filita tonoyan

Առաջարկում եմ

Աշխատատեղեր չլինելու պատճառով հայ ժողովրդի մեծ մասը, թողնելով իրենց ընտանիքները, չտեսնելով իրենց երեխաների մանկությունը, կարոտ մնալով իրենց ընտանիքներին, մեկնում են արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանան ապահովել և անհոգ մանկություն ստեղծել իրենց երեխաների համար։ Աշխատանք չգտնելու պատճառով հայրս նույնպես մեկնել է արտագնա աշխատանքի։ Թեպետ մեկնում են, բայց ոչ բոլորն են կարողանում աշխատանք գտնել։ 

Իմ կարծիքով՝ պետք չէ այդքան շատ սրճարաններ և այլ ժամանցի վայրեր բացել։ Դրա փոխարեն լավ կլինի, որ բացվեն այնպիսի գործարաններ, որոնք և՛ արտադրանք կտան, և՛ աշխատատեղեր կունենան, իսկ մեր հայրերը ստիպված չեն լինի երկրից մեկնել։ Աշխատատեղեր բացվելու հետ մեկտեղ երեխաները կարոտով չեն սպասի իրենց ծնողների վերադարձին, և ամեն ծնող իր երեխայի կողքին կլինի ու կտեսնի իր երեխայի մեծանալը։

Meri Muradyan

Արդեն մեկ տարի 17.am-ի հետ

2016 թվականի մարտի չորսից ութը հասարակ օրեր չէին իմ և ինձ նման տասնյակ երեխաների համար: Դրանք 17.am-ի կողմից կազմակերպած դասընթացի օրերն էին: Հաճելի և անմոռանալի օրեր էին: Մեկ տարվա ընթացքում 17.am-ի շնորհիվ այնքան բան ավելացավ իմ կյանքում, որոնցից ամենակարևորը նոր ընկերներն էին։ Նրանց հետ այնքան եմ կապվել, որ կարծես մանկուց իրար հետ ենք եղել:
Օգոստոս ամսին մասնակցում էի Կողբի Գեղարվեստի դպրոցի կողմից կազմակերպած պլեներին: Անընդհատ մտածում էի՝ արդյո՞ք կմասնակցեմ Մեդիա ճամբարին, թե ոչ, որովհետև առաջին ճամբարի մասնակցելու հայտը չէի տեսել, իսկ երկրորդ ճամբարին մասնակցելու մասին դեռ տեղեկություն չկար: Մի օր, երբ երեխաներով նստած զրուցում էինք, Դավիթը, ով նույնպես 17.am-ի թղթակից է, և մասնակցում էր պլեներին, եկավ և ասաց, որ օգոստոսի տասներկուսից տասնութը մասնակցելու ենք մեդիա ճամբարին: Ուրախությունս կրկնապատկվեց, երբ իմացա, որ պլեներին մասնակցող երեխաներից մի քանիսն էլ են մասնակցելու մեդիա ճամբարին, որը տեղի է ունենալու Դիլիջանում:
Մեդիա ճամբարում անցկացրած յոթ օրերն անմոռանալի էին. նոր ընկերական շրջապատ, նոր գիտելիքներ, հանդիպումներ տարբեր բնագավառների մասնագետների հետ:
Այս մեկ տարվա ընթացքում, շփվելով հասարակության տարբեր խավերի հետ, հասկացա, որ մեր գյուղերում կան մարդիկ, ովքեր ծանր պայմաններում ապրելով, չեն կորցնում իրենց լավատեսությունը կյանքի նկատմամբ: Ճամբարի ընթացքում մեր գնացած ֆոտոարշավների ժամանակ Սեմյոնովկա գյուղում հանդիպեցի շատ այդպիսի մարդկանց։
Ճամբարից վերադարձա և շարունակեցի թղթակցել:
Շնորհակալ եմ 17.am-ին։

elada

Ես Էլադան եմ

2016 թվականն ինձ համար հաջողակ էր, քանի որ օգոստոս ամսին միացա 17.am-ին և հիմա կարող եմ պատմել իմ մասին, քանի որ այս տիրույթում դեռ շատ կհանդիպենք…

Ես Էլադա Պետրոսյանն եմ: Ծնվել եմ 2000 թվականին, Կոտայքի մարզի Արզական գյուղում: Պաշտոնական եղավ, այնպես չէ՞… Լա՛վ, ինչ արած, սրանք պաշտոնական տվյալներն էին։ Ինքդ քեզ ճանաչելու համար, կարծում եմ, նախ պետք է իմանաս, թե որտեղից ես սերում, ո՞վ և ինչո՞ւ որոշեց քեզ համար անուն որոշել և այլն։

Հիմա պատմեմ այն մասին, թե ի՞նչու Էլադա։ Այս անունը որոշ չափով կապված է տատիկիս անվան հետ… Դե հայերիս մոտ ավանդույթ կա, չէ՞, երբ երեխան ծնվում է, կամ տատիկի անունը պետք է դրվի կամ պապիկի… Ավանդույթը պահպանելով՝ ծնողներս որոշեցին ինձ անվանել Էլիդա, սակայն տատիկը դեմ եղավ՝ ասելով.

-Չէ՛, չէ՛, էդ ի՞նչ անուն ա, որ էրեխու վրա դնեք, հանկարծ էդ անունը չդնեք… Իբր ես իմ անունից գոհ ե՞մ, մի հատ էլ էրեխու վրա եք դնում…

Հայրս և հորաքույրս էլ որոշել են ինձ անվանել Էլիտա, հետո անձնագրային բաժնում, վերջապես ընդհանուր հայտարարի գալով, անվանել են Էլադա…

Ինչո՞ւ ոչ՝ տարբերվող անուն… Հիմա իմ անվան նշանակության մասին պատմեմ։ Այն ունի հունական ծագում: 1803 թվականին Հունաստանը անվանել են նաև Էլադա անվամբ: Իսկ իմ պատմության ուսուցիչն ասում է.

-Որ գնաս Հունաստան, քո անվան համար քեզ շատ հարգալից կվերաբերվեն…

Հուսամ, որ մի օր կգնամ…

Շարունակելով անվանս մասին պատմել, կարող եմ ասել, որ երբ ինչ-որ մեկի հետ ծանոթանում եմ և նշում անունս, միշտ հարցնում են.

-Ի՞նչ, մեկ անգամ էլ կասե՞ս։

Արդեն սովորական է դարձել այս հարցն ինձ համար։

Մի անգամ, երբ հայրիկիս ընկերը եկավ մեր տուն, հարցրեց անունս, դե ասացի՝ Էլադա…

-Ի՞նչ, Էլադա՞։

-Հա՛-հա՛։

-Ի՞նչ անուն է…

Ես պատմեցի անվանս նշանակության մասին, նա թուղթ ու գրիչ խնդրեց և ինչ-որ բան էր գրում թղթի վրա: Բոլորիս համար հետո պարզ դարձավ, որ անվանս առաջին տառերով բանաստեղծություն էր գրում՝ աքրոստիքոս… Երբ վերջացրեց գրելը, կարդաց…

-Էկզոտիկ, նուրբ, նրբաճաշակ,

Լույսի աղբյուր ու հրեշտակ,

Արշալույսն ես շրջապատի,

Դարձել ես մի շքեղ փերի,

Ավետում ես աստվածներին, որ քեզ պահեն միշտ անթերի…

…Եվ այն նվիրեց ինձ, ես մինչև հիմա պահում եմ այդ թուղթն ու հպարտանում…

Ազգանվանս ծագման մասին նույնպես տեղեկություններ ունեմ։ Պետրոսյանը մեր տոհմի ազգանունն է: Իմ պապիկի պապիկի անունը Պետրոս է եղել, այդտեղից էլ ծագել է մեր տոհմական ազգանունը, իսկ Պետրոսյաններիս տոհմածառը ամենամեծերից մեկն է գյուղում: Նախնիներս գաղթել են Մուշ քաղաքից 1827-1828 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Արտագաղթել են դեպի Արևելյան Հայաստան և հետագայում հիմնական բնակություն հաստատել Արզականում: Մեր ազգն ունի նաև ժողովրդական անվանում՝ «Մնեյենց» ազգ: Իսկ իմ գերդաստանի հպարտությունը՝ պապենական դարբնությունն է։ Հիմա էլ հայրս է զբաղվում այդ արհեստով:

Albina

Իլորցիները

Հաճախ մեզ՝ լորեցիներիս, անվանում են իլորցի, այն էլ՝ ճոտ։ Անկեղծ ասած, ես չեմ սիրում, երբ մեզ այդպես են անվանում։ Համագյուղացիները նույնպես չեն սիրում, հատկապես երիտասարդները, որովհետև այդ անվանումը եկել է շատ հին ժամանակներից։ Մեր տատիկներն ու պապիկներն արդեն սովոր են այդ արտահայտությանը, նույնիսկ խոսելիս հաճախ են օգտագործում Իլորը՝ Լորի փոխարեն: Լավ, իսկ թե ինչո՞ւ են մեզ այդպես անվանում, ես հիմա կպատմեմ…

Տատիկս պատմեց, որ շատ տարիներ առաջ կային գյուղեր, որոնք հարկեր էին վճարում վանքերին ու մոտակա եկեղեցիներին: Այդ գյուղերի մեջ մտնում էր նաև մեր գյուղը: Այսպես ստացել ենք այդ անվանումը։.

-Տա՛տ, բա մենակ մեր գյո՞ւղն է, որ նման մականուն է ստացել։

-Չէ, հա՛, ա՛յ բալա, հո՞ւնց կիլի՝ մենակ մեր կեղն ըլնի, հինչ ա, դու լիսալ չե՞ս, թե մեր հարևան գյուղերը հինչ անուններ ունին։

-Հա՛, դե լսել եմ, տատի։

-Բա՛, բալա։ Էհ, երանեկ էր էն թվերը, ճիշտ ա՝ մի քիչ նեղված էինք ապրըմ, բայց լավ էինք ապրըմ։ Ամեն հինչ կար. աշխատանքի տեղեր կային, գործ կար, բայց այ տենց, մեր ըշխատանքի կեսը տալիս էինք պետությանը:

-Դե, տատի, հիմա էլ աշխատանք չկա, բայց էլի նույն վիճակն ա։ Լա՛վ, թեմայից շեղվեցինք ոնց որ… Փաստորեն, դրա համար են մեզ անվանում «Ճոտ իլորցի»։

-Հա՛ բալա, հենց դրա համար:

Nane Eghiazaryan

Անսպասելի պատմություններ

Է՜հ, նորից բան չկա անելու, ինչո՞վ զբաղվեմ: Վայ, համակարգիչն ազատ է: Ու սկսվե՜ց… Ֆիլմեր, խաղեր, սոցցանցեր, մինչև հոգնելը, կամ էլ՝ որոշ մարդկանց նման՝ երբեք չհոգնելով:

Ըհը, մաման կրկին ասաց, որ փոխարենը գիրք կարդամ, բայց դե, ի՞նչ գիրք, գիրքը միշտ էլ կա, իսկ խաղը չի սպասի…

Երևի թե շատերն են այսպես մտածում, ու կարծում եմ, որ շատ սխալ են անում։ Երբ ամառային արձակուրդների համար գրքեր են հանձնարարում, որ կարդաք, մտածում ենք, որ դեռ ժամանակ կա, կսպասենք մինչև հասնենք այդ դասերին ու կկարդանք: Հասանք դասերին՝ լա՜վ, կսպասենք մինչև հարմար լինի՝ կարդամ: Բայց այդպես էլ հարմար ժամանակ չենք գտնում, ու գրքերի մի ամբողջ շարան է հավաքվում գրադարակումս, որնք արդեն որոշել եմ, որ արձակուրդներին կարդամ… Եվ այսպես, մինչև հասնում ես միասնական քննություն տալու պահին ու քեզ մեջտեղից ճղում, որ հասցնես պատրաստվել ու ոչինչ բաց չթողնես:

Կան մարդիկ, ովքեր իսկապես կարդում են գրքերն ու դրանք շատ-շատ են սիրում`չէ, ես նրանց շարքին չեմ պատկանում: Ես, չգիտեմ ինչու, բայց գրքեր չեմ սիրում կարդալ ու կարդում եմ հազվագյուտ հեղինակների ստեղծագործություններ։ Գիտեմ՝ վատ է, բայց դե, ի՞նչ արած՝ այդպիսին եմ ես։ Եթե կա մեկն, ով ինձ կառաջարկի մի գիրք, որը կարդալուց հետո ես իսկապես կսիրեմ կարդալ ավելի շատ, քան հիմա, խնդրեմ՝ գրե՛ք: Ես էլ անկեղծացա, երևի նրա համար, որ ինձ իսկապես էդպիսի գիրք առաջարկեք:

Հ.Գ. Սիրում եմ անսպասելի ու խառնաշփոթ պատմություններ, գրքեր, որոնց սյուժեն նախապես անհնար կլինի գուշակել…

Artyom Avetisyan

Փոքրիկ ընդմիջում

Վերջին շրջանում գրածս նյութերի թվաքանակի մեջ մեծամասնություն են կազմում հարցազրույցները, և դա իմ կարծիքով նրանից է, որ մեր համայնքում շատ են նշանավոր մարդիկ, կյանքի հետաքրքիր իրադարձություններ ունեցած, ականավոր և ակնառու լիճքեցիներ: Բացի բնությունից ու տեսարժան վայրերից, հարուստ միջավայրերից ու շրջապատից, համայնքս հարուստ է նաև իր անվանի լիճքեցիներով (Տեր Շահե քահանան, Աբով Արամայիսի Ջուլիկյանը՝ «Ники ТВ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը և սեփականատերը, Վանիկ Պողոսյանը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և այլոք): 

Երբ առաջին հարցազրույցս իրականացրի, ինձ թվում էր, թե ամեն ինչ շատ բարդ ու դժվար է լինելու։ Մտածում էի, որ հնարավոր է այլևս հարցազրույց չանեմ, սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, ամեն ինչ փոխվեց: Երբ երկրորդը իրագործեցի, կարծիքս սկսեց քիչ-քիչ փոխվել, էլ չասեմ երրորդի, չորրորդի և մյուսների մասին։ Չխոսեմ նաև այն մասին, որ հարցազրույցների ձայնագրությունները առկա են հեռախոսիս մեջ՝ ձայնագրության տեսքով, ուղղակի այնքան երկար ձայնագրություններ են, որ միացնելիս արդեն գրառելու հավեսս փախչում է։ Բայց իրականում շատ հետաքրքիր են:

Այնքան դժվար է նստել, մտածել, մտքերն իմի բերել ու գրի առնել թղթի վրա։ Մինչդեռ, հարցազրույցն այնքան հեշտ է՝ հարց ես տալիս ու պատասխանը ստանում, ուղղակի պետք է հարցերը ճիշտ, գրագետ ու հասկանալի կազմել, որպեսզի այն ընթանա սահուն, հետաքրքիր ու բովանդակալից: Հարցազրույցը նման է ճաշի՝ որքան բանջարեղենն ու անհրաժեշտ մթերքները շատ են, այնքան համեղ ու բուրավետ է դառնում։ Որքան հարցերը շատ ու բովանդակալից են լինում, այնքան այն համով ու հոտով է դառնում: Դե ինչ, երևի սրանից հետո կրկին հարցազրույց գրեմ, ուղղակի մի փոքր սպասեք:

Բոլոր նրանց, ովքեր որոշել են լրագրող դառնալ, խորհուրդ եմ տալիս հարցազրույց գրել սովորել:

Երբ կարևոր թեմա ես վերցնում ու գտնում ես մարդկանց, որոնք իսկապես ասելիք ունեն՝ համարիր, որ ինքդ էլ ես կարևոր գործ անում…

meri antonyan shirak

Ուշացում

Ուրբաթ առավոտ էր, սովորականի պես արթնացա շատ ուշ: Դասերի սկսելուն մնացել էր ընդամենը 10 րոպե, իսկ տնից մինչև դպրոց ճանապարհը շատ երկար էր։ Արագ հագնվեցի և շտապեցի դպրոց։ Ամբողջ ճանապարհին վազել էի․ հոգնածությունս հաղթեց պարտաճանաչությանս, և որոշեցի մի քիչ նստել և հանգստանալ։ Պատահաբար նստել էի այն տեղում, որտեղ նստում էին մեր գյուղի պապիկները, երբ տեսա, որ նրանք արդեն գալիս են, արագ վեր կացա, չնայած շատ էի ուզում նստել: 

Պապիկները մեր գյուղի ամենատարեց մարդիկ են: Նրանք տեսան, որ ամբողջ ճանապարհին վազել էի, և չթողեցին վեր կենալ քարից, մինչև կհանգստանայի: Խնդրեցի, որ պատմեն մեր գյուղի պատմությունը։ Նրանք պատմեցին գյուղի ամրոցի մասին, քանի որ ես հետաքրքրվում եմ պատմությամբ: Ուզում էի իմանալ այդ ժամանակի բոլոր իրադարձությունների մասին: Տպավորությունն այնպիսին էր, ասես ոչ թե խոսում էի մեր գյուղի պապիկների հետ, այլ պատմաբանների: Նրանք շատ մանրամասներ գիտեին: Պատմում էին, որ ամրոցը, որին մեր գուսանագյուղցիները Ղուլա էին անվանում, եղել է Անիի պաշտպանական ամրոցներից մեկը, և Անիում գտնվող Տիգնիս ամրոցի հետ հաղորդակցվել են հայելիների և գետնափոր թունելների միջոցով։

Այնքան տպավորիչ էին պատմում, որ ժամանակի զգացումը կորցրել էի: Հանկարծ նայեցի ժամացույցին և տեսա, որ ուշացել եմ: Հասա դպրոց: Բարեբախտաբար առաջին ժամը Հայոց լեզու էր, իսկ ինչո՞ւ բարեբախտաբար, որովհետև մեր Հայոց լեզվի ուսուցիչը շատ բարի է և ըմբռնումով մոտեցավ ուշանալուս: Ես պատմեցի պապիկների հետ իմ զրույցի մասին: Նա ասաց, որ այն, ինչ լրացնում է մեր գիտելիքները պաշարը, արժանի է գովասանքի, և հավելեց. «Երանի բոլոր ուշացումների հիմքում ընկած լինի հետաքրքրասիրությունը»։

Մեր նոր թղթակիցները

Ղայդով իսանն ուրդի՞ց կեղնիhovhannes sargsyanԲարև՜, ես Հովհաննեսն եմ: Եթե գուզեք իմանաք ես ինչպիսի մարդ եմ, ըսեմ, որ ես էլ չիդեմ: Ծնվել և ապրում եմ Գյումրիում: Ընչի՞ կսեմ՝ Գյումրի, ոչ թե Լենինական մյուս գյումրեցիների նման, որովհետև ես Լենինականը չեմ տեսել: Ես ծնվել եմ էն ժամանակ, երբ մեր քաղաքը արդեն Գյումրի էր: Լենինականը Լենինական էր 1988 թվի ժաշքից առաջ:

Լա՛վ, արդեն շատ եմ խորանում քաղաքիս ու իրա անվան բացադրության մեջ, մե քիչմ էլ իմ մասիս խոսամ: Ինչպես արդեն նկատեցիք՝ ես շատ կսիրեմ չնչին մանրուքների վրա կենտրոնանալ: Չնայած Գյումրիս հեչ էլ չնչին մանրուք չէ: Ո՜ւֆ, էլի խորացա… Շատ կսիրեմ Գյումրու բարբառը: Չնայած կարող եմ նաև խոսել ու գրել գրական հայերենով: Չեմ սիրե էն մարդկանց, ովքեր գյումրեցի չեն, բայց գուզեն գյումրվա բարբառով խոսան (մի՛ փորձեք, մեկ է՛ չի ստացվի), մինակ մենք կռնանք ըդպես խոսանք: Ավելի շատ չեմ սիրե էն գյումրեցոնց, ովքեր կերթան Երևան ու կփորձեն էրևանցու բարբառով խոսալ: Ամեն մարդ իրա նման բդի էղնի, բայց ես դեմ չեմ, որ Երևանում գյումրեցիները գրական խոսան, ըդիկ ուրիշ բան է: Չէ՞ որ դա մեր մայրենի լեզուն է և բարբառից զատ, հարկավոր է նաև գրագետ մարդ լինել:

Էնքան էլ կատակասեր չեմ: Ավելի ճիշտ՝ կատակասեր եմ, երբ որ հենց ես կատակ կենեմ: Ըսեմ, որ ամեն մարդու հետ չէ, որ կռնամ շփվիմ: Տնեցիք հազիվ ձեռս կդիմանան: Նաև ըսեմ, որ ես չափազանց ավանդապահ եմ: Չ՛է, սխալ չհասկնաք, ըմբես չէ, որ ընդհանրապես լիբերալիստական գաղափարներ չեմ ընդունե՝ ամեն ինչ չափի մեջ է սիրուն: Կսիրեմ, որ հայը ամուր կպահե իրա արմատները, մտածելակերպն ու առանձնահատկությունը, չէ՞ որ ինքը հայ է ու բդի միշտ հայ մնա: Շատ կսիրեմ ազգագրական երգն ու պարը, ու չեմ սիրե, երբ հարսնիքներին վրացական կամ այլ երկրի պար կպարեն ու կհամարեն, որ լավ, ուրախ ժամանակ անցկացրին: Ըբը ո՞ւր մնաց մերը, ազգայինը: Ընչի՞ կսիրեմ ազգագրական երգն ու պա՞րը` որդև ըդիկ մեր ազգայինն է ու մեր մշակույթը: Ու ոչ մի երկիր չի կռնա մեր մշակույթը ու մեզի ջնջե: Մե անգամ փորձեցին, բայց չստացվավ, կրկին կանգնանք ու շարունակեցինք անցնել մեր դժվարին ճամփեն: Էլ չեմ ըսե մեր մշակույթը իրանց վերագրելու մասին:

Որպեսզի համոզվեք, որ ես էլ կարող եմ գրական հայերենով խոսել, մի քիչ էլ սկսեմ գլուխ գովել.

8-րդ դասարանում «Kodu» համակարգչային ծրագրով պատրաստեցի իմ համակարգչային առաջին խաղը: Մեծ սիրով մասնակցում եմ ազգագրական «Հրայրք» համույթի պարային դասերին, չնայած խմբի անդամները ինձանից տարիքով մեծ են: Այդ համույթի մեջ ընդգրկվելուց հետո շատ բան եմ հասկացել ազգիս մշակույթին վերաբերող հարցերի մասին: Մեծ սիրով մասնակցել եմ անիմացիայի՝ մուլտֆիլմի պատրաստման դասընթացին, որտեղ դարձյալ ինձանից մեծ դասավանդողների հետ նկարեցի «Աստղիկ», «Դատավոր աղվեսը» անիմացիոն ֆիլմերը: Հետո գլխավոր դերեր էի կատարում ներկայացումների մեջ, ու ես, ինձ վրա զարմանում էի, քանի որ միշտ մտածել եմ, որ դերասանությունն իմը չէ: Փորձում եմ ինձ դրսևորել նաև ավիակոնստրուկցիայի մեջ, մասնակցում եմ դասընթացի, որի ընթացքում պատրաստել եմ ինքնաթիռ, որը միայն երեխաների խաղալիք կարելի է համարել: Ուզում եմ հասկանալ. դա ինձ ին՞չ կտա: Մեծ հաճույքով մասնակցում եմ Թումոյի դասընթացներին, փորձում եմ ՏՏ ոլորտում ինչ-որ բան անել, ծրագրավորման դասընթացի առաջին փուլը հաղթահարեցի, բայց երկրորդ փուլում՝ անգլերենի չիմացության պատճառով, չշարունակեցի, թողնելով այդ փուլի հաղթահարումը ամռան համար, երբ կաշխատեմ անգլերենիս բարելավման վրա:

Այս ամենն իմացաք իմ հետաքրքրությունների մասին: Իսկ հիմա բռնվեք, որ ասեմ, թե ինչ մասնագիտություն եմ ընտրել։ Որոշել եմ ռազմական բժիշկ դառնալ, քանի որ սովորում եմ Բժշկական քոլեջում և ապագայում բժիշկ դառնալու հույսեր եմ փայփայում: Երևի ձեզ պարզ դարձավ, որ ես շատ հետաքրքրություններ ունեմ, բնավորությամբ էլ «յոլա գնացող» չեմ։ Բոլորի հետ ընկերություն չեմ կարող անել, հիմնականում ընկերներս ինձանից տարիքով մեծ են: Իմ տարիքի ջրիկ-մրիկ տղերքին չեմ սիրում: Առաքինի ու զուսպ աղջիկների եմ սիրում: Դե, ի՞նչ ասեմ, 16 տարեկանում դեռ աշխարհայացքս այսպիսին է: Մեծանամ, հետո կկարդամ այս հոդվածը ու կփորձեմ հասկանալ՝ ինչքան եմ կարողացել այս տարիքում մտածածս ներկայացնել: Միգուցե այլ ձևով այդ ժամանակ մտածեմ և այս գրածս երեխայություն համարեմ: Դե ինչ, ապագան ցույց կտա…

Էլի խորացա՞: Խայսաթ է, էլի: Է՛, լավ, զայլեքդ չտանիմ, արդեն վերջացնեմ:

Սա էլ ես՝ իմ առավելություններով ու թերություններով հանդերձ, չնայած թերությունները ավելի շատ են:

artyom safaryan

Դալլաքյանի վկաները

Երեկ մի ուրախալի լուր ստացանք. 17-ի պատանի թղթակից Եվա Խեչոյանը հաղթել է ՖԼԵՔՍ ծրագրով, և մեկ տարի ուսանելու է ԱՄՆ-ում: Շնորհավորանքների հեղեղի մեջ կարդացինք. Եվան շնորհակալություն է հայտնում իր ուսուցչուհուն՝ ընկեր Դալլաքյանին: Հետո հիշեցինք, որ մեր թղթակից Արտյոմն էլ մի գեղեցիկ պատմություն էր գրել նրա մասին: Ավելի ճիշտ, այն մասին, թե… Ավելի լավ է՝ կարդաք և բարի ծառայություն մաղթեք Արտյոմ Սաֆարյանին, որն այսօր ծառայում է Հայոց բանակում:

Արտյոմ, հրապարակում ենք առանց քո թույլտվությունը հարցնելու:

-Արտյոմ, վեր կաց, արդեն ժամը 12-ն է,- լսվում է մայրիկիս ձայնը, որը կարծես ջնջում է երազիս և իրականության մեջ եղած այն նուրբ սահմանը, որը չէի էլ հասցրել գծել:

-Հա, մամ, հեսա` վեր կկենամ, մի քիչ էլ:

-Այ տղա, ընկերներդ են զանգել, վեր կաց, տես` ի՞նչ է եղել:

-Է, մամ, էլի պիտի ասեն` արի Դալլաքյանենց շենք, ոնց որ Դալլաքյանի վկաները լինենք: Լավ, տեսնեմ` ի՞նչ է եղել:

Եվ արդեն առանց գիտակցելու ձեռքիս մեջ հավաքում եմ ընկերոջս համարը: Երկու անգամ լսեցի ինձ համար անտանելի դարձած ազդանշանը և հետո զգացի ընկերոջս քնաթաթախ ձայնի ելևէջները:

-Հա, իմ մարմելադ ախպեր, ի՞նչ է պատահել:

-Զանգել էիր:

-Հա, ասեցի` մի քիչ ման գանք:

-Էլի Դալլաքյանենց հայաթ:

-Հա, ինչի՞:

-Դու չե՞ս հոգնել: Ախր, անգլերենի պարապմունքներն արդեն մի ամիս է` վերջացել են, իսկ մենք ֆանատիկների նման գնում ենք առավոտից իրիկուն նստում այնտեղ:

-Դե, տենց դժգոհ ես, դու տեղ առաջարկի:

-Չբռնենք` գնանք այգի՞:

-Հա, բա ոնց, գնանք էդ դատարկ այգին, որտեղ վերջին անգամ Նոյի ժամանակ է մարդ ոտք դրել: Չէ, այ ախպեր, ուրիշ տեղ ասա:

-Արի գնանք մշակույթի տուն:

-Արտյոմ, եթե դու հավես ունես փոշու ու դատարկ պատերի մեջ նստես ու սեփական արձագանքիդ հետ զրույց անես, խնդիր չկա:

-Լավ, հավեսu եկել է կինո դիտեմ, արի գնանք կինո:

-Ո՞ւր, Երևա՞ն:

-Չէ, մեր մոտ` Չարենցավան:

-Այ ախպեր, դու ուզում ես գնաս աղբի հատիկների կինեմատիկ դասավորությանը նայե՞u դատարկ ու կեղտոտ գետնի վրա, թե՞ նախորդ ընտրության ցուցակներն են հետաքրքրում:

-Լավ, ախպեր:

-Դե հագնվի, գալիս եմ` քեզ վերցնեմ, գնանք:

-Լավ:

Քաղաքում էլ ուրիշ տեղ չկա: Մնաց Դալլաքյանենց բակը:

meri harutyunyan

Գյուղս

Երկրաշարժը, շրջափակումը և Արցախյան շարժումը մեծ վնասներ են հասցրել մեր երկրի տնտեսությանը: Բազմաթիվ գործարաններ, արտադրամասեր, հիմնարկ-ձեռնարկություններ դադարեցին աշխատել և սկսեցին քարուքանդ լինել, փակվել: Մեր գյուղում՝ Գուսանագյուղում էլ է նախկինում եղել կարի արտադրամաս: Ասում են, որ ժամանակին այստեղ աշխատել են մի քանի տասնյակ մարդիկ, որոնք ոչ բոլորն էին մեր գյուղից. այստեղ էին գալիս նաև հարակից գյուղերից: Արտադրանքն այնքան պահանջարկ է ունեցել, որ աշխատել են հերթափոխով:

Մեր տանը մինչև հիմա կա իմ տատիկի կարած մանկական գոգնոցը: Նա այն կարել էր ազատ ժամերին՝ թոռների համար: Տատիկս ունի փոքրիկ տոպրակ, որի մեջ խնամքով պահում է իր գործարանը հիշեցնող գույնզգույն թելերն ու կոճակները:

Այժմ մեր գյուղում չկա կարի արտադրամաս: Եվ ոչ միայն: Ժամանակին մեր գյուղի կանանց թխած լավաշ հացը հայտնի ու պահանջված է եղել: Երբ գյուղում թոնիր է վառվում ու հաց են թխում, անուշաբույր հացի հոտը տարածվում է ամենուրեք: Բայց դա հազվադեպ է պատահում: Մեր գյուղի կանայք կարող էին նաև հացի արտադրամասում աշխատեր, եթե իհարկե լիներ:

Չկա աշխատանքի վայր, որտեղ մարդիկ կկարողանային աշխատել և արժանվույնս վարձատրվել: Նրանք կատարում են զանազան գյուղական դժվարին աշխատանքներ:

Ես կուզենայի, որ մեր գյուղում բացվեր կարի կամ թխվածքի արտադրամաս, որ իմ գյուղի կանայք էլ ունենային աշխատանք, ու նրանց ձեռքերը չկոշտանային զանազան դժվար աշխատանքներից, որոնք անելուց հետո էլ ծայրը ծայրին չեն հասցնում:
Հույսով ու լավատեսությամբ կսպասեմ այն օրվան, որ մի օր կծաղկի գյուղս: