anahit baghshetsyan

Թաքնված Երևանը

Եկել է ամառը՝ շոգ ու տապով լցված։ Միշտ սպասում եմ ամռանը, սակայն, երբ նա, իրականացնելով իմ սպասումները, գալիս է, ես նրան դիմավորում եմ դատարկաձեռն՝ ոչ մի պլան չեմ ունենում։ Եթե դու էլ չգիտես՝ ինչով լցնել այս ամառը, ուրեմն ճիշտ հասցեով ես եկել։ Կփորձեմ պատմել՝ ինչով կարելի է զբաղվել ամռանը Երևանում։

Առաջին հերթին պետք է ծանոթանալ Երևանի հետ։ Հիմա դու մտածեցիր, որ շատ լավ գիտես Երևանի փողոցները, «Մոսկվա» կինոթատրոնը, Հյուսիսային պողոտայի խանութներն ու Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկի ցայտաղբյուրը։ Դա չի նշանակում, որ դու ծանոթ ես Երևանին։

Գործը սկսելու համար առաջին հերթին պետք է հայտնվել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում։ Հետո հագնել ականջակալներն ու բարձր միացնել Ֆորշի կամ Հախվերդյանի կատարումներից մեկը, լայն ժպտալ ու քայլել։ Ուշադիր նայիր շուրջդ։ Կտեսնես շտապող մարդկանց, սրընթաց մեքենաներ, գեղեցիկ շենքեր ու քեզ նման շատերին։

Հետո ընտրիր ցանկացած անկյուն ու թեքվիր ձախ։ Դու դեռ Երևանում ես, բայց հիմա արդեն մեկ ուրիշ Երևանում։ Հիմա կանգնած ես բնակելի շենքերի գրկում։ Արտաքուստ դրանք ոչնչով չեն տարբերվում, սովորական շենքեր՝ սովորական բնակիչներով։ Ամենայն հավանականությամբ, կնկատես մի ֆուտբոլի դաշտ կամ սովորական երեխաների խումբ։ Մոտեցիր, հետևիր խաղին կամ միացիր նրանց։ Կսկսվեն վեճեր, որոնց նպատակը կլինի պարզել, թե ում թիմից ես դու լինելու։ Դու կլինես այն փոքրիկի թիմում, ում ձեռքին գնդակն է, քանի որ նա է որոշում ամեն ինչ։ Հետո դու չես կարողանա ճիշտ «պաս» տալ, միգուցե քեզ սխալ «պաս» տան ու սկսվի վեճ, բայց այն արագ կավարտվի, ու բոլորը կհաշտվեն։

Քիչ անց դուք կհոգնեք խաղից, փոխարենը՝ կսկսեք խաղալ «գործնագործ» կամ «հալամուլա»։ Խաղը սկսելուն պես Դավիթի, Հայկի կամ Աննայի մայրիկը կբացի պատուհանը ու կկանչի նրանցից մեկին տուն՝ ճաշելու։ Դավիթը, Հայկը կամ Աննան կխնդրեն հավելյալ տասը րոպե անցկացնել բակում։ Խնդրանքը կմերժվի, ու նրանք տխրադեմ կբարձրանան տուն։ Քանի որ մեկը գնաց, ստիպված են գնալ նաև մյուսները, ու դու կմնաս միայնակ։ Վստահ եմ՝ կողքովդ կանցնի մի տարեց մարդ՝ բարձր գոռալով՝ ժավելի՜ սպիրտ։ Նրա գոռոցները կմնան անպատասխան, ու նա լուռ կկորի քո տեսադաշտից։

Շնորհավորում եմ։ Դու ծանոթացար թաքնված Երևանի մի անկյունին, այն մեկին, որի մասին քչերը գիտեն։

Հագիր ականջակալներդ, բարձր միացրու Ֆորշի կամ Հախվերդյանի կատարումներից մեկն ու դուրս արի փողոց։ Կտեսնես շտապող մարդկանց, սրընթաց մեքենաներ, գեղեցիկ շենքեր ու քեզ նման շատերին։ Քո Երևանյան խճանկարին կավելանան ֆուտբոլի դաշտը, գնդակը, կռվարար փոքրիկները, նրանց մայրիկներն ու երևանյան բնակելի շենքերը՝ սովորական բնակիչներով…

Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

-Ինձ բացակա չդնե՛ք:

-Դասի՞ց, թե՞ հեղափոխությունից:

Օրինակ` ես մեկ բացակայի տեղը երեք տեղ ներկա ստացա: Դասի գնալը այդ ժամանակ ինձ համար հավասարազոր էր ինքնախաբեության ու ինքնադավաճանության: «Ինձ բացակա չդնե՛ք հեղափոխությունից, դասից՝ ինչքա՜ն ուզում եք` դրեք» արտահայտությունը յուրաքանչյուրիս շատ սազական էր: Չդնողներ էլ եղան, շարողներ էլ: Կարգ ու կանոնի՞ց, վախի՞ց, թե՞ վերևներից ստիպված, էական չէր: Անցնեմ երեք ներկաներիս: Վանաձոր, Աբովյան, Երևան ու Հայաստանս: Երբ սկսեցինք դասադուլը, գնացել էի հարազատ քաղաք՝ Վանաձոր: Ուրախությանս և իմ ու Երևանի միջև հեռավորությանը չափ չկար: Բայց ոչինչ, ծննդավայրում հաղթանակը ավելի սրտանց նշվեց: Մեկ է` հեղափոխությունը քաղաք ու գյուղ չի ճանաչում:

Լուսանկարում Վանաձորիս լրիվ պատկերն ու կերպարն է, նրա ապրած ու դեռ ապրելիք օրերն ու տարիները։ Վառ է, գունավոր, սիրուն, միասնական ու պարզ (մեր մեջ ասած` միամիտ, չնայած` ի՜նչ միամիտ, է, բան է` ասում են, էլի, լավ էլ «շուստրի» ենք): Անձրևանոցների գունային շարքը անձրևից հետո որոշել էր ծիածանը բերել քաղաքի սիրտ, տոնն էին նշում, իսկ անձրևը մեր մշտական հյուրն է, բա մի «թաս» կենաց չասե՞ր Նիկոլի համար։

Հետո Աբովյանում վարչապետ էինք ընտրում ՝ պարելով ու վոլեյբոլ խաղալով: Փողոցը փակել էին 2-ից 5-րդ դասարանցիները՝ իրենց դասղեկների ձեռքը բռնած: Նոր սերունդ էր, ավելի դուխով: Սովորում էին պաշտպան կանգնել իրենց ու կողքինների իրավունքներին, երկրին: Սովորել դեռ կհասցնեին ավելի լավ ու արդեն հենց իրենց ստեղծած Հայաստանում:

Մի օր էլ Երևանում էինք ընկերուհիներով, հրապարակը մեզնով էինք արել, չէ, չէինք սեփականացրել, ուղղակի ցրվում, կորչում էինք, հետո ահավոր վատ կապի պատճառով զույգ-զույգ կամ կենտ-կենտ շրջապտույտ անում, զանգ անում ու էլի հայտնվում կորածների վայրում` ժամացույցի տակ, էլի: Հայրս էլ էր այդ օրը Երևանում, պատկերացնո՞ւմ եք, քայլելու սեր առանձնապես չունեցող և շնչառության խնդիր ունեցող մարդը Երևանի կեսը քայլել էր ընկերների հետ ու շատ լավ էր զգում իրեն: Մի ամբողջ հեղափոխության մասնիկ էր կազմում, ախր:

-Տե՛ս, ես էսօր եկա, դրա համար էլ հրաժարական տվեց:

Մի ամբողջ հայ ազգ էր այսպես կարծում: Ամեն մեկը իր սրտի ու մտքի չափով, իր երևակայության ու կամքի չափով: Տարիք, սեռ, մասնագիտություն ու դիրք կապ չունեին. բոլորը լավն էին, միասին էին լավը, ուժեղ էին, իրավունք ու հույս ունեին: Քայլել էինք, պարել, հոգնել էինք, բայց օգնել իրար, միասին մի բռունցք էինք, բայց այդ բռունցը չէր հարվածում: Մեր բռունցքը սիրո էր, խաղաղության ու արդարության: Մենք հաղթեցինք, մայիսը մեր հաղթական ամիսն է, չհաղթելու տարբերակ չկար: Մայիսի 9-ը եռատոնից քառատոն դարձրինք ես ու դու, ժամերով հրապարակում կանգնած մեր բարի Լեյլա տատիկը, կապույտ «սպառծիվկայով», ժամը 1-ի կողմերը տուն գնացող Իռայի մարդը, շրջապատից ճշտած տեղեկություններով «լավ տղա» Մաքսը ու էլի շատ-շատերը: Սա դեռ պատմության ինտերնետային երեսն էր, դեռ քանի՜ ու քանի՜ պատմություններ ու մարդիկ պայքարեցին, քայլեցին ու չլուսաբանվեցին: Կարևորը` միասնական էին, համախմբված, բռունցք արած, ու ձեռքները վեր ու խաղաղ էին պայքարում: Երգում էին, պարում, փողոցը փակում բաց սրտերով: Ծեծվում ու բերման էին ենթարկվում, առանց մի կաթիլ վախի ու ափսոսանքի այն մարդիկ, ովքեր օրեր առաջ «երկիրը երկիր չի» խոսքը բերանին` դուրսն էին կյանք փնտրում: Մեծ հայրենականում հաղթանակածների, Շուշին ազատագրածների և Արցախում կռվածների սերունդներն էին դուրս եկել: Ապրիլյան տեսած սերունդն էր պայքարում: Ու ես մեկ էլ իմ հայերին այսպես համախմբված տեսել էի երկու տարի առաջ` ապրիլյանին: Ու ինչպես Համո Սահյանն էր ասում. «Խաղաղ ժամանակներում երկիրը ղեկավարությանն է, իսկ պատերազմի ժամանակ անունը դնում են հայրենիք ու հանձնում են ժողովրդին»: Ժողովուրդս անտրտունջ վերցրեց, անուն էլ ինքը դրեց հայրենիք ու հաղթեց: Թավշյա հեղափոխության ժամանակ խաղաղ պայմաններում հենց մենք վերցրինք կառավարությունը, անունն էլ ընդմիշտ կնքեցինք հայրենիք ու տերը դարձանք մեր իսկ երկրի: Հարսանիքը լեռներում թողած այս անգամ կազմակերպեցինք փողոցում ՝ լավ ճոխ սեղաններով ու ավանդական խորովածով: Ու ինչպես մերոնք լեռներում հաղթեցին, այնպես էլ մենք` փողոցում: Պայքարի ձևը մենք էինք փոխել, թշնամիներն էլ «մերոնքական» էին: Արյուն չէինք ուզում: Արդյունքում դարձանք անարյուն հեղափողության երկիր, միակ ու առաջին երկիրը:

mariam papoyan

Feedback դպրոցին

Հայաստանում հանրակրթական դպրոցների ու ընդհանրապես կրթական համակարգի խնդիրներին շատերն են բախվել, քննարկել դրանք, խոսել, բարձրաձայնել։ Ես 11 տարի սովորել եմ ու դեռ մեկ տարի էլ պիտի սովորեմ ավագ դպրոցում։ Խնդիրների մասին խոսելու եմ մաքսիմալ կոնկրետ ու ոչ օբյեկտիվորեն, որովհետև ես աշակերտ եմ, որ հիմա պիտի անցնի իր 11 տարիների վրայով։ Նման դեպքում օբյետիվություն պահելը, հավատացեք, դժվար է։ Նյութի միակ օբյեկտիվ ու ոչ կողմնապահ կողմը դրա՝ հասակակիցներիս շրջանում նույնպես տարածված լինելու համոզվածությունս է։

Մինչ տարբեր հարթակներից երկար տեքստեր էին հնչում, ես ամեն տարի ավելի էի հեռանում դպրոցից։ Այնքան, մինչև իմ ու դպրոցի կապը հասավ նվազագույնի։ Ես հասկացա, որ ինչ անում ենք դպրոցում (և ավելին) ես 99%-ով կարող եմ անել դպրոցից դուրս ինքնակրթության միջոցով։ Չէի կարող վերահսկել գործընթացը, որովհետև ես աշակերտ եմ, որ տոննաներով անգիր սովորելուն զուգահեռ ֆիզիկապես պատրաստ չէ մտածելու իր ու դպրոցի հոգեբանական կապի պահպանման մասին։

Սկսենք տարրական դասարանից։ 1-ինից 7-րդ դասարանում անցնում ենք կերպարվեստ, երաժշտություն, տեխնոլոգիա առարկաները։ Գնահատվում ենք։ Ուրեմն՝ տիեզերքում խնդիրը լուծելու հնարավորություն ունեցող որևէ մեկին չի հետաքրքրում, որ դու, օրինակ, ձայնային տվյալներ չունես, նկարելու ձիրք էլ, ասեղ բռնել չգիտես, նյարդայնանում ես թղթով աշխատելիս և այլն։ Դու ու Բախը դրա համար գնահատվում եք նույն չափորոշիչներով։ Դու ու Կլիմտը՝ նույնպես։ 20-25 հոգու առաջ դու երբեմն ստիպված ես լինելու կատարել Կոմիտաս, ու որևէ մեկին հոգեբանական ապրումներդ չեն հետաքրքրելու, որովհետև դու աշակերտ ես՝ օբյեկտ, որի գլխուղեղ ընդամենը անհրաժեշտ է 12 տարի ինչ-որ բան «խցկել»։ Ուրեմն՝ դպրոցական վեց տարիների սթրեսը երաշխավորված է։ Եթե այդ ամենին ավելանա նաև մայրենիի, հայրենագիտության կամ բնագիտության նկատմամբ ոչ համակրելի վերաբերմունքդ, ուրեմն՝ ի՞նչ ասեմ, կարող ես ընդհանրապես դպրոց չգնալ, դու ծույլ ես, ծայրահեղ վիճակում, անհույս։ Ութերորդ տարում հավանաբար կկորցնես հետաքրքրությունդ դպրոցի նկատմամբ, կրթություն ստանալու գործընթացը կդառնա բեռ, որ դրանից հետո ամեն տարի ավելի ծանր է թվալու։ Իններորդ դասարանում սեպտեմբերից մայիս քեզ հոգեբանորեն կպատրաստեն քննություններին։ Ամեն օր, ամեն ժամ ինչ-որ մեկը կվախենա, որ դու անգիրը կարող ես չհիշել։ Եթե հնարավորություն ունենան, ուղեղիդ մեջ 90 րոպեի համար օգտագործվող գիտելիք կդնեն, որովհետև կարևոր չէ ո՛չ քննությունից առաջ, ո՛չ դրանից հետո իմացածդ։ Մայիս ամսին դու գուրգուրանքի, սիրո, քնքշության, նրբության, կարոտի ելույթների մի ամբողջ տեղատարափ կլցնես քո և մնացածի ուղեղը ու կգնաս։ Ի դեպ՝ ըստ վիճակագրական տվյալների՝ մի ամիս հետո կարոտից ընկճախտը կայցելի քեզ։ Ամենակարևորը՝ դու դա կանես համարյա ստրուկի (կներես) նրբանկատությամբ ու բրնձի խանդավառությամբ։ Դու երբևէ չես շրջվի ու դասղեկիդ ասես՝ տիկին/պարոն, ես զոմբի՞ եմ, ինչո՞ւ չեմ կարող ասել այն, ինչ մտածում եմ, Դուք վախենո՞ւմ եք։ Ինը տարվա մեջ դու սովորում ես՝ ինչպես յուրաքանչյուր վերնագրով, թեմայով շարադրություն դարձնել բանակի ու հայրենիքի մասին, ինչպես հնարավորինս համոզիչ լացել, հպարտանալ դրանց մեջ։ Ի դեպ՝ քո փոխարեն կարող է լացել ու հպարտանալ հարևանի աղջիկը, բարեկամը, քույրդ, եղբայրդ, գրականության ծանոթ ուսուցիչ։ Ի՞նչ լայն հնարավորություններ են ընձեռված, չէ՞։ Դու, իհարկե, կարող ես այս անհավանական պայմաններից չօգտվել ու գրել ինչ մտածում ես։ Դասարանի ներկայությամբ կկարդաս, ուսուցիչդ մատյանը կլրացնի, հետո կկանչի դասարանի լավագույն պաթոսախեղդվածին, ու դու կհասկանաս, որ «անտաղանդ ես»։ Եթե ինը տարիների կուրսը տեղը տեղին յուրացրել ես, ուրեմն շնորհավորում եմ, դու կորցրել ես ինքզ քեզ հասկանալու, քեզ հետ անկեղծ լինելու, մտքերդ ձևակերպելու, ստեղծագործելու, պատկերացնել կարողանալու ու էլի լիքը պուպուշ բաների շանսեր, որովհետև ինը տարի քեզ փորձում էին դարձնել «արժանի հայ մարդ», «առաքինի քրիստոնյա», «գերազանցիկ», որի համար հերոսը պետք է լինի Արցախյան կամ Վարդանանց, հաղթանակը՝ պատերազմից հետո, գրած նամակը՝ զինվորին։ Չփորձես մտածել, որ քո հերոսը մուլտից է կամ ընդհանրապես չկա, հաղթանակդ անձնական է, նամակդ ուրիշ հասցեատեր ունի։

Ավագ դպրոցը քո փրկության միակ տարբերակն է։ Նույնն ու հնարավոր է ավելի վատը կկատարվի էնտեղ։ Դու էստեղ ավելի քան երբևէ անազատ ես, որովհետև տիեզերքից մեկը գցել-բռնել ու հասկացել է, որ եթե որևէ լեզու ես սովորում, ուրեմն բնագիտական որևէ առարկայի նկատմամբ հետաքրքրություն չպետք է ունենաս, ո՞նց է հնարավոր անգլերենով ֆիզիկա սովորել։ Ցնդե՞լ ես։ Նորից գլուխդ խցկվելու է անգիրների խուրձը։ Գրողը տանի քո գրական ճաշակը, դա բացարձակ անկարևոր է։ Բայց դու կունենաս երեք տարի ՝ մտածելու ու կոմայից նոր դուրս եկածի պես վերլուծել փորձելու նախորդ ինը։ Դու ունես բոլոր հուշումները, որ հասկանաս՝ ինքնուրույն լինելը կարևոր է, շարադրությունները միայն բանակի ու հայրենիքի մասին չեն, դու ունես ներաշխարհ, դու ունես անձնական դաշտ, կարծիք, կարող ես ստեղծագործել, երևակայել, ձայնային տվյալներ չունենալը, ասեղ չսիրելը, ձմերուկ սիրելը, տանձով հիանալը նորմալ են, մնացած կրոններն ուսումնասիրելը կարևոր է, չհավատալը՝ հնարավոր, Նոյի տապանը Արարատի վրա չի երևում, ազգությունը որևէ բան չի պայմանավորում, մարդիկ կարող են լինել քեզնից տարբեր ու չլինել հայ։

Մենք ունենք էս ամենը, որովհետև չունենք.

Աշակերտից սովորելու պատրաստակամություն ունեցող ուսուցիչների մեծամասնություն։

Բազմակողմանիորեն զարգացած, իրավագրագետ, մեդիագրագետ, անընդհատ ինքնազարգացող, նորությունների նկատմամբ բաց ուսուցիչների մեծամասնություն։

Աշակերտին ոչ միայն Հայաստանի կյանքին, այլև աշխարհին պատրաստող հանրակրթական դպրոց։

Անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտին։

Համակարգի բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ուշադրության կենտրոնացում դեպի աշակերտը։

Հասարակագիտական առարկաների նկատմամբ համակարգային կարևորության գիտակցում։

Ընտրության իրավունքը հարգելու պատրաստակամություն։

Ազատ մտածող մեծամասնություն կազմող ավագ սերնդի ներկայացուցիչներ։ Այո, տարիքային տարբերությունը մեծ նշանակություն ունի։ Երբեմն անտանելի դժվար է քեզնից 50 տարի մեծերի հետ շփումը, որոնք ունեն կարծրատիպային մտածողություն, հին պատկերացումներ, կյանքի մեծագույն մասն անցկացրել են սովետական միջավայրի սահմանափակ պայմաններում, որոնց համար դասավանդման նոր մեթոդը միայն սլայդն է։

Գիտակցում, որ ուսուցչի գիտելիք տալու գործառույթը այլևս կարևոր չէ, գնահատման համակարգը միայն ինքնաստուգման միտում պետք է ունենա, ստուգող, պատժող գործառույթ ուսուցիչը չունի։ Հիմա ուսուցիչն ունի գործառույթ՝ ուղղորդելու, օգնելու հասկանալ ստացած գիտելիքի կարևորությունն ու պիտանելիությունը. ոչ թե ի՞նչ խցկել, այլ ինչո՞ւ (ընդհանրապես չխցկել)։

Ազատություն հանրակրթական դպրոցում։

Հուսով եմ՝ նյութն ուսուցիչներ էլ կկարդան, չեն համաձայնի, կբանավիճենք։ Մենք հավասար հարթության վրա բանավեճերի կարիք էլ ունենք։ Մտածեք…

Feedback դպրոցին

shushan stepanyan portret

Դե մի քիչ անբախտ, բախտավոր ու խառը

Բա՜րև, երկար ժամանակ է՝ չեմ գրում ու կարոտել էի…

Կարոտել էի այս դատարկ, սպիտակ էկրանը, որ լցնում էի իմ ապրումներով ու պատմություններով ու քո դատին հանձնում: Երկար ժամանակ է, ինչ չեմ գրում, ու շատ բան է փոխվել: Նյութս եկեք ընդունենք որպես դեռևս ձեզ չպատմված օրերի մեկնաբանություն:

Արդեն աշխատում եմ ու հազիվ էի դասերիս հետ համատեղում աշխատանքս, տրանսպորտի մեջ քնելն ամենահարմարավետն էր ինձ համար դարձել: Գրեթե բոլորդ էլ գիտեք, թե ես ինչքան էի վախենում շներից: Գուցե աշխարհում մի մոլորակ շեղվի իր ուղեծրից, որ ասեմ, բայց այլևս շներից չեմ վախենում:

Ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե ով է մեր ճակատագիրը որոշում, ով է մեր ապրելիք ուղին գծմծում: Իմ ուղին գծողն անչափ ստեղծագործ մեկն է, որին հաջողվել է ինձ ինչ-որ փորձությունների, վախերի ու սթրեսների ենթարկել ու ինչ-որ հարցի շուրջ ինձ տանել այլ մոտեցման: Տեղը, որտեղ պիտի աշխատեի, մի քիչ ամայի էր, ու մոտակայքում մեծ շներ կային: Ընդամենը երևի մի հիսուն քայլ էր կանգառից մինչև աշխատանքի տեղ հասնելը, ու ամեն քայլին մի հսկա, մեծ շուն էր նստած: Սկզբի մի քանի օրերին պարտադիր լաց, դող, սարսուռ, ու անպայման ինչ-որ մեկը ինձ պիտի դիմավորեր, իսկ հետո արդեն կամաց-կամաց հարմարվեցի, էլ մամային չէի զանգում, աչքերս փակում էի ու անցնում: Կյանքում երբեք չէի պատկերացնի, որ կգա մի օր ու մեն-մենակ, անվախորեն կանցնեմ էնպիսի շների կողքով, որոնց փողոցում տեսնելիս մյուս մայթ էի անցնում, վազում, լացում:

Մի բան, որն էլի ինձ զարմացրեց, քննությունների ժամանակ էր: Լեզվաբանության քննության էի, գործից տուն էի եկել ժամը իննին ու մյուս օրվա համար բացարձակ բան չէի արել: Մի ամբողջ գիշեր ու մինչև լույս բառիս բուն իմաստով պարապել էի ու առանց քնելու՝ գնացել քննության: Դասախոսս խիստ էր, ու իրար օգնելու ոչ մի տարբերակ չկար: Նստեցի, իմ բառերով սիրուն գրեցի ու վստահ էի՝ հարյուր եմ ստանալու: Թարսի պես հենց այդ օրը դասախոսս, գնահատելով ցույցերին մեր ակտիվ մասնակցությունը, ըմբռնում էր մեր՝ իրար օգնելու փաստը, ու շատերը գերազանց արտագրեցին նյութը: Իմացա, որ ես ութսունհինգ եմ ստացել, քանի որ տեսական շատ բան էի բաց թողել, իսկ շատերը, դասերին անգամ բացարձակ ակտիվություն չցուցաբերելով, ստացել էին հարյուր: Առհասարակ, ես արտագրել չեմ կարողանում դեռևս դպրոցից, եթե ուզեի մի բան արտագրել, միանգամից էլ ավելի էի կարմրում, սկսում էի ծիծաղել ու այնքան աղմկալի էի թերթում տետրի էջերը, որ բռնվում էի: Որոշեցի հաջորդ քննությանս նույն առարկան չսովորել առանձնապես լավ ու շատ ընտիր ռակուրսից նկարեցի բոլոր լեկցիաները: Ամբողջ մի օր շոկի մեջ էի. կյանքիս մեջ առաջին անգամ սկզբից մինչև վերջ արտագրել եմ ու այն էլ՝ գերազանց: Եվ, իհարկե, ստացել հարյուր: Անարդար է, չէ՞:

Մեկ այլ քննությունից առաջ ծավալուն նյութ ունեի սովորելու, ու ընդամենը երկու թեմա էր, որ հեշտ էր: Դրանք պահել էի ամենավերջում, ու վստահ էի, որ ինձ չեն ընկնելու այդ թեմաները, քանի որ միշտ, անկեղծ եմ ասում, ինձ ամենաբարդ թեմաներն են ընկնում պատմելու: Որոշել էի արդեն, որ ես բախտ չունեմ ու մտածեցի. «Դե, մեկ ա՝ ես անբախտ եմ, էս հեշտերը հնարավոր չի՝ ինձ ընկնեն, չեմ սովորում էս երկուսը, էնքան որ կարդում եմ, վերջ»: Տոմսս քաշեցի, ու հենց այդ երկու թեմաներն էին: Բա որ ասում եմ՝ անբախտ եմ: Անարդար եմ, չէ՞:

Լավ, անցնենք քննություններից. հազիվ եմ վերջացրել: Ասեմ, որ կփորձեմ ավելի հաճախ գրել, ու մտքերս ներսումս մոռացության տալու փոխարեն՝ կկիսեմ բոլոր ընթերցողների հետ:

Վերջերս ինձ հետ շատ անհաջողություններ են լինում, ու ինձ թվում էր, որ ինչ-որ մեկը իմ «տխուր ու անհաջողակ» կյանքի սցենարը ինչ-որ ֆիլմից է վերցրել ու նորից է նորը նկարում՝ գլխավոր դերն ինձ տալով: Որոշ ժամանակ անց հասկացա, որ բոլորի հետ էլ լինում են անհաջողակ օրեր, չստացված պահեր, միայն իմ կյանքը չէ:

Արդեն քսանմեկ եմ, ու ինձ թվում է, որ դեռ տասնյոթ տարեկան եմ, ու մաղթանքներիս գերակշիռ տողերում ընկերներս ու հարազատներս ինձ խնդրել են մեծանալ՝ ոչ միայն թվով: Այստեղ մի բան կասեմ բոլորին՝ լինել մանկական ու միշտ բոլորին հավատալ, բոլորի մեջ մաքուրը տեսնել, կարծում եմ, որ այդքան էլ վատ բան չէ: Ու մի բան էլ. ի՞նչ  է, բոլորդ քսան-քսանմեկ տարեկանում արդեն տատիկ-պապիկ էի՞ք, որ զարմանում եք, ինչու ես քսանմեկում դեռ երեխա եմ, դեռ նույնն եմ: Հասկացեք, էլի, մարդու տեսակ է, մնալ այնպիսին, ինչպիսին ինքը կա ու չխաղալ արդեն մեծի դեր: Լուրջ հարցերում, կարևորագույն պահերին, փառք Աստծո, ճիշտ որոշումներ եմ կայացնում ու ամենևին չեմ նեղվում լինել այնպիսին, ինչպիսին որ կամ: Իսկ ինձ ընկալել-չընկալելն արդեն թողնում եմ ձեզ:

Կներեք, որ նման խուճուճ-մուճուճ, խառը նյութ ստացվեց: Կարևորը՝ նորից գրում եմ:

Բոլորիդ մաղթում եմ հագեցած հանգիստ և ուզում եմ հիշեցնել մեծ փիլիսոփա Շուշան Ստեփանյանի խոսքերը՝ կյանքը հրաշք պարգև է, ու պատահող ամեն ձախորդություն, անհաջողություն ոչ այլ ինչ է, քան դեպի լուսավորը տանող օգնություն:

Սպասեք հետաքրքիր նյութերի:

anahit Zaxaryan askeran

«Ազգն է ծնում հերոսներ»

Մոտ 2 տարի առաջ ծնվեց նա՝ իմ նպատակների հավաքածուն, որին հասնելուց հետո արդեն ես ինձ կարող եմ լիարժեք մարդ զգալ, և որն ամենակարևորն է՝ արժանի հայ համարվել: 2016 թվականի ապրիլյան այն ահասարսուռ դեպքերը մարդկանց միայն բերել են ցավ ու կորուստ: Աչքիս առաջ էր ամեն բան կատարվում, իսկ ականջներս ամեն մի պայթյունի ժամանակ կարծես թե դադարում էին կատարել իրենց սովորական ֆունկցիան:

Ինչևէ, ապրիլն անցավ մեր կողքով, մեզ միացրեց և դարձրեց մի բռունցք, չնայած՝ ժամանակի ընթացքում նորից բռունցքը բացվեց, և բոլորը նորից անցան իրենց բնականոն կյանքին և սփռվեցին աշխարհով մեկ:

2017 թվականին որոշեցի ոչ միայն մտածել, այլև գործել: Ֆեյսբուքյան իմ էջին կից բացեցի մի խումբ, որը երկար մտածելուց հետո կոչեցի «Ազգն է ծնում հերոսներ»: Նպատակս՝ խմբում հայրենասիրական նյութեր, երգեր, բանաստեղծություններ, հերոսների մասին որոշակի տեղեկություններ տեղադրելն էր: Խումբը գտնվում էր կիսաակտիվ վիճակում, երբ պարապ էի, փորձում էի լինել ակտիվ, հայրենակիցներիս հետ կիսվել ինձ դուր եկած հայրենասիրական նյութերով:

2018 թվականի հունիսին խմբի առջև դրեցի նոր նպատակներ, փորձեցի գտնել ակտիվ ադմինիստրատոր, ով ինձ կօգնի խմբի զարգացման հարցում: Ես գտա նրան՝ խմբի երկրորդ ադմինիստրատոր Սոֆի Միսակյանին, ով, կարելի է ասել, խմբին երկրորդ կյանք պարգևեց: Խմբի համար գրվեց նոր ծրագիր, մշակվեց նոր պլան, նրա զարգացման համար նոր ակտիվ խումբ ստեղծվեց, նշանակվեցին հանդիպման օրեր և մեր առջև դրվեց հստակ նպատակ, որին կհասնենք մեր միասնական խմբի և հայրենասեր մարդկանց շնորհիվ: Նպատակը հետևյալն է ՝ հայերի մեջ արթնացնել այն հավատը, որը վերջին ժամանակաշրջանում մարել է որոշ «հայրենասերների» շնորհիվ, օգնել հերոս տղաների, կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին հոգեպես և ֆինանսապես, այցելել զորամասեր, դիրքեր, ակտիվություն ցուցաբերել հասարակական աշխատանքների ժամանակ: Մի քանի օրում խմբակիցների թիվը հասավ մոտավորապես 700-ի, ինչը կարելի է համարել փոքրիկ, բայց հաջողված մեկնարկ մեր հետագա պլաններին հասնելու համար:

Հարգելի հայրենակիցնե՛ր, հորդորում և կոչ եմ անում բոլորին միանա՛լ մեզ, սա ոչ միայն համացանցում բացված սովորական խումբ է, այլ նպատակների հավաքածու, որոնց մեկ առ մեկ պետք է հասնենք միասին և ոչ վիրտուալ տիրույթում: Միացե՛ք մեր խմբին, գրեք ձեր առաջարկներն ու կարծիքները, յուրաքանչյուրիդ միացումն ու փոքրիկ ներդրումը կարող է օգնել հուսալքված երեխային գոնե մեկ անգամ ժպտալ, ուտել քաղցրավենիք և հագնել նոր հագուստ, իսկ մեր հերոսների ընտանիքներին այցելելը և մեր շնորհակալությունը հայտնելը, կարծում եմ, մեր բոլորի պարտքն է: «Ազգն է ծնում հերոսներ» խումբը պետք է հազարավոր ընտանիքներում լույսի և հույսի ցոլք դառնա, և հազարավոր մանուկների լիաթոք ծիծաղի պատճառը հանդիսանա:

milena barseghyan

Երեք կանգառ

Մի ամիս է` ուզում եմ այս դեպքի մասին գրել, պատմել, չի ստացվում։ Կարդա ու հետո ինձ բացատրիր՝ ինչո՞ւ չէի կարողանում գրել։

Ինձ տուն բերող ու տնից էլ կենտրոն հասցնող ավտոբուսը մեկն է: Անգիր գիտեմ բոլոր վարորդներին ու իրենց վարելու ձևը, գիտեմ՝ որ վարորդի դեպքում քանի րոպե կուշանամ, որ վարորդն է պարտադիր ռադիո լսում, որ վարորդն է առհասարակ վատ լսում ու կանգառներում չի կանգնում, ու վերջապես՝ որ վարորդն է իմ ամենասիրելին, ում ավտոբուսում միշտ հետաքրքիր դեպք է լինում՝ պատմելու, գրելու աստիճան հետաքրքիր։

-Ծերանոցի մոտ կկանգնեք, վարորդ ջան,- բարձր, ամբողջ ավոտոբուսով մեկ լսելի ասաց սպիտակահեր պապիկը։

-Երեք կանգառ կա դեռ, պապի, համ էլ ո՞նց, իջնո՞ւմ ես, երեկ ասեցիր՝ վաղը հետդ կպտտվեմ։

Մտածեցի․ «Պապիկի հետ ծանոթ են փաստորեն, կամ էլ նույնիսկ մտերիմ են»։

-Չեմ մոռացել ասածս, բայց երեք կանգառ հետդ գամ՝ հերի՞ք չի։ Հետդ պտտվեմ որ ի՞նչ, մեկ ա՝ Երևանից էն կողմ չես գնում, սկի Շուշի չես հասնում։

Վարորդը դիմապակու հայելուց ժպտաց պապիկին։ Ինձ թվաց՝ ամբողջ ավտոբուսը ժպտաց, ավտոբուս չնստած մարդիկ էլ ժպտացին։

Էն ասված երեք կանգառից առաջինին հասանք։

-Ըհը, հիվանդանոցի կանգառն ա, ժողովուրդ ջան, իջնող չկա՞։

Լսվեցին՝ չկա, չկա։

-Երեք «վարիանտ» կա․ կամ հիվանդ չեք, կամ հիվանդ բարեկամ չունեք, կամ էլ՝ հիվանդատես գնալու «զահլա» չունեք,- էլի շատ բարձր ասաց պապիկը։

Ժպտացի, բայց կիսաթախծոտ մի բան զգացի։

Երկրորդին հասանք։

-Ըհը, էս էլ եկեղեցու կանգառը․ իջնող կա՞։

-Այո, կանգնեք,- ասաց մի կին։

Կնոջ իջնելուց հետո պապիկն ասաց․

-Մի վարիանտ․ ընդամենը մի աղոթող կա։

Երկար լռություն էր մինչև հասանք երրորդ կանգառին։

-Այ, էս իմ կանգառն ա,- դառնալով ժողովրդին՝ ավելացրեց,- չեմ հարցնում, միակ իջնողը ես եմ,- դառնալով վարորդին,- էս կոնֆետները ստացի, ես իջա, վաղը կհանդիպենք։

-Շատ ես տվել, պապի,- ասաց վարորդը լրիվ լուրջ։

-Հա՞, դե լավ, երկու հոգու ստացի, մեկն էլ Սերժ Սարգսյանի տեղը, վերջում կիջնի։

Բոլորը ծիծաղեցին, բայց ես՝ չգիտեմ։ Զգում էի, որ հենց մի հատ թարթիչներս իրար անեմ, լացս կգա էս երեք կանգառների ու չիջնելու «վարիանտների» համար։

Jenya Eghikyan

Իմ չորս պատերը

Մեկ վայրկյան սենյակս կարգի բերեմ ու սկսեմ գրել։ Միակ կախարդական խոսքը, որը կստիպի ինձ երկու րոպեում ուշքի բերել սենյակս, հետևյալն է.

-5 րոպեից տուն մարդ է գալու։

Դե, կարգի բերելը ո՞րն է, աթոռի վրա հավաքված հագուստների վրա ծածկոց գցե՞լը։ Մահճակալս վերջերս ենք փոխել, անկեղծ ասած, ճռճռոցի ձայնը դուրս չէր գալիս ու մեկ-մեկ պահարանի հետ դուետով էին հանդես գալիս։ Բայց պահարանս հնազանդ է, միայն դուռը բացելու ժամանակ է ճռռում, երևի ամաչում է։ Գրասեղանս խառնաշփոթ վիճակում է, գրքերս իրար վրա թափթփված, կարող է նրանց կյանքում մի բան այն չէ՞: Դե, շատ են այս ու այն կողմ ցրվում ու, դրա հետ մեկտեղ, եթե մայրս փորձի նրանց կարգի բերել, ես ոչինչ չեմ գտնի, դասակարգելուց գրքերս իրենք էլ կզարմանան, որ կողք կողքի, մեկը մյուսի հետևից շարված են։

Դաս անելու համար համակարգիչն է խանգարում: Ախր, ես ասել էի, որ տանեն հյուրասենյակ։ Պատին կախված նկարներ ունեմ. մի քանիսը՝ ձեռքի աշխատանք, մի քանիսի մեջ էլ ես եմ, դու ես, կամ էլ երևի միասին նկար չունենք,եսիմ։

Սենյակից բաց պատշգմբ կարող ես դուրս գալ: Ձմռանը մի քիչ խանգարում է: Մեկ-մեկ մոռանում եմ, կիսափակ թողնում ու մրսում։ Իսկ դու սենյակումդ անկյուն ունե՞ս, որն ամենաշատն ես սիրում։ Ես ունեմ. հենց իմ սենյակը, դա էլ իմ անկյունն է, իմ չորս պատը, իմ ընկերը, ում հետ ամեն երեկո ֆիլմեր ենք դիտում, անբաժան ենք։ Իրարից հեռու չենք կարողանում, արդեն հյուրասենյակում էլ երկար չեմ մնում, մտածում եմ՝ կնեղանա ու իր դռները իմ առջև կփակի։

Դե՛ արի թեյ խմենք, իմ չորս պատի մեջ, հրավիրում եմ։

Sargis Melkonyan

Ամառ 2018

Վերցնել մի ճերմակ քառակուսի նկար, մուգ կապույտ ու շագանակագույն ծածկոցով ու վերնաշապիկով տեղավորվել աջ անկյունում, մայր մտնող արևի արհեստական շող դնել դեմքին ու նայել վեր այնքան, ինչքան ունակ են տեսնել աչքերս ու չհասկանալ, չհասկանալ, բայց նայել զարմացած: Ամպերին:

Հետո մրսել երեկոյան անձրևից առաջացող սառը քամուց, բայց ջերմանալ երազելուց, մոռանալ իրականության սառը ու դատարկ լինելը, անգիտակցության ու գիտակցության բոլոր բջիջներով սավառնել, կտրվել ու տրվել երազանքին՝ պատկերելով ապագան աշխարհի ամենասիրուն ձևով. իմ ուզած ձևով:

Սթափվել հեռուներից լսվող հրավառության ձայնից, հասկանալ, որ երբեք էլ ապագան իմ ուզած ձևով չի լինի, դնել ականջակալներն ու խլանալ, մոռանալ, չքնել մինչև լուսաբաց, դադարել մտածել: Չզգալ: Ոչինչ:

Վերցնել բաց կապույտն գրիչն ու երազներ նկարել թղթին: Հետո ամեն ինչ ծալել ու դնել ծոցագրպանում: Հեռու հեռվում գտնել երջանկության կետ ու հենվել դրան՝ ամբողջ մարմնով՝ մի կերպ ու անհասկանալի վախենալ: Կորցնելուց:

Եկող ու գնացող ինքնաթիռների լույսերը տեսնել մթության մեջ ու գրկախառնություններ պատկերացնել առանց արտասվելու: Ժպտալ փուչիկներով երեք տարեկան երեխաներ պատկերացնելուց՝ ցայտաղբյուրների մոտ կամ պաղպաղակ ուտելիս:

Արևածագի հետ փոխվել, մոռանալ զգացածի մասին: Մոռանալ զգալու մասին ու գնալ այգի: Բարձրանալ ծառերի վրա ու սկսել բերքահավաքը: Օրվա ամենաշոգ ժամին ուժասպառ լինել ու քնել: Տեսնել երազներ ու վախենալ արթնանալուց: Եվ ինչ-որ պահի էս ամենն անվանել «Ամառ 2018»:

mariam nalbandyan

Քույրս, կարմիր դիպլոմն ու Նոր Հայաստանը

Մի քանի օր առաջ մեր տանը տոն էր։ Քույրս մագիստրոսական թեզ էր պաշտպանել։ Մայրս տոնական ընթրիք էր սարքել, հորքուրն էլ տորթ էր գնել։ Կարծեմ, շամպայն էլ խմեցինք, ու քանի որ հետո բան չեմ հիշում, ենթադրում եմ, որ հա, շամպայն ենք խմել։ Մի կարմիր դիպլոմ էլ տանը ավելացավ, ուղղակի նախորդն էլ էր քրոջինս, ես դեռ ինչ դիպլոմ։ Հիշում եմ, երբ քույրս բակալավրիատի դիպլոմ էր ստացել, այն համալսարանում էր, ալարում էր գնար վերցներ։ Հիմա էլ չգիտի, թե մագիստրատուրայինը երբ են տալու։ Գիտենք միայն, որ կարմիր է, ու որ շուտով կտան։ Բայց ես արդեն նորից հստակ պատկերացնում եմ քրոջս մանկական ծիծաղը։

-Էսօր էլ չգնացի՞ր դիպլոմդ վերցնես։

-Ալարում եմ։ Վաղը։

Դե, շատ մի պետքական բան էլ չի, հա, էդ դիպլոմը։ Քույրս, որ հենց նոր գիտակցեցի՝ համարյա իմ բոլոր գրածների գլխավոր հերոսն է, պատմաբան է։ Հա, ես էլ եմ ամեն անգամ էդ բառից հետո մտքումս ասում՝ «վայ քո»։ Դժվար է պատկերացնել, թե պատմաբան մարդը, որը հասցրել է բակալավրիատում մանկավարժի որակավորում էլ ստանալ, բացի ուսուցչից, էքսկուրսավարից՝ ոչ միայն տուրիստական, այլ նաև թանգարանի, էլ ինչ կարող է աշխատել։ Քանի որ հումորս լավ չստացվեց, կասեմ, որ հումոր էր, որովհետև ուսուցիչ ու էքսկուրսավար էլ քիչ չի պահանջվում, ու ստացվում է՝ լավ էլ կարելի է այս մասնագիտությամբ աշխատել։ Ուղղակի առաջինի համար մի ամբողջ համալսարան կա, երկրորդի համար էլ տարբեր համալսարաններում լիքը ֆակուլտետներ։ Մեր կրթական համակարգը էնպես է կառուցած, որ միայն մի թեմայից չես կարողանում խոսել, մի բան ասում ես, մի հազար պրոբլեմ՝ ի հայտ գալիս, արդյունքում՝ չես իմանում ինչից խոսել։ Բայց քանի որ սկսել եմ քրոջս էդ վառ կարմիր դիպլոմից (հա, անընդհատ շեշտելու եմ կարմիրը, որովհետև ես էդպիսի գույների չեմ հավակնում, գոնե մի տեղ օգտագործեմ, էլի), չխոսեմ նրա մասին, որ էնքան շատ կադր ունենք, որ եթե առաջիկա տասը տարում էլ նոր կադրեր չլինեն, հաստատ պակաս չենք ունենա, բայց համ էլ չեմ խոսի նրա մասին, որ էդ կադրերից եսիմ քանիսն են իսկապես կադր ու պետքական մասնագիտական աշխատանքում։ Ու քանի որ մեծամտություն է էդպես խոսելը, սուս կմնամ։ Ենթադրենք, բոլոր կադրերն էլ շատ պետքական են, դրա համար մարդիկ մագիստրատուրա էլ են սովորում, որ էլ ավելի պետքական լինեն։ Իրականում, չգիտեմ՝ որտեղից եմ լսել, բայց կրթության ավելի բարձր մակարդակ ունենալու դեպքում ավելի բարձր աշխատավարձ պետք է ունենաս։ Իսկապես չեմ հիշում, թե որտեղից եմ լսել, որովհետև միայն լսել եմ, իրականում երբեք չեմ տեսել։

Մագիստրոս քույրս արդեն մագիստրատուրայի երկրորդ կուրսում աշխատանք էր փնտրում։ Նույնիսկ աշակերտ էր ձեռք բերել, հետը դաս էր անում։ Դասապատրաստում են հիմա ասում դրան, երբ ոչ թե առարկա ես պարապում, այլ բոլոր դասերն ես անում հետը։ Մի ամիս իր աշակերտի կյանքով ապրելուց ու միայն տրանսպորտի փողի չափ աշխատավարձ ստանալուց հետո պարզվեց, որ քրոջս աշակերտը կպած չի առաջադիմում։ Դե, որտեղի՞ց առաջադիմեր, եթե քրոջս էր զանգում հարցնում, թե ինքը այդ օրը ժամը քանիսին է պարի պարապմունքի։ Պարի, ինչի հետ քույրս, մեղմ ասած, ոչ մի կապ չունի։ Էսպիսի փորձից հետո էլ կարմիր դիպլոմավոր քույրս հասկացավ, որ ավելի լավ է աշխատանք փնտրել դպրոցում։ Բայց մի հաճելի անակնկալ ունեցանք այստեղ, որը կոչվում է «շնորհակալություն»։ Պարզվում է, գործի ընդունվելու համար պետք է կարողանաս «շնորհակալություն» հայտնել, ինչը էդ ձեր իմացած շնորհակալություններից չէ, այլ քրոջս նախատեսվող զուտ եկամտի տարեկան չափից էլ մի քանի անգամ մեծ, տեղը տեղին «շնորհակալություն» է։

Նոր էս նույն քրոջս պատմեցի, որ եվրոպական շատ երկրներում կազմակերպությունները ազատվում են որոշակի հարկերից, եթե աշխատանքի են ընդունում նոր համալսարանն ավարտածի՝ առանց աշխատանքային փորձի։ Եվ ոչ միայն ընդունում, այլև պարտավորվում են նրան երեք տարի սովորեցնել ողջ աշխատանքը, փորձել նրան կազմակերպության տարբեր ստորաբաժանումներում՝ տարբեր պարտականություններով, որից հետո էլ որոշում, թե որտեղ նա կշարունակի աշխատել։ Քույրս կլորացրեց աչքերը, ասաց՝ էհ, ու գնաց ֆուտբոլ նայելու։

Ես էլ գնամ մեր նոր Հայաստանում ֆուտբոլ նայելու։ Նոր Հայաստանում, որտեղ շուտով քույրս գնալու է մի քանի դպրոցներում աշխատանքի ընդունման մրցույթի։ Նորից գնալու է, նորից առանց «շնորհակալության», որովհետև ահագին բան փոխվել է։ Դեռ ահագին բան էլ կփոխվի, որովհետև արդեն մտածում ենք մրցույթի, դիպլոմի, մագիստրոսի կոչման մասին, և վստահ ենք, որ էլ «շնորհակալության» անուն չեն տա։ Քրոջս ընկերներն էլ, էլի մագիստրոս, հիմնել են իրենց արշավական ակումբն ու աշխատում են։ Շատ լավ է աշխատում գաղափարը, հատկապես, երբ իրականացնողները հավեսով մարդիկ են։ Բոլորն էլ, այնուամենայնիվ, ձևը գտնում են։ Իսկ «ձևերը» այլևս շատ են լինելու։

Թվապատում 2018

Այս տարի թվապատվե՞լ ես, ո՞չ, սկսենք։

Թվապատումը երկօրյա մեդիա կոնֆերանս է, որը կազմակերպվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Ինտերնյուսի կողմից։ Միավորում է մեդիա սպառողներին ու արտադրողներին աշխարհի տարբեր անկյուններից։ Այս տարի Թվապատում 2018-ը ամենադեղիններին ու սպիտակներին թվապատեց երիցուկի թեյով, որ քննարկի մեդիագրագիտությունը, հանրային մեդիայի դերը, օգնի բացաhայտել ապատեղեկատվությունը ու հայացք նետի հեղափոխությանը։

Ավելի մանրամա՞սն։ Ունե՞ս ֆեյսբուքյան ակաունտ, ինստագրամում մեկ-մեկ ֆոտոնե՞ր ես հրապարակում, թվիթո՞ւմ ես, փողոց դուրս գալի՞ս ես, ընկերներով քննարկո՞ւմ եք հարևանի շանը ու երկրի վիճակը։ Նշվածներից գոնե մեկին դրական պատասխանեցի՞ր։ Ուրեմն ամենադեղին ու թավշյա կոնֆերանսի թիրախն այս տարի հենց դու էիր։ ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Վրաստանից ու Հայաստանից մեդիա դաշտի պրոֆեսիոնալները երկու օր շարունակ քննարկում էին քեզ, վերլուծում՝ որպես մեդիա սպառող ու թեյում։

Հետաքրքրվա՞ծ ես կամավորության ծրագրերով, ուրեմն կիսվեմ իմ ամենահավես փորձառությամբ։ Ես Թվապատում 2018-ի կամավորներից էի։ Մի լուսապայծառ առավոտ (ստուգեցի, փաստորեն գիշեր էր), երբ չէի կողմնորոշվում «Թվապատում» թե «Բարքեմփ», ինձ գրեց Սոնան՝ Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնից ու առաջարկեց լինել Թվապատում 2018-ի կամավոր։ (Ի դեպ Սոնան «տարվա գործատուի» իմ թեկնածուն է): Հանդիպեցինք, Սոնան մանրամասն ներկայացրեց կոնֆերանսի էությունը։ Ի՞նչ պիտի անեի։ Ուրեմն պիտի ուղեկցեի, գրանցեի մասնակիցներին, հանձնեի իրենց, ինչպես նշում էին՝ «եղն ու բրինձը» (չգիտե՞ս Թվապատում 2018-ի «եղ ու բրնձի» մասին։ Հաջորդ տարի կգաս, որ իմանաս), սրահում խոսափողը փոխանցեի։ Բայց դա ընդամենը տեխնիկական մասն էր։

Թվապատում 2018-ի ողջ թիմն ինձ տվեց տարածաշրջանում ամենաընտիր փորձը, հմտությունները մարդկանց, շփումները, թեյը ու ISTC-ի վերելակի չիպ։ Համարյա մոռանում էի։ «Ազատության» Նարինե Ղալեչյանն ընդունեց իմ «friend request»-ը վերելակում մեր հանդիպումից հետո։ Նարինեն Թվապատման բանախոսներից էր։ Պատմեց հեղափոխության օրերին լրագրողների ոչ այդքան թավշյա աշխատանքի, ակտիվության, ծանրաբեռնվածության, իր հայտնի գլխարկի ու այն մասին, թե ինչպես մի քանի օրվա ընթացքում փոխվեց հայաստանյան մեդիա դաշտի պատկերը։ Հեղափոխությունը, ընդհանրապես, երկրորդ օրվա ամենաակտուալ թեմաներից էր։ BBC-ի թղթակից Ռայհան Դեմիտրիեն պատմեց՝ ոնց էր Հայաստանը մի քանի շաբաթ դարձել աշխարհի կենտրոնը։ Հունիսի 16-ն այս տարի ամենաէմոցիոնալն էր։

Հանրայինը վերջին շրջանում ամենաքննարկվածներից էր։ Թվապատումը բացեց Նիդերլանդների գաղտնիքը։ Սթան Էնգելենը (VPRO) ներկայացրեց լսարանին հասկանալու ու նրա հետ շփման իրենց բանաձևը։

Դե ինչ, թվապատված, հեղափոխված, թեյած սպասում եմ, որ 2019-ին դու էլ թվապատվես։

Մի բան էլ լավ կլինի՝ անկախ երիցուկի ցույց տված տվյալներից, միշտ ստուգես կարդացածդ, լսածդ ու անգամ տեսածդ, աշխատես «չապատեղեկատվել»։ Մեդիան դու ես, ուրեմն ինչո՞ւ չլինել մաքսիմալ վստահելի ու հավաստի։