mariam ghukasyan

Մի մանկություն. հազար ու մի արկածներ…

Իմ մանկությունը լի է զավեշտալի ու զվարճալի դեպքերով, կամ ինչպես ես եմ սիրում ասել. «Վտանգավոր, բայց կարևոր» դեպքերով:
Ես կարծում եմ, որ ազատությունը և մանկությունը որոշակիորեն փոխկապակցված են իրար «էլեկտրական» ամուր շղթաներով, սակայն վերջում լարերը կտրվում են, և մնում են միայն դիէլեկտրիկ (անհոսանք) հուշերը:
Սկսեմ նրանից, որ ես մեր տան ամենափոքրն եմ, և այդ է պատճառը, որ թե՛ փոքր տարիքում, թե՛ հիմա ընտանիքիս ողջ ջերմությունն ու հոգատարությունը պտտվում է իմ շուրջը, ինչպես մոլորակները` Արեգակի: Լավ… Ֆիզիկայից անցում կատարեմ դեպի իմ պատմությունը:
Երբ մայրիկս աշխատում էր դպրոցում (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էր) իմ և միջնեկ քրոջս խնամքի ու դաստիարակության գործում, տատիկիցս ու պապիկիցս բացի, իր փոքրիկ, բայց կարևոր ներդրումն է ունեցել ավագ քույրս:
Իմ մանկության մեջ վառ է մնացել այն պատկերը, թե ինչպես տատիկս ու պապիկս իրենց սիրելի նստարանին նստած ուշադրությամբ հետևում էին ինձ ու քույրերիս, որպեսզի մենք խաղալիս տան բակից դուրս չգայինք, որովհետև մեր տունը գտնվում էր կենտրոնական փողոցի վրա (ներկայումս ևս):
Այժմ սկսեմ պատմել ինձ հետ պատահած մի դեպք, որը մինչ օրս հիշում եմ ծիծաղով և ուրախությամբ: Հինգ, թե վեց տարեկան էի, երբ որոշեցի խախտել դաստիարակությանս «սահմանները»՝ փախչելով տանից` դառնալ ազատ և ինքնուրույն:
Աշուն էր: Եղանակը զով ու գեղեցիկ, արևը ջերմացնում էր երեկվանից էլ ավելի տաք, իսկ արևի փոքրիկ ճառագայթները բաց չէին թողնում սենյակս սողոսկելու և քունս խանգարելու հնարավորությունը: Արթնացա: Բացեցի աչքերս և սովորությանս համաձայն կանչեցի մայրիկիս.
-Մա՜մ, մա՜մ, ես զարթնել եմ:
Հագնվեցի, հետո լվացվեցի, նախաճաշեցի և ուրախ երգելով գնացի տիկնիկներս վերցնելու: Այդ օրը ես ստացա դրսում խաղալու հնարավորություն, իհարկե գտնվելով տատիկիս ու պապիկիս մշտական հսկողության տակ:
-Մամ, մամ, ինչքա՞ն կա դեռ մինչև քնելս,- հարցրի ես մանկական խանդավառված սրտով, սպասելով լավ պատասխանի:
-Դեռ երեք ժամ կա մինչ քնելդ, կարաս…
-Իսկ էտ շատ ա՞, այսինքն, լիքը-լիքը՞, մինչև վա՞ղը,- հարցրի ես, չթողնելով մայրս ավարտեր խոսքը:
-Հա, լիքը,- ասաց մայրս ժպտալով:
Իհարկե, ես չէի կարող հենց այդ րոպեին էլ դուրս գնալ խաղալու. իսկ ո՞վ էր իմ փոխարեն խանգարելու քույրերիս, ովքեր սովորում էին իրենց դասերը: Սակայն իմ կողմից վարած այս «քաղաքականությունը» ևս ուներ պատճառ՝ կանչելու քույրերիս, որպեսզի գային և խաղային ինձ հետ:
Հինգ վայրկյան, երկու րոպե, տասնհինգ վայրկայն, քսան րոպե, տասնութ վայրկյան, երեսուն րոպե, քսանհինգ վայրկյան, տաս րոպե… Ահա այսքան ժամանակ ես անիմաստ վազվզում էի տան մեջ, խանգարում՝ քույրերիս:
-Ու՜ֆ,- ասացի ես, խորը հիասթափություն ապրելով, որ ոչ մեկը ինձ հետ չի խաղում,- ես էլ կգնամ ու մենակ կխաղամ, բա~, երեխեք ջան,- ասացի ես ու դուռը փակեցի իմ հետևից: Դուրս եկա խաղալու: Տասը-տասնհինգ րոպե էր անցել, երբ բացվեց դուռը և լսվեց մայրիկիս քնքուշ ձայնը.
-Մարիամ ջան, հավաքի խաղալիքներդ, ներս արի, արդեն քնելուդ ժամն է:
Հիմա կզարմանաք, չէ՞, թե վեց տարեկանում ի՞նչ քնել, բայց այո՛, ես քնում էի մինչև դպրոց գնալս՝ յոթ տարեկանը, երևի սրանով էլ պայմանավորված է իմ չափից դուրս քնկոտությունը: Ինչևէ, այս լսելով դիմեցի կոկորդիս օգնությանը և բարձր բղավեցի՝ խախտելով տիրող լռությունը մեր բակում: Բոլորը թափվեցին դուրս, մտածելով, որ փորձանքի մեջ եմ ընկել, կամ ինչպես պապիկս էր ասում.
-Այ բալա, հոմ ԼՂՀ-ն չգրավեցին, որ էդպես ճչում ես,- և այս խոսքերը միշտ ավարտվում էին պապիկիս բարկությամբ:
Բայց չէ՛, ես ոչ փորձանքի մեջ էի ընկել, ո՛չ էլ փառք Աստծու, ԼՂՀ-ն էին գրավել, այլ ուղղակի զարմացել էի, չէ՞ որ լիքը ժամանակ ունեի, մի՞թե սպառվեց իմ ժամանակը:
Բայց ես չտխրեցի, մայրիկիս ասացի, որ խաղալիքներս հավաքեմ և կգամ, պապիկիս և տատիկիս ասացի, որ ներս գնան, թե չէ արևը կխփի գլխներին ու քթներից արյուն կգա (սեփական փորձովս): Համոզեցի բոլորին… Եվ ես առաջին անգամ փախա տանից, պարզապես արկածներ որոնելու համար: Բոլոր խաղալիքներս չէի կարող վերցնել. շատ-շատ էին, այդ պատճառով վերցրի իմ ամենասիրելի տիկնիկին՝ «Մեծ գլխանիին», քանի որ նրա գլուխը մարմնի համեմատ շատ մեծ էր, ես որոշեցի նրան այդպես կոչել: Վերցրի տիկնիկիս և փախա դեպի մեր հարևան Գառնիկ պապիկենց խոտի դեզի մոտ, որը շատ մեծ էր և տարօրինակ տեսք ուներ: Ահա և վերջ…
-Ես ազատ եմ, կարող եմ ամբողջ օրը խաղալ. էլ ոչ ոք չի ասի` արի քնելու, չարություն մի՛ արա, մի՛ խանգարի, խաղալիքներդ հավաքի, էս՛ արա, էն՛ արա,- մտածում էի ես:
Դուրս է գալիս մայրիկս տանից.
-Մարիամ, Մար… Ու՞ր ես:
Հաջորդեց պապիկս.
-Ու՞ր կորավ էս երեխեն, նոր ստեղ էր:
Իրարանցում, խառնաշփոթ, քաոս, դմփդմփոց էր տիրում մեր բակում: Հավաքվել էին մեր բոլոր բարեկամները, հարևանները, կարճ ասած, մեր բակում խորհրդի նիստ էր գումարվել. «Գտնե՛նք Մարիամին» խորագրով:
-Մարիամ ջան, դուրս արի, չես քնի,- լսվում էր մայրիկիս լացակումաց ձայնը:
-Հիմա, որ մութը ընկնի, էլ չենք կարա գտնենք,- ասում էր մեկը:
-Վա~խ, Աստված ջան, էս ինչ փորձանք էկավ մեր գլխին,- ենթադրում եմ, որ ասած կլինի պապիկս:
-Ի՞նչ ենք անելու,- ասում էր մեկ ուրիշը:
-Մա~ր, Մարիա~մ, արի դուրս, եկել ենք, որ խաղանք հետդ, համ էլ` Արսենն ու Ջուլիան (մորաքրոջս երեխաներն են) էլ են էստեղ: Բայց իզուր…
Ես խաղում էի «Մեծ գլխանիով», բայց սկսեցի հոգնել, որովհետև երկար ժամանակ է, ինչ նրանով էի խաղում և որոշեցի դուրս գալ և գնալ խաղալիքներիս հետևից: Տարօրինակ էր, բայց ինձ այդ ճանապարհը, որը 10-15 մ-ով էր հեռու ընկած մեր տանից, թվում էր աշխարհի ամենաերկար թունելը, որը չուներ ո՛չ սկիզբ, ո՛չ էլ վերջ: Ես մոլորվեցի…
Սկսեցի լաց լինել, բղավում էի՝ անվերջ գոռում.
-Մա՜մ, պա՜պ, ես ստեղ եմ, արեք` ինձ տարեք, վախենում եմ, մա՜մ, պա՜պ:
Արդեն մութն ընկնում էր, և ես վախենում էի և՛ մթությունից, և՛ այն մտքից, որ ինձ էլ չեն կարող գտնել, և ես կմնամ էդտեղ՝ սոված, ծարավ, առանց մամա-պապայի, տատիկ-պապիկի, քույրիկների: Սկսեցի խոսել, դիմելով ընտանիքիս անդամներին.
-Մա՜մ, բա ես մեղք չե՞մ, էստեղ էնքան մութ է, բա որ կորեմ, ինձ ուտեն, բա որ ես էլ ձեզ չտեսնեմ, բա որ… բա որ… Մերի, Արփինե, մամ, պապ, Ելեն մորքուր, Վրույր քեռի,- այսպես սկսեցի տալ մեր բոլոր բարեկամների անունները, նույնիսկ պապիկիս հայրիկի անունը, թե ինչո՞վ էր օգնելու այն ինձ, մինչև օրս չեմ կարողանում հասկանալ:
Կարծես մի վատ երազի մեջ լինեի, որը չէր ավարտվում: Այնքան էի լաց եղել, որ աչքերս իմ կամքիցս անկախ փակվում էին, և իմ կամքից անկախ էլ քնեցի:
Երբ արթնացա, արդեն տանն էի, չգիտե՛մ ինչպես: Միայն հիշում եմ թե ոնց էր ինձ մոտենում մայրիկս, բերելով՝ տաք թեյ և քաղցրավենիք (ի դեպ, ես քաղցրավենիք շատ-շատ եմ սիրում): Բան չէի կարողանում խոսել: Հավանաբար՝ շատ էի մրսել: Գրկում էի բոլորին, կարծես առաջին անգամ էի տեսնում նրանց: Ընտանիքիս անդամները նստել էին անկողնուս մոտ՝ փորձելով մխիթարել սարսափած սիրտս:
Մի քանի օր հետո իմացա, որ երբ լաց եմ եղել, հարևանիս աղջիկը լսել է ձայնս, բայց չի կարողացել հասկանալ. որտեղի՞ց է գալիս: Տեղեկացրել է ծնողներիս, ովքեր արդեն զանգահարում էին ոստիկանություն: Գալիս են ծնողներս, ինձ գտնում և տանում տուն:
Ահա իմ առաջին փորձը՝ ազատ և ինքնուրույն դառնալու համար կարող էր և այլ ավարտ ունենալ, օրինակ՝ որ ես հիմա տառապեի կլաուստրոֆոբիայով (վախ`փակ տարածությունից) կամ նիկտոֆոբիայով (վախ մթությունից): Սակայն հիմա չեմ տառապում այս հիվանդություններից և ո՛չ մեկով, այլ տառապում եմ ակրոֆոբիայով (վախ բարձրությունից) և արախնաֆոբիայով (վախ սարդերից): Ահա իմ մանկության ամենահիշարժան պատմություններից մեկը, որը իմ ողջ կյանքի ընթացքում չեմ մոռանա:

Աշնանային մեդիա ճամբար

Լուսանկարը՝ Լաուրա Սահակյանի

Լուսանկարը՝ Լաուրա Սահակյանի

Ձեր կարծիքով ինչի՞ համար կարող են 17.am-ի ակտիվ թղթակիցները Հայաստանի տարբեր մարզերից հավաքվել Ծաղկաձորում։ Դե իհարկե, Աշնանայն մեդիա ճամբարին մասնակցելու համար։
Հոկտեմբերի 24-ից 31-ը Մանանա կենտրոնը կազմակերպել է Աշնանային Մեդիա ճամբար, որին մասնակցում են Տավուշի, Շիրակի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Երեւանի եւ Կոտայքի մարզի պատանի թղթակիցները։ Ճամբարի ընթացքում նրանք մասնակցում են ֆոտոյի, կինոյի եւ լրագրության վարպետության դասերի, ինչպես նաեւ պատրաստում են իրենց նյութերը, լուսանկարները եւ ֆիլմերը։ Հետեւեք հաջորդ հրապարակումներին, որ բաց չթողնեք հետաքրքիր պատմությունները, հարցազրույցները, ֆիլմերը, ֆոտոպատմությունները եւ, իհարկե, ճամբարային առօրյան։
Լուսանկարը՝ Լաուրա Սահակյանի

Լուսանկարը՝ Լաուրա Սահակյանի

Մեր փոքրիկ խրամատը

Լարված ժամանակներ էին սահմանում: Բայց դա մեզ չէր խանգարում, որպեսզի ապրենք մեր բնական կյանքով: Ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ ես, գնում էինք դպրոց: Նշեմ նաև, որ մեզ չէին պարտադրում կրակոցից հետո դպրոց գնալ: Գնում էինք, բայց դաս չէինք անում: Խոսում էինք, թե ում տանը ինչքան վնաս է եղել: Կամ ում գլխի վերևով քանի անգամ է անցել փամփուշտը: Այդ բոլորը ճշտելուց և մեր գտած փամփուշտները իրար ցույց տալուց հետո եկա տուն: Տեսա, թե ինչպես է հայրիկս մեր ապաստարանում ինչ-որ փոփոխություններ անում:
Հարցրեցի.
-Պա՜պ, էս ի՞նչ ես անըմ:
Պապաս, թե բա.
-Խրամատ եմ փորըմ: Զարմացա, հարցրեցի` ինչի՞ հըմար:
Պապաս.
-Որովհետև սկսել են մեծ զենքերով կրակել: Էս խրամատն էլ փորըմ եմ, վեր ձայնային ազդանշանները (որը առաջանում է կրակոցի ժամանակ) չվնասեն օրգանիզմնիդ:
-Պապ, մենք չենք վախըմ, մեզ խրամատ պետքը չի,- ասացի:
Պապաս, թե բա.
-Սկսել են մեծ զենքերով տալը՝ բեմպէ, շիլկա, գրանատամյոտ (նռնականետ), տանկ, դրանցից պետք ա պաշտպանվենք: Էլ էն վախտվա դեշեկան, չորնի ստրելան, կալաշնիկովը կամ սնայպերը չի: Հիմիկվանը մեծ ա: Բայց դու վախես վեչ,- ավելացրեց պապան հանգստացնելով ինձ:
Ճիշտն ասած, չէի վախեցել, որովհետև ամեն կրակոցի ժամանակ ականջներս սրած լսում էի, թե որը ինչի կրակոց է և, որ ուղղությամբ գնաց, որպեսզի հաջորդ օրը դպրոցում խոսենք, թե օրինակ, ինչ զենքի շիկացած փամփուշտ էր ընկել Անդրուշ քեռիենց խոտի դեզի վրա և վառել ավելի քան 800 տուկ:
Ապրում ենք` ամեն օր մեր ռազմական բառապաշարն ու փորձը հարստացնելով:

գ. Ներքին Կարմիրաղբյուր

Նույնություն

Արդեն վերջացել են գեղեցիկ բանաստեղծական տողերը, կարուսելը պտտվում է նույն ուղղությամբ ու անհետաքրքիր նմանությամբ: Էլի նույն գնացքը շարժվեց, ու մեջը էլի նույն ուղևորները, որոնք անցնում են նույն ճանապարհը: Ճիշտ է, նստած են տարբեր տեղերում` մեկը` վերև, մեկը` ներքև, բայց էլի նույն տեղն են հասնելու ու իջնելու: Էլի վերադարձ, ու էլի մեկնում: Հավաքած շատ բացականեր, ու ներկա ես գտնվում այն պահին, երբ որ թվարկվում են բացականերդ: Էլի ափսոսանք եղած բացակաների կամ չեղած ներկաների համար: Երբեմն բացակայում ենք ուրախությունից` ուրախ լինելու համար: Նույն ամառը սովորական, բայց ձմռանը կարոտում եմ էլի այդ նույն ու սովորական ամառը: Ամեն ինչ ունի շարունակություն, բայց այդ շարունակությունը նույնն է. ծառի շարունակությունը ծառ է, մարդունը` մարդ: Նույնը, նույնը, նույնը… Տողերը նույնության մասին են, բայց արդյո՞ք այդ տողերը նույնը չեն:

Սկսենք մեզնից

Վանաձորի Թավրիզյանի անվան պետական քոլեջ էր ժամանել ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» հասարակական-քաղաքական նախաձեռնության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Հանդիպմանը ներկա էր ուսուցչական կազմը և ուսանողական խորհուրդը: Քննարկման ընթացքում պարոն Մարուքյանին տրվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվում էին թե մեր երկրում կատարվող իրադարձություններին, թե՛ քոլեջին: Քանի որ ինձ շատ էր հուզում քոլեջի ջեռուցման խնդիրը, ես որոշեցի բարձրաձայնել այն: Պարոն Մարուքյանի պատրաստակամությունը` մեզ ամեն կերպ աջակցել, ոգևորեց թե՛ ուսուցիչներին, թե՛ մեզ՝ ուսանողներիս: Երկար զրուցելու ընթացքում մենք սկսեցին քննարկել մեր երկրի խնդիրները: Օրինակ՝ արտագաղթ, գործազրկություն, երիտասարդների զբաղվածության սահմանափակում: Քննարկումից հետո ես մոտեցա նրան մի քանի հարց տալու նպատակով: Առաջին հարցը, որը ուղղեցի նրան, այն էր, թե ինքը լինելով վանաձորցի, ինչ է կարծում, որ խնդիրն է Վանաձորում շուտափույթ լուծում պահանջում:
Պարոն Մարուքյանը ասաց, որ հիմնական և հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրը գործազրկությունն է, և նշեց, որ այս խնդիրը կա ոչ միայն Վանաձորում, այլ նաև Հայաստանի այլ բնակավայրերում նույնպես: Նա նշեց, որ եթե լիներ աշխատանք, կնկատվեր ակտիվ շարժ հասարակության մեջ, կբարձրանար կյանքի որակը:
Հաջորդ հարցին, որը վերաբերվում էր երիտասարդների խնդիրներին, նա պատասխանեց, որ երիտասարդները չունեն իրենք իրենց իրացնելու հնարավորություն:
Ըստ նրա, երիտասարդներին պետք է տրվի այդ հնարավորությունը, որպեսզի նրանք կարողանան որոշակի փորձ ձեռք բերել և կյանքի հետ համընթաց շարժվել:
Զրույցի ընթացքում նա շատ կարևորեց հասարակական կազմակերպությունների դերը:
-Ես շատ եմ կարևորում հասարակական կազմակերպությունների դերը, քանզի ես ինքս հասարակական կազմակերպություններից եմ եկել քաղաքականություն:

Հարցազրույցի ժամանակ նա նշեց, որ Վանաձորյան հասարակական կազմակերպությունները միշտ ակտիվություն են ցուցաբերում և, որ հենց նման կառույցներն են, որ երիտասարդներին որոշ չափով հնարավորություն են տալիս աշխատանքային փորձ ձեռք բերել կամավորության միջոցով:
Զրույցի ընթացքում բազում նոր հետաքրքիր գաղափարներ առաջացան կապված քոլեջի ուսանողների կյանքը ավելի հետաքրքիր դարձնելու վերաբերյալ:
Պարոն Մարուքյանի հանդիպումից հետո մենք` քոլեջի երիտասարդներս, մտածում էինք, որ մենք էլ կարող ենք ակտիվ դարձնել քոլեջի երիտասարդների կյանքը, սկսել մեզնից: Շուտով մեր քննարկումների արդյունքում կկազմենք մեր հետագա գործողությունների ծրագիրը: Ես կարծում եմ, որ նման հանդիպումները շատ օգտակար են երիտասարդների համար, քանի որ հաճախ մեզ խորհուրդն էլ բավական է, որ սկսենք փոխել մեր կյանքը:

«Նավսագիտություն»

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

-Հարսնի’ք, ջանս վրիս չի:
-Հեսա ճնշումդ կչափեմ,- ասում է Սաթիկ մաման, ով բուժքույր է:
-Չէ’, ի՞նչ ճնշում-մնշում: Հաստատ նիաթի ես եկել, ամա’յ,- վրա է հասնում Անո մաման ու անցնում իր գործին. վերցնում է ասեղ, ասեղով ծակծկում ամայի մեջքը ու քթի տակ ինչ-որ աղոթք մռթմռթում: Հենց սկսում է այս «ծեսը», ամբողջ ընտանիքը սկսում է հորանջել, և իչքան շատ ենք հորանջում, այնքան մեծ է «նավսը»:
Իսկ երբ ընտանիքիս բոլոր անդամներն են վատ, այս անգամ մեր ընտանիքի «նավսագետը» ասում է.
-Սպասեք, հըմի թշշան կանեմ:
«Թշշանը» «նավսաբուժության» մեկ այլ տեսակ է: Սրա ժամանակ Անո մաման մեկական լուցկի է վառում և, հնարավոր նավսողների անունները տալով, ջրով լի անոթի մեջ գցում: Եվ սա նա կրկնում է յոթ անգամ: Ջրի մեջ ընկնելով` լուցկին, բնականաբար, թշշոց է արձակում (այստեղից էլ առաջացել է անվանումը), իսկ նավսի մեծությունը թշշոցի ուժգնությունից է կախված: Հետո Անո մաման այդ անոթը յոթ անգամ պտտում է տնով մեկ, իսկ վերջում յուրաքանչյուրիս վրա այդ ջրից ցանում: Արդյունքում`ընտանիքս «բուժվում է»:
Չնայած սնահավատ չեմ, բայց այս արարողություններն ինձ մի տեսակ հաճույք են պատճառում:

Մեկ աղջիկ և հինգ տղա

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի


Ողջույն: Ես Սոսեն եմ: Սովորում եմ Սյունիքի մարզի Դարբասի միջնակարգ դպրոցում: 12-րդ դասարանում: Սա այն դեպքը չէ, որ ես շարունակեմ խոսքս` ասելով, թե ունեմ շատ ընկերներ, ընկերուհիներ, որովհետև ես մեր դասարանի միակ աղջիկն եմ. մեր դասարանում սովորում է մեկ աղջիկ և հինգ տղա:
Զարմացա՞ք, դե ոչինչ, կյանքում ամեն ինչ էլ պատահում է:
Չնայած դրան` իմ օրերը անցնում են ուրախ ու զվարթ, որովհետև ես ուշադրության կենտրոնում եմ: Եվ գյուղում, և դպրոցում ոչ ոք չի կարող ինձ խեթ նայել. հինգ կտրիճները մեջքիս կանգնած են:
Օրերս որոշել էինք «Ոսկե աշուն» միջոցառմանը բեմադրենք Հ. Թումանյանի «Կիկոսի մահը»: Ինչպես ասում են, սա արդեն տասներկուսների «վերջն» էր: Ես հայրն էի, իսկ տղաները` իմ ընտանիքի անդամները: Հագել էի հին խորհրդային ոստիկանության մի բաճկոն, դրել ականջավոր գլխարկ, իսկ տղաները` իրենց տատիկների խորհրդային խալաթները, գլխներին կապել էին շալեր: Բոլորը հենց մեր տեսքից ծիծաղից ուշաթափվել էին:
Իսկ ամենահետաքրքիրը տղաների  օրն է: Արդեն սեպտեմբերից գումար եմ հավաքում, որ նվեր գնեմ իմ դասընկերներին, իսկ նրանք այստեղ-այնտեղ պարծենում են, թե իրենք ազատվել են մարտի 8-ի տանջանքից, իրենց Սոսեն է, էլի, մի տուփ կոնֆետ կգնեն, ու վերջ:
Բա~, ես էլ այսպես եմ ապրում իմ դասընկերների հետ: Ֆուտբոլ խաղալիս դարպասապահը ես եմ, հերթապահություն անելիս ամեն օր պետք է ես մնամ, ու էլի շատ էլիներ, որոնք թույլ են տալիս ինձ որպես  հարգված ու սիրված դասընկերուհի կայանալու:
Շնորհակալ եմ մեր դասարանի տղաներից, որոնք երբեք թույլ չեն տալիս ինձ մենակ զգալ:

Անցյա՞լը, թե՞ ապագան

Մենք, դեռ դպրոց չգնացած, դաստիարակվում ենք հայրենասեր լինելու ու մեր արմատները ճանաչելու հորդորներով, հետո նույնը շարունակվում է դպրոցում, և առհասարակ ամեն տեղ, որտեղ մեզ սովորեցնում են։ Բայց արդյո՞ք մենք չենք հատում հայրենասիրության ու ազգայնամոլության, ոչ այնքան հստակ գծված, ճանապարհը։ Ու արդյո՞ք շատ չէ պարտադիր համարվող գիտելիքների քանակը, ասենք հայոց պատմություն առարկայից։ Մի՞թե մենք կկորցնենք մեր ազգային ինքնությունը, եթե չիմանանք՝ որ թվականի որ օրը կնքվեց հայ-պոնտական պայմանագիրը և անգիր իմանանք դրա կետերը, կամ չիմանանք, թե «Գևորգ Մարզպետունի» վեպում որ հերոսն է երևում մեկ տեսարանում։ Արդյո՞ք հարկավոր է այս տեղեկատվությունը։ Վիճելի է։
Իսկ ինչ կլիներ, եթե անցյալի ոչ այնքան ուրախ էջերն ուսումնասիրելու փոխարեն ուսումնասիրեինք ապագայի պատմություն՝ մեր հայրենիքի ապագան… Գուցե մեզ սպասվող փառահեղ ապագան դառնա գաղափարախոսությո՞ւն։ Ի՜նչ հաճելի կլինի անգիր իմանալ մեր պետության ապագա շահերն ու հզորացումը։ Միգուցե սա էլ այնքան հաջող տեսակետ չէ։ Բայց լինելով մի աշակերտության մասնիկ, որտեղ ոչ ոք գոհ չի կրթության բովանդակությունից՝ կարող եմ ասել. «Ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ այնպես չէ»… Հարկավո՞ր է սուր կտրիճի ձեռքին (Մ. Նալբանդյան), թե՞ պետք է ուղղակի հնարավորություն տալ խաղաղությանը (Ջ. Լեննոն)…

Իսկ մեր բուֆետը…

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Մեր դպրոցում կա 2 բուֆետ: Երկուսն ել շատ հեռու են: Մեկը` փոքրերի բաժնում, իսկ մյուսը` նկուղում: Փոքրերի բաժնի բուֆետում ամեն ինչն ավելի էժան է, բուֆետն ավելի մեծ է, բայց մինչև այնտեղ անհնար է հասնել դասամիջոցին: Մեր բուֆետը ավելի փոքր է, և այնտեղ ամեն ինչ ավելի թանկ է, բայց շատ ավելի մոտ է: Երկու բուֆետներում ամեն ինչը հին է և ավելի թանկ, քան խանութներում, բայց չնայած դրան երեխաների մեծ մասը բուֆետից են ուտելիք գնում: Մեր դասամիջոցները կարճ են, և բուֆետ կարող ենք գնալ առաջին, երկրորդ կամ վերջին դասամիջոցներին: Ճիշտ է, բուֆետում կան սեղաններ, բայց այնտեղ կարելի է նստել միայն դասերից հետո, որովհետև մինչև ուտելիքը գնում ես, դասամիջոցը վերջանում է: Ես գնում եմ բուֆետ միայն դասընկերներիս հետ, բայց սովորաբար ուտելիքը իմ հետ տանից եմ բերում: Ես կուզեի, որ դասամիջոցները լինեին ավելի երկար, և բուֆետում ավելի թարմ ու էժան ուտելիք լիներ: Իսկ թե ինչքան հեռու կլինի, կապ չունի: Ի վերջո, մենք միշտ արագ ենք գնում բուֆետ և ուրիշ տեղեր:

Խորեն պապիկը դարձավ 102 տարեկան

Խորեն Սարգսի Կիրակոսյանը ծնվել է 1913 թվականի հոկտեմբերի 18-ին Լոռու մարզի Քարաբերդ գյուղում: Այո, այո, ճիշտ եմ գրել, վրիպակ չկա` 1913-ին: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Հիմա շատ քչերին է հաջողվում ապրել մեկ դար: Այդ մարդկանցից մեկը Խորեն պապիկն է:
Չկարողացա անձամբ տեսնել Խորեն պապիկին, այդ իսկ պատճառով զրույցս վարեցի Խորեն պապիկի փոքր դստեր` Գայանե Սարոյանի հետ: Ի դեպ նշեմ, որ Գայանե Սարոյանը իմ տատիկն է (մայրիկիս մայրը): Խնդրեցի տատիկիս մի փոքր պատմել իր հայրիկի մասին դեպքեր: Տատիկս պատմեց, որ իր հայրը ունեցել է մի սովորություն. ամեն անգամ ինչ-որ տեղ գնալիս միշտ հաց է վերցրել իր հետ:
Եվ մի անգամ Վանաձորից տուն վերադառնալիս ավտոբուսի մեջ մի երեխա սկսել է լաց լինել: Ոչ ոք չի հասկացել երեխայի լաց լինելու պատճառը, և չեն կարողացել հանգստացնել երեխային: Այդ ժամանակ Խորեն պապիկը իր մոտից հանել է հացը և տվել երեխային, որից հետո երեխան այլևս չի լացել:

Խորեն պապիկը մի սովորություն էլ է ունեցել. ամեն գիշեր արթնացրել է տատիկիս, որպեսզի իրան մածուն տա: Տատիկս ասաց, որ այդ ժամանակ երեխա է եղել: Խոստովանենք, որ շատ տարօրինակ և հետաքրքիր սովորություն է` արթնացնել երեխային քնից մածուն ուտելու համար:
Շատ է սիրել երգել, աշխատասեր և հարգանքով մարդ է: Խորեն պապիկը նախկինում եղել է հովիվ: Ամեն անգամ սարից վերադառնալիս նոր ծնված գառնուկներին տատիկս տվել է հարևաններին, և դրա փոխարեն նրանք ձու են տվել:
Խորեն պապիկը հիմա ապրում է Լոռու մարզի Փամբակ գյուղում, և Փամբակ գյուղի ամենատարեց  բնակիչն է: Խորեն պապիկն ունի 8 զավակ (6 տղա, 2 աղջիկ: 3 տղաները արդեն մահացել են), 26 թոռ, 62 ծոռ և 12 կոռ: Բոլորը միասին 108 հոգի են:

Հոկտեմբերի 18-ին լրացավ պապիկի 102-ամյակը: Բայց ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի պապիկը տխուր էր, որովհետև բոլորովին վերջերս մահացել է Խորեն պապիկի կինը` Բավական տատիկը (97 տարեկան հասակում): Տատիկին գյուղում բոլորը ասել են Իգիթ Բավական:
Մայրիկս պատմում է, որ ամեն անգամ գյուղ այցելելիս Բավական տատիկը տաք-տաք խավիծ և պանիր է պատրաստել և հյուրասիրել թոռներին:
Իսկ ես հիշում եմ, որ մի անգամ մայրիկիս, տատիկիս և քրոջս հետ գնացել էինք Փամբակ գյուղ` Խորեն պապիկին և Բավական տատիկին տեսակցության: Գնացինք այգի, որը ի դեպ շատ լավ մշակված էր, համտեսեցինք խնձոր, տանձ: Այգում կար տաղավարի նման ինչ-որ բան (կոնկրետ չեմ հիշում): Տատիկն ասում էր, որ շատ գործ անելուց հետո նստում է այդտեղ, որպեսզի հանգստանա: Այդ օրը մնացինք գյուղում և պառկեցինք քնելու բավականին ուշ: Զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, հետաքրքիր պատմություններ էին պատմում, իսկ Խորեն պապիկը երգում էր: Հաջորդ օրը տուն վերադառնալիս Բավական տատիկը իր այգու բարիքներից ուղարկեց նաև մորաքրոջս համար:
Խորեն պապիկն ու Բավական տատիկը եղել են 85 տարվա ամուսիններ: Շատ հյուրասեր ամուսիններ են եղել և ամեն անցնողի առանց հյուրասիրելու չեն թողել ճանապարհը շարունակել: Խորեն պապիկը շատ է սիրում իր թոռնիկներին, ծոռներին և այդ տարիքում հիշում է բոլորիս և միշտ հարցնում մեր որպիսությունը:
Խորեն պապիկը նաև գերի է ընկել, և մի կերպ է ազատվել հակառակորդի ձեռքից: Ինչքան գիտեմ, նրան օգնել է փախչել ճաշարանի աշխատողներից մեկը:
Մաղթում եմ Խորեն պապիկին առողջություն, և որ կյանքի մնացած մասն ապրի անհոգ և երջանիկ: