Հայկը սիրում էր երկինքը

Հայկ Ղուլյանը 19 տարեկան էր, Արցախի Շեխեր գյուղից էր, սովորում էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: Նա զոհվեց հանուն իր սուրբ հողի, հանուն իր Արցախի։

Հայկը ծառայության օրերն էր հաշվում, ամեն անգամ խոսելուց ասում էր մնաց այսքան օր։ Շատ էր սիրում Երևանը։ Միշտ ասում էր. «Ծառայությունս վերջացնեմ, մի ամիս հանգստանամ, գալու եմ շուտ Երևան»։ Կատակներ շատ էր անում։ Երբ խոսում էինք, ասում էր. «Գիտես, Երևանում եմ հիմա»։ Ես էլ դե իհարկե չէի հավատում, բայց ինքը էնպես էր ասում, որ մարդու հավատը կգար։ Ու մի օր էլ հերթական անգամ ասաց, որ Երևան է եկել, չհավատացի։ Պարզվեց, որ իրոք եկել է։ Դեկտեմբերն էր. չէի մտածի, որ դա վերջին անգամն էր, որ տեսնում եմ իրեն։ Հայկը շատ նպատակներ ուներ։ Ուզում էր ուսումը Գերմանիայում շարունակել։ Շատ լավ էր սովորում, պարտաճանաչ էր, սիրում էր ամեն բան անել ըստ հերթականության։ Երկուսս էլ գերմաներենի խմբից էինք։ Չնայած նրան, որ նոր էր սովորում լեզուն, շատ կարճ ժամանակում սկսեց գերմաներենին տիրապետել։ Անգամ եղավ այնպես, որ խմբում ամենաբարձր գնահատականն ինքն էր ստացել քննության ժամանակ։

Ծառայության ընթացքում ասում էր, որ պարապում է, գրքեր կարդում։ Հայկի խոսքը գործ էր, ինչ այդ պահին նրան ասեիր, անմիջապես կաներ։

Հայկի հետ որոշել էինք Արցախով մեկ ճամփորդել։ Ամեն անգամ խոսելուց հարցնում էր՝ երբ եմ գնալու։ Ասում էր. «Ես գիդի դերում կլինեմ», ցույց կտամ քեզ Արցախս։  Շատ լուսավոր մարդ էր, սիրում էր, որ մարդիկ միշտ ժպտում են։

Հայկը ամռանը զորացրվելու էր։ Բայց, ավա՜ղ: Վերջին անգամ խոսելուց շատ ուրախ տրամադրություն ուներ: Հիշում եմ, կարոտից էինք խոսում, ու ես բացատրում էի նրան այդ բառի իմաստը։ Կարոտ նշանակում է` կար ժամանակ, որ մոտ էր։ Մ-ն սղվել է, փոխարենը ավելացել է ր։ Ասացի, որ հայերենի ամենավատ տառը Ր-ն է։ Այն ցանկացած բառի մոտ, երբ դնում ես, անցյալ ժամանակ է դարձնում: Կա-կար, է-էր։ Լսեց ու ասաց «ախ-ախ-ախ»՝ իր սիրելի արտահայտությունը։ Էդպես ավարտեցինք զրույցը։ Ու հիմա  չեմ հավատում, որ իր մասին անցյալով պետք է խոսեմ՝ այդ չարաբաստիկ Ր-ն  օգտագործելով։ Չեմ կարող ասել զուգադիպություն էր մեր զրույցը նման նոտայով ավարտելը, բայց երբ իմացա նրա մահվան բոթը, ակամայից հիշեցի այս խոսակցությունը։ Զուգադիպությունները շատ-շատ են։ Գրեթե միշտ եղել են ու հիմա էլ, երբ մտաբերում եմ, իրոք, հասկանում եմ, որ այդպես է։ Հայկի ամենասիրելի հերոսը, ում մասին միշտ ակնածանքով էր խոսում, Բեկորն էր՝ Աշոտ Ղուլյանը։ Հայկի հուղարկավորությունը տեղի ունեցավ հենց Բեկորի ծննդյան օրը՝  հոկտեմբերի 6-ին։ Այդ օրը քաղաքը նույնպես սգում էր Հայկի մահը։ Ամբողջ գիշեր անձրևեց, ամպերը որոտում էին, կարծես ցավից մռնչալիս լինեին։ Անգամ Հայկի ծննդյան օրն էր պատմական. մայիսի 8-ը, որ ինչպես գիտենք, Շուշիի ազատագրման օրն է։

Հայկը սիրում էր երկինքը՝ աստղազարդ ու լուսավոր։ Երևի մտածեց, որ երկնքում լույսը պակասել ու չի հերիքում ներքևը լուսավորելուն, որոշեց գնալ իրեն հարազատ՝ մաքուր ու լազուր երկինքը։

Ցավ եմ ապրում, որ Հայկը չկա, չեմ ուզում պատկերացնել, թե հիմա նա ինչ կզգար, երբ տեսներ, որ իր Արցախը ում ձեռքում է։ Բայց չեմ ուզում կոտրվել, որովհետև մենք բոլորս պարտք ունենք Հայկի ու իր նման հերոս տղաների առջև։ Այն է. հետ բերել մեր Արցախ աշխարհը…

Հավերժ փառք քեզ, Հերոս ՀԱՅԿ…

Արդարությու՞նն էր մեզ պակասում

Խաղաղությանն ընդառաջ քայլող ու խաղաղությամբ սնված ազգին ուղեկից է պատերազմը։ Սրտխառնոց առաջացնող այդ բառը լսելիս հոգիդ  լցվում է դատարկությամբ, իսկ մտքումդ սկսում է անվերջանալի թվացող քաոս տիրել։ Երբեմն բառերն անզոր են նկարագրելու զգացածդ: Բառերն արժեք չունեն, երբ ցանկանում ես փոխանցել այն, ինչ զգում է սիրտդ։ Ո՞վ կմտածեր, որ կգա օր, երբ գոյությունդ կփորձեն անողոքաբար խլել քեզնից։ Եվ ո՞վ կմտածեր, որ գոյություն ունենալու համար կյանքով է անհրաժեշտ վճարել։ Կյանք՝ կյանքի համար։

Պատերազմ ապրած մարդու աչքերը խոսում են ցավի լեզվով, իսկ շուրթերը վիշտ են մրմնջում։ Դարեր շարունակ կորուստներ ապրած մարդիկ շարունակում են հավատալ ու պայքարել։ Դարեր շարունակ արյան մեջ ապրած մարդիկ չեն դադարում պաշտպանել այն հողակտորը, որը հայրենիք է կոչվում։ Հողակտոր, որում հազարավոր երազանքներ են թաղված։ Հողակտոր՝ սնված արյամբ։ Հեռուներում թափառող խաղաղությունը՝ երազանք, իսկ սեփական հողիդ վրա ապրելու ու արարելու ցանկությունը մեղք է թվում։

Խաղաղություն էր ուզում հայը։ Խաղաղության էր ձգտում հայի անկոտրում ոգին։

Թվում է, թե այսօր հասել ենք այդ բաղձալի խաղաղությանը։ Թվում է, թե մղձավանջն ավարտված է, բայց արդյո՞ք այս էր մեր երազանքների խաղաղությունը։ Արդյո՞ք սրա համար էր պայքարում հայ ժողովուրդը։ Արդյո՞ք մայրը, ով հանձնել է զավակին թշնամուն, կարող է խաղաղություն գտնել։ Արդյո՞ք իմանալով, որ հայրենիքդ ավիրման եզրին է, կարող ես խաղաղվել։ Արդյո՞ք այդքան հեշտ է լքել տունդ և հասկանալ, որ այլևս ետ դարձի ճանապարհ չի լինելու։ Հարցեր, որոնք տակնուվրա են անում հոգիդ։ Հարցեր, որոնք կեղեքում են սիրտդ։

Եվ վերջիվերջո՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Դժվար է պատասխանել։ Գուցե արդարությո՞ւնն էր մեզ պակասում։

Աշնան տխուր գույները

Մեզ համար աշունն էլ գույներ չի պարունակի, այլ այս պատերազմից հետո այն կլինի տխրության աշուն:

Աշնանը տերևներն են դեղնում, բայց նաև ծաղիկներ են ծաղկում, մարդկության պատմությունն էլ է այդպես. մի կողմից պատերազմը մարդկանց կյանքեր է խլում, մյուս կողմից` մի նոր սերունդ է լույս աշխարհ գալիս:

2020 թվականի աշունը տարբերվում է մնացած բոլոր աշուններից: Այս անգամ աշնան մեղմ քամին դեղնած տերևներին չբարձրացրեց երկինք, որ շարվեն այնտեղ, այլ մեր անմահացած տղաների հոգիները բարձրացան  վերև: Համոզված եմ, տերևների փոխարեն նրանց հոգիներն են պար ածում՝ ի նշան մեր գալիք հաղթանակի…

Այս տարի աշնան անձրևների արդյունքում չվարարեցին գետերը, այլ մայրերի լացով լցվեցին Հայաստանի գետերը… Աշնան օդում մարդկանց հառաչանքն է  սառել,  մարդանց տխրությունը մերկացրել է ծառերը: Աշունն այս անգամ անուշ չի բուրում, նա արնահոտով է շաղախված… Թախիծն այս անգամ այլ իմաստ ունի… Մարդիկ այլևս չեն շտապում տուն, նրանք թողեցին տունը ու դարձան աշնան թափառող քամու պես: Տանիքներից էլ ծուխ դուրս չի գա, ախր, այդ տները դարձան ծուխ:

Ամենուր տխրություն է, ծառերի վերջին կանաչ տերևներն արագ դեղնում են ու արագ փշրվում: Չէ որ մարդկանց սրտերն արդեն փշրված են: Ձմեռն առջևում է, կսառեցնի ամեն ինչ, կհանդարտվի սպիտակ քողի տակ, իսկ գարնանը բոլորը նորից կծաղկեն բնության հետ համահունչ…

Բայց ցավը հավերժ կթևածի բոլորի հոգիներում, կերգի հաղթանակի երգը, կծնվի ու կմահանա տարվա եղանակների պես:

Ներեք մեզ, եթե կարող եք

Առավոտ, երբ աչքերս բացեցի ու հարցրեցի, թե` ի՞նչ ա եղել, մամ, ցավոտ պատասխան ստացա.

-Հողերը տալիս ենք…

Ցավը շատ մեծ է: Չգիտես` ուրախանա՞ս, որ վերջապես վերջացավ, թե՞ որ մեր տղերքի արյամբ սնած հողերը տվեցինք… Դժվար է ընդունել, որ Արցախ ենք կորցնում, որ այնտեղ, որտեղ ընկել է և հերոսաբար զոհվել հայորդին, պիտի տանք թշնամուն և պիտի տանք նրա համար, որ մենք և մյուս սահմանին կանգնած քաջերն էլ չընկնեն, պիտի տանք, որ էլ չկռվեն, ու վերջանա… Վերջանա և երբեք չմոռացվի…

Մենք միայն համակերպվողի դերում ենք, ընտելանում ենք կատարվող ամեն ինչի հետ, հիմա բոլորս մեծ ցավ ենք ապրում, մենք մեզ չենք ներում, բայց քիչ-քիչ ընտելանում ենք, և այս ամենն էլ է սովորական դառնում:

Սովորեցինք ապրել վիրուսի հետ (որը պատերազմի դեմ չնչին երևույթ էր):

Սովորեցինք ապրել պատերազմի հետ, սովորեցինք կորցնել արդեն ամենաթանկերին և չսպասվածներին…

Կսովորենք նաև ապրել ընդունելով, որ հայ զինվորի շնորհիվ ենք ապրում, նրա կյանքն էլ մեր կյանքի հետ պիտի ապրենք, որ գոնե մեզ կարողանան ներել, որ այն հողը, որը մեր ապրելու համար էին պահում, կա, ու մենք ապրում ենք:

Շատ դժվար է նկարագրել նրանց հերոսությունը, բառեր չես գտնում, էնպիսի բառեր, որ իրոք բնութագրում է… Ուզում եմ հերոսներս իմանան, որ թեև հողը տվել ենք, բայց երբեք չենք մոռացել իրենց հերոսական արարքները: Մենք չենք ուզել այդ հողերը տալ, մենք միայն արցունքներով ենք ընդունել դա, ընդունել ենք ինքներս մեզ չներելով, բայց ձեզանից ներում սպասելով, որովհետև դուք ամենաբարին եք, ամենահայրենասերը և ամենաամենան:

Ներեք մեզ, որ առանց ձեզ ենք ապրելու…

Մեր աղոթքները երբեք չեն պակասի ձեր սուրբ հոգիների խաղաղության համար:

Զանգ սահմանից

-Ալո, Ան, բարև: Ո՞նց ես, ի՞նչ կա, Ան: Ան, նորությունները լսել ես, չէ՞, թե ինչ եղավ։

-Բարև, Համ, լավ եմ, ախպերս: Դու լավ լինես: Հա, տեսա, ախպերս, ամեն ինչ գիտես: Դու ասա` ո՞նց ես, ի՞նչ կա։

-Ան, հիմա որ ես գամ գյուղ, գյուղացիք չե՞ն ասի` էս ի՞նչ տղա ես, չկարեցար մի հող էլ պահես: Ան, կասե՞ն, թե չէ։

- Համո, գժվա՞ր: Ի՞նչ ես խոսում, չեն ասի, իհարկե, չեն ասի։

-Էսքան բոյ տվինք, էսքան արյուն թափվեց, ու հիմա սենց։

-Լավ կլինի, ախպերս: Մենք կհաղթենք, մի մտածի: Վաղ թե ուշ մերը կլինի ամեն ինչ։

-Հա, մենք  կհաղթեինք: Գիտե՞ս երբ կհաղթեինք: Երբ էդ որ իրանց լավ տղա են զգում, Ազգային Ժողով են մտնում, իրանց լավ տղա են զգում, 100 հոգով մի հոգու են ծեծում։ Էն որ իրանց ուժը մենակ սեղան աթոռի վրա են կարում ցույց տան։ Երբ էդ տղերքը ստեղ մեր կողքը կանգնած լինեին, էդ ժամանակ կհաղթեինք։ Կհաղթեինք, երբ մի պոստ վստահված ա 30 հոգու, երբ կրակում էին, էդ պոստը 7 հոգով էինք պահում: Մնացածը փախնում էին։ Փախնում էին 30 տարեկան մարդիկ, իսկ մենք՝18-19 տարեկաններս, բոյ էինք տալիս, հետո հելնում էին ու չէին կարում մեզ նայեին: Ու էդ ժամանակ մեզ մի բան էր մնում` թքեինք իրենց ճակատին, որ եկել էին պատերազմ, բայց թողնում փախնում էին, ու դու ուզում էիր, որ մենք հաղթեինք: Հա, հաղթեինք, երբ ընկերոջդ դիակի մոտ նստում ես, որ հաց ուտես, բայց չես կարողանում: Հասկանում ես. հաց դու չես ուտում, 40 օր շարունակ դու ուղղակի գոյատևում ես։ էհ, Ան, էնքան բանի միջով ենք անցել… Հա, Ան, մեկ էլ ինձ համար մի լավ հոգեբան ճարի, որ հոգեկանս կարգի բերի, Ան: Կանե՞ս, կլինի, չէ՞…

- Չգիտեմ` ինչ ասեմ: Մենակ մտածիր, որ լավ ա լինելու…

-Ան, ստեղ միակ լավ բանը էն ա, որ պատերազմը դադարեց: Մեր տղերքը զոհվեցին էդ հողի վրա, բայց եթե շարունակվեր, մեր դիակները հատիկ-հատիկ տուն էին բերելու… Բայց մենք մեր հողերը հետ կբերենք վաղ թե ուշ: Մեր տղերքի արյունը իզուր չի թափվել ընդեղ: Մեր տղերքը իրանց կյանքը իզուր չեն զոհել… Հետ ենք բերելու 100%: Աստված վկա, սա սենց չի մնա: Մեր տղերքի հոգիները հիմա հանգիստ չի: Մենք մեր տղերքի հանգստությունը հետ ենք բերելու ու Ռոբի խոսքերի տերն ենք լինելու: Հաղթելու ենք վաղ թե ուշ, քուրս…

-Գիտեմ, ախպերս, գիտեմ։

Տեսե՞լ եք` ինչքան թախիծ կա զինվորի աչքերում, երբ պատմում է էդ հերոսական  դրվագները, երբ պատմում է, թե ոնց է ընկերոջ դիակը փրկել: Ոնց են մեռնելուց պրծել, ոնց են 40 օր ոչնչացված ապրել…

Մենք կհաղթենք, Աստված վկա, մեղավորները պետք է պատժվեն։ Մեր տղերքի արյան վրեժը մենք հանելու ենք, եթե անգամ աշխարհում մի հայ էլ մնա…

Լուսաբացները

Անցած ամիսների դեռ չլավացած վերքերը սրտում, այսօր կիսով չափ ընկած, կիսով չափ ուրախ, կիսով չափ սպառված դիմավորում ենք լուսաբացները հույսով լցված, որ ամեն ինչ դեռ լավ է լինելու։ Որպես կանոն դիմավորում ենք մայրամուտները, որոնք շատ ցավոտ են լինում, խավարը ամեն ինչ իր մեջ քաշելու, պինդ թաքցնելու վատ սովորություն ունի

Զգացածս, չէ, չէ իրականում այդքան էլ չեմ զգում, ցավը թմրեցնող հատկություն ունի, լսում եմ զոհերի արյան կանչի ձայնը, սիրտս վեր է թռչում, ուզում եմ հոգիս տալ, ուզոոմ եմ սիրտս տալ, բայց արդեն անտարբեր հայացքով ու պահվածքով, նստում եմ մի տեղ ու սառած նայում մի կետի: Տավուշ աշխարհից մտքերով գնում եմ Արցախ աշխարհ, բայց արդեն արցունք էլ չկա, արդեն հոգի էլ չկա, արդեն չկա․․․

Ու էլի մնում են չասված խոսքեր ու անավարտ մտքեր, ասում են`  մահը կյանքի մասն է, ժամանակը՝ կյանքի սպասավոր․․․

Այսօր ուզում եմ մտածել  աշխարհի մասին, ուզում եմ խոհերիս մեջ Աստված ներկա լինի, ուզում եմ ինձ համոզել, որ այլևս չի կրկնվի այն, ինչ եղել էր․․․

Այսօր ուզում եմ ապրել այնքան, որ իմ շնչից մահը վերանա, և այնքան մեռնել, մինչև նորից ծնվեմ, և գուցե այդ ժամանակ չիմանամ պատերազմ բառի նշանակությունը․․․

Երանի թե, ոչ ոք չիմանար:

Երբ արևը մայր է մտնում, սպասում ենք նրա նոր գալստյանը, ավելի վառ գալստյանը, որպեսզի բոլոր օրերը տարբերվեն իրարից իրենց գուներով, ջերմությամբ:

Հայ զինվոր, դու բարձրացար երկինք, դիպար արևին, բռնեցիր հավերժության ճանապարհը, որ մեր լուսաբացները ավելի վառ լինեն, դու չհեռացար, ուղղակի կյանքը ուշացավ: Դու ամեն լուսաբացի գալիս ես, որովհետև գնացողներից չես:

Եվ գիտե՞ս, այսօր դու հաղթեցիր: Հաղթեցիր ու ասացիր.

-Հայը պարտվել չգիտի:

Ուղերձ զինվորից

44 օր մենք վախի հետ ենք ընկերացել:

Ապրել

Գետի ջրով,

Ցեխաջրով:

Գլուխներս

Դրել քարին,

Աստղերով ծածկվել:

Անասելի վախ

Ձեռք բերել ամեն

Ճտոց,  չխկոցից:

Կորցրել ենք

մարդկանց, ում հետ

Ուրախացել, տխրել,

Դպրոց ենք քայլել,

աղջկա բազառ գնացել,

Հիշողություններ ստեղծել,

Հաջողությունների հասել,

Թռել,

Ընկել,

Ապրել:

 

Կատու,

Շուն,

Գորտ,

Օձ,

Կարիճ,

Սարդի հետ

Խոնավ պադվալում

հարևանություն արել:

 

Մարդ սպանել

Սովորել,

Արկերի, անձրևի տակ

Պատգարակով մեր

ընկերոջը կիլոմետրեր

ենք վազացրել:

 

Բա

Ցար

Ձակ

Չիմանալով երկու

վայրկյանից ինչ կլինի,

Զանգել ասել ենք.

Լաաաաաավ ա սաղ:

 

Լսողություն կորցրել,

Վերականգնել:

Կորցրել,

Վերականգնել:

Կորցրել,

Վերականգնել:

Կորցրել,

Վերականգնել:

 

Բայց

Ժպտում ենք:

Դուք էլ ժպտացեք:

Ու մոտներս էշ-էշ դուրս մի տվեք,

Մենք ձեզ  չենք ընկալում

Ոնց դուք

Էս իրավիճակը:

 

ԵՐԱՆԻ ՉԶԱՐԹՆԵԻ՞Ր…

ԳՆԱ ՍՊԱՆԻ ՔԵԶ։

ԼԻՔԸ ԼԱՎ ՁԵՎ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ,

ՀԱՐՑՐՈՒ` ԿԱՍԵՄ:

 

Որոշի,  դու «դու՞ք» ես, թե՞

«մենք»…

Երկինքը հարստացավ, ես աղքատացա

Մի ժամանակ ես երկինքը շատ էի նկարում:

Հիմա երկինքը ավելի սիրուն է, ավելի տաքուկ ու ավելի շատ:

Ես նեղացած եմ, հա, երկնքից եմ նեղացել: Ես իրեն էդքան շատ սիրում էի, ամեն օր նոր հանդերձանքով նկարում, իսկ ինքը գողացավ ինձնից ամենաթանկերիս:

Ես աշխարհից եմ խռովել, մի երկնքը ի՞նչ է, որ էդքան լույս պահի իր մեջ:

Մանկական խաղերս բերել դրել աչքիս դիմաց, տարել է հետս խաղացողին:

Էն երկինքը, որ ձեռքերը իրեն էին պարզում ու նկարվում սիրելիները:

Էն երկինքը, որ ես օդային համբույրներ էի ուղարկում, երբ անձրև էր տալիս: Անձրև չեմ ուզում էլ, ինձ իմ մանկության Սամին տուր:

Փողոցում լռություն է…

Հոգումս երկրաշարժ է,  թե՞ փոթորիկ, ես էլ չգիտեմ:

Ասում են` կորուստը մարդուն ավելի է կոփում: Դրանք սուտ բաներ են, կորուստը մարդուն ծնկի է բերում, ստիպում է զռռաս, էնքան, մինչև բարձդ քամելու չափ թաց լինի:

Լավ է, որ Աստված ստեղծել է գիշերը, թե չէ` ինչ պիտի անեին այն ձեռքերը, որ մենակ մնացին երկինք պարզված, որ խաղերը եկան առանց խաղացողների մնացին, որ մնացիր մենակ… Երկինքը հարստացավ, դու աղքատացար ու մենակ ես, մեն մենակ…

Մեծ, անծայրածիր աշխարհ, վահանդ կորցրած ռազմիկ ես դու…

Բառերը հոդս են թռչում, կորցում են գինը… Դուք չկաք, մենք էլ չկանք…

Կներեք ինձ, որ շատ էի սպասում աշնանը, ախր ,սիրում ես էս գրողի տարած եղանակը: Բայց ինչո՞ւ ինքը մեզ չսիրեց այնպես, ինչպես մենք իրեն, ինչո՞ւ նեղացրեց, ինչո՞ւ պոկեց մեզ մեզանից…

Ես նեղացած եմ, հա, աշուն, քեզանից էլ… Դու աչքերիս մեջ նայելով, արցունք տվեցիր աչքերիս …

Դու մեզ ստիպեցիր ապրել պատերազմի հետ կողք կողքի… Պատերազմը ապրում է մեր փողոցում, իմ դասընկերն է, կուրսընկերը, կամ ուղղակի մի անցորդ, ում օծանելիքը հրապուրել էր ինձ մի օր:

Պատերազմը տարավ ինձանից թանկերիս ու սիրելի եղանակս…

Դու չկաս, աշուն…

Հաղթաթեյ

16-ամյա Սեդայի, 17-ամյա Սիլվայի և Անիի՝ խոտաբույսեր վաճառելու միտքը փոխարինվեց «Հաղթաթեյի» վաճառքով։

Հոկտեմբերի 30-ից Եղեգնաձորի կենտրոնում՝ նախկին «Արագիլ» կինոթատրոնի դիմաց անցորդների ուշադրությունն է գրավում ու հրապուրում հաղթանակի անուշաբույր թեյը, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Մեկ բաժակի համար նախատեսել ենք 300 դրամ, բայց մարդիկ ավելին են վճարում, իմանալով, որ գումարը փոխանցվելու է հիմնադրամին։ Աշխատում ենք առավոտյան 11-ից մինչև երեկոյան 19-ը։ Նույնիսկ վատ եղանակը չի խանգարում մեզ»,- պատմում է Սեդան։

Իսկ Անին ասում է. «Բացի սև ու կանաչ թեյից, մոշի, ուրցի, անանուխի, նռնածաղկի, ավանդական խառնուրդների համերով են թեյերը, որոնց վաճառքը մի քանի օրում սպասվածից ավելի մեծ հաջողություն ունեցավ»։

Արդեն 700.000 դրամ և ավելի գումար է հավաքվել, որն ամբողջությամբ կփոխանցվի հիմնադրամին։

Վստահ եմ՝ նման ծրագրերը շարունակական և արդյունավետ կլինեն։ Չէ որ ցանկացած նախաձեռնություն հնարավոր է իրական դարձնել, եթե կա բավարար չափով ցանկություն։

«Կենաց» առանց «Ո՜ղջ, առո՜ղջ»-ի

- «Հիմա՛ գոնե մի քիչ ապրենք, քանի դեռ ուշ չի… »

Մայրս սիրում է տարբեր մեջբերումներով լցնել մեր առօրյա կյանքը՝ հատկապես իմը, որովհետև նույնիսկ ի՛նքն իր մեջբերումները երբեմն չի լսում, ու որովհետև ամենից ուշադիր միայն ես եմ երևի շուրջբոլորս հնչող բոլոր բառերը վերցնում ու զտում ներսումս (միգուցե պարապ եմ, դրանից է):

Մտածում եմ, եթե մայրիկիս բոլոր մեջբերումներին հետևեինք, շատ-շատ բաներ այլ կերպ կլինեին: Մի խոսքով, ամեն ինչ միշտ ճիշտ կլիներ, ու նույնիսկ չէինք կարողանա բողոքել:

Մի րոպե, կներեք, ընկերուհիս է զանգում:

-Հաստա՞տ կգաս:

-Հա, գալու եմ:

-Համոզվա՞ծ ես, որ խնդիրներ չեն առաջանա:

- …

- …

-Լուրջ, գալու եմ, ինչ էլ լինի:

- Դե լավ ա, որ տենց ես տրամադրված:

-Հա, երևի…

Հանգամանքները, բախտը, փողը, երկիրը, մեր անտաղանդությունը կամ էդքան էլ կարող չլինելը, սուրճի բաժակի միջի օձը (ոնց-որ թե վատ նշան էր), թուղթուգիրը, վատ մարդիկ, բախտը, գուշակ Մանուշակն ու մի շարք էսպիսի հարմար բաներ, ավելի մեծ դեր ունեն մեր կյանքում, քան մենք ինքներս:

Երբեմն վատ երազի պես տեսնում եմ ինձ՝ամբողջ կյանքում ալարելուց, մի տասն անգամ թուղթուգրված, էդ ջահելների զարգացած մտածելակերպը չհասկացող, մի հատ էլ չընդունող, թոշակից բողոքող ու մեկ-մեկ էլ կողքի հարևանի հետ համեմատվելիս… Հետո ուշքի եմ գալիս ու հասկանում, որ ինչ էլ լինի, չե՛մ կարող էդպիսին դառնալ, որովհետև էդպիսին չեմ (հուսամ):

Տասնյոթն էլ ցրված ու անուշադիր լինելու, էգոիստ լինելու, ականջներն ու աչքերը փակ ապրելու կամ երևակայական կախարդական շարինգան աչքով աշխարհին նայելու ու հրաշքներ գործելու ժամանակը չէ: Արդեն ինքս ինձ վրա շատ աշխատելու և ամենավատը սպասելու ժամանակն է (էդպես երևի նյարդային համակարգս իրեն պաշտպանում է, որ մարդ ես, մի բան լինի՝ չգժվի): Արդեն գիտակցելու, դառն իրականությունը թխվածքաբլիթով կուլ տալու ու իրենց ուզածներից շատ հեռու կանգնածներին հեգնանքով չմոտենալու, վախկոտ չլինելու, մեկ-մեկ ալարելու, բայց բամբասող ու ապերջանիկ, գուշակ Մանուշակի մշտական «կլիենտ» տատիկի մասին վատ երազը տեսնելուց հետո՝ վեր թռնելու ու մի բան անելու, ապագա դժբախտներին փոխել փորձելու ու չկարողանալու, հետո կոմպրոմիսի գնալու, վերջում ամեն ինչի վրա թքելու ու դեմ գնալու ժամանակն է:

Էս թեյիս բաժակով էլ կենացս ասեմ ու գնամ: Խոսք եմ տալիս, երկար չի տևի (խոստումները պահելու ժամանակն էլ է):

Իմ կյանքում, բացի ինձնից, ոչ ոք ու ոչ մի բան մեղավոր չի լինի ապրած-չապրածիս, արած-չարածիս, տեսած-չտեսածիս համար:

Իմ կյանքում չգնահատված մարդ չի լինի, ուշադրություն ու սեր չստացածը չի լինի:

Իմ կյանքում չեն լինի «իսկ եթե»-ներ, «բա, որ»-ներ՝ բեկումնային պահերին:

(Կենացս քիչ-քիչ նմանվում է մոտիվացիոն վիդեոյի սցենարի):

Իմ կյանքում չեն լինի  «Նա կոտրեց ինձ, դրա համար էլ …» , «Դու՛ էիր մեղավոր, որ …»-ներ:

Իմ կյանքում չեն լինի «Ես չէի կարող», «Ինձ մոտ չէր ստացվի» կամ «Ես այդքան ունակ չեմ, որ… » արդարացումներ:

Իմ կյանքում կան ու կլինեն վատ մարդիկ, դժբախտ պատահարներ, կորուստներ, չընդունողներ, ընդիմացողներ, խանգարողներ, դժբախտ՝ «ճիշտ ապրել» քարոզողներ, բարբարոսներ, տարբեր «ճիշտ մտածողներ», որ վստահ են իրենց կարծիքը մյուսին հրամցնելու մեջ: Կլինեն վատ ժամանակներ՝ անտանելի թվացող ու անվերջ թվացող, կլինեն կոտրվելու, միգուցե հիասթափվելու, բոլոր կրքերը կորցրած ու թքած, աննպատակ ու անուրախ գոյատևելու շրջաններ:

Իմ կյանքն իդեալական չէ ու չի լինի, ու միգուցե ես մեկ-մեկ մոռանամ էն ամենը, ինչ հենց նոր գրեցի: Բայց իմ կյանքը չի՛ դառնա ափսոսանքի, մեղադրանքի, սահմանափակումների ու քննադատությունների կույտ ու առավել ևս,  չի՛ ընկնի ինչ-որ մեկի ոտքի տակ ու խանգարի՝ անպիտան դառնալու պատճառով: (Կարծես թե սովորել եմ իրերն իրենց անունով կոչել):

«Ո՜ղջ, առո՜ղջ»-ի  փոխարեն էլ մայրս հաստատ մի լավ բան կասի իր մեջբերումներից: