Արտենի` անջուր և մոռացված

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Արտենին գտնվում է Արագածոտնի մարզում: Թալինից մոտավորապես կես ժամվա ճանապարհ է դեպի Արտենի: Սակայն ամբողջ ճանապարհը, ավելի ճիշտ՝ մեծ մասը, փոսեր են, որի պատճառով ճանապարհը 15 րոպեով երկարում է: Բայց դա մի կողմ: Ես բնակվում եմ Թալինում: Մեր ջուրը շատ համեղ է: Այստեղ ծառերը, ծաղիկները և դաշտերը ջրվում են մեր խմելու ջրով: Սակայն կան գյուղեր, որոնք զրկված են խմելու ջրից, օրինակ Արագածը, Արտենին և այլն: Իմ մայրիկը ծնվել է Արտենիում, և ինձ այդ հիմնախնդրի մասին շատ բաներ է պատմել: Երբ նա դպրոցական էր (8-րդ դասարան), իրենց դասարանում մի աղջիկ կար, որը ծնողազուրկ էր և ապրում էր մի տնակում իր 77-ամյա տատիկի հետ: Տատիկը ստանում էր չնչին թոշակ (մոտ 15000 դրամ) և չէր հասցնում լուծել իր թոռան հարցերը: Նրանք գումար չունեին, որ ջուր գնեին և օգտագործեին, և մայրիկս ասում է, որ նրանք հարևաններից էին խնդրում, բայց նրանք միշտ չէ, որ կարողանում էին օգնել այդ ընտանիքին, որովհետև իրենք էլ ջուրը գնում էին:

Այս պատմությունը տեղի է ունեցել մոտ 25 տարի առաջ, բայց մինչ այժմ Արտենին զրկված է խմելու ջրից: Ջրի մեքենաներով ջուր են հասցնում գյուղ, և մարդիկ գնում են ջուրը:  Այնինչ այդ ջուրը մենք օգտագործում ենք ոչ միայն խմելու, այլև՝ լողանալու, լվացվելու, աման լվանալու համար:

Մենք ամեն շաբաթ, կիրակի գնում ենք գյուղ, և երբ մեքենայով ենք գնում, մեզ հետ ամաններով ջուր ենք տանում: Այնտեղ այդ ջուրը տալիս ենք ոչ միայն տատիկենց, այլև նրանց հարևաններին: Մենք որոշ չափով օգնում ենք արտենցիներին, սակայն դա քիչ է:

Հիմա Արտենիում Թալինի ջուրը տանում են ցիստերներով և մեկ լիտրը բաժանում են 170 դրամով: Չնայած նրան, որ հիմա էլ այդպիսի անապահով ընտանիքներ հաստատ կան, որոնք դժվարությամբ այդ գումարը վաստակում են ու տալիս են ջուր գնելու համար: Եթե այդքան գումար ջրին տան, ապա մնացած բաները ինչպես գնեն:

Բացի ջրից Արտենիում չկա նաև գազ, եկեղեցի, մանկապարտեզ, ոստիկան և բուժկետ: Հուսով եմ, որ մի օր պետությունը կլուծի արտենցիների վաղեմի երազանքը: Գոնե ջուր կունենան խմելու:

Զոդի փոշին

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Ես  ապրում եմ Զոդի  բանավանում: Մի փոքրիկ տարածք, որտեղ կա երկու գործարան: Դրանք իրենց վատ ազդեցությունն են թողնում մթնոլորտի եւ շրջակա  միջավայրի վրա: Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչպես կարելի է օրը մի քանի անգամ հագուստ փոխել, կամ տան փոշիները մի քանի անգամ սրբել: Միջավայրին վնասակար այդ օդը վատ է անդրադառնում նաեւ երեխաների վրա, եւ պատահական չէ, որ այստեղ  ապրող մարդիկ հիվանդանում են թոքային եւ սրտային հիվանդություններով: 

Իմ նշած գործարանները՝ Ոսկու կորզման ֆաբրիկան  եւ «Արարատ ցեմենտ»-ն են: Կարծում եմ, որ վերջինում պետք է տեղադրվեն փոշին կլանող սարքեր, որոնց բացակայության պատճառը երևի թե գումար  խնայելն է:

Գուցե խնդիրը այդքան մտահոգող  չլիներ, եթե տարածքը կանաչապատ լիներ: Մենք՝ Արարատ քաղաքի ապագա երիտասարդներս, պետք է  խնամքով եւ հոգատարությամբ վերաբերենք մեր բնակավայրի նկատմամբ, շատ կանաչ այստեղ աճեցնենք,  եւ թույլ չտանք, որ գործարանները վնասեն շրջակա միջավայրը և մեզ:

Ես չեմ հասկանում` ինչու

Լուսանկարը՝ Հենրիկ Շախտանյանի

Լուսանկարը՝ Հենրիկ Շախտանյանի

Ինձ հուզում է, թե ինչու են մարդիկ գնում արտագնա աշխատանքի: Ես երբեք չեմ հասկացել, թե ինչի պատճառով է, որ մարդիկ իրենց պետությունում չեն կարողանում իրենց համապատասխան աշխատանք  գտնել: Հիմա ես ինքս էլ գտնվում եմ այդ նույն իրավիճակում, արդեն վեց ամիս է, ինչ ծնողներս` հայրս և մայրս, գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Այստեղ չունենալով միջոցներ, որ կարողանային մեզ ապահով պահել, մեկնել են արտագնա աշխատանքի: Հիմա մենք ապրում ենք տատիկիս ու պապիկիս հետ, ուրախ եմ, որ նրանք իմ կողքին են: Ամեն անգամ դպրոց գնալիս մայրիկս դուրս էր գալիս և ճանապարհում էր ինձ, իսկ հիմա, երբ դպրոց եմ գնում, ամեն անգամ հետ եմ նայում և հիասթափություն եմ ապրում, երբ տեսնում եմ, որ մայրս էլ չի ճանապարհում ինձ դպրոց: Երբ դպրոցում բոլորը խոսում են իրենց ծնողներից, ես շատ լավ եմ կարողանում իմ ծնողների մասին խոսել, կարծես թե ամեն օր իրենց տեսնում եմ: Շատ դեպքեր են լինում, երբ ես ցանկանում եմ լսել խորհուրդներ իրենցից, բայց չեմ կարողանում: Նրանք մեզ տեսնում են տարին ընդամենը մեկ անգամ: Եվ այդ մեկ անգամը տեսնելուց նրանք էլ են զարմանում, թե ինչպես ենք մենք այդ մի տարվա ընթացքում մեծացել և փոխվել: Ամեն անգամ մեծ հույսեր ենք ունենում, որ նրանք կգան ու էլ հետ չեն գնա ուրիշ երկիր, բայց ամեն անգամ հիասթափություն ենք ապրում, երբ գալիս են ու նորից հետ են վերադառնում: Ափսոս, որ մենք չենք կարողանում գնալ իրենց մոտ, որովհետև դեռ սովորում ենք դպրոցում, և նաև, տատիկս ու պապիկս մեծահասակ են, չենք ցանկանում միայնակ թողնել նրանց:

Ես շատ կուզենայի, որ բոլորը իրենց երկրում աշխատանք գտնեին և դուրս չգային ուրիշ երկիր` ապրուստ հայթայթելու համար:

Ինչն է ինձ հուզում

Լուսանկարը՝ Ալիսա Հարությունյանի

Լուսանկարը՝ Ալիսա Հարությունյանի

Վերջին ժամանակաշրջանում նկատել եմ, որ մարդիկ դարձել են անտարբեր ամեն ինչի նկատմամբ: Ամեն երրորդ մարդ փողոցում  քայլում է իր սմարթֆոնի մեջ խորացած: Վերացել է հարգանքը մեծերի հանդեպ: Երեխաները սկսել են չսովորել, ավելի շատ կարևորում են իրենց համակարգիչներն ու սմարթֆոնները, քան գիտելիքը: Ազատ ժամանակ սոցցանցերում անցկացները շատերն ավելի են գերադասում, քան ընկերների հետ բակում խաղալն ու զբոսնելը կամ կարդալը: Փոքր տարիքի երեխաները մեծերի հետ խոսում են այնպես, կարծես իրենց տարեկիցները լինեն: Իհարկե, այս ամենը ցավալի է, սակայն կարծում եմ` դեռ կան այնպիսինները, որոնք կարող են վերջ դնել այս ամենին: Անցկացնելով հետաքրքիր միջոցառումներ և դասընթացներմեդիա դասընթացներ, նաև հենց  խաղերի տեսքով, կարելի է փոխել շատերի հայացքը գեղեցիկի, բարու և կյանքի հետաքրքիր կողմերի նկատմամբ: Չէ՞ որ դրա մի մասն էլ կազմում ենք հենց մենք:

Մերի Վարդանյան

Հայաստանում աշխատատեղերը շատ քիչ են, ինձ դա շատ է հուզում: Եթե առաջին չէ, ապա երկրորդ ընտանիքում հայրը Հայաստանում չէ, գնացել է արտագնա աշխատանքի, որ կարողանա ընտանիք պահել: Իմ հայրը նույնպես գնացել է արտագնա աշխատանքի, և ես շատ կցանկանայի, որ հայրս կողքիս լիներ:

Ինձ նաև շատ է հուզում մարդկանց մեջ հարգանքի պակասը: Հատկապես վատ եմ զգում, երբ մարդիկ սկսում են ծաղրել մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց: Շատ եմ նկատել, թե ինչպես են երեխաները ծաղրում իրենց այդպիսի հասակակիցներին ու չեն շփվում նրանց հետ: Այդ երեխաների ծնողները վատ են զգում դրա համար, և աշխատում են այնպես անել, որ երեխան տանից դուրս չգա:

Զինա Սարգսյան

Իմ շրջապատում մարդիկ ընդհանրապես չեն մտածում բնության մասին: Ինչքան կարող են, աղտոտում են շրջակա միջավայրը: Իրենց թափած աղբը հավաքում են միայն այն ժամանակ, երբ քաղաքապետարանը, դպրոցը կամ որևէ այլ կառույց կազմակերպում է շաբաթօրյակ: Մնացած դեպքերում մարդիկ միայն վնաս են հասցնում բնությանը, բայց անխնա օգտագործում են դրա բարիքները: Ինձ անհանգստացնում է ջրի հարցը, բայց ոչ թե մեր բնակավայրում, այլ գյուղերում: Մեր գյուղում` Արտենիում, խմելու ջուրը մարդիկ գնում են: Այնտեղ կան մարդիկ, ովքեր անապահով են և ջուրը չեն կարողանում գնել, այլ խնդրում են հարևաններից, ովքեր ամեն անգամ չէ, որ կարողանում են օգնել նրանց, ծաղրում են և թողնում նրանց ծարավ:

Լիլիթ Հարոյան

Առաջիկայում ունեմ բազմաթիվ նպատակներ, որոնց իրականացման համար խոչընդոտներ ունեմ հաղթահարելու, որի համար, ըստ իս, ժամանակ է անհրաժեշտ:

Մխիթար Գասպարյան

Ինձ հուզող խնդիրները շատ-շատ են: Նախ այն, որ իմ գյուղում չկա երաժշտական դպրոց, գեղարվեստի ուսումնարան, և դա շատ ցավալի փաստ է: Կրթական և գիտատեխնիկական առումով, իհարկե, զարգացվածությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, բայց երեխաները ծուլանում են կարդալ գեղարվեստական գրքեր: Կուզենայի, որ բարենպաստ պայմաններ ստեղծվեին, որպեսզի երեխաները ստանային բարձրորակ կրթություն: Ես հանդիսանում եմ այդ խնդրի վառ ապացույցը:

Սուսաննա Պետրոսյան

Ինձ հուզում է Թալինի ասֆալտապատումը, քանի որ վաղուց չեն ասֆալտապատել փողոցները, բայց հուսով եմ, որ մի օր կասֆալտապատեն: Ինձ հուզում է, որ այստեղ շատ տրանսպորտային երկաթուղային միջոցներ չկան, և շատերը օգտվում են տաքսի ծառայություններից: Ես կուզեմ ստեղծվի այս բոլոր պայմանները, որպեսզի մարդկանց կյանքը մի քիչ բարելավվի: Ինձ հուզում է նաև ջրամատակարարումը. Մենք ամեն օր ժամ-ժամուկես ենք ջուր ունենում: Ինձ հուզում է նաև ծառերի հատումը, աղտոտվածությունը: Աղտոտվածության պատճառով  ոչ միայն մարդիկ են տուժում, այլ նաև կենդանական ու բուսական աշխարհը:

Հայկ Հակոբյան

Մեծամորի երեխաները

Ես սովորում եմ Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցում: Գերազանցիկ եմ: Շատ եմ սիրում աշխատել թվերի հետ: Սիրում եմ դպրոցում բոլոր առարկաները: Հատկապես ֆիզիկա, հանրահաշիվ, երկրաչափություն, սիրում եմ նկարել: Չեմ զբաղվում սպորտով, բայց սիրում եմ ամենից շատ ֆուտբոլը: Հաճախում եմ մեր կենտրոնի տիկնիկային «Փալանչո» թատրոնի խմբակը: Բեմադրում ենք հիմա «Իսկական ընկերը»: Ես նաև երկրապահ եմ: Հետո ձեզ կպատմեմ, թե դա ինչ է: Սովորում ենք զինվորի պես քայլել, զենք քանդել և հավաքել:

Ինձ անհանգստացնում է մեր քաղաքում ծառերի, թփերի, ծաղիկների պակասը: Կան վայրեր, որտեղ շատ քիչ ծառեր ու ծաղիկներ կան, բայց դրանք երեխաները կոխոտում են, իսկ մեծերը հատում են ծառերը: Չկան աղբամաններ, աջուձախ աղբի կտորներ են:

Արմինե Գասպարյան

Ինձ ամենաշատը հուզում է ծնողազուրկ և տուն չունեցող երեխաների վիճակը: Ես այս մասին կարող եմ անվերջ խոսել: Ինձ հուզում է, թե ինչու են երեխաներին հանձնում մանկատուն և չեն ստեղծում բարեկեցիկ ապագա:

Արփինե Գևորգյան

Ես սիրում եմ խաղալ, լուսանկարել, նկարել: Ես նաև չեմ կարող ապրել առանց սպորտի: Բայց ամենից շատ սիրում եմ փոքրիկ եղբորս: Մենք գրեթե ամեն օր կռվում ենք իրար հետ, բայց էլի հաշտվում ենք: Նաև շատ եմ սիրում բակի երեխաների հետ խաղալ դասերս վերջացնելուց հետո: Մենք բակի տղաներով իրար հետ գնում ենք դպրոց և իրար հետ էլ վերադառնում ենք տուն:

Ինձ ամենից շատ հուզում են պատերազմները: Ուզում եմ, որ ամեն ինչ հանդարտվի: Ուզում եմ, ողջ աշխարհը խաղաղ լիներ, որ բոլորը մոռանային հին թշնամությունը և ապրեն խաղաղ:

Հայկ Կիրակոսյան

Ես ընկերասեր եմ, համառ, դպրոցում սովորում եմ լավ գնահատականներով: Սիրում եմ ամեն ինչից տեղեկություն ունենալ: Չեմ սիրում, երբ ինձ ստում են, դավաճանում: Ներողամիտ եմ:

Հաճախում եմ պատանի երկրապահների խմբակ, որի ընթացքում նախնական գիտելիքներ եմ ստանում բանակային կյանքի և կանոնների մասին: Սիրում եմ դրսում երկար զբոսնել ու խաղալ ընկերներիս հետ: Ամենաշատը սիրում եմ ծնողներիս, հայրենիքս ու մեծ քրոջս, ով ինձ հետ շատ խիստ է:

Քանի որ մենք ապրում ենք Մեծամորում, ինձ հուզում է ատոմակայանի խնդիրը: Ինչպես պաշտպանվել ատոմակայանի վթարման ժամանակ:

Ինձ հուզում է նաև մեր դպրոցի վերանորոգման խնդիրը: Մի օր կարող է դպրոցը փլվել մեր գլխին: Մեր դպրոցը թանգարան է բաց երկնքի տակ:

Ինչո՞ւ չենք կարող պահանջել ու խոսել նրա մասին, ինչ դուր չի գալիս: Չէ՞ որ աչքը տեսնելու համար է, իսկ լեզուն` խոսելու, հարկ եղած դեպքում նաև պահանջելու:

Հերմինե  Կիրակոսյան

«Ընտանիք և համայնք» հասարակական բարեգործական կազմակերպություն

 

Իմ աշխատանքը ես գնահատում եմ իբրև զրույց ընթերցողի հետ

Հարցազրույց «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանի հետ:

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

-Ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք դառնալ լրագրող:

Երբ ես դպրոցական էի, բոլորը կարծում էին, թե պետք է թատերական ինստիտուտ ընդունվեմ: Ես կարողանում էի շատ լավ նմանակել. սկզբում ուսուցիչներին, հետագայում` արվեստի գործիչներին, իմ ընկերներին: Սակայն քանի որ արվեստը և գրականությունը շատ էի սիրում, ընդունվեցի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետ: Գրականագետ եմ մասնագիտությամբ և երազում էի գրականագիտական ուսումնասիրություններ անել: Սակայն համալսարանն ավարտում էի արդեն Ղարաբաղյան շարժման տարիներին` 1989 թվականին: Մենք` համալսարանականներս, ակտիվ պայքարի մեջ էինք: Սա մի սերունդ էր, որ պայքարում էր, ոչ թե հուսահատությունից կտրում երակները, կամ զբաղվում ժամանակ մեռցնելով: Ամեն մի հանրահավաքը կարծես մի ծես լիներ. հանդիպում էինք մեծերին, որոնք հարթակից խոսում էին մեզ հետ, իսկ մենք հարգում էինք խոսքը: Այդ տարիներին արգելված գրականություն էր մտնում Հայաստան, և մենք կարդում էինք շատ ու շատ բաներ: Անհրաժեշտ էր լինում տեղում լինել, գրել, թե ինչ է կատարվում: Հենց այդ ժամանակից որոշեցի, որ իմ գրելը ավելի ճիշտ է. և մասնակից լինել, և ականատեսի աչքերով գրել, թե ինչ է կատարվում: Այդ տարիներին սկսվեց իմ գործունեությունը մամուլում: Ես նաև գնում էի Ղարաբաղ, բերում էի ռեպորտաժներ: Շատ քիչ կին լրագրողներ կային, որոնք գնում էին Ղարաբաղ և ազատամարտի մասին հրապարակումներ անում: Դա եղավ պատճառը, որ ընտրեցի լրագրողի աշխատանքը:

-Իսկ ինչո՞ւ  ընտրեցիք հենց  իրավական թեմաներով լրագրությունը:

-Երբ Հայաստանը անկախություն հռչակեց, և մենք ունեցանք մեր խորհրդարանը, որը Գերագույն խորհուրդ էր կոչվում, ես լուսաբանում էի խորհրդարանական կյանքը: Գերագույն խորհրդի իրավաբանական վարչության պետը, որը հետագայում դարձավ Հայաստանի գլխավոր դատախազը, Հենրիկ Խաչատրյանն էր: Շատ մեծ իրավաբան, մեր լավագույն իրավաբաններից մեկն էր: Ինքն ամեն անգամ զարմանում էր, երբ ես օրենքների հետ կապված ինչ- որ փակուղիներ էի ցույց տալիս, օրենքը կարդում էի բարեխղճորեն, պատգամավորներին հարցեր էի տալիս: Նա ինձ ասում էր, որ կես խոսքից հասկանում եմ, ու խորհուրդ էր տալիս անպայման այս թեմաներով գրել: Ճիշտն ասած, ես էլ էի սիրում այս ոլորտը, քանի որ պատմվածքներ էի գրում, ու ինձ թվում էր, թե ամենահետաքրքիր պատմվածքները կլինեն դատարանի դահլիճներում: Այսինքն, իմ խնդիրը ոչ թե լրագրողական ժանրը զարգացնելն էր, այլ ընտրելով դատարաններն ու մեկուսարանները, ուզում էի մարդկանց առանձին պատմությունները գրականության  մաս դարձնել: Ասեմ, որ դուք ամենաերջանիկներից կլինեք, երբ աշխատեք լրագրող: Դա միակ մասնագիտությունն է, որը շփումների մեջ սահմաններ չի դնում, և դուք ցանկացած ոլորտի մարդկանց հետ շփվում եք: Հետագայում ես հասկացա, որ այնքան եմ խորացել իրավունքի ոլորտի մեջ, որ շատերին թվում էր, թե ես իրավաբանական կրթություն ունեմ: Հետագայում այլ հեղինակների հետ, իմ փորձառությունից ելնելով, մշակեցի և հրատարակեցի 2002 թվականին էթիկայի կանոններ, թե ինչպես պիտի վարվի լրագրողը դատարանի դահլիճում, մեկուսարանում, վիճող կողմերի հետ, տուժողի, դատավորի, ամբաստանյալի և այլն: Էթիկայի կանոնները աշխարհում այնքան ընդունված են, որ իրավապահ լրագրողներն ունեն իրենց առանձին էթիկայի կանոնները, մարզական լրագրողները` իրենց, տնտեսական թեմաներով գրողները` իրենցը և այլն: Մեր թերթը` «Առավոտ»-ը, Հայաստանում առաջին պարբերականն է, որ ընդունել է իր էթիկայի կանոնները: Կգա ժամանակ, երբ ոչ թե թերթը հանդես կգա որպես կանոններ մշակող, այլ թերթի բաժինները այնքան կհզորանան, որ կունենան իրենց առանձին էթիկայի կանոնները:

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

-Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում իրավական լրագրությունը:

- Իրավական լրագրողը նախ պետք է հասկանա, թե ինչ ասել է իրավունքի ոլորտ, ինչ ասել  է` փաստաբան, դատարաններ, արդարադատական մարմիններ, դատախազություն, Արդարադատության նախարարություն և այլն: Իրավական թեմաներով գրող լրագրողը պետք է շատ լավ իմանա արդարադատության բոլոր գործառույթները` սկսած ոստիկանությունից վերջացրած պատժիչ կառույցները: Պետք է իմանա, թե ինչ իրավունքներ ունեն բոլոր կողմերը` լինի տուժող թե ամբաստանվող, սակայն առաջին հերթին պետք է լավ իմանա լրագրողի իրավունքները, մամուլի և զանգվածային լրատվության մասին օրենքը, տեղեկատվության, ազատության մասին օրենքը: Սա բավարար չէ, լրագրողը շատ լավ պիտի իմանա այն օրենքները, որոնց շրջանակում ինքը պետք է աշխատի: Լրագրողը նաև տեսական հարթության մեջ պետք է պատրաստ լինի: Տեսեք, ենթադրենք, քաղաքացուն ձերբակալում են, լրագրողը ահազանգ է ստանում, որ քաղաքացին տարվել է ոստիկանություն: Հիմա դու ոչ միայն պետք է գնաս արձանագրես, որ ինքը տարվել է ոստիկանություն, այլ պետք է իմանաս, թե տվյալ անձը երբ է տարվել, նորից անդրադառնաս, թե արդյո՞ք 72 ժամվա ընթացքում ինքը բաց թողնվեց, թե ոչ, որովհետև դա էլ է ցանկալի լուր: Դու այնքան պիտի պատրաստ լինես, որ ոչ թե դատարանում դռնբաց դատական նիստի ժամանակ դատավորին հարցնես, թե իրավունք ունե՞ս լուսանկարելու, այլ ինքդ իմանաս, որ դռնբաց դատական նիստի ժամանակ դու իրավունք ունես և՛ լուսանկարել,  և՛ ձայնագրել: Ցանկացած զրուցակից, երբ տեսնում է, որ դու պատրաստ չես, օգտվում է քո անտեղյակությունից: Դու անպատրաստ մտել ես դատարան ու իր օրենքները չգիտես, քո իրավունքները չգիտես, էլ չեմ ասում գործը, որի մասին պետք է գրես: Իրավական լրագրությունը հենց դա է. իրավունք իմացող, իրավունքի ոլորտը վերջին լուրերով, վերջին նորություններով լավագույնս տիրապետող վիճակում գտնվող լրագրող, ով հանրության համար լուսաբանում է այդ ոլորտը անաչառ ու գրագետ:

- Արդյո՞ք հատուկ կրթություն է պետք ունենալ իրավական լրագրող դառնալու համար:

- Նախ անհրաժեշտ է, որ լրագրողը մարդ լինի: Լրագրող լինելը նրա համար չի, որ արձանագրես ինչ-որ դեպք կամ երևույթ: Ամեն դեպքի և երևույթի հետևում մարդիկ են: Պիտի գրել իմանաս, լավ գրել: Ես, օրինակ, միշտ մտածում եմ, որ զրուցում եմ ընթերցողի հետ: Բնականաբար իմ ամեն օրվա աշխատանքը ես գնահատում եմ իբրև զրույց ընթերցողի հետ: Հիմա գուցե դաժան է իմ զրույցը, որովհետև ամենացավոտ խնդիրների մասին եմ գրում, բայց միևնույն է, զրույց է: Պետք է լավ լրագրող լինել, բանիմաց: Դե, պատկերացրեք. ենթադրենք, դուք գրում եք մշակութային թեմաների մասին, սակայն գիրք չեք բացում,  չգիտեք ինչ է պոեզիան, կամ ով է այդ նկարիչը, որի ցուցահանդեսը պիտի լուսաբանեք:Ես հիշում եմ տարիներ առաջ ուսանողներից մեկը եկել էր խմբագրություն, պետք է ուղարկեինք մի բանաստեղծուհու հետ հանդիպման, և որքան եղավ զարմանքս, երբ հասկացա, որ չգիտի, թե ով է բանաստեղծուհին, ինչ է գրել: Նույնն էլ իրավունքի ոլորտն է, տնտեսականը: Անպայման պիտի իմանա տնտեսական լրագրողը տնտեսություն, չի կարող ինքը բամբասանքների կամ չգիտեմ, ընդամենը ախուվախերի շուրջ կառուցել իր խոսքը: Իրավունքի ոլորտը առավել ևս, հիմա ես գտնում եմ, որ շատ կարևոր է, որ լրագրողը իրավաբանական կրթություն ստանա  հարակից, ինչպես որ ես վարվեցի հետագայում:

-Իսկ  մարդկային ի՞նչ հատկանիշներ են պետք իրավական թեմաներով լրագրող լինելու համար:

-  Իրավական լրագրողը ո՛չ այլմոլորակային է, ոչ էլ հատուկ կարգավիճակով մեկը: Մենք ենք հիմա տարանջատում: Ասենք, Պաշտպանության նախարարություն, ոստիկանություն, միշտ պահանջում են հավատարմագրել լրագրողին, որպեսզի աշխատեն մի մարդու հետ, որն անընդհատ այդ թեմաներով է գրում, որպեսզի հենց իրենից էլ պահանջեն: Ոչ թե մեկը մի օրով գնա բաժին, մի հատ անհեթեթ բան գրի ու խմբագրությանը գցի պատմության մեջ: Նաև իմացեք, որ այսօր ապատեղեկատվության համար կարող են քրեական գործ հարուցել լրատվամիջոցի դեմ: Նույնիսկ մենք ունեցանք դեպքեր, երբ մեր դեմ քրեական գործեր հարուցվեցին, և լրագրողը ամբաստանյալի կարգավիճակում հայտնվեց: Առհասարակ լրագրողը պետք է սիրի իր մասնագիտությունը, կապ չունի դու իրավունքի ոլորտ ես լուսաբանում, թե սոցիալական ոլորտ, մշակույթ թե տնտեսական… Դու պիտի սիրես այն, ինչ անում ես: Իրավունքի ոլորտում էլ, նույնն է: Ես չեմ ասում սիրես ահաբեկչին կամ կամ էն մարդկանց, որոնք անվերջ էդ քո գործերի լուսաբանման շրջանակներում պիտի լինեն: Բայց դու պիտի հարգես մարդկանց զգացմունքները: Դրա համար են էթիկայի կանոնները. պետք է հարգել նաև տուժողի զգացմունքները: Շատ է եղել, որ ինձ դիմել են իմ մտերիմները, որոնք խնդիր են ունեցել դատարանների հետ: Բայց ես ինքս հրաժարվել եմ լուսաբանելուց, որովհետև մտածել եմ` օբյեկտիվ չեմ լինի և իմ փոխարեն ուղարկել եմ իմ գործընկերներից մեկին:

Հիմա մենք ունենք նաև ցավոտ մի իրավիճակ, երբ լրագրողը զանգում է գործընկերոջը, ասում է` մի հատ չե՞ս ասի` ինչ կատարվեց այս տեղում: Այսինքն, փչացած հեռախոսի լրագրություն է ձևավորվում: Երբ լրագրողը սրանից-նրանից իմանալով նյութ է պատրաստում: Ասում ես, դե լավ, հիմա իրեն թույլ է տվել զանգել է` պատմեմ: Բայց նպաստում ես վատ բանի: Եթե դու չես եղել, լավ, մի նյութ էլ մի գրի, բարի եղիր, հղում արա այն լրատվամիջոցին, որից օգտվել ես: Դա գալիս է նրանից, որ շատերը իրենց մասնագիտությունը չեն սիրում: Թիվ մեկ խնդիրը` սիրել մասնագիտությունը և լինել մարդ: Մարդը խնդրում  է, ասում է` մի նկարի, բայց նկարում ես: Պետք է մտածես, չէ՞, որ դու էլ կարող է նույն իրավիճակում հայտնվես:

-Իսկ  ձեր  մասնագիտությունը վտանգավոր չե՞ք  համարում: 

- Ամենավտանգավոր մասնագիտություններից մեկն է: Հայաստանում գնալով կդառնա ամենավտանգավորը: Եղել են դեպքեր, որ մտել են խմբագրություն, ջարդել գույքը, սպառնացել: Անվերջ դատարաններում ենք: Հենց հիմա թերթի և անձնապես իմ դեմ դատ կա: Հայաստանում այդպիսի դատ չի եղել: Հարցազրույց եմ արել նախաքննական մարմնի հետ: Քննիչն է որոշել սահմանները, որի շուրջ տվել է ինձ տեղեկություն: Ինձ հիմա մեղադրում են անհատական տվյալներ հրապարակելու մեջ: Ես չեմ ընդունում դա, որովհետև ասում եմ, որ ես  հարցազրույց վերցնողն եմ, ինֆորմացիայի տերը ես չեմ: Փորձում են նախադեպ ստեղծել, որ լրագրողը խուսափի նման թեմաների անդրադառնալուց: Անգամ ֆեյսբուքի գրառումների համար դատի են տալիս: Լրագրողը անվերջ դատական գործընթացներում է:

-Դուք բոլոր դատերը լուսաբանո՞ւմ եք:

-Կան դատեր, որոնք հանրային հնչեղություն ունեն, և բոլոր առաջատար լրատվամիջոցները մասնակցում են: Թերթի շահերն է ստիպում, որ անդրադառնաս: Կան նաև դատավարություններ, որոնք դու ինքդ ես ընտրում: Օրինակ, ես բացի հնչեղից, փորձում եմ նաև էն դատերը լուսաբանել, որոնց քաղաքացիներն են դիմում: Մի մոռացեք, որ լրատվամիջոցները նաև մրցակից են, դրա համար միշտ պետք է մտածես, թե ինչի մասին կուզենա կարդալ ընթերցողը: Իսկ դրանք կենդանի պատմություններն են: Ես կոնկրետ ձեզ խորհուրդ կտայի շատ շփվել հասարակ մարդկանց հետ, դա ամենամեծ դասագիրքն է: Ես գնում եմ հասարակ մարդկանց դատերին, որոնց ասում եմ «անտեր դատեր», մտքիս մեջ իհարկե, որ վիրավորանք չպարունակի կողմի համար: Այդ դատերում մարդ չկա: Վերջերս մի այդպիսի դատի էի: Մեղադրյալը պատիժն է կրում, և այս ընթացքում կուրացել է, տեսողությունը կորցրել է կալանավայրում: Եկել է ուղեկցողը, ու մարդ չկար: Միայն ես էի դահլիճում: Ի՞նչ զգաց, երբ ասաց. «Լավ, պիտի սենց անտեր դատվե՞մ», ու իրեն պատասխանեցին. «Չէ, չէ, անտեր չես, լրագրող կա»: Ինչպես պայծառացավ, երբ իմացավ, որ նստած եմ:

-Ի՞նչ առանձնահատկություններ ունի ձեր մասնագիտությունը, բացի նրանից, որ ներկա եք գտնվում դատավարություններին:

-Ես միայն ներկա չեմ լինում դատավարություններին, լինում եմ խմբագրությունում, որտեղ մարդիկ են գալիս, որոնք ունեն պրոբլեմներ: Էդ պրոբլեմները պատկան մարմիններին չեն կարողանում հասցնեն: Մենք կարողանում ենք հրապարակումներով օգնել մարդկանց: Մարդիկ իրենց իրավունքները  չգիտեն, և չեմ թաքցնում, որ երբեմն փաստաբանի դեր էլ եմ կատարում:

-Իսկ եղե՞լ են դեպքեր, որ դատարանը  ձեր հոդվածի հիման վրա կամ ձեր հոդվածի պատճառով իր որոշումը փոխի:

-Դատարանները միշտ հայտարարում են, որ իրենք անկախ են: Բայց առաջին ատյանի դատարանը չի կարող որոշումը փոխել, առաջին ատյանը համենայն դեպս ինքն էլ իր դիրքորոշումը ունի: Բայց հետագա ատյաններում հասարակական կարծիք ստեղծելու արդյունքում որոշակի փոփոխություններ եղել են:

-Ըստ ձեզ, զարգացա՞ծ է իրավական լրագրությունը Հայաստանում:

-Եթե համեմատեմ 90-ականների հետ, ապա` այո: Պարզապես  հիմա մի քիչ փոխվել է լրագրողի տեսակը: Եթե էն ժամանակ անում էիր բաներ ինքնամոռաց, ապա տեսնում ես, որ շատերը ճանաչում ունենալու նպատակով են անում: Ճանաչումը դժվարացնում է աշխատանքը, հավատացեք: Երբ ինձ չեն ճանաչում, ավելի հեշտ է տեսնել այն սխալները, որոնք իրենք անում են: Երբ ինձ ճանաչում են, սկսվում է թատրոնը:

-Վերջերս Դուք պարգևատրվել եք Մովսես Խորենացու մեդալով: Ի՞նչ փոխվեց դրանից հետո ձեր կյանքում:

-Խորենացու մեդալ  եմ ստացել լրագրողական ակտիվ գործունեության համար: Ինձ համար անսպասելի էր: Ես այս տարի նաև Մարշալ Բաղրամյանի մեդալ եմ ստացել Պաշտպանության նախարարության կողմից, երևի թե պատերազմական տարիների համար, երբ գնում էի Ղարաբաղ, և կին լրագրողները շատ քիչ էին, որոնք 10 ժամվա ճանապարհ պիտի անցնեին ու իրենց կյանքը վտանգեին: Իմ բոլոր մրցանակները, որ ստացել եմ, անսպասելի են եղել ինձ համար: Ես երբեք մրցանակի  համար նյութ չեմ գրել:

Ի՞նչ փոխվեց մրցանակներից հետո… Եթե ասեմ` կենցաղս, ապա` ոչ: Ես էլի տրանսպորտից եմ օգտվում, աստղային բաներ չունեմ: Ուղղակի լավ ես զգում, որ դա պետության մրցանակն է, այն էլ  լրագրությանը, հատկապես մի ժանրում, որի կայացման համար քիչ բան չես արել:

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Հարցազրույցը գրի առավ Սուսաննա Միկոյանը

Մեկ երթուղային տաքսու մեջ երկու ավտոբուս մարդիկ. նրանց մեջ եմ նաև ես

Լուսանկարը՝ Զավեն Մելքոնյանի

Լուսանկարը՝ Զավեն Մելքոնյանի

Մեր գյուղին տրամադրված է մի փոքրիկ լուցկու տուփ, որի մեջ տեղավորվում է մի ամբողջ գյուղ: Սարսափելի և վտանագվոր իրավիճակի մեջ ես հայտնվում եմ, կարելի է ասել, ամեն օր: Այդ փոքրիկ լուցկու տուփը մեր ամբողջ գյուղին կապում է քաղաքի հետ, բայց ցավն այն է, որ օր է լինում` չես կարողանում դպրոց հասնել,  շատ շատերը համալսարան, աշխատանքի, որովհետև երթուղային տաքսին իրավունք չունի այդքան մարդու տեղափոխել, բայց…  Բայց շատ վարորդներ համաձայն են, որ տեղափոխեն 30-ից ավելի հոգի` 17-ի փոխարեն: Վախը սրտումս ամեն անգամ նստում եմ այդ երթուղային տաքսին` իմ կյանքը վտանգելով, որովհետև ես այլ ընտրության հնարավորություն չունեմ:  Իհարկե, իմ համագյուղացիները կարող են այլ տրանսպորտային միջոցից էլ օգտվել, բայց ավելի թանկ է պետք վճարել: Եթե շաբաթը մեկ անգամ ես գնալու քաղաք, ոչինչ, սակայն ով ամեն օր է օգտվում տրանսպորտային միջոցից, չի կարող վճարել 150 դրամ: Այս էլ մի խնդիր է իմ գյուղի բնակիչների համար: Հուսով եմ, որ մի օր այս հարցին լուծում կտրվի, և ես էլ վախը սրտումս չեմ գնա դասի: Հաճախ եմ սկսել լսել երթուղային տաքսիների ավտովթարների մասին տարբեր վայրերում: Ես արդեն հասկանում եմ պատճառը. հին մաշված փոխադրամիջոց, թույլատրելիից երկու անգամ շատ ուղևոր, քանդուքարափ եղած ճանապարհ, որ ձմեռները ծածկվում է սառույցով… Սակայն մարդիկ ամեն օր վտանգելով իրենց կյանքը գնում են աշխատանքի, դասի… Նրանց մեջ եմ նաև ես:

Իմ գյուղը` Արարատ

Լուսանկարը՝ Սաթենիկ Գալստյանի

Արարատ: Մի բառ, որը ասելիս հասկանում ենք լեռան, մարզի, քաղաքի և գյուղի ամբողջություն: Արարատ մարզում է գտնվում Արարատ կոչվող գյուղը, որը տեղացիներին հայտնի է Դավալու անվամբ: Դավալու անվան մեկնաբանությունը ոմանք կապում են դավի և լի բառերի հետ, բացատրելով, որ այն նշանակում է կռվի, դավի, վեճի վայր։  

Ուսումնասիրություններն ապացուցում են, որ գյուղի բնակիչները պատվասեր և հյուրասեր են եղել ու զենք գործածելու մեջ հմուտ։ Յուրաքանչյուր ընտանիք զենք է ունեցել։ Դա է պատճառը, որ Դավալու գյուղը կանգուն է մնացել, թալանի չի ենթարկվել։ Ոմանք Դավալու անունը բացատրում են, ասելով, թե դավալեցիների սարսափն այնքան է տարածված եղել ավազակ ցեղերի վրա, որ գյուղ մտած ուղտը վախից լու է դարձել։ Գյուղում կա 3 դպրոց, խաչքարեր, հուշահամալիր, Ս. Հակոբ եկեղեցին և Վազգեն Սարգսյանի անվան տուն-թանգարանը: Մեր գյուղը շատ հերոսներ է պարգևել հայ ժողովրդին: Արարատ գյուղում է ծնվել և մեծացել սպարապետ Վազգեն Սարգսյանը, ում անունով էլ այժմ գյուղում տուն-թանգարան կա: Այնտեղ պահվում են  արժանապատիվ հայի  անձնական իրերը, զենքերը, փաստաթղթերը և պարգևները: Գյուղացիները  զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, ինչպես նաև անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:

Իմ առօրյան գյուղում անցնում է շատ հետաքրքիր: Թեև մեծահասակները ամբողջ օրը տարված են գործերով, բայց գյուղի աշխուժությունը պահպանում են փոքրերը:

Գյուղի հուշահամալիրի առջև միշտ մարդաշատ է արևոտ օրերին: Պապիկները հավաքվում են  ու կիսվում միմյանց հետ գյուղում տեղի ունեցած իրադարձություններով:  Գյուղում շատ բաներ կան շտկելու և փոփոխելու: Գյուղում կան փողոցներ, որ ոռոգման խնդիր ունեն, ասֆալտապատելու: Սակայն ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում և բոլորիս ջանքերով այս խնդիրները կվերանան:

Մենք ապրում ենք Զոդում

Լուսանկարը՝Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝Լիլիթ Կարապետյանի

Ես ապրում եմ Արարատի մարզի Զոդ ավանում: Զոդում մարդկանց մեծ  մասը մնացել է առանց աշխատանքի: Շատերը գնացել են արտերկիր աշխատելու, որպեսզի իրենց ընտանիքը պահեն, շատերը տանը նստել են և սպասում են: Իմ հայրը նույնպես արտերկրում է: Ես շատ եմ կարոտում իմ հայրիկին, բայց դա ոչինչ չի փոխում: Նա գալիս է Հայաստան ամենաշատը մեկ ամսով: Ես չեմ հասցնում կարոտս առնել: Հայրիկս աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստանում նա տաքսու վարորդ էր աշխատում, հետո գրասենյակը փակեցին, և նա գնաց արտերկիր աշխատելու: Հայրս արդեն հինգ տարի է գնում-գալիս է, բայց այստեղ աշխատանք չկա, որ աշխատի:

Զոդում չկան ժամանցի վայրեր, չնայած, որ լինեին էլ, վստահ կարող եմ ասել, որ ոչ ոք չէր գնա: Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Որովհետև այդ սրճարանները գումարով են լինելու: Հետևաբար մարդիկ չեն կարողանա գնալ ամեն օր, քանի որ գումար չունեն, իսկ ինչո՞ւ գումար չունեն, որովհետև աշխատանք չկա, իսկ ինչո՞ւ աշխատանք չկա… Այդ հարցին ես անզոր եմ պատասխանել: Ինքս էլ կցանկանայի, որ Զոդում շատ լինեն աշխատատեղերը: Ասեմ ավելին, Զոդում կա մի կիսակառույց դպրոց, որը այդպես էլ չկառուցվեց ու կասկածում եմ, որ երբևէ կկառուցվի: Շենքի հիմքը սխալ է դրված՝ ճահճի վրա: Ու եթե շարունակեն կառուցել, շենքը կփլվի:

Չգիտեմ, այդ անտեսվածության պատճառով է, թե չէ, բայց երբ մայրուղու վրա անգամ ցուցանակ չկա, որ ցույց տա, որ մոտակա բնակավայրը Զոդն է: Հաճախ մարդիկ հարցնում են, թե որտեղ է Զոդը: Մեկ-մեկ մտածում եմ, որ հենց ցուցանակը հայտնվի, Զոդում կյանքը կսկսի փոխվել:

Դասընթացներ, որ փոխեցին իմ կյանքը

Իմ` լուսանկարչության հանդեպ սերը ավելի մեծացավ սկսած 2013թ. հուլիսի 1-ից: Ամեն ինչ սկսվեց ընկերուհուցս` Տաթևից: Մի անգամ, երբ մեր սովորության համաձայն իջել էինք դուրս, ու Տաթևը մեզ ոգևորված պատմում էր, որ մասնակցել է Մանանա կենտրոնի կողմիվ Հրազդանում կազմակերպված մեդիա դասընթացներին, որտեղ դասեր են անցկացվում ժուռնալիստիկայի, կինոյի և լուսանկարչության մասին, ինձ շատ հետաքրքրեց: Ես խնդրեցի նրան ճշտել` հնարավո՞ր է, որ ես էլ մասնակցեմ: Համաձայնություն ստանալով` հաջորդ օրը նրա հետ գնացի: Ծանոթանալով` ստացա հարցաթերթիկ, որը պետք է լրացնեի: Հարցերից մեկը մինչև հիմա էլ մնացել է հիշողությանս մեջ, որին երկար ժամանակ չէի կարողանում պատասխանել: Գրված էր. Ձեր սիրած լուսանկարիչը, ու ես երկար ժամանակ չէի կարողանում պատասխանել, ոչ թե այն պատճառով, որ նրանք շատ էին, այլ այն պատճառով, որ ես լուսանկարիչների չգիտեի: Մինչ այդ երբեք չէի հետաքրքրվել պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ և չէի էլ մտածել, որ մի օր լուսանկարչությունը կդառնա իմ կյանքի անբաժանելի և, թերևս, ամենասիրելի բանը: Եվ ես որոշեցի գրել այն միակ լուսանկարչի անունը, որ գիտեի` Ջիլս Բենսիմոն, որի անունն էլ լսել էի հեռուստաշոուի ժամանակ: Մինչ այս դեպքը, մինչ Մանանա կենտրոնին անդամակցելը, ես միայն սիրում էի նկարել երկինքը` այն էլ միայն սիրողական, բայց ստանալով հնարավորություն` տեսնելու, թե ինչքան հետաքրքիր է մարդկանց նկարելը, և ինչքան բան կարելի է ասել ընդամենը մեկ դիմանկարով` դիմանկարը դարձավ իմ ամենասիրելի ժանրը:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի
Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի
Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի