milena khachikyan

Երկրորդ կո՞ւրս

Մտնում եմ ֆեյսբուք: Առաջինը, որ պատիս հայտնվում է, ծանուցումն է այն մասին, որ Նորայրը փոխել է կուրսի խմբի անունը. ժուռնալիստիկայի ֆակուլտետ. երկրորդ կուրս: Երկրորդ կո՞ւրս: Բայց հաստա՞տ երկրորդ:

Դե հա, քննական շրջանում ժամանակը անվերջ էր թվում: Դա այն շրջանն էր, երբ մենք պարզապես դադարել էինք նկատել մարդկանց ու իրերը, որ պտտվում էին մեր շուրջը, և բաց էինք թողնում այն, ինչ կատարվում էր մեզնից դուրս, որովհետև այդ նույն անվերջ ժամանակը արի ու տես՝ չէր հերիքում մեզ: Իսկ այսօր արդեն՝ երկրորդ կուրս: Երկրո՞րդ:

Դրա պատճառով է, որ այսօր Մոնիկան ինձ գրում է ՝ առաջին կուրսում միասին նկարվել չհասցրինք, ու ես հանկարծ տխրում եմ. ախր, ո՞նց կարող էինք չհասցնել:

Ու հանկարծ հասկանում եմ, թե այդ առաջին կուրսը, չնայած իր բոլոր թերություններին, ինչքան ճիշտ դասավորվեց իմ կյանքում ու ինչքան ճիշտ դասավորեց մարդկանց այնտեղ:

Որովհետև, եթե մի տարի առաջ ես Հայարփիին միայն անունով գիտեի (դե հա, նա այդպես էլ չիմացավ, որ սեպտեմբերի մեկին իրեն գտնելու հույսով ես մոտեցա առաջինն ինձ պատահած ակնոցով կուրսեցուս ու վրիպեցի), ապա այսօր նրանից ձեռագիր նամակ եմ ստանում, ուր նա գրում է՝ ուզում եմ՝ քեզ չկորցնես երբեք էս անհասկանալի աշխարհում:

Եվ եթե մի տարի առաջ Լուսինը հավատում էր, որ մենք միասին կանցնենք այդ աշխարհում մեզ սպասվող բոլոր փոսերի միջով, ապա այսօր մնացել է միայն չգրելուն հաղթենք, ու սա երկուսիս էլ վերաբերում է:

Բայց կարևոր է նաև կարոտներին հաղթելը, որոնք դեռ ամիսներ պիտի տանջեն, համենայն դեպս, գոնե ինձ, որովհետև, ես, ախր, իսկապես կարոտել եմ:

Աստղի, Նորայրի, Մարիամի, Ռուբենի ու Մհերի հետ բանավեճի խաղերին պատրաստվելն եմ կարոտել, ու թե ինչպես էինք անուն որոշում մեր թիմի համար:

Եզրափակիչ խաղն եմ կարոտել, ու այն, ինչ կատարվեց դրանից առաջ ու հետո:

Ու այն, ինչ դեռ պիտի կատարվի:

Կարոտել եմ իմ ու Աստղի նստարանը, որտեղ մենք սովորեցինք մեկս մյուսիս նախ մխիթարել, ապա հուսադրել, հետո նաև ոգևորել, նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ կորած էր, ու աշխարհում ամեն ինչից առավել ինչ-որ պահի հենց մեզ էլ հավատացինք:

Կարոտել եմ Նորայրի լուսավոր մտքերը մեզ սպասվող նույնքան լուսավոր ապագայի մասին, որոնք ամենամեծ մոտիվացիան են այն ճանապարհի, որ պիտի անցնենք բոլորով միասին:

Կարոտել եմ Մարիամի խրատները այն մասին, որ քննություններից ավելի կարևոր է ապրելը այնպես, որ հետո հիշելու շատ բան ունենանք:

Ռուբենի լավատեսությունն եմ կարոտել, ով ճիշտ պահին ճիշտ տեղում հիշեցնում է ինձ միշտ, որ կյանքը խայտառակ սիրուն է:

Շահգալդյանին եմ կարոտել, ում խոսելով է միայն անգլերենը սիրուն ինձ համար, թեպետ ինքը այդ մասին ոչինչ չգիտի:

Հասմիկին եմ կարոտել, ում մոտ անգլերենի ժամերին գրականության գիրք տեսնելիս միշտ ուրախանում էի:

Սոֆիի ժպիտն ու Նանեի ծիծաղն եմ կարոտել:

Մարիի երգելը, Մարիամի կիթառն ու Կարենի նվագելը:

Ասպրամի բարբառն եմ կարոտել, թեպետ դրանից հաճախ գլուխ չեմ հանում:

Կենտրոնականի էն սիրուն ծառը, գրադարանի վերջին սեղանը:

Ընկեր Մենեմշյանի, ընկեր Պետրոսյանի դասերն եմ կարոտել:

Երկրագրության դասախոսին, Մարինա Պավլովնային:

Չարենցի դահլիճն եմ կարոտել, դաշնամուրը, 409 լսարանը:

Բուֆետը… Չէ, բուֆետը չեմ կարոտել:

anush davtyan

Երբ ժպիտը դիպչում է շուրթերիդ

Վերջերս անընդհատ մտքումս «губы тронула улыбка» արտահայտությունն է պտտվում։ Ինչ հետաքրքիր բառախաղ է ստացվում։ Ժպիտը դիպավ շուրթերին։ Դե, բոլորն էլ հասկանում են, որ ժպիտը դիպչելու համար ոչ մի հարմար վերջույթ չունի, բայց երևի բոլորին էլ ծանոթ զգացում է։ Գիտե՞ք՝ ոնց է լինում։ Էն որ մեքենայի մեջ գիշերով գնում ես, պատուհանից դուրս ես նայում, ու քեզ թվում է, որ գովազդի միջի «Coca-Cola»-ի մեքենաներն ես տեսնում։ Էն որ ձմռանը միշտ ցույց են տալիս, Ձմեռ պապի նկարով երկար մեքենաներ են, է՞։ Հետո մոտենում եք կամաց-կամաց, ու պարզվում է, որ բենզին տեղափոխող բեռնատարներ են, ուղղակի կարմիր լույս էին կպցրել հետևից։ Էդ պահին աչքիդ առաջ են գալիս կոլայի մեքենաներն ու սկսում ես երգել. «Տոներն են մոտենում, տոներն են մոտենում…»։ Հետո էլ շատ զգույշ, որ հանկարծ կողքիդ նստածը չզգա, ինքդ քեզ համար ժպտում ես, ու ոնց որ դու էլ զգաս, թե ոնց ինչ-որ մեկը նուրբ ձգեց բերանդ մի կողմից, երկու վայրկյան պահեց, հետո էլ միանգամից թողեց։ Այ, էդպես է ժպիտը դիպչում շուրթերիդ։

Կամ էլ պատկերացրու, որ քո քեռու տղայի քեռու տղան, այսինքն՝ բավականին հեռու մեկը, մոտ տասը տարեկան երեխա է, ու ինքը քեզ տեսնելիս ամեն անգամ էն չափով է ուրախանում, ինչքան իր հարազատին տեսնելիս։ Հետո դու նստում ես ծառերի տակ՝ մի առանձին տեղում, ու հիշում, թե ոնց էր սեղանի մոտ հաց ուտելիս նա փաթաթվում քո ձեռքին։ Ու կապ չունի, որ դու աջլիկ ես, իսկ նա հենց էդ ձեռքդ էր բռնել։ Ու կապ չունի, որ էնպես էր գրկել, որ անգամ ձախով էլ չէիր կարողանում բան վերցնել։ Հիշում ես էդ պահը, ու շուրթերիդ ժպիտ է դիպչում։

Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես պարբերաբար ուզում եմ էդ անկնթարթային ժպիտը հետ բերեմ։ Մի օր կարող է դու էլ ձեռքդ տանես շուրթերիդ, կամաց կպչես ու զգաս էն տեղերը, որտեղ ժպիտն էր եղել։ Հետո փորձես ժպտալ դիպածդ տեղում, բայց զգաս, որ մի քիչ կեղծ է ստացվում։ Ուղղակի դու ես քեզ դիպչում։ Դու, ոչ թե ժպիտը։ Էսքանը կարդալուց հետո երևի դու էլ մի օր մի տեղ նստած լինես, հիշես կամ տեսնես մի բան, ու ժպիտը գա, դիպչի շուրթերիդ։ Ու էդ պահին միգուցե հիշես կարդացածդ տողերը։ Հետո դանդաղ ձեռքդ տանես շուրթերիդ, որ հետ բերես էդ պահը:

Lilit Grigoryan

Փոխվե՞նք

Երբևէ մտածե՞լ ես, որ աղջիկները կարող են տեխնոլոգիա առարկայի ժամին աշխատել տարբեր գործիքներով, փայտամշակմամբ, իսկ տղաները՝ կար անելով, գործվածքներով, աղջկական բաներով:
Մտածե՞լ ես, որ ամուսինը կարող է տան մաքրությամբ զբաղվել, իսկ կինը՝ աշխատանքից երեկոյան հոգնած տուն գալ:
Մտածե՞լ ես, որ կարող են լինել տղա դայակներ ու մանկապարտեզի դաստիարակներ: Կարող են և լինել աղջիկ բանվորներ, քարտաշներ, դարբիններ:
Մտածե՞լ ես, որ կարող է հավասարություն տիրել երկու սեռերի միջև բոլոր պայմաններում, դե բացի մի քանի խնդիրներից, որ ի վերուստ տրված են առանձին սեռերին:
Չես մտածել: Չես էլ մտածել, որ քեզ շրջապատում է կարծրատիպը, որին դու առանց հասկանալու ենթարկվում ես: Կարծրատիպ, որը չգիտես էլ՝ երբ է եղել մեկի միտքը, ու այդ մեկը ինչ հեղինակությամբ ու ճարպկությամբ է տարածել մարդկանց մեջ, որ հիմա այն քարացած օրենք է դարձել: Դու մտածում ես, որ ինչ-որ հակառակ բան ասելու դեպքում կնեղանան քեզանից, դե հետո էլ կսկսեն ծաղրել, նեղացնել: Ծնողներդ կասեն, թե գժվել ես ու պետք է ուշքի գալ, թե չէ՝ քեզ կպատժեն: Կուզենաս ընտրել «ոչ տղայական», կամ «ոչ աղջկական» մասնագիտություն, հագուստ, աքսեսուար, պահվածք, բայց կդառնաս մերժված ինչ-որ մեկը: Քեզ կսկսեն չսիրել: Արդյունքում մենակ կմնաս, բայց չես էլ հասկանա, որ դու, միայնակ լինելով, հաղթեցիր ու կոտրեցիր ինչ-որ մի կարծրատիպ: Դու ուժեղ դարձար: Բայց դու կնեղվես, որ միայնակ ես: Կանցնեն օրեր, քո օրինակին մի քանիսը կհետևեն, կանեն քեզ նման, կկոտրեն լիքը քարացած բաներ, կհաղթեն և իրենք: Բայց արդյունքում դա էլ կդառնա կարծրատիպ:
Մենք չենք կարողանում ինքնատիպ լինել: Չենք կարողանում ստեղծել տարբեր «ես»-եր, նմանվում ենք, հետևում հասարակությանը, կառչում նրա կարծիքից: Մենք ինքներս չենք ուզում առաջին քայլն անել, որովհետև վախենում ենք:

Iza Astsatryan

Իսկ դուք ծանո՞թ եք «Դետք»-ին

2015թ.-ն էր, համակարգչի առաջ նստած երգեր էի լսում և կարդում օրվա նորությունները, երբ հանկարծ նոր երգ միացավ, որն առաջին անգամ էի լսում. «Դետք» խմբի «Շուշի» երգն էր: Խմբի անունը կարդացի, չհասկացա, թե ինչ է նշանակում: Բառարանում նայեցի ու իմացա, որ դետքը պաշտպանության ու հետախուզության համար զորքից առաջ ուղարկվող փոքրիկ ջոկատն է: Հետո կարդացի նաև, որ խումբը ստեղծվել է 2015 թվականին՝ պրոդյուսեր Արման Ամպի կողմից: Սկսեցի հետևել նրանց յութուբյան ալիքին, իսկ հետո գտա նրանց ֆեյսբուքով:

Խմբի անդամները երեքն էին՝ Արման Պետրոսյանը, Ներսես Ավետիսյանը և Արեգ Շահինյանը, հետո խմբում փոփոխություններ եղան: Այժմ խմբի անդամներն են Արման Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը,Վահան Կիրակոսյանը: Ներկա պահին խմբի երեք անդամներն էլ ծառայում են հայոց բանակում:
Որոշեցի մի քանի հարց ուղղել «Դետք» խմբի պրոդյուսեր Արման Ամպին:

-Ինչպե՞ս ընտրվեց խմբի անունը:
-Դետքը հայերենի ամենագեղեցիկ բառերից է, նշանակում է դիտորդների խումբ:

-Իսկ ինչպե՞ս ընտրեցիք խմբի անդամներին:
-Առաջին կազմի տղաներին ընտրել եմ հապճեպ, այնուհետև փոփոխություններ եմ արել կազմում, որպեսզի ստեղծագործական միտքը լինի ամենակարևորը խմբում:

-Հե՞շտ է տարբեր բնավորություն ունեցող տղաների հետ աշխատելը:
-Հեշտ չէ:

Ինձ համար «Դետք» խումբը բացահայտում էր: Նրանց երգերը տարբերվող են, տեսահոլովակները՝ հետաքրքիր: Օրս սկսվում և ավարտվում է «Դետք»-ի երգերով: Երբ որևէ սոցիալական կայքով ուղիղ եթեր էին վարում, միշտ դիտում էի, մեկնաբանում:

Մի օր «Դետք» խմբի ֆեյսբուքյան էջում կարդացի, որ առաջիկայում Սյունիքի մարզում՝ Գորիսում, Սիսիանում և Կապանում համերգներ ունեն: Ուրախությանս չափ ու սահման չկար: Այժմ անհամբեր սպասում եմ Գորիսում կայանալիք նրանց համերգին:

Ծիրանաչիր

Լուսանկարը՝ Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը՝ Զարուհի Գևորգյանի

Ծիրանի սեզոնը այդքան էլ երկար չի տևում՝ մոտավորապես մեկից երկու ամիս։ Սակայն դա անհանգստանալու տեղիք չի տալիս, քանի որ մարդիկ սովորել են և իրենց սիրելի մրգերից պատրաստում են ձմեռվա համար պահածոներ և կոմպոտներ։ Բայց պահածոներից և կոմպոտներից համեղ և ավելի օգտակար է մրգերից չիր պատրաստելը։

Ծիրանի չիր պատրաստելու համար այդքան էլ երկար ժամանակ և շատ ջանքեր պետք չեն։
Սկզբում լվանում ենք ծիրանները և լցնում ենք թասի մեջ, վրան ավելացնում ենք բավարար քանակությամբ շաքարավազ, այնուհետև դասավորում ենք սկուտեղի վրա և մեկ օր թողնում զով վայրում, որպեսզի ծիրանի հյութը դուրս գա։ Հաջորդ օրը հյութը քամում ենք, եռացնում և վրան ավելացնում ենք մեկ թեյի գդալ կիտրոնի աղ, որպեսզի ծիրանները չշաքարակալվեն, իսկ հետո ծիրանի հատիկները քիչ-քիչ լցնում ենք այդ հյութի մեջ և նորից եռացնում, մինչև որ ծիրանները փայլուն տեսք ստանան: Նորից զգուշությամբ հանում ենք ծիրանները և դասավորում սկուտեղների մեջ։ Սկուտեղները մոտ տասը օր դնում ենք արևի տակ և օրվա մեջ երկուսից երեք անգամ ծիրանները շուռ ենք տալիս, մինչև չորանալը։ Ահա, պատրաստ է հայկական ծիրանաչիրը։ Եվ, ինչպես մեծերն են ասում. «Ընչի՞ հմեն ինչին փող տանք, առնենք, եթե մենք կարանք մեր ձեռով տնականը սարքենք, հմի ի՞նչ իմանանք՝ էդ առնովի ուտելիքների մեջ ինչեր են լցում»։

Emma Kosakyan

Ես սիրում եմ Տավուշը, իսկ դո՞ւ

Լուսանարը՝ Հայկ Ղարաբաղցյանի

Լուսանարը՝ Հայկ Ղարաբաղցյանի

Վերջին շրջանում Տավուշը նոր շունչ է ստացել: Հատկապես մեծ զարգացում է ապրում զբոսաշրջությունը: Վերջերս հաճախ եմ նկատում զբոսաշրջիկների տարբեր խմբեր՝ հետաքրքրված հայացքներով, ֆոտոապարատներով ու հաճախ մեր բարբառը չհասկացող դեմքերով:

Բայց ես ևս կարծում եմ, որ չքնաղ բնությունն ու հարուստ պատմությունը բավարար չէ զբոսաշրջիկներին դեպի Տավուշ ուղղորդելու համար: Պետք է այս ամենը կապել առաջադրվող ժամանակակից պայմաններին, իրագործել նաև նորարարական ու հետաքրքրաշարժ գաղափարները: Ուրախանալու առիթ հաստատ ունենք. ամեն ինչ հենց այդպես էլ արվում է:

Այս ամառ տեղադրվեց «I LOVE TAVUSH» վահանակը: Անսահման ուրախ եմ այս առիթով, արտերկրից եկած զբոսաշրջիկների համար ևս այն հասկանալի, հետաքրքիր ու գրավիչ կլինի: Մինչ այժմ տեղադրված էր հայերեն տարբերակը՝ Տավուշ, իսկ այժմ նրան միացավ նաև անգլերենը:

Զրուցեցի մտահաղացման հեղինակ և իրագործող Հայկ Ղուկասյանի հետ: Նա ասում է.

-Մտահաղացումն առաջացել է մի քանի օր առաջ: Շատ արագ էլ կազմակերպել ենք, ամեն ինչ հաշվարկել, իրականացրել: Ցանկանում ենք, որ Տավուշը լինի ավելի ճանաչելի, շատ բան կա անելու, որոշ բաներ կան փոխելու՝ մարդկանց մտածելակերպը, ապրելակերպը: Պետք է Տավուշը զբոսաշրջության կենտրոն դարձնել և զարգացնել։

Մեր նպատակը մեկն է. տեսնել ամուր, կրթված, բարոյապես ուժեղ սերունդ, որը վաղվա մեր ապագան է լինելու։ Մենք անելու ենք մեր հնարավորության սահմաններում ամեն ինչ` սահմանին ապրող բնակչի համար։ Սահմանը մեր բոլորի վերարկուն է. այն պետք է լինի ամուր: Բոլորին կոչ ենք անում միանալ մեզ, անգամ չնչին լուման ներդնել այս հայրենանվեր և կարևոր գործին:

Հ.Գ. Դու դեռ չե՞ս նկարվել «I LOVE TAVUSH»-ի հետ: Միացիր #Tavush_Challenge-ին՝ նկարվիր «I LOVE TAVUSH» -ի հետ և մարտահրավեր նետիր քո ամենահամարձակ ընկերներին, որպեսզի նրանք ևս այցելեն Տավուշ և անմահացնեն պահը «I LOVE TAVUSH»- ի հետ:

Anush abrahamyan

Զուտ դասարանային պատմություններ

Դասասենյակը լիքն է աշակերտներով: Հանրահաշվի դասաժամն է: Ուսուցիչը աշակերտների համար գրատախտակին նախօրոք գրել է գծային հավասարումներ ու այժմ իր աթոռին նստած հանգիստ լրացնում է մատյանը: Նա երբեմն աչքերը քթին դրված ակնոցից բարձրացնում է ու իր խիստ, սաստող հայացքով չափում ամբողջ դասարանը: Նրա սեղանին դրված զանազան իրերից առանձնանում են մի քանիսը, որոնք իրականում աշակերտներից վերցված իրեր էին: Դրանք այն աշակերտներինն էին, որոնք դպրոցի տղաների աչքին բարձր երևալու համար իրենց ծննդյան մի քանի հարմար նվերներ դպրոց էին բերել և նախորդ հանրահաշվի դասաժամին հանել պայուսակներից: Իհարկե, ուսուցիչն այդ իրերը հատուկ էր իր սեղանին դրել՝ մյուսներին սաստելու համար:

Այդ օրը դասարանում իսկական խուճապ էր. դասարանի աղջիկները, աչքերը պարոն Գալստյանի վրա պահելով, արագ իրար հետ փսփսում էին: Նրանք դա անում էին ամբողջովին աղջկական եղանակով. նախ ձեռքը հանգիստ մոտեցնում էին բերանին, հետո հոնքերը արտասովոր կերպով բարձրացնում էին ու թաքուն ժպտում: Դասարանում սկսված խուճապը գրատախտակին գրված հավասարումների ու դրանցից բխող վատ գնահատականների համար չէ: Հավանաբար, դասարանի մի քանի չարաճճի երեխաներ հենց նոր ավելի ծիծաղելի պատմություններ էին հորինել պարոն Գալստյանի կարճ սպիտակ մազերի ու դեմքը գրեթե կուլ տվող ակնոցի մասին: Իհարկե, ուսուցիչն արդեն գիտեր, որ երեխաները հենց իր մասին են խոսում: Նախանցյալ տարի երկու երեխա քիչ էր մնում դպրոցից դուրս մնային: Այդ համարձակները պարոն Գալստյանի մասին իրենց իմացած պատմությունները գրել էին թղթերի վրա ու տվել կողքի դասարանի աղջիկներին՝ սրանց տրամադրությունը ավելի բարձրացնելու համար: Բայց մեկի թեթև ձեռքով թուղթը հայտնվել էր պարոն Գալստյանի սեղանին, ամեն ինչ պարզվել էր, ու այդ երկու խիզախ երեխաները՝ Սոսն ու Լևոնը, բոլորից ցանկանում էին թաքցնել, որ տնօրենի սենյակում մի լավ լացել են ու ներողություն խնդրել: Այդ օրվանից հետո Լևոնը կարծես փոքր-ինչ խելոքացել էր, միշտ անում էր հանձնարարվող առաջադրանքերն ու պարոն Գալստյանին էլ հարգանքով էր վերաբերվում: Նույնը չենք կարող ասել Սոսի մասին: Իհարկե, դպրոցում կատարված իրադարձության համար տանը մի քանի օր զրկվել էր համակարգչով խաղալու հնարավորությունից, բայց դա նրան այնքան էլ չսաստեց: Նա հարմար պահ էր ընտրել, երբ բոլոր աշակերտները ֆիզկուլտուրայի դահլիճում էին, ու հատակը փայլեցնելու սուր հոտ (ոմանց համար՝ հաճելի, իսկ մեծամասնության համար՝ տհաճ) ունեցող յուղանյութի «բարակ» ու «նուրբ» շերտով պատել գրատախտակը: Ամենասարսափելին այն էր, որ հաջորդ ժամին ընկեր Գալստյանը պետք է բախվեր տհաճ և անախորժ երևույթի: Ֆիզկուլտուրայի ժամին Սոսն իրեն վատ էր զգացել ու դպրոցի բուժքրոջ մոտ գնալուց հետո՝ արագ զանգել էր մայրիկին: Երբ Սոսը իր մայրիկի ձեռքը բռնած դուրս էր գալիս դպրոցից, հանկարծ նկատեց պարոն Գալստյանին, ու նրա հոգին ծանր տնքաց սպասվելիք դատավճռի և դրան հետևող պատժի բեռի տակ:

Ահա թե ինչ եղավ հետո… Դասարանի նրբազգաց աղջիկներն իրենց բնորոշ թիթիզ-միթիզ դիմախաղով կանգնած էին ուշաթափության վտանգի առջև: Պետք է ասենք, որ Գալստյանին դուր չեկավ յուղանյութի «անուշ բուրմունքը», ու նա շատ արագ նկատեց նոր գրատախտակների փայլուն երեսը: Այ հենց դրա պատճառով է, որ մի քանի րոպե հետո տնօրենն արդեն դասասենյակում էր: Իհարկե, նրանք չէին կասկածում Սոսին, քանի որ «խեղճ երեխան» իրեն վատ էր զգացել և թույլտվություն ուներ տուն գնալու: Քանի որ ոչ ոք այդպես էլ չխոստովանեց, թե ով է «մեր հերոսը», տնօրենը ստիպված եղավ պատժել 30 հոգուն: Հաջորդ օրը Սոսը նույնպես դասի չեկավ, բայց երեխաներն առանց նրա էլ լավ փայլեցրին դասասենյակը: Այս պատմությունը դեռ կշարունակվի, քանի որ Սոսը խուսափեց տնօրենի պատժից, բայց ոչ ընկերների պատժից՝ մոտալուտ տուրուդմփոցից:

Artyom Avetisyan

Ամառվա մի հատված

Երբ ասում ես՝ ամառ, շրջապատիդ մարդիկ միանգամից հասկանում են տաք, ուրախ, ջերմային, անհոգ ու թարմ օրեր: Ոչինչ չունեմ ասելու, այդպես էլ կա, ուղղակի այդ անսահման օրերի հետևում թաքնված են մի շարք տանջալից, տխուր, հոգնեցուցիչ և նմանատիպ այլ օրեր, որոնք կարող են ամեն ինչ փչացնել:

Ոմանք, երբ ասում ես՝ ամառ, միանգամից պատկերացնում են դաշտ, գույնզգույն ու բուրավետ ծաղիկներ, որոնց միջով կարելի է աչքերը փակ վազել ու երազել, թիթեռների հետևից ընկնել և այլն: Բայց արի ու տես, որ երբ վազում ես դաշտի միջով, գույնզգույն ծաղիկների հետևում թաքնված կլինեն կենդանիներ, որոնք կարող են քեզ հանկարծակիի բերել և վախեցնել, հաստատ կլինեն մեղուներ, որոնք քեզ հաստատ կկծեն, իսկ թիթեռներին կփոխարինեն մոծակներն ու ցեցերը…

Սրանով ես չեմ ուզում ասել, որ ամառը վատն է, ուղղակի եկեք ամեն ինչ ընդունենք և տեսնենք այնպես, ինչպես որ կա: Ամռան մասին հիմնականում երազում են փոքր երեխաները՝ ապրելով ուրախ, անհոգ և պաշտպանված: Իսկ երբ մեծերի մոտ տալիս ես ամառ բառը, միանգամից տրամադրություններն ընկնում է: Պատճառն այն է, որ սկսվում է խոտքաղի, բուրդ լվանալու, բանջարանոցը ջրելու, հացահատիկի բերքը հնձելու և նմանատիպ այլ գործերի սեզոնը: Սակայն ես նույն պահին փորձում եմ փոխել նրանց դեմքի արտահայտությունը՝ ասելով.

-Հա, դե ամառ ա, էլի, մրգի շրջան ա, կերե՛ք, թարմացե՛ք ու աշխատեք: Հո ամբողջ տարին ամառ չի՞ լինելու, ու միրգն էլ՝ դեմներդ փռած:

Խոսքերս լսողները սկսում են ժպտալ, սակայն միաժամանակ ասում են.

-Օր դառնաս մեր թայ, սկի հավես էլ չենիս քելաս…

Ճիշտ է, նրանց էլ է պետք հասկանալ, որովհետև առանց ամառվա գործերի հնարավոր չէ ապրել և կերակրել ընտանի կենդանիներին ողջ ձմռանը: Իսկ մեր զրույցը երբեմն ընդհատում են կա՛մ ընտանի թռչունները՝ իրենց ձայներով, կա՛մ էլ շները՝ իրենց հաչոցով:

Ասացի թռչուններ՝ հիշեցի: Նրանք երևի փոքր երեխաներից ավելի շատ են դրսում լինում և ավելի լավ են վայելում իրենց ամառային հանգիստն ու արձակուրդները: Մի մասը ավազի վրա քուջուջ անելով արևայրուք է ընդունում, մի մասը ջրում լողանալով հովանում է, մյուս մասն էլ պարզապես նայում է, թե ինչպես եմ իրենց նկարում:

naira mkhitaryan

Ոչ մի խոչընդոտ

Դաշնամուրի դասասենյակից դուրս գալուն պես ինձ մոտեցավ մի փոքրիկ աղջիկ՝ յոթ-ութ տարեկան, ու ասաց.

-Դու դաշնամուրիստ ես, չէ՞:

-Դաշնամուրի՞ստ,- կրկնեցի, լավ ծիծաղեցի էդ բառի վրա ու պատասխանեցի,- հա, նվագում եմ:

-Ես էլ եմ ուզում գալ դաշնամուրի, բայց մամաս ասում ա, որ մատներս կարճ են, ու չեմ կարա նվագեմ,- ասաց ու ընկերուհու հետ վազեց պարի դասասենյակ:

«Լավ է, որ պարին մատների կարճությունը չի խանգարում, բայց ո՞վ ասաց, որ դաշնամուր նվագելուն կարող է խանգարել…»:

Չորս տարի առաջ էր, երբ ծնողներս որոշեցին ինձ դաշնամուրի դասերի ուղարկել: Չորս տարի առաջ իմ մատերն էլ էին կարճ, ոչ միայն դա. ամենափոքր սանն էի, ու հասակս չէր ներում ճիշտ կեցվածք ընդունելու համար: Ուսուցչուհիս աթոռի վրա նոտայի գիրք էր դնում: Հարմար տեղավորվում էի ու ջանասիրաբար նվագել սովորում: Սկզբում տանը դաշնամուր չունեի: Ծնողներս փորձում էին հասկանալ՝ նվագել կկարողանա՞մ, թե՞ ոչ, հետո նոր մտածել դաշնամուր գնելու մասին:

Սկսեցի սովորել: Դաշնամուր էլ ունեցա: Աթոռի վրայի գրքի անհրաժեշտությունն էլ այլևս չէր զգացվում:

Հիմա ամենամեծ սանն եմ ու միշտ նվագում եմ համերգներին: Օրս չեմ պատկերացնում առանց սև ու սպիտակ ստեղների, որոնց երաժշտությունը առանձնակի հանգստություն է բերում, ու ինձ ոչինչ չի խանգարել, առավել ևս՝ մատների կարճությունը:

Մուրուգանի պայծառափայլ մտքի թռիչքից ոգեշնչված

Ասում եմ՝ քեզ հեչ չե՞ն անհանգստացրել Հինդուի բնակիչները: Հիմա կասես՝ Հինդուն ո՞րն ա, ի՞նչ բնակիչ: Չէ մի՝ Մոզամբիկի ծառերը: Ու դու էդպես էլ ասում ես: Դե, քո մեջ խոսում ա «չեղած տեղից գոնե ինչ-որ բանից պիտի բողոքեմ» հայի ներքին ձայնը։ Գիտես՝ էնպես չի, որ գիշերը չեմ քնում, կամ էլ ապագայում պատրաստվում եմ «Փրկենք Հինդուի բնակիչներին» խորագրով միջոցառում կազմակերպել ու հիմնադրամ բացել, դե բայց, իմ մեջ էլ ներսից էն հայն իր խոսքն ասում ա մեկ-մեկ։

Ես գիտեմ, որ դու ավելի ահավոր բաներ էլ լսած կլինես, բայց մեկ ա՝ պիտի գլուխդ տանեմ էս մեկով: Մի քանի օր առաջ ի՞նչ կարդամ, որ լավ լինի, ուրեմն՝ Հինդու գյուղում (Հարավային Աֆրիկա) ավանդույթ կա, չէ, ավելի ճիշտ՝ «տոն»: Համաձայն էդ… Ցե՞ղ ասեմ, թե՞ ազգ՝ չգիտեմ, մի խոսքով՝ համաձայն իրենց կանոնների՝ տոնի ընթացքում մարդու լեզվի միջով փայտ են անցկացնում՝ ծայրերին էլ կիտրոններ դնում։ Ընթացքը լավն էր, չէ՞: Բա՜ որ խորհուրդն իմանաս: Էս մարդասիրական տոնը հինդուցիները կատարում են ի պատիվ Մեծն Մուրուգանի: Մուրուգան՝ (գովազդի աղջկա ձայնով կկարդաս՝ հնչեղ) գյուղում հայտնի էր նաև Կարտիկեա, Սկանդա, Սուբրահմանյա և այլ ոչինչ չասող մի շարք մականուններով: Ցավոք, Հինդուի պատերազմի աստված Մուրուգանը, որ գյուղի դևերի «հախից գալիս էր»՝ լեզվի մեջ փայտ մտցնելով, այլևս չկա: Ու փառք Աստծո: Չէ, բայց ինձ ասեք՝ տեսնեմ, որ Մուրուգանի տխմարությունը չկրկնեն, կնստի մի մութ անկյունում աղի արտասուք կթափի, հա՞:
Բայց սա դեռ ամենը չէ: Ուրեմն՝ կարդում էի ամենատարօրինակ ավանդույթների թոփ տասը: Ու նյութի հեղինակն էս «գթառատ ու սրտահույզ» ավանդույթը ներկայցնում է տասներորդ տեղում՝ էն դեպքում, երբ առաջին հորիզոնականում իսպանացիների «լոլիկային հարվածների» ավանդույթն էր: Մտածում եմ՝ նյութի հեղինակը, հավանաբար, հինդուցի ա: Միայն իրենց տեսանկյունից լոլիկով իրար հարվածելը փայտը՝ լեզվի միջով անցկացնելուց արտառոց կլիներ:
Հա, ինձ համարիր տարօրինակ էսքանից հետո, որ քեզ համար ավելի կարևոր հարցեր բարձրացնելու փոխարեն դրել ու Հինդուի «Թաիփուսամ» տոնի մասին եմ պատմում։ Դե, բայց եթե ներսիդ բողոքող հային դնես մի կողմ, դու էլ սա մարդկային առումով ստորություն կհամարես։ Առնվազն քնաթաթախ ա եղել մեր Մուրուգանը: Յոթ միլիարդիցդ գոնե մեկն ինձ կբացատրի՞… Մտածում ես՝ ասելու եմ էդ գրողի տարած փայտը մտցնելու սարսափելի անհասկանալի սովորության իմաստային կո՞ղմը… Չէ, չէ, նյութի հեղինակի սթափության աստիճանն ինձ ավելի ա հուզում:
Ներսիդ հային էլ թողնես միայն մտորի՝ ի՞նչ ճաշ էր եփել կողքի հարևանը, քննարկի ներքևի հարևանի աղջկա չկայացած նշանդրեքը, վերևինն էլ՝ դե անտաղանդ ջութակահար ա: Էհ, ի՞նչ անենք, կարևորը՝ լեզվիդ միջով փայտ չեն անցկացնում հանուն Մուրուգանի հոգու հանգստության: