Դառնալ լրագրո՞ղ, թե` ոչ


Անընդհատ մտածում էի մի կարևոր հարցի շուրջ. ինչ մասնագիտություն ընտրել: Երկու տարի էր, չէի կողմնորոշվում, բայց երկար մտածելուց հետո որոշեցի լրագրող դառնալ: Այդ երկու տարվա ընթացքում ծնողներս ինձ միշտ ասում էին, որ ես արդեն մեծ եմ, պետք է կողմնորոշվեմ և ճիշտ մասնագիտություն ընտրեմ: Ես արդեն որոշել էի և հայտնեցի այդ մասին ծնողներիս: Հայրիկս ինձ միշտ ասում էր, որ ես պետք է կամ բժիշկ դառնամ կամ` ուսուցչուհի, մինչդեռ այդ մասնագիտություններից ոչ մեկը ես չեմ սիրում: Իսկ երբ մայրիկս իմացավ, որ լրագրող եմ ուզում դառնալ, ասաց.

-Աղջիկս, լրագրող դառնալը այդքան էլ հեշտ չէ:

Ես գիտեմ, որ ծնողները երեխայի լավն են ուզում և երբեք նրան վատ խորհուրդ չեն տա, բայց չէ՞ որ ինձ այդ մասնագիտությունն է դուր գալիս: Եվ ես կարծում եմ, որ մարդը հաճույքով է աշխատում, երբ իր սիրած գործն է անում: Մի պահ մտածում էի, որ գուցե այդ մասնագիտությունը ինձ համար չէ, և մի օր հարցրեցի տատիկիս.

-Տատ, քո կարծիքով ինձ համապատասխանո՞ւմ է լրագրողի աշխատանքը:

-Ես կարծում եմ, որ դու ծնվել ես լրագրող դառնալու համար:

Ես ուզում եմ լրագրող դառնալ, որովհետև իմ կարծիքով, այդ մասնագիտությունը ինձ համապատասխանում է, և այդ ոլորտում աշխատելով ես մեծ հաջողություններ կունենամ: Կարծում եմ, որ լրագրողը պետք է ինքնավստահ, անվախ, խելացի, համբերատար լինի և պրպտուն միտք ունենա: Այս հատկանիշներից որոշները ես ունեմ, մի մասն էլ դեռ պետք է ձեռք բերեմ: Ես համոզված եմ, որ դրանք կարող եմ ձեռք բերել աշխատասիրության և համառության շնորհիվ: Եթե լրագրող դառնամ, իմ շրջապատի համար էլ դա օգտակար կլինի: Կաշխատեմ միշտ լուսաբանել այն խնդիրները, որոնք հիմա տեսնում եմ իմ շրջապատում, սակայն այդ մասին ահազանգող չկա: Կգրեմ նաև այն ամեն լավի մասին, որոնց մասին հիմա չգիտես ինչու չեն գրում: Գուցե լավ լուրը չե՞ն համարում կարևոր: Իսկ դրա մարդիկ կյանքին կնայեն ավելի վառ գույներով,և կփոխեմ նրանց վերաբերմունքը կյանքի և միմյանց հանդեպ, կոգեշնչեմ` լավ մարդկանց ու լավ արարքների մասին պատմելով:

Հիշում եմ, երբ փոքր էի մեր հարևան Աղավնի տատիկը միշտ ասում էր.

-Դու որ մեծանաս` լրագրող ես դառնալու, մենք էլ հեռուստացույցով քեզ տեսնելու ենք:


Անկախ բոլոր դժվարություններից մարդ պետք է ամեն ինչ անի իր նպատակին հասնելու համար: Ես հաղթահարելու եմ բոլոր դժվարությունները, կոտրելու եմ բոլոր կարծրատիպերը և լրագրող եմ դառնալու:

Մեր պապերի ժառանգությունը

Սովորական առավոտ էր, որը չէր տարբերվում մյուս առավոտներից: Ինչպես միշտ ես արթնացա, և ինչպես հայրս է սիրում ասել` «ունքերս խառնած», լվացվեցի և սկսեցի պարապել: Ոչ մի ծրագիր չունեի օրվա համար, սակայն լսվեց մայրիկի ձայնը.

-Հագնվե՛ք, տեղ ենք գնում:

Անակնկալի գալով ես ու քույրս արագ հագնվեցինք և նստեցինք ավտոմեքենան:

Ճանապարհից հասկացա, որ Դիլիջանի ուղղությամբ ենք գնում, շատ եմ սիրում այդ ճանապարհը: Մեքենան արգելակեց, և մեզ ասացին, որ մնացած ճանապարհը ոտքով ենք բարձրանալու:

Ես ուրախացա, քանի որ շատ եմ սիրում ընտանիքիս հետ արշավների գնալ: Բարձրանում էինք կածաններով, ծառերին ուշադիր նայելով, ընտանիքով լուսանկարվելով, բայց դեռ չգիտեի, թե սարի գլխին ինչ կար:

Ճանապարհը երկար էր, բայց հոգնածություն չէի զգում: Հանկարծ կանգ առանք, և մայրիկը ասաց.

-Ահա՛, վերջապես տեղ հասանք:

Եկեղեցի էր, խոնարհված, սակայն նախշաքանդակներով պատված սյուները, կլոր կամարները, վեհ գավիթը հպարտ պատմում էին, թե որքան գեղեցիկ է եղել Կարմիր եղցի եկեղեցին:

Մայրիկը պատմեց, որ մեր առջև Կարմիր եղցի կամ Գետկավանք վանական համալիրն է: Կառուցել է Մխիթար Գոշը` 9-12-րդ դարերում: Ըստ պատմական վկայությունների, շրջակայքում գյուղեր են եղել: Եկեղեցին ավերվել է երկրաշարժից, այնուհետև թալանել և քանդել են մոտակայքում ապրող ազերիները: Այն գետնախորշով կապ է ունեցել դիմացի լեռան վրա կանգնած բերդի հետ, հիմա միայն բերդի ավերակներն են երևում: Սիրտս լցվեց տեսնելով այդ հրաշքը ամայի. լքված, պատված տատասկներով և փշերով: Ներս մտնելով ես կարծես լսեցի զանգերի ղողանջը, վանահոր աղոթքը իր փոքրիկ խցում, սակայն սարսռացի, տեսնելով, թե ոսկի որոնողները ինչպես էին քանդել խցի հատակը, քարերը ջարդել: Մայրս նկատեց,որ մի երկու ասեղնագործ խաչքարեր էլ չկան: Չնայած դրան քարերը լուռ խոսում էին, թե որքան գեղեցիկ են եղել իրենք, որքան մարդկանց աղոթք են լսել, որքան հայի շուրթեր են համբուրել իրենց: Դարերից եկած ամուր պատերը մեր պատմության խոսուն վկաներն էին, որքան ամուր են նրանք, որ դիմացել են այդքան արհավիրքներին:

Քիչ հետո ողջ ընտանիքով մաքրում էինք համալիրի շուրջ կուտակված աղբը: Այդքանը կարող էինք անել Աստծո տան համար: Շատ եմ ցավում, որ զբոսաշրջիկները փոխանակ խնամքով վերաբերվեն, աղտոտում են շրջակայքը, տեղահան անում քարերը: Քույրս հիշեց, որ այստեղ պահած իր երազանքը կատարվել է, իրոք հրաշք: Վերադառնում էինք լուռ ու տխուր, բայց և հպարտ մեր նախնիների թողած ժառանգությամբ: Հուսամ գոնե մեր սերունդը մի օր ամեն ինչ կանի, որպեսզի վերականգնի Գետկավանքը, և գուցե մի օր նրա զանգերը կրկին ղողանջեն:

 

Կյանքը սկսել նորից

1988-ին, երբ սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը, Ադրբեջանում ապրող բազմաթիվ հայեր տեղահան եղան ու դարձան փախստական: Առաջին ջարդերը արդեն բոլորին հայտնի Սումգայիթ քաղաքում էին: Ադրբեջանից բազմաթիվ արտագաղթած ընտանիքներ վերաբնակվել են նաև մեր քաղաքում` Ամասիայում: Ուզում եմ ձեզ ներկայացնել նրանցից մեկի` Էլիզա Բարսեղյանի հետ իմ զրույցը:

-Որտե՞ղ էիք ապրում նախքան Հայաստան գաղթելը:

-Նախքան Հայաստան գաղթելը  40 տարի ապրել եմ Սումգայիթ քաղաքում:

-Ինչո՞վ էիք զբաղվում Ադրբեջանում:

-Աշխատել եմ շինարարական կազմակերպությունում, ֆինանսական բաժնի պետն էի:

- Ո՞ր թվականին եք գաղթել:

-1988 թվականի նոյեմբեր ամսին:

-Կպատմե՞ք մի քանի դրվագ, թե ինչպես եկաք:

-Դժվար էր, այնքան դժվար, որ հույս չկար, թե կարող ենք տեղ հասնել: Սումգայիթից եկանք Բաքու, որպեսզի այնտեղից գանք Հայաստան: Մենք 17 հոգի էինք մեր ազգով:

Մետրոն շրջապատված էր, տաքսիները վտանգավոր էին: Հայերին հանում էին ու սպանում: Ավտոբուսով եկանք երկաթգծի կայարան, այնտեղ տոմս գնեցինք, բաժանեցինք երեխաներին: Մի անկյունում կանգնեցինք, որ հանկարծ այդ զինված ամբոխը չհասնի մեզ, և այդպես մի քանի ժամ սպասեցինք գնացքին: Հայերեն խոսել չէր թույլատրվում, և այդպես լուռ սպասեցինք մեր գնացքին: Շարունակելով ճանապարհը, եկանք հասանք Ղազախ, և գնացքը կանգնեց կայարանում: Ղազախի կայարանում հավաքված մարդիկ  սկսեցին քարերով գնացքի ապակիները կոտրել: Թե ինչքան մարդ կար այդտեղ, չեմ կարող ասել, բայց նրանք շատ էին: Ուղեկցորդին ասացի, ինչքան մարդ որ պիտի նստի այս կանգառում, ես նրանց տոմսի փողը կտամ, միայն թե դուռը չբացեք: Ուղեկցորդը դուռը չբացեց: Ղազախում 1 կամ 1.5 ժամ կանգնելուց հետո գնացքը շարժվեց, եկանք հասանք Թբիլիսի: Թբիլիսիում նույնպես խնդիրներ եղան: Այնտեղ էլ էին ադրբեջանցիները շատ: Մի կերպ ազատվելով նրանցից, եկանք Գյումրի, իսկ այնտեղից եկանք Ամասիա:

-Իսկ ձեր երեխաները քանի՞ տարեկան էին:

-Մեծ որդիս 17 տարեկան էր, իսկ փոքրը`11 տարեկան: Ցավոք, հիմա ոչ մեկը Հայաստանում չէ: Աշխատանք չկար, մեկնեցին Ռուսաստան:

- Իսկ ինչո՞ւ հենց Ամասիայում որոշեցիք բնակություն հաստատել: Սումգայիթի համեմատ այստեղ շատ ցուրտ է:

-Ճիշտն ասած, մենք մեր տունը փոխանակեցինք ադրբեջանցիների հետ, որոնք Ամասիայում էին ապրում: Ադրբեջանցիները Ամասիայի տարածաշրջանում շատ էին, և միայն այստեղի հետ կարող էինք տունը փոխանակել:

-Բարեկամներ, ծանոթներ ունե՞ք, որոնք այնտեղ մնացին:

-Ոչ, ջարդերը տեսնելուց հետո ոչ մի հայ չմնաց, չնայած շատ հայեր էին այնտեղ ապրում:

-Իսկ ձեր մյուս բարեկամները ո՞ւր գնացին:

-Մեր բարեկամների մասը Արցախ տեղափոխվեց, մի մասը` Եղվարդ:

-Ինչպե՞ս ձեզ ընդունեցին Հայաստանում:

-Լավ ընդունեցին: Սակայն մի քանի օր էր, ինչ եկել էինք, դեռ սարսափներից ուշքի չեկած, երկրաշարժը եղավ: Էհ, արդեն ողջ ազգը դարձավ անտուն, սգավոր:

- Դժվա՞ր էր ամեն ինչ նորից սկսել:

-Այո, շատ դժվար էր, բայց ամեն դժվարություն փորձում էինք հաղթահարել:

-Ինչո՞վ եք զբաղվում հիմա:

-Հայաստան տեղափոխվելուց հետո աշխատել եմ բանկում, իսկ դրանից հետո 18 տարի էլցանցում էի աշխատում: Հիմա արդեն թոշակառու եմ:

-Տարբերվո՞ւմ էր այնտեղի կյանքը այստեղի կյանքից:

-Որ ճիշտն ասեմ, այնտեղ շատ լավ էինք ապրում, մեր բոլոր ազգականները մի քաղաքում էին ապրում, իրար միշտ տեսնում էինք: Աշխատանք ունեինք, ապահովված էինք ամեն ինչով:

-Իսկ մյուս ընտանիքները կարողացա՞ն ձեզ հետ եկածները հարմարվել:

-Մեծամասնությունը հարմարվեց և Հայաստանում մնաց, բայց մի մասը գնաց Ռուսաստան:

-Ձեր կարծիքով, կարո՞ղ են մի օր երկու երկրների ժողովուրդները հաշտվել:

-Չգիտեմ, երևի մի օր գա, որ հարթվեն այդ տարաձայնությունները: Հաշտվեն: Բայց երևի դրա համար էլ ժամանակ է պետք:

Զրույցը վարեց` Հարություն Հայրապետյանը

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Անպետք մտքեր

Ես շատ եմ սիրում մտածել, հատկապես քնելուց առաջ: Այդ ժամանակ գլուխս կյանքի համար կարևոր ոչ մի բանով չի զբաղվում, և այն դատարկ է: Այս դատարկությունը սիրում եմ լցնել տարբեր մտքերով, որոնք կյանքում պետք չեն: Եվ ամեն անգամ, երբ հերթական «փայլուն» գաղափարն է ծնվում, ասում եմ. «Երանի հարցնեին ինձ այս մասին»: Բայց ոչ ոք ինձ չի հարցնում: Կամ էլ հարցնում են, բայց չեն թողնում երկար խոսել, կարծես պատասխանը նրանց չի հետաքրքրում:

Ես մտածում եմ, որ այն մարդիկ, ովքեր երկար ու զարմանալի բաներ են մտածում, բայց չեն կարողանում այդ մասին ուրիշներին պատմել, գրող են դառնում: Նրանք անպետք, բայց հետաքրքիր մտքերը դնում են իր գրածների մեջ: Ես էլ հիմա կգրեմ մի բան, որտեղ կան բաներ, որոնց մասին կուզենայի, որ ինձ հարցնեն կամ իմ մասին հարցեր տան:

Եվ այսպես, իմ պատմվածքի գլխավոր հերոսները՝ Ես-1 և Ես-2:

Սկիզբ չունի:

Միջին մաս՝ երկխոսություն Իմ-1 և Իմ-2-ի միջև:

Երկխոսություն՝

Ես 1-Այսօր շատ լավ օր է խոսելու համար, չե՞ս նկատել:

Ես 2- Ես էլ եմ ուզում խոսել տարբեր բաների մասին:

Ես 1-Իսկ ինչի՞ մասին:

Ես 2- Ուզում եմ խոսել այն բանի մասին, որի մասին կուզենայի, որ ինձ հարցնեն:

Ես 1- Լավ, հիմա կհարցնեմ… Ի՞նչ ես մտածում ամեն ինչ իմանալու մասին:

Ես 2-Բոլորը ամեն ինչ գիտեն, նաև, երբ ոչինչ չգիտեն: Ոչինչ բառը շատ հետաքրքիր իմաստ է արտահայտում: Մի կողմից, այն ոչինչ է, մյուս կողմից՝ բան է, բայց ոչ այն ամենը, որին կարող ենք ասել «ինչ-որ»:

Ես 1-Իսկ քո ասածը վերաբերվում է բոլո՞ր ժխտական բառերին:

Ես 2 -Այո՛: Իսկ հիմա ես քեզ մի բան կհարցնեմ: Իսկ Տաթևիկը, որը մեր մասին գրում է, ի՞նչ է սիրում անել:

Ես 1- Մտածել: Օրինակ՝ հիմա նա մտածում է, որ յուրաքանչյուր մարդ կազմված է երկու եսից՝ երկու փոքր եսից, որոնք իրար հետ խոսում են, օգնում են մարդուն մտածել…

Ես 2 – Իսկ ովքե՞ր են նրանք:

Ես 1-Չհասկացա՞ր, Տաթևիկի երկու փոքր եսերը մե՛նք ենք:

Ես 2- Ես-1-ը և Ես-2-ը նկատի ունե՞ս:

Ես 1- Այո՛:

Ես 2- Իսկ ի՞նչ ես կարծում, Տաթևիկը խոսեցրեց մեզ, որ մենք ասենք իր մտածածնե՞րը:

Ես 1- Այո, իսկ գիտե՞ս, Տաթևիկը ուզում է, որ մենք բոլորին ասենք…

Ես 2- Ես գիտեմ, ինքը արդեն ինձ էլ ասաց, որ ոչ ոք էլ իրեն չհարցրի այս բոլոր բաների մասին:

-Շնորհակալությո՜ւն,- ասացի ես իմ Ես 1-ին և Ես 2-ին, և այս երկխոսությունը վերջացավ:

Բան հասկացա՞ք: Բայց ես ասում էի, չէ՞, որ գիշերային մտքերը ոչ մի բանի պետք չեն:

Ընդամենը 400 մետր

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ինձ մտահոգում, հետաքրքրում է ամեն ինչ, ինչը կատարվում է իմ շրջապատում` թե լավը, և թե նույնիսկ վատը: Բայց հիմնականում ինձ մտահոգում է վատը, որովհետև ամեն օր հակառակորդի կրակոցների ձայնից ականջներս ցավում են: Երևի արդեն պարզ է. ես սահմանամերձ գոտուց եմ` Ներքին Կարմիրաղբյուրից: Մեր գյուղը գտնվում է հակառակորդի դիրքերից 400 մետր հեռավորության վրա: Քաղաքում ապրող մարդկանց համար այդ 400 մետրը բավական մեծ հեռավորություն է, բայց ավելի պարզ դարձնելու համար ասեմ, որ մեր տունը դպրոցից գտնվում է նույնպես 400 մետր հեռավորության վրա: Ինձ համար արդեն սովորական է, որ թշնամին այդքան մոտ է, բայց վախը միշտ իրեն զգացնել է տալիս:

Հիշում եմ, մի անգամ դասի ժամանակ սկսեցին կրակել դասասենյակի ուղղությամբ: Մենք դասարանից դուրս փախանք: Ու դրանից հետո ես ամեն անգամ նստելով այդ նույն դասասենյակում, չեմ կարողանում կենտրոնանալ դասերի վրա, որովհետև գրատախտակի փոխարեն նայում եմ դիրքերին:

Ամեն անգամ քնելուց առաջ աղոթում եմ ազգիս պաշտպանների համար: Ամեն առավոտ արթնանում եմ էլի աղոթքով, որ վատ լուր չստանամ: Ուզում եմ, որ բոլորը իմանան և գիտակցեն, որ հայրենիքն սկսում է սահմանից, և մենք ոչ թե սահմանում ապրող մարդիկ ենք, այլ սահմանապահներ:

Ընդամենը 400 մետր…

 

Տավուշի մարզ, Ներքին Կարմիրաղբյուր

Մեր գյուղը` Ազատան

Լուսանկարը՝ Մարիամ Վարժապետյանի

Լուսանկարը՝ Մարիամ Վարժապետյանի

Ազատան գյուղը մի ժամանակ կոչվել է Գդմա, որ բառացի նշանակում է դեմ գալ: 11-րդ դարի առաջին տասնամյակից գյուղը կոչվել է նաև Խլի Ղարաքիլիսա, Փոքր Ղարաքիլիսա:

Խլի Ղարաքիլիսա անունը ժողովուրդը բացատրում է այսպես: 5-6-րդ դարերում կառուցված եկեղեցու զանգը այնքան մեծ է լինում, որ, տագնապի ժամին հնչեցնելիս, ղողանջները տարածվում են Շիրակով մեկ, հասնում Ղարս ու Անի: Երբ Նադիր շահը հայտնվում է Շիրակի կողմերում, հրամայում է զանգն իջեցնել և տեղափոխել Իրան: Ճանապարհին զանգը սայլի վրայից շուռ է գալիս և գլորվում բլուրն ի վար, խրվում Կարկաչան գետի ճահիճների մեջ ու հավիտյան լռում՝ հսկա երախը պարզած դեպի երկինք: Մի գիշեր գյուղի բնակիչները քահանայի խորհրդով պոկում են զանգի լեզվակը և թաքցնում: Այս դեպքից հետո Ղարաքիլիսա գյուղի անվան վրա ավելանում է խլի՝ խուլ, մասնիկը, դառնալով՝ Խլի Ղարաքիլիսա, այսինքն՝ խուլ կամ խլացած Ղարաքիլիսա: Ղարաքիլիսան թուրքերեն բառ է և նշանակում է սև եկեղեցի: Այդպես են կոչել գյուղը հավանաբար այն պատճառով, որ նրա կարմիր քարով կառուցված եզրաքարերը եղել են սև:

Լուսանկարը՝ Մարիամ Վարժապետյանի

Լուսանկարը՝ Մարիամ Վարժապետյանի

1946թ.-ին գյուղը վերանվանվեց Ազատան: Նրա մոտով է անցնում Գյումրիից Երևան գնացող ասֆալտապատ մայրուղին: Գեղեցիկ դիրք ունի գյուղը:

Լուսանկարը՝ Մարիամ Վարժապետյանի

Լուսանկարը՝ Մարիամ Վարժապետյանի

Իմ առաջին ծանր բաժանումը

Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը…
Վարդգես Պետրոսյան

 

Անցյալ ամառն իմ կյանքի թերևս ամենածանր շրջանն էր, որովհետև մի շաբաթվա ընթացքում ես կորցրեցի միանգամից երկու ինձ շատ հարազատ մարդկանց:

Պապիկիս անունը Գառնիկ էր: Իմ մանկության ամենալավ հիշողությունները կապված են նրա հետ: Նա ինձ հաճախ էր դպրոց տանում, միասին գնում էինք անտառ՝ մոշ կամ մասուր հավաքելու: Մոտ յոթ տարի առաջ պապիկս հիվանդացավ և ընկավ անկողին: Այլևս չէր աշխատում, հազվադեպ էր տանից դուրս գալիս: Տատիկս խնամում էր նրան, խմեցնում անհրաժեշտ դեղերը, և պապիկս քիչ թե շատ ապրում էր, թեև շատ բան չէր հիշում և մեզ էլ դժվարությամբ էր ճանաչում: Ամռանը պապիկիս վիճակը ծանրացավ, և նրան տեղափոխեցին հիվանդանոց: Հիշում եմ նրա վերջին հայացքը, վերջին անգամը, երբ տեսա նրան: Հիշում եմ՝ միանգամից հասկացա, որ մոտ էր այն, ինչից ամենաշատն էի վախենում…Մի քանի օր հետո պապիկս մահացավ, և հօդս ցնդեցին բոլոր այն հույսերը, որ տալիս էին ինձ աննպատակ: Պապիկիս կորուստը առաջին ծանր բաժանումն էր իմ կյանքի, որ հիմա չեմ էլ կարողանում հասկանալ, թե ինչպես կարողացա անցկացնել: Բայց ամեն ինչ դրանով չավարտվեց…

Պապիկիս առողջության վատթարացմանը զուգահեռ հիվանդացավ նաև իմ ամենասիրելի Լուսիկ տատիկը: Նա 89 տարեկան էր, բայց առողջ ու առույգ էր շատ շատերից: Վերջին տարիներին նա գյուղից տեղափոխվել էր մեզ մոտ՝ Երևան: Միշտ ոտքի վրա էր, սիրով զբաղեցնում էր իր փոքր ծոռնիկներին, ինձ էլ տեսնելուն պես ուրախացած ասում էր.

-Իմ Միլե՞նն ես, արի համբուրեմ, էն մի կուռն էլ, հը՞ն, ո՞նց ես:

Ես նստում էի նրա կողքին, երկար զրուցում հետը, ափիս մեջ էի առնում նրա կնճռոտ ձեռքերը և դրանց մեջ զգում էի տարիների ներկայությունը: Ամռանը, երբ տատիկս շատ հանկարծակի անկողին ընկավ, սկսեց լավ չսնվել, ուժասպառ եղավ, դարձավ լրիվ ուրիշ մարդ: Վերջին օրերին միայն ջուր էր խմում, շատ քիչ էր խոսում մեզ հետ, շարունակ քնում էր: Այդպես նա երկար չդիմացավ և մահացավ սովորական մի առավոտ՝ պապիկիս մահվանից ճիշտ 7 օր հետո:

Հիմա ինձ համար աննկարագրելի դժվար է հիշել և գրել այն ամենը, ինչ ես ապրեցի այդ օրերի ընթացքում: Կասեմ միայն, որ անչափ կարոտում եմ տատիկիս էլ, պապիկիս էլ, և դեռևս չեմ կարողանում ընտելանալ կյանքիս ամենածանր բաժանման հետ, որը ինձ ստիպեց էլ ավելի չսիրել ամառը և մեկընդմիշտ զգալ այն մարդկանց բացակայությունը, ովքեր անսահման թանկ են ինձ համար…

Եվ կտրվի քեզ…

Լուսանկարը՝ Հռիփսիմե Բալոյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Բալոյանի

Մի  օր դպրոցից  բարկացած տուն եկա: Ինչպես միշտ տանը ոչ ոք չկար. միայն տատիկն էր, ով վաղուց չի կարողանում քայլել: Նա թեև 78 տարեկան է, բայց  պահպանել է իր կանացի նրբությունը, ունի լավ տեսողություն ու լսողություն: Ցավալին միայն այն է, որ նա դժվարանում է տեղաշարժվել: Տատիկս լավ խորհրդատու է և լավ զրուցակից: Երբ փոքր-ինչ բարկացած եմ լինում, անմիջապես դիմում եմ տատիկիս օգնությանը:

Մի օր նա մի հետաքրքիր պատմություն պատմեց, որն ինձ շատ հետաքրքրեց:

Տատիկիս բազմանդամ ընտանիքի հոգսը ընկած է եղել տատիկիս մոր ուսերին (հայրը մեկնել էր ռազմաճակատ): Մեծ տատիկս շատ դժվարությամբ է իրենց հանապազօրյա հացը վաստակել, բայց եղել է շատ բարի ու առատաձեռն:

Մի անգամ նրանց տուն մի ծեր կին է եկել ՝ մի կտոր հացի խնդրանքով, իսկ  իրենց այդ օրվա ճաշը մի բոքոն է եղել: Բայց տատիկս առանց վարանելու իրենց ունեցած կես բոքոնը տվել է այդ ծեր կնոջը: Ծեր կինն  օրհնել և հեռացել է:

Հաջորդ օրը, երբ մեծ տատիկս, հերթական անգամ գնացել է շուկա ծաղիկ վաճառելու (նա գեղեցիկ վարդեր էր աճեցնում և վաճառում), հանկարծ նկատել է, որ ճանապարհին գումար է ընկած՝ իր մեկ օրվա ապրուստի չափով:

-Տատի՛կ, ես կարծում եմ, որ դա Աստված է տեսել և վարձահատույց եղել:
-Իհարկե՛, թոռնիկս, չէ  որ Աստվածաշնչում գրված է՝ «Տուր, և կտրվի քեզ»:

Այս պատմությունը ինձ շատ հուզեց, քանի որ այն իմ մեջ շատ բան փոխեց: Հիմա իմ շրջապատում շատերն են դժգոհում, որ ապրելը դժվար է, հաճախ այսպես պատճառաբանելով չեն փորձում օգնել ոչ մեկին: Իսկ շատ հաճախ բարություն անելը այնքան էլ բարդ չէ, միայն ցանկություն է պետք:

ani jilavyan

Ինչ են սիրում աղջիկները

Իմ կարծիքով, բոլոր աղջիկները շատ են սիրում նորաձև հագուստներ: Իհարկե, յուրաքանչյուրն ունի իր ոճը, հետևում է իրեն դուր եկող նորաձևությանը և փորձում տարբերվել հենց դրանով: Այս ժամանակների նորաձևության նմուշների մեջ, գրեթե բոլոր ոճի հագուստների վրա հաճախ են հանդիպում այնպիսի կոճակներ, որոնք չեն արձակվում, գրպաններ, որոնք միայն արտաքինից են գրպաններ, և նրանց մեջ ոչինչ դնել չի լինի ու  շատ այլ աքսեսուարի դեր կատարող բաներով, որը աղջիկներին շատ է դուր գալիս: Բացի հագուստի վրայի աքսեսուարներից, աղջիկները շատ են սիրում կրել աքսեսուարներ հենց իրենց վրա:

Ներկայումս վզնոցների, մատանիների, ականջօղերի և թևնոցների հետ միասին աքսեսուարների շարքին են դասվում ոչ օպտիկական ակնոցները, ժամացույցները և հեռախոսների պատյանները:

Աղջիկներից շատերը կրում են ակնոց` չունենալով տեսողության խնդիր: Երբ նայում եմ նրանց գունավոր և վրան տարբեր բաներ կպցրած ակնոցներին ու հարցնում` կարճատե՞ս է, թե՞ հեռատես, նրանց մի մասը ժպիտով պատասխանում է.

-Շատ էլ նորմալատես եմ:

Որոշները կատակում են, ասելով.

-Ուղղակի սրանով բոլորդ ժպտում եք,- կամ,- բոլորիդ ծիծաղելի է ցույց տալիս: Ուրիշներն էլ ասում են.

-Ոչ էն, ոչ էլ են, էս սիրունության համար ա, սազում ա, չէ՞:

Այդ ժամանակ սկսում եմ մտածել, որ եղել են ժամանակներ, երբ մարդիկ՝ մեծ մասամբ աղջիկները, ամաչել են ակնոց կրելուց, անգամ անհրաժեշտության դեպքում չեն դրել, վախենալով, որ իրենց վրա կծիծաղեն կամ կծաղրեն «չորսաչքանի» կամ նմանատիպ մականուններով, գուցե ունեցել են ամաչելու այլ պատճառներ ևս: Իսկ հիմա ոչ միայն չկա այդպիսի բան, այլ ընդհակառակն է:

Հետաքրքիր է դարձել նաև ժամացույցների դերը: Հաճախ կտեսնենք, որ աղջիկները կապում են իրենց հագուստներին համապատասխան գույնի ու ոճի ժամացույց: Սակայն, հաճախ պատահած կլինի, երբ նրանցից ժամ ես հարցնում, նրանք հանում են իրենց հեռախոսը, ժամը նայում, ասում և հետո ծիծաղելով արդարանում.

-Էս ժամացույցս փչացել ա, ուղղակի շորիս հետ շատ ա սազում, դրա համար էլ կապում եմ,- հաստատելով, որ այդ ժամացույցն ուղղակի աքսեսուարի դեր է կատարում:

Համեմատաբար նոր աքսեսուարներ են հեռախոսների պաշտպանիչ պատյանները, չնայած, հասցրել են լայն տարածում  և հետաքրքիր դեր ունենալ:

Աղջիկներից շատերը սիրում են գնել իրենց հեռախոսների համար ամենատարբեր նկարներով պատյաններ ոչ փափուկ նյութից, օրինակ՝ պլաստմասսայից: Եթե ամենասկզբում հեռախոսների պաշտպանիչ պատյանները ստեղծվել են փափուկ նյութերից, որպեսզի մարդ ավելի հանգիստ լինի իր հեռախոսի համար, ապա հետագայում այն վերածվել է աքսեսուարի, սկսել է արտադրվել նաև ավելի կոշտ նյութերից, բայց ավելի գեղեցիկ պատկերներով և սկսել է ստիպել մարդուն ավելի ուշադիր լինել իր հեռախոսի նկատմամբ: Այսինքն, աղջիկները սկսում են ավելի ուշադիր լինել, որ հանկարծ չգցեն իրենց հեռախոսը, քանի որ վախենում են, որ եթե այն ընկնի, ապա հնարավոր է, որ պատյանը քերծվի կամ կոտրվի կամ այլ կերպ վնասվի, իսկ այդ պատյանը նրանց շատ է դուր գալիս: Ահա, թե ինչքան են փոխվել ժամանակները, սակայն աղջիկների սերը դեպի աքսեսուարները չի փոխվել:

Վարդագույն տուֆի հայրենիքը` Արթիկ

Լուսանկարը՝ Լենա Խաչատրյանի

Լուսանկարը՝ Լենա Խաչատրյանի

Ես Խաչատրյան Լենան եմ: Շատ սովորական մի 6-րդ դասարանցի աղջիկ: Բայց ես ապրում եմ ոչ սովորական Արթիկ քաղաքում: Իմ քաղաքը հայտնի է իր վարդագույն տուֆով: Կարելի է ասել, մեր տուֆի շնորհիվ է Երևանը վարդագույն Երևան: Տուֆ քարի պաշարները մեր քաղաքում հայտնագործել և ուսումնասիրել է երկրաբան Ֆրիդրիխ Աբիխը: Արթիկ անվանումը շատ հին ծագում ունի, և տարբեր աղբյուրներում մեկնաբանվում է տարբեր կերպ: Գրականության մեջ հանդիպում է նաև Յարդկ, Արդիք ձևերով: Ըստ որոշ վերծանումների, մեկնաբանվում է նաև որպես «դիքի վրա ապրող արիներ»: Հետագայում հնչյունափոխվել է և ստացել Արթիկ անվանումը: Այն հին բնակատեղի է: Այդ են վկայում Լմբատավանքի համալիրից պահպանված Ս. Ստեփանոս Նախավկայի եկեղեցին` VI – VII դար, Ս. Գրիգոր Լուսավորչի կիսավեր եկեղեցին`  IV – V դար: Այն որպես բնակատեղի վերածնվել է 1828-1830 թթ: Այստեղ ապրում են Էրզրումի Կան գյուղաքաղաքից և Ղարս քաղաքից եկած հայերի սերունդները: Ըստ վերջին մարդահամարի, Արթիկ քաղաքն ունի շուրջ 20 000 բնակիչ: Բնակիչները զբաղվում են տուֆի արդյունահանմամբ, առևտրով, արհեստներով և այլն: Արթիկը շատ հյուրընկալ քաղաք է: Մենք ունենք սոճու փոքրիկ անտառ, Լմբատավանքը իր չպեղված շրջակայքով և այլն: Լմբատավանքը ունի յուրահատուկ որմնանկարներ և 11 վերծանված արձանագրություն, որոնք պատմում են տարածաշրջանի մասին: Ես իմ քաղաքը  շատ եմ սիրում: Համեցեք իմ քաղաք, և ես ձեզ ցույց կտամ իմ քաղաքի հմայքները:

Լուսանկարը՝ Լենա Խաչատրյանի

Լուսանկարը՝ Լենա Խաչատրյանի

Լուսանկարը՝ Լենա Խաչատրյանի

Լուսանկարը՝ Լենա Խաչատրյանի

Լուսանկարը՝ Լենա Խաչատրյանի

Լուսանկարը՝ Լենա Խաչատրյանի