Եթե ինձ հարցնեին

Եթե ինձ հարցնեին, թե որտեղ կուզենայի ապրել, ես միանշանակ կպատասխանեի, որ ուզում եմ ապրել Տարտուում, Ռիոյում, Ստոկհոլմում կամ Կոպենհագենում: Դե, հայերիս մեջ կա չէ՞ օտարամոլությունը: Ես էլ եմ մի քիչ օտարամոլ, չնայած մեկ-մեկ հայրենասիրությունս էնքան ա գլուխ բարձրացնում, որ ազգայնամոլությանն անցնում ա: Բայց դե, ուզում եմ իմանաք, որ Իմ Վայոց ձորն էլ շատ-շատ առավելություններ ունի: Հենց մեկը ես` ոտից գլուխ առավելությունով եմ, ոչինչ, որ թերություններ ունեմ, բայց դե, առավելություններ էլ շատ ունեմ: Բայց չկարծեք, թե Վայոց ձորից միակ առավելությունն եմ: Իմ նման առավելություն մի երկու հոգի էլ կան: Բայց էսքանով էլ չենք սահմանափակվում: Բա լեռնե՞րը, բա Արփա՞ն, բա Ջերմո՞ւկը, բա Վայոց ձորի արև՞ը, մրգե՞րը: Չէ, ոնց հասկանում եմ, ամենալավ տեղում եմ ծնվել, ոչ մի Ռիո, ոչ մի Տարտու: Ի՞նչ կա էնտեղ, որ: Ոչ մի բան էլ չկա: Ամենալավը Վայոց ձորս է:

Լավագույնը բոլոր պապիկներից

Մանկությանս լավագույն տարիներն անցել են տատիս ու պապիս տանը: Ես միայն շաբաթ և կիրակի օրերին էի գնում մեր տուն «հյուր», քանի որ ծնողներս աշխատում էին և ինձ ու քույրիկիս չէին կարող խնամել: Այսպիսով, մեր խնամքով զբաղվում էին տատիկս ու պապիկս: Այդ օրերի իմ լավագույն ընկերը պապս էր: Նրա անունը Վարազդատ է, բայց բոլորը նրան Վարո կամ Վարազ են ասւմ: Կարելի է ասել՝ օրվա մեծ մասը նրա հետ էի անցկացնում: Ծիծաղելին այն է, որ երբեք նրա ձեռքը բաց չէի թողնում և միշտ այնքան ամուր էի սեղմում, որ ձեռքս դրանից թմրում էր, երևի՝ նրանն էլ, բայց նա լռում էր դրա մասին ու երբեք չէր դժգոհում: Մեր առօրյան սկսվում էր ծառ տնկելով կամ խնամելով: Այդ ընթացքում նա ինձ շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում, և ես դրանք ընդունում էի հալած յուղի տեղ: Նրա ամեն մի ասածը ինձ համար գիտական լուրջ վարկած էր կամ աքսիոմ: Հիշում եմ, երբ մի անգամ ասաց, որ բզեզներին ամերիկացիներն են ստեղծել որպես կենսաբանական զենք, իսկ մեր հարևաններից մեկը հակառակվեց նրան: Այդ ժամանակ ես կատաղածի նման հարձակվեցի նրա վրա: «Ո՞վ է այդ սրիկան, որ փորձում է հակառակվել պապիկիս ասածին: Մի՞թե չգիտի, թե ինչ է նշանակում պապիկը կամ գուցե չգիտի, որ իմ պապիկը ամեն ինչ գիտի: Լավ, ես նրան ցույց կտամ»,- մտածում էի ես խոժոռ դեմքով: Այդ ժամանակ ես նրան համարում էի աշխարհի ամենավերջին մարդը, ու այդ օրվանից այդպես էլ չկարողացա սիրել նրան: Ինձ համար «պապիկ» հասկացողությունը մի տեսակ առասպելական, աստվածային բնույթ է ստացել: 

Մեր հարևանությամբ մի չար մարդ էր ապրում (համենայն դեպս այն ժամանակ նա ինձ այդպիսինն էր թվում), և նրա թոռնիկները չէին այցելում նրան: Բոլորը նրան «Գոդոլ» էին ասում: Ինձ թվում էր, թե այդ կիսածաղրական, կիսավախենալու անունով մարդը հեքիաթից փախած հրեշ է: Մի անգամ ես զարմացած հարցրի պապիս.

-Պապի՛, Գոդոլը թոլնիկ չունի՞…

Ես զարմանում էի՝ ինչպե՞ս կարող էր մարդ թոռնիկ կամ պապիկ չունենալ: Դա ուղղակի հանցագործություն կարող էր լինել մարդկության հանդեպ: Իմ պատկերացմամբ դրանից կարող էր քաղաքակրթությունը կործանվել:

Պապիկս հողի ու ջրի մի մասնիկն է: Նա միշտ մոտ է կանգնած եղել բնությանը և իր հինգ երեխաներին ու ութ թոռներին ևս այդպիսինն է դարձրել: Բնության ու կյանքի նկատմամբ սերս հենց նրանից է գալիս: Հիշում եմ, երբ մայրիկս մի անգամ բարկացավ վրաս, որ շոկոլադը հողոտ ձեռքերով կերա, իսկ պապիկս սաստեց մորս, վերցրեց ինձ ու նետեց նոր փորված հողի վրա: Ես վերցնում էի հողը, լցնում շոկոլադի վրա և հաճույքով ըմբոշխնում: Ես իմ փոքրիկ թաթիկներով բռնում էի հողի միջի անձրևաորդերին, շոշափում, ուսումնասիրում: Հիմա նոր եմ հասկանում պապիս արածների իմաստը: Նա ուզում էր, որ իմ մատներով շոշափեմ ու ճանաչեմ բնությունը, գտնեմ իսկական երջանկությունը, որ հողի ու ջրի, ծառի ու ծաղկի մեջ է պահված: Նա շատ է սիրում բնությունը: Երևի բնությունն էլ նրան է շատ սիրում: Այդ պատճառով ինչին ձեռք է տալիս, կանաչում է, կյանք ստանում: Նրա այգում երևի մի քանի միլիոն ծառ կա՝ թե՛ պտղատու, թե՛ դեկորատիվ: Այնտեղ աճում է թութ, խաղող, ծիրան, սալոր, բալ, կեռաս, տանձ, խնձոր, ընկույզ, պնդուկ: Դրա մեջ առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան չկա, բայց, եթե հաշվի առնենք Հրազդանի ցուրտ կլիման, ապա դա ուղղակի հրաշք է: Նա իր թոռնիկների հետ նաև մի հրաշալի բարդիների պուրակ է տնկել, որտեղ էլ հենց անցնում են մեր ընտանեկան հավաքույթները: Հիշում եմ, երբ փոքր էի, մեր բարդիների պուրակ մի կին էր մտել և բանջար էր հավաքում:

Տատիկս բացատրել էր նրան, որ դա անտառ չէ, ու ինքը շփոթմամբ մեր այգի է մտել, բայց նա այդպես էլ չի հավատացել տատիս: Դե, մենք հասկանում ենք նրան, քանի որ առաջին հայացքից չէիր կարծի, թե դա մարդու ձեռքի գործ է:

Երբ փոքր էի, պապիկիս գլխին միշտ «օյիններ» էի խաղում: Երբ նա ինձնից ջուր էր ուզում, դա իմ գլխում դառնում էր մի նոր չարաճճիության ծրագիր: Ես նրա ջրի մեջ միշտ աղ, պղպեղ ու էլի մի քանի համեմունք էի լցնում, իսկ հետո մի քիչ փորձարկում էի այդ ջրից, գուցե համոզվելու համար, որ չեմ սպանի նրան, և ուրախ դեմքով իմ «ստեղծագործությունը» հրամցնում էի պապիս: Զարմանալի է, բայց նա երբեք ցույց չէր տալիս, որ ջուրը աղի էր, այլ ընդհակառակը, գրկում, համբուրում էր ինձ ու ասում.

-Վա՜խ, էս ինչ խամով ճուրա…

Ես էլ, ամաչելով իմ արածից, գնում էի սովորական ջրի հետևից: Դե, նա էլ երբեք չէր մերժում ինձ ու ամբողջը խմում էր: Բայց դա դեռ ոչինչ: Մի անգամ՝ երեկոյան, որոշեցի պապիկիս ծաղրածու սարքել ու մորաքրոջս շպարի պարագաներով ներկեցի նրան: Այդ ժամանակ նա շատ ծիծաղելի տեսք ուներ: Բայց ամենածիծաղելին այն էր, որ կարմիր լաքով ներկել էի նաև նրա եղունգները: Հաջորդ օրը նա աշխատանքի գնաց կարմիր եղունգներով, քանի որ մորաքրոջս ացետոնը վերջացել էր: Ես այդ քայլով ստիպեցի, որ բոլորը ծիծաղեն նրա վրա, բայց նա չբարկացավ ինձ վրա: Ախր, չէ՞ որ ես ուզում էի նրան մի քիչ սիրունացնել: Երբ երեխաներով ինչ-որ չարություն էինք անում, բոլորը գիտեին, որ պապիկի մատը խառն է այդ գործում: Նա միշտ մեր «հանցակիցն» է եղել: Այ, օրինակ սրանից երկու տարի առաջ, մենք հիշել էինք մեր ավազակությունները: Ես պապիկիս աղով սուրճ հյուրասիրեցի, նա էլ սկսեց դերասանություն անել. «Վատ եմ, մեռա…»: Մենք էլ շարունակեցինք նրա խաղը: Նախ, զանգեցինք մորաքրոջս ու մայրիկիս ու լացակումած ձայնով ինչ-որ կցկտուր բաներ ասացինք: Հետո համոզեցինք պապիկին, որ պառկի: Նրա կողքը դրեցինք դեղեր, ջուր, ճնշման ապարատ…Հաջորդ պահին մեր բակում էր արդեն երկու շտապօգնության մեքենա, մի քանի տաքսի, հարևաններ, բարեկամներ… Ճիշտ է, մենք էլ, պապիկն էլ մի լավ ծեծ կերանք (մենք մամայի կողմից, պապին՝ տատիի) մեր խաբեության համար, բայց մի լավ զվարճացանք: Դե, շտապօգնության մեքենաներն էլ պետք եկան միայն տնեցիներին ուշքի բերելու համար:

Պապիկիս բոլոր թոռնիկներն էլ պաշտում են նրան: Այդ սերը այնքան խորն է, որ բոլորը փորձում են ընդօրինակել նույնիսկ նրա ժեստերն ու շարժումները: Օրինակ՝ պապիկս խռռացնելու սովորություն ունի: Նա ասում է, որ այդպես է անում, որ քունը տանի: Մենք էլ՝ որպես նրա հարգարժան կրկնօրինակները, քնելուց առաջ սկսում էինք խռռացնել: Մենք կարծում էինք, որ դա լուրջ ավանդույթ է, և պետք է սրբությամբ պահել: Պապիկն էլ մեզ չհիասթափեցնելու համար սկսում էր իր կենցաղը «զարդարել» նորանոր տարօրինակ ժեստերով: Մեզ բոլորիս այնպես է թվում, թե նա ամենից շատ մեզ է սիրում: Գուցե նրանից է, որ նա շատ ունի սեր ու բոլորիս հավասար բաժանում է, բայց այն, որ նրա ամենախելացի թոռնիկը ես եմ, նա ինքն անձամբ է խոստովանել: Մեր ընտանիքում մի ավանդույթ կա: Երբ երեխաները դառնում են չորս-հինգ տարեկան, անցնում են պապիկի IQ թեստով: Մի անգամ պապիկս ասաց.

- Արի գնանք մի բաժակ կաթ խմենք, ասա՛՝ էհ՜:

-Էհ՜,- ասացի ես ժպիտով:

-Գնանք մի քիչ տելեվիզոր նայենք, ասա՛՝ էհ:

-Էհ՜,- կրկնեցի ես:

-Գնանք քնենք, ասա՛՝ էշ,- վերջացրեց պապիկս:

Երկար ժամանակ լռություն էր: Ես ոչինչ չէի ասում: Հետո սկսեցի լաց լինել:

-Հը՞, բալես, ընչի՞ ես լաց ըլնում,- հարցրեց պապիկս փաղաքշական տոնով:

-Պապի, բա որ ասեմ՝ էշ, նեղանա՞ս,- լացակումած շարունակեցի ես:

Պապիկս գրկեց, համբուրեց ինձ և հայտարարեց, որ ես իր ամենախելացի թոռնիկն եմ, և ես դրանից ինձ շոյված էի զգում:

Պապիկս ընդամենը չորս տարի է դպրոց գնացել, բայց այդ փաստը չիմացողը կկարծի, թե նա համալսարան է ավարտել: Նա իր կյանքում շատ գրքեր է կարդացել: Գուցե դրանից է, որ շատ հետաքրքիր պատմություններ գիտի: Նա ինձ համար իսկական հերոս է: Այո՛, նա իմ մանկության, պատանեկության և իմ ամբողջ կյանքի հերոսը կմնա: Իսկական հերոսություն է լինել լավ պապիկ և լավ մարդ: Նա իրական կյանքի հերոս է:

Հայրս

Հայրս երեւի այն միակ մարդն է, ով ինձ հասկանում է կես բառից կամ առանց խոսքի նույնիսկ: Եվ ես էլ նրան եմ հեշտությամբ հասկանում: Ասեմ, որ հայրս հիսուն տարեկան է, երեւի իմ հասակակիցներից ոմանց պապիկների տարիքին, բայց դա ինձ դուր է գալիս: Ինչքան ծնողները մեծ են լինում, այնքան նրանց երեխաները խելացի են լինում: Քույրս այս լսելով կասեր` եսասեր: Եսասերներն այն մարդիկ են, ովքեր մտածում են միայն իրենց մասին: Հայրս այդպիսին չէ: Ես պարզել եմ դա մեր զրույցներից:

-Պապ, ինչո՞ւ ես ուշ ամուսնացել:

-Երիտասարդության լավագույն տարիներս ստիպված անցկացրել եմ պատերազմական գոտիներում: Սկզբից տեղահանություն (Հայրս Նախիջեւանի վերջին հայկական գյուղից` Զնաբերդից, դուրս եկած վերջին հայն է), ստիպված դուրս եկած, որովհետեւ դիվանագիտական պատերազմն արդեն տանուլ էր տրված, հետո էլ` Ղարաբաղյան պատերազմը…

-Իսկ դու ամուսնանայիր պատերազմից առաջ:

-Իսկ եթե ճակատագիրը դաժան գտնվեր իմ հանդեպ, եւ իմ ապագա երեխաները մնային առանց հա՞յր…

Լռեցի, նա միանգամայն ճիշտ էր: Նա իմ նման եսասեր չէ: Մտածելէ անգամ իր ապագա կնոջ եւ դեռ չծնված երեխաների մասին:

Եթե ես լավ նկարել իմանայի, ապա հորս հիսունամյակին կնկարեի նրա դիմանկարը. բազնաթիվ կնճիռներ, բայց ամեն րոպե ուրախ ժպտալ կարողացող: Երեւի յուրաքանչյուր կնճիռ իր պատմությունն ունի. մեկը երեւի առաջացել է բնօրրանը վերջին անգամ տեսնելու վշտից, մեկը` մարտի դաշտում հաղթական քոչարի պարելու ուրախությունից, մեկը` ամուսնանալիս «Տեր եմ» ասելիս, մյուսը` առաջնեկի ծննդյան մասին իմանալիս: Չէ, իմ ծնվելիս երեւի այնքան էլ չի ուրախացել. տղայի էր սպասում:

Երկու ընկերներս

arjukԵս ունեմ երկու փոքր արջուկներ, որոնք նվեր եմ ստացել, երբ դեռ շատ փոքր էի: Առաջին արջուկս նվեր եմ ստացել երկրորդ դասարանում: Ռուսաց լեզվի ավարտական միջոցառման ժամանակ մեզ բոլորիս նվիրեցին փոքրիկ արջուկներ: Դրանից հետո երկար ժամանակ մոռացել էի նրա մասին և անուշադրության էի մատնել, բայց մի անգամ պատահաբար գտա: Հետո որոշեցի նրան անուն դնել: Ցանկանում էի դնել այն անունը, որը առաջինը «մտքիս կգար», և անվանեցի Ջերեմի: Երկրորդ արջուկս գրեթե նույն տարիքում եմ ստացել: Երբ փոքր էինք, մեզ փոքրիկ ծանրոցներով բերում և նվերներ էին բաժանում: Մենք ամեն անգամ մեծ անհամբերությամբ էինք սպասում մեր ծանրոցներին և մեր նոր նվերներին: Մի այդպիսի ծանրոցի միջից էլ ես գտա մյուս արջուկիս: Նրա համար ևս անուն որոշեցի: Քանի որ մի քանի իսպաներեն բառ գիտեի, որոշեցի դրանցից մեկով էլ կոչել: Կոչեցի Ֆելիզ, որը թարգմանաբար նշանակում է` ուրախ, երջանիկ: Ուզում էի, որ միշտ իրեն նայելիս ժպտայի, չնայած նրան, որ նրա դեմքին ընդհանրապես ժպիտ չկա: Երբ փոքր էինք, հաճախ էինք տանը կազմակերպում տիկնիկային ներկայացումներ: Իրար էինք միացնում աթոռներ, վրան գցում ծածկոցներ և, ահա, ներկայացումը սկսված էր: Իմ արջուկները ևս անմասն չէին մնում այս փոքրիկ ներկայացումներին` հաճախ նաև դառնալով դրանց գլխավոր դերակատարները: Մենք տարբեր պատմություններ էինք հորինում և դրանք ցուցադրում նրանց միջոցով: Հաճախ էինք հայտնվում ծիծաղելի դրության մեջ, երբ մեր դերակատարներին պատահաբար գցում էինք: Սակայն, առանց ժամանակ կորցնելու, աթոռների տակով վերցնում էինք` փորձելով չերևալ մեր հանդիսատեսին: Այսպիսով, ձեռք բերեցի իմ երկու ընկերներին, որոնք ոչ միայն ինձ կուրախացնեն, այլև կհիշեցնեն այն հիշարժան օրերի մասին, որոնք տեղի են ունեցել իմ կյանքում:

 

ԻՆԸ ՄԱՆՈՒԿ

Ահա կրկին հանդիպեցինք, և ինչպես խոստացել էի, այս անգամ կպատմեմ, թե ինչու է մեր գյուղը կոչվում Խնձորեսկ, իսկ աղբյուրը`Ինը մանուկ: Խնձորեսկը պատմական հուշարձան է համարվել: «Հին Խնձորեսկը պետք է պահել և պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան, այդպիսի հրաշք վայրեր աշխարհում քիչ կան»,- ասել է Մարտիրոս Սարյանը: Խնձորեսկի պատմությունը և բնությունը արտացոլվել են մի շարք հայ գրողների ու նկարիչների գործերում, իսկ ժողովրդական մեղեդիները և աշուղական երգերը`շատ երգահանների ստեղծագործություններում։

Ինչպես տատիկս էր պատմում, «Խնձորեսկ» անվան արմատը «խնձոր» բառն է։ Կա նաև մեկ այլ վարկած, ըստ որի Խնձորեսկը նախապես անվանվել է Խորձոր, որը հետագայում որոշ հնչյունափոխության ենթարկվելով՝ ընդունել է ներկայիս ձևը։ Երկու կարծիքներն էլ, անշուշտ, ընդունելի են, քանի որ  այդտեղ և ձորերն են խոր, և խնձորն է առատ։

Ես տատիկիս հարցրեցի նաև «Ինը մանուկ» աղբյուրի մասին: Նա դժվարությամբ կարողացավ հիշել աղբյուրի պատմությունը, բայց ես կարողացա տեղեկություններ հավաքել աղբյուրի մասին և մեծ սիրով կներկայացնեմ ձեզ:

«Ինը մանուկ»-ը ճարտարապետական յուրօրինակ նմուշ է: Աղբյուրի անվան հիմքում ընկած է հետևյալ իրական պատմությունը:
Թշնամին հարձակվում է Խնձորեսկի վրա, այս անգամ ղարաչոռլու քրդական ցեղի ավարառուները, և գյուղը պաշարում բոլոր կողմերից: Մարտնչում են բոլորը: Իրենց ամուսինների հետ միասին թշնամու դեմ են դուրս գալիս նաև կանայք, դեռատի աղջիկներն ու պատանիները:Եվ նորից անառիկ է մնում Խնձորեսկը: Բայց Խնձորեսկի ժայռակերտ պարիսպների վրա բազում այրերի հետ զոհվում է նաև ինը երեխաների մայր, այրի Սոնան: Նրա հայրը` Ուստա Օհանը, գյուղի կենտրոնական թաղամասերից մեկում, ուր հսկա ընկուզենու արմատներից ջուր էր ծորում, կառուցում է շքեղ կամարով և սքանչելի թասով աղբյուր, ի հիշատակ այրի Սոնայի: Աղբյուրի թասը հիշեցնում է կնոջ կուրծքը: Թասից ջուր խմել հնարավոր է միայն երկու ձեռքերով հենվելով քարին:
-Այ սուրբ աղբյուր, աղաչանք եմ անում, ջուրդ թող դառնա մեր Սոնայի կրծքի կաթը ու պահապան լինի ինը որբացած թոռներիս…

Իրական պատմություն է սա, որ մեզ է հասել ժողովրդի  շնորհիվ, հիշուղություն, որ պայծառ ու մաքուր է աղբյուրի ջրի պես: Դարերի ընթացքում Ինը մանուկը դարձել է սրբավայր:

Այս պատմությունը վառ ապացույցն է այն բանի, որ Խնձորեսկը իսկապես հարուստ է քաջ ու խիզախ կանանցով, որոնք ոչինչ չեն խնայել իրենց բնակավայրը անառիկ պահելու համար: Այդ կանանցից է նաև իմ տատիկը, ով անցնելով շատ փորձությունների միջով, չի լքել իր հարազատ  գյուղը` հավատարիմ  մնալով նրա բոլոր սովորույթներին:

 

 

 

 

Եվա  Գասպարյան, 14 տ.,

Քարոտ

Գիտեք, թե ի՞նչ է կատարվում այս ահռելի ժայռերի ու ահասարսուռ ծերպերի միչև… Վայոցձորյան կյանքն է, ծանոթացի´ր: Այստեղ ժայռոտ ու քարոտ է ամեն ինչ. սարերը քարոտ են, ձորերը՝ նույնպես: Նույնիսկ քամին է քարոտ ու քարհոտ փչում: Բայց երևի սխալվեցի. թերևս մի բան կա այստեղ, որ քարոտ չէ: 

Գիտե՞ս, ես կարող եմ լցնել այս անդունդներն ու, որտեղ և մենք ենք ապրում: Չկարծեք, թե ամենազոր ու հզոր եմ, պարզապես տասնվեցամյա վայոցձորցի եմ, բայց մի  բան հաստատ գիտեմ. այն բարությունն ու սերը, որ գտնվում է մեր ձորակիցների սրտերում, կծածկի բոլոր գագաթները նույնիսկ: Այո, վայոցձորյան սիրտը քարից լինել չի կարող: Դա բամբակ է, թավիշ կամ մետաքս…
Հետաքրքրե՞ց քեզ մեր  կյանքը, ապա խնդրեմ, համեցի´ր ժայռային թագավորություն ու ունկնդրի´ր այս ժայռային սիմֆոնիան: Վայոց ձորի պատմությո՞ւնն ես ուզում իմանալ, գնա´, նստի´ր մի քարաժայռի վրա, վերցրու մի բուռ հող ու մոտեցրու քեզ: Հողը հոտ ունի՝ արյան, քրտնքի, պատերազմի, բայց խաղաղ դաշտերի ու բերրի այգիների հոտն էլ կզգաս: Մեր հողը մեր պես է, մեր դեմքն ու դիմագծերն են. կնճռոտված  «երիտասարդի», որ այնուամենայնիվ բարի ու հոգատար ժպտում է: Հողը ձայն էլ ունի, խոսել գիտի, բայց ոչ բոլորին է հասու այդ ձայնը: Եթե նրա ասելիքը համընկնի քո հոգու ասելիքի հետ, միասին լեզու կգտնեք, նա կսկսի քեզ պատմել մեր կյանքը, մեր պատմությունը, մեր հոգին: Բացենք մեր պատմության գիրքը, որը կոչվում է Վայոց ձոր: Մենք արևի որդիներ ենք, այս քարերն ու ժայռերը այնքան հին են, որքան Երկիր մոլորակը: Հենց այստեղ ապրող ցեղի անունից է այս տարածքը այդպես կոչվում: Արևորդիներ ենք, գեղեցիկ է հնչում, չէ՞: Հենց այդպես էլ մենք առաջացանք: Անցան տարիներ, մենք կոչվեցինք վայոցձորցիներ, տարածքը՝ Վայոց ձոր: Պատմություններ ու ավանդազրույցներ լսելով է, որ ես ձեռք եմ բերում վիթխարի թևեր: Եվ ես թռչում եմ ժամանակ կոչվող թակարդի միջով, թերթում եմ այս գիրքը, թերթում էջեր, թերթում դարեր: Ինձ անասելի հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունեցել մեզանից, օրինակ, 1600 տարի առաջ:
Լուսավոր օր էր: Ժայռերի ծերպերը մեղմիվ շոյում էին կապուտակ երկնքի ամենավերին շերտը: Իսկ արևն իր շոյող շողերով հաստատում էր այդ միությունը: Երկու պարթևահասակ   տղամարդ անցնում էին վարդապետի հագուստով: Ամբոխն էլ եկել էր նրանց դիմավորելու: Ովքե՞ր էին այդ տղամարդիկ. մեզ համար ուղղակի պատմական անուններ, այդ մարդկանց համար անուսում մթության մեջ լուսավոր կետեր: Հովսեփ Վայոցձորցին ու Մեսրոպ Մաշտոցն էին: Մեծ քայլ կատարենք, ընդամենը 1-2 էջ: Ամեն ինչ սարսափելի երկրաշարժի արգասիքն է՝ դիակներ, արյուն, լաց ու կոծ: Հենց այդ ժամանակ էր, երբ համընկավ մեր արև Վայոց ձորը, Վայերի ձորի հետ: Դա ընդամենը համընկնում էր. մենք մեր ձորը չէինք անվանակոչի դժբախտության պահին, եթե կային ավելի լավ ու հաջողակ օրեր: Թերթենք, անցնենք այս էջերը նույնպես: Օրբելյաններ, Պռոշյաններ… Երևելի տոհմեր են, լսած կլինեք նրանց մասին: Այս գիրքը շատ հետաքրքիր է, իսկապես: Մեկը մյուսին հաջորդող սև ու սպիտակ էջեր, սև ու սպիտակ դարեր: Ցավալին այն է, որ երբ գրքը փակում ես, ընդհանուրը սև է լինում . սևերը գերակշռում են սպիտակներին: Էլի թերթենք, հասնենք մեր օրեր: Սրանից հետո  սպիտակ էջեր են, քանի որ վերջին էջում մեր ձորակիցներին և մեզ կտեսնես…

***
Փոքրիկ հողակտոր լցված սարերով ու անդնդախոր ձորերով: Երբ փոքր էի,սերը բնօրրանիս նկատմամբ մի առողջ սերմ էր, իսկ գեղեցիկ բնօրրանը պարարտ հող, բնականաբար, կարող էր ծլել: Չէր ծլի,եթե չլինեին հյուրասեր քաղաքացիներիս ջերմ հոգիները, դա հենց այդ ջերմությունն է, որ պետք է յուրաքանչյուր ծլած բույսի: Դե, ջերմությունը բոլոր ժամանակներում է անհրաժեշտ: Պատանեկության տարիներին այդ բույսը դարձավ մի ծառ: Ճիշտ է, ծառիս ճյուղերը կես թիզաչափ էլ չկային, բայց արմատները խորն էին . ծառս ամուր կանգնած էր հողին: Իսկ հիմա և՛ արմատներն են հաստատուն, և՛ ճյուղերը փարթամ, և՛ բերքը առատ:
Ծառը տեղահան անել, հավատացեք, անհնար է:

Մանու-Մանուելան

Մանուելան կամ Մանուն, ինչպես մենք բոլորս դիմում ենք նրան, այն երկու երեխաներից մեկն է, որոնց շատ եմ սիրում: Նա մեր հարևանի թոռնուհին է: Մանուն 3 տարեկան է ու բավականին խելացի է իր տարիքի համեմատ: Մանուելան հաճախում է մանկապարտեզ, փոքրերի խմբում է, բայց շատ է ուզում տեղափոխվել մեծերի խումբ: Միշտ ասում է. «Հեսա մի քիչ էլ մեծանամ ու կգնամ մեծերի խումբ»: Մեկ-մեկ այնպիսի բաներ է սկսում ասել, որ չես կարողանում չզարմանալ ու հրճվանքով չնայել նրան: Մի անգամ ասացի. «Ման, էս ինչ սիրուն ցիլո ես դրել», ինքն էլ ասաց. «Ցիլո  չի, գլխարկ ա»: Շատ փոքր երեխաների նման սիրում է դիտել «Մաշան և արջը»

մուլտֆիլմը: Հենց  գալիս է մեր տուն, միանգամից ասում է` դիրՄասան:       Իսկ վերջերս էլ որոշել էինք մեր մուտքի դիմացի պատին նկարել` գեղեցկացնելու նպատակով:

Մեր խմբին միացավ նաև Մանուն: Որոշեց,  որ լուսին է նկարելու: Իսկ երբ վերջացրեց,  անընդհատ ասում էր. «Գնամ մամային կանցեմ, թող գա տենա` ինց սիրուն եմ նկարել», ինձ էլ անընդհատ ասում էր. «Իմը սիրունա, ցէ՞, իրանցը սիրուն ցի»: Մի անգամ էլ ուզում էր գնալ ձմերուկի համով ծամոն գնելու, ու երբ տեսավ, որ ոչ ոքից չի կարող գումար վերցնել, գնաց ու ընկերուհուն ասաց. «Նանե, արի գնանք ձմերուկի համով ծամոն առնենք»,- ու ճանապարհ ընկավ:

Երբ հարցրեցի`  ինչո՞վ ես գնելու (նկատի ունենալով գումար չունենալը), Մանուն հանգիստ պատասխանեց. «Ձմերուկով» ու ինքնամոռաց շարունակեց ճանապարհը:

Ահա այսպիսին է իմ սիրելի Մանու-Մանուելան:

Մեկ շենք և հինգ մոլեկուլ

Մեկ-մեկ լուսինն այնքան մոտիկ է լինում: Նայում ես, տեսնում, որ քեզնից բարձր է: Գլուխդ կախում, կարոտում ես լուսնին ու նորից նայում: Մեկ էլ` հոպ, լուսինն ավելի մոտիկացավ: Արդեն ժպտում է քեզ: Թվում է, թե ձեզ բաժանողը երկու շենք է ու հինգ թթվածնի մոլեկուլ: 

-Ի՞նչ է որ: Հիմա, հենց հիմա արագ մարզակոշիկներս հագնեմ ու գամ, միայն թե սպասիր այդտեղ:
Հագնվում ես: Վերցնում պայուսակդ ու մի թղթե նավակ պատրաստում` լուսնին նվիրելու համար ու ճանապարհ ընկնում: Տանիք: Դե, էլ որտեղի՞ց կարելի է սկսել երթը: Բարձրանում ես ու հանկարծ լուսնի չափ հեռու մանկությունդ կտրում-անցնում է մի շենք, հինգ մոլեկուլ, գալիս-հասնում է տանիքիդ, ու մեկ էլ` հոպ:

Նորից մանուկ ես: Մնում է` ձեռքերդ բացես ու գրկախառնվես լուսնի հետ: Ինչ ջերմություն է տալիս լուսինը… Փակում ես աչքերդ, մտքում պար բռնում լուսնի հետ: Քայլում ոչնչի վրայով, ցատկոտում, գրկախառնվում ու մեկ էլ` հեռախոսը զանգում է: Ու չգիտես ոնց, լուսինն ու մանկությունդ հինգ երջանկություն հետ են քայլում, ու նայում ես հեռախոսիդ էկրանին: Նայելով ու համարը չկարդալով` պատասխանում ես: Մայրդ տուն է կանչում: Դե, ի՞նչ իմանա, որ լուսնի հետ պար էիր բռնել երկնքում:

Խնձորեսկ

Մանկությանս հիշողություններն ինձ տարան հեռու:

Ամառ էր, սակայն օրը մռայլ էր ու թախծոտ: Ընտանիքով գնացել էինք տատիկիս այցի: Նա ապրում էր Սյունիքի մարզի պատմական Խնձորեսկ գյուղում: Առաջին տպավորությունը հուզիչ էր: Գյուղը, որն ունի ոչ սովորական պատմություն, մասնակցել էր կռիվների և հերոսական փայլուն հաղթանակներ տարել:

Գեղեցիկ էր առաջին արևածագը: Գյուղի բնակիչները սկսում էին իրենց աշխատանքը, միմյանց բարևում պարզ ու անկեղծ, այնպես, կարծես բոլորը իրար հարազատ ու բարեկամ են:

Պապիկս հենց այդ ժամանակ էլ սկսում էր աշխատանքը այգում: Նա շշուկով խոսում էր ծառերի հետ, զգում նրանց պահանջները և մեծ սիրով կատարում դրանք: Փորում էր ծառերի բները, ջրում և հիացմունքով նայում նրանց: Նա  այնքան խնամքով էր  կատարում այդ ամենը, թվում էր, թե գործ ունի ոչ թե ծառի, այլ փոքրիկ և քնքուշ երեխայի հետ: Ընթացքում նա հորդորում էր մեզ խնամքով վերաբերվել ծառերին և այգու մյուս բնակիչներին:

Տատիկս, առավոտյան  վաղ արթնանալով, զբաղվում էր նախաճաշ պատրաստելով: Երբ  նստում էինք սեղանի շուրջ, նա գոհություն էր հայտնում և մաղթում բարի ախորժակ: Ահա վայելում ենք թարմ կաթը, խաշած ձուն, կաթի սերը, պանիրը, կաթով շիլան և կարմրաթուշ լավաշը:

Ամեն ինչ հրաշալի էր և խաղաղ: Օդը մաքուր էր, երկինքը`ջինջ:

Հաջորդ օրը մենք որոշեցինք այցելել հին Խնձորեսկ` տեսնելու այն քարանձավները և անառիկ ժայռերը, որտեղ կռվել և հաղթել են Խնձորեսկի հերոս բնակիչները: Այցելեցինք Մխիթար Սպարապետի գերեզմանին, խոնարհվեցինք և շարժվեցինք առաջ: Հասանք մի պաղ աղբյուրի, որը կոչվում էր «Ինը մանուկ»: Մայրս պատմում էր,որ տատիկս երիտասարդ ժամանակ այդ աղբյուրից  ջուր է տարել`պղնձե կժով:

Աղբյուրից երևում էին ժայռերի ծերպերին գտնվող թաքստոցները, որոնք իրենց մեջ են ամփոփում Խնձորեսկի ողջ պատմությունը:

Գյուղի տեսարժան վայրերի գեղեցկությամբ հմայված վերադարձանք տուն, որտեղ մեզ էին սպասում տատիկս ու պապիկս:

Ակնթարթի պես անցավ մեր այցը հին  Խնձորեսկ: Տպավորություններիս մասին պատմեցի պապիկիս, և նա հավելեց, որ գյուղը ճանաչված է նաև իր նշանավոր և բազմավաստակ զավակներով: Ես իմացա, որ Սուրեն Այվազյանը, լինելով  Խնձորեսկի բնակիչ, գրել է «Խնձորեսկ» վերնագրով վեպը: Խնձորեսկից վերադառնալուց հետո ես ինձ պարտավորված զգացի ուսումնասիրել այդ գյուղի ողջ պատմությունը և կարդալ Ս.Այվազյանի վեպը: Կարծում եմ, տատիկս ու պապիկս դեռ շատ հետաքրքիր բաներ են պատմելու ինձ գյուղի մասին, նրա մարդկանց, ավանդույթների ու սովորությունների: Իսկ առաջին հարցը արդեն ունեմ. Ինչու է գյուղը կոչվում Խնձորեսկ, իսկ աղբյուրը` Ինը մանուկ: Այս մասին կպատմեմ իմ հաջորդ նյութի մեջ:

 

Ով եմ ես և ինչն է ինձ հուզում

 Ապրում եմ Մեծամորում: Սիրում եմ անկեղծ մարդկանց, ունեմ շատ ընկերներ և նրանք ինձ ասում են Ամոկ: Բնավորությամբ շատ նեղացկոտ եմ և շատ շուտ լաց եմ լինում: Ընկերասեր եմ և ամեն պահի ընկերներիս կողքին եմ : Սիրում եմ նկարել և հուսով եմ ապագայում կդառնամ լավ նկարիչ: Ժպտերես եմ, բարի, անկեղծ բոլորի նկատմամբ:

Ինձ դպրոցում հուզում է այն հարցը, թե երեխաներին ինչո՞ւ են տարբերակում արտաքինով կամ սովորելու ունակությամբ: Շրջպատում փոքրերին անտեսելը, վատ վերաբերվելն ու ճնշելը նույյպես ինձ հուզում են:

Արմինե Գևորգյան

 

Սիրում եմ աշխատասեր մարդկանց, բայց չեմ սիրում անպարտաճանաչ, շատախոս, ինքնահավան, ստախոս մարդկանց: Շատ եմ սիրում պարել և երաժշտություն լսել: Դպրոցում սովորում եմ հարվածային: Սիրում եմ հայոց լեզու, գրականություն, հանրահաշիվ և երկրաչափություն առարկաները:

Ինձ հուզում է մեր անգլերենի ժամին ուսուցչուհուն բարկացնելու հարցը, որը մեզ խանգարում է լավ վարել դասը:

Աշխեն Ավետիսյան

 

Ես շատ հանգիստ բնավորության տեր մարդ եմ: Սովորում եմ յոթերորդ դասարանում, սիրում եմ կենսաբանություն առարկան: Սիրում եմ լրատվական տեղեկություններ կարդալ և լուսանկարել:

Ինձ ամենաշատը հուզում է արտագաղթի հարցը, քանի որ ծնողներս գնում են ուրիշ երկիր՝աշխատելու:

Սեդա Գրիգորյան

Ես շատ եմ սիրում նկարել և ուզում եմ դառնալ նկարչուհի: Իմ անունը Անի է, իսկ ազգանունս՝ Կարապետյան: Ես հաճախում եմ կենտրոն, որտեղ շատ լավ է մեզ. նրանք շատ լավ բաներ են մեզ սովորեցնում:

Ինձ հուզում է, թե մեր դպրոցը ինչու վերանորոգված չէ:

Անի Կարապետյան

Ես Անի Կիրակոսյանն եմ՝ բնավորությամբ ընկերասեր, բարի, բայց շատ դեպքերում նաև համառ: Ես ունեմ մի քանի նախասիրություն, սիրում եմ երգել, պարել, նկարել, նաև ստեղծագործել: Ես միշտ ձգտում եմ հասնել իմ նպատակներին: Երբ մեծանամ, ուզում եմ դառնալ երգչուհի և դերասանուհի, նաև պարուհի: Ես ամբողջ օրս անցկացնում եմ դպրոցում և Կենտրոնում, բացի շաբաթ և կիրակի օրերից: Ես նաև ամեն կիրակի գնում եմ եկեղեցի, մասնակցում բոլոր արարողություններին: Ես բացի Կենտրոնում երգելուց, նաև երգում եմ եկեղեցում: Ահա իմ մասին բոլոր կարևոր տեղեկությունները:

Իսկ ինձ հուզում է, թե ինչու են մարդիկ մահանում: Ես կարծում եմ, որ եթե մարդիկ չմահանան, երկրագունդը մարդաշատ կլինի, քանի որ ինչքան մարդաշատ, այնքան բնությունը աղտոտված կլինի: Բայց կարծում եմ, որ բոլորի համար երկնքում ավելի լավ կլինի, քանի որ այնտեղ երջանկությունը փողի մեջ չէ, այլ բարի և ընկերասեր լինելու մեջ: Ահա ինձ հուզող հարցը:

Անի Կիրակոսյան