Հիշի՛ր, Հայաստանը միշտ քեզ է նայում

Լուսանկարը՝ Ջոանն Բեմիշի

Բարև՜, Հայաստան։ Արդեն բավականին ժամանակ է, ինչ նյութեր չեմ գրում, չնայած որ շատ եմ ցանկանում։ Երևի հարց առաջացավ, թե ինչու։ Մոտ երկու ամիս է, ինչ ԱՄՆ-ում եմ ՖԼԵՔՍ ծրագրով:  Բայց մի՞թե ԱՄՆ-ում գտնվելը պատճառ է նյութեր չգրելու համար։ Իրականում պատճառը այստեղի հագեցած առօրյան է: Եթե հայ դեռահասները մտածում են, որ իրենց առօրյան շատ հագեցած է ու ծանրաբեռնված, ապա կարող եմ վստահեցնել, որ այստեղ դեռահասների առօրյան շատ ավելի ծանրաբեռնված է, քան կարող եք պատկերացնել։
Մի փոքր նկարագրեմ թինեյջերների (դեռահասների) առօրյան ԱՄՆ-ում։ Նրանք սովորաբար շատ շուտ են արթնանում քանի որ դասերն այստեղ ավելի վաղ են սկսում, քան Հայաստանում։ Աշակերտների հիմնական մասը դպրոց է գնում դպրոցական ավտոբուսով (school bus)։ Եվ հավատացեք, որ ամենահաճելի բաներից մեկը դա դպրոցական ավտոբուսով դասի գնալն է: Չնայած ես առիթ չեմ ունեցել դպրոց գնալ այդ ավտոբուսով, քանի որ բավականին մոտ եմ ապրում դպրոցին։ Բայց դպրոցական ավտոբուսը նախատեսված չէ միայն երեխաներին դասի տանելու ու դասից բերելու համար։ Ուրիշ ինչի՞ համար կարող է նախատեսված լինել այն։ Չգուշակեցի՞ք։ Դե իհարկե, դպրոցական սպորտի թիմերին  տարբեր մրցույթների տեղափոխելու համար։ Սրան մի քիչ ավելի ուշ կանդրադառնամ։ Հիմա խոսենք դպրոցի մասին։ Դպրոցները այստեղ բավականին տարբեր են։ Եթե համեմատեմ Հայաստանի դպրոցների հետ՝ սարեր ձորերի տարբերություն։ Բայց ինչպես սովոր են ասել փոխանակման ծրագրի աշակերտները՝ ոչ ավելի լավ է, ոչ ավելի վատ՝ ուղղակի տարբեր է։ Ամերիկյան ավագ դպրոցում պարտադիր առարկաները հիմնականում  չորսից ավելի չեն լինում։ Մնացած առարկաները կարող ես ընտրել քո ցանկությամբ։ Իմ կարծիքով դա իրականում շատ ավելի լավ տարբերակ է։

Երբ ինձ այստեղ հարցնում են, թե ինչպիսինն է կրթական համակարգը Հայաստանի դպրոցներում, իմ պատասխանից հետ շատ են զարմանում։ Ամերիկացիների համար բավականին դժվար է երկրորդ լեզու սովորելը, այդ պատճառով նրանց համար նույնպես զարմանալի է, թե ինչպես են մեկ այլ երկրի աշակերտները  երկուսից ավելի լեզուների տիրապետում։

Դասերը ժամը 15։00-ից շուտ չեն ավարտվում, իսկ եթե ինչ-որ սպորտի թիմում ես, ապա շատ հնարավոր է,որ դասերից անմիջապես հետո միանգամից գնաս մարզումներին մասնակցելու։ Իմ դեպքում այդպես է։ Ես որպես սպորտ ընտրել եմ վազքը, որը հեշտ թվացող, բայց իրականում ամենաբարդ սպորտաձևերից մեկն է։ Ամեն օր դասերից հետո պետք է մնամ ու մասնակցեմ մարզումներին և հիմնականում 17:00 կամ 18:00-ից շուտ տուն չեմ կարող գնալ։

Տուն գալուց հետո ճաշում ես, որից հետո պետք է ավարտես տնային հանձնարարություններդ։ Որոշ աշակերտներ անգամ աշխատում են, որպեսզի կարողանան ապահովել իրենց առօրյա ծախսերը։ Այս ամենից հետո էլ էներգիա չի մնում: Այնպես որ, միանգամից ուզում ես քնել։ Ամենաշատ էներգիան սպառվում է մարզումների վրա։ Ինչպես հասկացաք, ԱՄՆ-ում սպորտին շատ մեծ տեղ են տալիս, և սպորտը ոչ միայն աշակերտների, այլ տարբեր տարիքի մարդկանց առօրյայի ու կյանքի մեծ մասն է կազմում։

Երբեք չեմ հասկացել սպորտի նշանակությունն ու կարևորությունը, բայց այստեղ գտնվելով հասկացա, թե ինչ մեծ ու կարևոր նշանակություն ունի այն։ Սպորտը մարդուն չի կոփում միայն ֆիզիկապես, այն կոփում է նաև հոգեպես։ Այն ստիպում է, որպեսզի անես ավելին, քան մտածում ես, որ կարող ես անել։ Ստիպում է միշտ պայքարել ու երբեք չհանձնվել և վերջապես սպորտը բացահայտում է մարդու անհատականությունը։ Շատ կցանկանայի, որ Հայաստանի դպրոցներում էլ սպորտին մեծ նշանակություն տային, քանի որ ամենավառ անհատականությունները հենց սպորտի շնորհիվ են ձևավորվում։

Երկու օր առաջ ընկերներիցս մեկը հարցրեց, թե ինչ ենք անում դպրոցում ֆիզկուլտուրայի ժամին։ Ու այս հարցը ինձ մտածելու տեղիք տվեց։ Երբեք ֆիզկուլտուրային որպես լուրջ առարկա չեմ վերաբերվել, բայց հիմա կարծիքս փոխվել է։ Շատ եմ ափսոսում, որ Հայաստանի շատ դպրոցներում, ինչպես նաև իմ դպրոցում, նորմալ պայմաններ չկան երեխաներին մարզելու  համար։ Բայց հուսով եմ, որ ապագայում ամեն ինչ կփոխվի։

Այսքան շատ խոսեցի սպորտի մասին, բայց չասացի, որ ոչ միայն մարզվում ենք կոփվելու, այլ նաև մրցույթներին մասնակցելու և հաղթելու համար։ Ամեն շաբաթ բոլոր սպորտային թիմերը մրցումներ են ունենում։ Երեկ վազքի մրցարշավներից մեկն էր, որին ես էլ էի մասնակցում։ Չնայած մռայլ եղանակին, մեր թիմը մարտական էր տրամադրված, իսկ մարզչի խոսքերը էլ ավելի էին քաջալերում և ուժ տալիս.

-Սոնա՛, իմ հայ ընկեր, պատրա՞ստ ես։ Հիշի՛ր, Հայաստանը միշտ քեզ է նայում։

Ա՛յ, այսպիսի խոսքերն են, որ քաջալերում են ինձ ու դարձնում էլ ավելի պատասխանատու։

Ահա իմ ամերիկյան առօրյայից մի փոքրիկ պատառ, հուսամ հետաքրքիր էր։ Կփորձեմ ձեզ ինչքան հնարավոր է շատ բան պատել ԱՄՆ-ի մասին չնայած այս ծանրաբեռնված առօրյային։

Դե, ինչպես ասում են՝ սի յու սուն (շուտով կհանդիպենք): Հուսամ՝ ինձ շատ չեք կարոտի։

arxiv

Ի՞նչն է պակասում իմ կյանքում

Ամենալավ ելքը լռությունն է

Արդեն աստիճանների վրայից լսում էի դասարանցիներիս ձայները, միաժամանակ կողքի դասարանցիների ձայները, երրորդ դասարանցիների բղավոցները, որոնք իրար հետևից վազում էին ու աղմկում: Մտնելով դասարան՝ երեխաների ավելի ուժեղացած ձայներին ավելացավ նաև գնդակի դոփյունը, որն աղմուկ առաջացնելով՝ ցատկում էր Ռաֆիկի և Դերենիկի միջև: Դասամիջոց էր… Հայոց լեզվի ու մնացած մյուս դասերի ընթացքում գնդակը դադարում է ցատկոտել, բայց երեխաների ձայները չեն լռում… Արդեն ամեն ինչից հոգնած՝ հասնում եմ տուն ու… Վերջապե՜ս, իմ սիրելի լռությունը: Այն շարունակվում է այնքան, մինչև քույրս որոշում է երաժշտություն լսել: Հետո մտածում եմ գիշերվա մասին ու հիշում, որ նորից միանալու է ինչ-որ մեքենայի ազդանշանը, դիմացի շենքից մի փոքրիկ շուն սկսելու է վնգստալ, և նրան են միանալու շենքերի բարեկեցիկ կյանք վարող ու փողոցում թափառող շները: Եվ միայն մեկ մխիթարանք կա. լինում են դեպքեր, երբ ես տանը գտնում եմ այդ լռությունը: Առաջին՝ երբ քույրս հասկանում է, որ ես սիրում եմ կատարյալ լռություն, ու անջատում է երաժշտությունը: Երկրորդ՝ երբ քույրս հոգնած է լինում և ուզում է լռության մեջ հանգստանալ:

Մարիամ Նալբանդյան, 12 տ.

***

Ուրիշ ժամանակներ

Չգիտեմ ինչու, բայց ես միշտ շփվելու կարիք եմ զգում: Հատկապես շաբաթ, կիրակի օրերին և արձակուրդներին: Սովորաբար այդ օրերին ես բոլորից շուտ եմ արթնանում և, դեռ աչքերս չբացած, սկսում եմ հերթով արթնացնել իմ ընկերուհիներին: Գիտեմ, որ նրանք քնած են, և ես իմ զանգով արթնացնում եմ նրանց, բայց երբ հարցնում եմ. «Հո քնա՞ծ չէիր», քնաթաթախ ասում են.

-Չէ՛, արդեն ուզում էի վեր կենալ:

Դա արդեն սովորություն է դարձել:

Երբ սկսում է կոկորդս ցավել, հասկանում եմ, որ խոսել էլ չեմ կարող: Նստում եմ համակարգչի դիմաց, ինտերնետ եմ մտնում և սկսում լեզվիս տեղը մատներս աշխատեցնել: Կարող եմ ամբողջ օրն այդպես անցկացնել և չձանձրանալ: Մեկ-մեկ կարոտում եմ այն օրերը, երբ ընկերուհիներս էին ինձ համոզում, որ դուրս գամ զբոսնելու: Ժամերով այնպես էինք ծիծաղում, որ չէինք կարողանում կանգ առնել: Ժամանակն էլ այնքան արագ էր անցնում, որ թվում էր, թե հինգ րոպե ենք իրար հետ անցկացրել, ոչ թե հինգ կամ վեց ժամ:

Մի անգամ կենսաբանության ժամին իմացանք, որ երբ անընդմեջ ծիծաղում ես, և չես կարողանում կանգ առնել, պետք է ականջները պինդ փակել, որպեսզի չուշաթափվես: Ու երբ հերթական անգամ հավաքվել էինք և անընդմեջ ծիծաղում էինք, փորձեցինք իրար ականջներ փակել, բայց դա մեզ ավելի շատ զվարճացրեց:

Իսկ հիմա, ինչքան էլ իրար ինտերնետով գրում ենք և մեկ-մեկ էլ ծիծաղում, չենք լսում ծիծաղի ձայները: Արդեն հեռացել ենք իրարից: Հոգնել եմ նրանց համոզել հանդիպել, դրա համար էլ անում եմ այն, ինչ անում են իրենք: Ինձ էլ ոչինչ չի մնում. համակարգիչն ու հեռախոսը դարձել են իմ կյանքի անբաժանելի մասը, և արդեն ես եմ մերժում ընկերուհիներիս, երբ դուրս են կանչում…

Լուսինե Ալեքսանյան, 14 տ.

***

Ամեն օր նույնը

Լույսը բացվեց: Ես վեր կացա, լվացվեցի և գնացի դպրոց: Ինչպես միշտ, դպրոցում անցկացրի 7 դասաժամ: Տուն վերադառնալու ճանապարհին ընկերոջս հետ քննարկում էինք տարբեր թեմաներ: Տուն մտնելուց հետո ճաշեցի և նստեցի համակարգչի դիմաց: Մի քանի տնային անելուց հետո մի ֆիլմ դիտեցի և գնացի քնելու: Եվ ամեն օր նույնը. արթնանում եմ, գնում եմ դպրոց, գալիս եմ տուն, տնային եմ անում և քնում եմ: Ինձ պակասում են օրվա մեջ փոփոխությունները, ավել շատ հետաքրքրությունները և կյանքի այլ ընթացքը, թե չէ՝ այս կրկնությունից արդեն հոգնել եմ:

Նորայր Բարոյան, 14 տ.

***

Քնի անհագ ծարավ

Ինձ միշտ տանջել է քնի պակասը: Զարմանալի է, բայց մեր դասարանում ես ամենաշուտը քնողներից եմ, սակայն միշտ առաջին երկու դասաժամն անցկացնում եմ գլուխս գրքերի և տետրերի մի կույտի վրա դրած, երրորդ ժամին մի փոքր արթնանում եմ, սկսում հասկանալ, որ դպրոցում եմ գտնվում, հիշել, որ պետք է դաս պատասխանել: Այդ տրամադրության տակ անցնում է նաև չորրորդ ժամը: Հինգերորդ դասին ես վերջնական եմ արթնանում, ակտիվանում, դաս պատասխանում, բայց գալիս է վեցերորդ ժամը, ակտիվությունս անցնում է, և ես հետ եմ վերադառնում քնիս: Ժամանակ առ ժամանակ իմ հաճելի երազներն ընդհատում են ուսուցիչները. ոմանք ուզում են, որ ես դաս պատասխանեմ, իսկ ոմանք կարծես թե ինձ արթնացնելուց հաճույք են ստանում:

Ալեքսանդր Սարգսյան, 13 տ.

***

Նամակ ծնողներիս և եղբայրներիս

Սիրելի՛ ծնողներ և եղբայրներ իմ,

Ո՞նց եք դուք ինձ այսքան տարի դիմանում: Ո՞նց էիք դուք ինձ այդքան խաղալիք գնում, երբ ես փոքր էի, որովհետև ես ջարդում էի դրանք միանգամից, հենց ձեր աչքի առջև: Հետո էլ վերցնում էի ձերը, ի՛մ թանկագին եղբայրներ: Կամ՝ ո՞նց եք այսքան տարի դիմանում իմ առևանգումներին: Ես արդեն քանի տարի է՝ վերցնում եմ ձեր շալվարները: Խե՜ղճ իմ ծնողներ, դեռ ինչքա՞ն եք ինձ զոռով տանելու խանութ՝ աղջկական զգեստներ գնելու: Միևնույնն է, ես միշտ գնում եմ տղայի շալվարներ:

Գևո՛րգ, ի՛մ սիրելի եղբայր, ինչքա՞ն դու դեռ կհանդուրժես այն, որ ուտում եմ ճաշի քո բաժինն էլ և քեզանից ամեն մի գործողությանս համար փող վերցնում:

Կարապե՛տ, դու ինչքա՞ն դեռ կդիմանաս իմ գժություններին և շատ մեծ ականջակալներին, որոնցից դու ամաչում ես, հատկապես, երբ մենք միասին քայլում ենք փողոցում:

Բայց չշարունակեմ այս ցանկը, այն շատ երկար է: Հույս ունեմ՝ ձեր համբերությունը կբավարարի ևս հինգ տարի առանց ինձ ամուսնացնելու մտքի:

Ձեր դուստր և քույր Լուսինե:

Հ. Գ. Հույս ունեմ՝ դուք ինձնից չեք նեղանա, եթե չամուսնանամ: Վերջերս հաճախ եք դրա մասին մտածում:

Լուսինե Համբարձումյան, 15 տ.

***

«Ո՛չ» միանմանությանը

Այնպես է ստացվել, որ ավագ դպրոցում իմ դասարանում տարիքով ամենամեծ աշակերտը ես եմ, մյուսներն ինձանից մեկ-մեկուկես տարով փոքր են: Ուղղակի ես յոթ տարեկանից եմ գնացել դպրոց, իսկ նրանք՝ ավելի շուտ: Թվում է, թե տարբերությունը փոքր է, բայց մեծանալով՝ զգում եմ, որ դա բավականին մեծ ազդեցություն է թողնում ինձ վրա, հատկապես՝ այս տարի: Առաջ այնքան էլ ցավագին չէի ընդունում այդ փաստը, և թվում էր, թե ինձնից մեծերի հետ անելիք չունեմ: Իսկ հիմա շատ ժամանակ նյարդայնանում և մտածում եմ, որ ես ավելիին եմ ընդունակ և ավելին կարող եմ հասկանալ ու զգալ, քան դասարանցիներս, որոնց համար դասը «ուսուցչի գլխին օյիններ խաղալու և դրանից հաճույք ստանալու ժամանց է»: Օրինակ, ֆիզիկայի ժամին մեկը հազում է, ու բոլորը պայմանավորված սկսում են ծիծաղել՝ ուսուցչուհուն շեղելու և զայրացնելու համար: Նրանք ունեն մի ընդհանուր կարգախոս, որը ես երբեք չեմ ընդունի. «Լինել այնպիսին, ինչպիսին կողքիններս են, և գժվել Ջասթին Բիբերի համար, ինչպես ընդունված է այս տարի»:

Ձանձրալի է լինել միանման:

Նանե Աբելյան, 16 տ.

***

Մանրուքներ

Ես շատ բանի կարիք եմ զգում: Ամենից շատ ուզում եմ պլանշետային համակարգիչ կամ համակարգչային խաղերի սարք: Բայց ավելի հաճախ մտածում եմ մանրուքների մասին: Օրինակ, երբ մայրիկս խանութից տուն է վերադառնում՝ մթերքներով տոպրակները ձեռքին, ես միանգամից վազում եմ նրան ընդառաջ, վերցնում տոպրակները և սկսում դատարկել դրանք՝ հուսով, որ մայրիկս հատուկ ինձ համար էլ մի բան գնած կլինի: Բայց սովորաբար հատուկ ինձ համար ոչինչ էլ չի լինում այնտեղ…

Հետո, ես արձակուրդների կարիք ունեմ: Դրանք այնքան քիչ են: Օրինակ, գարնանային կամ աշնանային արձակուրդներն ընդամենը մեկ շաբաթ են. այդ ընթացքում հազիվ հասցնում եմ տնային աշխատանքներս կատարել: Բա ե՞րբ հանգստանամ: Իսկ ինչ վերաբերում է ամառային արձակուրդներին, չեմ էլ ուզում հիշել, թե ինչքան են հանձնարարում ամռան համար:

Բայց իրականում սրանք մանրուքներ են: Ես աստիճանաբար հարմարվում եմ այս ամենին: Ես ամեն ինչ էլ ունեմ:

Մերի Վարդանյան, 11 տ.

***

Չհասկացվածը

Դասերս ուշ էին վերջացել: Ընկերուհիներով հոգնած դուրս եկանք դպրոցից և որոշեցինք սրճարան մտնել՝ մի բան ուտելու, հետո էլ մի քիչ զբոսնել: Այնքան լավ արևոտ օր էր, որ չնկատեցինք էլ, թե ինչպես երկու ժամ անցավ: Ես լավ տրամադրությամբ տուն գնացի: Ամեն ինչից շատ գոհ էի: Բայց երբ տուն հասա, հասկացա, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Մայրիկս մի լավ բարկացած էր իմ ուշացման պատճառով: Նա չհասկացավ ինձ, առանց լսելու բացատրություններս, գոռգոռաց վրաս և տնային կալանքի ենթարկեց: Իսկ հետո ասում է, թե ծնողներից լավ ոչ ոք չի հասկանա զավակներին:

Թագուշ Բաղդասարյան, 16 տ.

***

Մարդավարի քուն

MP3 նվագարկիչի երգերն արդեն երկրորդ անգամ կրկնվում են, իսկ լուսնի լույսի տակ գիրք կարդալուց աչքերս հոգնել են: Ցավող աչքերով գիշերն անցկացնելը նույն լարվածությունն ու անհանգստությունն է, ինչ դասի գնալ առանց որևէ բան անելու:

Չգիտեմ ինչու, քունս ինձ միշտ հիշում է առավոտյան ժամը հինգին, ու մինչ ես մուշ-մուշ քնած եմ, ժամը յոթին հնչում է իմ ու քրոջս ամենահարազատ ու ամենաճշգրիտ կարգավորումով զարթուցիչի՝ հորաքրոջս ձայնը: Բայց դա դեռ ինձ համար չէ, քրոջս համար է միայն, չէ՞ որ նա ունի երկար մազեր, որ պիտի հարդարի: Եվ քանի որ ես չեմ հանդուրժում վարսահարդարիչի ձայնը, ստիպված եմ լինում վեր կենալ, հինգ րոպե կռիվ անել քրոջս հետ և ուղարկել նրան ուրիշ սենյակ: Հետո տասը րոպե տանջվում եմ, որ իմ քնելու ցանկությունը նորից հետ գա: Եվ մինչ այն բարեհաճում է այցելել ինձ, դրա հետ գալիս է նաև զարթուցիչի, ավելի շուտ՝ հորաքրոջս ձայնը…

Այդպես էլ չեմ կարողանում մարդավարի քնել:

Վեներա Գրիշյան, 15 տ.

***

Իմ երազածը

-Մա՛մ, նայի` ինչ լավ շոր ա, միշտ ուզում էի էս շորն ունենալ,- ասացի ես՝ ցույց տալով մի գեղեցիկ զգեստ:

-Լավ, գնա՛ փորձի,- հոգոց հանելով՝ ասաց մայրիկս:

-Մա՛մ, վրայովս ա, կառնես, չէ՞:

-Լավ, լավ, բե՛ր դրամարկղի մոտ:

Եվ մայրիկս նորից ինձ համար զգեստ գնեց:

Մենք գնացինք տուն, և ես վերջապես նստեցի դաս անելու:

-Մա՛մ, տես ինչ լավն ա, արի առնենք,- հաջորդ օրը մայրիկիս հետ խանութ մտնելով՝ ասացի ես:

-Չէ՛, Նե՛լ, էս անգամ չեմ կարող գնել:

Ամեն անգամ շատ տխրում ու դժգոհում եմ, երբ լսում եմ այս խոսքերը, մտածում եմ, որ հենց այդ զգեստը միշտ կպակասի իմ կյանքում:

Նելլի Հարությունյան, 10 տ.

***

Ուզում եմ

-Սա էլ չէ, էս մեկն էլ չէ, էս մեկն ինձ չի սազում, հըմ… Էս մեկը մեծ ա… Վա՜յ, ինչ փոքր ա վրաս, չէ՜… Էս մեկի ասեղնագործած ծաղիկը դուրս չի գալիս… Վա՜յ, էլի ոչինչ չկա,- այսպես զգեստապահարանի առջև կանգնած՝ երկար ինձ համար զգեստ էին ընտրում:

Երբ չգտա ինձ դուր եկող ոչինչ, չհանելով քրոջս շապիկը, որը հագել էի փորձելու համար, սակայն վրաս մեծ էր, արագ գնացի հյուրասենյակ՝ մայրիկիս մոտ:

-Մա՛մ,- դժգոհ տոնով ասացի ես,- մա՜մ, մա՜մ, լսո՞ւմ ես,- փորձելով գրավել նրա ուշադրությունը՝ խոսում էի ես:

-Ասա տեսնեմ՝ հիմա՞ փորացավդ որն ա,- հոգոց հանելով՝ ասաց նա:

-Մա՜մ, նոր շոր եմ ուզում,- բացականչեցի ես:

-Բայց քո հագի շապիկն ինչո՞վ ա վատը:

-Սա իմը չի, ու ինձ չի սազում,- մրթմրթացի ես:

-Ի՞նչ տարբերություն՝ քոնն ա, թե քրոջինդ,- ասաց մայրս,- քույրդ ընդամենը մի անգամ ա հագել, հո դեն չե՞մ գցելու:

-Չեմ ուզում: Ես իմն եմ ուզում: Չեմ հասկանում, ուզում եք, որ ամբողջ կյանքում քույրիկիս շորերը հագնե՞մ կամ էլ նրա հին պայուսակը բռնե՞մ: Ես չեմ ուզում հագնել նրա շորերը, նրա շապիկը, չեմ ուզում նրա պայուսակը… Չեմ ուզում: Ուզում եմ ի՛մ շորերը, շապիկները, պայուսակը,- բարկացած պահանջում էի ես:

Մայրիկս ուշադիր ինձ էր լսում: Ես էլ խորամանկորեն շարունակեցի.

-Հա՜, իմիջիայլոց, խանութում նե՜նց սիրուն կոշիկներ եմ տեսել…

Հայաստան Ապրեսյան, 17 տ.

2010թ.

nelli chibuxchyan yerevan

Մեկ ամիս դեռ միասին

Հորաքույրս իր ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում: Վերջին անգամ նրան տեսել էի հինգ տարի առաջ: Չնայած ամեն օր շփվում էինք համացանցով, բայց շատ անգամ երազել եմ նրան կրկին տեսնել համակարգչի էկրանից այս կողմ:

Սեպտեմբերի 26-ն էր: Օրս սկսվեց սովորականի նման՝ դպրոց, տուն, դասեր: Բավականին ուշ էր, պատրաստվում էի քնելու: Դուռը թակեցին: Հայրիկս բացեց, և այնպես բղավեց, որ բոլորս վազեցինք դռան մոտ:

Հորաքույրս էր եկել: Լինում է, չէ՞, որ չես կարողանում տարբերել երազն իրականությունից: Ուզում էի հասկանալ, արդյոք ես քնա՞ծ եմ, թե՞ հենց նոր կատարվեց իմ երազանքներից մեկը: Բայց երբ փոքր քույրս ճիչեր արձակելով մոտեցավ հորաքրոջս, գրկեց նրան, ամեն ինչ հաստատվեց:

Բոլորս ապշել էինք, որովհետև ընդհանրապես չէիք սպասում այսպիսի անակնկալի: Այժմ մենք վայելում ենք այս հրաշալի օրերը միասին, անում այն ամենը, ինչ պլանավորել էինք դեռևս համացանցով՝ հետագայի համար: Ավաղ, մեկ ամսից նա հետ է գնալու: Միանշանակ կարոտն ավելի է ուժեղ է լինելու, որովհետև հիշելու ավելի շատ բան է լինելու: Բայց մինչ այդ մենք փորձում ենք ինչքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել միասին:

 

ruzanna stepanyan

Կողմնորոշվել է պետք

Նախքան սեպտեմբերի մեկը իմ մտքում մեկ հարց էր՝ արդյո՞ք իմ նոր դասարանը կլինի լավը: Իմ ողջ տագնապներն ու մտավախությունները հօդս ցնդեցին՝ դասարանս լավն է:

Ամեն օր, երբ դասերս վերջացնում եմ, մտածում եմ՝ գիրք կարդալ, զբաղվել համակարգչով, թե հեռուստացույց դիտել: Եվ վերջում որոշում եմ, որ ավելի լավ է քնեմ՝ առավոտյան վաղ արթնանալ է պետք:
Առավոտյան, երբ հնչում է զարթուցիչս, մտածում եմ՝ վե՞ր կենամ, թե՞ 10 րոպե ավել քնեմ:
Երբ արթնանում եմ, պատրաստվում եմ, և արդեն տանից դուրս գալու ժամանակն է լինում, մտածում եմ, որ հաստատ ընկերներիս երկար չեմ սպասեցնի: Դա միակ բանն է, որ գրեթե հաստատ գիտեմ:
Սակայն ողջ օրվա ընթացքում իմ մտքում արդեն կես տարի է, ինչ մեկ հարց է պտտվում՝ լրագրո՞ղ պետք է դառնամ, թե՞ էքսկուրսավար: Երկուսի համար էլ անսպառ էներգիա և ճարտար լեզու է պետք, որը ես վստահ եմ՝ ունեմ: Ամենամտերիմ ընկերուհիս՝ Միմին, արդեն հոգնել է իմ հավերժական փնտրտուքներից: Երեկ, երբ դպրոցից տուն էինք գնում, և ես անվերջ խոսում էի, նա մի պահ կանգ առավ ու ինձ ասաց, որ երբ դպրոցն ավարտենք և արդեն ընդունվենք համալսարան, նա ինձ կնվիրի մի մեծ տուփ, իսկ ներսում կդնի թղթեր, որոնց վրա գրված կլինեն այն մասնագիտությունները, որոնք ես երբևիցե մտածել եմ ընտրել: Չգիտեմ, երևի շուտով կկողմնորոշվեմ իմ մտքերի խառնաշփոթի մեջ և այլևս ինձ, ընկերներիս և տանեցիներիս չեմ տանջի այդ հարցով՝ լրագրո՞ղ պետք է դառնամ, թե՞ էքսկուրսավար:

 

marine yeremyan- aragacotn

Հանգստի՞, թե՞ կարոտի ուրբաթ

Եվ ձանձրացած համալսարանի սառնությունից ու անգույնից՝ ամեն շաբաթ նստում եմ երթուղային ու գնում գյուղ։ Չէ՛, ամեն ուրբաթ չէ։ Լինում է, որ մի քանի ուրբաթ իրար հետևից դատարկ են մնում, երբ գյուղ չեմ գնում։ Գյուղը սիրելով չէ, որ շտապում եմ այնտեղ։ Շտապում եմ՝ լցնելու իմ սառած գոյությունը մորս տաք էությամբ։

Մորս հետ հեռախոսով էլ եմ խոսում, մեկ-մեկ «Skype»-ով էլ։ Բայց մեկ է՝ ուրբաթն ուրիշ է։ Մեքենայի ապակուց այն կողմ եմ նայում ու մեկ-մեկ էլ սկսում տխրել։

Դու հաստատ պատուհանից նայում ես, երբ անձրև է: Իսկ արևոտ օրերին բացում ես այն ու առանց պատնեշի շփվում պատուհանից «այնկողմի» հետ։ Իսկ ես, գյուղ գնալիս, արևոտ օրերին պատուհանից այն կողմ եմ թեքում հայացքս, որովհետև ապակուն նշմարվում է մայրս՝ իր ամեն ասածով ու արածով։

-Քեզ ի՞նչ ա պետք։ Ուրիշ ի՞նչ դնեմ։

-Մա՛մ, ամեն ինչ կա, բան պետք չի, միրգ ո՞վ ա ուտում, սառնարանում լիքը կա։

-Զգո՛ւյշ եղեք,- իմ ու մորս ցանկացած խոսակցության մեջ այս տողերը կան։

Կյանքում միշտ փոխվում են դեպքերն ու դեմքերը: Մի օր էլ ուսանող չեմ լինի ու չեմ բողոքի մորս դրած բեռ ու բարձից՝ գյուղից քաղաք գնալիս։

-Ծանր ա, չեմ տանի, մա՛:

-Ես մինչև կանգառ կտանեմ, մենակ թե տար, զուրկ չմնաք…

Դեռ մորիցս գուցե շատ ավելի հեռու կլինեմ, գուցե՝ շատ մոտ, բայց մեկ է՝ նրա սիրտը միշտ ինձ հետ կլինի:

Ձեռքերի հոտն ու աչքերի փոսերը, դեմքի կնճիռներն ու հոգնած ձայնը, ապրած-չապրածն ու իրականացած-չիրականացած երազանքները, շատ անգամ կրկնված, բայց վերապրած խորհուրդները միշտ կլինեն իմ հիշողության թափանցիկ կամ էլ մգեցված ապակու վրա։ Եվ ամեն անգամ ճանապարհներին կկարդամ ու կտեսնեմ մորս՝ իմ կյանքի ջերմ ու տանջված էությունը։

Մա՛մ, ախր, այնքան հեռու է միշտ այդ ուրբաթը ու այնքան մոտիկ այդ չարաբաստիկ երկուշաբթին։

Ani Harutyunyan

Հիշո՞ւմ ես ինձ

Տարբեր մարդիկ ինձ տարբեր անուններով են կոչել, բայց դրանից իմ էությունը չի փոխվել: Ես գալիս եմ հազարամյակների խորքից, այնտեղից, որտեղ մնացին իմ թշնամիներից ու բարեկամներից շատերը, մնացին, կործանվեցին, մոռացվեցին, բայց ես շարունակեցի քայլել ու կանգուն մնացի: Դժվար էր, հավատացեք: Ես՝ մեկը, անընդհատ ճնշողները՝ շատ:

Հաճախ ես էլ չէի հասկանում՝ որտեղից ինձ այդքան ուժ, այդքան կամք ու սեր դեպի կյանքը:

Ես մեծ էի, բայց, փոխանակ ավելի մեծանալուն, փոքրանում էի: Հակառակ բնության բոլոր գրված ու չգրված օրենքներին՝ ես փոքրանում էի: Ինձ սեղմում էին, վիրավորում, վերքեր հասցնում: Արյունաշաղախ ես շարունակում էի քայլել: Հաճախ ոչ ոք չէր էլ բուժում վերքերս: Ես ուժ էի գտնում՝ մտածելով ապագայում ինձ սպասողների մասին: Նրանց տեսնելով իմ երազներում՝ ես հաղթահարում էի ամենացավալի ու ծանր հարվածները: Բայց լինում էին պահեր, երբ ես հավաքում էի իմ ուժերն ու ցույց տալիս, թե ինչի եմ ընդունակ: Ես կռվում էի, պաշտպանվում էի, պաշտպանում էի այն, ինչ իմն էր ու նորից շարունակում էի քայլել:

Ես լսում եմ՝ ինչպես են միշտ խոսում իմ մասին: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են միշտ ինձ լքում ու հեռվից փառաբանում, կարոտի խոսքեր ասում ու չեն գալիս ինձ գրկելու: Իմ մասին միշտ երգեր են գրում ու երգում, բայց երբեք իրենց երգածներն իրականություն չեն դարձնում: Ինձ միշտ բանաստեղծություններ են նվիրում, բայց երբ երկարատև հիվանդանում եմ, խնամքի, օգնության կարիք եմ ունենում, ոչ ոք ականջիս չի շշնջում բանաստեղծություններն ու սփոփանքի խոսքերը: Բոլորն ինձ սիրում են, բայց քչերն են հոգ տանում իմ մասին:
Ես անկախ երիտասարդ եմ կամ երիտասարդ անկախություն, բայց եռանդս չի հերիքում օդանավակայանումս չվերթի իրենց հերթին սպասող ընտանիքին մտափոխելու համար:

Ես տեսել եմ՝ ինչպես են թալանում, սպանում հայրերիս, ցավով հետևել եմ ու ի զորու չեմ եղել օգնելու նրանց: Ես չեմ կարողանում փրկել որդիներիս ու թեև հավերժ գրկում եմ նրանց, բայց ցանկանում եմ պահել կողքիս:
Խնդրում եմ, դադարեք ինձ խեղդել ձեր խոսքերով, ուղղակի լուռ պայքարեք, օգնեք ազատվել ինձ ներսից մաշողներից, օգնեք հանգստություն ու իրոք անկախություն գտնել:

Բարև, մի մոռացիր ինձ, իմ անունը Հայաստան է:

ella mnacakanyan yerevan

Ուսանողական բողոքներ

Երևի ցանկացած դիմորդի ծանոթ է այն երջանիկ պահը, երբ վերջապես հանձնում ես վերջին քննությունդ (ընդ որում, կապ չունի՝ լավ, թե վատ) և մտնում տուն ազատության այնպիսի զգացումով, ասես ողջ կյանքիդ ընթացքում ուսերիցդ կախված մի ծանր բեռից ես ազատվել: Հաղթահարում ես շտեմարաններդ իսպառ այրելու երկու տարվա անհագ ցանկությունդ՝ մտածելով, թե սա վերջն էր, այլևս նման դժոխքում չես հայտնվի, բայց… Բայց քեզ համար շատ անսպասելիորեն պարզվում է, որ հունիսից ընդամենը երկու ամիս հետո գալիս է սեպտեմբերը, և երկու աներևակայելի կարճատև ամիսներին հաջորդում է մի նոր՝ ավելի ծանր դժոխք: Դե՜, հա՜, երևի հասկացաք, որ խոսքը համալսարանում հայտնվելու մասին է: Բայց բողոքս ոչ թե համալսարանին կամ բուն կրթությանն է վերաբերում, այլ այն եղանակին, որի միջոցով «կազմակերպվում» է կրթական պրոցեսը: Իսկ դա, սիրելի՛ ընթերցող, ինքնակազմակերպումն է:

Չէ՜, անկեղծ, ինչպե՞ս եք պատկերացնում՝ ո՞նց պիտի ինքնակազմակերպվի շուրջ 80 ուսանողներից կազմված կուրսը, որտեղ ոչ ոք ոչ ոքի գրեթե չի ճանաչում: Ես ասում եմ՝ ուսանող, դուք հասկացեք՝ երեկվա աշակերտ, որը սովոր է, որ իրեն պիտի ուղղորդեն, ցույց տան, սովորեցնեն, որն առաջին անգամ է համալսարանում ու բացարձակապես գլուխ չի հանում համալսարանական կյանքից: Աշակերտ, ով ուներ 30 հոգանոց դասարան, դասղեկ ու ավագ, հիմա չունի ո՛չ լսարան, ո՛չ կուրսղեկ, ո՛չ ավագ: Ի՞նչ անել: Այո՛, փորձեցինք ինքնակազմակերպվել:
Համալսարանական առաջին շաբաթն այն աստիճան խառն ու փնտրտուքների մեջ է անցնում, որ թվում է՝ դասի գնալուդ օրվանից ոչ թե մեկ շաբաթ է անցել, այլ մեկ ամբողջ տարի: Հիմա արդեն մեկ ամիս է անցել այն օրվանից, ինչ սկսել ենք համալսարան գնալ, բայց, փառք Աստծո, ամբողջ մեկ տարվա զգացողությունը չի կրկնապատկվել: Բայց, դե այնպես չէ, որ նվազել է: Դեռ կայուն է: Միայն հուսանք, որ մեր ստացած կրթությունը ու դրա դերը մեր կյանքում կարդարացնեն մեր բոլոր սպասելիքները ու կստիպեն մի օր խոստովանել, որ չէ՜, զուր էինք այսքան բողոքում:

anahit badalyan (kapan)

Փոքրիկ թամադան

Երբ Երևան եմ գնում, հորեղբորս տանն եմ ապրում: Արժանանում եմ գեղեցիկ ու հաճելի ընդունելության, և գրեթե միշտ ճաշակում եմ հորեղբորս կնոջ պատրաստած համեղ խմորեղենը: Սիրում ենք ժամերով զրուցել՝ սովորաբար իմ ապագայի ու կրթության մասին: Անին՝ հորեղբորս կինը, ինձ պես սիրել է անգլերենն, ու մենք նախասիրություններով շատ նման ենք: Ես միշտ հետաքրքրությամբ եմ լսում այն դրվագները, որոնք նա պատմում է իր դպրոցական ու համալսարանական կյանքից:

Հորեղբորս գեղեցիկ ընտանիքն ամբողջացնում են նրա երկու որդիները՝ Հենրին ու Ալենը: Նրանք փոքր են՝ 8 և 4 տարեկան: Ուզում եմ պատմել փոքրի՝ Ալենի մասին: Նա իր տեսակով այնքան տարբերվող է: Այդքան փոքր լինելով՝ նա կարողանում է տղամարդու նման զսպել արցունքները, պահպանել հավասարակշռությունն ու ափերից դուրս չգալ: Իր տարեկիցներին ոչ բնորոշ խաղաղասիրությամբ ու հանդարտությամբ է օժտված: Եվ որ ամենակարևորն է՝ մեծ ու բարի սիրտ ունի: Բայց Ալենի անհատականության մեջ ամենատպավորիչն ու ապշեցնողը նրա խոսքն է: Հիմա կզարմանաք. այդ տարիքի շատ երեխաներ դեռ ամբողջապես ձևավորված խոսք չեն ունենում, իսկ նա օգտագործում է այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «հատկապես», «առհասարակ», «ինքնըստինքյան»: Անգամ բազում մեծահասակներ են խուսափում իրենց խոսքում նման բառեր գործածելուց, իսկ նա կիրթ ու գեղեցիկ ձևով է դրանք արտահայտում: Բայց դա էլ դեռ ամենը չէ. նա անփոխարինելի հանդիսավար է: Երբ բոլորով սեղան ենք նստում, սեղանին պիտի պարտադիր խմելու ինչ-որ բան լինի, Ալենի բաժակը պիտի անպայման լիքը լինի: Նա լուռ վերցնում է իրենից մեծ այդ բաժակը, պատառաքաղով զարկում ու ասում.

-Պա՜պ, կենաց եմ ուզում…

-Ասա, բալես,- պատասխանում է հորեղբայրս:

Ու անկախ նրանից, թե ինչ առիթով ենք հավաքվել, ինչ թեմաներից ենք խոսում ու ինչ ենք քննարկում, նրա կենացը մեկն է ու անփոփոխ.

-Մամային, պապային չջղայնացնե՛ք:

Ամեն անգամ, երբ նա այսպես է ասում, ամբողջ մարմինս փշաքաղվում է: Բոլորը համակ ուշադրությամբ լսում են նրան. նա մեր սեղանի փոքրիկ թամադան է:

narek babayan

Ցավող մատներիս մասին

Բարև։ Երկար ժամանակ է՝ չես կարդացել ինձ։ Ծույլ եմ, ինչ խոսք։ Էսօր մի հետաքրքիր բանի մասին եմ ուզում խոսել։ Դու երաժշտական դպրոց հաճախում, կամ հաճախե՞լ ես։ Եթե այո, հավանաբար չես սիրել այդ պրոցեսը։ Իսկ ես սիրում եմ։ Բայց չէ, ես երգից հեռու եմ։ Կամ էի, չգիտեմ։ Հիմա շատ եմ ափսոսում, որ մերոնք ինձ փոքր ժամանակ երաժշտական դպրոց չեն ուղարկել։ Կարծում եմ՝ դա դպրոցի չափ կարևոր բան է։ Սովորել աշխարհի լեզուն։ Ու իրոք այդպես է։ Մարդու սիրտ տանող ճանապարհը ստամոքսով չի անցնում, ականջներով է։ Այդ միս ու արյան ամբողջության ժպիտը, կնճիռները, տխրությունը, այդ ամբողջը կարելի է կառավարել ձայնային ալիքների որոշակի տատանմամբ։ Ես ամերիկյան փոփ եմ սիրում։ Էն «դկը-ցկը» երգերն էլի, որ ընդհանրապես իմաստ չունեն։ Ուղղակի ականջիս դրանք հաճելի են, դրանց տատանման հաճախությունը ներքինիս «ուրախություն» ասվածի հաճախությունների հետ համընկնում են։ Դրանք լսելիս մի տեսակ ոգևորված, կայուն տրամադրություն եմ ունենում։ Ռուսական հին ռոք էլ եմ սիրում, Հախվերդյան էլ։ Դրանց տատանումները հանգստությանս են համընկնում։ Հարդ ռոք ասվածն էլ վատը չի, ռեփն էլ, թրեփն էլ։

Վատ երգը ո՞րն է։ Ուղղակի դու էդ պահին դրա կարիքը չունես։ Ոնց է, օր կա՝ խորոված ես ուզում, երբեմն՝ կարտոֆիլի ժարիտ, սովորական փլավ։ Մեկ-մեկ էլ ուզում ես թողնել էդ ամենը, դնել քո հաց պանիրն ուտել, դրանից համով բա՞ն։

Երգ-երաժշտությունն էլ է էդպես կառուցված։ Սիրտդ… Չէ, սիրտը արյան շրջանառության պատասխանատուն է մարդու մեջ։ Լավ, չգիտեմ՝ որ օրգանն է դրա պատասխանատուն։ Ընդհանուր կասեմ։ Դու ուղղակի էդ տրամադրության կարիքն ունես, մեջդ որոշակի հաճախությամբ տատանումներ են սկսել ու իրենց համապատասխան բան են պահանջում, ենթագիտակցորեն, գուցե չհասկանաս էլ։ Ու մի ամաչիր, որ ընկերությունդ ամերիկյան հայտնի խմբերի ֆանատ լինի, դու էլ հետները, բայց մի օր հանկարծ ուզես, ասենք, «Գտնված երազ»-ի տակ քնել։

Ի դեպ, վերնագիրը նյութից առաջ եմ հորինել։ Ցավող մատներիս մասին պիտի պատմեի, է: Շեղվեցի անկապ բաների վրա։ Սկսեմ։ 11 տարեկան էի, երբ հասկացա էս ողջ գրածս։ Նվագել էի ուզում։ Կիթառ։ Հա, էդ միակ բանն է, որ «շաբլոն» ասվածն է, բայց 11 տարեկանից մինչ օրս ահավոր սիրում եմ։ 11-ում դե դա ուղղակի երազանք էր, մերոնք էլ լուրջ չէին վերաբերվում: Նորմալ է, շատ է եղել՝ մի օր մի բան ուզեմ, վաղը մոռանամ։ Մի խոսքով, խոսելով ուզելս դադարեցրի, բայց սրտումս… Ահ, դե, էդ անտերը մենակ արյուն է ֆռռացնում, վերջ, յա… Մեջս մնացել էր, մի ինչ-որ խորը տեղ։

Էս տարի վերջապես գնեցի։ Ու կիթառից տեղյակ մարդիկ հասկացան վերնագրիս իմաստը։ Այո, կիթառն ահավոր ցավոտ է, երկու շաբաթ մեկուսիչ ժապավենով (իզոլենտ, էլի) փաթաթած մատերով էի, որովհետև սովորական վիրակապը նվագելուց պոկվում էր։ Բայց արժեր, բավականին հաճելի է ուզածդ երաժշտությունը կառուցել։ Ներքին տատանումներս սկսվում էին, ու էլ կոմպի մոտ չէի գնում. ազդակը մատներիս էր հասնում։ Հավես էր։

Նկատեցի՞ք, որ նյութիս առաջին մասը այսպես սրտաճմլիկ ձևով եմ գրել, երկրորդ պարբերությունից՝ մի քիչ կոշտ ու հեգնանքով։ Գրելու ընթացքում երգ էի լսում, ժանրը փոխվեց, հեհ։

Հա, մի բան էլ։ Ես ահավոր վատ բացատրող եմ, բառերով դժվար եմ ասում զգացածս։ Մամայից սկսած լեզվի ուսուցչիցս վերջացրած բոլորն այստեղ կասեին՝ «շատ կարդալուց ա»։ Բայց դե ինչ արած, հուսամ ինչ-որ չափով կհասկանաք։ Բայց դժվար։

Հ.Գ. Նյութիս ուշացումը կապված է պատվաստում ստանալուց հետո ստորին վերջույթներիս պարալիզացման հետ։ Կամ էլ ուղղակի ծույլ եմ։ 

Հայաստան-Սփյուռք համաժողովի կամավորները

Լուսանկարը` Ժան Երեմյանի

Լուսանկարը` Ժան Երեմյանի

Եթե սեպտեմբերի 18-ի առավոտյան ժամը 7-ին Հանրապետության հրապարակում տեսել եք կապույտ վերնաշապիկներով անքուն երիտասարդների, ապա դա մենք ենք եղել` Հայաստան-Սփյուռք համաժողովի կամավորները: Մեր թիմը ամեն առավոտ դիմավորում և ուղեկցում էր համաժողովի մասնակիցներին: 

Օր 1. 18.09.2017

-Բարև ձեզ, համաժողովի մասնակից եք, չէ՞:

-Այո: Այդքան վա՞տ է տեսքս:

-Ինչո՞ւ:

-Միանգամից երևո՞ւմ է, որ համաժողովի մասնակից եմ:

-Դե, այս ժամին միայն համաժողովի մասնակիցներն են հրապարակում, համ էլ՝ կապույտ բեյջ ունեք:

Օրը կարծես թե լավ է սկսվում: Այս պապիկին ուղեկցելուց հետո նորից գնացի ու կանգնեցի իմ դիրքում: Հեռվում տեսա փողոցն անցնողների մի խումբ: Ըհը, նրանք էլ են երևի մասնակից: Պարզվեց՝ Ռուսաստանից ներկայացուցիչներ էին: Անուշի հետ մոտեցանք նրանց: Առաջին օրն էր, դեռ չէինք համարձակվում միայնակ մոտենալ և ուղեկցել խմբով եկածներին: Երբ հասանք ավտոբուսին, նրանցից մեկն ինձ ասաց.

-Эта девушка очень хорошо говорит по-русски.

-Անուշ, էստեղ արի, քեզ են գովում:

Անուշը չզգաց, թե ինչպես կարմրեց: «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Մուրադի նման հպարտ կանգնած նայում էի, թե ինչպես են գովում ընկերուհուս:

Հետաքրքիր և անմիջական էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ գործիչների հետ շփումը:

Ժամը 8-ին մեկնեցինք Համալիր: Չեմ ուզում մանրամասն պատմել նախագահի, վարչապետի և այլ քաղաքական գործիչների ժամանման մասին: Ամեն տեղ նույնն է:

Ամենածանր օրը առաջինն էր. մարդիկ նոր էին եկել և դեռ չգիտեին բոլոր դահլիճների տեղերը: Համաժողովի ժամանակ 4 տարբեր դահլիճներում անցկացվելու էին թեմատիկ նիստեր Հայաստանի զարգացման հիմնախնդիրները, ազգ-բանակ, արտաքին քաղաքականության օրակարգը, հայապահպանության հիմնախնդիրները թեմաներով: Ամեն մեկս մեր կանգնելու տեղն ունեինք. մեկը աստիճանների մոտ, մյուսը՝ առաջին հարկում… Օրվա առաջին կեսը «կես դրույքով» վերելակավար եմ աշխատել՝ հյուրերին ուղեկցելով 7-րդ հարկ: Վերելակ մտավ Եգիպտոսի պատվիրակությունը:

-Չեմ հասկանում՝ այստեղ բոլորն ինձ ուզում են խաբե՞լ,- հումորով հարցրեց մի երիտասարդ:

-Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել:

-Ինձ հարկավոր է Հայաստանի տնտեսության զարգացման դահլիճը. մեկ տանում են 4-րդ հարկ, հետո իջեցնում 3-րդ: Դուք վստա՞հ եք, որ ինձ ճիշտ տեղ եք տանում,- անհույս հարցրեց ինձ:

Վերջապես վրայիցս հանելով «վերելակի գծով մենեջերի» պաշտոնը՝ իջա առաջին հարկ: Մինչև ժամը 17-ը չավարտեցինք առաջին օրվա պլանը: Սփյուռքահայերի հումորներն ու անմիջական շփումը այս օրվա ծանր լինելը զգացնել չտվեցին: Համենայնդեպս՝ ինձ համար:

Օր 2. 19.09.2017

Հեռվից եկող ծանոթ մի մարդու նկատեցի:

-Ես հենց ձեզ էի սպասում,- առավոտյան ժամը 6-ին արթնացած մարդուն ոչ բնորոշ առույգությամբ ասաց մի պապիկ:

-Բարև ձեզ, ինչպե՞ս եք:

-Շատ լավ, հիանալի օր է այսօր:

Տրամադրությունս միանգամից բարձրացավ: Համալիրում էլի իրարանցում էր: Ամեն մեկն ուզում էր գտնել իր դահլիճը: Մի պապիկ մոտեցավ՝ օգնության համար: Մինչ նրան ուղեկցում էի, հարցուփորձ էր անում, թե որտեղ եմ սովորում: Այսօր Կարո Փայլանը պիտի ելույթ ունենար «Հնարավոր է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Բոլորն էին ուզում Փայլանին լսել: Ես բացառություն չէի: Անուշին համոզեցի դիրքը թողնել ու բարձրանալ ինձ հետ երրորդ հարկ, այնտեղից կտեսնեի՝ հենց Փայլանը գար, գուցե կհասցնեի հետը նկարվել: Ոչ տեսա, թե ոնց եկավ, ոչ էլ նկարվեցի: Լավ է` ելույթը լսեցի:

Օր 3. 20.09.2017

Այսօր Համալիրում էլ ակտիվ շարժ չկար: Օրվա մեծ մասը պարապ ենք անցկացրել: Շարժը սկսվեց վերջում, երբ հյուրերը սկսեցին գնալ: Բոլորը մեզ մոտենում, շնորհակալություն էին հայտնում, ուզում էին նկարվել մեզ հետ: Ժան Երեմյանը մեզ նկարեց ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրության շարժման նախագահի՝ Անտուան Բազդիկյանի հետ: Մուտքի մոտ նորից հանդիպեցի այն պապիկին. այս անգամ կնոջ հետ էր:

-Օրիորդ, շատ շնորհակալ եմ այս երեք օրվա ընթացքում Ձեր կատարած աշխատանքի համար,-այնուհետև դիմեց տիկնոջը,- այս օրիորդն ինձ այսօր շատ է օգնել:

-Ուրախ եմ, որ մեզանից գոհ եք գնում,- ժպտացի ես:

Իսկապես կկարոտեմ այս պոզիտիվ պապիկին և բոլոր-բոլոր ինձ և ամբողջ Հայաստանին դրական լիցքեր հաղորդած մարդկանց: