Ինձ ամենից շատ հուզում է այն հարցը, որ Թալինում գտնվող հակակարկտային կայանքը կառուցվել է քաղաքի արևելքում՝ տների մոտ: Այդ շրջանում բնակվող բնակիչները դժգոհում են, որ կայանը կառուցվել է իրենց տներին շատ մոտ: Կայանն աշխատում է 24 ժամ: Այս կայանը օգնում է այն ժամանակ, երբ մռայլ կարկտաբեր ամպերը հավաքվում են, և բերքին վտանգ է սպառնում: Այդ ժամանակ կայանը սկսում է ավտոմատ ձևով կրակել և ամպերը ցրել: Սակայն շատ դեպքեր են եղել, երբ այդ կրակոցները չեն օգնել, և ամբողջ բերքը վնասվել է: Այդ կրակոցները լսվում են բարձր և երբեմն բնակիչներին թվում է, թե երկրաշարժ է կամ պատերազմ, և վախենում են: Երեխաները կրակոցների ժամանակ դուրս չեն գալիս իրենց տներից: Մի անգամ ես հարցրել եմ կայանի տնօրենին, թե ինչո՞ւ կայանը հենց քաղաքում են կառուցել, տներին այդքան մոտ: Չէ՞ր լինի ավելի հեռու կառուցեին, դաշտերին մոտ: Կարկուտւժի վնասը քաղաքին այդքան մեծ չի լինի, իսկ գյուղացիների դաշտերին ավելի օգուտ կլիներ: Նա խոստացել է, որ մի օր, որ ազատ ժամանակ ունենա, ինձ անպայման կբացատրի, թե ինչպես է աշխատում հակակարկտային կայանը:
Հայրեր և որդիներ
Իմ հերոսն իմ հայրիկն է՝ Սահակյան Ռոմանը: Նա աշխատում է փրկարար օգնության անձնակազմում, փոխգնդապետ է: Սակայն, վթարի և արտակարգ դեպքերի ժամանակ նա անձնակազմի հետ միասին մասնակցում է գործողություններին: Շատ դեպքեր են եղել, երբ հայրիկս գիշերվա ժամը չորսին գնացել է և վտանգելով իր կյանքը փորձել է փրկել տարբեր մարդկանց: Երբ նա գիշերը տուն է գալիս, աշխատում է տան վերանորոգման վրա, ոչ թե քնում է: Ես միշտ փորձում եմ օգնել հայրիկիս այն ամենով, ինչով կարողանամ: Իսկ երբ ժամանակ է ունենում, նա նաև մեր դասերն է ստուգում:
Հայրիկս ինձ համար տղամարդու վառ օրինակ է, և ամեն պահ, ամեն հարցում պատրաստ է ինձ օգնել և ճիշտ խորհուրդներ տալ: Ես հպարտանում եմ իմ հայրիկով: Նա ինձ սովորեցրել է, թե ինչ պետք է անել հրդեհի, երկրաշարժի, վերելակի խափանման, կայծակի, ամպրոպի ժամանակ: Ինչպես նաև ինձ սովորեցրել է, թե ինչպես ինձ դրսևորեմ դրսում: Տանը նա խիստ և պահանջկոտ հայր է, բայց մի պահ նա բարի է դառնում: Տատիկիս, պապիկիս, մայրիկիս համար հայրս շատ սիրելի և օրինակելի մարդ է: Եվ նրանք ոլորը ցանկանում են, որ ես նմանվեմ հորս:
Ալեքս Սահակյան, 13տ
Երբեմն իր պահվածքով շատ դաժան և խստապահանջ, այսպիսին է իմ հերոսը՝ հայրս: Հայրս մեր տան սյունն է, որի ամրության վրա չեմ համարձակվում կասկածել: Նա աշխատում է, միաժամանակ հետևում դասերիս, օգնում մայրիկիս տան գործերում: Հորս բնավորության գծերից առանձնացնում եմ եռանդունությունը, խստապահանջությունը, աշխատասիրությունը, որոնք ես չեմ ժառանգել: Ինձ համար հենց նա է տղամարդու իդեալը: Հայրս ինձ միշտ նախատում է իմ ամեն փոքր սխալի համար, ինչի շնորհիվ էլ ես ձևավորվեցի որպես մարդ: Հայրս իմ հետ անկեղծ է, իսկ ես՝ երբեմն ոչ: Երբ հայրս տխուր է լինում, ես չեմ կարողանում ուրախ լինել: Հայրս տարօրինակ ազդեցություն ունի ինձ վրա, բայց նա իմ հերոսն է:
Ալեքսան Ջհանգիրյան, 13տ.
Երջանիկ մարդու երջանիկ օրը
Ո՞րն է երջանիկ մարդու ամենաերջանիկ օրը:
Ես երջանիկ եմ, երջանիկ եմ նույնիսկ այն բանի համար, որ կարողանում եմ մեծ ոգևորությամբ ասել այդ բառերը: Երևի իմ մեջ ապրող հուզմունքը, նեղսրտությունը, վիրավորանքը գլուխները կախեցին, քանի որ ես նրանց անուշադրության մատնեցի, չնայած այն բանին, որ նրանք ավելի մեծ են, քան երջանիկ օրերս: Երջանիկ օրերս կարող եմ թվարկել ժամերով: Գիտե՞ք ինչու են նրանք այդքան շատ, քանի որ ես երջանիկ եմ համարում և այն օրերը, որոնցում երջանիկ եմ եղել թեկուզ մի քանի վայրկյան: Հետաքրքիր է, մանկությունիցս շատ բան չեմ հիշում, բայց այդ օրը գամվել է ուղեղումս, ու եթե չեմ մոռացել, ապա չեմ էլ մոռանա:
Բոլորը աշխատանքի էին, տանը ես մենակ էի, իսկ այդ օրը բակում «դիմակահանդես» էր, ոչ թե ազնվականների դիմակներով, այլ կենդանական, դրանցով մենք հաճախ էինք միջոցառումներ կազմակերպում: Եվ քանի որ փոքր էինք, շենքի բոլոր մեծահասակները գալիս էին, որպեսզի մեզ ուրախացնեն: Մեր բակի միակ «կահույքը» մի փոքրիկ նստարան էր, այն էլ ուրախությունից ճռռում էր, քանի որ այդքան այցելուներ հաճախ չէր ունենում: Մի տատիկ կար, որին սկզբից չէի նկատել և չէի ճանաչում. մեր շենքից չէր: Նա չուներ նստելու տեղ, կանգնած էր, իսկ այդ միջոցառման բացման բանաստեղծությունը արդեն սկսել էի: Տեսնելով այդ տատիկին՝ կիսատ թողեցի բանաստեղծությունս, գնացի տուն (մեր տունը երրորդ հարկում էր, ուստի հանդիսատեսները երկար սպասեցին նախաբանի վերջին), վերցրեցի աթոռ ու իջա ներքև: Աթոռը տվեցի այդ տատիկին ու շարունակեցի բանաստեղծությունս…
Հենց այս օրն է երջանիկ մարդու ամենաերջանիկ օրը:
Մենք մարդ ենք

Լուսանկարը՝ Մերի Վարդանյանի
-Հիմա՛ր, չե՞մ ասել չխոսես:
-Խոստանում եմ, էլ չեմ խոսի, մենակ էլ մի խփեք:
Այսպիսի երկխոսության լսողն ու ականատեսն եմ եղել շատ անգամներ: Ուսուցիչը խփում է (շատ անգամ հայհոյում և վատ բառեր ասում) երեխային նրա համար, որ երեխան խոսում է դասի ժամանակ: Բայց զարմանում եմ, մենք մարդ ենք, մեզ տրված է մարդկային լեզու: Մի՞թե չենք կարող երեխային խոսքով հասկացնել, որ չի կարելի դասի ժամանակ խոսել և այլ ավելորդ բաներով զբաղվել: Հետաքրքիր է, արդյոք ուսուցչին թույլ տրվո՞ւմ է հարվածել երեխային, եթե անգամ երեխայի ծնողները նրա վրա ձեռք չեն բարձրացնում: Մի՞թե ուսուցիչները չեն մտածում, որ իրենց հարվածներից կարող է երեխային որևէ վնաս հասցվել, իսկ հայհոյանքները կարող են ազդել երեխայի հոգեբանության վրա, ինչը ապագայում երեխայի համար կարող է ստեղծել բազմաթիվ ու անդառնալի խնդիրներ…
Մեկ օր ճամբարում…
Դըփ… դըփ…դըփ…
– Падъем Падъем
Նորից Ռոբի ձենը.
-Ժողովուրդ ժամը անցավ, հելեք արագ:
Միանգամից հնչում է պատասխանը.
-Աա՜, դե թող մի քիչ էլ քնենք…
Մի քիչ բողոքելով, մի քիչ քնած վիճակ, բայց դե, վեր ենք կենում, լվացվում, գնում նախավարժանքի: Ինչպես հասկացաք, մենք ճամբարում ենք: Ճամբարը կազմակերպվում է 1995 թվականից սկսած: Նպատակը` պահպանել խաղաղություն Հարավային Կովկասի ժողովուրդների միջև: Ամեն տարի Հայաստանից մեկնում 15 հայ պատանի մասնակցում է Վրաստանում կազմակերպվող ճամբարին: Դրանից հետ արդեն Հայաստան են գալիս 30 վրացի պատանիներ` մասնակցելու ճամբարի հայաստանյան փուլին: Հայաստանի ճամբարը տեղի է ունենում «Լույսի Տուր» հյուրանոցային համալիրում: Ցավոք, այս տարի վրացիներ չեկան: Տևելով 10 օր, այս ճամբարի առօրյան հագեցած է խաղերով, սեմինարներով: Կար մի հետաքրքիր խաղ, որը խաղում էին նույնիսկ կազմակերպիչները, այդ խաղը տևեց 8 օր, կոչվում էր «Գաղտնի ընկեր»: Երկրորդ օրը գաղտնի վիճակահանությամբ ընտրվեցին զույգեր, բայց ոչ ոք չգիտեր, թե ով ում զույգն է: Պատին փակցված էր թուղթ. որի վրա գրված էր բոլորի անունները, ամեն օր ամեն մեկը իր գաղտնի ընկերոջը նվերեր էր տալիս. կամ տողեր էր գրում. այդ ամենը պետք է փակցնեին իրենց ընկրոջ անվան դիմաց, եթե նվերը ծանր էր լինում, ապա տալիս էին մեկին, որ փոխացնի: Ջոկատավարների իմացությունը և երեխաների ակտիվությունը ավելի հետաքրքիր է դարձնում առօրյան: Նույնիսկ կա հատուկ ժամ ռուսերենի համար: Ճամբարում մեր ամենասիրելի հատվածը սկսվում է ռուսերենից հետո: Միասին գնում ենք լողավազան, բայց այս անգամ աղջիկները խախտեցին հին հայկական «ավանդույթը»` գնացին լողալու տղաների հետ: Այդ օրվա հերթապահ ջոկատը 15 րոպե շուտ է դուրս գալիս լողավազանից և գնում ճաշարան` հերթապահության: Ճաշից հետո սկսում են սեկցիաները:
Ընդհանոր ճամբարը բաժանվում է 3 սեկցիաների՝ լրագրություն-դրամա, ձեռագործություն, երգ ու պար: Ժուռնալիստ-դրամատուրգները գրում են երեկոյան միջոցառման ծրագիրը: Երգ ու պարի սաները երգում և պարում են այդ օրվան համապատասխան, իսկ այ, ձեռագործի սեկցիայի սաները կարում են այդ օրվան համապատասխան շորերը, մնացած պարագաները: Հա, քիչ էր մնում մոռանայի, յուրաքանչյուր օր ուներ իր թեման՝ հումոր, սպորտ, մոդա, կինո և այլն: Ահա եկավ ժամը 19:00, գնացինք ընթրելու: Ընթրելուց հետ շարունակում ենք պատրաստվել: Արդեն երեկոյան ժամը 21:00 է, սկսվում է միջոցառումը: Ոմանք ասմունքում են. Ոմանք` պարում, երգում: Եթե ժուռնալիստ-դրամատուրգները մտածած են լինում բեմականացում, ապա ցուցադրվում է: Իսկ ամենավերջում օրը եզրափակվում է դիսկոտեկով կամ կինոդիտմամբ: Վերջ, բարի գիշեր: Նորից առավոտ, նորից` վերկաց, նախավարժանք, նախաճաշ, լողավազան և այլն:
Իհարկե, այսքանով չի ավարտվում մեր արկածները «Լույսի տուր» ճամբարում, որոնց մասին` հաջորդիվ:
Ստալինը և մենք
(Խին–խին պաներ. մաս 3)
Պատմությունը չափազանց հակասական ու ոչ ստույգ երևույթ է: Եվ հաճախ մեզ է հասնում զուտ այս կամ այն պատմաբանի կամ պատմիչի սուբյեկտիվ կարծիքը՝ համապատասխանեցված տվյալ ժամանակաշրջանի գաղափարախոսությանը:
Իրականում պատմություն ստեղծողը ժողովուրդն է: Ու միայն ինքը կարող է տալ տվյալ ժամանակաշրջանի կամ պատմական կերպարի ճիշտ գնահատականը: Այսպիսով, ներկայացնում եմ ստալինյան պատմությունների շարք՝ պապիս մեկնաբանությամբ՝ որպես ամենաժողովուրդ: Պատմություններ պատմական ամենաքննարկվող կերպարներից մեկի՝ Ստալինի մասին, ում մասին « անտառի մեջ մենակ քելիր, չիր կանա վատ պան ասիր, քյըրվիր: Մեկըն կլսեր կտանին կաքսորին: Խառնիսի վախտ, որ մե քյավորըն հառճի բաժակըն հայր Ստալինի կենացըն չխմեր կպռնին կտանին: Վայ ընդուն, ում տան վերի կլխի պատից Ստալինի նկարըն կախուկ չըլներ կամ մե քիչ ճմրթուկ ըլներ. աքսոր կամ գնդակահարություն…»:
Մի խոսքով, Ստալինը և մենք` ես, պապիկը, Զարդոյ Քեղամը, բրիգադիր Սերոժը, Փնոյ Սպարտակը և մնացածը…
«Այսքան ուրախ կյանքը մեր, ընկեր Ստալինն է տվել»…
-…Ցուրտ, մութ տարիներն ին…Հա՛մ ցուրտ, հա՛մ սոված: Քրջոտ, խին տելեգրեյկով, պենջկով, պրծուկ չարոխներով, փետից գրիչ, թելով կապուկ ծեր, դե էն վախտ գրիչ չկար, թելով կապում ինք, որ չփռթներ ընգներ, ճրագի վրեն թանաք ինք սարքում, էթում ինք դբրոց: Մե խատ փետի փեճ ինք դրե, ցան ինք տանում, վառում: Օր մեկս դնում ինք կյրքերի արանք, տանում ինք, վառում: Տո, կյիրք ե՞րբ կար էն վախտ: Մե էրկու խատ ճղուկ-մղուկ թուղթ ին էլի…
Հենց դասատուն կմըտներ դասարան, հմեն կըսկվին: Ժանետա Էլիբեկյան, լավ էլ հիշում եմ, ռնդամալցի էր: Ասում էր. «Բա՛րև ձեզ, երեխաներ»: Կասինք. «Բաաաա՜՜՜՜րև Ձեզ: Փա՜՜՜՜ռք ԸՆԳԵՐ ՍՏԱԼԻՆԻՆ»: Կասեր. <<Մեր առաջին տասըն երգի դաս ա>>: Ցուրտ, սոված, ծեռններս կապտեր, բայց.
…Այսքան ուրախ կյանքը մեր,
Ընկեր Ստալինն է տվել,
Ջան Ստալին, ջան Ստալին,
Ջանս քեզ ղուրբան, Ստալի՛ն…
Ես Ստալինից վատ պան ե՞րբ եմ տեսե…
Я не белый, я не красный, я ничего не знаю…
Պապիկս շարունակում էր ինձ պատմել ստալինյան պատմությունների իր շարքը, երբ հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ մեր հարևան Վարդուշը:
-Վայ, բա՛րև, Վարդուշ քուրիկ: Ինչ լավ ա էկար: Արի, արի հենց ճիշտ ժամանակին ես էկել,- ասացի ես ուրախացած՝ նրան դռների մեջ տեսնելով:- Վարդու՛շ քուրիկ, կարո՞ղ ա Ստալինի մասին տատիկիցդ կամ պապիկիցդ մի բան լսած լինես, մի բան էլ դու պատմես գրեմ:
-Ստալինի՞,- շփոթվեց հանկարծ մեր հարևանուհին,-ես ի՞նչ գիտեմ: Ես բան էլ չգիտեմ: Ինտերնետով, որ կանչես, չի՞ գա:
-Վարդու՛շ ջան,- մեջ մտավ պապս,- կամպուտըրըն ըտենց պաներ չի գիդի: Ամենակարևոր պաներըն կամպուտրով չես հիմնա:
-Դե, ասենք լավ մարդ ա եղել, վատ մարդ ա եղել…-սկսեցի բացատրել ես,- տատիկդ, պապիկդ ի՞նչ էին ասում էն ժամանակ:
– Հա,- վախեցած ու խուսափողական սկսեց զրուցակիցս: Կարծես նրա մեջ արթնացավ գեներով փոխանցված ստալինյան վախը:
– Ասում էր` լավ մարդ ա: Ճիշտ չե՞մ ասում, Վարազ ձաձա:
-Էտ իմա՞լ էր լավ մարդ է,- բարկացավ մի պահ պապս,-Հա կասեն` խա: Չարի մըկա փորս սովատութնե կմրմռա:
-Դե էն վախտ չկար, կռիվ էր: Ըտենց մի ասա, էլի, Վարազ ձաձա,- սրտնեղեց Վարդուշը:
-Ի՞նչ կռիվ է…Մահանա են պռնած պատերազմը: Ընչի՞, որ ես էրկու խատ կով պախեմ իրա աշկըն կխանե՞մ: Մե խատ կովից ավել չին թողե պախին: Ես էր կպախիմ, կչարչրվիմ: Խո իրան նեղություն չի՞մ տե: Պահ, պահ, պահ…Իմալ էր կկյովին Ստալինին: Ըտու խմա էլ սաղ կասին` լավ մարդ ա: Երգին կապե վրեն: Նոր տարվան կերգին.
Հայր Ստալին, թանկագին,
Մեր առաջնորդ, մեր անգին,
Ամեն մեկիս մի նվեր,
Ընկեր Ստալինն է տվել…
-Ես Ստալինից վատ պան ե՞րբ եմ տեսել,- վերջացրեց հաստատ տոնով մեր հարևանուհին՝ հավատարիմ մնալով ստալինյան ավանդական գաղափարախոսությանը:
Արդարադատ ընկեր Ստալինը
-Նոր տարվա մոտերըն էր: Հլը տուն չինք էկե. խոպան ինք: Առավոտ պըտի ընգնինք ճամփա: Ես ի, Սպոն էր, Սերոժն էր, կճանչընա՞ս… Ըտենց կխմանք, որ առավոտ ընգնենք ճամփա: Մեկ էլ մե էրկու ժամից հետո տենանք Սպոն չի էրևա: Բրիգադիր Սերոժըն ասեց. «Գյա՛, մե կյացեք ման էկեք տեսեք էտ մարդըն ուր կընաց: Խմուկ էր…»: Կյացինք տեսանք` չոքե Ստալինի արձանի մոտ լաց ա կըլնի, կասի. «Ընկեր Ստալին, ընձի չեն թողե էթամ մեր տուն…» : Բա, էն ժամանակ ըտենց էր: Հմեն կվախենին Ստալինից, բացի…
…Բացի Բաղրամյանից
-Էն ժամանակ հմեն կվախենին Ստալինից, բացի Բաղրամյանից: Մենակ էնի չէր վախենե, մոտըն մըտներ: Կասեն մե օր Ստալինը ժովող ա կանի, հմեն գեներալների ծրագիրներըն կհիշկա, չի խավնի: Կասի. «Կացեք, փոխեք»: Բաղրամյանը կմտնի մոտ, էլի նույն ծրագիրըն կխանի, կըտնի սեղանին: Ստալին կասի. «Ընչի՞ չես փոխե»: Կասի. «Ես իմ ծրագրի վրեն վստահ եմ: Չեմ փոխե, վերջ»: Ստալին կվերու կասի. «Մոլոդեց արմյան», կկյովա էլի: Բա, ըտուն Բաղրամյան կասեն:
Ընկեր Ստալինին պատարագ
– Հիցուն իրեք թվի մառդի վեցըն էր՝ կհիշեմ: Դեպուտատի ընտրություն էր էտ օր: Ժովող էր կանին: Ես էտ վախտ ջահել տղա իմ: Մեր բրիգադիր Զարդոյ Քեղամն էր: Լաց էր կըլներ: Ընձի ասեց. «Ընկեր Ստալինը մեռեր ա: Մաց ըստե, ոռդկներին հիշկա, մենք էթանք գրասենյակ ժովող»: Ասի. «Յա, ի՞նչ անեմ, ջանդմին, թե չի մեռե: Ես կեթամ ճժերի խետ խաղամ. քյար շպռտենք Զանգուն»: «Ոնց թե, էշի քուռակ, ընգեր Ստալինը մեռել ա, դու տրնգի ես խաղում: Կզարկեմ կըլնես ԸՆԳԵՐ ՍՏԱԼԻՆԻՆ պատարագ»: Ըսկի զատ էլ չասի. փախա:
Ընգեր ՍՏԱԼԻՆՆ էլ մեռավ…
-Ճոչ մարդեր խառնված ին հիրար, լաց էր կըլնին. ընգեր Ստալինը մեռեր էր:Ով չի լաց ըլներ, տանին պռնին: Ասեյ` ո՞վ պըռներ…էլ Ստալին չկար: Էն խին վախըն էր վըրներըն: Լենինի նման մարդըն մեռավ, ըսկի լաց չելան վրեն: Կասին` Բերիան ա Ստալինին թույնե: Եսիմ, կասին` հինքն ա թույնե, թե կնիկն ա թույնե. չեմ գիդե: Երգ ին կապե, կասին.
Էշի կաշկեն գալիս ա,
Բերիան մեջըն լալիս ա:
Մի՛ լաց, դավաճան Բերիա,
Հիմի մահըդ գալիս ա:
Հընգեր Ստալինից հետո վեց ամիս Մալենկոն թագավոր կայնավ: Ստալինի վախտ մե կովից հավել պան չիր կանա պախե: Հանցագործ պան էր: Մալենկոն էկավ, հարկերըն վերացրեց. յուղի մթերում վերացրեց, ծվի մթերում վերացրեց, հմեն վերացրեց: Ասեց` իրավունք կա քըսան ոչխար, էրկու կով պախել: Ժողովուրդըն կյովեր, կյովեր, կյովեր Մալենկոյ: Ստալինի երգերըն սաղ մոռացվան, կընացին: Հմի ուրիշ երգ էր կերգին.
Քըսան ոչխար, էրկու կով
Կեցցե ընկեր Մալենկոն…
Չլինեի ես, չէին լինի քրոջս առավոտները
-Վեներա, այ Վեներա, Վեներա ջան, արթնացի, ջան,- համարյա երգելով շշնջում էր քույրս իմ ականջին, իսկ ես ավելի եմ ամուր գրկում վերմակս ու աչքերս փակում:
-Վեն, հոգնեցի արդեն, դե արթնացի , վա՜յ,- առավոտյան 7-ն է, և ես քրոջս արդեն նվիրում եմ զայրանալու պատճառ:
– Հա, ըհը…հեսա… հաա, – քրոջս չարհամարհելու համար ասում եմ ամենաքիչ բերանի շարժում պահանջող բառերը:
-Լավ , Վեն ջան, դե ես գնամ թեյ պատրաստեմ, դու արդեն հագնվի, – ասաց քույրս ու չիմանալով , որ տաս րոպե հետո արդեն շատ բարկացած ասելու է.
-Աաաա,Վեն , դե արդեն հոգնեցի է, էլի սփռոցին թափեցիր էս թեյը, հերիք ա, մտածված ե՞ս անում,- չգիտեմ ինչու` վերջերս միշտ պատահմամբ շրջում եմ իմ թեյի բաժակը, և քույրս այդ այդ ամենը հավաքելով, միշտ կիսատ է թողնում նախաճաշը:
-Ես արդեն գնամ դասի, հա՞,- ինքս ինձ վրա շատ բարկացած ասացի քրոջս, ու մեղավորության արցունքներ էին հայտնվել աչքերիս:
Արագ դուրս եկա տնից, նստեցի երթուղային ու այնտեղ գիրք էի կարդում, քրոջս նվիրած գիրքը:
Դպրոցում արդեն երրորդ ժամն էր, երբ ես մոռացած այդ ամենի մասին երգ էի լսում, երբ հանկարծ կարդացի քրոջս ուղարկած հաղորդագրությունը,- «Այ Վեն ջան, ինչի՞ ես լացում է, իմ առավոտները առանց սփռոց մաքրելու ու քո վրա ջղայնանալու անհնար ա, այ ջան, չտխրես հանկարծ, դու Վեներան ես, չէ՞»:
Համակարգչի փոխարեն գրատախտակ
Մեր դպրոցում չկան համակարգիչներ ինֆորմատիկայի դասերն անցկացնելու համար: Սկզբում համակարգիչների կեսն աշխատում էր, և մենք անում էինք մեր դասերը համակարգչային սենյակում: Իսկ հիմա մեր բոլոր համակարգիչները չեն աշխատում: Մեր դասերը ուսուցիչը մեզ բացատրում է գրատախտակի վրա: Ճիշտ է, այդքան էլ հաճելի չէ, բայց մենք սովորում ենք մեր դասերը հաճույքով: Մենք սովորում ենք մեր դասերը մեր տան համակարգչով անել և միշտ պատրաստ ենք դասերին: Բայց կան երեխաներ, որ տանը համակարգիչ չունեն, և շատ բան չեն հասկանում: Լավ կլիներ, եթե մի օր այդ համակարգիչները վերանորոգվեին: Այդ ժամանակ բոլորս կարող էինք ձեզ նամակներ գրել էլեկտրոնային փոստով: Իսկ հիմա շատերը չգիտեն, թե ինչպես նամակ գրել էլեկտրոնային փոստով:
Կարատեն, հայրիկս և ես
Կարատեն արդեն տասնհինգ տարի է` գործում է Կապանում: Դպրոցում կա ութսուն աշակերտ: Այս սպորտաձևը ունի շատ բարդություններ, բայց երեխաները սիրով են հաճախում: Կարատեի կարող են հաճախել հինգ տարեկանից սկսած: Կարատե պարապելու համար պետք է նաև հատուկ համազգեստ ունենալ: Սպորտդպրոցը շատ լավ վիճակում է, բայց հովանավորներ չունի: Կարատեի մեր խումբը մրցումների է գնում Եղեգնաձոր, Վայք, Երևան: Լինում է, որ նաև ուրշի տեղերից են գալիս մեզ մոտ՝ մրցումների: Ես էլ եմ հաճախում կարատեի: Սպորտաձի նկատմամբ սերը սերմանել է իմ հայրիկը, որը կարատեի մարզիչ է:
Ես շատ կուզեի շարունակել հորս գործը: Կցանկանայի դառնալ մարզիկ: Որոշել եմ սովորել ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում՝ կարատեի գծով: Բուհն ավարտելուց հետո կգամ Կապան ու կշարունակեմ հայրիկիս գործը: Որոշել եմ, երբ մեծանամ, մարզադպրոց կկառուցեմ: Ես, նայելով իմ հայրիկին, արդեն պատկերացնում եմ իմ ապագան: Գիտեմ, որ սպորտը դժվար է, բայց ես սիրում եմ պայքարել դժվարությունների դեմ:
Լավագույն վավերագրական ֆիլմ
Խորվաթիայում հունիսին կայացած «Four River» միջազգային կինոփառատոնում «Մի Սիրո Պատմություն» ֆիլմը արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին։
Շնորհավորում ենք ֆիլմի հեղինակներին` Վահե Սուքիասյանի գլխավորությամբ, եւ մաղթում նորանոր հաջողություններ։
Ի դեպ, նույն փառատոնում Մանանա կենտրոնի մեկ այլ ֆիլմ՝ «Անտեսանելի սահմանները» ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմ։