Իմ ամենասիրելի մարդը

Հիշում եմ, երբ փոքր էի, իմ հայրական կողմի տատիկ-պապիկիս հետ էինք ապրում: Շատ էի սիրում նրանց երկուսին էլ, բայց հիմա իմ մեջ ավելի խոր հետք է թողել պապիկս, որին ես երբեք չեմ մոռանա: Նա մահացել է մոտ երկու տարի առաջ իննսուն տարեկան հասակում: Անունը Ռուբեն էր։ Հիշում եմ, պապիկս մեծ դժվարությամբ էր թողնում, որ բացակայեմ Ճամբարակից, միշտ ասում էր. 

-Չէ, մի գնա, մի թողեք՝ գնա երեխեն, ճանապարհին թուրքերը կկրակեն ավտոբուսին, մի թողեք՝ գնա։

Նրա մեջ դեռ ապրում էին թուրքերի հարձակումները։ Նա մասնակցել է Հայրենական պատերազմին ու միշտ ասում էր.

-Հիշում եմ, մտանք Բեռլին, մինչև Բեռլին հասել եմ։

Գիտե՞ք՝ ինչ հաճույքով էի լսում նրա պատմությունները, ցույց էր տալիս իր մեդալները և պատմում։ Հիշում եմ նաև՝ մենք երեք թոռնիկներ էինք, նա մեզ առանձնացնում էր բոլորից, մենք ունեինք յուրաքանչյուրս մեր բնավորությունը: Ամեն առավոտ արտասանում էինք, ես միշտ սկսում էի.

-Պապիկ, բարև, ո՞նց ես։ Ասե՞մ բանաստեղծությունս։

-Անուշ, դո՞ւ ես, լույս բարի, լավ եմ, լավ, հա, ասա, լսում եմ…

Հիշում եմ ժպիտը, ժպտում էր, և ես սկսում էի. «Դպրոցի ճամփան դժվար է, երկար…»: Հետո հեռացանք նրանցից, առանձին տանն էինք ապրում, բայց դա ինձ չէր խանգարում. ամեն առավոտ վազում էի պապիկիս տուն, մտնում նրա սենյակ, որպեսզի առաջինը ես բարի լույս ասեմ…

Անցան տարիներ… Մի օր էլ գնացի, ասացին, որ պապիկս հիվանդ է: Չէ, բայց ես զգում էի, որ նա ուղղակի հիվանդ չէ, նա թեկուզ անկողնային էր, բայց միշտ առույգ էր ինձ հետ…

Անցան օրեր, լսում էի թաքուն խոսակցություններ, որ նա մահանում է, բայց ես օրերս անցկացնում էի նրա մահճակալի կողքին: Մի օր արթնացա և կրկին գնացի: Սարսափելի էր այդ առավոտը. պապիկս ծայրահեղ վիճակում էր, գոռում էի.

-Չէ՜, չեմ ուզում, չեմ ուզում պապիկս մահանա, չէ՜…

Բոլորն ասում էին.

-Չէ, չի մահանա, ուղղակի հիվանդ է, էլի կառողջանա, շուտով բժիշկը կգա ու դեղեր կնշանակի…

Բայց ես հասկանում էի՝ ինչ է կատարվում…

Մոտ երեք օր լացով էին անցնում օրերս, չէի ուզում կորցնել նրան… Նա մահացավ… Ինձ համար սարսափելի էր այդ ամենը… Մահվանից հետո էլի բնազդաբար վազում էի նրա սենյակ, բացում դուռը և տեսնում դատարկ սենյակը: Պապիկս ինձ համար ամեն ինչ էր: Հա, մոռացա ասեմ, մահանալուց առաջ հորաքույրներիս ասաց.

-Անուշին լավ կնայեք, նա ձեր քույրն է, և ոչ թե եղբոր աղջիկ…

Տատիկս էլ ասում էր.

-Քո աղջիկներից մեկն է, լավ կնայենք…

Պապիկս ինձ համար ամեն ինչ էր…

 

«Էվրիկա»` իմ դպրոցը

Հարցազրույց Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր Արմեն Ծատուրյանի հետ

ՀՀ կառավարության որոշմամբ 2001 թվականի օգոստոսի 29-ին Վանաձորում բացվեց մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ գիշերօթիկ դպրոցը (4 դասարանով), որը հետագայում (2003թ.) ձեռք բերեց հատուկ դպրոցի կարգավիճակ:

Դպրոցում գործում է 10 դասարան՝ 190 աշակերտով: Դպրոցն իր տեսակի մեջ առաջինն է ու միակը Լոռու մարզում, որտեղ խորացված ուսուցանվում են մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն,

քիմիա առարկաները: Դպրոցի աշակերտները հանրապետական տարբեր օլիմպիադաներում ունեցել են ակնառու և նշանակալից հաջողություններ: Ընդհանուր առմամբ, նրանք ստացել են 420 մրցանակ՝ 51՝ 1-ին, 84` 2-րդ, 123` 3-րդ կարգի դիպլոմ, 162՝ գովասանագիր:

- Ե՞րբ և ու՞մ կողմից հիմնադրվեց դպրոցը:

- Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը, որի ոչ պաշտոնական անվանումն է «Էվրիկա», հիմնադրվել է 2001թ. օգոստոսի 29-ին ՀՀ կառավարության կողմից: Դպրոցը նպատակ ունի անցկացնել խորացված ուսուցում մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից՝ ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն:

- Ինչո՞վ է տարբերվում «Էվրիկան» մնացած դպրոցներից:

- Տարբերվում է նրանով, որ հատուկ դպրոցի կարգավիճակ ունի, և կատարվում է խորացված ուսուցում վերոնշյալ առարկաներից: Դա նշանակում է, որ այդ առարկաների ժամաքանակն ավելի շատ է, և անց են կացվում դասապատրաստումներ, գործում են խմբակներ:

- Հիմնականում ո՞ր առարկաներից եք մասնակցում օլիմպիադաների:

- Մասնակցում ենք մաթեմատիկայի և բնագիտական առարկաների տարբեր  օլիմպիադաների՝ միջվարժարանայինից մինչև միջազգային: Արդեն մասնակցել ենք 11 միջազգային օլիմպիադաների՝ Վիետնամում, Կորեայում, Ուզբեկստանում, Ռուսաստանում, Անգլիայում, Ուկրաինայում, Խորվաթիայում, Արգենտինայում և այլ երկրներում:

- Հիմնականում ո՞ր առարկաներից եք ունենում հաջողություններ:

- Բոլոր բնագիտական առարկաներից ունենում ենք հաջողություններ, սակայն գերակշռում է քիմիան, որից հետո՝ մաթեմատիկան:

- Իսկ մոտ ապագայում կա՞ն օլիմպիադաներ, որտեղ Դուք ունեք Ձեր ներկայացուցիչները:

- Առաջիկայում հանրապետական օլիմպիադայի մարզային փուլն
է: Դպրոցում շուտով կսկսվի ներդպրոցական փուլը: Փետրվարին մասնակցելու ենք նաև Մոսկվայի տնտեսագիտական բարձրագույն դպրոցում անցկացվող օլիմպիադայի, որին մասնակցողները հանգստանում են ամառային ճամբարում, իսկ հաղթողները սովորում են այդ դպրոցում:

- Ի՞նչ հիմնախնդիրներ ունի դպրոցը:

- Մեր դպրոցի ամենամեծ հիմնախնդիրը տարածքի հարցն է: Դպրոցը՝ լինելով առաջնակարգ, այդ հաջողություններին հասնում է շատ սուղ աշխատանքային պայմաններում: Դպրոցը չունի քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներ, ֆիզկուլտուրայի մարզադահլիճ: Այսօր շատ կարևոր է ժամանակակից, ընդարձակ և տեխնիկապես հագեցած շենքի կառուցումը:

- Ի՞նչ կցանկանայիք փոխել դպրոցում:

- Կարծում եմ, որ այսպիսի դպրոցների ուսումնական ծրագրերում պետք է ավելի շատ դասաժամեր հատկացնել բնագիտական առարկաներին, ինչպես նաև օտար լեզուներին, քանի որ մեր աշակերտները սովորում են նաև աշխարհի տարբեր երկրներում:

2007թ. դպրոցն ընդգրկվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցող հանրապետության ուսումնական հաստատությունների ցանկում՝ հաշվի առնելով դպրոցական առարկայական օլիմպիադաներում աշակերտների հաջողությունները:

 

Ես ու հայրս

Հայրս ու իր մասին բոլոր հիշողություններն ինձնից անբաժան են: Հիշում եմ, երբ փոքր էի, հայրս, ինձ ու եղբորս մանկապարտեզից վերցնելով, տարավ մեր քաղաքի ամենամեծ խանութը և մեզ համար գնեց մեր սրտի ուզած խաղալիքները: Իսկապես շատ էի ուրախացել… Չգիտեմ, հորս հետ կապված ամեն մի հուշ ինձ տանում է իմ մանկություն: Չափից շատ եմ հարգել հորս՝ վախենալու չափ: Հիշում եմ, որ մեր խանութի դիմացով վախով էի քայլում ու երկար նայում իր ուղղությամբ, որ բարևեի: Մի անգամ կողքի խանութի աշխատակցուհին ինձ կանչեց և հարցրեց, թե ինչու ուրիշ երեխաների պես հորս չեմ գրկում, իսկ ես ամոթից գետինը մտա, որովհետև հորս անունը լսելիս ես կարծես վախենում էի: Հիմա եմ խոստովանում, որ նրանից վախեցել եմ, և մեր հարաբերությունները չեն եղել այնպիսին, ինչպիսին բոլոր հայրերի ու դուստրերի միջև են:

Ինձ համար մեր հարաբերությունները նման են արհեստական սառույցի կույտի, որը մի վայրկյանում ջարդվեց… Այդ օրը գնացել էինք հիվանդանոց՝ հորս տեսնելու: Վիրահատությունից հետո առաջին անգամն էր, որ հայրս մեզ տեսնելու էր: Չեմ կարող  նկարագրել այն զգացումը, որ ունեցա այդ պահին: Հայրս ինձ ամուր գրկեց և համբուրեց: Կարծես այդ մի քանի րոպեում նա լրացրեց այն բացը, որն առաջացել էր մինչ այդ: Կյանքիս ամենաերջանիկ պահերից մեկն էր՝ չնայած հայրս այդ վիճակում էր:

Ես սկսեցի հորս ավելի շատ սիրել և սիրում եմ այժմ: Ճիշտ է, անունս Արփինե է, բայց նա միակն էր, ով ինձ «չամիչ» էր ասում… Ես նրա չամիչն էի…

Հպարտանում եմ նրանով, որովհետև նա շատ լավ հայր էր…

 

Գյումրի

Գյումրի՝ քաղաք Հայաստանի հյուսիս-արևմուտքում:

Իյա~, էդ օ՞վ ըսավ, օր Լեննագանը Հայաստանի հյուսիս չէ, էն էլ հյուսիս-արևմուտքում է. Լեննագանը աշխարհի կենտրոնը էղել է, աշխարհի կենտրոնն էլ կմնա, երկրագունդն էլ Լեննագանի շուրջը կֆռռա, կամ սպասե,  սպասե, մեր Պոլոզը ավելի լավ է ըսէ.

«Աշխրհքի իսկագան կենտրոնը Լեննագանն է, հմը շատ պետություններ չտեսնելու կուտան…»:

Այո´, թե գյումրեցու, ներողություն, ներողություն, լեննագանցու կհանդիպես, մեկ էլ նման բաներ չասես, որովհետև շա~տ կջղայնացնես ադաթով լեննագանցուն:

Եվ, իրոք, գյումրեցին իր վարք ու բարքով, նիստուկացով, բարբառով, երգ ու պարով, անթիվ-անհամար հետաքրքիր պատմություններով իսկական մաքրարյուն հայ է հիշեցնում, ով անցել է բազմաթիվ փորձությունների միջով, բայց անկոտրում է մնացել…

Մենք՝ գյումրեցիներս, խոսում ենք հրաշակերտ մի բարբառով, որն ավելի մոտ է գրական հայերենին, քան այդպիսին թվացող շատ բարբառներ:

Օրինակ՝ միայն մեր բառապաշարում կհանդիպես այնպիսի բառեր, ինչպիսիք են, ասենք, չախլամա, որ նշանակում է թան, փուրչուլուխ՝ գազար, կնիկ մարդ՝ կին, թոմարի՝ բոլորը, զաբուն՝ նիհար, ցվետնո՝ ծաղկակաղամբ, փեշկիր՝ սրբիչ, ի՞նչ խես՝ ո՞նց ես, ի՞նչ կէնէս՝ ի՞նչ ես անում, և այլն…

Ըստեղ էլ կռնամ Պոլոզին հիշեմ. «Էրեվան ի՞նչ բըդի էղնի. էն գյոզալմ մառոժնուն պաղպաղակ կըսեն, բազարին՝ շուկա, ուլիցներուն՝ փողոց, հայերեն խոսող վո՞վ կա օր»:

Իսկ գյումրեցու պես հագնվել շատերը կերազեին. գյումրեցի կանայք՝ «խանըմ-աբլաները», սիրում էին պճնվել և հագնում էին գրեթե միատեսակ թանկագին հագուստներ, գլխներին երկշար ոսկի՝ մարգարիտներով հանդերձ, վզներին՝ ոսկի, ձեռներին՝ ոսկի: Գյումրեցի տղամարդը սիրում էր հագնել մահուդե չուխա, գլխին՝ ֆուռաշկա, ոտներին՝ նայած կարողության, չուստեր կամ ծուղիներ: Միջին կամ ավելի խոնարհ դասը՝ արհեստավոր, բոստանչի, սիրում էին հագնել մինչև ծունկը հասնող սպիտակ գոգնոց՝ որպես դրոշակ: Ու այդ գոգնոցից հայտնի էր լինում գյումրեցին:

Դե, մեր հանճարներն էլ հո գովել չիդե՞ն, ինչղ կսե Ջիվանին. «Մի քաղաք գիտեմ ժամին սիրահար, բնակիչները մոտ յոթ-ութ հազար, իրենք օրվա հաց չունեն ուտելու համար, յոթ հատ ժամ են կառուցել՝ խե´լքի աշեցեք»:

Եվ, իրոք, քաղաքում շատ են և եկեղեցիները, և մատուռները, և ճարտարապետական կոթողները, որոնց նայելիս չես կարող անտարբեր մնալ:

Գյումրեցին հայտնի է իր աննման հումորով: Մեր հումորային կերպարներից էլ հայտնի են  Ծիտրո Ալեքը ու օրիորդ Վարսենիկը, Վարդանիկն ու ընգեր Մարգոն, երկար Վարոսն ու կարճ Ավոն, Ջղեր Խաչիկը, Չոփուռ Սուրենը, Րախի Գրիշը, դե, Պոլոզ Մուկուչի մասին էլ չխոսամ:

Դե, ըսքանից ավել էլ ի՞նչ ըսեմ, կամ էլ կռնամ էլի Պոլոզին հիշեմ.

«Աստված ընչի՞ է Գյումրին սարի պես բանցր ստեղծել»:

«Աստված իրա ստեղծածն բանցր մարդկանց համար բանցր տեղ բդի ստեղծեր»:

Նորից պիտի քո գիրկը գամ, քեզ գովելու հավես ունիմ…

 

Տանձավեր

Տանձավեր գյուղը Սյունիքի մարզի գյուղերից է: Տանձավեր գյուղի մասին կան շատ պատմություններ: Այնտեղ պահպանվել է երեք եկեղեցի: Կա Տանձավեր կոչվող դաշտ, որն էլ հենց պատճառ է դարձել գյուղի անվանման համար: Գյուղը դեռ հին ժամանակներից դարձել է հարձակման կենտրոն, որի պատճառով էլ մարդիկ կամաց-կամաց լքեցին գյուղը: Գյուղի վերաբնակեցման գործընթացը դարձյալ սկսվեց 1960-ական թվականներից: Գյուղ եկել են Շրվենանցից և Լեռնաձորից շուրջ տասնվեց ընտանիք: Գյուղն իսկապես ծաղկում ապրեց մինչև իննսունականները: Տանձավերը հիմա դարձյալ գտնվում է շատ վատ վիճակում: Գյուղում գրեթե չկան երիտասարդ ընտանիքներ, չկան աշխատատեղեր: Տանձավերում կարող են զբաղվել միայն անասնապահությամբ և հողագործությամբ: Իսկ այսօր միայն դրանցով ընտանիք պահել չի լինի: Գնալ մոտակա ավանները կամ քաղաքները աշխատելու, կարող էր շատերին գյուղում պահել, սակայն այնքան անմխիթար են ճանապարհները, որ Կապան հասնելու համար համարյա երկու ժամ պետք է գնաս: Ժամանակին գյուղում ապրում էր մոտ 200 ընտանիք, իսկ այսօր…

Մեր գյուղում պահպանված է 1705 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որի տանիքը ուժգին քամին պոկել է. ու հիմա չկա մի բարերար, որ կառուցի եկեղեցու տանիքը:

 

Իմ ամենասիրելի մարդը

Իմ ամենասիրելի մարդը մորաքրոջս ամուսինն է, ում ես փոքրուց պապիկ եմ ասել։ Բոլորը միշտ զարմանում էին, որ ես ասում էի պապիկ, բայց ժամանակի ընթացքում բոլորի համար սովորական էր դարձել։ Երբ նրա աղջիկը իրեն թոռ պարգևեց, բոլորը եկան նրանց շնորհավորելու։ Երբ պապիկը դուռը բացեց, բոլորն աչքալուսանք տվեցին՝ ասելով, որ պապիկ է դարձել, և նա ասաց, որ ինքը արդեն տասնչորս տարի է, ինչ պապիկ է։ Այդ օրվանից ես ավելի կապվեցի ու սիրեցի նրան: Երբ ինձ հարցնում են, թե ում եմ շատ սիրում, ես հպարտ պատասխանում եմ՝ պապիկիս։ Նրա անունը Աղաս է, նա շատ բարի մարդ է և ոչ բոլորը ունեն նրա բնավորությունից։ Նա այդքան էլ մեծ չէր, երբ ես ու քույրս նրան պապիկ ասացինք։ Ու ոչ բոլորին դա դուր կգար, սակայն նա այնքան բարի էր ու մեզ այնքան շատ էր սիրում, որ դարձավ մեր պապիկը, իսկ մենք՝ նրա թոռնիկները։ Հորեղբայրս միշտ ասում էր, որ ինքը ասել է Աղո պապի, այդ օրվանից ենք նրան սկսել պապիկ ասել, սակայն մենք միշտ հակաճառում էինք, որ դա այդպես չէ։ Հին վիդեոներ, տեսանյութեր նայելիս ես տեսնում եմ, թե նա ինչպես է խաղացել մեզ հետ, ինչպիսի գժություններ է արել մեզ համար, ու ես սկսեցի հասկանալ նրա կարևորությունը և դերը իմ կյանքում։ Միշտ շատ լավ եմ հիշում նրա ձեռքի մատանին։ Փոքր ժամանակ ես ասել եմ, որ երբ մեծանամ, ինձ տա այդ մատանին, և նա երբեմն կատակով ասում էր. «Բա, որ ես մահանամ, ու մատանին մատիցս դուրս չգա՞», և ես միշտ ասում էի, որ մատը կկտրեմ ու կհանեմ: Նա ժպտում էր այդ իմ խոսքերից։ Երբ մի անգամ նրա թոռնիկը ասաց. «Պապի, որ մեծանամ, մատանիդ կտա՞ս ինձ», -նա պատասխանեց, որ այդ մատանին արդեն տեր ունի, դա Անուշինն է։

 

Մենախոսություն քանդակելիս. Սամվել Պետրոսյան

 -Քանդակագործի՝ Աստծու տված շնորհքը ընիգ է, օր ժողովրդի սիրած կերպարները նույնքան ջերմությամբ ու նույնքան կենդանի իրան վերադարձնե: Ամեն մե արձանը, որ դրվում է մեր քաղաքում, մի երևույթ է, ու կապ չունի ինչըղ է էրած, կարևորը էն է, որ ինքը իր մեջ ինչ-որ դաստիարակչական բնույթ ու իմաստ ունի:

Ինչըղ կըսե Կոմիտասը, եթե շնորհք ունիս, ժողովրդի տվածը բըդի իրան վերադարձնես: Ու ինչըղ ինքը ժողովրդից վերցրեց շատ երգեր, մշակեց, կատարելագործեց ու ժողովրդին տվեց, ըդպես էլ ես ժողովրդի ծոցից ելած կերպարներին գուզեմ, օր նույն համ ու հոտով, լեննագանցու ըսած` ջիգյարով ներկայացնեմ: Ու ես հոգևոր բավականություն կստանամ, երբ օր մեր հանճարների քանդակները շատ կենդանի կեղնին: Եվ իսկականից մեծ պատիվ է, երբ կծառայես մեծերին:

Բայց նաև շատ բարդ է քանդակագործի աշխատանքը, որովհետև մենակ արտաքին նմանությունը հերիք չէ. բըդի ներքին նմանությունն էլ գտնիս, գտնիս էդ մարդու ֆունկցիան: Ըդոր համար շատ էսքիզներ կենեմ, մինչև որ կգտնիմ իսկականին ամենամոտը ու բնականը: Մեր Սասունցի Դավթի արձանի հեղինակը՝ Երվանդ Քոչարը, երկար ժամանակ մտածել է, թե ինչըղ քանդակե, ու ինչ-որ բան չի հերիքել իրա ուզածը ստանալու համար, ու ինքը գնացել է գազանանոց, լսել է առյուծի մռնչյունը ու էն ամենը, ինչ-որ զգացել է, դրել է արձանի մեջ:

Քանդակով ես զբաղվել եմ տասներկու տարեկանից: Հլը էն ժամանակ 3-4-րդ դասարան էի, կերթայի մեր էսօրվա Մայր Հայաստանի արձանի մոտից, որը հլը գոյություն չուներ, կավ կբերեի էդ մեծ-մեծ քարերի տակից: Ու տնեցոնք էլ խաբար չէին եղնի, մեկ էլ ես կավը ուսիս գուկայի տուն, օր մե նոր կերպարըմ ստեղծեի: Ու էն ժամանակվա քանդակներս էլ շատ-շատ բնական են: Ես հըմի կնայեմ ու ընձի-ընձի կմտածեմ, օր էրեխա-էրեխա, լավ էլ նմանեցրել ու բնականին շատ մոտ քանդակել եմ մեր Վարդան Մամիկոնյանին, Հովհաննես Թումանյանին, շատ-շատերին: Ու բանն էլ էն է, օր ես ընձի եմ էրե էդ ամեն ինչը՝ առանց դասատու, առանց գործից հասկցող որևէ մեկի:

-Ռոդենը կըսե, եթե արձանին ձեռք կուտաս ու կզգաս արձանին, ուրեմն ինքը կենդանի է: Ես էն ժամանակ, երբ որ առաջին անգամ տեսա Սամվելի աշխատանքները, էնքան բնական էին, որ անկախ ինձանից ուզեցի ձեռք տալ, որ տեսնեի՝ կենդանի է, թե` ոչ,- զրույցին է միանում քանդակագործ Սամվել Պետրոսյանի կինը,- բայց ինքը ընձի կըսեր՝ մեջն ի՞նչ կա, չի խոսա:

Ես Սևակին (ցույց տվել եմ, չէ՞) գագաթ եմ էրե, որովհետև իրոք ինքը գագաթ էր: Ու չէի կըրնա ամենալավ կերպով չներկայացնեի, որովհետև իմ ամենասիրած ու հոգեհարազատ կերպարներին, ու հատկապես Նարեկացուն ու Սևակին, ես միշտ գուզեմ, օր ամենալավ ձևով ստեղծեմ, որովհետև մեր դյուցազներգության պես, ինչքան ստեղծես` կստեղծվին:

Արվեստագետը, եթե մտածող չեղավ, բան դուրս չի գա, որովհետև բըդի ամեն ինչ իրար կապե ու լավագույնը գտնի, թե չէ մակերեսային՝ դիլետանտ կեղնի: Արվեստը ֆորմա է, ու դու քու փիլիսոփայությամբդ բըդի կըրնանաս էդ ֆորման լցնես, լիքը դարձնես:

-Սամվելը շատ շուտ կոգեշնչվի: Հանկարծ մե կերպարըմ հանդիպավ, ինքը անմիջապես կսկսե մտածել էդ կերպարի վրա, ու ըդոր համար էլ իրա միտքը միշտ զբաղված է: Շատ ժամանակ ես կխոսամ-կխոսամ, բայց գիտեմ, օր ինքը ընձի չի լսե, իրա միտքը ինչ-որ նոր բան կստեղծե,- ասում է քանդակագործի կինը,- իրան դու երբեք պարապ չես տեսնի: Անընդհատ թուղթն ու մատիտը ձեռքը ինչ-որ բաներ կգծե, շատ ժամանակ նկարածը ցույց կուտա ու կհարցնե, թե որ մեկն է լավը: Ինքը չափից դուրս մոնումենտալ է:

-Դու քանդակը ընբես բըդի էնես, օր միջավայրի ճարտարապետության հետ հնչե ու մեծ արժեք ունենա:

Համ էլ քանդակագործը բդի շատ կարդացած էղնի: Օրինակ, հունական, ասորական, եգիպտական, իտալական մշակույթին բըդի տեղյակ էղնի, օր իրա քանդակները կըրնանա ճիշտ ստեղծե: Ես էլ շատ գործեր ունիմ, օր էդ ոճերով են քանդակված, բայց դե դու քու ազգային ձևով բըդի ստեղծես քանդակդ: Ես կհիշեմ՝ մեր մանկավարժական ինստիտուտի գործերն օր կենեի, Նարեկ Սրբազանը եկավ, տեսավ ու ըսեց. «Նայողը կզգա, օր հայի ձեռ է կպե: Ոչ իտալական է, ոչ հունական. այ, էդ է հայի արվեստը»:

Կըսեն` առյուծը կազմված է մարսված ոչխարներից: Այսինքն, բըդի էդ բոլոր արվեստները ուսումնասիրես, գիտենաս ու քուգդ ստեղծես:

-Էս էլ Ազնավուրս, Չարենցս, Սևակս, Խորենացիս, Տիգրան Մեծս, Նալբանդյանս, Դուրյանս, Գոշս…Կոմիտասս ու Քրիստոսս…

Եվ բառերով չի կարելի նկարագրել այն հիացմունքն ու սերը, որը տեսանելի էր քանդակագործի աչքերում, այն ոգևորությունը, որը նա զգում էր արձանները ցուցադրելիս ու ոչ պակաս ոգևորությամբ էլ վարակում ինձ, քանի որ անգամ փոքր արձանների մեջ զգացվում էր մեր մեծերի մեծությունը…

astghik ghazaryan

Քաղցր հուշեր

Երբ պապիկս ջահել էր ու հարուստ, հաճախ էր գնում Իջևան՝ առևտրի: Մեզ էլ՝ իր չորս թոռներին՝ ինձ, Սարգսին, Դավթին ու Մարիամին, հետն էր տանում: Ավելի ճիշտ, չէր տանում, այլ մենք էինք մեքենայում թաքնվում ու հենց տանից հեռանում էինք, այն ժամանակ դուրս էինք գալիս:
-Վայ, ես ձեր…,- այս էր լինում նրա արձագանքը, երբ տեսնում էր մեզ:
Բայց շուտով պապիկը սկսեց ստուգել՝ մեքենայի մե՞ջ ենք, թե՞ չէ: Մեզ էլ մնում էր նրան համոզելը: Երբ ճանապարհին խելոք չէինք մնում, պատժվում էինք. հաջորդ օրը, որքան համոզում էինք, չէր տանում:
Մեր Իջևան գնալու գլխավոր պատճառն այն էր, որ պապիկը էնտեղ մեզ համար համով բաներ էր առնում. պաղպաղակ, քաղցրավենիք, ըմպելիք և շատ ուրիշ բաներ:
Մի օր էլ առաջին մեթոդով, այսինքն, թաքնվելով, ճամփա ընկանք: Բայց ճանապարհի կեսից հասկացանք, որ չենք գնում այնտեղ, որտեղ որ ամեն անգամ տանում էր մեզ պապս: Պարզվեց, որ գնում ենք գազալցակայան: Հետդարձին մեքենան կանգ առավ:
-Հը՞, պապ:
-Երեխեք, պետք ա հրենք:
Պապիկը միայնակ չէր կարող հրել, ու մենք անցանք գործի, իսկ պապը նստեց մեքենայի ղեկին: Մինչև գյուղի տակը՝ մոտ մեկ կիլոմետր, հրեցինք, և պապը մի պահ կանգ առավ ու ասաց.
-Թու՛, «տումբլերը» մոռացել եմ բացեմ:
Այդ օրվանից արդեն հարցնում էինք, թե ո՞ւր է գնում: Չնայած մենք հիմա այդ պատմությունը հիշելիս մի լավ ծիծաղում ենք, բայց այդ պահին այդքան էլ ծիծաղելի չէր:

 

Հուսիկը

Հուսիկ կամ նկարիչ Հուսիկ. այսպես են կոչում նրան համաքաղաքացիները: Հուսիկը ծնվել և ապրել է Կապանում: Հասուն տարիքում նրա մեջ ի հայտ են եկել նկարչին բնորոշ տվյալներ: Հուսիկը զգալով, որ իր ծննդավայրում գործերն առաջ չեն գնում,  հեռանում է Հայաստանից և բնակություն հաստատում ՌԴ-ում: Այնտեղ նա ձեռք է բերում ամեն ինչ` փող, տուն, բիզնես: Սակայն նրան խորթ էին այս ամենը, քանի որ նա գտնվում էր հայրենի ծննդավայրից հեռու: Արդեն հայտնի նկարիչ դարձած Հուսիկը վերադառնում է Հայաստան: Հենց այստեղ էլ նրա կյանքը գլխիվայր շուռ է գալիս: Հուսիկը կորցնում է ամենը, ինչ ուներ և իրեն տալիս խմիչքին: Նրան փողոցներում ամենուր կարելի էր տեսնել՝ տաք բաճկոնը հագին, կոճակներն արձակած, թափթփված հագնված, և նրանից սուր ալկոհոլի հոտ էր փչում: Մարդիկ նրան նայում էին զզվանքով, իսկ նա իրեն շրջապատող անցորդների վրա դառը հայացքներ էր նետում: Երբ նկատում էր, որ ինչ-որ մեկն իրեն է նայում, հաստ հոնքերն իրար էր միացնում, աչքերն ավելի էր խոշորացնում, և նրա դեմքը վախենալու տեսք էր ստանում: Խոշոր աչքերը, որ շագանակի գույն ունեին, մշտապես կարմրած և լացակումած տեսք ունեին: Մի անգամ փողոցում պատահական հանդիպեցի Հուսիկին, քայլում էր իրենից մեծ կոշիկները քարշ տալով: Հետո նկատեց ինձ,  պտտվեց և դեմքիս նայեց: Ես նրան նայում էի ոչ թե զզվանքով, ինչպես բոլորը, այլ խորը ափսոսանքով: Նրա աչքերը ինչպես միշտ կարմրած էին, դեմքի խոշոր կնճիռներից ու աչքերի տանջված տեսքից կարելի էր ենթադրություններ անել նրա ոչ այնքան հաճելի անցյալի մասին: Սովորականի պես նա հոնքերը չմիացրեց իրար և վախենալու հայացք չընդունեց, այլ նայում էր անթարթ. երկու րոպեի ընթացքում ընդամենը մեկ անգամ թարթեց աչքերը: Մեր թիմին հայտարարել էին ֆիլմ նկարել միգրացիայի թեմայով, և ես որոշել էի Հուսիկին ֆիլմիս մեջ ընդգրկել: Օրեր անց ես անցնում էի այն նույն տեղանքով, որտեղ առաջին անգամ տեսել էի նրան, սակայն այդպես էլ չգտա: Հարցուփորձ արեցի: Անցորդներից մեկը պատասխանեց՝ տեսնես որ մի անկյունում է լռվել, հաստատ հեռու գնացած չի լինի: Հետո խանութի պատին մատնացույց արեց մի գեղեցիկ որմնանկար և ասաց՝ նա է նկարել: Եվս կես ժամ ես փնտրեցի Հուսիկին, սակայն փնտրտուքներս իզուր էին: Շաբաթներ անց, երբ մենք վերջացրել էինք մեր ֆիլմի նկարահանումները առանց Հուսիկի, մեր ականջին լուրեր հասան, որ Հուսիկը մահացել է: Հարևանները նկատել էին նրա շարունակական բացակայությունը, այցելել նրա բնակարան և գետնին ընկած, մահացած գտել: Նա օրեր շարունակ այդպես ընկած է եղել իր աղքատ բնակարանում, մինչև հետաքրքրասեր հարևանները կայցելեն նրան… Այսպիսի վախճան ունեցավ նկարիչ Հուսիկը:

 

Տեր ունենալու իրավունք

Ես մեծանում եմ մի միջավայրում, որտեղ սպանությունները անպակաս են։ Կապանում հաճախ կարող եք քնից արթնանալ կրակոցի ձայնից, իսկ առավոտյան տեսնել արյան հետքեր։ Ցավալին այն է, որ մարդիկ արդեն դրանից ո՛չ վախենում են, ո՛չ զարմանում։ Ասում են, որ շուն է, էլի։ Այդ շները առանց մահանալու էլ արդեն դժբախտ են. տեր չունեն, կեր հայթայթել չեն կարողանում։ Բակի երեխաների մի մասը վախենում է նրանցից, մյուս մասն էլ կապվում է շների հետ ու նրանց անուն դնում։ Ցավով եմ հիշում մեր բակի Սևուկին, Շարիկին, Թեքսիին։ Նրանք ձգտում էին բարեկամանալ մարդկանց հետ։ Մի քանի օր առաջ ընկերս ասաց, որ հինգից ավել շներ սպանված ընկած են աղբանոցում։ Գնացի բակ, տեսա մենակ Սևուկին։ Տխուր գնացի տուն, որտեղ մայրս խոսում էր հարևանուհու հետ, որին առաջին անգամ էի տեսնում մեր տանը։ Նա մայրիկիս ասում էր.

-Իմ թոռնիկը վախենում է դասի գնալ, վախենում է Սևուկից, բայց նաև ուզում է շփվել Սևուկի հետ։ Գնացի Անդրանիկի մոտ, ասացի, որ շանը տանի այգում պահի։ Հրաժարվեց, ասաց, որ շունը իրենը չէ։ Գնացի քաղաքապետի մոտ, ջերմ ընդունեց։ Խնդրեցի, որ սպանի շանը, ինքն էլ համաձայնվեց։ Հաջորդ օրը տեսա, որ մի քանի շուն ընկած են աղբամանի մոտ, իսկ Սևուկը նույն տեղում էր։ Հիմա էլի կդիմեմ քաղաքապետին։

Ես հասկացա, որ ամեն ինչ այդ կնոջ պատճառով է եղել, հիասթափվեցի, ցանկացա կնոջը դուրս հանել մեր տանից։

Հիմա ես ուզում եմ գնալ քաղաքապետարան և պահանջել, որ չխախտեն կենդանիների իրավունքները։ Կառուցեն շների համար կացարան, որ շներին սպանելու փոխարեն նրանց պահեն այդտեղ, մինչև շները կգտնեն իրենց տերերին։