Բարև, ես եմ

Երկարատև ընդմիջումից հետո առաջին արտահայտությունը, որը երևի ճիշտ կլինի օգտագործել, «Բարև Ձեզ»-ն է կամ արդեն իսկ հարազատ դարձած, «Hi!»-ը` լայն ու գեղեցիկ ժպիտով… Արդեն երեք ամիս է, ինչ ապրում եմ Միացյալ Նահանգներում` մշակութային փոխանակման ծրագրի շնորհիվ, և ամեն օր առնչվում եմ նոր դեպքերի, դեմքերի ու երևույթների հետ, ու ասեմ, որ իսկապես հաճելի է…
Երևի սկսեմ լեզվից: Շատ լավ հիշում եմ առաջին օրս ԱՄՆ-ում, երբ հինգ ինքնաթիռ փոխելու արդյունքում ականջներս խշշում էին, ու չէի կարողանում նորմալ լսել, առավել ևս հասկանալ, թե ինչ էին ասում հյուրընկալ ընտանիքիս անդամները: Բայց երկրորդ օրը ամեն ինչ տեղն ընկավ, պարզապես ստիպված էի ողջ ուշադրությունս լարել` ամբողջովին հասկանալու համար խոսակցությունը, քանի որ ամերիկացիները խոսում են աներևակայելի արագությամբ, ամեն մեկն իրեն հատուկ բառապաշարով ու բարբառով… Իրոք դժվար էր, բայց հիմա արդեն ես էլ եմ սկսել ինչ-որ չափով նրանց պես խոսել, տեղի-անտեղի օգտագործել «Թենք յու» արտահայտությունը, փողոցում անծանոթ մարդկանց հարցնել, թե ինչպես են և այլն… Դե, էլ չեմ խոսում ակցենտի մասին: էստէղ բոլորն են ակցենտով խոսում ու շատ ժամանակ իրար միանգամից չեն հասկանում: Ինչ արած… Դե, իսկ երեք լեզու իմացող մարդը համարվում է գիտակ ու զարգացած, քանի որ իրենց մեծ մասը տիրապետում է միայն անգլերենին, այն էլ երբեմն ոչ լիարժեք` ձեռքի հետ, ԼՕԼ: Քանի «գիտակ»-ից խոսեցի, մի քիչ դպրոցից պատմեմ: ՏԱՐԲԵՐ է, ծայրահեղ տարբեր: Տարբեր քաղաքներում ու տարբեր դպրոցներում դասերը սկսվում են տարբեր օրերի ու ժամերի, ոչ թե մեր բարի ու հուզիչ սեպտեմբերի 1-ի պես: Առարկաները դու ես ընտրում, հետևաբար, դասընկերներդ փոխվում են, բայց ես գերադասում եմ մեր ռեժիմը, քանի որ կարծում եմ, որ էդպէս ավելի խելամիտ է. ինչ կարիք կա նույն գիրքը նույն ձևով տասներկու տարի սովորելու…
Բայց օրեցօր հասկանում եմ, թե ինչքան եմ կապվում հայրենի հողիս հետ` չնայած այն փաստին, որ մի ամբողջ օվկիանոս է մեզ բաժանում… Կարգին հայրենասեր եմ դարձել, ասեմ` իմանաք: Երևի մտածում եք, թե ինչ կա որ, ԱՄՆ-ում է… Ես էլ էի էդպես մտածում, բայց մոտեցա մե~ծ քարտեզին ու տեսա, թե ինչքա~ն հեռու եմ տանից… Ինչևէ… Միշտ հաճելի է ներկայացնել մեր փոքրիկ, բայց հնաբույր Հայաստանը, պատմել մեր մաշտոցյան պատմությունը ու անվերջ հպարտանալ, որ ՀԱՅ ես…
Միայն մի բան կասեմ, հայե’ր. մի’ լքեք Հայաստանը, ձեր «շողշողուն» ապագան օտար ափերում մի’ փնտրեք, քանի որ հետո խնդրելու եք հեռավոր ու վսեմ Ճանապարհին, որ ձեզ Հայաստան տանի…

Հ.Գ. մեր քաղաքի ժողովուրդը արդեն կերել է տոլմա, գիտեն, օր լողնալուց հետո բդի «Բաղնիքդ անուշ» սէն, կըռնան երգեն հայերեն երգեր ու թերևս մէ հայիմ` Քիմ Քարդաշյանին, ընձի հետ ծանոթանալուց առաջ էլ գիտեին…

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

«Լավ» սովորելը

Լա’վ սովորիր, որ լավ մա’րդ դառնաս…
Այս արտահայտությունը լսել ենք հարյուրավոր անգամներ և’ մեր ծնողներից, և’ ուսուցիչներից, և’ թե մոտ ու հեռու հարազատներից: Մանկուց շարժվում էի այս գաղափարով, և ամեն ինչ անում էի, որ արդարացնեի ծնողներիս երազանքը: Աշխատում էի ամեն ինչ սովորել, և թե ինչ-որ բան ճիշտ չէի անում, չէր ուշանում պատիժը (չմտածեք ավանդական հայկական ապտակի մասին. հորս մի հայացքն ամեն ինչ ասում էր): Տարիներն անցնում էին` իրենց հետ բերելով նոր գաղափարներ, և աշխարհը ստանում էր իր իրական գույները, որոնք այնքան էլ հուսադրող չէին: Տարեցտարի շրջապատումս շատանում էին գործազուրկ, սակայն դպրոցական կամ համալսարանական տարիներին «լավ» սովորած մարդիկ, մարդիկ, ովքեր տարիներ էին անցկացրել սովորելով` լավ և հաջողակ մարդ լինելու համար: Մեկը ֆիզիկոս էր, մյուսը` մաթեմատիկոս, երրորդը` լեզվաբան (երեք օրինակով բավարարվենք): Երեքն էլ իրենց գործի վարպետն էին և իրենց հավասարը չունեին, աշխատում էին և աշխատանքից հաճույք քաղելով` անցկացնում իրենց կյանքի հրաշալի օրերը: Արդեն ապագայի պլաններն էին կազմում, սակայն…
Իննսունականներ, պատերազմ, համատարած գործազրկութկուն, սով: Բոլորիս էլ ծանոթ են մեր հանրապետության գոյատևման առաջին և դժվարին օրերը: Այս օրերին էր, որ գլուխ բարձրացրեց հայության համար մեկ թշնամին` արտագաղթը: Ինչպես շատերը, նրանք ևս բռնեցին արտագաղթի ճանապարհը:
Մեղադրելն ուղղակի անհեթեթություն կլինի. իրենց գոյությունը պահպանում էին ինչպես որ հնարավոր էր: Շինարար, վարորդ, էլեկտրիկ ու էլի այսպիսի աշխատանքներ, սական ոչ ոք չէր զբաղվում իր մասնագիտությամբ: Ժամանակի ընթացքում նրանք դարձան իրենց գործի վարպետն ու այսօր ապրում են ընտանիքներով արտերկրում` չմտածելով նախկին մասնագիտությունների մասին, որովհետև գտել են իրական կյանքին ու պայմաններին հարմար նոր մասնագիտություններ:
Հազվադեպ են այդպիսի դեպքերը, երբ մարդիկ կարողանում են զրոյից դասավորել իրենց կյանքն ու, ամենակարևորը, գոհ լինել ճակատագրից:
Ինչևէ, լավ սովորելը առավելություն է, բայց այ լավ մարդ լինելը` ուրիշ բան է…

Ծաղկաձորյան օրագիր. «Եղեք ազնիվ ձեր ստերի մեջ և ասեք այնպիսի սուտ, որը սուտ չէ»

Հարցազրույց կինոռեժիսոր Արման Երիցյանի հետ


-Մենք ծանոթ ենք Ձեր ստեղծագործական ուղուն, գիտենք, որ Ձեր ֆիլմերից «Վերջին լարախաղաց»-ը, «Մեկ, երկու, երեք»-ը (և ոչ միայն) արժանացել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր մրցանակին: Խնդրում ենք պատմել, թե ինչպես եք ընտրում ֆիլմերի գաղափարը:
-Ամենակարևորը, որ ուզում եմ ասել, հետևյալն է. տարիքը ընդհանրապես կապ չունի, քանի որ ինֆորմացիան միշտ նույնն է: Երբ մեծահասակ որևէ մեկը ձեզ ինչ-որ բան է ասում, բռնում է ձեր ձեռքից, բացատրում, թե որն է ճիշտը, դուք ենթագիտակցորեն զգում եք, որ այդ բոլորը գիտեիք, պարզապես ձեզ բառերը չեն հերիքել արտահայտելու համար: Ես չեմ ուզում այսօր բռնել ձեր ձեռքը, խրատել, պահանջել, որ լսեք ինձ, ես ուզում եմ խոսել այն մասին, որ դուք գիտեք ճշմարտությունը, քանի որ այն ձեր քթի տակ է, ձեզ մնում է միայն բռնել այն: Դուք բոլորդ հանճարեղ ու աճող օրգանիզմներ եք, որ գնում եք դեպի վեր: Ձեզ ասում են՝ հեռու մի՛ գնացեք, եկեք այսինչ բանը նկարեք, այսինչին նկարեք: Բոլորին թվում է, թե իրենք ֆիլմի թեմա են: Բայց երբ դուք վերցնում եք գրիչը, վերցնում եք տեսախցիկը, հասկանում եք, որ ամեն ինչ, մեղմ ասած, անհեթեթություն է: Այսինքն՝ այն, ինչ դուք տեսնում եք, չեք կարողանում պատմել, այն ճշմարտությունը, որ ձեր քթի տակ է, չեք կարողանում ներկայացնել: Ամբողջ գաղտնիքը թաքնված է համարձակության մեջ: Դեռ փոքր տարիքից ձեզ շարունակ վախեցրել են: Վախը ահավոր բան է: Երբ դադարեք վախենալ, կկարողանաք պատմել ազատ, չկոմպլեքսավորվել: Իսկ հիմա տեխնիկական առումով ձեր ներաշխարհը վախենում է: Վախենում է առավոտյան արթնանալ ու մայրիկին ասել բարի լույս, հարցնել, թե ոնց է, ծաղկեփունջ նվիրել քույրիկին առանց պատճառի, ուղղակի: Այս ամենը փոխկապակցված է ձեր աշխատանքի հետ: Այս ամենը հենց կյանքն է: Եվ եթե դուք տեր չլինեք ձեր առօրյայում այդ պատահական արտահայտություններին, չեք կարողանա լինել ո՛չ կինոռեժիսոր, ո՛չ օպերատոր, ո՛չ լրագրող, ո՛չ մտածող, ո՛չ քույր-եղբայր, ո՛չ էլ ծնող: Այլ կդառնաք շարքային, ամենասովորական մարդ: Այսինքն՝ ձեր գլխավոր խնդիրը ձեզ այդքան մոտ գտնվող ինֆորմացիան ձեզանով անելն է: Դրա համար տանից դուրս գալիս միացրեք ձեր միջի ալիքի անտենաները, որպեսզի լսեք ձեր հարևանի, կողքով քայլողի, ընկերոջ, անցորդի ձայնը, ֆիքսեք ինչ-որ մեկի քայլելը, պայուսակի գույնը: Դուք պետք է այնպիսի հոտառություն ունենաք, որ գործողությունը նկատեք դեպքը կատարվելուց էլ առաջ:
Ուզում եմ խոսել նաև խաբելու մասին: Մեր շուրջը ամեն բան մեզ խաբում է: Օրինակ՝ երբ սովորական աղջիկը հագնում է հարսի զգեստ, ամբողջովին փոխվում է: Մենք սկսում ենք նրան ուրիշ կերպ նայել, որովհետև նա, այսպես ասած, ապրանքային տեսք է ստանում, ինչն էլ մեզ խաբում է: Չէ՞ որ իրականում աղջիկը չի փոխվել: Ամեն ինչն էլ սուտ է. Սուտ է աճպարարությունը, լրարգրությունը, արվեստը: Սուտ է, քանի որ դու անում ես մի բան, որն այդպես չէ: Սա է ձեր մասնագիտությունը: Լինել ազնիվ ձեր ստերի մեջ և ասել այնպիսի սուտ, որը սուտ չէ: Եթե դուք ազնիվ եք, ձեզ կհիշեն, եթե ազնիվ չեք, էլի կհիշեն: Բայց անազնիվին շուտ կմոռանան, որովհետև նա տհաճ է: Առհասարակ տհաճ դեպքերը շուտ են մոռացվում: Իմացեք՝ եթե լինեք անտարբեր, անտարբեր կլինեն նաև ձեր նկատմամբ, և եթե անեք ինչ-որ բան առանց սիրելու, չեն սիրի և ձեզ: Հետևաբար ձեր ստեղծագործություններում փորձեք հասնել կատարյալին, զոհաբերեք, փնտրեք, գտեք, մի՛ ապրեք իմիջիայլոց, մի՛ դադարեք ձգտել, շարժվել, որովհետև հենց դադարեք շարժվել, կյանքը կանգ կառնի:

Գրի առավ՝ Միլենա Խաչիկյանը

Սովորելու համար երբեք ուշ չէ

Ես Նազիկն եմ: Ես 16 տարեկան եմ և ապրում եմ Վայոց ձորի Վայք քաղաքում: Սովորում եմ տեղի ավագ դպրոցիի վերջին դասարանում: Ինչպես արդեն հասկացաք, ես էլ եմ կանգնած այն խնդրի առաջ, թե ինչ անել դպրոցն ավարտելուց հետո: Ի տարբերություն ընկերներիս ես դեռ չեմ կողմնորոշվել, թե որ բնագավառում կարող եմ շարունակել գործունեությունս: Ինչպես շատերին, ինձ նույնպես բոլորը խորհուրդ են տալիս այս կամ այն մասնագիտությունը, սակայն կան մի շարք պատճառներ, որոնք թույլ չեն տալիս ընտրել այդ մասնագիտությունները:
Իմ հասակակիցների շրջանում հատկապես տարածված է, որ պետք է անպայման ունենալ բարձրագույն կրթություն: Նրանց մեծ մասը ընտրում է մասնագիտություններ, որոնք չեն հետաքրքրում իրենց, այլ ուղղակի մոդայիկ է տվյալ մասնագիտությունը կամ համալսարանը: Ես կարծում եմ, որ մասնագիտություն ընտրելը մեր կյանքի ամենակարևոր որոշումներից մեկն է, քանի որ հետագայում դա պետք է դառնա աշխատանք, իսկ աշխատանքն էլ մեր առօրյայի անբաժանելի մասը:
Բացի դա, կան շատուշատ մասնագիտություններ, որոնց տիրապետելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ստանալը, ուստի մասնագիտություն ընտրելիս պետք է լավ մտածել:
Իմ այն հասակակիցներին, ովքեր չեն ընտրել մասնագիտություն կամ վստահ չեն իրենց ընտրության մեջ, խորհուրդ եմ տալիս նորից մտածել և չշտապել ընտրության հարցում, ի վերջո սովորելու համար երբեք ուշ չէ:

Ծաղկաձորյան օրագիր. Օր հինգերորդ

Ճամբարային հինգերորդ օրը նույնպես հագեցած էր: Բացի այն, որ այսօր գնացինք նկարահանումների, մենք ունեցանք նաև մի շատ հետաքրքիր հյուր: Խոսքս կինոռեժիսոր Արման Երիցյանի մասին է, ով, ի դեպ, այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացավ գլխավոր մրցանակի: Նա խորհուրդ տվեց միշտ լինել ազնիվ նույնիսկ մեր ստերի մեջ, այսինքն՝ ասել այնպիսի սուտ, որը սուտ չէ: Ըստ կինոռեժիսորի՝ հիշվում է թե՛ ազնիվը, թե՛ անազնիվը, բայց ամեն դեպքում անազնիվը ավելի շուտ է մոռացվում: Նա սովորեցրեց ջնջել ամեն տեսակ վախ ու կասկած մեր ներսից, չանել ոչինչ առանց սիրելու, քանի որ այդ դեպքում ինքներս չենք սիրվի: Այս բոլորը շատ կարևոր են ոչ միայն կինոյի ոլորտում, այլև կյանքի ցանկացած պահի: Մենք դիտեցինք նաև կինոռեժիսորի «Մեկ, երկու, երեք» ֆիլմը, որը պատմում էր մեծահասակների վախերի, սերերի, մենակության և առհասարակ ամեն տեսակ ապրումների մասին: Ֆիլմը վերջին շրջանում ամենալավն էր իմ տեսած այն ֆիլմերի մեջ, որոնք պատմում են մարդկային այդպիսի ճակատագրերի մասին:

Միլենա Խաչիկյան, Երևան

***

Ես ծանոթացա կինոռեժիսոր Արման Երիցյանի հետ: Պարոն Երիցյանը մեզ համար վարպետության դաս անցկացրեց ռեժիսուրայի վերաբերյալ: Բացատրեց, թե ինչպես կինոյի, ֆոտոյի թեմա գտնենք: Արման Երիցյանի հետ եկել էր նաև Նահապետ անունով մի աճպարար: Նրա աճպարարությունները ամենահետաքրքիր ու չբացահայտված մասն էին: Արման Երիցյանը մեզ բերեց մի եզրակացության, որ մենք շատ ենք սիրում խաբվել: Իսկ Շուշանը ամբողջ ժամանակ ուզում էր Նահապետի աճպարարությունները բացահայտել, բայց դա նրան չէր հաջողվում: ԴիտեցինքԱրման Երիցյանի ֆիլմերից «Մեկ, երկու, երեք»-ը: Ֆիլմում պատմվում է մի քանի տարեց մարդկանց մասին: Նրանցից մեկը իր տանը մինչև առաստաղ հասնող ավելորդ իրեր էր հավաքել: Իրերն այնքան շատ էին, որ կարելի էր դրանով մի ահռելի «թանգարան» բացել: Փողկապներով լի ճամպրուկ, բազմահատոր գրքեր, որոնցով կարելի էր նոր գրադարան բացել, պարկերով շորեր, որոնցով շատ անապահով ընտանիքներ կարող են հագնվել: Բայց դա չէ կարևորը: Շատերը կան, որ մեծ տարիքում սկսում են «փակվել» և կրկնում են, որ «բեռ են դարձել», բայց նրանք չեն ասում, որ բեռ են: Նրանք ակտիվ կենսակերպ են վարում՝ պարում են, երգում, ուրախանում, մասնակցում մրցույթների: Նույնիսկ շատերի համար դառնում օրինակ: Մի հետաքրքիր կարգախոս կա. «Ապրիր այնպես, որ ներկայությունդ լինի հաճելի, իսկ բացակայությունդ՝ նկատելի»: Այդ տարեցները արդեն չեն պատկերացնում իրենց կյանքն առանց իրար: Մեկի ներկայությունը հաճելի է մնացածին, իսկ բացակայությունը նկատվում է: Հատկապես, երբ 84-ամյա ֆիզիկայի ուսուցիչը հիվանդացավ, բոլորով գնացին նրան տեսակցության: Նրանք այնքան են մտերմացել, որ նույնիսկ երկուսը մտածում էին կյանքի մնացած մասը համատեղ անցկացնել: Ընկերության համար տարիքը չի խանգարում. կարող է մանկությունից ճանաչած մարդը լինի «անծանոթ», իսկ մեկ օրվա ծանոթը դառնա կյանքի ուղեկից: Ընկերները կյանքը դարձնում են հիասքանչ ու հետաքրքիր:

Մուշեղ Վարդանյան, ք.Վայք

***

Մեր մտածած սցենարով մենք նկարեցինք մի ֆիլմ: Ֆիլմը կյանքի նկատմամբ տարբեր մարդկանց վերաբերմունքի մասին է: Ճոճանակին հայտնվում են տարբեր մարդիկ, ապրում իրենց տարբերվող կյանքը: Մեկը սիրում է մյուսի հաշվին ապրել, մեկն իր կյանքի իմաստը ուտելն է համարում, մյուսը քնած է անցկացնում…

Ալբերտ Մկրտչյան, գ.Վահրամաբերդ

***

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Վերջապես եկավ մեր հերթը, ու պետք է կինո նկարեինք: Ուղևորվեցինք գյուղ Սոլակ: Ֆոտոներ և հարցազրույցներ արեցինք տեղի բնակիչների հետ: Հետո եկանք, և ես նկարահանվեցի ֆիլմում: Ճիշտ է, դերը փոքրիկ էր ու, ես եսասեր մարդու դեր էի տանում, բայց ինչպես ասում են, ամեն մեծ բան փոքրից է սկսվում: Կինոռեժիսոր Արման Երիցյանը մեզ վարպետության դաս տվեց: Ու շատ դրական լիցքեր ստացա նրանից: Այնքան սիրուն էր պատմում ֆիլմի մասին, որ ակամայից ես էլ սիրով լցվեցի: Նրանից սովորեցի շատ օգտակար բաներ: Օրինակ, պետք չէ հեռուն գնալ նոր գաղափարներ գտնելու համար: Պետք է ուղղակի նայել շուրջը, և գաղափարները ակամայից կծնվեն:

Լիա Ավագյան, գ. Կարմիրաղբյուր

***

Մեր առաջարկած գաղափարներով նկարահանվեց ֆիլմ: Ինձ շատ դուր եկավ այդ գործընթացը: Ճիշտ է, իմ դերը այնքան էլ դժվար չէր, բայց ես այն մեծ պատասխանատվությամբ և հպարտությամբ կատարեցի:
 Ձեռքբերում էր այն, որ իմ մեջ արթնացավ ռեժիսորի ունակություններ, և ես սկսեցի ռեժիսորի նման մտածել:
Հետաքրքիր էր կինոռեժիսոր Արման Երիցյանի հետ հանդիպումը, ով իր աշխույժ և հումորով լեցուն խորհուրդներով իր փորձը կիսեց մեզ հետ: 
Հետաքրքիր էր Արման Երիցյանի «1,2,3» ֆիլմը, որը չնայած նրան, որ սովորական մարդկանց մասին է, բայց շատ լավ և հետաքրքիր ֆիլմ էր:

Հարություն Հայրապետյան, գ. Ամասիա

***

Այսօր ես առաջին անգամ իմ կյանում մասնակցեցի ֆիլմի նկարահանումների: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են դրանք ընթանում, բայց իմ պատկերացրածից ավելի հետաքրքիր էր: Տարբեր մարդիկ, տարբեր դերերով էին հանդես գալիս, այդ թվում նաև ես: Այնուհետև մեզ հետ իր փորձով կիսվեց կինոռեժիսոր Արման Երիցյանը: Մենք դիտեցինք նրա նկարահանած «1,2,3» ֆիլմը: Տպավորությունները մեծ էին, ֆիլմը վավերագրական էր և պատմում էր ծեր մարդկանց կյանքի պատմությունը, ովքեր թեև տարիքով շատ մեծ էին, սակայն պարում էին պարի համույթում: Պարը օգնում էր իրենց ապրել:

Լիլիթ Կիրակոսյան, ք. Հրազդան

***

Ես շատ էր սպասում այս օրվան, թե երբ կհանդիպեմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի այս տարվա մրցանակակիր ռեժիսոր Արման Երիցյանին: Տպավորությունները շատ մեծ էին «1,2,3» ֆիլմից: Անկախ ինձնից ուրախացա, երբ ֆիլմի հերոսներից մեկի` Միքայելի տունը մաքրած տեսա:

Սևակ Կիրակոսյան, գ.Վահան

***

Ձեռքբերումներիցս մեկը երևի դերասանություն անելն էր, որը կարծում եմ, վատ ստացվեց: Փորձեցի նյութեր գրել և ուղղել նախկինում թույլ տված սխալները: Մեծ ձեռքբերում էր նաև սովորել ֆիլմի նկարահանման հետ կապված հմտություններ: Բացի այդ, դիտեցինք հուզիչ վավերագրական ֆիլմ, որը միայնակ մարդկանց մասին էր: Ես հասկացա, որ չնայած միայնակ լինելուն, մարդիկ փորձում են ուրախ լինել, պարի են գնում, երգում են:

Սոնա Զաքարյան, գ. Դարբաս

***

Ես տեսա, թե ինչպես են ընթանում ֆիլմի նկարահանման աշխատանքները, և դա ինձ ուղղակի հաճույք պատճառեց: Ինձ շատ էր հետաքրքրում այս ամենը: Ինչպես խաղալ, ինչպես բռնել տեսախցիկը, երբ խոսել ու էլի շատ-շատ բաներ: Ես այսօր տեսա այն, ինչ ուզում էի տեսնել, և նույնիսկ մասնակից դառնալ:
Մեզ հյուր էր եկել ռեժիսոր Արման Երիցյանը: Նա ինձ շատ դուր եկավ: Նա մեզ պատմեց, թե ինչի մասին և ինչպես կարելի է ֆիլմ նկարել: Ինձ համար նորություն էր, որ ֆիլմի նկարահանումը կարող է տևել երեքից չորս տարի: Ես նրանից սովորեցի կյանքի տված հարվածներին պատասխանել աշխուժությամբ ու կենսուրախությամբ:

Լիլիթ Սուքիասյան, ք.Ստեփանավան

***

Ես ունեցա իմ դերը և հենց այսօր էլ նկարահանվեցի:Այսօր ինձ համար ավելի հետաքրքիր էր, քանի որ մենք նկարահանեցինք ֆիլմի մի մասը, հետո անձրևը վարարեց, ու մենք դադարեցրինք նկարահանումները: Սովորեցի ինչպես դերասանություն անել, ինչպես գաղափարը դարձնել սցենար ու ինչպես նկարահանել ֆիլմ, որն ինձ շատ պետք կգա հետագայում:

Մարիամ Հովհաննիսյան, ք.Արարատ

***

Այնպիսի օր չեմ տեսել, որ պարապ մնանք: Ամեն օր առավոտյան արթնանում, նախաճաշում ենք և անցնում գործի: Այսօր, ինչպես մյուս օրերը, շատ հագեցած էր:
Մենք նկարահանեցինք ֆիլմ: Մինչև ֆիլմ նկարելը ինձ թվում էր, որ այդ ամեն ինչը շատ հեշտ է, բայց պարզվեց, որ դրա համար շատ աշխատանք պետք է անել:

Մերի Սարգսյան, ք. Ճամբարակ

***

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

-Ու՞ր ենք գնալու նկարահանման:
-Սոլակ:
-Ցոլա՞կ:
-Սոլակ, ս, ս…
Այս երկու օրվա ընթացքում համարյա բոլորի միջև այս զրույցն էր լինում: Օրվա սկզբին մեզնից վեց հոգի գնաց Կոտայքի մարզի Սոլակ գյուղ՝ ֆիլմ նկարելու: Իսկ մյուսներս տեղում այլ ֆիլմ նկարելու և «Խաբարբզիկի» համար նյութեր գրելու:

Աստղիկ Ղազարյան, գ.Գետահովիտ

***
Պետք է ամեն ինչի մեջ հետաքրքրություն փնտրել, բայց նաև պետք չէ հետաքրքիր նյութեր փնտրել բոլորին ծանոթ ու հայտնի մարդկանց և իրադարձությունների մեջ: Հարկավոր է նկարելու նյութ փնտրել ամենահասարակ մարդկանց մեջ, քանի որ այն, ինչը ճոխացված է և հայտնի բոլորին, արդեն իսկ անհետաքրքիր է:
Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք» ֆիլմը դիտելով տեսա, որ ամեն մարդ, ամեն անհատ ունի իր կյանքի պատմությունը, որը ժողովրդին հետաքրքրում է ավելի, քան ինչ-որ սերիալներ կամ հայտնի մարդկանց մասին նկարահանված ֆիլմեր: 
Ինչպես ֆիլմի հերոսները` ովքեր տարեց էին, ես նույնպես մեկ անգամ համոզվեցի, որ կյանքի ամեն րոպեն պետք է ապրել, չպետք է մտածել մենության մասին ու տխրել: Այսօր վարպետության դասին ես նաև որոշ բաներ իմացա կինոարվեստի մասին: Հասկացա, որ իսկապես ֆիլմ նկարելը խաղ ու պար չէ, ամեն դետալ պետք է մշակվի մանրակրկիտ, քանի որ ֆիլմի իմաստը հասկանալու համար պետք է պատկերները հստակ մտածված լինեն:

Սաթենիկ Գալստյան, գ. Արարատ

mane m sargsyan

Ծաղկաձորյան օրագիր. Ֆոտոյի համար պետք չէ լեզու հասկանալ

-Ի՞նչ ես ուզում դառնալ,- շատ հաճախ ինձ տեսնելիս հարցնում են մարդիկ:
-Ռազմական բժիշկ,- գլուխս բարձրացնելով ու հպարտ պատասխանում եմ ես:
-Հետաքրքիր է: Ուզում ես դառնալ ռազմական բժիշկ, բայց խորացել ես ֆոտոյի և լրագրության ոլորտում: Իսկ միգուցե դառնաս լրագրողառազմաբժի՞շկ:
-Հետաքրքիր անվանում է: Կարելի է…

Անցավ որոշակի ժամանակ, և ահա ես նորից նման խոսակցության ներկա դարձա: Մի քիչ մանրամասնեմ` վերջում կհասկանաք:

«Մանանա»-ն ֆոտոյի մասին երեխաներին ավելի շատ գիտելիքներ տալու համար հրավիրել էր ֆոտոլրագրող Վարո Ռաֆայելյանին:
-Ես ֆոտոլրագրող եմ, բայց ես ինձ ավելի շատ «ֆոտոգրաֆ» եմ անվանում,- ասաց նա հանդիպման հենց սկզբից,- վարպետության դասը սկսեմ երևի նրանից, թե ինչ է նշանակում ֆոտոլրագրությունը: Սոցիալական ինչ-որ կոմունիկացիայի տեսակ է, վիզուալ լուծում ունենալով: Օրինակ, ժուռնալիստները ինչ-որ նյութ գրելիս, կամ ինչ-որ պատմություններ պատմելիս տեքստ են գրում: Ոչ բոլորի լեզուն է նույնը, կամ ոչ բոլորն են հասկանում հայերեն: Ֆոտոյի առավելությունը լրագրության նկատմամբ այն է, որ այն վիզուալ է, ու դրա համար լեզու հասկանալ հարկավոր չէ: Պետք է բացատրել ինչ-որ իրավիճակը, թեման, նյութը պատկերների միջոցով:

Հետաքրքիր ճակատագրի խաղ
-Ես լուսանկարիչ չեմ մասնագիտությամբ, ես ատամնաբույժ եմ: Բայց լուսանկարչությունը սիրում էի: Մի անգամ ընկերներս ասացին, որ լուսանկարչի աշխատատեղ կա, կարող ես դիմել: Ես որոշ ժամանակ նրանց համար լուսանկարեցի, ու նրանք ինձ ընդունեցին:
Շատ երկար ժամանակ ես օբյեկտիվի և սուբյեկտիվի տարբերությունը չէի հասկանում: Բայց որոշ ժամանակ անց պատկերացրեցի տարբերությունը: Ու նաև հասկացա, որ լուսանկարչության մեջ կարևոր է նաև այն, որ քո կարծիքը շատ հաճախ նկարելուց հաշվի չեն առնում: Պատվիրել են, որ նկարես, ուրեմն պետք է նկարես, առանց ինչ-որ «կամակորությունների»:

Օբյեկտիվի և սուբյեկտիվի ճիշտ դրսևորում:
-Երբ ինչ-որ բան ենք նկարում, օրինակ՝ ցույց, չպետք է այդ ցույցին սուբյեկտիվ ձևով վերաբերվել: Կարևոր չի, դու ընդդիմադիր ես, թե ոչ: Այսինքն, չստացվի այնպես, որ ես ընդդիմադիր եմ, ուրեմն պետք է նկարեմ այնպես, ինչպես կնկարեր ընդդիմադիրը: Ֆոտոլրագրության մեջ պետք է լինի ճշմարտություն:

Ֆոտոլրագրության ներքին խոհանոցը
-Աշխատանքը կատարվում է հետևյալ կերպ. տրվում է ինչ-որ թեմա, նյութ կամ միջոցառում: Խնդիրը հետևյալն է. շատ քիչ նկարներով ֆոտոլրագրողը պետք է կարողանա տեղեկատվությունը փոխանցել հանրությանը կամ մարդուն:
Պարոն Ռաֆայելյանը պատմեց, թե ինչքան երկար ժամանակ է տրամադրում լուսանկարներ «ստեղծելուն»: Ֆոտոպատմություններից մեկը, որ նա ցուցադրեց, Երևանի Աղի լճակի ֆոտոշարքն է: Ասաց, որ մի քանի շաբաթ գնում էր լիճ: Սկզբում առանց ֆոտոխցիկի, ուղղակի ծանոթանալու համար, հետո կամաց-կամաց սկսեց ծանոթանալ մարդկանց հետ, հետո լուսանկարել: Նա մեզ ներկայացրեց մարդկանց արձագանքների մասին, երբ իրենց նկարում էին: Շատ հաճախ մարդիկ չէին ցանկանում, որ իրենց լուսանկարեն: Պետք է միշտ պատրաստ լինել նաև դրան: Երբ մարդկանց հետ երկար ես շփվում, քեզ արդեն ճանաչում են, հանգիստ են վերաբերվում ֆոտոխցիկին:
Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես է Վարոն գտնում ֆոտոպատմություններ: Օրինակ, մի շարքը նվիրված էր Երևանի Քոչար փողոցում գտնվող նկարիչների արվեստանոց-բնակարանների շենքին: Նա նույն ռակուրսից նկարել էր արվեստանոցներն իրենց «բնակիչներով»: Շատ հետաքրքիր ու անսպասելի էր: Ասես ներս ես մտնում նրանց աշխարհը և դիտում, թե նմանատիպ տարածքում ինչքան տարբեր մարդիկ են ապրում, ստեղծագործում:

Ես հիմա այլ հայացքով եմ նայում լուսանկարչությանը, կփորձեմ կիրառել Վարոյի խորհուրդները:

Ծաղկաձորյան օրագիր. Մի կրկնեք ոչ մեկին, ունեցեք ձեր մոտեցումը

Վարպետության դաս ֆոտոլրագրող Վարո Ռաֆայելյանից

-Ես Վարո Ռաֆայելյանն եմ, աշխատում եմ «Պանֆոտո» գործակալությունում: Իմ աշխատանքը կոչվում է ֆոտոլրագրող, բայց ես ինձ ավելի շուտ ֆոտոգրաֆ եմ կոչում: Նախ ասեմ, թե ինչ է ֆոտոլրագրությունը: Ֆոտոլրագրությունը սոցիալական կոմունիկացիայի տեսակ է` ունենալով վիզուալ լուծում: Օրինակ, լրագրողները ինչ-որ նյութ ներկայացնելիս տեքստ են գրում, ոչ բոլորի մոտ է լեզուն նույնը, կամ ոչ բոլորն են հասկանում հայերեն, ռուսերեն, անգլերեն: Ֆոտոն լավ է նրանով, որ այն վիզուալ ինֆորմացիա է տալիս: Ֆոտոյի համար պետք չէ լեզու հասկանալ, պետք է բացատրել ինչ-որ իրավիճակ, թեմա` վիզուալ ձևով:
Ես մասնագիտությամբ լուսանկարիչ չեմ, ատամնաբույժ եմ: Ֆոտոն հոբբի էր, և անկախ ամեն ինչից, շատ պատահաբար հայտնվեցի «Պանֆոտոյում», չնայած ընդհանրապես չէի նախատեսում դառնալ ֆոտոժուռնալիստ: Մի անգամ պատահաբար ընկերներիցս մեկը ասաց, որ ազատ աշխատատեղ կա, ես էլ ֆոտոներս տվեցի, ընտրեցին, երկու օր աշխատեցի իրենց հետ և մնացի այնտեղ:
Անդրադառնանք Հայաստանում ֆոտոժուռնալիստիկային: Իրականում ես չեմ ցանկանում, որ դուք դառնաք ներկայիս վատ գույներով հավաքված խճանկարի մի մասը: Դե, դա սուբյեկտիվ կարծիք է, բայց ինչի շուրջ է պտտվում ներկայիս ֆոտոժուռնալիստիկան: Ամեն ինչ քաղաքականացված է, կամ դարձել է բիզնեսի մի մաս: Իրականում ֆոտոժուռնալիստիկայում, եթե ուզում ես ասել ինչ-որ բան, այն պետք է ասել ոչ սուբյեկտիվ: Եթե ինչ-որ բան եք նկարում, ասենք `ցույց: Պետք է այն նկարել ոչ սուբյեկտիվ: Եթե դուք ընդդիմադիր եք և նկարում եք ընդդիմադիրի աչքով, կամ կուսակցական եք և նկարում եք կուսակցականի աչքով, այն իրական չի լինի: Անկախ նրանից, թե ինչպես եք դուք կարծում, նյութը պետք է ներկայացված լինի ճիշտ, նույնիսկ եթե այն չի համապատասխանում ձեր կարծիքին: Իսկ մեր մոտ ամեն ինչ ներկայացվում է շատ սուբյեկտիվ, դրա համար մենք միշտ նայում ենք նույն բաները` քաղաքականություն, Գագիկ Շամշյան և այլն: «Պանը» առանձնանում է նրանով, որ բացի առօրյա այդ թեմաներից մենք ներկայացնում ենք նաև այլ թեմաներ: Մեր աշխատանքը նման է մի երաժշտության, որը մեծ մասամբ ամեն օր կրկնվում է: Մենք մեծ մասամբ նկարում ենք ասուլիս, որոնք իրարից շատ չեն տարբերվում, քանի որ ֆոտոյում ձայնը չի լսվում ուղղակի ակնոցներով մի մարդ նստած է բարձրախոսի մոտ: Դա համարելով աշխատանքի մի մասը, պետք է աշխատել երկիրը ներկայացնել մի այլ կողմից ևս:
Տրվում է թեմա, կամ նյութ, կամ միջոցառում: Պետք է մինիմալ քանակի ֆոտոներուվ այդ ամենը ներկայացնել մարդուն: Եթե նկարում ես մի միջոցառում և անում ես հիսուն ֆոտո, այդ հիսունը ցույց տալը իրադարձությունը նկարագրելու համար անիմաստ է, ընտրվում է մաքսիմում տասը ֆոտո, որոնք լավագույնս կպատմեն այդ օրվա մասին: Այսինքն մեր գործը միայն գնալ նկարելը չէ, այլ նաև գիտակցելը, թե ինչպիսի ֆոտոներ պետք կլինեն: Քանի որ հնարավոր է ինչ-որ լավ իրադարձությունից ունենալ վատ ֆոտոներ, որոնցով հնարավոր չլինի փոխանցել ասելիքը: 
Ֆոտոյի վրա լուսանկարչից բացի աշխատում է նաև ֆոտոխմբագիրը: Քանի որ շատ անգամ ֆոտոլրագրողը ժամանակ չի ունենում նայել իր ֆոտոները, ընտրություն կատարել, դա անում է ֆոտոխմբագիրը, ով նույնպես ինչ-որ չափով լուսանկարիչ է համարվում: Նա այնքան լավ պետք է տիրապետի լուսանկարչի աշխատանքին, զգա նրա ճաշակը, որ դուք նրան վստահեք ձեր ֆոտոն:
Կա նաև երրորդ գործոն. Առաջ, երբ նկարում էին ժապավենով, այդ ժապավենը մինչև ֆոտո դառնալը երկար ճանապարհ էր անցնում: Կային ֆոտոլաբորատորիաներ, ժապավենը երևակել են, հետո կատարել են կադրերի ընտրություն, հետո տպում և վերջում միայն ֆիքսաժ: Իսկ հիմա թվային դարաշրջանում, չիպը տեղադրում են համակարգչի մեջ և ֆոտոշոփի միջոցով, որը համարվում է այժմյան ֆոտոլաբորատորիան, աշխատում ֆոտոյի վրա: Կոպիտ ասած, այն ժամանակվա երևակումը այժմյան ֆոտոշոփն է: Ֆոտոշոփի արդյունքում ֆոտոն որևէ իմաստային փոփոխություն չպետք է կրի:
Գործի մյուս մասը ավելի հետաքրքիր է: Ժուռնալիստը ցանկացած իրավիճակում պետք է սառը դատողություն ունենա: Քանի որ եթե ինչ-որ էմոցիոնալ շեղում լինի, նորից կարող են սուբյեկտիվ կարծիքներ առաջանալ: Օրինակը իմ վրա բերեմ: Ես ֆուտբոլ չեմ սիրում և ի սկզբանե ասել եմ, որ ինձ չուղարկեն ֆուտբոլ նկարելու, քանի որ դա ինձ համար ահավոր անհետաքրքիր է: Բայց այս վերջին հինգ խաղերը ինձ են ուղարկել նկարելու: Քանի որ մեկ այլ լուսանկարիչ, ով ասենք, թիմերից ինչ-որ մեկին է երկրպագում, գնում է ֆուտբոլը նայելու, այլ ոչ թե նկարելու, իսկ դրանք տարբեր բաներ են: Նայելով նկարել հնարավոր չէ: Ես տեղյակ չեմ, որ համարի տակ, ով է խաղում: Վերջերս ալբանացիները կարծեմ մեզ հաղթեցին: Եթե ես երկրպագու լինեի, կմտածեի. «Չնկարեմ ալբանացիներին, նրանք մեզ հաղթեցին»:
Նկարելուց անընդհատ փորձեք փոխել ձեր կետը, ուշադիր եղեք, թե ինչ է կատարվում շրջապատում: Հիմնականում գործողությունները չեն կատարվում միայն բեմում, ուշադիր եղեք, թե ինչ է կատարվում շրջապատում: Դա ձեր ֆոտոն ավելի պատկերավոր կդարձնի, և շրջապատը նկարելու միջոցով ավելի լավ կփոխանցեք ձեր ասելիքը: Ամեն ինչի մեջ գտեք կոնտրաստներ:
Եվ մի կարևոր նկատառում. ես նկատել եմ, որ ֆոտոլրագրողները բնազդային են ավելի շատ աշխատում, եթե մեկը խցիկը ձեռքին վազում է մի տեղ, մյուսները նույնպես գնում են այդ նույն բանը նկարելու: Մի օրինակ բերեմ: Եթե դուք նկարում եք նախագահի այցը, կամ ինչ-որ միջոցառում, բնական է, որ պետք է ունենաք ֆոտո, որտեղ նախագահն է: Բայց կա մի ռեֆլեքս, որ բոլորը գալիս և նկարում են միայն նախագահին: Դա սխալ է, քանի որ բոլոր ֆոտոներում միայն նա է լինում, բայց իրականում պետք է ցույց տալ նաև իրադարձությունը: Նախագահը եկել է մի բան տեսնելու` բայց ի՞նչ: Պետք է ցույց տալ նաև այն, ինչ կատարվում է այդ պահին նախագահի շուրջը, այն, ինչին նա եկել է նայելու, դրա կողքը, վերևը, դուրսը և այլն:
Երբեք մի փորձեք նմանվել ուրիշին: Ասենք, նրան, ում աշխատանքը ձեզ դուր է եկել, մի եղեք նրա «քոփին»: Սովորեք ինչ-որ բան, ձևավորեք ձեր մեջ մի բան, որը կլինի ձերը:
Եթե կոնկրետ նպատակադրված գնում եք ինչ-որ բան նկարելու, և չի ստացվում, մի հուսահատվեք, քանի որ վստահ եմ, կգտնեք ուրիշ լիքը նկարելու բաներ, որոնցով ցույց կտաք ձեր նույն ասելիքը, որը ցանկանում էիք:
Ֆոտոների մեծ մասը տխուր թեմաներով են արվում, բայց ես կողմ եմ ավելի շատ ուրախ ֆոտոների, ճիշտ է, տխուր ֆոտոներով ավելի հեշտ է տպավորություն գործելը` ավելի մուգ գույներով, տխուր թեմաներով և այլն, բայց շատ ուրախ թեմաներ կան, որոնք կարելի է նկարել:
Պրոյեկտներ անելուց երբեք չես գնում և սկսում նկարել: Մեծ մասամբ նախապատրաստական աշխատանքները ավելի երկար են տևում, քան բուն նկարահանումները: Աղի Լիճը նկարելուց ես երկու շաբաթ առանց խցիկի գնացել և ուղղակի նայել եմ, թե ինչպես են մարդիկ լողանում, ինչ է կատարվում, մոտավոր կադրեր եմ կառուցում, քանի որ այս դեպքում քո առջև չկա ինչ-որ խնդիր դրված, դու ողջ պրոյեկտը պետք է հավաքես ինքնուրույն և զրոյից: Երկու շաբաթ հետո ևս երեք շաբաթ տևեց նկարահանումը: Մի շարք խոչընդոտներ էին առաջանում նկարելուց, քանի որ մենք հայ ենք, և լողացողները մեծ ասամբ թույլ չէին տալիս նկարել իրենց: Այդպիսի դեպքերում պետք է մարդկանց հետ ընկերանալ և մաքսիմալ իրենց ներկայացնել, թե ինչ ես ուզում ցույց տալ: Հնարավոր է նաև կռիվներ առաջանան, դա էլ է նորմալ, բայց ցանկալի է հնարավորինս հեռու մնալ նման իրավիճակներից: Միշտ լինելու են մարդիկ, ովքեր ձեր աշխարհայացքին դեմ են լինելու, չեն հասկանալու ձեզ: Պետք չէ հուսահատվել, պետք է ընկերանալու, պատմելու միջոցով հասնել նրան, որ հենց այդ մարդը ասի, որ նկարես իրեն:

-Իսկ դրանից չի՞ տուժում ֆոտոն:
-Եվ այո, և ոչ: Մեծ մասամբ ընկերանալուց հետո մարդիկ ավելի անմիջական են լինում ֆոտոյի մեջ: Եթե իհարկե, չես նկարում միտինգ: Այդ ժամանակ հաստատ պետք չէ գնալ ելույթ ունեցողների հետ ընկերանալ: Մենք այդ դեպքում մարտավարություն ունենք մշակած. աշխատում ենք շատ աչքի չընկնել, ավելի մուգ գույներով ենք հագնվում, փորձում ենք չառանձնանալ:
Մի կարևոր բան մոռացա ասել` ոչ մի կադր չարժի մարդու կյանքը, չունի այդ գինը: Ինչ-որ կադր անելուց առաջ, որը որևէ ռիսկային բան է պարունակում պետք է մտածել. արդյո՞ք արժի դա այն գինը, որը կարող եք վճարել: Մենք երբեք ապահովագրված չենք որևէ բանից: Ես էլ շատ անգամ ինձ վտանգի ենթարկելով տարբեր ռակուրսներ եմ փնտրում, տարբեր դիրքեր: Բայց ես նույնպես ապահովագրված չեմ: 
Շատ անգամ էլ իրավիճակներ են լինում, որ մտածում ես` նկարե՞մ, թե՞ օգնեմ; Ասենք պատերազմական խրոնիկաներում տեսնում ես տարբեր կադրեր, որ լուսանկարիչը հաստատ մտածում է` հիմա նկարի՞, թե՞ օգնություն ցուցաբերի: Ինձ հետ բարեբախտաբար չի եղել նման բան, բայց ֆոտոլրագրողի կյանքում այդպիսի դեպքեր էլ են լինում:
Իմ այսքան պատմածից հուսով եմ եզրակացրեցիք, որ ֆոտոլրագրողի մասնագիտությունը ավտովթարներ և այլ լուրեր նկարելով չի սահմանափակվում: Ֆոտոլրագրողը այն մարդն է, ով իր ֆոտոյի միջոցով պատմություն է պատմում:

-Իսկ ֆոտոլրագրողը ֆոտոպատմություն պատրաստելու համար ինչքա՞ն ժամանակ է ունենում:
- Կա պարտադիր հատված, որ լուսանկարչին ուղարկում են կոնկրետ, իրադարձություն նկարելու` օրինակ, մի ժամ, կամ հիմա այս զարգացած տեխնիկական դարում կարող է տևել նույնիսկ տասը րոպե:
-Իսկ միջոցառման ժամանակ պարտավո՞ր է լուսանկարիչը մինչև վերջ մնալ:

-Ոչ, դու պետք է, քո առաջ խնդիր դնես, թե ինչպես ես պատրաստվում ներկայացնել միջոցառումը, և հնարավոր է հինգ րոպեում ստանալ այն կադրերը, որոնք կպատմեն միջոցառման մասին:
-Իսկ ֆոտոպրոյեկտներ անելուց, թեման դո՞ւք եք ընտում, թե՞ ձեզ տալիս են թեման:
-Թեման մենք ենք ընտրում: Պրոյեկտը համարվում է ավարտված միայն այն ժամանակ, երբ դու ունենում ես բոլոր այն անհրաժեշտ կադրերը, որոնք մաքսիմալ ներկայացնում են ասելիքը:

-Եղե՞լ է, որ գնաք ինչ-որ բան նկարելու ու այդպես էլ չստանաք այն, ինչ ուզում եք:
-Ոչ, պետք է մնալ այնքան, մինչև ստանաս քո ուզածը:
-Իսկ ո՞րն է ձեր սիրած թեման:
-Ես սիրում եմ նկարել հին շենքեր և ուտելիքներ:

Գրի առավ Դիանա Շահբազյանը

Ծաղկաձորյան օրագիր. Օր չորրորդ

Մեր հյուրն էր այսօր PanPhoto-յի ֆոտոլրագրող Վարազդատ Ռաֆայելյանը: Նա մեզ հետ կիսվեց իր փորձով և սովորեցրեց բաներ, որոնք պետք կգան այս մասնագիտությամբ շարունակողներին: Օրինակ՝ պետք է լուսանկարելիս փոխել կետը, լուսանկարել ոչ միայն բուն իրադարձությունն ու դրա ընթացքը, այլև այն, ինչ կատարվում է շրջապատում:
Օգտակար տեղեկություններ էին հատկապես այն կայքերը, որտեղ ներկայացված է պրոֆեսիոնալ ֆոտոների ընտրության գործընթացը, ինչպես նաև՝ հայտնի լուսանկարիչների անունները, որոնց դեռևս ծանոթ չէինք: Մենք սովորեցինք, որ ֆոտոլրագրությունը չպետք է լինի սուբյեկտիվ, և մինիմալ կադրերի միջոցով պետք է կարողանանք ներկայացնել մաքսիմալ ինֆորմացիա: Այս դետալները թերևս շատ կարևոր են այս ոլորտում:

Միլենա Խաչիկյան, Երևան

***

Գնալով ավելի ու ավելի եմ հմտանում լուսանկարչության ու ֆիլմի գաղափարներ մտածելու մեջ: Մեծ տարբերություններ կա առաջվա Լիլիթի ու ներկայիս Լիլիթի միջև թե գաղափարի զարգացման, և թե շփման հարցում:
Ճիշտն ասած, ես բնույթով փակ երեխա էի: Այս ճամբարը ինձ հնարավորություն տվեց ազատ շփվել մարդկանց հետ և աշխույժ լինել:
Չորրորդ օրը մենք գնացինք Հրազդանի կարիքավոր մարդկանց հանրակացարաններից մեկը նկարահանումների: Ես առաջին անգամ էի հանրակացարան մտնում: Իմ մեջ այնպիսի կարծիք ձևավորվեց, որ բոլոր հանրակացարանները այդ վիճակում են: Այստեղ մարդիկ շատ վատ էին ապրում: Սենյակները փոքր էին, ընդհանուր միջանցքը կարծես երկար, ցուրտ ու խոնավ թունել լիներ, որ վերջանում էր կիսաքանդ դռներով: Էլ չեմ խոսում կոմունալ հարմարությունների մասին: Թեպետ կային մարդիկ, ովքեր հարմարվել էին այս պայմաններին, դեռ ավելին, ժպիտով էին խոսում այս ամենի մասին: Մի խոսքով, մարդիկ, ովքեր ոչ թե ապրում էին, այլ գոյատևում:
Միջանցքում կային բազմաթիվ հետաքրքիր իրեր, և ես բազմաթիվ լուսանկարներ արեցի հենց այդ միջանցքում: Բացի այդ մենք հարցազրույց վերցրինք մի քանի բնակչից: Մեր տված հարցերին տալիս էին բողոքներով լի պատասխաններ: Լսելով նրանց հուսահատ ձայները ու տեսնելով նրանց վիճակը, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ ամենաբախտավորն եմ այս կյանքում, որի համար շնորհակալ եմ Աստծուն:
Կեսօրից հետո մեր հյուրն էր Պան Ֆոտո գործակալության ֆոտոլրագրող Վարո Ռաֆայելյանը, ով վարպետության դաս անցկացրեց: Ես սովորեցի նաև, որ ֆոտոպատմություն անելիս շատ կարևոր է նախապատրաստական փուլը:

Լիլիթ Սուքիասյան, Ստեփանավան

***

Այսօրվա ձեռքբերումներից մեկը Վարազդատ Ռաֆայելյանի՝ Պան Ֆոտոյի ֆոտոլրագրողի տված խորհուրդներն էին: Նախքան այդ վարպետության դասը ես կարծում էի, որ ֆոտոշոփը նկարներում տարբեր պատկերներ ավելացնելու կամ պակասեցնելու համար է, սակայն այսօր ես սովորեցի, որ ֆոտոշոփի միջոցով հնարավոր է «վառված» կամ խամրած նկարը մշակել, և առհասարակ, ֆոտոլրագրությունը ֆոտոյի աղավաղմանը դեմ է: Իմացա, որ յուրաքանչյուր խմբագրություն ունի իր լուսանկարիչը և ֆոտոխմբագիրը: Վարո Ռաֆայելյանը ցուցադրեց նաև իր մի քանի ֆոտոպատմությունները, պատմեց, թե ինչպես է ստեղծել դրանք, ինչպես է աշխատել:
Մենք այսօր սովորեցինք, թե ինչպես ամսագրի մակետ կազմել: Եվ այսպես, ինձ համար ամենահետաքրքիր օրերից մեկն էր այսօր:

Լիլիթ Խառատյան, Գյումրի

***

Ճամբարի չորրորդ օրն էր: Ես այսօր ավելի մանրամասն ծանոթացա լրագրողական կյանքին: Մեզ այսօր բացատրեցին, թե ինչպես է ծնվում ամսագրի կամ թերթի նոր համարը, որ էջերում ինչ նյութեր են տեղադրում, ինչպես են ձևավորում, լուսանկարներ անում, հետո միասին պլանավորեցինք «Խաբարբզիկի» հերթական համարը, կազմեցինք մակետը: Որոշեցինք, թե ինչ ձև է լինելու, թե քանի էջից պետք է բաղկացած լինի, համարակալեցինք էջերը և այդ էջերում պետք է տեղադրենք նյութեր, օրինակ՝ ունենք մարզային թեմաներ, փոքրերի էջ և այլն:
Հետո մեզ հյուր էր եկել ֆոտոլրագրող Վարո Ռաֆայելյանը: Այդ հանդիպումն ինձ օգնեց ավելի շատ բան իմանալ ֆոտոլրագրության մասին:
Երեկոյան նորից ֆիլմերի գաղափարներ քննարկեցինք: Օրինակ, ինչպես պատկերներով ցուցադրել, ասենք, սերը: Մենք պետք է մտածենք ֆիլմերի գաղափարներ, քննարկենք և ընտրենք ընդամենը երկու գաղափար: Ֆիլմը պետք է նկարահանվի վաղը: Հույս ունենանք, որ եղանակը մի քիչ կբացվի:

Մերի Սարգսյան, Ճամբարակ

***

Ում ասում եմ, որ պետք է ֆոտոլրագրող դառնամ, բոլորը ասում են՝ հա, Գագիկ Շամշյան, կամ էլ ասում են, որ ֆոտոլրագրություն կարող ես չսովորել. «էդ ի՞նչ փեշակ է, որ»: Հազիվ եմ կարողանում բացատրել, թե դա ինչ է: Շատերը հասկանում են, շատերը՝ոչ: Բայց երեկ ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել,այն բանից հետո, երբ վարպետության դաս անցկացրեց Պանֆոտոյի ֆոտոլրագրող Վարազդատ Ռաֆայելյանը: Առաջին անգամ հանդիպեցի ֆոտոլրագրողի հետ: Առաջին անգամ ինձ հնարավորություն տրվեց մասնակցել թերթի ձևավորման աշխատանքներին: Առաջին անգամ աշխատեցի ֆիլմի սցենարի վրա: Բացահայտեցի իմ մեջ նոր ձիրքեր, որ առաջ չգիտեի: Օրինակ, որ կարող եմ 30 րոպեում նյութ գրել:

Սոսե Զաքարյան, գ.Դարբաս

Տեսախցիկս էլ է «աշնանացել»

Շատ եմ սիրում Վանաձորս տարվա ամեն մի եղանակին, իսկ աշնանն այն անկրկնելի է դառնում։ Երևի ինձնից է, որ ամեն բան գեղեցիկ է թվում։ Քաղաքով քայլելիս ուզում եմ գրկել ամեն ծառ ու տերև ու շոյե՜լ, շոյե՜լ… Սիրահարվե՜լ եմ քաղաքիս։
Ներկայացնում եմ իմ գեղեցկուհու ֆոտոշարքը։

Իմ ընտանիքի պատմությունը

Լուսանկարը՝ Շուշանիկ Հարությունյանի

Լուսանկարը՝ Շուշանիկ Հարությունյանի

Իմ ընտանիքի պատմությունն սկսվում է Վանի Այգեստան թաղամասից: Սիրում եմ պատմել իմ ընտանիքի պատմությունը, բայց արժե՞ արդյոք խոսել այդ ցավի ու տառապանքի մասին, որ նրանք են ապրել ցեղասպանության տարիներին, և որ արդեն հարյուր տարի է` չի մոռացվում ո՛չ ցավը, ո՛չ ողբերգությունը: Եվ այնուամենայնիվ, պատմելով կամ վերհիշելով այդ պատմությունները` նույն ցավն եմ զգում, ինչ զգացել եմ առաջին անգամ լսելիս:
Պապիս պապը` Խեչոն, գաղթել է Վանից: Խեչո պապը հայտնի է եղել որպես բարի, ազնիվ և գործունյա մարդ: Մի առավոտ, երբ տեղացիներից մեկը հայտնում է նրան թուրքերի հարձակման բոթը, նրա ներաշխարհը տակնուվրա է լինում, նրա գլխում ծագում է մի մռայլ միտք` հեռանալ իր համար այդչափ թանկ ու սիրելի Վանից: Բայց որքա՜ն ծանր էր այդ, որքա՜ն ցավալի:
Էլ ինչ էր մնում Խեչո պապին, եթե ոչ` հավաքել ընտանիքը և հեռանալ` վերցնելով միայն առաջին անհրաժեշտության իրերը:
Ընտանիքը բաղկացած էր վեց հոգուց, ունեցել է երկու տղա, երկու աղջիկ: Ճանապարհին նրանք ականատես են լինում բազմաթիվ վայրագությունների ու ավերածությունների, կրում են բազում զրկանքներ, որոնք մնում են նրանց սրտերում` որպես չսպիացած վերքեր: Սկզբում նրանք ապաստան են գտնում Էջմիածնում, իսկ որոշ ժամանակ անց ընտանիքի մի մասը գալիս է Իջևանի Թալա (այժմ` Գետահովիտ) գյուղ: Մեր տոհմը սկսվում է Խեչո պապի կրտսեր որդուց` Հարությունից: Երբ նրանք գաղթել են, Հարություն պապը տասնհինգ տարեկան է եղել: Այդ ժամանակից ի վեր մեր գյուղում մեզ անվանում են «գաղթական»: Հետագայում Հարութ պապն ամուսնացել է Մարիամ անունով մի որբ աղջկա հետ: Նրանք ունեցել են հինգ զավակ` երկու որդի, երեք դուստր:
Հարութ պապի մասին բոլորը խոսում են գովեստով, պատմում են նրա հյուրընկալության, անսահման ազնվության և բարության մասին, որ փոխանցվել է Խեչո պապից: Թվում է` այդ ամենը տեսնելուց հետո անհնար է վերադառնալ բնականոն կյանքի, սակայն նա ապացուցում է, որ դեռ կարելի է ապրել: Պապս պատմում է, որ մի օր Հարութ պապը երազում տեսել է Այգեստանը, իր հայրենի տունը, ընկերներին, արթնացել է ու արտասվել: Նա ասել է, որ մի սուր կսկիծ է վառում իր սիրտը: Հարութ պապը երբեք չի փոխել իր բարբառը և միշտ խոսել է Վանի բարբառով: Նա իր տունը կառուցել է գյուղի ծայրին: Եվ ամեն անգամ, երբ տան մոտով մի օտարական է անցել, նա ասել է. «Ղարիբ մարդ է, տու՛ն կանչենք, սովա՛ծ կլինի»: Նա շատ է սիրել ընթերցանությունը, բոլորը պատմում են, որ նրա ձեռքին միշտ գիրք կար, ինչպես նաև օրաթերթ, որտեղ նա միշտ փնտրում էր Վանի մասին տեղեկություններ: Եվ մինչև իր կյանքի վերջը նա հույսը չի կորցրել, որ մի օր կվերադառնա Վան, կգնա իր տուն, ավարտին կհասցնի իր հոր` Խեչո պապի կիսատ թողած գործը: Այս էր նրա նվիրական երազանքը:
Իմ ընտանիքի պատմությունը մի գաղթական հայի պատմություն է` աշխարհասփյուռ հայի պատմություն: Պապիս պապի հուշերը ինձ տանում-հասցնում են մինչև Արևմտյան Հայաստան: Ահա ես այնտեղ եմ` Վանում` Այգեստան թաղամասում: Հրա՜շք, դրախտավա՜յր… Խեչո պապը արտ է արել, ցորեն ցանել:
-Պա՛պ, այդ ե՛ս եմ` քո թոռան թոռը, քո զավակներն ինձ կոչել են Վանուհի` քո կորսված քաղաքի պատվին, քո պատվին, պա՛պ: Ես վերադարձել եմ քո կարոտած էրգիր, եկել եմ, որ շենացնեմ, որ տե՛ր կանգնեմ հող ու ջրին, որ հնձե՛մ այն արտը, որը դու ես ցանել, որ գտնե՛մ այն կճուճով ոսկին, որ դու ես թաղել այգում: Չէ՞ որ այդ աշխատասիրությունը փոխանցվել է ինձ, իմ քույրերին ու եղբայրներին: Դե՛, վե՛ր կաց, պա՛պ, ցու՛յց տուր այն արահետը, որ տանում է դեպի քո երազանքի դուռը: Հայրենասերի քո այդ երազանքը այժմ փոխանցվել է ինձ, այն արդեն իմն է, ողջ հայությանն է… Ես իրականացնելու եմ այդ մեծ հայի սրբազան բաղձանքը, պա՛պ, իմ գերդաստանի՛ նահապետ…