Իմ էջը խորագրի արխիվներ

valentina chilingaryn

10 փաստ պապայի մասին

1. Պապան երբեք չի ասում «չէ» կամ` «ոչ»: Բայց, եթե իրեն հարց ես տալիս, պիտի տիրապետես իր «այո»-ների 51 երանգներին: Հարցադրում անելիս, ցանկալի է «նյուխ» ունենալ ու հասկանալ, թե էդ ո՞ր «այո»-ն էր:

2. Եթե ուզում ես, պապայի «աչքը մտնել», ուրեմն իր հետ քաղաքականությունից բացարձակապես մի խոսիր: Օրինակ, եթե ասում ես, որ X կամ Y կուսակցությունն ամենաուժեղն է, ու էդ ընթացքում պապան առանց միմիկայի ուշադիր վրադ է նայում, ուրեմն պապան մտքի մեջ մի հազար անգամ սեղանի վրա դրված առաջինն աչքին ընկած առարկայով քեզ խփում է:

3. Պապան չափից դուրս համբերատար ու հավասարկշիռ մարդ է: Ինքը անպարագիծ հանգստությամբ  կարող է լսել ցանկացած ցնդաբանություն ու անիմաստ պատմություն:  Էս փաստը հաստատում է 2-րդ կետը, որովհետև, եթե հավասարակշիռ չլիներ` մտքի մեջ չէր խփի:

4. Պապան աշխարհի չափ սիրում է մամային: Եթե քեզ պապայից ինչ-որ բան է պետք, ուրեմն պարզապես լավ եղիր մամայի հետ, օրինակ, կարող ես` հատակը մաքրել, ճաշ պատրաստել, փոշիները վերցնել ու վերջապես գլուխդ կախ լսել` ինչ ասում է մաման:

5. Եթե չես ուզում պապան «թարսվի» հետդ, ուրեմն, ախպերական, Դավալուի կոնյակը մի գովիր:

6. Չուշանաս երբեք: Եթե պապան ասել ա` 14:16 եղիր X վայրում, հանկարծ չգնաս 14:15 կամ 14:17: Պապան տանել չի կարողանում անճշտապահ ու անպատասխանատու մարդկանց, դե օրինակ` ինձ: Բայց դե ես որոշ քայլեր ձեռնարկում եմ դեպի լույսը գնալու համար:

7. Ցավոք, պապան միշտ զբաղված է: Ինքը միշտ ժամանակ չունի, որովհետև գրաֆիկով դասակարգում է իր բոլոր անելիքները, որ ժամանակի կորուստ չլինի: Պապան էնքան զբաղված է, որ եթե պլանավորում ես իր հետ տեղ գնալ, պիտի  մեկ ամիս առաջ օր վերցնես: Օրինակ, մենք երեխաներով, հունիսի 1-ին օր ենք վերցրել, որպեսզի հուլիսի 1-ին պապայի հետ գնանք գազանանոց: Մենք գնահատում ենք նրա հետ անցկացրած ժամանակը:

8. Պապան նաև շատ լավ խոհարար է: Ճիշտ է, մամայի պես սալորի թթու, բադրիջանի ու դդմիկի լցոնած եսիմինչիկ ու վարունգի լավաշ չի կարողանում սարքել, բայց աշխարհի ամենահամով հայկական խորովածն է սարքում:

9. Պապան սիրում է բոլորին, մանավանդ նրանց, ովքեր պատրաստակամություն են հայտնում իր մեքենան լվանալ:

10. Եվ վերջապես, նրան է պատկանում լավագույն ընկերոջ, հրաշալի հոր և շատ ուժեղ մարդու պաշտոնական հավաստագիրը:

Շնորհավոր ծնունդդ, պա՛պ, ես քեզ շատ եմ սիրում:

Mariam Hovhannisyan.Nor kyanq

Մենք ենք ու մեր մանկությունը

Գիտեք, զարմանում եմ, թե էս երեխեքը ինչ մանկություն են հիշելու։

Այփադով տորթ սարքելը, տիկնիկներին հագցնել-հանելը, թե գնդակ խաղալը։
Հիշում եմ, երբ փոքր էի, ինձ համար տորթ սարքելը հողին մի բաժակ ջուր ավելացնելն էր, իսկ լավագույն դեպքում մի երկու ծաղկով վրան ձևավորելը։
Տիկնիկներս… Ինչքան էի դողում ամեն տիկնիկի, իր շորի, իր հետ կապ ունեցող ցանկացած իրի վրա: Իրենք իմն էին, ուրեմն ես պատասխանատու էի իրենց համար։
Ես այն մանկությունն եմ ունեցել, որում ես նորմալ զուգագուլպա` ռետուզ, չեմ ունեցել, որովհետև ատել եմ իրեն։ Ու իր վրա ցանկացած փոքր բացվածքը կհանդիսանար իր վերջը։ Իմ կյանքի միակ ռետուզը եղել է նապաստակի ականջներով ռետուզը: Էսօրվա պես հիշում եմ մամայիս հորաքույրը Մոսկվայից էր բերել։ Էդ իմ միակ ռետուզն էր, որի վախճանը ես չտվեցի, ու ավելին, ինձ մոտ դժվար ժամանակներ սկսվեցին իրենից հետո։ Ես միշտ զարմանում էի, թե իմ տարիքի երեխեքը ինչ էին գտնում իրենց կարմիր- վարդագույն ծաղիկներով ռետուզների մեջ, ու ես վերջապես ունեցել էի իմ կյանքի մոխրագույն նապաստակով ռետուզը։ Գիտեք, ամեն մարդ իր մանկությունում ունեցել է իր բաժին նապաստակով ռետուզը։
Մանկություն, որտեղ պապս դեռ կար։ Որտեղ պապենց տան առավոտները լավագույներն էին, որովհետև պապս ժամերով հետս խաղում էր։ Ես իր պապն էի, ինքը` իմ թոռը, բայց երբեք ինձ մոտ չէր ստացվում հասնել պապիս «գերպապական» հմտություններին, որովհետև դրանք անզուգական էին, որովհետև ինքը կախարդական էր: Պապս մանկությանս լավագույն էջերի վերնագրեր դնողն էր, ինքը գունավորել, երանգներ է տվել մանկությանս։ Ինքը մանկությանս վառ գույնն էր ու գույնն է։
Մանկություն, որում մենք երեխա էինք ու մեր բակի, փողոցների ամեն մի քարի մեջ մենք կայինք, մենք խաղում էինք անխնա, առանց մի վայրկյան մտածելու, որ տանը համակարգիչ կա, «վայֆայ» կա, կամ չգիտեմ` ինչ գրող ու սև ցավ կա։ Մենք խաղում էինք մինչև կռվելը, իրար վրա քար շպրտելը ու առաջին լացը։
Մենք էինք մեր մանկությունը։ Մանկություն, որում ես մանուկ էի։ Մանկություն, որում պապս կար։

elita balyan

Դեպի Երևան

Դեռ սեպտեմբեր ամիսն էր, երբ դպրոցում քննարկումներ սկսվեցին:

-Տեսնես` էս տարի էքսկուրսիա կգնա՞նք:

-Հուսով եմ` այո, – մեկս մյուսին հույս էինք տալիս:

Արդեն գարուն էր, ու հույս էլ չունեինք, որ մեր երազանքը իրականություն կդառնա, բայց արի ու տես, որ մեր համայնքի վարչական ղեկավարն ու դպրոցի տնօրենը մեզ համար անակնկալ էին պատրաստել:

-Հավաքվեք ուսուցչանոցում, տնօրենը ձեզ կարևոր բան ունի ասելու:

-Երեխաներ, ամբողջ տարի ձեր աշխատասիրության և ուսման մեջ առաջադիմելու համար մայիսի սկզբին գնում ենք էքսկուրսիա, ուղևորությունը` դեպի Երևան: Կալավան համայնքի վարչական ղեկավարն ասաց, որ համայնքապետարանը հոգում է ողջ ճանապարհածախսը:

Դպրոցի երեխաներս շատ էինք ուրախացել: Երբ տանն ասում էինք, որ ուզում ենք էքսկուրսիա գնալ, ծնողները ուրախանում էին, սակայն գյուղից Երևան հասնելու համար  անհրաժեշտ էր ճանապարհածախս, ինչ որ մի բան ուտելու համար գումար ու նման շատ բաներ: Եթե դրանք բոլորը գումարում էինք իրար, հսկայական գումար էր ստացվում, չնայած ծնողների մեծ ցանկությանը, չէին կարողանում այդքան մեծ գումար տալ:

Էքսկուրսիային նախորդող օրը ծնողները հավաքվեցին դպրոցում: Հենց այդ   ժամանակ էլ իմացանք, որ մնացած ծախսերը հոգում է «Թայմ Լենդ»  հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը:

Դե, մեզ էլ ի՞նչ էր մնում, եթե ոչ` վայելել մեր հիասքանչ օրը:

Առավոտյան ժամը ութին շարժվեցինք Դպրաբակ գյուղից: Գնացինք Հաղթանակի զբոսայգի, իջանք Կասկադի աստիճաններով, քայլելով հասանք Հանրապետության հրապարակ, հետո գնացինք Պատմության թանգարան: Լավ տպավորություններ ստացած, մի փոքր հոգնած ու քաղցած գնացինք «Տաշիր պիցա», այնտեղ ճաշեցինք և ուղևորվեցինք Կենդանաբանական այգի: Նոր էինք ներս մտել, երբ անձրև սկսվեց:

-Ուֆ, էս անձրևն էլ ժամանակ գտավ գալու:

-Անձրև՞ն է, որ մեզ պետք է խանգարի,- ասացինք մեկս մյուսին ու գնացինք առաջ:

Կենդանաբանական այգուց դուրս եկանք թրջված ու մրսած, նստեցինք մեքենաներն ու վերադարձանք Կալավան:

Զարմանալին էլ այն է, որ ոչ մեկս չհիվանդացավ:

Մենք բոլորս շատ շնորհակալ ենք  համայնքապետարանին, Ռոբերտ Ղուկասյանին և ողջ ուսուցչական կոլեկտիվին մեզ անմոռանալի օր պարգևելու համար:

sona muradyan

Կարդա՞լ, լսե՞լ, թե՞…

Ըստ  ֆրանսիացի  փիլիսոփա Ժան Պոլ Սարտրի` գրքերն աշխարհի  արտացոլանքն   են,  որոնք պարունակում են  նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը։

Աշխարհի տարբեր երկրներում մարդիկ փորձում են կրթվել, գիտելիքներ ձեռք բերել, իսկ դրանց ստացման հիմնական ու ամենավստահելի միջոցը շարունակում է մնալ գիրքը։

«XX դարի 90-ականների տնտեսական և էներգետիկ ճգնաժամը պատճառ դարձավ, որ գիրքը մի տեսակ անտեսվեց կենցաղի ստվերում: Այդ տարիներին, կապիտալիստական դարձող մեր հասարակության մեջ ձևավորվեց որոշակի արհամարհական վերաբերմունք գրքի նկատմամբ: Գրքի «անկման»-ը նպաստեց նաև մտավորականների զգալի արտագաղթը»։ (Հատվածը մեջբերված է Հայաստանի գրադարանային միության նախկին նախագահ Ռուզան Տոնոյանի «Ընթերցանության ընդհանուր պատկերը ՀՀ-ում» հոդվածից):

Այնուամենայնիվ արդեն 21-րդ դարն է, անցել է  մոտ 40 տարի, փոխվել են ժամանակները, փոխվել են ընթերցանության ձևերը, բայց արդյո՞ք  փոխվել է մարդկանց վերաբերմունքը գրքի նկատմամբ։ Մերօրյա հասարակությունը գրքեր կարդու՞մ է, և եթե այո, ապա ինչ եղանակով։ Ասվածի վերաբերյալ հարցումներ իրականացրինք Վանաձորի թվով 50 բնակիչների շրջանում` նրանց մեջ ներառելով տարբեր տարիքային խմբերի անձանց։ Հարցվածներից բոլորը նշեցին, որ գրքեր  կարդում են, իսկ  թե ինչ եղանակով, պատկերը տարբերվում է։ Օրինակ, ուսանողներն ավելի շատ նախընտրում են աուդիոգրքերը` խնայելով ժամանակն ու տեսողությունը. «Եթե պետք է ճանապարհ գնամ, նախընտրում եմ այդ ընթացքում աուդիոգիրք լսել»,- նշում է  իրավագիտության բաժնի ուսանող Արեն Խարազյանը։ Իսկ արդեն համեմատաբար ավագ սերնդի ներկայացուցիչները տպագիր գիրքը ավելի են գերադասում: «Տպագիր գիրքը ոչնչի հետ չեմ փոխի, գրքի «հոտը զգալը» շատ կարևոր է գրքի միջինը հասկանալու համար»,- նշում է ուսուցչուհի Սուսաննա Հակոբյանը։

Ըստ համալսարանի գրադարանի աշխատակցի` գրադարաններում մասնագիտական գրքերի պակասն է հաճախ ստիպում դիմել համացանցի օգնությանը։ Իսկ թե ընկալման տեսանկյունից գրքի և էլեկտրոնային գրականության կամ աուդիոգրքի միջև ինչ տարբերություններ կան, հոգեբանության բաժնի ուսանողուհի Սոնա Տիգրանյանը նշեց, որ դա ավելի շատ կախված է ոչ թե գրքի տեսակից, այլ դրա բովանդակությունից, տվյալ անձի աշխարհընկալումից ու հետաքրքրասիրությունից։ Ես  ավելի շատ համացանցային, այսինքն` էլեկտրոնային գրականությունն եմ նախընտրում։

Թեման   բազմակողմանի  քննարկելու  և  ներկայացնելու համար հարցազրույց  ունեցանք Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի փոխտնօրեն  Տաթև Աղաբաբյանի հետ.

-Թյուր կարծիք է այն, որ գիրք կարդացող չկա, կամ սերն է նվազել տպագիր գրականության նկատմամբ։ Մեր գրադարանում ընթերցողների պակաս երբեք չի եղել։  2017 թվականի գրադարանների օպտիմալացումից հետո Վանաձորի թիվ 3 մանկական գրադարան այցելուների թիվը մեծացել է։ Բացի այդ  ընթերցողներն ավելի շատ դեպի գիրքն են ձգտում` գերադասելով էլեկտրոնայինից և աուդիոգրքերից։ Ես դրա պատճառը կարող եմ ասել որպես ընթերցող. տեսողական հիշողության զարգացում, գրքի հոտ, ընթերցանության պրոցես, ահա սրանք են հիմնական այն պատճառները, որոնք մարդկանց դրդում են ընտրել տպագիր գիրքը։ Մենք էլ մեր ուժերի ներածին չափով փորձում ենք ժամանակակից գրքեր ձեռք բերել, հները թարմացնել, այդ կերպ  փորձելով ընթերցողի պահանջը կատարել։

Ըստ վիճակագրության` նախորդ տարվա համեմատ գրադարաններ հաճախողների թիվը մոտ 2000-ով ավելացել է։ Իհարկե այս փոփոխությունները  կապված են նաև գրադարանների օպտիմալացման հետ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ընթերցողների քանակի ավելացմանը։                                                                                                                                                                                                                                   Թեման եզրափակելով նշեմ, որ ընթերցանությամբ զբաղվել բոլորիս է անհրաժեշտ. կարևոր չէ, թե ինչպես ենք գիրք կարդում, կարևորը կարդալն է, կրթվելն ու գրագետ հասարակություն ձևավորելը։

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Մեր մանկությունից

Ես Մոսկվայում եմ ծնվել, մի շատ ցուրտ ձմռան ամենաերկար գիշերվա օրը։ Ես, իհարկե, ոչինչ չեմ հիշում, բայց հորաքույրս պատմում է, թե ինչպես էր քույրս սառույցների վրա թռվռալով գնում հիվանդանոց, որ ինձ տեսնի։ Ասում են՝ երբեք այդպես չէր շողացել։ Քույրս էլ 4,5 տարեկան էր այդ ժամանակ, բայց անհամբեր սպասում էր իմ ծնվելուն։ Հետո պատմում են, որ շատ ուրախացել էր, որ աղջիկ եմ, ոչ թե տղա։ Մեր տանն էլ, որ ինչ-որ բարեկամներից լսել է, թե ափսոս, որ տղա չեմ, սկսել է տղաներին զզվանքով նայել։ Մի ուրիշ բարեկամի տղա երեխայի էլ, որ դարակներն է քանդել, շորից բռնել է ու ասել. «Սրանի՞ց էիք ուզում»։

Բայց ես դրա մասին չէի ուզում պատմել, ու ոչ էլ ինչ-որ զվարճալի պատմության։ Ես զվարճալի պատմություններ չունեմ էլ, որովհետև ամենաանհամ ու անհետաքրքիր երեխան եմ եղել, որին դուք կարող եք պատկերացնել։ Դե, եթե իհարկե, քույրս չպատմի։ Իրեն որ լսեք՝ հրաշք եմ եղել։

Ուզում եմ պատմել մի նկարի մասին, որը արվել է ինձ հիվանդանոցից տուն բերելուց հետո։ Մահճակալի վրա քույրս է՝ թուշիկներով սիրուն երեխա, երջանիկ հայացքով նայում է իր կողքին ինչ-որ հետքի։ Այդ ինչ-որ հետքը ես եմ։ Սև, ուռած դեմքով, գլուխս 90 աստիճան թեքած, որ կարծես վրայիցս պոկած՝ կողքի դրած լինի, ձեռքերը վերև ինչ-որ արարած է։ Ու Հասմիկը էնպես է նայում էդ հետքին, կասես մի հրաշք է տեսել։ Հիմա ինչքան էլ փնտրեմ այդ նկարը, չեմ գտնի, երևի գյուղում է մնացել, բայց հիշողությանս մեջ շատ վառ է։ Առաջին անգամ շատ էի ծիծաղել դա տեսնելիս։ Քույրս էլ միշտ շուրջս է պտտվել, ասում են՝ նույնիսկ ինքն է ինձ քնացրել միշտ։ Առաջին անգամ էլ, որ գրկել է, ուղիղ գլխիս վրա գցել է ներքև։ Ասում են՝ դրա համար եմ մի քիչ խփնված, դրա համար էլ եմ Հասմիկին շնորհակալ։ Կատակ են անում։ Դե, երևի։

Ուզում եմ, որ բոլոր երեխաները լինեն իրենց ընտանիքներում կամ գոնե քույր-եղբայրների համար այնքան սպասված ու սիրելի, ինչքան ես էի Հասմիկի համար։

Թող բոլոր երեխաները ունենան իրենց կյանքում մեկին, ով կնայի իրենց այնպես, ինչպես 4,5 տարեկան Հասմիկը իր կողքի անճոռնի գորշ հետքին։

Մարիամ Նալբանդյան

***

Մերոնց պատմություններն իմ մասին միշտ աչքի են ընկել ինչ-որ հրաշալի հնչեղությամբ։ Ես մի «հերոս» էի` որից սարսափում էին բոլորը։ Ոչ, ես ամենևին էլ հրեշ չէի, ուղղակի սիրում էի ամեն բան ջարդուփշուր անել` տեսնելու համար, թե ինչ կա ներսում։

Մերոնք պատմում էին, որ մի անգամ չեչաքարով խազել եմ մորեղբորս նոր գնած մեքենան, որ տեսնեմ, թե ինչ գույն կա մոխրագույն ներկի տակ։

Մի անգամ էլ ծնունդիս օրը նվիրած խաղալիք մեքենան էի կոտրել, որ հասկանամ, թե ինչպես է շարժվում, ու թե ինչ փոքրիկ կանաչ բան կա դրա ներսում։

Ես քիչ բան եմ հիշում իմ մանկությունից, ինչն էլ հիշում եմ` մերոնց պատմածի մտավոր վերապատկերումն է։ Բարեկամներս պատմում են, որ մի անգամ, երբ շատ էին բարկացել ինձ վրա, կորել էի։ Այդ օրն էլ սաստիկ քամի ու անձրև էր եղել, ու բոլորը դուրս էին եկել ինձ փնտրելու։ Իսկ ես գիտե՞ք, թե որտեղ էի… Ես խնձոր էի ուտում գազի բալոնի հետևում նստած։

Այ, այդպիսի «հերոսական սխրանքներ եմ գործել»։

Սարգիս Մելքոնյան

Արժանապատվության աստիճանները

Ամռանը Զարինջայի դաշտերում առատությունն ալիք է տալիս: Հուլիսին արևի շողերին շուլալվում է արտույտների երգը, թափվում հացահատիկի հասուն արտերին, ողջ գյուղի վրա: Զարինջայի իսկական օրերը հուլիսին են գալիս: Դա նաև այն ժամանակն է, երբ յուրաքանչյուր մարդ համակվում է հարազատ հողի թանկագին պտուղն անկորուստ հավաքելու պարտքով, անպատմելի հպարտությամբ: Եվ քանի դեռ կոմբայնը տեղ չի հասել, հողագործը շրջում է դաշտերում, այցելում ամեն մի հողակտոր, հմայվում հասկերի ծփանքով, առատությամբ:

Տիգրան Պարոնյանը՝ իմ պապիկը, լավ գիտե, որ հողագործի ջանքերը նժարվում, վաստակն իմաստավորվում է արտերի այդ հարստությամբ: Մի կոնֆերանսի ժամանակ պապիկիս հարցրել են. «Դուք ի՞նչ եք մտածում բերքահավաքի ժամանակ»: Նա շատ գեղեցիկ, իմաստալից պատասխան է տվել. «Մտածում եմ, որ առատ հացքաղը հողի իսկական, արժանի մեծարում է նշանակում: Հողագործներիս պարտքն է` հեկտարից առավելագույնը ստանալ: Ահա այս ցուցանիշով պետք է որոշվի մեր արժանապատվությունը»:

Որքա՜ն խորիմաստ, որքա՜ն ծանր է աշխատավոր մարդու խոսքը: Ի՜նչ լավ մարդիկ կան Զարինջայում: Պապիկս՝ հոր կողքին, կոմբայնի խցիկում նստած, արտ է գնացել: Տեսել, զգացել է, թե ինչ նվիրվածությամբ է հայրը հավաքում հայրենի դաշտերի հացը: Կոմբայնից վեր, արևի տաք վարսերի մեջ երգում էր արտույտը, իսկ կտրիչների առջևից թռչում էին լորերը:

Ի՜նչ գեղեցիկ, ի՜նչ թանկ են Զարինջայի օրերը: Եվ ի՜նչ լավ է, որ մարդ դեռ պատանեկան հասակից ամբողջ էությամբ սիրել է այն գործը, որը հետագայում դարձել է նրա կոչումը: Եվ հենց սա էր պատճառը, որ նա հասարակ մեխանիզատորից դարձավ գյուղի ամենաբարի և ամենայուրօրինակ գյուղապետը: Ճիշտ է, Աստված նրան շատ շուտ տարավ մեզանից, բայց նա ամեն վայրկյան մեզ հետ է: Ծնելով երեք արժանավայել զավակներ՝ Նարինեին,Հասմիկին և Լևոնին, նա դարձավ ամենից երջանիկը:

Նրանք մինչ օրս շարունակում են իրենց հոր արժանապատիվ գործը:

Arman Mkrtchyan

Թևեր տվեցին, հետո՝ կտրեցին

-Վերջապե՜ս, Իվան բեմ իջավ։

Իրականում բավականին երկար՝ 40 րոպե ուշացումով սկսվեց համերգը, և, եթե դրան չհաջորդեր հետագա սփոփիչ ելույթը, ապա այդ օրվա մասին հիշողությունները մոռացության անդունդից հետ բերել չէր ստացվի։ Երեկույթը նվիրված էր ԵՊՀ 100-ամյակին, երգում էր Իվետա Մուկուչյանը, և ամեն ինչ կատարյալ էր, բացի հետևում կանգնած երեք աղջկա տրամադրությունից ու մեր շուտ տուն գնալուց։ Բայց կարևորը տեղի ունեցավ միջոցառման ընթացքում, երբ մի պահ անծանոթ համարից զանգահարողն ասաց, որ վաղը պետք է մոտենամ Պոլիտեխնիկ՝ ինչ-որ ծրագրի մասնակցելու։ Ցավոք, աղմուկը մեծ էր, ինչի պատճառով, երկրորդ անգամ նույն բանը կրկնելուց հետո, այդպես էլ չլսեցի՝ որ ծրագրի մասին էր խոսում «ANEL»-ի աշխատակիցը։ Այսուամենայնիվ, ևս մեկ անգամ տեղն ու ժամը ճշտեցի ու ասացի` կներկայանամ։
Հաջորդ օրը ամեն երրորդին ծրագրի մասին հարցուփորձ անելուց և կուրսղեկիցս թույլտվություն ստանալուց հետո, մետրոյով հասա համալսարանին կից ինովացիոն կենտրոն, որտեղ էլ հենց գործում է «ANEL»-ը։ Պատուհանից նկատեցի «Ստեղծարար մտքին» մասնակցածներից մեկին ու գլխի ընկա՝ ծրագիրը նախորդի շարունակությունն էր, կամ գոնե որոշակի կապ ուներ։
Շուտով միասին բարձրացանք վերև, լսեցինք ինձ զանգահարողին, ում, փաստորեն, դեմքով ճանաչում էի, և ոգևորված նոր հեռանկարներով, դուրս եկա լսարանից՝ բազում գաղափարներ մտքումս քննարկելով։ Պարզվում էր՝ նախորդի շարունակությունն էր, մրցույթ, որը հաղթելու դեպքում ստանալու էինք 25․000 ֆունտ և Լոնդոնում յոթօրյա շրջագայության հնարավորություն։ Սակայն մասնակցելու պայմանները բավականին բարդ էին, առնվազն նրանով, որ անգլերենն էր աշխատանքային լեզուն, իսկ իմ անգլերենի իմացությունը, մեղմ ասած, այնքան էլ բարձր չէ։ Այս իսկ պատճառով, մեխանիկորեն դիմեցի Ինստագրամի օգնությանը ու գրեցի ծանոթներիցս մեկին, որը շուտով համաձայնեց աշխատել ինձ հետ։ Այդ պահին գետնից 7 մղոն բարձր էի ինձ զգում։ Որոշեցինք, թե որ գաղափարի վրա արժի աշխատել, ու սկսեցինք զարգացնել այն։ Ամբողջ 2 օր ու 3 գիշեր մտածում էի այդ մասին, պատկերացնում՝ ինչպիսին կլիներ գաղափարը իրականության մեջ:
Բայց արի ու տես ՝Բրիտանական խորհուրդը այլ ծրագրեր ուներ։
Երկուշաբթի ևս մեկը միացավ մեր թիմին, ու մյուսի բացակայության պատճառով իր հետ գնացի «ANEL»։ Հասանք, փոքր-ինչ սպասեցինք, ևս մի քանիսի հետ մտանք լսարան, մի երկու թուղթ լրացրինք, նստեցինք ու․․․ Երևի էնտուզիազմը սենյակում չափից շատ էր. մեզ ասացին՝ խորհուրդը փոխել է որոշումը, ու անչափահասները չեն կարող մասնակցել մրցույթին։
Ուղղակի խոսքեր չունեի այդ պահին․ թևեր տվեցին, հետո՝ կտրեցին։

nelli khachatryan

Խորհուրդ է տրվում կարդալ միայն երկրացիներին

Լումուս:

Բարև 3000 անգամ: Թող ուժը միշտ քեզ հետ լինի: Եթե դեռ մտածում ես երաժշտությունն է էն լեզուն, որով խոսում է աշխարհը, ապա հետ ես մնացել: Չես հավատո՞ւմ: Աշխարհի ինչ որ կետում ասա «դռակարիս» ու ավելի շուտ անծանոթի ժպիտին կարժանանաս, քան օրինակ երգելով:

Հիմա նորից սկսենք:

Ուղղակի բարև: Բոլորս էլ արդեն լսել ենք էն իրարանցման մասին, որ կար Վրիժառուների ու Գահերի խաղի շուրջը, դե այսինքն, ոչ բոլորը, բացի էն մեղվից էլի, որ զբաղված է բաց պատուհան փնտրելով:

Եթե չես դիտել ոչ էն, ոչ էն, ապա դու… Չէ, իրականում դա նորմալ է, ու ոչ մի բան էլ չէի գրելու: Ուզում եմ քեզ պատմել` ինչումն է հավեսը էս իրարանցման մեջ լինելու:

Նախ, երևի ցանկացած սագա, մատենաշար կամ ֆիլմաշար իրենք իրենց մեջ արդեն հաջողություն են կրում էնքանով, որ իրենք քեզ հարազատ են դառնում ժամանակի ընթացքում: Երբ հերոսները քո աչքի առաջ անընդհատ են լինում, դու իրենց չես հասցնում մոռանալ, դու իրենց սկսում ես ճանաչել, իրենք քո աչքի առաջ են մեծանում, ու իրենց ճակատագիրը քեզ չի կարող չհետաքրքրել:

Էս ամենի մեջ ամենահավեսը գիտե՞ք որն է. սպասելը, թե երբ է նոր կամ վերջին մասը դուրս գալու: Կանխատեսումներ անելը, վերջին օրերը հաշվելը, աչքերը փակ սփոյլերների մոտով անցնելը, հետո վերջապես նայելը, բայց ոչ մենակ, լիքը անծանոթների հետ, էն անծանոթների, որ ֆիմի նույն հատվածում ծիծաղում, զարմանում ու լացում են: Նույնիսկ հավես է նայելուց հետո սփոյլերներ հանգիստ կարդալը, քննարկումները, թեմատիկ իրեր ձեռք բերելը ու ընկերներին համոզելը, որ իրենք էլ նայեն:

Մարդիկ, ովքեր չեն դիտել, մենք դեռ կարող ենք խոսել օրինակ, հին ավանդական երաժշտության կամ ուրիշ լեզվով: Ու լավ է, որ դուք կաք… Ախր, ձեր մներկայությամբ կարելի է անվերջ սփոյլել առանց ծեծվելու:

Հիմա էլի սկսեմ նորից:

Առանց բարևի: Էս պահին աշխարհի լեզուն սա է, 2018-ի ամռանը ֆուտբոլն էր, վաղը կլինի նորից երաժշտությունը, ու հենց էդ պահերին ես մտածում, թե ինչքան նման ու հարազատ ենք իրար… բոլորս: Էն, որ ուրիշ մոլորակների բնակիչների մոտ երկրացիներս ինչ հավեսով կխոսեինք էս ամենի մասին, իրենց կպատմեինք, կասեինք` ո՞նց, ախր ո՞նց կարեի է ֆուտբոլ չխաղալ, ու չզարմանալ, որ Ռուսաստանը հասավ ¼, ո՞նց չգիտեք Ֆրեդի Մերկյուրիի բեղերը, բա հիշո՞ւմ եք «Փախուստ բանտից»-ը, իսկ սև խոոռոչի նկա՞րը, որ համացանցում հայտվեց, ինչ հավես էր, չէ՞:

Հետո, որ էլի մնանք մենակ երկրացիներով, էս ամենը կմոռանանք ու կասենք` մենք ոչ մի ընդհանուր բան չունենք, մենք ախր, շատ տարբեր ենք, ախր, նա 6 մատով է ծնվել, իսկ մյուսի մազերը կարմիր են:

lilit vardanyan

Անիմեի կողմից գրոհի ենթարկվածները

-Արամ, էսօր կիրակի ա:

-Հա, ճիշտ ա:

Ես ու եղբայրս «թխի թող գա» ենք անում ու գնում համակարգչի մոտ:

Անիմե նայող հասարակության անդամ լինելը այդքան էլ հեշտ չի: Անիմեն շատերի կողմից չինական մուլտ անվամբ հայտնի ճապոնական անիմացիոն ֆիլմն է: Դե արի ու բացատրի, որ այդ «չինական մուլտերը» մի ամբողջ մշակույթ են:

Հայաստանում «Նարուտոն» շատ հայտնի է, հատկապես իմ տարեկիցներին: Վեց տարեկան էի: Ամեն օր ժամը հինգին «Նարուտո» էի նայում: «Նարուտոյի» կերպարների նկարներով ֆիշկաներ էի գնում: Մինչև հանկարծ «Նարուտոն» ցույց տվող հեռուստաընկերությունը կիսատ թողեց թարգմանությունը:

Հետո մի հիասքանչ օր ես ու եղբայրս բացահայտեցինք, որ կարող ենք ինտերնետով էլ նայել: Արդեն կամաց-կամաց հասկանում եք, թե ինչ օրն են իրենց գցում անիմե սիրողները: Արագ-արագ նայում ես, մեկ էլ հանկարծ հասնում ես վերջին դուրս եկած սերիային:

Մի փոքր բացատրեմ, որ ավելի հասկանալի լինի: Ուրեմն, ամեն ինչ սկսում է մանգայից: Մանգան կոմիքս է: Կոմիքսում մանգակաները նկարում են անիմեի սյուժեն: Ճապոնիայում մանգաները ահռելի մեծ քանակությամբ մրցակցություն ունեն: Մարդիկ շաբաթական մեկ անգամ գնում են “Jump” ամսագիրը, որի մեջ տպվում են մանգաները: Ամսագիրը կարդալուց հետո նրանք պետք է նշեն իրենց սիրած մանգան, որպեսզի ամսագիրը տպողները հասկանան, թե որ մանգան է ավելի պահանջված:

Հիմա ամենահետաքրքիր մասը: Եթե մանգան հայտնի է դառնում ու շատ է վաճառվում, մանգական նկարում է անիմե՝ այդ մանգայի վրա հիմնված:

Հիմա անիմե նայողների համար ամենադաժան պահերից մեկը: Անիմեի նոր սերիան նույնպես դուրս է գալիս շաբաթը մեկ անգամ:

Ու այնպես ստացվեց, որ ես ու եղբայրս ունեինք երկու տարբերակ՝ կա՛մ սպասել մի տարի ու նայել բոլոր չնայած սերիաները, կա՛մ սպասել մեկ շաբաթ: Դա իհարկե դժվար է, բայց ամենացավալին այն է, որ «Նարուտոն» 2017թ մարտին ավարտվեց: Մենք էլ որպես «Նարուտոյի» սերունդ, շատ էինք տխրել: Պատկերացնու՞մ եք՝ 10 տարի: Մենք 10 տարի նայում էինք այդ հրաշք անիմեն:

Հիմա անիմե նայողները կասեն՝ դու բացի «Նարուտոյից» ուրիշ անիմե չգիտե՞ս: Իհարկե գիտեմ: Անիմե նայելով եմ մեծացել: Դեռ շարունակում եմ նայել:

Մինչև իմ բացահայտումը, որ Նարուտոն ոչ թե չինական մուլտ է, այլ ճապոնական անիմացիա, նայել եմ «Պոկեմոնները» (փառք Աստծո՝ չգիտեի, որ 22 սեզոն է), Միազակիի գլուխգործոցները, «Սեյլոր մունը» (բոլորի հետ էլ պատահում է) և այլ անիմեներ, որոնք շատ հայտնի էին այդ ժամանակ:

Հիմա մյուս հարցը, որ կարող է առաջանալ կարդացողների մոտ: Ինչու՞ եմ ինձ համարում անիմե նայող հասարակության անդամ: Հիմնականում ճապոնական մշակույթը պաշտող մարդիկ իրենց «օտակու» են կոչում: Օտակուները ավելի ծանր դեպքեր են: Նրանք ոչ միայն նայում են անիմե, այլ իրենց շրջապատող ամեն ինչն են դարձնում անիմե: Խաղում են անիմեի վրա հիմնված կամ մինչև անիմեն ստեղծված խաղեր, ամեն օր նայում են անիմեներ, գնում են անիմեի կերպարների շորեր, լսում են անիմեի երաժշտություն, սովորում են ճապոներեն, փորձում են կրկնօրինակել իրենց սիրած կերպարներին: Ահա թե ինչու ինձ օտակու չեմ համարում:

Ինտերնետը բացահայտելուց և այլևս հեռուստացույցից չօգտվելուց հետո ես և եղբայրս սկսեցինք նայել այլ անիմեներ: Վերջապես հասկացանք, թե ինչ լեգենդար ժամանակաշրջանում ենք ապրել, երբ նայեցինք «Մահվան տետրը»: Հետո նայեցինք 2010-ականների ամենահայտնի անիմեները: Հասկացանք, թե դեռևս ինչ լեգենդար ժամանակաշրջանում ենք ապրում:

Այդքան գրեցի, գրեցի, պատմեցի անիմեի մշակույթը սիրելու դժվարությունների մասին, բայց չասացի ամենավատ կողմը: 10 տարի «Նարուտո» նայելով մեծանալով մի օր իմանում եմ, որ «Նարուտոյի» շարունակությունն են նկարելու: Հենց իմացա, ուզեցի լաց լինել: Բայց ոչ երջանկությունից: Երևի շատերին է ծանոթ այն դեպքը, երբ մի շատ լավ բանի շատ վատ շարունակությունն են նկարում:  Ուզում եմ հիշողությունիցս ջնջել այն, ինչ տեսա «Բորուտոյում»: Հիմա նստած մտածում եմ, որ այս սերնդի օտակուները կասեն «Բորուտոն» ամենալավ անիմեն է, որ տեսել եմ: Ու ես 70 տարեկան տատիկի պես կասեմ՝ էհ, մենք ավելի լավ մանկություն ենք ունեցել: Այնպես, որ խորհուրդ եմ տալիս, որ սկզբում «Նարուտոն» նայեք:

Ախր, անիմեի մասին էջերով կարելի է գրել, բայց երևի ավարտեմ ասելով՝ մի նայեք անիմե, դաս արեք, թե չէ իմ օրը կընկնեք:

Գնամ՝ «Գրոհ տիտանների վրան» նայելու:

sveta davtyan

Ուսանողի մտորումներ

Ինչի՞ց է բաղկացած ուսանողի առօրյան:

Իրականում լինելով ուսանող ես դրա վերաբերյալ իրարից շատ տարբեր կարծիքներ ունեմ:

Ինչքան որ հաճելի զգացողություն է ուսանող լինելը, միևնույն ժամանակ շատ պարտավորեցնող է: Իրականում ուսանողները այն մարդիկ են, ովքեր մշտապես հոգնած են, կարոտ քնի, դժգոհ քննության արդյունքներից, բայց միևնույն ժամանակ, ամեն ինչ հասցնում են:

Գրեթե մեկ տարի նույն ճանապարհով ես գնում եմ համալսարան: Ամեն օր ճանապարհին տեսնում եմ նույն դեմքերը, որոնց անգամ չեմ էլ  ճանաչում: Նայում եմ գլխավոր շենքին ու հիշում եմ, որ մտածում էի, թե հենց այդ շենքում եմ սովորելու: Հետո անցնում եմ առաջ, դժգոհելով բարձրանում հինգերորդ հարկ: Հասնելով, վերջին մի քանի րոպեն կանգնում եմ աստիճաններին, միայն հետո գնում լսարան:

Բոլորս ունենք մեր սիրելի նստարանը, որի վրա են միշտ մեզ փնտրում: Դասեր կան, որ չես հասկանում, թե երբ սկսվեց և ինչպես ավարտվեց, բայց հստակ գիտես, որ չես ուզում այն ավարտվի, ու սպասում ես, երբ է նորից սկսվելու: Իսկ դասեր կան՝ ինձ բացակա չդնեք:

Երբ լավ ես սովորում, ասում են միշտ այդպես շարունակիր, իսկ, երբ մի փոքր թերանում ես, ոչ ոք չի հարցնում պատճառը, միայն չորս կողմից կշտամբում են: Բայց սովորելու հարցում բացի աշխատասիրությունից և գիտելիքներից մեծ դեր ունեն նաև դասախոսները:

Ինչպես որ լավ գիրքը, այնպես էլ լավ դասախոսը ուսանողի կյանքում շատ բան է փոխում: Դասախոս, ով քեզ օգնում է դասերդ պատրաստելիս և իր խորհուրդներով, թե ինչպես ամուր մնաս կանգնած հողի վրա: Երբ առաջնորդում է քեզ ու հասկանում մտքերդ մինչ այն կհասցնես ավարտել: Ով քեզ ընդունում է հարազատի նման և պատրաստ է քեզ հետ գալ մինչև վերջ:

Երանի թե բոլորը հասկանան, որ ուսանողի կյանքում մեկ բառը անգամ կարող է հեղաշրջում կատարել, և դառնան հենց այդ փոփոխությունը ու մոտիվացիան, իսկ իրենից կախված ամեն բան ուսանողը կանի մեծ սիրով և ոգևորությամբ: