նարեկ բաբայան

Երեք սերունդ, երեք ավանդույթ

Կրկնությունը գիտության մայրն է։ Ես հաճախ եմ առաջնորդվել այս խոսքերով։ Որոշ դեպքերում անգամ դրանք դարձել են իմ կարգախոսը։ Բայց, մի ասացվածք էլ կա, ասում է՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Հիմա շատերի մեջ հարց կառաջանա։ Էս տղան ինչի՞ համար է ասացվածքներից խոսում։ Ասեմ։ Ես ուզում եմ մի օրինակ բերել, որի ժամանակ անխտիր բոլորն առաջնորդվում են առաջին ասացվածքով, լիովին մոռանալով երկրորդը։ Շատերն արդեն հասկացան, որ խոսքս մեր՝ հայկական, ավանդական, «խոզի բդոտ» ու «ստալիչնիոտ» նոր տարիների մասին է։ Ախր, ինչքան էլ կատակեմ, դրա մեջ իրականություն կա։ Բոլորն էլ երևի նկատել են, որ ամեն տարի կրկնվում է նույնը։ …«Խոզի բուդ, ստալիչնի, չարազ, օղի, օղի, օղի, արաղ, արաղ․․․Ո՞վ եմ ես»։ Վայ, տեսեք է։ Քիչ էր մնում հազարավոր տան տնտեսուհիների վիրավորեի, «բլինչի՜կն» էի մոռացել։
Ես իրոք զարմանում եմ, երևի այդքան որ ասում են` հրաշք ա, հրաշք ա, սրա մասին են ասում։ Ամեն տարի նույնը, ու ոչ մեկը չի հոգնում։ Խոզի բուդն էլ, բլինչիկն ու էն մնացած ամանորյա եսիմինչիկները լավ ուտվում են։ Միակ բանը, որ չի ուտվում, բայց բոլորը գնում են, դա անձեռոցիկն ա։ Լավ, կատակեցի։ Էն որ ասում էի` օղի, օղի, օղի։ Հենց էդ ժամանակ էլ անձեռոցիկը հացի տեղ ուտվում ա։
Ամանոր տոնելը ես բաժանում եմ 3 տարիքային խմբերի։
Առաջինը՝ մանուկներ։ Ամանոր է, բոլոր երեխաներն ուրախ,զվարթ, մեծ հույսերով նամակ են գրում հեռավոր Լապլանդիայում ապրող Ձմեռ պապիկին, չիմանալով նույնիսկ, որ այդ նվերները իրենց ծնողներն են գնում։ Չնայած, հիմիկվա երեխաները այնքան են մեծերի, Հայաստանի վերաբերյալ բողոքները լսում, խելքները կտրում ա, որ հայկական փոստը նույնիսկ Մեղրիից Բագրատաշեն չի ձգվում, էլ ո՞ւր մնաց հասնի Լապլանդիա։ Ու դա այն դեպքում, որ Լապլանդիայի տեղը նույնիսկ Ձմեռ պապը կարգին չգիտի։ Ու մեկ էլ,էս երեխեքի մեջ մի զվարճալի բան էլ կա, որ ոչ-մեկին չեն թողում իրենց նամակը կարդա, ու իրենք էլ 4-5 տարեկան են, գրել չգիտեն։
-Կտա՞ս նամակդ կարդամ։
-Չէ՛, ոչ մեկին էլ չե՛մ տա։
-Բա ախր, դու գրել չգիտես, ո՞նց ես գրել։
-Մամային խնդրել եմ, ինքն ա գրել։
-Բա ասում ես` ոչ մեկին ցույց չես տվել։
-Հա՛, էլի որ։ Մաման փակ աչքերով ա գրել, չի կարդացել։
Լավ, ինչևէ։ Անցնեմ հաջորդ տարիքին։ Այս տարիքը ես անվանում եմ «բոմբասալյուտային» տարիք։ Էս տարիքի երեխեքը «Ամանոր նշել» ասելով, հասկանում են պայթուցիկներով մարդկանց շաքարը բարձրացնելն ու Նոր տարվա գիշերը հրավառություն անելը։ Տնաշեններ, հերիք ա էլի։ Մի օր էլ էնքան եք պայթեցնելու էդ «սալյուտները», որ Նոր տարին վախից Հայաստան չմտնի։ Շրջանցի ու գնա։ Առանց էդ էլ, մաքսատան գները տեսնելով էս խեղճ Նոր տարին մի եսիմ ինչքան էլ չի ուրախանում Հայաստան մտնելով։
Եվ վերջապես «ամենաողբերգական» տարիքը։ Այս տարիքում մարդիկ մոռանում են, որ աշխարհում լավ բաներ էլ գոյություն ունեն։ Միայն առաջնորդվում են` «Նոր տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցկացնես» կարգախոսով ու հասկանում, որ վերջ։ Այս տարին էլ, մնացածի պես անցկացնելու են պարտքերի մեջ լողալով։ Այս տարիքում մի սովորույթ էլ կա, որ ինձ համար մի-քիչ, չնայած մի-քիչը ո՞րն ա, լավ էլ տարօրինակ ա թվում։ Դա իրար հյուր գնալու ավանդույթն է։ Ախր, ինչո՞ւ: Ի՞նչ իմաստ ունի գնալ էն մարդու տուն, ով մի կես ժամ առաջ ձեր տանն էր, ու իր լյարդի հետ միասին շնորհավորում էր ձեր Նոր տարին։ Դե իհարկե, իրար սեղան գնահատելու պահն է էստեղ։ Մարդիկ մի բլոկնոտ վերցնում են ու սկսում են գնահատել բոլորի սեղանները։ Այս դեպքում հաղթում է նա, ով բոլորից շուտ էր շրջել տներով։ Նա պարզապես տեսնում է, թե իր սեղանը ումինից ինչով է պակաս, մահվան գնով էլ լինի, գնում ու լրացնում է, ու վերջ։ …Մե խինդ, մե ուրախություն… Նա դառնում է «տարվա սեղան» մրցանակաբաշխության հաղթողը։ Էհ…Մեկ ա, չեմ հասկանում էլի։
Դե լավ, էլ չշարունակեմ։ Ուղղակի առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ մի պարկ առողջություն, այս նոր՝ 2016 թվականին շատ հաջողություններ, թող մեր պանդուխտները վերադառնան հայրենիք։ Եվ ամենակարևորը, շառից-պարտքից հեռու, ժողովուրդ ջան։
Հուսամ մեր սերունդը ամանորյա նոր ավանդույթ կստեղծի, և այս ամենը հիշելով, մի լավ կծիծաղեն:

seryoja baboyan

Էլի մակարոն

Սովորական օր էր, սովորական առավոտ, սովորական առօրյայով։ Արթնանում եմ ինչպես ամեն հանգստյան օրվա պես՝ աքլորի «կլկլացնող» ձայնից։ Ժամը ութն էր: Վեր կացա, լվացվեցի, ընթրեցի ու դուրս եկա փողոց։ Փողոցում կենդանի շունչ չկար, իհարկե ինձանից ու մեր հարևանի կատվից բացի, որը միշտ նստած է լինում հարևանի դարպասի դիմաց։ Մտա տուն, ուզում էի միացնել հեռուստացույցը ու հանկարծ․
-Սերո՜ժ,- ձայն տվեց ընկերս:
-Հը, արի ներս։
-Կգա՞ս` գնանք հոպարենց տուն, բան կա բերելու։
-Հա, գալիս եմ։
Իրականում հավես չունեի տնից դուրս գալու։ Արդեն հասնում էինք, մեկ էլ մի երեխայի լացի ձայն լսեցի․
-Էլի՞ մակարոն, լավ էլի, մամ։
-Տղաս, փող չկա ձեռքս, պապադ ե՞րբ ա փող ուղարկում, որ մենք էլ լավ բաներ ուտենք։
Երեխայի այդ խոսքերը և մոր պատասխանը ինձ մտածելու տեղիք տվեց։ Մի պահ ես մեղադրում էի երեխային, որ առանց հասկանալու իրավիճակի լրջությունը, պահանջներ էր ներկայացնում և տրտնջում։ Բայց չէ՞ որ երեխա է, չի հասկանում։ Մի կողմից մեղադրում եմ հորը, որ փող չի ուղարկում, բայց նրան էլ չես կարող մեղադրել, որովհետև արտագնա աշխատանքի մեկնողներին ժամանակին չեն վարձատրում։ Չգիտեմ, թե ինչ կատարվեց ինձ հետ այդ պահին, չեմ կարող նկարագրել. բարկություն, խիղճ, թե․․․։ Ընկերոջս հարցրեցի.
-Դու ճանաչո՞ւմ ես այդ մարդկանց:
Նա ինձ պատասխանեց․
-Ավելի լավ էր` չճանաչեի։
-Ինչի՞։
-Երկար պատմություն ա, հետո կպատմեմ։
Ես այդպես էլ չիմացա, թե ինչու նա ինձ չպատմեց նրանց մասին։ Խոստացավ, որ կպատմի, բայց դեռ հարմար պահ չի եղել, որպեսզի հարցնեմ։
Մոտ օրերս ես նորից անցնում էի այդ փողոցով։ Երեխայի ծիծաղի ձայնն էր լսվում, այդ նույն երեխայի, որը մի քանի օր առաջ լաց էր լինում։ Ըստ երևույթին նրա հայրն էր վերադարձել արտերկրից։ Այդ պահին սրտիցս կարծես մի մեծ քար ընկներ։ Ես մի պահ կանգնեցի և հանգիստ շունչ քաշեցի։ Ես նկատեցի նաև, որ տանը, որտեղ ապրում էր այդ ընտանիքը, շինարարություն էր ընթանում։ Ես ի սրտե ուրախացա և տուն հասնելուն պես այդ մասին պատմեցի մայրիկիս։ Ես ուրախ էի, որովհետև էլ չէի լսելու այդ երեխայի լացը, մոր պատասխանը և ամենակարևորը, նրանց կիսաքանդ տունը։

Կարևորի մասին

Բոլորս էլ կյանքի տարբեր ժամանակահատվածներում ինչ-որ բանի ենք սպասում. կապ չունի` մեծ-փոքր, տղա թե աղջիկ: Բայց որպես կանոն, ամենքիս ակնկալածը տարբեր է մյուսներից: Իմն էլ բացառություն չէ: Սպասելիքներս շատ են կյանքից, բայց հիմնականում ամենից առաջ սպասում եմ՝ խաղաղության: Իմ սպասած խաղաղությունը յուրահատուկ է: Յուրաքանչյուրն էլ սպասում է խաղաղության. կապ չունի` պետք է դա իրենց, թե ոչ: Բայց ինձ այս խաղաղությունն իրոք պետք է, մեզ բոլորիս է պետք:
Էլ չեմ ուզում պատերազմ, սպասում եմ այն օրվան, որ էլ չեմ լսի խլացնող զենքերի ձայնը, չեմ անհանգստանա մտերիմներիս համար, ովքեր ընդամենը գնացել էին դրսում զբոսնելու: Էլ չեմ ուզում լսել, որ հազիվ երեք-չորս տարեկան երեխան, ով պետք է խոսեր «վերջին մոդայի» ավտոմեքենաների կամ տիկնիկների մասին, զարմացած խոսում է, թե օրինակ՝ երեկ ինչպես է հակառակորդը «բենպեյով» խփել իրենց լուսամուտին:
Չմտածեք, թե ես այս խաղաղությանը սպասել եմ մեկ շաբաթ կամ ամիս առաջ: Ո՛չ, ես դրան սպասել եմ ծնվածս օրվանից կամ այն ժամանակ, երբ արդեն հասկացել եմ, որ դրսում լսվող հրավառության ձայները ամենևին էլ հրավառություն չէ, այլ…
Ի՞նչ եք կարծում, դեռ շարունակեմ սպասե՞լ: Հնարավոր է, որ մի օր արթնանամ ու ամեն ինչ լավ լինի:
Դե ինչ, սպասում եմ…

leyli tadevosyan1

Այն մասին, թե ինչպես են ամերիկացիները նշում Ծննդյան տոները

Մշակութային ծրագրով ԱՄՆ-ում ապրող ուսանողների համար տարվա այս օրերը լի են նոր ու բազմազան հետաքրքրություններով, մանավանդ, երբ տեսնում ես, թե ինչպես են ամերիկացիները նշում Սուրբ Ծնունդը և Ամանորը, ու համեմատում մեր` համուհոտով Նոր տարու հետ… Հըմի սեմ, դուք էլ իմանաք: Ուրեմն, աշխարհի այս մեծ ու միևնույն ժամանակ փոքր անկյունում ապրող մարդիկ համեմատած ավելի մեծ շուքով նշում են Սուրբ Ծնունդը, բայց ոչ հունվարի 6-ին, ինչպես մենք` հայերս ենք անում: Նրանք նշում են դեկտեմբերի 25-ին ու շատ են սիրում այս տոնը, նամանավանդ, երբ քրիստոնյա են լինում կամ ինչ-որ կրոնական պատկանելություն են ունենում…
Դեկտեմբերի 24-ի երեկոյան բոլորը ընտանիքներով եկեղեցի են գնում ու Պատարագի մասնակիցը դառնում, շնորհավորում միմյանց ու ամանորյա բացիկներ տալիս այն մարդկանց, ովքեր նույն եկեղեցին են հաճախում, իսկ բացիկ ստանալը այստեղ նույնքան հաճելի է, որքան Հայաստանում «կանյակ-բամբանեռկեն»… Եկեղեցուց հետո սովորաբար հավաքվում են ողջ գերդաստանով ու մեծ ընթրիքը վայելում, իսկ այնուհետև գալիս է ամենասպասված պահը. դեռևս դեկտեմբերի սկզբներին ամերիկացիները զարդարում են իրենց շլացուցիչ տոնածառերը` ճիշտ էն կինոների պես` պսպղուն լույսերով, մեծ ու շողշողուն խաղալիքներով, ու եղևնու տակ դնում են լի~քը նվերներ` հասցեատիրոջ անունով, որն էլ բացում են ընթրիքից հետո, ու դա մի մե~ծ բավականություն է իրենց համար, քանի որ իրենք չեն մտածում նվերի արժեքի մասին, այլ շնորհակալություն են հայտնում, որ վայելում են Ծննդյան օրերը իրենց ընտանիքի հետ (սովորաբար իրենց հարազատները ապրում են տարբեր քաղաքներում ու տարբեր նահանգներում)…
Դեկտեմբերի 25-ի առավոտյան էլ ամեն մեկը բացում է իր անվան սկզբնատառով կարմիր գուլպան` լցված հազար տեսակի քաղցրավենիքով… Ես էլ ունեի, բա… Դե իսկ արձակուրդներին շա~տ են սիրում ճանապարհորդել. գնում են տարբեր քաղաքներ, նահանգներ, նշում տոները, այնինչ մեր տրամաբանությունը ասում է, որ տոները պետք է քո սեփական տանը նշես. չգիտեմ` որն է ճիշտ…
Ամանորի մասին չգիտեմ, թե կոնկրետ ինչ ասեմ, որովհետև առանձնապես չեն նշում, իհարկե բացի «Շնորհավոր Նոր տարի» ասելուց: Բայց… Այս օրերին կարելի է տեսնել հազարավոր ամերիկացիների, ովքեր, թերթերը ձեռքներին, պտտվում են քաղաքի բոլոր խանութներով ու գնում նույնիսկ անպետք իրեր, որովհետև այս օրերին գրեթե բոլոր խանութներում խելահեղ զեղչեր են… Ու ինչպես հայկական հեռուստասերիալներից մեկի գլխավոր հերոսն էր ասում «Սոսի’կ ջան, տոնածառ ընչի՞ հըմի կառնիս: Նոր տարուց հետո նույն տոնածառը զեղչի տակ դրած կէղնի, ու կխնդրէն, օր առնիս… Ինչ էղնի, հայից կէլնի, չէ՞: Էլ չխոսեմ զարդարանքների մասին. զարդարում են ամեն ինչ` տան ամեն մի անկյուն, տնային կենդանիներին, ծառերը, ծաղիկները… Իսկ մենք` հայերս, մի հինգ օր լավ չարչարվում ենք, հազարավոր դրամներ ենք ծախսում, պատրաստում հազար տեսակի ուտեստներ ու գնում հարազատ-բարեկամների տուն` «իրենք մեր տուն եկել են» տրամաբանությամբ… Ինչևէ…
Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ, հայեր ջա~ն: Թող ուրախ ու հաջող տարի լինի մեզ համար…

Հ.Գ. Էս բաժակով էլ էկէք Նոր տարվա բլինչիկին կարոտած սփյուռքահայության կենացը խմենք…

Ինչպիսին են լրագրողները

Տխուր և անտրամադիր, ահա թե ինչպիսին եմ ես կիրակի երեկոյան: Հարցը նրանում չէ, որ վաղը դասի ենք, այլ ան, որ վաղը արդեն չեմ գնալու Վայք՝ «Մանանայի» դասընթացներին: Իսկապես՝ դրանք ինձ շատ դուր են եկել, և ես շատ բան եմ սովորել այդ դասընթացի ընթացքում: Սովորել եմ, թե ինչպես հարցազրույց վերցնել, կամ ինչպես ճիշտ լուսանկարել, և հասկանալ, թե ինչ է կինոն: Ինձ սկզբում թվում էր, թե լրագրողները ուղղակի լուրջ, անհետաքրքիր, պաշտոնական կամ աղետների, վթարների ու վարկաբեկող հոդվածներ գրողներ են: Բայց հիմա շնորհիվ «Մանանայի» հասկացա, որ լրագրողների մասին ճիշտ կարծիք չունեի, և դրա համար ներողություն եմ խնդրում:
Հիմա ես կարծում եմ, որ լրագրողները կատակասեր, հետաքրքրասեր, արկածախնդիր մարդիկ են, ովքեր ի դեպ, ինձ վրա շատ լավ տպավորություն են թողել: Ես այդ դասընթացների ընթացքում ձեռք բերեցի շատ լավ ընկերներ, և նույնիսկ մեր տաքսու վարորդի հետ ընդհանուր հարազատ գտա: Ինձ դուր եկավ գտնվել այն մարդկանց շրջապատում, ովքեր շատ լավն էին և ես կուզենայի շուտ-շուտ հայտնվել նման միջավայրում, դրա համար 17.am-ին խոսք եմ տալիս, որ անպայման կգրեմ իմ պատմությունները և կուղարկեմ :

Լավ ժամանակի սպասումով

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Երբևէ՞ մտածել եք, թե ինչն է Ձեզ հուզում, և արդյո՞ք գտել եք պատասխանը: Իսկ ես ահա մտածում եմ, մտածում, թե ինչն է ինձ ստիպում խորհել, ինչն է ինձ տանջում այս կյանքում առավել շատ: Միգուցե անորոշությո՞ւնը: Ոչ, անորոշությունը պետք է լիներ: Ինչո՞ւ: Մի պահ պատկերացրեք, որ ձեզ հայտնի է ամեն ինչ, ինչ պետք է կատարվեր հաջորդ ակնթարթին: Ի՞նչ կլիներ: Պարզապես կյանքը կկորցներ իր հետաքրքրությունը, իր համն ու բույրը:
Իսկ մարդկանց անտարբերությո՞ւնը: Սա նույնպես ստիպում է մտածել, մտածել մարդկանց սառնասրտության ու անտարբերության մասին: Բայց արդյո՞ք սա իմ ձեռքերում է, արդյո՞ք ես կարող եմ փոխել, այնպես անել, որ մարդիկ բացի իրենց հոգսերից սկսեն մտածել նաև դիմացինի զգացմունքների հույզերի մասին, անտարբեր չլինեն նրանց տխրությանը: Ի՛նձ , Ձե՛զ , մե՛զ բոլորիս պետք է հուզի այն ամենը, ինչ կախված է մեզանից, մեր ձեռքերում է, և մենք կարող ենք այն փոխել դեպի լավը: Ինչո՞ւ զուր ժամանակ վատնել այն հարցերի, խնդիրների շուրջ, որոնք մարդկանց վերահսկողությունից դուրս են:
Նայում եմ շուրջս, ի՞նչ է կատարվում, և արդյո՞ք այսպես պետք է լիներ: Ես պարզապես գտնում եմ ինձ հուզող խնդիրը: Միթե՞ հայի ընտանիքը, որն օրինակ կարող է լինել բոլորին, այսօր պետք է կազմված լիներ մորից ու զավակներից: Իսկ ո՞ւր է հայրը, որը պետք է գլուխ կանգներ իր հայրական գորովանքով ու խստությամբ: Ինչո՞ւ է մանուկը իր մանկությունն անցկացնում առանց հոր: Անցկացնում է առանց հոր, որովհետև մեր երկրում աշխատանք չկա: Ինչո՞ւ հայրը պետք է խեղդվի կարոտից օտար երկրում: Ո՞ւր ենք գնում մենք: Ո՞ւր ենք շարժվում, և ո՞րն է լինելու մեր երկրի վերջնակետը:
Ասում են, եթե ուզում ենք փոխել ինչ-որ բան, ապա պետք է սկսենք հենց մեզնից: Միգուցե սա ճի՞շտ է, միգուցե հայի ինքնագիտակցությունից ջնջե՞լ եսասիրությունը, մոլուցքը դեպի իշխանություն: Բոլորը ցանկանում են առաջնորդել: Իսկ ե՞րբ ենք հասկանալու, որ միասնականությունը մեզ կօգնի, կստիպի աշխարհին ուշադրություն դարձնել մեզ վրա:
Անընդհատ հիշում ենք մեր պատմությունը, հարուստ մշակույթը, «Ծովից ծով Հայաստանը»: Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա, ի՞նչ ունենք ներկայում, որով ապագա սերունդները կարող են հպարտանալ:
Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է, հարաբերական է երջանկությունը, փառքը, իշխանությունը: Այս կյանքը հեքիաթային է թվում նախկինի նկատմամբ: Չունեինք լույս՝ այժմ ունենք, չունեինք ջուր՝ այժմ ունենք, չունեինք հաց՝ այժմ ունենք: Եվ ի՞նչ: Մենք ապրո՞ւմ ենք այն կյանքով, որը լավն է նախկինից: Բայց սա այն չէ, ինչ պետք է լիներ: Բոլորը մեկնում են, հեռանում՝ երկիրը թողնելով անտերունչ, թողնելով բախտի քմահաճույքին: Հասկացեք՝ վաղ թե ուշ, եթե այսպես շարունակվի, կսկսեք իշխել ամայության մեջ, իշխել ավերակների վրա: Երիտասարդ ուժերը հեռանում են : Հեռանում են՝ իրենց նպատակների իրականացումը կապելով այլ երկրների հետ: Իսկ ինչո՞ւ մեզ չեն տալիս հնարավորություն մեր երազանքներին, նպատակներին հասնել մեր երկրում: Տվե՛ք հայ երիտասարդին հնարավորություն, և նա կբացի գիտության այն բոլոր դռները, որոնք մինչ այդ փակ են եղել:
Աշխարհը կբացահայտի այն հային, որին դեռ չի տեսել, չի տեսել դեռ ոչ ոք, ու ես սպասում եմ այն ժամանակին, որը պետք է գա և իր լույսով ցրի Հայաստանի ապագան պարուրած մեգը:

Վարդիգյուլը

Երբ տատիկիս տանը նկարներն էի նայում, մի կնոջ նկար տեսա, ով հայկական տարազով էր` ճակատին կոպեկներ, մեջքին` քամար: Հարցրեցի տատիկիս, ասաց, որ իր տատն է` բուն ղարաքիլիսեցի Վարդիգյուլը, որին հիմա էլ բոլորը հիշում են ու պատմում նրա մասին հյուսված անեկդոտները:

Սուրբ Հովհաննես եկեղեցու լեռան լանջերին էր փռված հին Ղարաքիլիսան` իր ծուռտիկ-մուռտիկ փողոցներով և նեղ անկյուններով, որտեղի բնակիչներին նամակներ էին ուղարկում հետևյալ հասցեներով. «Ուգլ Կասպունսկի` Ղազի բներ, փթիր Աղավնիկին կամ Օյին Վարդիգյուլին»: Եվ փոստատարը մեծ պատրաստակամությամբ հանձնում էր այդ նամակները նրանց: Հաջորդ օրը ծերանոցի կանանց խումբը հետաքրքրվում էր, թե ինչ է եկել նամակներում, թեև փոստատարը չէր մոռացել օր առաջ նամակի բովանդակությունը ներկայացնել թաղի կանանց: Ղարաքիլիսայի բոլոր դեմքերը հավաքվում էին ծերանոցում, իսկ ծերանոցը հին բաղնիքի շենքն էր: Վարդիգյուլը ծերանոցի կարկառուն դեմքերից էր: Այստեղ էր գալիս գդոզ Ռուբենը, որ շատ գրական էր խոսում, Աղագուլը, շատ գրքեր կարդացած Թամաշ բիբին, որ խոսում էր Նապոլեոնից, Պյոտր Առաջինից, Լենինից, և այնքան էր պատմել նրանց մասին, որ Վադիգյուլ տատը քնած ժամանակ արտասանում էր նրանց անունները, իսկ երբ տատիկս հարցնում էր իր տատիկից, թե.

-Նանա, էտ ի՞նչ մարդկանց անուններ էիր տալիս:

-Աղջի, ի՞նչ եմ նալ: Թամաշը մէ շաբաթ ի` էտ գիրքն ի պատմել:

Ամենակոմիկականը տատի ամուսնությունն է. ամուսնացել է 12 տարեկանում: Բակում ցեխի հետ խաղալիս հարևան Գուգուշը եկել է նշանելու` մի սանր ու մի լվացքի տաշտ ձեռքին: Վարդիգյուլը հարցնում է.

-Հլը սանդրը պերի ես` պերիր, բա էտ տաշտը ինչի՞ խմա էս պերի:

-Վարդիգյուլ,- պատասխանել է փեսան,- իրիկունը ջուր կտաքցուցես, էդ ցեխոտ ոտքերդ կվլանաս:

Բա:

Իսկ 45 տարեկանում մի հինգ գիշերանոց է պահել և պատվիրել.

-Ախչի, Վայրը,- ասել է հարսին, որ մեռնեմ, էս խինգն էլ կխաքցուցես, ընդի ցուրտ է լինելու, հանկարծ չմրսեմ, գինա՞լ ես, խողը պաղ ի, կպաղեմ: Իսկ ինքը մահացել է 98 տարեկանում: 90-ից հետո մի հինգ անգամ տնեցիք ծախսերի ցուցակ են գրել, պատրաստվել, իսկ ինքը անկողնու միջից գլուխը բարձրացրել է ու ասել.

-Էդ ի՞նչ եք անել: Քելեխիս ցուցակ կգրե՞ք,ես չեմ մեռնելու, մեռնեմ, որ Փառոյի Եղիշը կա` խացս ուտի՞:
Եղիշն էլ Ղարաքիլիսայի մահախոսական կարդացողն էր:
Վարդիգյուլը մահացել էր ու ոչ-ոքի չէր ասել իր բոխու թփերի տեղերը:

Հարսը հարցրել է.
-Մամի, բա բոխու թփերի տեղը ինձ չե՞ս ասելու: 

-Աղջի, բա որ չմեռնե՞մ:

Պատասխանել է մամը և հավիտյան փակել աչքերը:

astghik ghazaryan

Այսօր ես դարձա երկու տարեկան

Ինչ-որ եկեղեցի եմ տեսնում, մկրտության ավազանի առաջ ինչ-որ մարդիկ կան, կարծես երկուսն են: Մեկը կարծես մեծ հորեղբայրս է` Վովա պապան: Բայց հաստատ նա չի մկրտվում, որովհետև ինքն արդեն իսկ մկրտված է, ասեմ ավելին, մեր տասնհինգհոգանոց ընտանիքում միայն ինքն է մկրտված: Իսկ այն մյուսն ո՞վ է: Ի՞նչ, ե՞ս եմ: Մկրտվու՞մ եմ: Չէ, կարծես արդեն մկրտվել եմ: Ահա և քահանան, նա մեզ է մոտենում, ի՞նչ է ասում:
-Աստղիկ, վեր կաց. դասից ուշանում ես:
Բացում եմ աչքերս: Սաթիկ մաման էր: Էլի փակում եմ աչքերս, որ տեսնեմ էն, ինչ մի քանի վայրկյան առաջ էի տեսնում: Ջանում եմ մտովի վերականգնել այն պատկերները, բայց էլի.
-Դե վեր կաց:
Չեմ ուզում հավատալ, որ էս ամենը երազ էր ընդամենը: Չէ, երազ չէր, ավելի ճիշտ կլինի ասել երազ դրձած երազանք: Իսկ էս Սաթիկ մաման չի թողնում մարդ կարգին երազի:
Ախր, ես շատ էի սպասել դրան: Մերոնց վրա հույս դնել չէր կարելի, որովհետև ասում էին, որ երբ քույրս Ռուսաստանից գա, ամբողջ ընտանիքով կկնքվենք: Բայց ո՞վ գիտի` նա երբ է գալու, կամ գալու դեպքում մերոնք արդյոք իրենց խոստումը կատարելու են: Բայց կա մի հոգի, որին այս հարցում և բոլոր հարցերում վստահում եմ. դա դասղեկս է` ընկեր Սահակյանը: Նա մեզ խոսք էր տվել, որ մի օր մեր դասարանին կտանի մկրտվելու: Անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան:
Որտե՞ղ էի մնացել, հա, ասում էի, որ Սաթիկ մաման ինձ մի կերպ անկողնուցս հանեց: Մի խոսքով, օրս այդքան էլ լավ չսկսվեց: Ու ես տխուր ու մի քիչ քնաթաթախ գնացի դպրոց: Կողքիս նստող տղային` Յուրիին, պատմեցի երազս, իսկ նա ասաց.
-Պատկերացնու՞մ ես` էսօր Սահակյանը զանգի ասի` վաղը կնքվելու ենք:
Ոչինչ չասացի, միայն մտքումս Աստծուց խնդրեցի, որ Յուրիի ասածները իրականություն դառնան: Դասերն ավարտվեցին, ու ես գնացի տուն: Անտարբեր հայացքով հառուստացույց էր նայում, բայց ոչինչ էի տեսնում: Եվ հանկարծ հեռախոսիս զանգ եկավ. Սահակյանն էր: Վախվխելով պատասխանեցի:
_Աստղ, տեր Սիմեոնն էր զանգել: Վաղը կնքվում եք:
Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին է: Ինչ-որ մարդիկ կան մկրտության ավազանի առաջ: Չէ, էս անգամ երկուսը չեն, շատ են: Նրանց մեջ եմ նաև ես:
Այդ օրը լույս աշխարհ եկավ քրիստոնյա Աստղիկը, ավելի ճիշտ, Մարիամը (մկրտության անունս է): Իսկ այսօր ես դարձա երկու տարեկան:

Բաբկեն պապուս հեքիաթը


Հիմա բազմոցին նստած էս նյութը գրելով հիշում եմ մանկությանս կախարդական պահերից մեկը: Մտքով թռչում եմ տասը տարի հետ ու ահա ես եմ վեց տարեկան Վահեն եմ` խուճուճ շեկ մազերով՝ հայելու միջից նայում եմ ինձ: Վիզս երկարեցի ու նայեցի պապիկիս սենյակ: Հա էլի, էնտեղ ա: Գնացի ու զոռով հրելով նրան, պառկեցի կողքին՝ մահճակալի վրա:
Պապիս նվնվաց, որովհետև այգուց հոգնած եկել էր հանգստանալու, իսկ ես, կոպիտ ասած, հարամ էի անում էդ հանգիստը: Ու պապիս` հաշտվելով այն մտքի հետ, որ պետք է իր ծոցում գալարվելով չթողնեմ հանգստանա, աչքերը փակելով ձևացնում էր, թե քնած է: Բայց ես էլ հո՞ գիտեմ, որ ձև ա բռնել:

-Պապի, այ պապի, հեքիաթ պատմի, էլի:

Ու պապիս բացելով սկզբից մեկ, հետո մյուս աչքը ու ծանր հոգոց հանելով ասում էր.

-Ախ, ես ի՞նչ հեքիաթ պատմեմ, չեմնալ ոչ մե հեքիաթ:

-Մեղուների հեքիաթը պատմի,- ասում էի ես ու իմանալով, որ պապս չի մերժի, ավելի հարմար էի տեղավորվում:

Մի երկու «չեմուչում» արտահայտող բառերից հետո պապս հաշտվեց իր պարտության հետ ու սկսեց.

-Իրիկվա ժամը 8-ին զանգիմ Թումայենց Խաչիկին, ասիմ. «Յար մեր տուն` քյոմագ պտի անես» ասաց. «Լավ իկյաս եմ»: Մեղուների ռամկեքին մուխ փչի, որ քնեն, գրուզավիկը էկավ, լավ է, բոլի, էլ չեմ հիշել…,- փորձեց ինձնից պոկվել պապս, բայց հասկանալով, որ փորձն անհաջող էր, շարունակեց,- գրուզավիկն էկավ, ես ու Խաչիկը սկսիյ մեղուները լցել մեջը, լցիյ, հետո նստայ, որ էթայ Կարմրաշեն … 

Լսում եմ պապիս «հեքիաթը», ու կոպերս ծանրանում են, ու արդեն կիսաքուն լսում եմ տատիկիս խոսքերը. «Բաբկեն, ջուր տվին քել բիբարները ջրի»:

Ու հետո, երբ մի քիչ էլ մեծացա, մեղուները Կարմրաշեն տանելու գործընթացին մասնակցելուց հետո միայն հասկացա, որ դա ամենևին էլ հեքիաթ չէր, այլ պապիս հոգսերից մեկը: 

Բայց ես մինչ օրս էլ հիշում եմ էդ «հեքիաթը», բայց կիսատ, որովհետև կեսից միշտ քնում էի…



tigran hovhannisyan?

Իմ առաջին հարցազրույցը

Հարցազրույց մայրիկիս՝ Գայանե Խաչատրյանի հետ

-Բարև Ձեզ:

-Բարև, Տիգրան ջան:

-Խնդրում եմ մի պահ մոռանալ, որ Դուք իմ մայրիկն եք և ինձ հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիք լրագրողի հետ, սա իմ առաջին հարցազրույցն է: 

-Լավ:

-Խնդրում եմ ներկայացեք: Ի՞նչ մասնագիտություն ունեք:

-Ես Խաչատրյան Գայանեն եմ, ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը, քիմիկոս-ուսուցիչ եմ:

-Ի՞նչ աշխատանք ունեք:

-Աշխատում եմ Վայքի Հիմնական դպրոցում որպես ուսուցիչ:

-Քանի՞ տարվա մանկավարժական փորձ ունեք:

-1997 թվականին համալսարանն ավարտելուց անմիջապես հետո անցել եմ աշխատանքի և աշխատում եմ մինչ օրս:

-Ես տեղեկություններ ունեմ, որ Դուք դասավանդում եք նաև այլ առարկաներ: Դա ճի՞շտ է:

-Այո՛, ճիշտ է:

-Իսկ ի՞նչ առարկաներ եք դասավանդում:

-Դասավանդում եմ կերպարվեստ, տեխնոլոգիա և բնագիտություն առարկաները:

-Իսկ քիմիա՞:

-Քիմիա, առայժմ, ոչ, քանի որ քիմիա անցնում են 7-րդ դասարանից և այս պահի դրությամբ այդ տարիքային խմբի աշակերտների դասարանները քիչ են:

-Ի՞նչ եք կարծում. ճի՞շտ է արդյոք այն դիրքորոշումը, որ մանկավարժությունը թերագնահատված աշխատանք է:

-Այո, շատ ճիշտ է, քանի որ ուսուցչի աշխատանքը շատ բարդ աշխատանք է և միևնույն ժամանակ ուսուցիչները բավականին քիչ են վարձատրվում:

-Այսինքն, ուզում եք ասել, որ ուսուցչի կատարած աշխատանքի դիմաց վարձատրումը բավականին ցա՞ծր է:

-Այո: Ներկայումս կարծես ուսումը մղվել է երկրորդ պլան:

-Ի՞նչ կասեք այն կարծիքի մասին, որ ներկայիս սերունդը ավելի վատ է սովորում, քան նախորդը:

-Անձամբ իմ կարծիքով դա ճիշտ է, քանի որ երբ չկար համացանցը, գրքերն ավելի շատ էին ընթերցվում: Գրքով կարդացածը ավելի լավ է տպավորվում և մնայուն գիտելիք է:

-Իսկ ներկայումս չկա՞ն լավ սովորող աշակերտներ: Նկատի ունեմ այնքան լավ, ինչքան, օրինակ, նախորդ սերնդի լավ սովորող աշակերտը:

-Իհարկե կան: Երեխաներ կան, որոնք համացանցից և գրքից օգտվում են միաժամանակ և կարողանում են երկուսից էլ քաղել օգտակար տեղեկություն:

-Քանի որ շուտով Նոր Տարին է, ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին և, առհասարակ, Հայաստանին գալիք տոնի կապակկցությամբ:

-Նոր տարվա կապակցությամբ առաջին հերթին մաղթում եմ խաղաղություն և՛ սահմանին, և՛ երկրի ներսում: Հայ ժողովրդին մաղթում եմ ավելի շատ ուրախ պահեր, թող ոչ մի ծնող կարոտով չսպասի սահմանին կանգնած իր զավակին, ընտանիքներում տիրի համերաշխություն և փոխըմբռնում:
-Լավ: Այսքանը: Շնորհակալ եմ պատասխանների համար:

-Խնդրեմ: