mariam nalbandyan

Քո միակ իրավունքը համալսարանում

Շատ երկար մտածում էի` գրի առնել էն ամեն-ամեն ինչը, ինչի պատճառով, մեղմ ասած, չեմ սիրում իմ համալսարանը, որ հենց հարցնեն, թե ինչու, ցուցակս բացեմ, տամ։ Ու երևի դա ճիշտ կլիներ անել հենց այսօր, երբ դասից տուն եմ մտել ժամը իննին, որովհետև այն ավարտվել էր ութին, իսկ համալսարանս էլ, ինչպես ես եմ սիրում ասել, «ջհանդամի ծերն է»։ Դե, կամ էլ տունս է «ջհանդամի ծերը», դա էական չի: Էականն այն է, որ զզվում եմ ամեն օր երկու ժամ, դե լավ, չափազանցնում եմ մի քիչ, ժամուկես երթուղայինի մեջ անցկացնելուց։ Բայց երևի այս հարցով սուս մնամ, որովհետև մարդիկ կան, որ Էջմիածնից կամ Ծաղկաձորից են գալիս։ Իսկ իրենք իրիկունը ժամը ութին ոնց են տուն գնում՝ անկեղծ չգիտեմ։

Նախապես զգուշացնեմ, որ ես էս նյութի մեջ ահագին թեմայից շեղվելու եմ, որովհետև երկու տարի ու կես ամսվա կուտակված բան կա մեջս։ Մեկ էլ երևի ասեմ, որ համալսարանս իրականում վատը չէ, զրպարտանք կլինի ասել, որ բան չեմ սովորում կամ տվածս փողը իզուր է: Չէ, հաստատ լավ բաները վատերին փակում են, բայց վատերն էլ երբեմն ստիպում են իսկապես մտածես համալսարանից դուրս գալու մասին։ Բայց որ մի հատ էլ հակափաստարկ ասեմ, նշեմ, որ համալսարանս մինչ օրս չեմ փոխել, որովհետև Երևանում հաստատ մերից լավը չկա, դե, իմ կարծիքով։

Եթե ինձ հարցնեն, իմ կարծիքով ֆրանսիական «պրեստիժ» համալսարանում բոլոր-բոլոր պրոբլեմների հիմքը էդ մեր անտեր շենքն է։ Ախր, հեչ համալսարանի համար չէր կառուցված։ Դե, երևի գիտեք, որ այն նախկին ուսանողական հանրակացարանի շենքն է, ու եթե կառուցողը իմանար, որ մի օր բռնելու են իր սարքածը համալսարան դարձնեն, էն էլ՝ ֆրանսիական «պրեստիժ», հիմա կկարմրեր ամոթից, իրեն վատ կզգար, ժամանակի մեքենա կհնարեր, հետ կգնար կառուցելու վախտերը ու, էդ գրողի տարած, առաստաղները մի քիչ բարձր կաներ, որ չխեղդվենք։ Չգիտեմ, ում վրա՝ ոնց, բայց իմ վրա շատ-շատ են ազդում ցածր առաստաղները, ուզում եմ մեռնել, ազնիվ խոսք, գլխացավս բռնում է։ Մեր համալսարանում էլ մի տղա կա, գրադարանի միջանցքով անցնելիս հենց հասնում է առաստաղի հիմնասյանը (էն որ հորիզոնական են ու առաստաղի վրա), կռանում նոր է անցնում, դե, մարդը բարձրահասակ է։

Բողոքիս հիմնական պատճառը էսթետիկական հաճույքը չէ, չեմ ուզում Վերսալի նման շքեղ շենքում նստել, ուղղակի հարցն էն է, որ ես ընդհանրապես գեղագիտական նպատակներից ելնելով չեմ նոր շենք ուզում։ Հենց նույն շենքի պատճառով է, որ էսօր երեկոյան ութին եմ տուն եկել։ Շենքը ոչ միայն վատն է, նեղ ու վեցերորդ հարկից փլվող, այլ նաև շատ փոքր։ Դրա համար էլ հիմնականում մեր դասերը մինչև տեղավորում են՝ ուշ ենք սկսում, ուշ էլ վերջացնում։ Բայց օրեր էլ կան, որ շուտ ենք սկսում, բայց միևնույնն է՝ ուշ ենք վերջացնում։

Ինչ կիսամյակը սկսել է, ես ու ընկերուհիս ուզում ենք հաշվել, թե քանի առարկա ենք անցնում, բայց չենք կարողանում։ Մի տեսակ, գլուխ չենք հանում, 11 հատ արդեն հաշվել ենք, կարող է ավելանան, չգիտենք։ Դե, էստեղ էլ համալսարանը երևի թե իսկապես ոչ թե մեղավոր է, այլ շահող կողմ է դուրս գալիս, դասերը իսկապես շատ են, շաբաթվա հինգ (երբեմն վեց) օրը՝ քիչ։ Բայց, եթե շենքը մեծ լիներ, հաստատ կհասցնեինք մենք էլ մի քիչ շուտ կազմակերպել մեր դասերը։ Փաստորեն որ անցած տարի ուրախ-ուրախ մեկ անց կես, ամենաուշը՝ ժամը հինգին վերջացնում էի դասերը, բարձր կուրսեցիների տանջանքի գնով էր։ Հիմա էլ մենք ենք զիջում։

Բազմահիշատակ ֆրանսիականիս շենքի թերություններից մեկն էլ այն է, որ Երևանում այնքան շատ դատարկ շենքեր կան, որ դժվար թե էլի մեզ համար ուրիշ տեղ չգտնվի, որ գնացել խցկվել ենք էդ փոքրիկ տեղը։ Ֆրանսիայի կառավարությունը, կամ կրթության նախարարությունը, չգիտեմ՝ ով է զբաղվում մեզնով, բավականին շատ բան է անում մեզ համար։ Դասախոսներ է ուղարկում, մեզ է հնարավորություն տալիս չորրորդ կուրսում պրակտիկա անցնել Ֆրանսիայում, տարբեր կամավորներ էլ ենք ունենում։ Իսկ ի՞նչ է անում մեր կառավարությունը մեզ համար․․․ Սպասեք հիշեմ, հա, հիշեցի, գործող կրթաթոշակների մեծ մասին չենք կարողանում դիմել, որովհետև ԵՊՀ-ից կամ այլ պետական բուհերից չենք։ Գիտեմ, որ ֆրանսիականը պետական հավաստագիր ունի, պետք է համարվի պետական, բայց բավականին շատ կրթաթոշակների թույլատրելի բուհերի ցանկում չեմ գտել ֆրանսիականի անունը։

Եթե շենքին ու իր սղլիկ սալիկներին հանգիստ թողնեմ, որոնց վրա մի օր ընկնելու եմ վիզս ջարդեմ, երևի մեկ էլ դասացուցակից եմ դժգոհ, որ թերևս բավականին անհաջող է կազմած, ու մարդկանց վերաբերմուքից։ Դե, դու կարող ես օգոստոսի 27-ի առավոտյան ժամը իննին հասնել դասի, ու պարզվի, որ դասախոսդ չի եկել, հարկ չի համարել ասել, որ չի գալու։ Ու ընդհանրապես, ցանկացած պահի դասախոսդ կարող է ուղղակի չգալ, այս համալսարանում ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չի։ Մենք էլ մեր հերթին, ունենք միայն պարտավորություններ, ոչ մի իրավունք։ Դե, հայալեզու գրականություն չկա, միայն անգլերեն ու ռուսերեն, ոչ ոք պարտավոր չի մեզ նյութեր տրամադրել։ Հա, սխալ բան չեմ գրել, ֆրանսերեն չէ (ու փառք Աստծո), միայն անգլերեն ու ռուսերեն։ Քննությանը շարադրանքը երկար չգրեք, ոչ ոք պարտավոր չէ 91 հոգու աշխատանք կարդալ։ Ոչ ոք ոչինչ պարտավոր չէ։ Միայն մենք ենք պարտավոր ֆրանսերենի ամենօրյա տնայիններին զուգահեռ մյուս առարկաներն էլ հասցնել ընթացքում սովորել, որովհետև «է, բա սաղ թողնում եք վերջում, դրա համար չեք հասցնում»։

Մեր ամբողջ տունը տարբեր պատճեններ, «դոսիեներ» ու տպած լեկցիաներ են, միլիոնավոր զրթուզիբիլներ։ Եթե այսքան տպածիս փողը հետ տային ինձ, հաստատ մի կիսամյակի վարձս կտայի։

Այնուամենայնիվ, ստորություն չանեմ ու ասեմ, որ մենք ֆրանսիականում հնարավորություն ունենք լիքը լավ բաներ սովորելու, բայց հնարավորություն ունենք նաև չսովորելու։ Որ ասեն՝ ֆրանսիականի երեխեքը մեկը մեկից խելացի են, չհավատաք։ Որ ասեն՝ դաս չես անում դուրս ես մնում, էլի չհավատաք, լավ էլ ձգել լինում է։ Սովորում ենք լավ անգլերեն, ֆրանսերեն, եթե ուզենաք՝ իսպաներեն ու գերմաներեն էլ երկու տարի կարող եք սովորել։ Մասնագիտությունն էլ, հուսով եմ՝ ավարտելուց կհասկանամ, որ դա էլ եմ սովորել, որովհետև հիմա իսկապես չգիտեմ, թե ինչ գիտեմ։

Հնարավորությունները շատ են, իսկ սովորելու իրավունքը՝ քո միակ իրավունքն է ֆրանսիականում։

bella Araqelyan

Տրամադրվենք լավ բաների

Ամեն ինչ մեր գլխին եկավ, այո, այո, հենց այդպես, ինչպես միշտ՝ բոլորս բողոքում ենք, որ ժամանակները մեր օգտին չեն շարժվում։

Միասնական քննություննե՜ր, բոլոր-բոլորն իրար են խառնվել։

Ուզում եմ խոսել փոփոխությունների դրական ու բացասական հետևանքների մասին։ Դրական հետևանք․ և այսպես, բոլորն իրենց «ջանից դուրս են գալու», որպեսզի կարողանան տալ միասնական քննությունները։

Այս հետևանքին միանգամից հաջորդում է բացասականը․ այստեղ առաջ է գալիս «զուբրիտ» հասկացությունը, մենք ամեն ինչը «սովորելու» ենք շա՜տ լարված։ Հանձնելու ենք քննությունները և հետո միանգամից մոռանալու մեր սովորածը։

Մենք միշտ բողոքում ենք ամեն ինչից, ամեն բան մեր աչքերում շա՜տ բարդ է երևում, ավելի բարդ, քան իրականում է։ Մենք մեկ կամ երկու տարի առաջ բողոքում էինք բանավոր քննություններից, թե բարդ են, բայց արի ու տես, որ դրանից բարդ էլ կարող է լինել։ Հիմա վախենում եմ բողոքել միասնական քննություններից, վախենում եմ այն մտքից, թե սրանից բարդ է՞լ ինչ կարող է լինել, դե, օրինակ բանավոր քննություն մաթեմատիկայից, սարսափելի է հնչում, չէ՞։

Տրամադրվեք լավը մտածելով, մի՛ մտածեք վատի մասին, կարող են ավելի ու ավելի վատ ու բարդ երևույթներ էլ լինել, և մենք կհաղթահարենք դրանք, այնպես որ, երևի բարին էլ հենց սա է։ Երևի…

lilit vardanyan

Երևանը տատիկիս հիշողություններում

-Տատիկ, դու որտեղի՞ց ես:

- Իմ նախնիները Ղարսից են, Սարիղամիշից: Հայրիկս փոքր էր, երբ Ղարսից գաղթեցին Գյումրի, Գյումրիից՝ Երևան: Իսկ ես ծնվել եմ Երևանում՝ Շահումյան թաղամասում:

-Երևանի ո՞ր թաղամասերում ես ապրել:

-Ամուսնանալուց հետո տեղափոխվել եմ Մոնումենտ թաղամաս՝ Ազատության պողոտա: Հետո՝ Նոր Նորքի 2-րդ զանգված:

- Ինչպե՞ս է փոխվել Երևանը այս տարիների ընթացքում:

- Քաղաքը փոխվել է: Բարձրահարկերը քիչ էին, բոլոր շենքերը տուֆակերտ էին, քաղաքն ավելի կանաչ էր, ծառերն ավելի շատ էին: Հիմա շատ շինարարություն կա, սրճարաններ, ռեստորաններ կան: Այն ժամանակ թատրոնները քիչ էին, հիմա շատ թատրոններ կան:

-Ի՞նչն էր քեզ դուր գալիս այն ժամանակ Երևանում:

- Երեխա ժամանակ ինձ դուր էր գալիս մեր թաղամասը, կինո «Անի»-ն: Գնում էինք կինո: Պարտադիր բոլորը ներկայացումները գնում էինք:

Քարկտիկ էինք խաղում, պահմտոցի: Քույրերիս հետ բակում խաղում էի: Ամռանը բակային ճամբար էինք սարքում: Ամբողջ ձմռանը կոնֆետի թղթեր էինք հավաքում, որ ամռանը բակային ճամբարի համար օգտագործեինք: Կոնֆետների թղթերը կպցնում էինք թելին ու դրանով գծում էինք ճամբարի սահմանները: Համերգ էինք տալիս, արտասանում, գիրք կարդում, գնում էինք ուրիշ ճամբարներ հյուր, սպորտային մրցումներ էին լինում:

Ժամանակները փոխվել են: Ավելի փոքրերը խաղում են բակում: Իսկ մեծերը, եթե իջնում են, ուղղակի զբոսնում են:

Զատիկի օրերին բոլորը իջնում էին, ձու էին կռվացնում, իսկ հիմա բակում չեմ տեսնում ձու խաղացող երեխա:

Հետո սիրում էի մայիսմեկյան շքերթը: Դպրոցում շքերթին մասնակցելու համար ընտրում էին ամենաբարձրահասակներին: Մայրիկս պատմում էր, որ երբ ինքը դպրոցական էր, կոշիկների մեջ քար էին դնում, որպեսզի իրենց էլ տանեին շքերթի:

Հիշում եմ, որ մեծ շուքով տոնեցին Երևանի 2750-ամյակը: Պարում էին, երգում էին, համերգ էին տալիս, տարբեր միջոցառումներ էին անում:

Ուսանող տարիներին ամենաշատը սիրում էինք նստել Կարապի լճի մոտ, գնալ կինո «Մոսկվայի» փառատոները: Սիրելի վայրերից մեկը պոնչիկանոցն էր:

-Ո՞րն է Երևանի քո սիրած անկյունը:

- Նորքի 1-ին զանգվածի այգին, որտեղ փոքրիկ եկեղեցի կա:

-Իսկ եղե՞լ է, որ Երևան եկած տուրիստների հետ շփվես:

-Այո: Գնացել էինք էկսկուրսիա, ֆիլիպինցիներ կային: Նրանց հետ ձեռքերի շարժումներով էի խոսում, որովհետև անգլերեն չգիտեի, բայց հասկանում էին: Շիշը ցույց էի տալիս, ասում էի՝ սառը ջուր ուզու՞մ եք, գլխով էին անում:

-Ի՞նչն ես կարոտում:

-Կարոտում եմ իմ մանկության տունը, փողոցը:

- Ի՞նչը կուզեիր փոխվեր քաղաքում:

-Կուզեի, որ Երևանը ավելի գեղեցկանար, ավելի մաքուր և կանաչ լիներ:

-Ի՞նչն ես ուզում, որ պահպանվի Երևանում:

- Հին շենքերը, հին կառույցները: Գումի շուկայի տեղը մեծ Սև շուկա կար: Հիմա չկա: Մասիվում էլ շատ լավ շուկա ունեինք, որը վերածեցին բարձրահարկ կառույցի:

shushan stepanyan portret

Երբ իրոք կամենում ես

Մի դեպք պատմեմ, ու ինքներդ էլ կհասկանաք, թե ինչքան լավ բան է կամեցող լինելն ու դիմացինին ձեռք մեկնելը։

Ես աշխատում էի, ու քանի որ ընկերուհիս նույնպես աշխատանք էր փնտրում, ես անընդհատ մտածում էի. «Բա լավ, ի՞նչ անեմ, որ գործ գտնի էս աղջիկը»։ Ես անընդհատ մտածում էի, բայց ելք չէի գտնում։ Ու մի օր էլ միասին գնում ենք կոշիկ առնելու, հետս իր CV-ն եմ վերցնում ու մտածում եմ, թե որտեղ թողնեմ, իրեն կանչելու են։ Միասին մտնում ենք, ու ես արագ հանձնում եմ, դուրս ենք գալիս։ Շատ վստահ եմ լինում, որ իրեն կանչելու են, քանի որ շատ անկեղծ այդպես էի ուզում։ Ընկերուհիս ինքը չէր էլ հավատում, բայց ինձ համար մի բան վաղուց պարզ էր․ ինչքան մի բան եմ ուզել, կամեցել, որ մի ուրիշի համար լինի, եղել է, անկեղծ եմ ասում։ Եթե նույն բանն ինձ համար ուզում եմ` չի լինում։ Շատ դեպքեր են եղել, երբ երազել եմ մի բանի մասին ինձ համար, չի ստացվել, բայց հենց նույնը մտածել եմ ընկերներիցս մեկի համար, արագ ստացվել է։ Սենց բան կլինի՞։

Անցել է երկու-երեք ամիս, ու հիմա ընկերուհիս արդեն աշխատում է այն խանութում, որտեղ ես ուզել էի։ Բոլորը սկսել են աշխատանք փնտրել ինձ հետ, ու հիմա սպասում եմ կուրսընկերուհուս, որ իր CV-ն էլ բերի ու տանենք մի քանի տեղ հանձնելու։ Կուրսում վերջին դեպքերից հետո դարձել եմ շատ պահանջված, ու հիմա էլ մյուս շաբաթվա համար երկու ընկերուհիներիս հետ նորից գնալու ենք CV-ներ հանձնելու։ Ծիծաղս էլ է գալիս, որ նման դեպքեր են լինում, ու հասկանում եմ, որ ես ինձ համար չեմ կամենում։

Մի բան բայց սրտովս չէ. մեկ-մեկ լինում է, որ ուզում եմ ուղղակի մեկի հետ մի թեթև անհաջողություն լինի, որ, օրինակ, երկնքից իջնի ու իր տեղը գտնի, բայց այդ ժամանակ սրտիս ուզածով չի լինում։ Մեկ էլ մի քանի օր հետո մի անհաջողություն է հետս պատահում։ Մտածում եմ, որ վատ բաներ մտածելը հեչ իմ սրտինն ու սրտովը չէ, ու դրա համար էլ իմ մտքի բացասականը ինձ է փոխանցվում։ Ու միշտ է այդպես. որքան վատ ես մտածում ու ուրիշի վատն ուզում, այնքան այն գալիս կպնում է քեզ։ Չնայած՝ ես սարսափելի վատ բաներ երբեք ուրիշներին չեմ կամեցել։ Բայց այ, իսկ լավ մտքերիդ դիմաց քեզ այնքան լավ-լավ բաներ են ասվում, այնքան քեզ երջանիկ ես զգում, սիրված ու գնահատված։ Հիմա նստած մտածում եմ, թե ընկերներիս ինչ լավ գործ եմ գտնելու, որ սիրտս հանգստանա։

Եվ դու էլ, եթե աշխատանք ես փնտրում, գրիր ինձ անձնական նամակ, և ես շատ արագ քեզ գործ կգտնեմ։

Պատկերացրեք, թե ինչքան երջանիկ կլինենք բոլորս, եթե մեկս մյուսի համար միշտ բարին կամենանք ու բարություն տածենք։ Մեզնից հասնում է ընդամենը մի քանի վայրկյան լավ բաներ մտածել ու լավությամբ ապրել։

mariam tonoyan

Քննությունների կենտրոնացումը անհանգստացնում է աշակերտներին

Յուրաքանչյուր երկրի զարգացվածության հիմքում կա մի մեծ հիմնաքար, որը կոչվում է կրթություն: Երկրի կրթական մակարդակն է թելադրում տվյալ սերնդի մտավոր կարողություններն ու գծում մտահորիզոնի սահմանները, ուստի բոլոր ժամանակներում կրթական բարեփոխումները պետության անբաժանելի մասն են կազմում: Վերջերս Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անսպասելի հայտարարեց, որ դպրոցների ավարտական քննությունները այսուհետ անցկացվելու են կենտրոնացված ձևով, իսկ դպրոցների տնօրենները և ուսուցիչները պատասխանատվություն են կրելու իրենց աշակերտների արդյունքների համար:

Առաջին հայացքից թվում է, որ սա հրաշալի մեթոդ է աշակերտներին զգաստացնելու, արտագրությունները կանխելու համար, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև նման որոշման հնարավոր ռիսկերը: Օրինակ՝ ուսուցիչների և դպրոցի տնօրենի վրա դրված պատասխանատվությունը՝ աշակերտի գնահատականի հետ կապված, վիճարկելի է տարբեր տեսանկյուններից և լրացուցիչ ուսումնասիրման ենթակա է: Եթե ավարտական քննություններին աշակերտը ստանում է ոչ բավարար գնահատական, այնինչ դասընկերները բարձր միավորներ են հավաքում, դա կարող է պայմանավորված լինել տարբեր կրթական և ոչ կրթական գործոններով, ու չի կարելի պատասխանատվությունը բարդել միայն դասավանդող ուսուցիչների կամ տնօրենի վրա:

Դիտարկենք համադասարանցիների դրական գնահատականների առկայության մասին փաստը, ինչը կարող է նշանակել, որ ուսուցիչը, այնուամենայնիվ, գիտելիք փոխանցել է լսարանին, բայց աշակերտը կարող է այն չսերտել տարբեր պատճառներով. մտավոր թույլ կարողություններ, հոգեբանական ու սոցիալական վիճակ, ուսուցչի կամ առարկայի հանդեպ ունեցած վերաբերմունք, բարդ տերմիններ պարունակող դժվար ընկալելի դասագրքեր և այլն:

-Որոշում ընդունելուց առաջ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել ոլորտը, վերանայել ռիսկերը և գտնել այնպիսի տարբերակ, որը կբխի նաև երեխայի շահերից,-ասում է անգլերենի ուսուցչուհի Անահիտ Զոհրաբյանը։ – Կան նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել. օրինակ՝ բոլորին հայտնի է, որ շատերը 12-րդ դասարանի միասնական քննությունից չկտրվելու համար հաճախում են անհատական պարապմունքների, այժմ նույնը տեղի կունենա ավելի վաղ՝ 8-9-րդ դասարանցիների դեպքում, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները ստիպված են լինելու քննությունները հանձնել դպրոցական դասապլանով նախատեսված անգլերենի շաբաթական 2 դասաժամից քաղած գիտելիքներով:

Ուշադրություն դարձնենք նաև այն փաստին, որ աշակերտների դեռահասության շրջանում քննական սթրեսի հավանականությունը փոքր չէ, և հայտնի է, որ դպրոցական ավատական քննությունների ստանդարտ թեստերի կամ բանավոր քննությունների արդյունքը հիմնովին չի արտացոլում աշակերտների իմացության մակարդակը: Ինչպես մնացած 9-րդ դասարանցիները, նույն դասարանում սովորող Արփին ևս դժգոհում է.

-Հենց լսեցի նախարարի հայտարարությունը, խուճապի մատնվեցի, որովհետև մինչ այս միշտ վախեցել եմ միասնական քննություններից և մտածել եմ, որ այն լիարժեք հանձնելու համար բավականին ժամանակ ու տքնաջան աշխատանք է պահանջվում:

Կրթական այս բարեփոխման հնարավոր դրական արդյունքներից բացի, կլինեն նաև բացասական արդյունքներ։ Ուսուցիչները մի կողմ կդնեն կրթական յուրահատուկ մեթոդները և ջանք չեն խնայի, որպեսզի աշակերտներին «վարժեցնեն»՝ քննական սուբյեկտիվ գնահատական ստանալու համար՝ այդպիսով իրենց ուսերից թոթափելով ավելորդ պատասխանատվությունը: Իսկ այդ գործողությունների արդյունքում դպրոցներում կնկատվեն աշխատանքային մոտիվացիայի անկում և ցածր կրթական մակարդակ:

Մեկ այլ մտահոգիչ թեմա է առաջ գալիս, երբ դիտարկում ենք 9-րդ դասարանի ավարտական քննություններից կտրված և նույն դասարանում մնացած տղաների հետագա կրթության շարունակականությունը: Արդյո՞ք հետագայում կշարունակի աշակերտն իր ուսումը համապատասխան քոլեջում կամ ավագ դպրոցում, որտեղ տարեցտարի աշակերտների թիվը նվազում է, թե՞ ստիպված կլինի թերի կրթությամբ, առանց մասնագիտության, ցածրակարգ և վատ վարձատրվող աշխատանքի միջոցով իր և իր ընտանիքի գոյությունը պահպանել կամ դեռ դպրոցը չավարտած՝ բանակ զորակոչվել:

Հիշենք, որ կրթությունը հասարակության և պետության ապահով ու բարեկեցիկ կյանքի համար բացառիկ նշանակություն ունի, և ևս մեկ անգամ վերանայենք այս ռիսկերն ու փորձենք նվազեցնել դրանք:

IMPACT ճամբար Հանքավանում

IMPACT-ը պատանեկան ակումբ է, որը ՀՀ-ում հիմնադրվել է 2014 թվականին «Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից: Առաջին անգամ ՀՀ-ում IMPACT ակումբներ ստեղծվել են Երևանում և Թալինում: IMPACT ակումբին մասնակցում են 12-18 տարեկան ակտիվ պատանիներ:

IMPACT-ը անգլերեն հապավում է, որ նշանակում է` Impowerment Motivation Participation Action Community Teanager (Youth)` երիտասարդների մասնակցությունը համայնքին ուղղված ծրագրերին: Այն իրենից ներկայացնում է ոչ ֆորմալ դասընթացների շարք:

Շաբաթը մեկ անգամ IMPACT ակումբը կազմակերպում է սեմինար-դասընթացներ, որին ակտիվորեն մասնակցում են համայնքի պատանիները: Ամեն IMPACT ակումբ ունի իր առաջնորդը (Group Leader):
Շիրակի մարզում առաջին IMPACT ակումբը ստեղծվել է 2016 թվականին Գյումրիում և Ամասիայում: Այժմ կա 6 IMPACT ակումբ՝ Գյումրիում երկու ակումբ և Ամասիա, Գոգհովիտ, Հայկավան և Կամո համայնքներում:

IMPACT ակումբի պատանիներին ավելի մոտիվացնելու և զարգացնելու նպատակով Վորլդ Վիժն Հայաստանի Գյումրիի և Ամասիայի Տարածքային Ծրագրերը սեպտեմբերի 7-9-ը Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում կազմակերպեցին եռօրյա ճամբար՝ համայնքային ծրագրերի գործում երիտասարդների գիտելիքների ավելացման և հմտությունների զարգացման նպատակով:
Ճամբարի առաջին օրը պատանիների համար կազմակերպվեց քննարկում-ներկայացում, որտեղ դասընթացավար Արտաշես Տոռոսյանի հետ միասին պատանիները կատարեցին համայնքային վերլուծություն և քննարկեցին, թե ինչ ծրագրերով է հնարավոր զարգացնել համայնքը:

Դրանից հետո երիտասարդները կատարեցին խմբային աշխատանքներ, քննարկեցին իրենց կողմից կատարված ծրագրերը համայնքի զարգացման համար և վերջում ներկայացրեցին իրենց ընկերներին:

Քննարկում-ներկայացումից հետո մասնակիցներին տրվեց ազատ ժամանակ, որպեսզի պատրաստվեին «Տաղանդների երեկոյին», որի ժամանակ համայնքի պատանիները պետք է մեզ զարմացնեին իրենց գիտելիքներով, կարողություններով և հմտություններով:

Տաղանդների երեկոյին հաջորդեց երեխաների կողմից սիրված երեկոյան դիսկոտեկը: ԼՃամբարի երկրորդ օրը սկսվեց մարմնամարզությամբ և նախաճաշով, որից հետո  տրվեց առաջադրանք՝ կազմել համայնքային ծրագրեր, որոշել ծրագրերի թիրախները, նպատակը, ուժեղ և թույլ կողմերը: Քննարկել, թե ծրագրերն ինչքանով են իրատեսական, նորարար, օգտակար համայնքի զարգացման գործում, ինչքանով են նպաստում երիտասարդների մրցունակության բարձրացմանը:

Քննարկումից հետո երիտասարդներին տրվեց ազատ ժամանակ, որը  նրանք անցկացրեցին լողավազանում: Դրանից հետո IMPACT ակումբի բոլոր երեխաները՝ անկախ համայնքից, բաժանվեցին երեք խմբերի՝ մասնակցելու մասնագիտական դասընթացների: Դասընթացները վերաբերում էին համայնքային ծրագրերին և ունեին երեք ուղղվածություն՝ բյուջե (ֆինանսներ), ծրագրի կառավարում և գովազդ:

Դասընթացների ժամանակ պատանիները ներկայացրեցին իրենց կողմից կազմված ծրագրերը, որից հետո դասընթացավարների հետ քննարկեցին դրանք, ինչպես նաև ձեռք բերեցին գիտելիքներ նշված ուղղություններից:

Մասնագիտական դասընթացներից հետո Ամասիա համայնքի ՍՔԱՅ ակումբի երիտասարդները երեխաների համար կազմակերպեցին թիմակառույց խաղեր՝ զվարճալի և հետաքրքիր:

Երկրորդ օրը ճամբար էր այցելել նաև դասախոս, ռադիոհաղորդավար  Հայկ Մամիջանյանը, ով երեխաներին ներկայացրեց հռետորական արվեստը, սովորեցրեց հանրային խոսքի վարպետությունը և ժեստերի լեզուն: Այնուհետև դասախոսությամբ հանդես եկավ Այլասկայից ժամանած սոցիոլոգ- փիլիսոփա Ալեքս Ռիարկը, ով երեխաներին ներկայացրեց էկոհամակարգերի հիմնական խնդիրները, ՀՀ-ի կլիմայական խնդիրները և այլն:

Օրվա վերջում երեխաների համար դարձյալ կազմակերպվեցին խաղեր և երեկոյան դիսկոտեկ:

Ճամբարի երրորդ օրը ակումբի երիտասարդներին տրվեց առաջադրանք. նախորդ օրվա կազմած համայնքային ծրագրերը հստակեցնել և վերջնականացնել՝ ներկայացնելով խնդիրները, նպատակը, բյուջեն և շահառուներին։  Առաջադրանքները ստանալուց հետո երիտասարդներն անցան աշխատանքի, կազմեցին պրեզենտացիաներ  իրենց համայնքային ծրագրերի վերաբերյալ, որը հետո ներկայացրեցին իրենց ակումբակիցներին։

Կազմվել էր հինգ համայնքային ծրագիր, որոնք առավել մանրամասն մշակվելուց հետո, կիրականացվի «Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից։

Ծրագրերի ներկայացումից և քննարկումից հետո IMPACT ակումբի առաջնորդներին «Վորլդ Վիժն Հայաստանի» Շիրակի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգող Նարեկ Թութխալյանի կողմից տրվեց շնորհակալագրեր՝ զվարճալի և հետաքրքիր կարգախոսներով։ Երիտասարդներին տրվեցին նաև մասնակցության  հավաստագրեր։

Իսկ ամենավերջում IMPACT ակումբի բոլոր մասնակիցներն ու առաջնորդները հրաժեշտ տվեցին միմյանց և ճանապարհվեցին դեպի տուն։

goharpetrsoyanervn

Հրկիզող սպունգը

-Մի՛ արա, բալե՛ս, կպատժվես…

-Ո՞վ կպատժի, մամ…

Ասում են, թե երեխաների ուղեղը սպունգի է նման. ինչ տաս՝ միանգամից կլանում են և երբեք չեն մոռանում: Այո, այո, երեխայի ուղեղը նման է հնազանդ, քառակուսի սպունգի: Եվ գալիս է մի ժամանակ, երբ այդ սպունգը ամբողջովին կլանելուց հետո, ոմանք սկսում են փոխել դրա կառուցվածքը, քամել այն և իրենց մտքերով լցնել: Եվ սա էլ հետագայում որոշ հարցերում մեծ մասամբ հանգեցնում է մնացյալի կողմից քարկոծվելուն:

Մարդիկ ասում են, որ ազատ են և՛ մտածելակերպով, և՛ իրենց կյանքով, և՛ ապրելակերպով, գիտեն սեփական իրավունքներն ու դիմացինի իրավունքները: Բայց այս հարցում ևս հիասթափություն եմ ապրում. այդ նույն մարդիկ պատրաստ են սեփական ես ու կարծիք ունեցող մարդկանց հրկիզելու. հրկիզելու հավատքի համար: Շատերը հավատն ու հավատքը շփոթում են՝ համարելով այդ երկուսը նույն բանը: Ես կարող եմ հավատալ քամուն, տիեզերքին, մտքի ուժին և վերջ ի վերջո, ինքս ինձ, բայց հավատքը, ըստ իս՝ կրոնն է:
Գիտեք, մարդկության պատմության մեջ (և առավել ևս հայ ժողովրդի) կար մի ժամանակաշրջան, երբ մարդկանց հավատքի համար ողջ-ողջ այրում էին: Ներկայումս առանձնապես ոչինչ չի փոխվել, ուղղակի հիմա մարդկանց «այրում են» «չհավատքի» համար: Երբ իմանում են, որ աթեիստ ես, կամ էլ սկեպտիկ, արձագանքները հետևյալն են լինում. «Տո դուք մարդ չե՛ք, հայ չե՛ք: Լրիվ թափելու բան եք: Շեղվածնե՛ր… Տո դրանց վառե՜լ ա պետք»։ Եվ սա էլ ձեր առողջ մտածելակե՞րպն է: Ռեյ Բրեդբերին մի սխալ է արել, կամ էլ անավարտ գործ ունի․ «451˚ ըստ Ֆարենհայթի» վեպի փոխարեն պիտի գրեր «36.000˚ ըստ հավատքի» տասը հատորանի վեպը: Կամ էլ թե Մարկ Մենսոնը. «Թքած ունենալու նուրբ արվեստի» փոխարեն՝ «Ողջ-ողջ այրելու նուրբ արվեստը»:

Ես չեմ վատաբանում կրոնը, ես չեմ նշում, որ դա հավատի շինծու փոխմիջոց է, չեմ ասում, թե աթեիստ եմ կամ էլ անհավատ: Ես չեմ ասում՝ դուք սխալ եք, քանզի դրա իրավունքն էլ չունեմ: Ես ուղղակի վաղուց փոխել եմ իմ «սպունգի» կառուցվածքը…

-Բա ո՞վ կպատժի, բալես…

-Չգիտեմ, մամ…

seda mkhitaryan

Չկարդա՛ս

Հիմա արևածագ է։

Իսկ գրախանութում գրքերը փաթեթավորած են վաճառվում։ Այնպես, որ չկարողանաս բացել։

Նրանք ստիպում են վճարել մի տող անգամ կարդալու համար։

Նրանց համար դու երբեք գնորդից ընթերցողի չես վերածվի։

Իսկ ես կանգնել եմ գրադարակի առջև։ Նայում եմ գրքի աչքերին։

Դուրս եմ գալիս։ Գիրքը հետ է կանչում։

Իր փաթեթի վրա մի անցք է բացում, լեզուն հանում այդ անցքից ու ասում. «Ես տեսա քո հայացքը, դրանից մոտավորապես ունենում են ծովափին արևը «բռնած» նկարվող մարդիկ՝ իրենց նկարները նայելիս»։

Դուրս եմ գալիս։ Գալիս եմ, բարևում, նստում։

Նստում ես դիմացս։ Սկսում խոսել։ Նրանց հետ, որոնց մեջ դու չկաս։

Ես լսում եմ։ Ինձ պատկերացնում եմ գրադարակին դրված փաթեթավորած գիրք։ Որը կարդալու իրավունք դու չունես։ Անգամ մի տող։ Ես արգելում եմ։ Ինչպես ինձ էին արգելել։

Ես պատռում եմ փաթեթս ու լեզուս հանում. «Ինչու՞ ես ինձ նայում մոտավորապես այնպես, ինչպես ծովափին արևը «բռնած» նկարվողները նայում են գրքին»։

Իսկ գրախանութում գրքերը փաթեթավորած են վաճառվում։

valentina chilingaryn

ՏՈՒՆ, ԸՆՏԱՆԻՔ, ԵՐԵԽԱ ․․․

-Քննադատակա՞ն հոդվածներ,- ուրախությունից փայլեցին աչքերս,- էս ի՜նչ լավ է, որ գտա։

-Հանգստացի՛ր, դիր տեղը։ Դու անգամ պարապմունքներդ ես դժվարությամբ հասցնում, անգամ օրվա մեջ չես տեղավորվում, ո՞նց ես կարդալու։

-Աչքերով, ապու՛շ։ Կարո՞ղ ա ընդունելության համար իր սիրած թեմայով գիրքը չկարդա։

-Երկու ամիս հետո քննության է, Աստված գիտի` կընդունվի՞, թե՞ չէ, դու «շիրա ե՞ս տալիս»։

-Դե հիմա, սովորական դիմորդ է  էս մարդը։ Հա, լա՛վ, մարդուկը։ Ախր, լրիվ սարքել ես հաշմանդամ։

-Ինչի՞ եք դուք հայտնվում էն ժամանակ, երբ պետք չեք։ Երեկ, երբ մամայի սիրելի ծաղկամանը կոտրել էի, ոչ մեկդ չկար, որ խորհուրդ տար։ Դուք ոնց որ TOEFL-ի listening-ի էն աստղագիտության մասին լեկցիաներից լինեք: Էն որ ամբողջ թեստը ֆիզիկա-մաթեմ-կենսաբ-աշխարհ-լեզու հավեսով իր համար գնում է, մեկ էլ վերջում, հո՛պ ՝ listen to a conversation in an astronomy class,- սովորությանս համաձայն սկսեցի համառել ուսիս նստած ծովախոզուկներին,- հեռացե՛ք։

…-Ընկեր Քրիստինե, կարո՞ղ եմ էս գիրքը մի քանի օրով գողանալ,- հարցրի ես։

-Իհարկե, Վալենտինա ջան։ Քո բոլոր հոդվածներն էլ կարդում եմ, էդ ինչ լավ բաներ ես գրում։ Բեր, որ գրանցեմ գիրքը, տար՝ կարդա, որ հաջորդ անգամ էլ քեզնից քննադատական հոդված կարդանք։

Ընկեր Քրիստինեն մեր դպրոցի գրադարանավարուհին է, ով միշտ սիրալիր ընդունում է բոլոր աշակերտներին, խորհուրդներ տալիս և անգամ փորձում է այլ միջոցներով գտնել այն գիրքը, որը անհրաժեշտ լինելու դեպքում, չկա գրադարանում։ Եթե դպրոցը ավարտեմ, կարոտելու եմ նրան, Համո պապիկին, Տիկին Անժիկի սանտավիկները, որոնք իրենց նպատակին ծառայելու համար չէին, և ուսուցիչներիս։ Կամ էլ խաբեցի, երևի ոչ մի ուսուցչի էլ չեմ կարոտի։ Թե էդ կարոտը ինչ թիթիզ բան է։ Դե՜ լավ, կատակում եմ, մեր դպրոցի ուսուցիչները էնքան լավն են, որ հատուկենտ են, ու էդ կենտ տեսակը միայն մեր դպրոցում է։

Երևի լսել եք, որ այս տարի տարի 12-երորդ դասարանի աշակերտների համար շատ կարևոր տարի է, որովհետև նրանք ոտք են դնում նոր կյանք: Մաշտոցի փոքրիկ սաները դառնալուց հետո դառնում են համալսարանի մեծ ուսանողները կամ մեծ համալսարանի ուսանողները (կարդալ վեհ տոնով), և այո՜, նրանք լքում են իրենց երկրորդ տունը (կարդալ տխուր, ընթացքում հուզվելը խրախուսվում է)։ Ինձ համար, այս ուսումնական տարին չի տարբերվում մնացյալ բոլոր ուսումնական տարիներից։ Կներեք, որովհետև ես չեմ մեռնում, ես ընդամենը ավարտում եմ, ու կարևորը, չեն մեռնում այն մարդիկ, որոնց հետ 12 տարի դպրոցական կյանք եմ ունեցել, որ հրաժեշտ տամ իրենց։

Ըստ որոշ ասեկոսեների, շրջանառվում են լուրեր ավարտական քննությունները միասնական դարձնելու մասին։ Իրականում ես խրախուսում եմ այդ որոշումը և կողմ եմ, որ դպրոցներում խստացվի գիտելիքների ստուգումը, բայց չեմ հասկանում, ի՞նչը պիտի ստուգվի։ Հա՜, երևի գրականության ու հայոց լեզվի անգիրների, պատմության ժամանակագրության և մաթեմատիկայի բանաձևերի մեխանիկորեն կիրառության իմացությունները։ Տարվա վերջում այդ քննությունները կհանձնենք, կհպարտանանք, որ բոլոր անգիրները հիշում էինք ռոբոտի պես, ու հետո ուրախ-ուրախ կգնանք համալսարան՝ մոռանալով ամենն, ինչ կապված է դպրոցի հետ։

Որպես դիմորդ, որոշել եմ շարունակել բարձրագույն կրթությունս Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Շատ ուշ կողմնորոշվեցի, որ պետք է շարունակեմ լրագրության ուղին՝ ավելի խորը ուսումնասիրելով այն,  որովհետև տատանվում էի իրարից շատ տարբեր մասնագիտություններ ընտրելու միջև։ 6-7 ամիս պարապեցի մաթեմատիկայի ողջ կուրսը 0-ից ու E-math` ընդունելության քննության համար։ Ժամանակը շատ քիչ էր թվում, որովհետև միջին վիճակագրական դիմորդը մաթեմատիկայից միասնական քննություն հանձնելու համար պիտի պարապի 1․5-2 տարի։ Բայց իմ շատ սիրելի համալսարանը անակնկալ էր պատրաստել ինձ համար, դե, որովհետև ինքն էլ ինձ է շատ սիրում։ Ամռանը որոշվեց E-math քննությունը հանել գործածությունից՝ հնարավորինս բոլոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար։ Էդ էն  անակնկալների նման է, որ TOEFL-ի ժամանակ ուզում ես speaking-դ սկսես, մեկ էլ հո՜պ, տեսնում ես structure-ը չունես։ Ու հիմա E-math-ի փոխարեն համալսարանը առաջարկում է SAT միջազգային քննությունը, որն ավելի բարդ է, ավելի ժամանակատար, ու որ ամենավատն է՝ ավելի ծախսատար, քան E-math-ը։ Մեր գյուղում, ը՜, մեր Արարատի մարզում, դժվար է պեղել SAT պարապող դասախոսի, իսկ Երևանում՝ աստղաբաշխական թվեր են։ Չէ՜, չեմ բողոքի, որ ժամանակս նորմայից շատ քիչ է ընդունվելու համար ու ֆինանսական խնդիրներս թույլ չեն տալիս, կամ ինչպես ասում է Ամերիկյան համալսարանի միջին վիճակագրական անհույս դիմորդը՝ «Վարձը շատ թանկ է, թե չէ կդիմեի, կընդունվեի հաստատ»։ Եթե Ամերիկյան համալսարան ընդունվելու ճանապարհն էլ լիներ այդքան հարթ, ինչպես հայկական բուհերինը, ապա էլ ինչի՞ պիտի լիներ սերը ՝ իմաստալից դժվարությունների հանդեպ։ Եթե ունես նպատակ, հավատ ու համարձակություն, պիտի գնաս այդ ռիսկային քայլին, անգամ եթե սրտիդ խորքում մտածում ես, որ դու էլ ես պատրաստվում լինել միջին վիճակագրական անհույս դիմորդ։ Օրինակ՝ Հայաստանում շատերը մտածում են, որ ուսանողի հետագա կյանքը միայն կախված է համալսարանից։ Բայց ես մտածում եմ, որ այդ հարաբերակցությունը 50։50 է, որովհետև և՛ ուսանողի դերն է կարևոր, որ ներգրավվի ուսումնական պլանին, և՛ համալսարանի դերը՝ ունենալու և ներկայացնելու այնպիսի ուսումնական պլան, որ ուսանողը ներգրավվի։

Դե հիմա TOEFL-ի writing-ի 2 reason բերեք (լա՜վ, էս անգամ կարող եք introduction և conclusion չգրել), բայց 320+ բառով հիմնավորեք էն statement-ը, որ հնարավոր է ունենալ ավարտական (միասնական) քննություններ և չազդել համալսարանի ընդունելության քննությունների վրա՝ գրողի տարած Դեյլ Քարնեգին վկա։

Հա՜, ու  էս TOEFL-ի reading-ն էր՝ առանց հարցերի, ասեմ ավելին՝ մշտական կարդալու համար, ոչ թե 1 ժամ։

Գինու և մշակույթի փառատոն

Բարև, ընկե՛ր, ես Լուսինեն եմ, եկել եմ պատմելու փառատոների մասին: Փառատոներ շա՞տ ես սիրում, մասնակցո՞ւմ ես, գիտե՞ս՝ ինչ է նշանակում փառատոնը: Արի պարզենք միասին:

Փառատոնը հասարակական, ժողովրդական հանդես է, որի ժամանակ ցուցադրվում են արվեստի որևէ տեսակի ստեղծագործություններ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, դե գիտես, որ 21-րդ դարում էլ ամեն րոպե արվեստի մի ստեղծագործություն է ի հայտ գալիս, այդ ստեղծագործություններն էլ ցուցադրվում են ժողովրդին:

Սեպտեմբերի 2-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ գինու և մշակույթի փառատոնը: Փառատոնին ներկայացվեցին Ոսկեվազի «Արմաս» տեսակի գինին, քաղցրավենիք, մրգեր: Այս ամենին մասնակցություն ունեցան օտարերկրացիներ, նրանց էլ շատ դուր եկավ Հայաստանի համն ու հոտը:

Փառատոնի ժամանակ պարեցին Աշտարակի Հայորդաց տան պարի խումբը, Սասունիկի պարի խումբը: Իսկ երգիչներից եկել էր Ավո Ադամյանը: Փառատոնը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Աշտարակի քաղաքապետարանը: