
Լուսանկարը՝ Վարսեր Զաքարյանի
Կարելի է ասել լույսը բացվելու հետ մեկտեղ, ինձ համար մի նոր հասկացության բացահայտում եղավ: Բառ, որին ես ծանոթ չէի:
Քննարկումների ժամանակ ես չէի հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Ինձ համար այդ բառի նշանակությունը ասես մի գաղտնիքներով լի սնդուկ լիներ, որ ինչքան էլ փորձում եմ բացել, ծանոթանալ պարունակության հետ, չեմ կարողանում:
Հարցնում էի երեխաներին, նրանք ինձ բացատրում էին, որ դա լուսանկարներից կազմված անիմացիա է: Բայց ես, էլի չէի կարողանում պատկերացնել, չէի կարողանում հասկանալ…
Եվ ահա եկավ այն երկար սպասված պահը, երբ ես վերջապես կկարողանամ պատկերացում կազմել այդ բառի մեջ թաքնված մի ողջ հետաքրքիր ու անակնկալներով լի աշխարհի մասին:
Ես մի փոքր ուշացա քննարկումից՝թե ինչի մասին ենք նկարելու pixilation-ը:

Լուսանկարը՝ Վարսեր Զաքարյանի
Երեխաները արդեն գիտեին, թե ովքեր են մասնակցելու: Նրանք սկսեցին կամաց-կամաց զբաղեցնել իրենց «դիրքերը», երբ Սիսակը ինձ ասաց.
-Մանե, ինչի՞ ես նստել, արի դու էլ մասնակցի:
Ես փորձում էի ամեն կերպ հրաժարվել, չմասնակցել, բայց չստացվեց… Ես վեր կացա «պարտված մարտիկի» նման և միացա ընկերներիս: Մենք ապագա մուլտ հերոսի կերպարներն էինք և փորձում էինք ընդունել այն դիրքերը և լուսանկարվել, որոնք հետո իրար միացնելով, պիտի ստացվեր շարժում ու կյանք տար մեր ֆիլմին:
Ինձ ամեն ինչ այնքան շատ է դուր եկել… Ես ստեղծեցի իմ աշխարհը, ու հիմա կարող եմ ասել, թե ինչ է pixilation-ը:


Օրեցօր ավելի է հետաքրքի է դառնում մեր առօրյան: Այսօրվա ընթացքում ես ավելի մանրամասն սովորեցի ֆիլմ նկարահանելու գաղտնիքները: Օրինակ` քանի հիմնական պլանով են նկարահանում ֆիլմերը կամ, որն է ամերիկյան պորտրետը: Հետո մենք բավականին երկար և բարդ քննարկում ունեցանք մեր ֆիլմերի գաղափարների վերաբերյալ, քանի որ ֆիլմերի գաղափարները շատ էին, և մենք չէինք կարող կողմնորոշվել, թե որոնք ընտրենք այս ընթացքում նկարահանելու համար, իսկ երբ ընտրեցինք, համարյա մինչ ուշ գիշեր քննարկում էինք, թե ով որ թիմում աշխատի: Մեր ավագ ընկերները վերջնական ընտրված ֆիլմերի վերնագրերը գրել էին գրատախտակին և մեզ առաջարկել ընտրել մեկը և անունը գրել թիմի կազմում: Երեկոյան պարզվեց, որ համարյա բոլոր թիմերի մեջ աշխատելու ցանկություն էինք հայտնել բոլորս: Կեսգիշերին վերջապես կողմնորոշվեցինք: Շուտով նկարահանումները կսկսեն:
Առավոտը հետաքրքրասիրությամբ լցված իջանք նախաճաշի, քանի որ գիտեինք՝ գիշերը մեր սերբ ընկերները շատ ուշ ժամանել էին ու արդեն հյուրանոցում են: Երկար ճանապարհից հոգնած՝ նրանք առավոտյան մեր աշխատանքներին չմիացան, բայց մինչ մեր ծանոթությունը, պատանի թղթակիցներս հասցրինք մեր՝ մոնտաժային աշխատանքի տեխնիկական գիտելիքները հարստացնել գործնական աշխատանքով:
Ճամբարի առաջին նկարահանումները
Առավոտս բացվեց այն ժամանակ, երբ սենյակակիցներս` Մանեն և Նելլին պատրաստվում էին գնալ վազելու: Նրանք որոշել են այստեղ էլ հավատարիմ մնալ իրենց ռեժիմին. Վեր կաց ու վազք առավոտյան 6-ին և քնել գիշերը 10-ին: Վեր կացն առայժմ ստացվում է:
Բացի դասընթացներից, ինձ շատ են դուր գալիս նաև նոր շփումները և ծանոթությունները: Մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից են ու Երևանից, և զրուցելիս շատ նոր բաներ ենք իմանում նաև մարզերի մեր հասակակիցների մասին: Իսկ այսօր արդեն սկսում ենք ծանոթանալ մեր սերբ հասակակիցների հետ: Առաջինը` սերբերեն «բարև» բառն է, իսկ երեկոյան հասցրեցինք սովորել նաև սերբական պար: Մի խոսքով, այս օրերի ընթացքում կհասցնենք «փոխանակվել» նաև մեր մշակույթներով, ինչը ինձ շատ է ուրախացնում: Առաջին օրն էր, և մեր սերբ հասակակիցները մշակութային շոկ էին ապրում. Առաջին անգամ էին լսում հայերեն խոսք, ուտում հայկական կերակուրներ, անգամ երբ դիտում էին մեր նկարած ֆիլմերը, դիտում լուսանկարները:




