Տիգրան Բոյնարգյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին, նաև մեծ դեր է ունեցել 2016 թվականի Քառօրյա պատերազմում: Մեր հերոսը՝ կապիտան Տիգրան Հակոբի Բոյնարգյանը, 50 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու դուստր։
Կրթությունը ստացել է Գյուղատնտեսական տեխնիկումում, սակայն ինչպես ինքն է ասում, մի քիչ հարաբերական է, թե ինչ մասնագիտություն ունի։
-Ավարտել եմ գյուղատնտեսականը, եղել եմ զինվորական, աշխատում եմ ուսուցիչ։ Սովորել եմ նաև ակադեմիայում, բայց ուսումս կիսատ եմ թողել՝ սովորելով մինչև երրորդ կուրս։ Երեխաներս մեծ էին, և իրենց սովորելու ժամանակն էր։
Արդեն 1988-ն էր։ Սկսվել էր արցախա-ադրբեջանական զինված հակամարտությունը։ Տիգրան Բոյնարգյանը պատմում է, թե ինչը նրան դրդեց մեկնելու պատերազմ։
-Ոգևորություն, հայրենասիրություն բոլորիս մոտ կար, անիմաստ էր խոսել հայրենասիրությունից, չնայած մի քիչ պաթոսով է հնչում, սակայն դա այդպես էր։ Այն ժամանակ մարդիկ ապրում էին Արցախով, անկախությամբ։
Այդ ժամանակների մասին խոսելիս նշում է, որ այնտեղ ամեն օրը նշանակալի էր.
-Յուրաքանչյուր օր մնում է հիշողությանդ մեջ, դա պատերազմ է։ Ընկերներ էինք կորցնում, նոր ընկերներ ձեռք բերում, շրջապատ փոխում։
Նրա ամենամեծ հիշողությունը կապված է Շահումյանի շրջանը հանձնելու հետ։ Տիգրան Բոյնարգյանը հիշում է․
-Կյանքում առաջին անգամ գաղթ տեսա։ Շատ էինք կարդացել գաղթի մասին, լսել, բայց երբ դու ես տեսնում այդ քաոսը․․․ Ինչպես են մարդիկ անցնում սարերով, անտառներով, երեխա կորցնում… Բառերով չեմ կարող նկարագրել…
Ազատամարտիկի ամենամեծ մտավախությունը ոչ թե պատերազմ մեկնելն էր, այլ ծնողներին մենակ թողնելը․
-Մայրս հիվանդ կին էր, ես էլ ամիսներով բացակայում էի, և տանից բացակայելս խնդիր էր։
Պատմում է, որ իրեն շատ էր զարմացնում երիտասարդների ոգևորությունը․
-Ունեինք 15-16 տարեկան երկու տղա։ Տնից փախչում էին, գալիս մեր ջոկատ։ Երեխաներից մեկի հայրը եկավ մեր ջոկատ, որ տղայի կողքին լինի։ Դուրս էինք անում, բայց միևնույն է, չէին հանձնվում։ Նույնիսկ մեկը մեր ջոկատից գնաց Մարտակերտ, ու հիմա արդեն փոխգնդապետ է՝ Աշոտ Գրիգորյանը։
Դժվար ու աննկարագրելի պատերազմական իրավիճակում, Տիգրան Բոյնարգյանը ասում է, որ կատակները սուր էին, զավեշտալի դեպքերը՝ շատ: Դրանցից մեկը շատ լավ է տպավորվել նրա հիշողության մեջ․
-Քելբաջարում ունեինք 9 զոհ, 18 վիրավոր։ Ուղղաթիռ էր եկել, ճանապարհին կրակել էին, վնասվել էր։ Ուզում էին վիրավորներին ուղարկել Հայաստան, մեկ էլ ծանոթ ձայն եմ լսում. «Էս ուղղաթիռը չի հասնի Հայաստան, գոնե զոհվածներին ուղարկեք, որ էլի զոհեր չունենանք»։ Եվ մյուս կողմից լսում եմ. «Չհասկացա՛, զոհվածները մի անգամ էլ զոհվե՞ն, վիրավորներին բարձեք»,- ծիծաղում է։
1992 թվականի ամռանը Լաչինում նրանց մեքենան պայթեց ականի վրա։ Կապիտանը պատմում է՝ ինչպես է ստացել իր վնասվածքները․
-Քելբաջարում ընկանք շրջապատման մեջ։ Երկու ոտքից ու ուսից վիրավորվել եմ։ Շահումյանի շրջանում ստացել եմ կանտուզիա և ծնկի վնասվածք։
Ծնկի կոտրվածքը լուրջ չի համարում, քանի որ գնդակից ստացված վնասվածք չէ։
Հիշում է Քառօրյա պատերազմի ժամանակ։
-Մենք հասանք Սովետաշենի զորամաս՝ զենքեր ստանալու։ Պարզվեց, որ այնքան մարդ է հավաքվել, որ այդքանի համար զենք չկա։ Զենքի համար իրար «ծեծում էին»։ Այնուհետև գնացինք Երկրապահ փոխնախագահի մոտ, ասաց. «Անձնագիր տվե՛ք, որ զենք տանք»։ Բայց ո՞վ է կռիվ անձնագիր տանում։ Հետո մեզ ասացին, որ չենք կարող գնալ (վնասվածքների պատճառով), և մենք զբաղվեցինք կազմակերպչական հարցերով՝ շոր ու սնունդ ուղարկելով։
Համեմատություն տանելով ժամանակի միջև նշում է, որ 90-ականներին ընկերներով հավաքվում էին, 20-30 հոգի, ու ընտրում էին, թե ով է լինելու հրամանատարը։ Ընտրում էին նրան, ով ավելի գիտակից էր, լավ էր տեղյակ զինվորական ծառայությունից։ Իսկ հիմա ամեն ինչ ավելի կանոնավոր է ու ճիշտ։
-1992 թվականից կանոնավոր բանակը ստեղծվեց, ու կարողացանք հաղթող դուրս գալ։
Պնդում է՝ հայ ազգը դժվար պահերին միշտ միավորվում է, և 2016-ի ապրիլը դրա վառ ապացույցներից մեկն է։
Այժմ բանակից թոշակի է անցել, Վանաձորի համար 12 դպրոցում դասավանդում է ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն) առարկան։
Կարոտով հիշում է՝ ինչպես էր ազատ ժամանակ մանկության ընկերների հետ ֆուտբոլ խաղում․ «Նույնիսկ 5-7 տարի առաջ էինք խաղում»։ Ընկերներով սիրում են գնալ ձկնորսության։ Անձամբ չի սիրում ձկնորսությունը, գնում է ընկերների հետ լավ ժամանց անցկացնելու։
Սիրում է ընթերցել։ Սիրելի գրքերից թվում է մի քանիսը.
-Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ», «Թագուհի Մարգոն», իսկ հայ գրականությունից սիրում եմ Անտոն Կզնունու «Օտարական» վեպը,- խորհուրդ է տալիս կարդալ։
Կապիտան Տիգրան Բոյնարգյանը նրանցից մեկն է, ում շնորհիվ մենք ապրում ենք հաղթանակած, ազատ ու անկախ երկրում։
-Չկա հերոս բանակ ու չկա վախկոտ բանակ, կա կանոնավոր ու անկանոն բանակ։ Հերոսները անհատներ են, ամբողջ բանակը չի կարող հերոս լինել։ Կանոնավոր բանակը միշտ հաղթում է,- եզրափակեց Տիգրան Բոյնարգյանը։
Երբ աշակերտներիս հանձնարարեցի շարադրություն գրել պանդխտության մասին, չէի պատկերացնում, որ դա հույզերի ու սրտամոտ մտորումների տեղիք կտա: Փաստորեն նույնիսկ պատանեկան տարիքում արդեն իսկ սեփական պատկերացում ու դիրքորոշում ունեն մեզ պատուհասած այդ չարիքի նկատմամբ… Քանզի մեր` Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի շենքերում էլ շատ են անտերությունից սևակնած ու կուրացած լուսամուտները…



Երբ մասնագիտական կողմնորոշումդ դառնում է համանուն հիվանդություն, իսկ մասնագիտությունների մասին պատմող հոլովակներ նայելը կամ նյութեր կարդալը՝ ռեֆլեքս, ապա դու իմ պես հաջողությամբ ընկել ես անվերջ նեղացող պարույրի մեջ: Պարույրը նեղանում է քո՝ մասնագիտություն ընտրելու ժամանակի փոքրանալուն զուգընթաց: Եվ ինչպես ասում են՝ чем дальше, тем больше։ Քանի որ ինֆորմից սկսել ես գլուխ հանել, մտովի ստեղծում ես ալգորիթմ՝ իր ցիկլով, որում ամեն օր X-ին (X- ը դու ես ապագայում) տալով որևէ արժեք՝ մասնագիտություն, հաջորդ օրը նրան կրկին տալիս ես 0, քանի որ նրանցից հիասթափվել ես, կամ ավելի վատ՝ բացասական արժեք: Մյուս օրը X-ին կրկին տալիս ես որևէ նախնական մասնագիտություն, կարդում դրա մասին այնքան, որ հիասթափվում ես, կամ ընդհակառակը, տարվում դրանով, սուզվում ապագայի մասին երազանքներիդ մեջ: Բայց առավելագույնը մեկ շաբաթ հետո, ավելի ու ավելի շատ կարդալով կամ լսելով այդ մասնագիտության մասին՝ սկսում ես ակամա գտնել դրա թերությունները, որոնց թեկուզ չնչին լինելու դեպքում՝ դարձնում ես նոր պարույրի ստեղծման պատճառներ: Բայց այս դեպքում պարույրը լինում է փոքր ու արագ նեղացող:






Նա սովորաբար թատրոն է գալիս բոլորից շուտ, միայնակ նստում դատարկ դահլիճում, ուշի ուշով հետևում իրար հետևից ներս մտնող մարդկանց աղմկալի անցուդարձին, ու մտքերի հորձանուտի մեջ խորասուզվում, մինչև հայտարարվում է ներկայացման մեկնարկի մասին։