anush hovhannisyan

Վերադարձ դեպի հին ու նոր աշխարհ

-Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր…

Եվ իրոք, գրքերը մի տիեզերք են, որտեղ երբ մարդը սուզվում է, դուրս գալը համարյա անհնարին է թվում: Սակայն մեր օրերում գրքերը մղվել են երկրորդ պլան, առաջնորդում է տեխնիկայի «ամենազոր բանակը»: Բայց ես ելքը գտել եմ, մի փոքր կամքի ուժ, և վերջ, հեռախոսը մի կողմ ես դնում ու վերցնում գիրքը, զգալով ամեն մի թերթի հնությունն ու խորիմաստությունը:

Վերջերս կարդում էի մի գիրք, որի վերնագիրը հենց ստիպում է ընթերցել: Հետաքրքրությունից դրդված ամեն տեղ փնտրում էի գիրքը: Քաղաքի բոլոր գրադարաններում նույն պատասխանն էի ստանում.

-Բարև ձեզ: Ինձ «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» գիրքը կտա՞ք,- ասածիս հետևում էր գրադարանավարուհու դեմքի զարմացած արտահայտությունը:

-Ոչ, չունենք: Ջահել սիրուն աղջիկ ես, էդ ի՞նչ գիրք ես ուզում,- և այսպես ամեն տեղ:

Հույսս կորցրած որոշեցի գիրքը օնլայն ընթերցել, (ինչ խոսք, դա շատ դաժան գործ է): Եվ գիտե՞ք, անգամ չեմ էլ փոշմանել, որ ընթերցել եմ, թեկուզ օնլայն: Գիրքը ինձ մի մեծ էներգիայի պաշար էր հաղորդում, և որքան էլ տարօրինակ է, մի քանի նմանություն նկատեցի իմ և հերոսուհու միջև: Առաջինը դա տարիքն է՝ երկուսս էլ 16 տարեկան, ունեինք միևնույն երազանքը. ունենալ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ (բայց նրա երազանքը վերջում կատարվում է), և երկուսս էլ ունենք երազելու համար անսահմանափակ երևակայություն:

Մի պատմություն պատմեմ գրքի հետ կապված: Դպրոցում, երբ գրականությանս ուսուցչուհին իմացավ, թե ինչ գիրք եմ ընթերցում, մի փոքր զարմացավ, բայց նա էլ ինձ նման հետաքրքրվեց: Հենց նույն օրը նա հանձնարարեց գրել շարադրություն «Սասնա ծռեր» էպոսի մասին: Ես հաջորդ օրը անպատրաստ էի ներկայացել.

-Ընկեր Դոլինյան, անկեղծ խոստովանում եմ, որ մտքիս անգամ բառ չեկավ:

-Դե դա բնական է, մի մարդ, ով կարդում է գիրք ինքնասպանության մասին, դժվար կարողանար գրել:

Չեմ ուզում գրքի բովանդակությունը պատմել, բայց այս գրքի շնորհիվ ես նորից գտա իմ աշխարհը՝ գրքերի անեզր տիեզերքը: Հիմա փնտրում եմ այլ գրքեր կարդալու:

Իսկ վերջում մեջբերեմ գրքից մի հատված.

«Մենք սիրահարված ենք մեր ազատությանը,

 Մենք փախչում ենք ինքներս մեզնից,

 Մենք հույսի և երանության որոնումներում ենք, 

 Մենք երջանիկ ենք և ազատ…»

Seroj araqelyan

Դե, սիրում եմ սպորտը, ի՞նչ անեմ

Սկզբից երբ ասում էին սպորտ, ասում էի, այ մարդ, լավ է, ի՞նչ սպորտ: Նկարչություն, դե բնականաբար, պարզ է, ամեն մարդ սիրում ու գովաբանում է իր ընտրած ճյուղը, մասնագիտությունը:

Մի անգամ, երբ ներկա գտնվեցի սպորտ վարժանքների, մի տեսակ փոշմանեցի, որ սպորտի մասին այդ կարծիքին եմ եղել: Որ ասում էին սպորտ, պատկերացնում էի մարզասրահ, ծանրություն ու գերխոշոր մարդիկ:

Բայց խոսքերս հետ եմ վերցնում: Որոշեցի ես նույնպես զբաղվել սպորտով, վերջապես հասկացա, որ դա առողջ ապրելակերպ է, և արժե ժամանակ տրամադրել: Անընդհատ ուզում էի զբաղվել, բայց չէի զբաղվում: Խանգարում էր այն հանգամանքը, որ սպասում էի գյուղում մարզասրահ բացվի: Երևի ամեն ամիս չշահագործվող շենքերի նկարներ էին խնդրում տարբեր կազմակերպություններից, որ շենքը կամ սենյակներից մեկը վերանորոգեն ու մարզասրահը կառուցեն: Նկարները ուղարկվեցին: Բայց կարելի է ասել, միայն ուղարկվեցին, նկարների պատասխանը չտեսանք:

Ինչպես մեծերն են ասում, «ջանիս հասավ», ու սկսեցի իմ միջոցներով պարապել: Մի օր վազել, մի օր պտտաձող, մի օր ձգումներ, բայց ինչքան կարելի է նույն վարժությունները կրկնել: Վերջը գցեցի-բռնեցի, հայրիկից օգնություն խնդրեցի:

-Պապ ջան, քեզնից մի բան եմ խնդրում, չգիտեմ ոնց, բայց ինձ համար մի հատ «գանտել»` մարզաքար սարքի, էլի, ու քեզնից էլ ոչինչ չեմ ուզում:

-Լավ մի բան կանենք:

Մարզաքարս սարքվեց, անգամ ժամ ունեմ սահմանած մարզվելու համար` 19:30: Գիտեմ, երեկոյան այդքան էլ ճիշտ չի մարզվելը, բայց դե ամենահարմար ժամն է, որովհետև այդ ժամերին ես անելու ոչինչ չունեմ: Ու եթե ուրիշ ժամ ընտրեի, հաստատ գրաֆիկը կխախտեի, ինչը անթույլատրելի սխալ է: Ավելի ուշ իմացա, որ Նոյեմբերյանում մարզասրահ է գործում: Ճիշտն ասած, այդքան մտադրություն չունեի գնալու, որովհետև միշտ չէ, որ կարող ես գյուղից քո մեքենայով գնալ: Շատ ժամանակ գնում էի պատահական մեքենաներով, ինչը այդքան էլ հեշտ չի ու հաճելի: Ասեմ ինչու՝ շատ ժամանակ մեքենա չի կանգնում, կամ եթե կանգնում է, ապա վարորդին առաջին անգամ ես տեսնում, ու ծանոթ մարդու հետ գնալը միշտ չէ, որ ստացվում է: Մեկ-երկու գնացի, հետո ասացի՝ չէ, էսպես չի կարելի, բացի գնալը, հետ գալ է պետք:

Լսել եմ, որ նոր քաղաքապետը մեքենա է տրամադրելու ճանապարհի համար: Բայց մինչև տրամադրելը անծանոթ մարդկանց հետ ճանապարհ գնալը այդքան էլ ճիշտ չի, ու մինչև ե՞րբ:

Այ, մարդ, չէ~: Ես` իմ հին տաշտակը: Իմ գրաֆիկից լավը չկա: Ականջակալներ, մաքուր օդ, ու սպորտային տրամադրություն: Այսօր 1 տարի, 8 ամիս 13 օր է, ինչ զբաղվում եմ սպորտով: Որոշ չափով հպարտ եմ, որ ինչի հիմա հասել եմ, իմ ջանքերի շնորհիվ եմ հասել: Վարժություններ, որի կատարման մասին անգամ չէի ուզում պատկերացնել, բայց հիմա արդեն կարողանում եմ ու սպորտը թողնելու մտադրություն չունեմ, ու մտքովս անգամ չի անցել: Ու երբ ինձ համեմատում էի սպորտից առաջ և հետո, այ, այդ ժամանակ հասկացա, թե ինչու են ասում՝ մարդու մտքին տեղ լինի:

«Նաիրյան արկածներ» Արզականում. կադրի հետևում

Վերջերս իսկական «Նաիրյան արկածներ» տեղի ունեցավ Արզականում` պրոդյուսեր Հովհաննես Թովմասյանի  և Գարիկ Աբելյանի, Գագիկ Եդիգարյանի աշխատանքի շնորհիվ, Կատյա Թովմասյանի  ու Նունե Ենգուլյանի գլխավորությամբ,   նաև հայտնի լուսանկարիչ` Էդգար Հարությունյանի, ում հետ անձամբ ծանոթացա: Բնականաբար, նրա գործը լուսանկարելն էր…

Նաև մոռացա, չէ՛, ինչ մոռանալ, ուղղակի ամաչեցի ասել նրան, որ 17.am-ի հարցաթերթիկը լրացնելու ժամանակ, որպես ճանաչված լուսանկարիչ, ես հենց իր՝ Էդգար Հարությունյանի անունն էի գրել, բայց ով կմտածեր, որ ես այդ մարդու հետ անձամբ կծանոթանամ… Ա՜յ քեզ բան…

Սկսեմ այնտեղից, որ հայրիկիս հեռախոսին զանգ եկավ: Նրան զանգում էին «Կանալ Փրոդաքշնից»… Հայրիկիս ընկերն էր նրանց համարը փոխանցել և պատմել էր, որ 17.am-ի թիմն էլ է Դարբին Արտակի մասին ֆիլմ նկարահանել: Եվ այսպես, նրանք ասացին, որ պետք է գան մեր գյուղ՝ Արզական, և նկարահանումներ անեն, նկարահանումների մեջ մտնում էր մեր դարբնոցը: Բայց այս անգամ բացառություն եղավ. ոչ թե հայրիկիս էին նկարում, այլ մեր դարբնոցը` Կատյայի և Նունեի մասնակցությամբ: Շատ հաճելի էր՝ գտնվելով կադրի հետևում, հետևել նրանց աշխատանքին, երևի շատ քչերին կարող է այդպիսի բախտ վիճակվել:

 

Արզականում նկարահանումներ էին անցկացրել եկեղեցիներում և գյուղի այլ տարբեր վայրերում:

Իսկ հիմա, ես անհամբեր սպասում եմ «Նաիրյան արկածների» եթեր գնալուն…

 

Anush Jilavyan

Յասամանի բույրով մանկությունս

Արդեն իմ մի մասնիկը դարձած ճանապարհը գլորում է մտքերս դեպի վերջնակետը. մեր տունը, իմ սենյակը: Կարոտել եմ սենյակիս լռությունը, ու ամբողջ սենյակում արձագանքող մտքերս: Սենյակս ավելի շատ մտածելու համար է, քան քնելու: Ինչքան են փոխվել մտքերս ժամանակի ընթացքում և ներարկված են սենյակիս մեջ ու բացվում են իմ առաջ: Սենյակս ինձ բոլորից լավ է ճանաչում…

Բայց դեռ այդ ամենը վայելելու ժամանակը չէ, դեռ պետք է տուրք տալ այլ կարոտների, նույնքան փափուկ ու քաղցր: Պետք է տատիկիս տեսնել: Մտնում եմ տուն, ամեն անգամ զգացողությամբ, որ դեռ աշակերտ եմ, որ ամեն օր դասերից հետո կարող եմ գնալ, ու տատիկս նորից կհարցնի բոլոր տատիկներին հուզող ամենակարևոր հարցը. «Հաց կերե՞լ ես»: Ոչինչ օտար չի դարձել տանը: Գրկում եմ տատիկիս, ու նա արտասվում է ինչպես անցած, ու դրան նախորդող մյուս անգամները:

Ես հայացքով փոփոխություն եմ փնտրում, տունը նույն է, այն ինձնից ավելի դանդաղ է փոփոխվում, բայց պակասել է հարազատ մի շունչ: Ես մեկ տարուց ավելի ժամանակ ունեի հաշտվելու համար մտքի հետ, որ մեր ընտանիքում այլևս 9 անդամ չէ, այլ 8, բայց չի ստացվում. ես շարունակում եմ տանը հայացքով փնտրել պապիկիս, շարունակում եմ սպասքը առանձնացնել 9 տեղի համար ու հետո նորից հաշվել ու հետ վերցնել մեկը: Ես նորից ու նորից ապրում եմ այն օրը, երբ գնալու էի Երևան: Դասերը սկսվում էին, և ես արդեն առաջին կուրսի ուսանող էի: Այդ հրաժեշտը հետո կդառնա ոչ թե սովորական, հետո տեսնելու հույսով հրաժեշտ, այլ վերջինը: Ես գիտեմ, որ նրա մաղթանքը կատարում եմ, գիտեմ, որ հավատում էր ինձ, բայց ընդամենը այդքանը ասելը, նույնն է, թե ոչինչ չասել: Հիշողությունները շատ են, դրանք գունավոր նկարների նման աչքերիս առաջ են գալիս ու պայծառացնում: Ես ուզում եմ արթնանալ, ու պապիկս յասամաններ ու վարդակակաչներ բերի ինձ համար: Ուզում եմ մեր տունը նորից լցվի դրանց գեղեցկությամբ, ու ես մխրճվելով դրանց մեջ, նորից զգամ նրբությունը ու բույրը:

Ուզում եմ նորից ուրախացած վերցնել նրա ափի միջից հատապտուղները, որոնք այնքան փոքր էին նրա մեծ ձեռքերի մեջ:

Ուզում եմ հետ բերել ժամանակը ու հավերժ ապրել մանկության մեջ, որից այդ նույն յասամանի բույրն է գալիս:

Արդեն սենյակում նստած, մտքերս բարձր արձագանքում են և պահանջում, որ գրի առնեմ, գիտեմ, զգացածս տպատառերի սև ու սպիտակի մեջ չեմ տեղավորի, բայց չգրել էլ չեմ կարող: Գրելը օգնում է: Յուրահատուկ թեթևություն ես զգում, կարծես հանդիպել ես այն մարդկանց, ում կարոտել ես, կամ ասել ես նրանց այն, ինչ ուզում ես ասել արդեն շատ երկար …Կամ էլ իմ նման մի պահ սենյակում զգալ յասամանների բույրը…

karine nahapetyan

17am.-ը որպես կյանքի ենթաբազմություն…

Ասում են, որ յուրաքանչյուր բազմություն բաղկացած է ենթաբազմություններից: Էդպես էլ կյանքն է. ունի կարևորագույն «ենթաբազմություններ»: Այ, էդ կարևորագույն «ենթաբազմությունների» շարքին է պատկանում 17am.-ը և, առհասարակ, «Մանանան»: Գիտե՞ս, «Մանանան» հրաշքներ է գործում: Արի` ասեմ: Դե ֆիզիկայից էլ գիտենք, որ դրական լիցքով մարմինները միմյանց վանում են, նույնն էլ բացասականի դեպքում: Գիտես նաև, որ մեկը պիտի դրական լինի, մյուսն էլ ` բացասական, որ ձգեն իրար: Աշխարհը, ինչպես բոլորիս հայտնի է, բացասական է արդեն վաղուց: Հա, ըհը, «Մանանան» այդ դրական լիցքն է մեզ հաղորդում, որ սկսենք ձգվել դեպի աշխարհը, մերձանալ նրա հետ ու դառնալ միասնական տարր…

Մենք ծնվում ենք «վարդագույն ակնոցով», բայց առաջին իսկ ուժգին քամուց այն կոտրվում է… «Մանանան» վերցնում է կախարդական փայտիկը ու այն նորից վերանորոգում, հնարավորություն տալիս կյանքին ու աշխարհին նայել այլ կերպ:
Կարմիր ու սպիտակ տիրույթը` 17am- կայքը, իմ օրվա անբաժանելի մասն է: Ես կարդում եմ բոլորի հոդվածները, ու որ ծանոթանում եմ որևէ 17-ցիի հետ, կարող եմ վստահ ասել նրան` ասա, թե որ հոդվածն է քոնը, և ես կասեմ` ով ես դու (կատակում եմ):

Հաճախ եմ ինձ հարց տալիս` լավ, վերջապես մի բառով կամ արտահայտությամբ, ի՞նչ է ինձ համար 17am.-ը:
Ես բնականաբար ստույգ պատասխան չգտա, բայց հիմա կփորձեմ բացատրել:
17am.-ը ինձ համար` Անիի «Ռոմանտիկ Մայիսյան»-ն է, Արման Արշակ-Շահբազյանի օրիգինալ ազգանունն ու նույնքան տարբերվող հոդվածները: 17am.-ը ինձ համար` Ղազախեցյան Անահիտն է, որն իրեն չի պատկերացնում առանց Ne me quitte pas երգի, Խաչիկյան Միլենան, ում համար շատ սպասված են ուրբաթ օրերը: 17am.-ը ինձ համար` Լիդուշն ու Միլուշն են իրենց «Շողանք միասին» երգով: 17am.-ը ինձ համար Ավագյան Գայանեն է իր պապիկի գրադարանի գրքերով, 17-ը ինձ համար` Բաղդասարյան Հայարփիի և Մելքոնյան Սարգսի թեժ բանավեճն է, 17am.-ը ինձ համար` Խեչոյան Եվայի խոհափիլիսոփայական մտքերն են ,17am.-ը ինձ համար` Պետրոսյան Ժորայի Վարդենիսի բարբառն է, 17-ը ինձ համար` Սաֆարյան Արտյոմի սերն է ֆուտբոլի հանդեպ, 17-ը ինձ համար` Զաքարյան Սոսեի Դարբաս գյուղն է` իր ողջ հմայքով, 17am.-ը ինձ համար` Քեշիշյան Աստղիկն է ու նրա սերը դեպի ռոքը, 17am.-ը ինձ համար` Հարությունյան Սեդայի յուրահատուկ պատկերացումներն են ձախլիկության մասին, 17am.- ը ինձ համար Մանե Մինասյանն է, ում հետ ծանոթացել եմ հենց «Մանանայի» շնորհիվ, 17am.-ը ինձ համար իմ` «Արտագաղթի դառը պտուղները» հոդվածն է, որից հետո ես սկսեցի ավելի ու ավելի շատ գրել, 17am.-ը ինձ համար Լյուբայի և Սոնայի նկարազարդումներն են «Խաբարբզիկում», 17am-ը ինձ համար Անի Ավետիսյանի կարոտն է առ տատիկը, 17am.-ը ինձ համար Էլադան է, ում հայրը մեր ֆիլմի գլխավոր հերոսը դարձավ, 17am.-ը ինձ համար «Մանանայի» մոտիվացնող խորհուրդներն են, 17am.-ը ինձ համար իմ` ճամբարային հրաշք օրերն են ու այն երեխաները, որոնց հետ ես մի ողջ շաբաթ անցկացրել եմ: 17am-ը ինձ համար` մի մեծ ընտանիք է, 17am.-ը ինձ համար բոլոր-բոլոր պատանիներն են, որոնք կարողանում են բարձրաձայնել այն ամենի մասին, ինչն իրենց հուզում է: 17am-ը ինձ համար ազատ դաշտ է, բայց մի տարբերությամբ` այնտեղ չկան մոլախոտեր. այնտեղ միայն անուշաբույր ու գեղեցիկ ծաղիներ են, որոնք դեռ ծաղկելու և աճելու են դեռ:
Այ, տեսնում ես` ինչ հրաշքներ է գործում «Մանանան»:

Լրագրությունը պատմություններ պատմելն է

Արդեն մի քանի ամիս է, ինչ «17.am»-ը թեյի ակումբ է ստեղծել: Ամեն շաբաթվա չորեքշաբթի օրը, հանրապետության գրեթե բոլոր մարզերի մեր ուսանող թղթակիցները հավաքվում են «Մանանա» կրթամշակութային կենտրոնի երևանյան գրասենյակում: Ամեն անգամ մի հետաքրքիր բան կազմակերպում ենք՝ ֆիլմեր ենք դիտում, քննարկում, հանդիպումներ ունենում մեդիա ոլորտի, արվեստի և գրականության փորձառու մասնագետների հետ, հարցազրույցներ վարում և իհարկե թեյում: Ինչպես կարելի էր ենթադրել, թեյն էլ անկրկնելի է. Հայաստանի տարբեր մարզերից բերված ծաղիկների անկրկնելի բույրով և համով: 

Այս անգամ «17.am»-ի հյուրն է մեդիափորձագետ, լրագրող, խմբագիր Գեղամ Վարդանյանը:

-Կպատմե՞ք Ձեր մասին, ե՞րբ սկսեցիք աշխատել որպես լրագրող:

-Ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆորմալ տեսանկյունից լրագրողի կրթություն չունեմ: Աշխատում եմ 1999 թվականից: Նախ աշխատել եմ «Ա1+» հեռուստաընկերությունում: Այն ժամանակ «Ա1+»-ը եթեր ուներ: Դուք երևի չեք հիշի, որովհետև 2002 թվականին փակվեց, բայց մինչև հիմա կայքը կա, շատ հայտնի չէ, բայց հուսով եմ, երբեմն օգվում եք այդ կայքից: «Ա1+»-ում ես եղել եմ թղթակից: Փակվելուց կես տարի հետո տեղափոխվեցի «Ինտերնյուս», որը հիմա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն է: Այնտեղ իմ հիմնական գործը չեմ կարող նշել, ես ամեն ինչով եմ զբաղվել: Ես ավելի շատ զբաղվել եմ ինտերնետային լրագրությամբ: Վերջին 5-6 տարում սոցիալական և մուլտիմեդիայի հետ եմ գործ ունեցել, բայց իմ հիմնական գործը միշտ եղել է www.media.am կայքի խմբագրումը: Մենք քիչ ենք` ես, երկու լրագրող և մի անգլերենի խմբագիր: Ունենք նաև հեղինակներ, ովքեր թղթակցում են: Այս կայքը ամենահին կայքերից մեկն է Հայաստանում, ստեղծվել է 2000 թվականին և 16 տարիների ընթացքում` 4 անգամ թարմացվել է: 2010-2011 թվականներին կայքը հիմնավոր փոխվել է, և հիմնական նպատակն է` Հայաստանում մեդիայի քննադատությունը զարգացնելը, այսինքն, հասկանալ մեդիան, խնդիրների մասին խոսել, քննադատաբար մոտենալ մեդիային: Ինչ-որ դեպքերում ինձ ներկայացնում են որպես մեդիա փորձագետ: Ես այդ բառը այդքան շատ չեմ սիրում, բայց իրականում Հայաստանում կամ աշխարհում, լրագրության կամ մեդիայի հետ կապված այդպիսի խնդիր չկա, որն ինձ չհետաքրքրի: Շատ ժամանակ նույնիսկ ոչ այնքան փորձագիտական նպատակներով, այլ զուտ հետաքրքրություն որպես: Ու ինչ որ դեպքերում այդ մասին խոսելը, կարծիք կիսելը, ինքնաբերաբար ստացվում է փորձագիտություն:

-Ի՞նչը ստիպեց ֆիզիկոսից դառնալ լրագրող: Այսօր համալսարանում մեզ ասում են, որ լրագրողն անպայման պետք է ավարտի լրագրության ֆակուլտետը: Ու եթե ինչ-որ մեկը փորձի այլ մասնագիտության դիպլոմով լրագրող աշխատել, չենք կարող ասել բոլոր, բայց շատ դռներ փակ կլինեն նրա դիմաց:

-Հայտնի լրագրողի անուն ասեք:

-Ռուզան Խաչատրյան:

-Ռուզանը բանասիրականն է ավարտել:

-Աննա Իսրայելյան: Արամ Աբրահամյան:

-Աննան էլ է բանասիրականն ավարտել, Ռուզանի կուրսեցին է, իսկ Արամ Աբրահամյանը երաժիշտ է:

-Գայանե Փայտյան:

-Գայանե Փայտյանը երևի բանասիրական է ավարտել: Ասում եմ բանասիրական, քանի որ այն ժամանակ լրագրության ֆակուլտետ չի եղել:

-Ռուզան Մինասյանն էլ է՞ բանասիրականն ավարտել:

-Այո՛:

-Օրինաչափությունը պարզ է արդեն:

-Չգիտեմ` ինչպես ստացվեց: Սովորում էի ֆիզիկայի ֆակուլտետում, հոդվածներ էի գրում տարբեր թերթերում՝ «Առավոտ»-ում, «Ազգ»-ում: Սովորել եմ 1991-1996 թթ., 1996-ին գնացի բանակ, 1998-ի վերջին եկա: Սովորել եմ, երբ պատերազմ էր: Վատ չեմ սովորել, բայց մեր կուրսում 100-ից ավել էինք, ու եթե ես որոշեի ֆիզիկայով զբաղվել, պետք է նորից ինչ-որ փուլերով անցնեի: Մի խոսքով` դժվար էր ֆիզիկայով շարունակելը: Մեր կուրսից երևի 5 կամ 7 հոգի է ֆիզիկայի գծով շարունակել: Այդ ժամանակ «Ա1+»-ում աշխատում էր եղբորս ընկերը, մոնտաժ էր անում, այդ ժամանակ տղա լրագրող էին որոնում, ես էլ փորձեցի: Սկզբում դժվար էր, բայց կամաց-կամաց ստացվեց:

Հիմա կրթության մասին: Իմ խորին համոզմամբ, և մեր կազմակերպությունում շատերի համոզմամբ, լրագրողի համար բակալավրիատ ընդհանրապես պետք չի: Իմ կարծիքով, լրագրողի համար մագիստրատուրան լիովին բավարար է, որովհետև նա պետք է ստանա հիմնական կրթություն սոցիոլոգի, տնտեսագետի կամ այլ մասնագիտության գծով և հետո մագիստրատուրայում լրագրություն սովորի: Ես չեմ պատկերացնում, թե ինչ են սովորեցնում 4 տարի բակալավրիատում: Իմ կարծիքով, եթե մարդն ունի հիմնավոր գիտելիքներ, ունի սովորելու ընդունակություններ, կարողանում է հետազոտություն անել, կարողանում է տեքստ գրել, իսկ տեքստ գրելը Հայաստանում ամենալուրջ խնդիրներից մեկն է, ինչպես նաև կապակցված խոսելը: Սա չեն սովորեցնում դպրոցում, համալսարանում: Ավագ դպրոցում կամ համալսարանում չեն սովորեցնում մտքերը հավաք գրել, դրա փոխարեն հանձնարարում են շարադրություն գրել, որը հուզական և ստանդարտ մտքերի արտահայտումն է` «Աշուն», «Գարուն», «Ձմեռ», «Ամառ» և այլ թեմաներով: Բայց եթե հանձնարարեն մտքերը հավաքել ու գրել, ինչ-որ հիմնախնդրի մասին իրենց կարծիքը, այդ երեխաներին շատ ավելի օգուտ տված կլինեն: Համալսարանում չեն սովորեցնում աշխատել առաջնային ու երկրորդային աղբյուրների հետ: Այսինքն, տարբերակել առաջնային ու երկրորդային աղբյուրները: Չեն սովորեցնում էսսեներ գրել, հետազոտություններ անել… Եթե մարդը սովորել է համալսարանում, ունի գիտելիք ստանալու, հավաքելու, փոխանցելու հմտություններ, նա կարող է հետագայում շարունակել: Իզուր չէ, որ մագիստրատուրան երկրորդ հնարավորություն է: Ֆորմալ կրթությունը բարդ է, ես բակալավրիատում երբեք չեմ դասավանդել, մագիստրատուրայում եմ դասավանդել, բայց դա էլ է բարդ: Հիմա դասավանդում եմ Բրյուսովի համալսարանում` մագիստրատուրայում` տվյալների լրագրություն: 4 ուսանող ունեմ, որոնցից ոչ մեկը լրագրող չի եղել: Դուք անուններ ասացիք, ու ես էլի անուններ կարող եմ ավելացնել, ովքեր ավարտել են լրիվ ուրիշ բաժին, բայց հիմա լրագրողներ են: Ամենահայտնիներից` Արտակ Ալեքսանյանը, պատմության ֆակուլտետն է ավարտել, ու էլի շատ-շատերը տարբեր տեղեր են ավարտել, ու այնպես չէ, որ միայն ես եմ, ու դա յուրահատուկ բան է: Հիմա շատերը, ովքեր լրագրության ֆակուլտետում են սովորում, սովորաբար 2-րդ, 3-րդ կուրսից, սկսում են աշխատել, և դա է ճանապարհը, պետք է սկսել:

-Արդյո՞ք սովետական մտածողությունը չի ազդել լրագրության վրա:

-Մի բան կա Խորհրդային Միությունից եկած, որ ես չեմ ընդունում: Մեկը, որ ասում են` լրագրողները չորրորդ իշխանություն են, լսել ե՞ք այդպիսի բան: Իշխանության 3 ճյուղ կա` օրենսդիր, գործադիր և դատական, լրագրությունն էլ համարում են չորրորդը: Սա իմ կարծիքով սխալ է: Իսկ երկրորդը ԶԼՄ հապավումն է` Զանգվածային լրատվության միջոց, սա էլ է Խորհրդային Միությունից եկած, բայց աշխարհում այդպես չի ընդունված: Այստեղ մի բառը պետք է փոխվի` լրատվամիջոցը, որովհետև լրագրության մեջ կապը ուղղահայաց է, ես ասում եմ նորություն, դուք` լսում եք: Պետք է լինի հաղորդակցության միջոց:

-Կպատմե՞ք «Ինտերնյուսի» մասին:

-Մենք 20 տարեկան ենք` 20 տարվա կազմակերպություն ենք: Հիմնականում 3 ուղղություններով ենք զբաղվում: Առաջինը` մեդիայի արտադրությունն է. հիմնականում հեռուստատեսային արտադրանքի մասին է խոսքը: Հեռուստատեսային հաղորդումներ, վավերագրական և կորպորատիվ ֆիլմեր, սոցիալական գովազդային հոլովակներ: Այդ հաղորդումները 20 տարի է, ինչ կան ու շատ տարբեր են:

Ձեր մարզերում կա՞ն տեղական հեռուստաընկերություններ, այստեղ ո՞ր մարզերից ունեք թղթակիցներ:

-Սյունիքից, Շիրակից, Վայոց ձորից, Լոռուց…

-Վայոց ձորում մեդիայի տեսակետից, վիճակը բարդ է: Սյունիքում Գորիսի «Լաստ» հեռուստաընկերությունը կար, որը հիմա փակվել է կամ օրինակ, «Սոսի» հեռուստաընկերությունը, որը մեր գործընկերն է: «Ֆորտունան» Ստեփանավանի հեռուստաընկերությունն է, որը հիմա մարզային հեռուստաընկերություն է:

Մեր գործընկեներն են` Շիրակից «Ցայգ»-ը, «Գալա»-ն, «Շիրակ հանրային»-ը, Վանաձորից` «Լոռի»-ն, «Միգ»-ը: Մեր հեռուստատեսային հաղորդումները սովորաբար պատրաստվում են գործող լրագրողների մասնակցությամբ, այսինքն, հաղորդումն իր մեջ ունի 2 բաղադրիչ` դասընթաց և հաղորդման պատրաստում: Այս պահին «Արմնյուզ» հեռուստաընկերության համար ենք հաղորդում պատրաստում, որը տեղական ինքնակառավարման մարմինների մասին է: Ինչպես գիտեք, մարզերում հիմա խոշորացման գործընթաց է տեղի ունենում՝ գյուղերը միավորվում են, այդ մասին է հաղորդումը: Հիմա մենք նոր ձևաչափ ենք պատրաստում, հետո փոխանցելու ենք հեռուստաընկերություններին, որ շարունակեն: Կոչվում է «Տիմատիկա», վարում է Արտակ Վարդանյանը: Հեռուստատեսային հաղորդումները այդպես շատ-շատ տարբեր են: Նախկինում «Ստորակետ» է եղել, որը մարզային էր, հետո «Դիտակ», հետո «Հետաքննական», ու այսպես լրագրությունը անընդհատ փոփոխվում է: Մենք փոքր ստուդիա ունենք, այնտեղ հաղորդումներ ենք նկարահանում, դոկումենտալ շատ ֆիլմեր ունենք, լրագրողական հետաքննություններ և այլն: Շա~տ մեծ բաղադրիչ են հայ-ադրբեջանական, հայ-վրացական համատեղ նախագծերը: Երևի տեսած կլինեք «Մենք ենք» պատանիների հաղորդումը: Այս հաղորդումը յուրաքանչյուր երկրում ուներ իր անվանումը: Օրինակ, Արտակ Վարդանյանն այդ հաղորդումից էր, 7 տարբեր սերունդներ ենք ունեցել, այսինքն, մենք շրջանավարտներ ունենք, որոնք հետագայում աշխատանք են ստանում «Հանրային հեռուստաընկերությունում», «ՊանԱրմինիան» հեռուստաընկերությունում, «Մեդիա հոլդինգ գրուփ»-ում, «Ազատություն» ռադիոկայանում և այլն:

2-րդ մեծ ուղղությունը դասընթացներն են: Լրագրողական դասընթացներ անելու տեսանկյունից Հայաստանում երևի թե ամենամեծ փորձը մենք ունենք: Շատ տարբեր դասընթացներ են եղել: Սկզբում` 1995-1996 թվականներին, երբ նոր էինք աշխատում, ամեն բան այլ էր: Հասկանո՞ւմ եք, լրագրողների սերունդը փոխվել է: Այն լրագրությունը, որը կար Խորհրդային Միության ժամանակ՝ փոխվեց: Նախ՝ պատերազմական լրագրություն էր, պատերազմի ժամանակ, երբ որ արդեն սկսեցին առաջին կայանները բացել՝ և՛ մարզային, և՛ հանրային, այդ «լրագրություն» հասկացությունն արդեն շատ փոխվել էր: Սկզբնական բանը, որ մենք անում էինք՝ արևմտյան դպրոցի լրագրությունը ներմուծելն էր, ու այդ դասընթացները երկարատև էին: Միջազգային դասընթացավարներով տևում էին 6 շաբաթ: Տեղացի ու մարզերի երիտասարդներին սովորեցնում էին և՛ նկարել, (լրագրողը պետք է իմանա նաև նկարել), և՛ տեքստ գրել, և՛ ձայնի հետ աշխատել, և՛ մոնտաժ անել: 6-րդ շաբաթվա վերջում արդեն լուրերի թողարկում էին դնում: Դրանք ամենաերկար դասընթացներն էին: Հիմա դասընթացները շարունակվում են, ուղղակի մի քիչ տարբեր են, մի քանի ուղղվածություն ունեն: Մեկը հետաքննական լրագրությունն է, մյուսը` տվյալների լրագրությունը, մուլտիմեդիա պատմությունները, և մյուսը՝ նորությունների ստուգումն է: Երբևէ լսե՞լ եք «News Verification»-ի մասին. ստուգում են սոցիալական մեդիայից եկած նորությունները: Եթե մենք ունենայինք շրջանավարտների միություն, արտադրանքի ու դասընթացների տեսակետից Հայաստանում լրագրողների ու մենեջերների, օպերատորների, ինչպես նաև առևտրով զբաղվողների` գովազդ վաճառողների մեծ մասը կլինեին այդ միության անդամները: Այսինքն, մեր կազմակերպություն սերունդեր են եկել, գալիս են, գնում են ու դեռ գալու ու գնալու են:

3-րդ ուղղությունը դա մեդիա գրագիտությունն է: Չգիտեմ, թե ինչքանով գիտեք, թե դա ինչ է նշանակում, իրականում այն, ինչն անում է «Մանանա» կենտրոնը` հենց մեդիա գրագիտություն է: Նաև այն է, ինչ-որ անում էինք մենք` «Մենք ենք»-ի հետ, որը դեռ տարածում չուներ այստեղ: Մենք երեխաների հետ հաղորդում էինք պատրաստում, դա էլ էր մեդիա գրագիտություն: Ասում եմ, որ «17.am»–ը կամ «Մանանա» կենտրոնի գործունեությունը մեդիա գրագիտություն է, որովհետև այստեղ կա մի շատ կարևոր կոմպոնենտ` մեդիա ստեղծելը: Մեդիա ստեղծելու ժամանակ դու մեդիան հասկանում ես: Մեդիագրագիտությունը, իմ կարծիքով, առաջինը քննադատական մտածողության զարգացումն է: Մեդիա գրագիտությունը մեր կարևոր ուղղություններից մեկն է: Մենք մեր կայքում մեդիա գրագիտության խաղ էլ ունենք, եթե ժամանակ ունենաք, խաղացեք այդ խաղը, կոչվում է «Մեդիամարտ»: 10 փուլ կա այնտեղ: Նաև դպրոցների հետ ենք աշխատում: Մենք կարծում ենք, որ մեդիագրագիտությունը պետք է դպրոցում առանձին առարկա լինի: Ամերիկայում և Եվրոպայում այն առանձին առարկա է: Տարբեր տեղեր ունի տարբեր դրսևորվումներ, նաև ինտեգրվում է մյուս առարկաների մեջ: Մենք կարծում ենք, որ երեխաները դեռ դպրոցից պետք է հասկանան, թե ինչպես է ստեղծվում մեդիան, ինչպես են սպառում մեդիան, ինչպես քննադատական մտածել և չթողնել, որ իրենց խաբեն և այլն, մի խոսքով` ինչպես կարողանան ստեղծել մեդիա: Դպրոցներում մենք խնդիր ենք ունենում, որ շատ ժամանակ իրենք շփոթում են դա ինֆորմատիկայի կամ ծրագրերի ստեղծման հետ: Երբ ուսուցիչների համար դասեր ենք անում, շատ անգամ նրանք մտածում են, թե դա վերապատրաստման ծրագիր է, բայց` ո’չ: Մենք շատ տարբեր առարկաների ուսուցիչներ ենք ունեցել` ֆիզիկայի, հայոց լեզվի, մաթեմատիկայի:

-Կարո՞ղ ենք ասել, որ «Ա1+»-ը եղավ այն հիմնաքարը, որի վրա շարունակեցիք Ձեր կարիերան:

-Կարիերայի հարցը բարդ է: Ես չգիտեմ այդ կարիերան լա՞վ է, թե՞ վատ, բայց «Ա1+»-ը իմ տներից մեկն է մինչև հիմա: Այն շատ լավ դպրոց է լրագրողի համար: Ոչ թե տնտեսական կամ ֆինանսական տեսանկյունից, այլ ավելի ազատ աշխատելու և որպես լրագրող քո ուզածը անելու տեսանկյունից: Դա ժամանակահատված էր, երբ հեռուստատեսություններն ավելի ազատ էին, դրանից հետո այլևս չեղավ այդպիսի բան: Ես «Ա1+»-ում աշխատելու ընթացքում մի քանի շատ կարևոր իրադարձություն լուսաբանելու հնարավորություն եմ ունեցել, որն ինձ համար շատ-շատ կարևոր է եղել: Մեկը 1999 թվականի հոկտեմբերի 27-ն էր: Այդ ժամանակ «Ա1+»-ն առաջին ժամերին միակն էր, որ աշխատում էր, իսկ հետո ամենահավաստին էր: Այն ժամանակ համացանց չկար, պատկերացնո՞ւմ եք: Համեմատենք մերօրյա իրադարձությունների հետ` ապրիլյան քառօրյա պատերազմի հետ, կամ հուլիսյան ՊՊԾ գնդի գրավման հետ ու պատկերացնենք, որ համացանց չկա, հեռուստատեսությունն էլ չի լուսաբանում, ինչպիսի իրավիճակ կստեղծվեր: «Ա1+»-ում նաև սովորել եմ նորություններ պատրաստել, եղել եմ խորհրդարանական թղթակից, սովորել եմ լարվածության մեջ աշխատել, որովհետև աշխատում էի առավոտյան ժամը 9-10-ը, իսկ ժամը 22-ին գնում էինք տուն: 12 ժամ լարված աշխատանք: Պատկերացրեք. օրվա մեջ 2 սյուժե նկարահանել, հետո տեքստ գրել, հետո մոնտաժել, ընդ որում` արագ-արագ, ժամը մեկ նորությունների թողարկում կար, այսինքն, վազել այդ միջանցքներում, հասցնել եթերներին: Մոնտաժը գծային էր: Սա բավականին ժամանակատար է: Գծայինը դա երկու ձայնագրիչ է իրար կողքի, երկու մոնիտոր, ու դու երկու տեսաժապավեն ունեիր, մեկը` «мастер»-ն էր, որի վրա հավաքվում էր վերջնական հաղորդումը, մյուսը` նկարահանած նյութը` «исхвдный» էին ասում: Տեսաժապավենը մտցնում էին տեսագրիչի մեջ, անհրաժեշտ հատվածները կտրում, մյուսի վրա հավաքում: Հիմա արդեն ոչ գծային է ու ժամանակատար չի:

Պատկերացրեք, դու պետք է սյուժե նկարեիր, ու այնքան ռացիոնալ, որպեսզի մոնտաժը հեշտ լիներ: Սովորել եմ շտատիվ քարշ տալ, դա շատ կարևոր է, որովհետև պետք է կարողանաս որպես թիմ աշխատել, օգնես օպերատորին, որպեսզի լավ նյութ ստանաք: Պատկերացրեք, 11-ին` նկարահանման, 12-ին արդեն պետք է մոնտաժ, տեքստ, տեքստը խմբագրի հետ ստուգել, որ ժամը 4-ին եթեր է արդեն: Զիջել եմ սովորել:

Պետք է ճիշտ կազմակերպել լուրերի արտադրությունը, եթե շտապ նորություն է, կարևոր է, պետք է առաջնահերթ դա անել, իսկ նա, ով ցուցահանդեսից է եկել, կարող է մի ժամ հետո էլ նյութը մոնտաժել: Լրագրողներից ամենակարևոր բանը, որ սովորել եմ` կրճատելն է, որովհետև խնդիր է, երբ տեքստ ես գրում, և քո տեքստը կրճատում են, որպեսզի տեղավորվի 1 րոպե 15 վայրկյանի մեջ, բայց էականը մնա:

Երբ ինչ-որ իրադարձություն պետք է լուսաբանվի, սովորաբար լրագրողները երկար չեն էլ մտածում, գնում են ու բոլորով նույն բանը սկսում լուսաբանել, և իրենցից ամեն մեկին թվում է, թե ինչ-որ արտասովոր բան են լուսաբանել, բայց այն արդեն սովորոկան նյութ է դառնում:

-Իսկ ինչո՞ւ եթերից դուրս եկավ «Ա1+»-ը:

-Դա քաղաքական հարց է: Սա բարդ է բացատրելը: Ֆորմալ տեսակետից 2002 թվականին Հայաստանում եղավ լիցենզավորման մրցույթ հեռուստատեսությունների համար, ստեղծվեց հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողով, որը հեռուստատեսությունների լիցենզավորման մրցույթ հայտարարեց: Այն կապուղին, որը հեռարձակում էր «Ա1+»-ը, մրցույթ եղավ այդ կապուղու համար: «Ա1+»-ը պարտվեց այդ մրցույթում, և հիմա այդ կապուղին «Կենտրոն» հեռուստաընկերությանն է: Այս տեսակետից գուցե «Ա1+»-ը չէր զգում վտանգը և գուցե հնարավոր էր, որ ավելի լավ պատրաստվեր և ավելի լավ արդյունք ներկայացներ, չգիտեմ: Ֆորմալ տեսակետից դրանից հետո «Ա1+»-ը 2002 թվականից մինչև 2010 թվականը մասնակցեց տարբեր մրցույթների, շատ հիմնավոր փաթեթներով և շատ առաջարկներով, բայց միշտ պարտվել է: Նույնիսկ ռադիոյի մրցույթի մասնակցեց ու պարտվեց: Ինչո՞ւ այդպես եղավ, ինչո՞ւ ենք ասում` փակվեց, չենք ասում` կորցրեց լիցենզիան, որովհետև գոնե ինձ համար երկու ակնհայտ քաղաքական պատճառ կար: Մեկը հոկտեմբերի 27-ն էր, և երկրորդը, որ «Ա1+»-ը լուսաբանեց, և եթե մենք չլուսաբանեինք, նույնիսկ թերթերում չէր լուսաբանվի, դա Պողոս Պողոսյանի սպանությունն «Առագաստ» սրճարանում: Լիցենզիայից զրկվելը օրինակ էր մյուս բոլոր հեռուստաընկերությունների համար: Սա համակարգի փոփոխություն էր, որ եթերը պետք է վերահսկելի լինի:

Հիմա, որ մի քիչ հեռվից եմ նայում ու այլ տեսանկյունից արդեն, որովհետև լրագրությունն է փոփոխվում, մեր հայացքներն են փոփոխվում լրագրության նկատմամբ, մտածում եմ, թե ինչ էինք անում մենք 1999-ին: Ասենք, մենք հեռախոսով եթեր էինք տալիս Նաիրի Հունանյանին, ինչը եթե հիմա կողքից նայեի, կամ եթե ես լինեի խմբագիր, ու մեկը գար` ասեր` ես համարը ունեմ այդ մարդու, զանգենք` եթեր տանք, ես շատ-շատ լուրջ կմտածեի` անել այդ քայլը, թե ոչ, ու երևի չէի անի, որովհետև իր անունը տեռորիստ է տվյալ դեպքում: Տեռորիստներին եթեր տալով դու նպաստում ես, որ իրենց տեռորը գնա առաջ: Այսինքն ուզում եմ ասել, որ են ինչ անում էինք, վստահ չեմ, որ շատ ճիշտ էինք անում: Բայց իրականում մենք ինֆորմացիա էինք տալիս մեծ հաշվով այն ժամանակ, երբ ինֆորմացիա չկար համարյա: Բայց «Ա1+»-ը, իմ կարծիքով, դրա համար փակվեց: Մարդիկ միտինգներ էին անում ի պաշտպանություն «Ա1+»-ի, Եվրոպայի խորհուրդը պահանջում էր, որ եթեր վերադարձնեն, և այլն: Հիմա ԱրմՆյոզով 20 րոպե եթեր ունի օրական, սա ինչ-որ ձև նաև ֆորմալ լուծում է համարվում այդ հարցի համար:

-Իսկ ի՞նչ է մամուլի ազատությունը, որտե՞ղ է սկսվում և որտե՞ղ ավարտվում այն:

-Իրականում սա բարդ հարց է: Լրագրությունը պատմություններ պատմելն է. պետք է պատմես, այնքան, որքան կարող ես պատմել, բայց դու ունես սահմաններ, որոնք չպետք է անցնել: Դա կարող է լինել մարդու կյանքի հետ կապված, օրենքի հետ կապված, ի վերջո` ինքնանպատակ պիտի չլինի ինչ-որ բան պատմելը: Երբ խոսում ենք մամուլի ազատության մասին, երբ խոսում ենք սահմանների մասին, երբ գալիս է պահը՝ անել, թե չանելու, պետք է հարցդ լինի հետևյալը. «Ինչքանո՞վ է քո արածը կարևոր հասարակության համար», «Ինչպե՞ս է հասարակությունը քո արածից դիվիդենտ ստանում»: Այսինքն, օրինակ եթե բերեմ, ասենք, Սնոուդենի պատմությունը գիտեք: Մարդ, ով աշխատում էր Ամերիկայի Ազգային Անվտանգությունում, բացահայտել էր Ամերիկայի գաղտնի ծառայությունների բոլոր պլանները և քաղաքական ապաստան էր խնդրել Ռուսաստանից: Իր այդ ինտերնետային ազատությունների սահմանափակման բացահայտումներով նա շատ կարևոր մարդ է համարվում ամբողջ աշխարհում: Նրա այդ արածի մասին բազմաթիվ աղբյուրներ են բարձրաձայնել: Վերջերս «Վաշինգթոն փոստը» մի մեծ հայտարարություն արեց իր աղբյուրին, իսկ Սնոուդենն իր համար աղբյուր էր, որ Սնոուդենը պետք է վերադառնա ԱՄՆ, դատապարտվի ազատազրկման, որովհետև վերջ ի վերջո մարդկանց կյանքեր չի փրկել: Ինչո՞ւ եմ ես այս օրինակը բերում: Երբ խոսում ենք մամուլի ազատության մասին, սահմանների մասին, երբ գալիս է պահը` անել թե չանել, պետք է հարցդ լինի հետևյալը. Ինչքանո՞վ է քո արածը կարևոր հասարակության համար: Ինչպե՞ս է հասարակությունը քո արածից դիվիդենտ ստանում, ասենք, տեռորիստին ձայն ես տալիս, հասարակությունը դրանից ի՞նչ է ստանում:

Բայց չգիտեմ, ամեն դեպք առանձին պետք է քննարկել, մի քանի անգամ պետք է մտածել և որոշումները խմբագրությունում քննարկել, հետո որոշիչ քայլերի դիմել: Լրագրողության մեջ մի շատ կարևոր կանոն կամ պարտավորություն կա. «Մի՛ վնասիր»:

Խմբագրությունները հիմնականում ունենում են իրենց էթիկայի կանոնները, ոչ մեկն իրենց չի ստիպում այդ էթիկայի կոդեքսներն ունենալ, օրենքը չի պարտադրում դա: Իսկ ի՞նչ է գրվում էթիկայի կոդեքսներում: Օրինակ` թանկարժեք նվերներ չենք ստանում, էթիկայի սկզբունքներ ունենք երեխաների հետ աշխատելու ժամանակ, խոցելի խմբերի հետ աշխատելու ժամանակ: Մեր լրագրողը չի կարող ունենալ պղնձամոլիբդենային գործարանի բաժնետոմս և լուսաբանել այդ գործարանը, և այլն: Նրանց ոչ մեկը չի ստիպում դա անել, կամավոր սկզբունքով արվող քայլ է, կամավոր սահմանափակումներ են, որ խմբագրությունը իր առջև դնում է:

-Երբ կարդում ենք նյութեր, որոնց տակ անուններ նշված չեն, դա ինչպե՞ս հասկանանք, հեղինակային իրավունքի խախտո՞ւմ է:

-Դա հեղինակային իրավունքի խախտում չէ, որովհետև հեղինակը համարվում է կայքը, բայց ցանկացած նյութ պետք է հեղինակ ունենա, որ մենք հասկանանք, թե ում հետ ենք խոսում: Եթե նայենք կայքեր կամ թերթեր, շատ հոդվածների տակ, բացի անունից, կա նաև հետադարձ կապ:

-Ինչքանո՞վ է համացանցը օգնում կամ խանգարում լրագրությանը ու ընդհանուր առմամբ լրագրողին: Օգուտները մի քանի տեղ նշեցիք, որ շատ է տարածվում և այլն, բայց կա՞ն առանցքային բաներ, որոնք խանգարում են լրագրությանը:

-Լրագրողին ի՞նչն է կերակրում՝ լսարանը, իր գրած նյութերը կամ իր ոտքերը: Պետք է վազի: Հիմա լրագրողների մոտ առաջացել է մի սերունդ, որը անընդհատ նստած է: Դա խնդիր է: Մի 4-5 տարի առաջ էր, «Ա1+»-ում իմ ընկերներն ասացին, որ մի շատ լավ աղջկա են գործի ընդունել, իրեն մի անգամ ասել են, թե արխիվում հրդեհ է, ասել է` հիմա կմտնեմ ինտերնետ, կնայեմ, իրականում` նա պետք է վազեր դեպի այդ արխիվը: Այս իմաստով խանգարում է, որովհետև համացանցի վրա շատ հույս դնելը խնդիր կարող է լինել:

Խնդիր է նաև այն, որ համացանցում չափազանց շատ է ինֆորմացիան, և դու սխալվելու հավանականություն ունես, բայց սա արդեն հմտությունների հարց է: Եթե դու լրագրող ես, պետք է կարողանաս ինֆորմացիան տարբերել, գտնել, առանձնացնել: Բայց առանց համացանցի դժվար է պատկերացնելը: Օրինակ, եթե խմբագրությունում համացանցի հետ խնդիր կա, գործը գրեթե կանգնում է:

Զրույցը գրի առավ Մարիամ Հայրապետյանը

Gayane Avagyan

Ե՞րբ…

Այնքան եմ ուզում, որ շուրջս գտնվող ամեն ինչը փոխվի: Մի օր բացեմ աչքերս ու իմ դիմաց մի այլ աշխարհ տեսնեմ: Այդ աշխարհում մարդիկ շատ բարի կլինեն, կօգնեն ու չեն վիրավորի իրար: Նրանք միշտ կժպտան ու դրական էներգիա կսփռեն շուրջբոլորը: Բայց քանի որ այլ աշխարհ անհնար է ստեղծել գործնականում, գոնե փորձենք մեր այս աշխարհը լավը դարձնել:

Ուզում եմ` մարդիկ լիարժեք ապրեն, որ չզղջան հետո: Գիտակցեն, որ այս վայրկյանը կարող է էլ չկրկնվել: Բացեն աչքերը ու հասկանան` ամեն ինչ անցողիկ է, ու միայն բարին է հիշվելու, որ այսօրվա գործը վաղվան պետք չէ թողնել: Փորձենք լիարժեք ապրել ու արժևորել մեզ տրված կյանքը, սովորենք կյանքից դրականը ստանալ ու գեղեցկացնել աշխարհը, հասկանալ կյանքի իրական խորհուրդը:

Ե՞րբ…

Ե՞րբ պիտի կարողանանք սովորել մեր կյանքում իրականացող երևույթներին լավ աչքով նայել` նկատելով ոչ միայն վատը, այլև վատի մեջ թաքնված լավը:

Ե՞րբ պիտի սովորենք նայել մարդկանց աչքերին և չստել:

Ե՞րբ պիտի հասկանանք, որ չասված խոսքերը երբեմն ավելի կարևոր են:

Ե՞րբ պիտի կարողանանք մեր մեջ ուժ գտնել սխալներն ուղղելու համար:

Ե՞րբ պիտի սովորենք ժամանակն անիմաստ վատնելու փոխարեն մի օգտակար գործով զբաղվել:

Ե՞րբ պիտի հասկանանք, որ այս կյանքում ամեն ինչ հավերժ չէ. ապրել է պետք պահը:

Ե՞րբ պիտի կարողանանք նայել աստղերին ու արևին էլ հիշել:

Ե՞րբ պիտի սովորենք ասված խոսքերի, գրված տողերի տակ եղած ասելիքն էլ հասկանալ:

Ե՞րբ պիտի հասկանանք, որ մարդկանց մասին վատախոսել չի կարելի նրանց բացակայության ժամանակ:

Ե՞րբ պիտի սովորենք նորաձևություն թելադրող լինել ինքներս, ու չդառնալ նորաձևության զոհը:

Ե՞րբ պիտի կարողանանք գիտակցել, որ հարստությունը, հասարակական դիրքը անցողիկ երևույթներ են կյանքում:

Ե՞րբ պիտի հասկանանք, որ ուր էլ լինենք, մեր համար ամենաբարձր արժեքը պետք է մնա արյան գնով սրբացած ու մեզ հասած այս մի բուռ հողը:

Ե՞րբ պիտի սովորենք երջանկությունը տեսնել մանրուքներում:

Ե՞րբ պիտի գնահատենք մեզ տրվածը ու հասկանանք, որ երջանկությունը հենց կյանքի, լինելիության մեջ է:

Մի օր. գուցե վա՞ ղը:

mariam tonoyan

Թափառող հայացքներ

Աչքերի համար որքա՜ն հաճելի է տարածությունը, հեռավորությունը սիրելի վայրերից, դիմացդ փռված անծայրածիր ու անվերջ ձգվող հորիզոնը, որ թվում է, թե ձուլվել է երկնքի մովին, ձյունապատ լեռների անհաս կատարները, երկնակամարում հալվող արևը, ծառերի զմրուխտ սաղարթները, կապուտակ երկինքը, բարձրահարկ շենքերն ու անշուք խրճիթները:

Տարածությունն անսահմանափակ է, անարգել` թափառող հայածքների համար: Այո՛, հանդիպում են հայացքներ, որոնց չի հերիքում տարածությունը, որոնք անվերջ թափառում են այնքան ժամանակ, մինչ կգտնեն մեկ այլ անհուն աչքեր, որոնք կկլանեն հայացքը, իր խորքերը կտանեն ու վերջ կդնեն որոնումներին:

Կիրակնօրյա դպրոցում գործող ազգային երգի դասերի ժամանակ հայացքս անընդհատ պատուհանից դուրս` դեպի աշխույժ փողոցն էի ուղղում, ինչի համար հաճախ նկատողություն էի ստանում: Բայց ինչպե՞ս դուրս չնայեի: Ճնշող ու կարծես աստիճանաբար նեղացող չորս պատեր, բարձր ձայն, դաշնամուրի ստեղներից ծնվող երաժշտության տարբեր տոնայնություններ, տոթ սենյակ, պատերին փակցված գույնզգույն նկարներ` երեխաների նկարած, որոնք ամեն դասի մանրակրկիտ զննելուց ու հաճույք ստանալուց հետո արդեն ձանձրալի էին դարձել: Օդը կարծես ծանրանում, իսկ աչքերս զույգ ածուխների նման այրվում էին լարվածությունից: Կենտրոնանալ, լինելով չորս պատերով շրջապատված, ինձ համար անհնար էր: Գնանք, նստենք քչքչան գետի ափին, և ինչքան ուզեք, պատմեմ Նապոլեոնի, Հիտլերի, Տիգրան Մեծի և ուրիշ շատերի մասին, վերհիշելով պատմության տարբեր անցքերն ու մանրագույն դրվագները, բայց բավական է պատմության դասաժամերին գրատախտակի մոտ անցնեմ, տեսնեմ ինձ նայող դասընկերներիս ուշադիր հայացքները, նույն դասասենյակի դատարկ պատերն ու պատասխանի սպասող ուսուցչուհուս, պապանձվում եմ, լարվում և սկսում արտասանել կցկտուր ու անհաստատ տողեր, այն էլ ոչ թե իմ իմացածը, այլ գրքային բառերով անհասկանալի, քարացած բառեր: Լարվածությունից սկսում եմ հոգնածություն զգալ: Եթե գրիչ ունենայի ձեռքումս, հավանաբար կկոտրեի այդ անտանելի լարվածությունը: Աչքերս ակամա սկսում են ելք փնտրել անբնական տեսարանից փախչելու համար և կրկին հանգում պատուհանին: Բայց ո՛չ, ոչ թե հանգում, այլ սավառնում պատուհանից այն կողմ բացվող հաճելի ու անշուք տեսարանի խորքերում: Այ սա ուրիշ բան է ` իմ սիրելի, համեստ տեսարանը: Գեղամա լեռները` հպարտ ու վեհ, սեփական և բարձրահարկ շենքերի թիկունքում վեր են խոյանում, իսկ տեսարանի կենտրոնում` լքված տնակի փոքրիկ պատշգամբում` խունացած ու հինավուրց բազմոց է, որ ձմռանը ձյունով է պատվում, աշնանը` տերևներով, գարնանը թրջվում է անձրևից, ամռանը` չորանում: Հավանաբար ոչ բոլորը այդքան կարևորություն կտային մի բազմոցի, որն արդեն վաղուց ոչ ոքի պետք չէ : Սկզբում նկատելով տեսարանը` ինքնաբերաբար մոռանում էի դասի մասին, մտածում տան նախկին բնակիչների մասին, մտքում հաշվում էի, թե որքան կարող է արժենալ նոր բազմոց գնելը: Այժմ այդ պատկերին նայելով խաղաղվում եմ, մտքերս համախմբվում ու պայծառանում են, բառերն ակամա հաջորդում են իրար, սակայն հայացքս չի դադարում ուվականի նման հեռուներում անվերջ թափառելուց, փնտրելուց ու գտնելուց այն հետաքրքրականը, այն յուրօրինակն ու թաքնվածը, ինչպիսին փոքրիկ պատշգամբի հնացած բազմոցն էր:

jora petrosyan

Հրաշք քիմիան

Վստահ եմ,  աշակերտներից շատերը չեն սիրում քիմիա առարկան։ Քիմայի դասաժամը դիմավորում են հետևյալ բառերով.

-Յախք, էլի քիմիա։
Ինչ մեղքս թաքցնեմ,  ես էլ առաջ չէի սիրում  քիմիան:  Ես էլ էի ասում այդ արտահայտությունը, բայց ամեն ինչ փոխվեց,  երբ սկսեցի ուսումնասիրել այդ առարկան։ Պարապող ուսուցչուհուս,  ինչու չէ, նաև իմ ջանասիրության ու աշխատասիրության շնորհիվ,  սկսեցի ավելի հեշտ ընկալել այդ առարկան։  Հիմա ընդամենը մի բան կարող եմ ասել քիմիա առարկայի վերաբերյալ.
-Ա՜յ, գիտություն։
Քիմիա առարկան շատ աշակերտների մոտ ասոցացվում է «գմփալու» հետ։ Դրա մեջ, անշուշտ, ճշմարտության չնչին քանակ կա։ Քիմիան՝ քիմիական փորձերը, իհարկե, ուղեկցվում են «գմփոցներով»,  բայց առաջացնելով ոչ թե վնաս, այլ հրաշագեղ մի բան (իհարկե, եթե ամեն բան ճիշտ անենք):
Էլ ի՞նչ քիմիա  առանց քիմիական փորձերի։ Որպեսզի քիմիան ատող աշակերտներին համոզեմ, որ քիմիան դա ուղղակի առարկա չէ՝ անիմաստ ու անհասկանալի խնդիրներով ողողված, այլ մեկ ուրիշ բան,  մեկ ուրիշ աշխարհ,  մեկ ուրիշ հրաշք,  որոշեցի կատարել քիմիական փորձեր ու դրանք վիդեո տարբերակով ներբեռնել YouTube: Դա կատարելու համար ինձ օգնեցին ո՛չ միայն քիմիայից ստացած իմ գիտելիքները,  այլև «Մանանա» կենտրոնի  կողմից տրված ֆիլմի նկարահանման և մոնտաժի հմտությունները։ Դե ինչ, միասին սկսենք ուսումնասիրել քիմիան՝ քիմիական փորձերի միջոցով։
Եվ այսպես կարող եք դիտել.
Փորձ 1. Կալիումի պերմանգանատի և գլիցերինի փոխազդեցությունը.

Այստեղ ջուրը հանդես է գալիս որպես կատալիզատոր,  իսկ կատալիզատորները այն նյութերն են,  որոնք արագացնում են քիմիական ռեակցիայի ընթացքը,  բայց չեն մասնակցում այդ ռեակցիային։

Փորձ 2. Փարավոնի օձ.

Կալցիումի գլյուկոնատը հիմնականում օգտագործվում է օրգանիզմում կալցիումի պակասի համար։

Փորձ 3. Շաքարի ածխացում.

Ծծմբական թթուն իրենից շատ վտանգավոր նյութ է ներկայացնում։ Խիտ ծծմբական թթուն կարող է քայքայել մաշկը՝ առաջացնելով այրվածքներ,  հագուստը, փայտը,  թուղթը և այլն։ Նոսր թթուն  համեմատաբար ավելի «մեղմ»  է։ Թթուն նոսրացնելու համար հարկավոր է թթուն բարակ շիթով լցնել ջրի վրա,  հակառակ դեպքում այն «կեռա», վտանգավոր թթուն դուրս կցայտի և կվնասի արտաքին միջավայրում եղած ամեն մի իր:

marieta ispiryan

Մեր ճագարիկը

Դեռ շատ վաղ տարիքից հայրիկս ինձ սովորեցնում էր, որ ոչ մի բանից չվախենամ, միշտ վեր գտնվեմ ամեն տեսակի ցավից, և ասում էր․ «Ամեն ինչ մարդու համար է»։

Հայրիկիս այդ խոսքերը ինձ միշտ ուղեկցում էին, և մի անգամ, երբ ես արդեն հինգ տարեկան էի, առջևի երկու ատամներս ցավում էին, բայց ես սովորությանս համաձայն, ոչ ոքի չէի ասում։ Հետո այդ ատամները սկսեցին շարժվել։ Ես որոշեցի ինքնուրույն այդ երկու ատամները քաշել, որովհետև մինչ այդ հեռուստացույցով տեսել էի, թե ոնց է երեխան իր ատամը քաշում, և ես էլ փորձեցի, ու ստացվեց։ Մայրիկս, իհարկե, ինձ վրա շատ բարկացավ, սակայն ես չէի զղջում արածիս համար։

Դրանից հետո անցավ երկու տարի։ Ես արդեն նկատել էի, որ առջևի ատամներս շատ առաջ են աճում։ Մայրիկս ասում էր, որ դա այն պատճառով է, որ իրենից թաքուն էի քաշել ատամներս։

Այդպես ես գնացի առաջին դասարան։ Դպրոցում ինձ ատամներիս համար ճագարիկ էին ասում։ Դա ինձ շատ էր զայրացնում։ Ես լացելով գնում էի տուն ու մայրիկիս ասում, որպեսզի բարի փերիին կանչի, որ ատամներս իր կախարդանքով ուղղի։ Շատ վիավորական էին դասընկերներիս խոսքերը ատամներիս մասին, սակայն, երբ մի քիչ մեծացա, հասկացա, որ դա էլ իմ առանձնահատկությունն է, և ես չեմ պատկերացնի ինձ առանց իմ «ճագարիկի ատամների»։

Բոլորս էլ ունենք թերություններ, ուղղակի բոլորը չէ, որ կարող են այդ թերությունները ընդունել և շտկել: