  շարունակել մեր թղթակիցների հոդվածների շարքը զինվորներին, բանակին վերաբերող:

Ասեմ … Ես էլ եղբորս բանակ ճանապարհեցի: Ուզում եմ ձեզ պատմել մի քանի բան այդ օրերից:

Նախ, եղբորս  զորակոչի օրը հուլիսի 30-նն  էր, և դրան նախորդող 1-2 օրերին մենք շատ հյուրեր ունեցանք: Գիտեք, բոլորի մաղթանքները մեկ ենթավերնագրի տակ կարելի էր դնել`խաղաղություն աշխարհում ու թեթև ծառայություն բոլորին:

Ես միշտ լսել եմ կարոտ բառի մասին, ասել եմ, որ կարոտում եմ, բայց այդ բառը իր ամբողջ ծանրությամբ ինձ վրա եկավ, երբ տեսա եղբորս համարյա թե ճաղատ գլուխը: Ես արդեն կարոտեցի, չնայած նա կողքիս էր: Այդ օրը նրա՝  մեզնից երկու տարով հեռանալու բաղադրիչներից մեկը իրոք  ինձ ուշքի բերեց: Ու հիմա էլ գիշերը սենյակ մտնելուց թաթերի վրա եմ քայլում, հետո հիշում եմ, մտածում, որ  եղբայրս այնտեղ  է, հանգիստ պառկած է ու ինքն էլ ինձ է հիշում, երևի:

Եղբայրս գնաց զինկոմիսարիատ, որտեղից նույն օրը զինվորներին տեղափոխեցին Երևան, իսկ այ, հաջորդ օրը շատ դանդաղ էր անցնում: Երևանում ենք, բոլորի ծնողները հավաքվել են վիճակահանությանը մասնակցելու: Մտնում ենք ներս, տեղավորվում ենք ու նայում մեր դիմացի հեռուստացույցներին, որտեղից պետք է երևային մեր զինվորները: Ահա սկսվում է: Բոլորն անհամբեր, դողալով, աղոթելով սպասում են: Բոլորը արկղիկից քաշում են իրենց առաջիկա 2 տարվա ծառայության վայրի անվանումը: Հետո դուրս  ենք գալիս, տեսնում մեր զինվորներին`10-15 րոպե: Հետո լքում ենք ադ տեղը՝ զինվորներին տալով շատ խորհուրդներ ու  բարեմաղթանքներ: Իսկ նրանք, կապված  ծառայության վայրից, շարժվում են ավտոբուսներով տարբեր ժամերի:

Ահա և վերջ: Դանդաղ  ընթացող օրը ավարտվեց, և  հուսով եմ, որ այդ օրից էլ չեմ ունենա, ուղղակի չեմ ուզում: Իսկ հիմա ուզում եմ ասել, թե որտեղ էլ ծառայեն՝ սեր է պետք, իսկ սերը խաղաղություն է բերում, միասնականություն ու հարգանք: Այնպես որ, թող ամբողջ աշխարհը սիրի, որովհետև սերը չի չարանում ու պատերազմներ չի բերում: Աշխարհին, մեր Հայաստանին՝ խաղաղություն ու պարզ երկինք:

Սպասում ենք Ձեզ`մեր զինվորներ:

Անգլերենի դասընթացներ Կալավանում

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Գարնանը իմացանք, որ ամռանը՝ հուլիսի 1-ին, մեր փոքրիկ Կալավանում անգլերենի դասընթացներ են լինելու: Հուլիսի մեկն անցավ, բոլորս կորցրել էինք մեր հույսը: Սակայն հուլիսի 16-ի երեկոյան իմացանք, որ հաջորդ օրը՝ ժամը 11:00-ին, անգլերենի դասընթացները սկսվում են: Բոլորս ժամը 10:30-ին գյուղապետարանի բակում էինք, դասընթացները տեղի էին ունենալու գյուղապետարանում: Վերջապես եկան մեր ուսուցչուհիները՝ Նինան և Լաուրան: Ծանոթացանք միմյանց հետ, մեզ ասացին, որ դասերը լինելու են խտացված գրաֆիկով և տևելու են ընդամենը մեկ շաբաթ, ու ամենակարևորը՝ դասերի ընթացքում խոսելու էինք միայն անգլերեն: Նրանք մեզ բաժանեցին տետրեր, մատիտներ, պատկերազարդ գրքեր և բառարաններ: Դասերը տևում էին օրվա մեջ չորս ժամ` 11:00-ից 13:00-ն և 15:00-ից 17:00-ն: Դասերին զուգահեռ սովորում էինք անգլերեն երգեր, խաղում հետաքրքիր խաղեր, որոնք օգնում էին ավելի ամրապնդել սովորածը:

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Այնքան հետաքրքիր էին անցնում դասերը, որ մենք չհասցրինք նկատել՝ ինչպես անցավ այդ մեկ շաբաթը:

Մենք երեխաներով որոշեցինք մի փոքր անակնկալ պատրաստել: Նվիրեցինք ձեռագործ կախազարդեր, շնորհակալական պաստառներ և մի փոքրիկ խմորեղեն, որը մեր խնդրանքով պատրաստել էին մեծերը: Անչափ ուրախացան և շնորհակալություն հայտնեցին:

Նրանք էլ մեզ համար էին անակնկալ պատրաստել: Ասացին, որ երեկոյան ժամը 19։00-ին բոլորս հավաքվենք իրենց տան բակում:

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Նրանք Հայաստանի տարբեր բնակավայրերում տեղադրում էին անվճար փոքրիկ գրադարաններ: Մեր փոքրիկ Կալավանում նույնպես տեղադրեցին, որտեղից կարող ես գիրք վերցնել և դրա փոխարեն դնել մեկ ուրիշը:

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը` Էլիտա Ստեփանյանի

Մենք բոլորս շատ շնորհակալ ենք Նինայից և Լաուրայից՝ մեզ անգլերեն սովորեցնելու և փոքրիկ անվճար գրադարան տեղադրելու համար:

Համեցեք Լոր

Լուսանկարը՝ Ալբինա Հովսեփյանի

Լուսանկարը՝ Ալբինա Հովսեփյանի

Հեղափոխության քաղցր պտուղները վայելում են նաև լորեցիները և հարակից շրջանի բնակիչները: Վերջապես կատարվեց նրանց երազանքը, սկսվել են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Գյուղացիները պատմում են, որ շատ ուրախ են սկսված աշխատանքների համար, Համո Սահյանի տուն-թանգարանի տնօրենը մեծ հիացմունքով է խոսում աշխատանքների մասին, ասում է, որ սա շատ մեծ խթան է Լորում տուրիզմի զարգացման համար։

-Թանգարանի հյուրերն էլ կավելանան և այլևս չեն պատճառաբանի, թե ճանապարհները քանդված են, կարգին վիճակում չեն,- անկեղծ ժպիտով ասում է տիկին Հարությունյանը:

Դեռևս ապրիլին սկսվել էին ճանապարհային աշխատանքները, իսկ թավշյա հեղափոխությունից հետո ավելի մեծ թափով և եռանդով «կպան գործին»՝ ինչպես ասում են գյուղացիները:

Լուսանկարը՝ Ալբինա Հովսեփյանի

Լուսանկարը՝ Ալբինա Հովսեփյանի

-Ինչ էս գյուղ հարս եմ եկել, ասել են՝ ճանփեքը սարքում են, հլը սովետի ժամանակից, ով դառավ երկրի նախագահ կամ մեր մարզի մարզպետ, խոստացավ, որ կսարքեն ճանապարհները, բայց ըտենց ալ մնաց, հա, մի քանի տարի առաջ Սիսիանից մինչև Շամբ սարքալ են, հետո տենց էլ հա ասին կսարքեն մնացածը, էն ալ չսարքան: Այ որ Փաշինյանի նման մի երկուսն էլ էն ժամանակ լինեին, լավ կլիներ,- բարկացած, բայց միևնույն ժամանակ ուրախ՝ տատս կիսում էր իր կարծիքը ինձ հետ:

Ճանապարհները արդեն կառուցվում են, ուրեմն համեցեք Լոր ու վայելեք դրախտային Լորը:

Արտենի ջանը

Մի օր ես ծանոթացա Թամարայի հետ, ով վետերան-թղթակից է 17.am-ում։ Մի սիրուն, սովորական օր նրա ֆեյսբուքյան էջում տեսա լուսանկար վերնագրված՝ #Երևան #ջան, և այդպիսի մի քանի նկարներ ևս։ Հետո հասկացա, որ ես շատ եմ ոգևորվել, և ինձ գերում է համայնքի լուսաբանումը՝ թեկուզ բջջային հեռախոսի տեսախցիկով։ Եվ սկսեցի սիրուն բաները տեսնել ու նկարել ու ցույց տալ օգտատերերին, իհարկե, այս գաղափարի հեղինակի կարծիքը իմանալուց հետո (հեղինակային իրավունք եմ պահպանում)։ Արձագանքները ինձ ավելի էին ոգևորում, դե, պատկերացրեք, թե ինչ արձագանքներ էին։ Հաճախ այն, ինչը ես սիրուն էի անվանում, մտերիմներիս կողմից չէր դիտվում որպես սիրուն երևույթ, բայց ես, ինչպես ասում են, «անմահացնում էի» այդ պահերը։ Ահա, դրանք հանձնում եմ ձեզ։

Նկարներ անելը շատ հետաքրքիր է, որովհետև շփվում ես նկարվողի կամ առարկայի հետ, հետո ընտրում ես ամենալավը, տարածում ես ու լցնում քո սեփական օրը դրական լիցքերով։

Որոշ ժամանակ անց սկսվեց մեր հարևան գյուղի՝ #Արագածավանի #ջան-լուսանկարների տարածումը, հետո Կոտայքի մարզի #Լեռնանիստ #ջան-ը։ Եվ հիմա ուզում եմ, որ ընթերցողները սկսեն իրենց #ջաները, իրենց համայնքի թաքնված, սիրուն, եզակի ու տարօրինակ կողմերի բացահայտումը։

Սպասում եմ նոր, թարմ, սիրով արված ջաների շքերթի։

Ani Harutyunyan

Գյուղի շոգն ուրիշ չի

-Գյուղո՞ւմ էլ ա քաղաքի պես շոգ, – ամեն զանգողի հերթական ու ո՞նց ես-ից կարևոր, բայց խոսքի մեջ միշտ երկրորդ հարցն է:

«Ոնց ես»-ի պատասխանը ես էլ գիտեմ, որ հետաքրքիր չէ, դրա համար ես միշտ լավ եմ, նորմալ եմ, եղանակի հարցի պատասխանն էլ է միշտ նույնը` գյուղում էլ է նույնը, դեռ ավելի շոգ: Որպես պատասխան ծանր հոգոց եմ լսում խոսափողի մեջ, թվում է` ծանր արտաշնչած տաք օդը հասավ ականջիս:

Գյուղում շոգ է, չեք հավատա, բայց նույն արևն է, կեսօրին մարդիկ չկան փողոցներում, մեկ-մեկ դաշտից հեծանիվ է գալիս, արագ անցնում` ջրի դատարկ շշերը հետևից կապած. որպես կանոն դաշտից վերադառնում են, երբ սառը ջուրը վերջանում է: Նույն-նույն տաք գետինը, մի տարբերությամբ` ասֆալտ չի, հող է, տաք հող` հեծանիվի ակներից փոշու տեսքով վերև բարձրացող ու գյուղացու քրտնած դեմքին նստող:

Գյուղում շոգ է, ու մարդիկ շենքեր չեն գտնում` ստվերի տակով քայլելու, գոնե շոգը մեղմելու: Խանութները երեքն են, գյուղն էլ` փոքր, կարիք ու պետք չկա խանութ մտնելու, որ գոնե մի քիչ հովանաս, եթե մտնես էլ խանութ, մի բան պիտի առնես անպայման, դե որ գյուղը փոքր է, մարդիկ էլ` քիչ, խանութպանը դեմքով կճանաչի անպայման, գյուղացին էլ ամոթ կանի դատարկ ձեռքով դուրս գալ:

Գյուղի շոգը չի տարբերվում քաղաքի շոգից, բայց կյանքն է տարբերվում: Քաղաքում, հիմնականում, աշխատանքի են գնում 9-ին, բախտավորներ էլ կան, որ 10-ին, իսկ գյուղում, հիմնականում, այդ ժամին դաշտից տուն են վերադառնում, գնում են 5-ին, թե բախտները բերի ու քնել չկարողանան, արթնանում են շուտ ու գնում 4-ին, որովհետև գյուղում շոգ է ու դաշտում աշխատանքին խանգարում է: Մարդկանց է խանգարում, իսկ պտուղները առաջ ընկած հասնում են, հետո հասնում են քաղաք` նույն շոգ ճանապարհով:

Ամեն օր ինձ տեսնելիս փողոցի մեծերը հարցնում են` ի՞նչ են գրում էդ ձեր ինտերնետներում, ե՞րբ են հովերն ընկնելու, ու շարունակում, որ կյանքում էսպես շոգ չէին տեսել, ու դա ասում են ամեն տարի. ամռանը` էսպես շոգ, ձմռանը` էսպես ցուրտ:

Երեխաների համար Վարդավառը հովանալու ամենալավ տարբերակն է, որոշ փողոցներում ամեն օր Վարդավառ է, բայց քաղաքի Վարդավառից տարբերվում է. գետնին ասֆալտ չի, հող է, տաք հող, որ ջրերի մեջ ցեխի է վերածվում, ու հեծանիվն արդեն ցեխի մանր հատիկներ է թռցնում հետևից. արագ քշելուց է, որ քիչ ջրվի: Գյուղի բոլոր երեխաները հավաքվում են դպրոցի բակում ու դառնում մի նորմալ փողոցի երեխաների չափ, որ պիտի լինեին գյուղում, ամեն փողոցում: Էլի նույն շոգն է, որովհետև ցեխը երկար ցեխ չի մնում, արևն արագ չորացնում է ու երեկոյան, երբ հեծանիվը հետ է գնում դաշտ` սառը ջրերը հետևից կապած, նորից նույն փոշին է:

Գյուղում շոգ է, բայց շոգի մեջ հանգստություն կա. մեքենաները չեն ծանրացնում փողոցն ավելորդ օդով, կեսօրի շոգին տան հովին հանգստանալուն չի խանգարում դրսի աղմուկը, փոշի՞ն, ոչինչ, դրա` ասֆալտի փոխվելու հույսն էլ կա:

Ծիրանհավաքը

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Ամեն տարի մեր գյուղում`Արտենիում, բերքահավաքը ուշ էր սկսվում, քան մյուս վայրերում: Սկսում էինք հուլիսի տասից կամ մի քիչ շուտ: Իսկ այս տարի ջերմաստիճանային փոփոխությունների պատճառով ավելի շուտ սկսեցինք `հունիսի 30 -ին: Ջերմաստիճանը փոփոխություններ բերեց, և մենք էլ մեր եռուզեռը սկսեցինք: Ինձ թվում է, ձեզ կհետաքրքրի, թե ինչպես է կատարվում այս ամբողջ գործընթացը:

Առաջին հերթին գյուղացիները գտնում են հարմար գնորդին, ով առանց շատ «ջոկելու» և մնացորդ տալու կտանի ծիրանը: Գտնում են ու «բարիշում» մի գնով տանել բերքը մինչև վերջ: Հետո դաշտի տերը բանվորներ է վարձում, աստիճաններ և դույլեր պատրաստում բերքահավաքի համար: Բանվորների հետ ևս պայմանավորվում են վարձատրության, ճաշի և այլնի համար: Մենք էլ ունենք ծիրանի դաշտ, և այս տվյալները բոլորը ստույգ են, համոզված եղեք: Իսկ այս ժամանակահատվածում, ավելի քան երբևէ ամենապահանջվածը ամենափրկիչ ջուրն է բոլորի համար: Նաև նշեմ, որ մենք խմելու ջուր չունենք համայնքում, այլ ստանում ենք ցիստեռներով, իսկ ջուրը կոչում ենք`Թալինի ջուր:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Այսպիսով, երբ այս ամենը պատրաստ է լինում, առավոտյան ժամը 8-ին շարժվում են բերքահավաքի աշխատողները: Մեր գյուղից 14 տարեկանից սկսած կան աշխատողներ, ովքեր իրենց օրավարձով ստեղծում են իրենց սեփական գումարը: Մի քանիսը մեկ շաբաթ, մի քանիսը ավելի քիչ են աշխատում: Նշեմ նաև, որ գնորդը տրամադրում է «շարողներ», ովքեր ծիրանները դասավորում են արկղում հորիզոնական կամ այլ ձևով: Դաշտի տերը մոտավոր, աչքաչափով վերցնում է արկղեր, որպեսզի այդքանը լցնի օրվա ընթացքում: Օրվա վերջում դաշտատերը հանձնում է արկղերը, հաշվարկում:

Այս տարի արտենցիները գոհ էին, որ կարկուտը «չտարավ» իրենց բերքը, իրենց եկամուտը, բայց դժգոհ էին բերքի քանակությունից:

Ինչևէ, ամեն ինչ լավ է: Գյուղացու եկամտի ստացման մի սեզոնը ավարտվեց: