karin eranosyan

Նորից փոշոտ ապակիներ

Զգացե՞լ ես՝ մենք չգիտենք՝ որոնք են մեր վերջին անգամները։ Մաման ասաց.

-Վերջին անգամ ուսանողական տարիներին եմ եղել Մանկական երկաթուղում։

Քեզ էլ թվում է՝ մաման գիտե՞ր, որ այդ օրը ինքը վերջին անգամ էր այնտեղ։ Չէ, երևի չէր էլ պատկերացնի։ Իրեն թվում էր՝ վաղը նորից կգնա, կամ մյուս օրը՝ համակուրսեցիների հետ, բայց պարզվում է, որ դա վերջին անգամն էր։

Երևի մոտը կարոտ կա երկաթուղու հանդեպ, չէ՞, երևի որ իմանար վերջին անգամն է այնտեղ լինելու, մի քիչ ավելի ուրիշ աչքերով կնայեր ամեն ինչին։

Հիմա գնում եմ, մտածում՝ գուցե վերջին անգամ եմ այսքան մարդկանց հայացքները տեսնում, գուցե իրենք էլ վերջին անգամ ինձ են տեսնում, կամ էլ իրար, էական չէ։ Կարևորը վերջին անգամներն են, որոնց մասին մենք անգամ գաղափար չունենք։

Դիմացիս տղամարդուն եմ նայում։ Էնքան մաքրասեր է երևում։ Սպիտակ վերնաշապիկ, սափրված դեմք։ Երևի հենց նոր նախաճաշել է, համբուրել կնոջը ու դուրս եկել տանից։ Չգիտի, որ գուցե վերջին անգամ է համբուրել կնոջը կամ վերջին անգամ է նայում փոշոտված ապակիներից դուրս՝ անցնող մեքենաներին։

Այսօր ապրիր՝ մաքուր, սիրուն։ Միգուցե քո վերջին անգամն է այս քաղաքում, այս երկրում կամ էլ այս մոլորակում։ Արա՝ ինչ ուզում ես։ Նայիր նրան, ում վախեցել ես նայել, հայացքը քեզ չի սպանի։ Մեկ էլ տեսար՝ էլ ժամանակ չես ունենա։

anna khachatryan

Մեր ժամանակների հերոսը

Ու հիմա, երբ սահմանին անհանգիստ է, ամեն որոտի հետ մեռնում է մոր սիրտը։ Այնտեղ որդին է, ամուսինը…

19 տարվա կյանքդ աչքիդ առաջով վայրկենական անցնում ու մի հեռու կետում սևանում է, ու սևանում է մորդ սիրտը քեզ համար ու այն անծանոթի, որ կանգնած է սահմանին: Երբ ապաստարանից գալիս ու ճաք տված հայելու միջով քեզ ես նայում ու զգում, թե դեռ 20 տարիդ չբոլորած ինչքան ես ծերացել, հասկանում ես, որ պատերազմ է: Ու մղկտում է սիրտդ։ Հողը տնքում էր տանկերի թրթուրների տակ, լռութունը՝ անարգվում արկերի պայթյուններից: Հինգ շիրիմ էլ ավելացավ ու կանայք էլի սևեր հագան: Երազանքներ, որոնք պիտի կատարվեին, անկատար մնացին: Հողում հինգ ծիլ էլ ավելացավ, արյունոտ ծիլ, հինգ հոգի էլ հերոս դարձավ, դարձավ մեր ժամանակների հերոսը:

Մեզնից ոչ ոք չգիտի, թե երբ ու որտեղ կկտրվի իր կյանքի թելը: Մենք պիտի ապրենք այնպես, որ մեզնից հետո անուն թողնենք: Մեր կյանքի ղեկը մեր ձեռքում է. ոնց պտտենք, այնպես էլ կշարժվի մեր նավը: Կան այնպիսիք, ովքեր ղեկը դեպի սահման են պտտում ու կյանքի արևամուտն այնտեղ վայելում: Այդպիսիներին հերոս են ասում:

Կռիվ էր․․․ Ու չէին դադարում հայրենասիրական երգերը, տղաների սխրանքների մասին պատմություններն ու «ապրեն մերոնք» բացականչությունները։ Միայն այսպես կխլացնեինք արկերի պայթյունների ձայները:

Այսօր պատերազմը մի մեծ սպի է թողել որդուն կորցրած մոր սրտում, այսօր պատերազմն անջնջելի վերք է դարձել չմայրացած աղջկա համար, ով շարունակում է սպասել իր հերոս ամուսնուն:

ellen mkrtchyan gyumri

Ժամանակի մոլորակ և ներկայոտ անցյալ

Քեզ մի պահ կթվա՝ նոր կյանք ես սկսել, բայց դեռ մեկ ոտքով քո հին մոլորակում ես։ Անդադար վազքի մեջ, դու փախչում ես քո մտքի բարձր ձայներից, որոնք իրենց երգերով խելագարության են հասցնում… Բայց մի պահ կանգ առ, տես, դու բաց թողեցիր ներկան, որը կրկին անցյալ կդառնա։

Ժամանակի մոլորակ. սլաքները անդադար պտտվում են և առաջ են սլանում, իսկ մենք տեղում վազքով ենք տարվել։ Փորձիր կամաց ոտքի կանգնել, հա, զգույշ, չգլորվես։ Կանգնեցի՞ր, ամո՞ւր, դե հիմա փորձիր մեկ քայլ առաջ գնալ և հասնել ապագայի մոլորակին։ Բայց նախ «ներկա» մոլորակիդ բոլոր աստղիկներին արթնացրու, որ երազանք պահես ու մի պահ կտրվես այս աներազ իրականությունից…

Մի պահ նայիր՝ ինչ գեղեցիկ կժպտան տխուր աստղիկները, մի պահ տես, թե ինչ համախմբված են և ինչպես են իրար պաշտպանում տիեզերքի քամիներից։ Աստղիկներին փորձիր սիրել, նրանք քո երազանքը կկատարեն…

Նոր ծաղիկներ ծաղկեցրու, որ իրենց քաղցրահամ բույրով լցնեն անհոտ ներկայիդ մոլորակը, որ բույրը թափանցի քո ոգի և այնտեղ նոր այգիներ ծաղկեցնի, միգուցե մի նոր գժություն, պայծառություն, որ քեզ մյուս ծաղիկներից կտարբերի։ Քո մոլորակի վրա մի գեղեցիկ Լուսին նկարիր և նրանում քեզ փնտրիր։ Մի օր կլոր է, մյուս օրը դառնում եռանկյուն… Երևի գտար քեզ՝ փոփոխական, տարօրինակ, բայց հավերժ մնայուն։ Ամենն էլ փոփոխական է՝ ձևեր, չափսեր, գույներ դեռ կտեսնես, բայց սովորիր քո գույներով ապրել, քո երանգը հորինիր, որ լցնի մոլորակդ չտեսնված գույներով։

Օրինակ՝ գիշերագույն։ Այս արագընթաց ժամանակի մոլորակի վրա գիշերը քեզ կլուսացնի իր փայլող աստղիկներով, իսկ դու աստղիկ դարձիր և լուսացրու շատերին։ Կամ էլ քեզ լուսացրու, որ մոլորակդ էլ քեզ պահի և մի նոր ծաղիկ դարձնի։

nare hovhannisyan

Երևի ասեմ, բայց դու չհավատաս…

Երևի ասեմ, ու դու չհավատաս, բայց կասեմ, որ աշունն անցավ ու այդպես էլ անձրև չտեղաց, ու ես այդպես էլ չբարկացա անձրևից հետո գանգուր մազերս տեսնելով, իսկ պատուհանները չցեխոտվեցին, իսկ վերարկուս մենակ մնաց պահարանի խորքերում։ Երևի ես ասեմ, իսկ դու չհավատաս, որ մեր բակի գրախանութն անհասկանալի պայմաններում փակվեց, ու որ ես չհասցրի այնտեղից փախցնել մեր սիրելի գրքերը, ու հիմա այնտեղ միայն մնացել է խունացած ցուցանակը՝ կարմրաներկով դաջված ՝ «գրքեր սիրելիների համար»։ Տեսնես՝ ինչո՞ւ փակեցին, երևի խանութի միակ վաճառողը հասկացավ, որ այլևս սիրելի չունեմ, և որ այլևս սիրելի չեմ, ու հասկացավ, որ հավերժ դատապարտել ես ինձ մենության, ու հասկացավ, որ ուզում եմ մենությունս փաթեթավորել իր մոտից փախցրած գրքերով, բայց ինքն էլ գնաց, որ մենությունս մեն-մենակ վայելեմ։ Երևի ես փաստեմ, իսկ դու բնավորությանդ համաձայն որոնես պաշտպանածդ թեզերի մեջ, որ մեր քաղաքում մարդիկ դարձան լուռ ու տխուր, որ քաղաքի նստարաններն արդեն դատարկ են, ու որ աշնանը տերևները թափվեցին առանց ծիածան հագնելու։ Երևի ես լուռ նայեմ աչքերիդ, իսկ դու սովորությանդ համաձայն թեթև ժպտաս, իսկ ես սովորությանս համաձայն թեթև խելագարվեմ, հետո տխրությունս հանեմ ու բաժանեմ, ու քեզ էլ բաժին հանեմ, հետո հոգուս արևները բաժանեմ, բայց քեզ բաժին չհանեմ. առանց այդ էլ քո արևները շատ են։ Հետո հիշեցնեմ, որ հեռանալուցս անցել է 42 օր, 16 ժամ և 50 րոպե, ու այդ անցնող րոպեին դու կշրջվես ու միաժամանակ կնայես ժամին ու օրացույցին՝ ասածս ճշտելու համար։ Հետո անպայման կթերթեմ հիշողությունս, քեզ կջնջեմ հազարերորդ էջից ու կնկարեմ նոր էջում՝ նոր գույներով ու տեսքով, իսկ հետո անպայման անձրև կտեղա, որ ջնջի նկարածս ու ինձ տանի հազարերոդ էջին։ Հետո, ընթացքում լույսը կհասցնի բացվել, արևը գունատված դեմքս կառնի շողերի մեջ ու ինձ կհիշեցնի քո մասին, բայց ես կհիշեմ, որ պետք է մոռանամ քեզ ու վերջակետ կդնեմ, որ այլևս չշարունակեմ քեզ։

mariam tonoyan

Մայրը

Իրիկնամուտ էր. արևն առնում էր իր վերջին շողերը՝ կանաչավարս ծառերի ոսկևորված տերևները շոյելով։ Ամառային տաք քամին երեկոյան այդ ժամին հագել էր իր սարսռացնող վերարկուն ու փարվում էր փողոցներում դեռևս շրջող, թեթև հագնված մարդկանց ու նրանց սիրով մինչ տուն էր ուղեկցում։ Ճրագալույցի հետ սարերից իջնում էին հովիվները՝ ոչխարների հոտերն ու նախիրները գյուղական ախոռներ ցրելով։ Մթնող երեկոյի այդ ամայության մեջ պսպղում էին զույգ աչքեր՝ պարզ երկնքի պես բաց կապտավուն։

Հովիվներից մեկը, հանկարծ նկատելով խոտերի մեջ խլրտացող ստվերը, քայլեց այդ ուղղությամբ։ Եվս երկու քայլ ու կտեսներ, թե ով է դա, բայց հանկարծ բարձրահասակ խոտերի միջից մի բռունցքաչափ քար թռավ ու դիպավ հովվի ուսին։

Հովիվն անսպասելի հարվածից խրտնած՝ մռնչոցով մի քայլ հետ թռավ։

-Հի-հի-հի՜,- ձեռքը բերանին դրած ու բռնկուն քրքիջը հազիվ զսպելով՝ խոտերի մեջ երևաց փոքրիկ, նիհար մի աղջնակ՝ երկնագույն աչքերով։

Հովիվը զարմացած առաջ քայլեց.

-Ո՞վ ես, ի՞նչ գործ ունես այս ժամին դրսում։

-Քըշ-քըշ,- ձեռքը հանդիմանանքով թափահարեց աղջիկը,- սո՜ւս…

Հովիվը շփոթվեց, կռացավ աղջկա հասակի չափ ու պատասխանի սպասող հայացքով սկսեց զննել նրա դեմքը. երկու՝ դեմքի հետ անհամապատասխան մեծ, փայլփլուն աչքեր, ներս ընկած, կեղտոտ այտեր, փոքրիկ բերան, որ թվում էր՝ միշտ ժպտում է, թուխ խոպոպիկներ, որ քամու հետ խաղալով դեսուդեն էին ընկնում նրա գունատ դեմքի վրա։

-Ծնողներ ունե՞ս, աղջիկ,- ավելի բարյացկամորեն հարցրեց հովիվը։

Աղջիկը հայացքը չկտրելով հարևան տան ցանկապատից՝ պատասխանեց.

-Մայր ունեմ։

-Հապա ինչո՞ւ դեռ քեզ տուն չի կանչել։

Աղջիկը չպատասխանեց, կռացավ, մի փոքրիկ քար վերցրեց ու նետեց հարևան տան բակը։ Ներսից մեկն ի պաստասխան երկու անգամ թխկթխկացրեց բարձր, փայտե ցանկապատը։ Հավանաբար դա ինչ-որ դրական ազդակ էր, քանի որ փոքրիկի դեմքն ակնթարթորեն փայլեց, ապա նա տեղում շորորվելով ու չարաճճիորեն երկարացնելով վանկերը, ի վերջո պատասխանեց.

-Մայրս հյուր ունի։ Երբ նա հյուր է ունենում, մեզ ուղարկում է դուրս՝ խաղալու։

Հովիվը խոժոռվեց։ Մինչ նա կխնդրեր իր հետևից եկող  հովիվներին, որ իր պատասխանատվության տակ գտնվող հոտը ևս ախոռներ հասցնեն, աղջիկն արդեն մոտերքում չէր երևում։

Մթնել էր. գյուղի ճանապարհները լուսավորվում էին տների պատուհաններից դուրս փախչող լույսերի նեղլիկ պատառիկներից, որոնք մերթ ընդ մերթ աղճատվում էին՝ ներսում անցուդարձողների ստվերներն իրենց վրա առնելով։ Թրթռացող լույսերի մեջ ողջ աշխարհն ասես երերում էր և մի պահ հովվին թվաց, որ այդ  երերուն իրականությունից փոքրիկ աղջիկն էլ սահել, անցել է մեկ այլ, ալիքվող հորիզոներ։ Քայլերը մեխանիկորեն բերեցին դեպի ցանկապատը։ Ներսի կողմից քչփչոցներ էին լսվում։ Հովվի կասկածները, թե աղջիկն այնտեղ կլինի, հաստատվեցին։

Մինչ կվճռեր ներս անցնել, նրա ուշադրությունը գրավեց վարդագույն կադիլակը, որ այնքան գռեհիկ էր գյուղի խղճուկ ֆոնին, ինչպես ադամանդյա պսպղան մատանին անխնամ ու արևակեզ մատի վրա։ Տնից, որի առջև կայանված էր մեքենան, դուրս եկավ հաստագլուխ, երկարավիզ, անճոռնի մի կերպարանք, նստեց մեքենան ու նորաոճ կադիլակը գյուղից դուրս սլացավ՝ վարդագույն դռնակները ցեխով նախշազարդելով։ Շուտով նույն տնից դուրս եկավ հաստլիկ մի կին ու այսուայնկողմ նայելով բղավեց.

-Լուսինե՜, Լուսինե՜…,- տեսնելով, որ մոտակայքում մարդ չկա, փողոց դուրս եկավ, ու լայն-լայն քայլերով շարունակեց,- Արմա՜ն, ո՞ւր եք… Լուսինե՜…

-Արման, շուտ արա, շո՛ւտ,- հովիվը լսեց աղջկա ձայնը ցանկապատի մյուս կողմից։ Չանցած մի ակնթարթ՝ զիլ ձայնով ներսում ինչ-որ բան դրմբաց ու դրան հաջորդեց խռպոտ տղամարդկային ձայն.

-Գողությո՞ւն եք անում, հաա՜, սատանաներ։

Դարպասն իսկույն բացվեց ու աներևակայելի արագությամբ ներսից դուրս վազեց աղջիկը, իսկ նրա հետևից՝ էլ ավելի փոքրիկ տղան, ով դեռ ձեռքում էր պահել գողոնը ու փոքր-ինչ դանդաղելու պատճառով հասցրեց վզակոթին մի քոթակ ստանալ տանտիրոջ կողմից։

-Լուսինե՞, էդ դո՞ւ ես,- մյուս կողմից ճղճղալով վրա հասավ կինը, ու բռնելով փոքրիկ աղջկա ձեռքից, մյուս ձեռքով ապտակ հասցրեց նրան,- ա՛ռ քեզ, չէի՞ ասել՝ հեռու չգնաք։

Անզուսպ զայրույթը չկառավարելով՝  ոտքից գլուխ թափահարեց նաև ավելի փոքրին։

-Հեյ, հե՜յ…,- փորձեց խառնվել հովիվը և կնոջ ձեռքից առավ կտորի նման թափահարվող տղային։

Անսպասելի տեսարանից շվարած՝ տանտերը կանգնել էր դարպասի առաջ ու աչքերը կկոցած փորձում էր տեսնել զայրացած տիկնոջ դեմքը։

-Այ կին,- վերջապես միջամտեց նա, և դուրս գալով ստվերից, հստակ երևաց։ Դա մի կորացած ծերուկ էր, ով չնայած ծերությանը, բավականին առույգ ու առողջ էր թվում։ -Դրանց դաստիարակած լինեիր, հիմա ո՛չ ես կխփեի, ո՛չ դու։ Տե՛ր կանգնի, մատղաշ են, մեղք են։

Աղմուկը լսելով՝ մի քանի գյուղացիներ դուրս էին եկել տեսնելու, թե ինչ է պատահել և ծերունու այդ խոսքերը, որ հնչեցին ականատեսների առջև, էլ ավելի վիրավորական թվացին կնոջը։ Նա բորբոքվեց.

-Իմ միսն ու արյունն են, ե՛ս եմ մերը, ե՛ս եմ որոշում՝ ոնց դաստիարակեմ,- ճչաց նա, ու հանկարծակի մի շարժումով հովվի ձեռքերից խլելով տղային, նրան աղջկա հետ միասին տուն քարշ տվեց։

Տանտերը նրանց հետևից ձեռքը թափ տվեց՝ ի նշան այն բանի, որ նրանց հետ գլուխ դնելն անիմաստ է, ապա շրջվեց, ուզում էր ներս մտնել, բայց հովվի մասին հիշելով, կրկին հետ դարձավ.

-Կանգնել, թամա՞շ էիր անում՝ ոնց են գողանում, այ ջահել։

-Էդ կինն ո՞վ է,- խեթ նայելով ծերունուն՝ հարցրեց հովիվը։

-Սև շո՛ւնն է… անոթի է թողում մի մատ երեխեքին, որ ինքն իրենով զբաղվի,  դրանք էլ գող են մեծանում, որ սոված չվնգստան։

…Տանտերը ներս անցավ՝ իր երկար խալաթի փեշերից կախած տանելով անլուսին գիշերվա մթությունը։ Հովիվն իր գլխավերևում նկատեց առաջին աստղերը՝ իր հարյուրավոր գառների նման անսահման թվացող, բայցև հաշվելի, որ կարծես սովից հարձակվել էին մթի վրա ու արածում էին երկինքը։

Հովիվը քայլեց մթության մեջ ու մտածեց, որ ոչխարն իր գառի բերանից խոտը չէր գողանա։

maneHarutyunyan

Ձախողումներ

Կյանքի յուրաքանչյուր շրջանում մենք փորձում ենք հաղթահարել փորձություններ․ դրանք աստիճանաբար դառնում են մեր հաջողության գլխավոր բանաձևը։ Մաթեմատիկական ճշգրտությամբ չէ գրված այս բանաձևը, սակայն այն ապացուցվում է ամենապարզ մեթոդով․ յուրաքանչյուր փորձություն սխալներ անելու հնարավորություն է տալիս, որն էլ մեզ սովորեցնում է գնահատել մեր կարողությունները, հաշվարկել յուրաքանչյուր քայլ, հասնել նպատակի։

Վերջերս սկսել եմ ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ ու հետաքրքիր բան եմ նկատել․ նրանց յուրաքանչյուր քայլը սովորելու հնարավորություն է, նրանք մեծանում են սխալներ անելով։ Այս հատկանիշը մեծահասակները պետք է վերցնեն մանկությունից։

Այսօր ուզում էի վերհիշել բոլոր իմ ձախողումները, հիասթափությունները ու հաջողությունները։ Հետաքրքիր կապ գտա դրանց մեջ․ իմ ձախողումները նպաստել են իմ երազանքների իրականացմանը, դրանք ստեղծել են ինձ։ Պատահական չէ, որ հենց դրանք են ինձ ուժ տալիս առաջ շարժվելու համար։

Alla Virabyan

Մարդիկ

Կյանքում մեզ հանդիպում են բազում մարդիկ…

Մարդիկ, որոնց հանդիպելիս հասկանում ենք բազում բաներ, օրինակ՝ թե ինչ լավ է, որ նրանք կան մեր կյանքում, շատ լավ է, որ ունենք նրանց: Մարդիկ էլ կան, որոնց գոյությունը հազիվ թե հիշենք մինչև այն պահը, երբ հենց իրենք ուզենան պարզել մեր ինքնությունը:

Կան նաև այնպիսիք, ովքեր կյանքի ընկերներ են, որոնց հետ կարող ես անցնել բազում փորձությունների միջով, բազում ծուռ ու մուռ ճանապարհներով՝ առանց տրտնջալու:

Կան այնպիսի մարդիկ, որոնց հանդիպելու համար զղչում ենք, ցանկանում ենք մոռացության տալ այն պահը, երբ թույլ տվեցինք մոտենալ, զղջում ենք կյանքի ընթացքում նման մարդկանց վրա ժամանակ կորցնելու համար, ասում ենք, որ փակում ենք այն էջը, որը կապված է նրանց հետ, բայց չենք հասկանում, որ կյանքը մի փոքր գիրք է, որը փոխել անհնար է, մեզ մնում է միայն սկսել մի մատ խորքից, նոր պարբերությունից:

Կա մի պարզ ճշմարտություն. կյանքում մեզ հանդիպած լավ կամ բարի մարդկանց, լավ կամ վատ երևույթները մեզ տալիս է Աստված մեր հավատքը էլ ավելի ամրացնելու համար:

Մենք անընդհատ սովորում ենք, մինչև մեր փոքր գրքի վերջին պարբերությունը, մինչև վերջակետին հասնելը մենք ունակ ենք սովորել: Մեզ հանդիպած բոլոր մարդիկ սովորեցնում են մեզ, և իմ կարծիքով՝ մեզնից յուրաքանչյուրը ուսուցիչ է մյուսի համար:

Բարի մարդիկ միշտ էլ սովորեցնում են էլ ավելի լավը լինել, ավելի կամեցող, նույնիսկ սովորում ենք նրանցից, ում ներկայությունը տհաճ է մեզ, սովորում ենք, որ ոչ մի դեպքում չպետք է իրենց նման լինել:

Հե՜յ չար մարդիկ, թույլ տվեք ասել, որ ես սիրում եմ ձեզ, որովհետև սովորել եմ պատարագներին ձեր փրկության համար էլ աղոթել:

Գիտեք՝ մայրամուտները, արևածագերը նույնպես լինում են տարբեր, ինչպես մարդկանց տեսակները: Դրանք մի օր լինում են մառախլապատ երկնքում, մի օր պարզկա, մի օր ավելի գրավիչ, մի օր էլ ոչ այդքան։ Դա կախված է նրանից, թե որ դեպքում է այն մեզ հարազատ:

Անկեղծ ասած՝ ես շատ եմ սիրում մայրամուտը, որովհետև դրա շնորհիվ գնահատում եմ արևածագը:

Հայրենիքի փառքի համար չկա մահ, կա միայն պայքար

Նելլիի ձիրքը գրելն ու ասմունքելն է։ Նրա համար գրելը՝ մտքերի արտահայտման, իսկ ասմունքը ինքնադրսևորման լավագույն միջոցն են։ Նելլի Իգիթյանի հետ զրուցել եմ իր տաղանդի, հայրենասիրության, ինչպես նաև ստեղծագործական նորության մասին։

-Երբվանի՞ց ես սկսել գրել։

-2015 թվականից, բայց ավելի ոգևորված սկսեցի գրել Ապրիլյան քառօրյայի օրերին և դրանից հետո՝ մինչև օրս։

-Առաջին անգամ ի՞նչը տրամադրեց քեզ գրել։

-Եթե խոսեմ 2016 թվականին գրված բանաստեղծություններիս մասին, ապա այդ օրվանից մինչ օրս ինձ գրել տրամադրում են հայերիս հաղթական ոգին, մեր զինվորների կամքն ու հաղթանակի բերկրանքը։

-Հիմնական թեման, որի մասին գրում ես հաճախ, հայրենի՞քն է։

-Կարելի է ասել՝ միշտ է հայրենիքը։

received_336073107430152

-Իսկ ըստ քեզ՝ հայրենիքի մասին գրելը հայրենասիրությա՞ն դրսևորում է։

-Հայրենասիրության դրսևորման տարբեր ձևեր կան, ես էլ այսպես եմ փորձում ցույց տալ սերս Հայաստանի հանդեպ։

-Այն պահը, երբ իրոք գրելու անհրաժեշտություն ես ունեցել։

-Երբ ցանկություն եմ ունենում գրելու, հենց այդ պահն էլ դառնում է անհրաժեշտ։ Եթե որևէ բան հանձնում եմ թղթին, ունենում եմ և՛ դրա պահանջը, և՛ պատճառը։

-Գիտեմ՝ նաև ասմունքում ես ասմունքում ես քո՞ գործերը, թե՞ այլ գործեր ևս։

-Այլ գործեր ևս, բայց հիմնականում հայրենասիրական բանաստեղծություններ։

-Ո՞ր գրողի գործերն են առավել գրավում քեզ։

-Երկար տարիներ է՝ ինձ հոգեհարազատ են Շիրազի գործերը։ Շատ եմ սիրում նրա «Էքսպրոմտ» բանաստեղծությունը։

-Երբ խոսեցիր գրելուց, զգացի՝ հայրենասիրությունը արյանդ մեջ է, իսկ ասմունքը ի՞նչ է տալիս քեզ, կարողանո՞ւմ ես տալ այն, ինչ զգում ես։

-Իհարկե։ Երբ բեմում եմ, ինձ լիարժեք եմ զգում, այն պահին, երբ զգամ՝ բեմ բարձրանալիս չեմ կարողանա փոխանցել այն, ինչ բխում է հոգուցս, էլ չեմ բարձրանա։

received_3205269216186384

-Տավուշի դեպքերից ոգեշնչված՝ չե՞ս գրել արդյոք նոր բանաստեղծություն։

-Գրել եմ, պատրաստվում եմ հրապարակել։

-Նելլի՛, կհամաձայնես ինձ հետ, որ մեր սերունդը հաղթողի սերունդ է, իսկ ի՞նչ ես զգում այսօր ևս սահմանից լուրեր լսելիս, և ի՞նչ կմաղթես մեր զինվորներին։

-Միանշանակ համաձայն եմ․ մենք հաղթանակ տենչող ու կերտող ժողովուրդ ենք եղել, կանք ու կլինենք։ Մեր սերունդը մեկ անգամ չէ, որ ապացուցեց, որ իր ապուպապերին արժան է։ Սահմանից եկող լուրերը ինձ անասելի ուժ են տալիս, որովհետև մեր զինվորները մեկ անգամ էլ ապացուցեցին, որ գիտեն՝ ում և ինչի համար են կռվում։ Նրանց էլ մաղթում եմ անսահման ուժ, թող միշտ հիշեն, որ թիկունքում է այն ժողովուրդը, որ ամեն պահի պատրաստ է կանգնել իրենց կողքին։ Աստված խաղաղություն տա մեր սահմաններին ու կրկնապատկի մեր զինվորների կամքը։

tigran davtyan

Կյանքը՝ վիրտուալ ցուցամոլություն

Մինչ Քովիդ-19-ը մեր առօրյան զերծ չէր վիրտուալ տիրույթից, ավելին՝ մասամբ անցնում էր հենց այդ տիրույթում, ոմանց մոտ՝ նկարներ տեղադրելով ու ակտիվ նամակագրությամբ, ոմանց մոտ՝ խմբերի ղեկավարմամբ կամ այլ հրապարակումներով, մյուս մասի մոտ՝ զուտ գործնական մասով։ Քովիդով պայմանավորված՝ ամբողջովին անցանք օնլայն համակարգին, այդ թվում նաև մեծահասակների որոշակի մասը, ինչը «կորոնակալանքային» և «կորոնաշփոթ» շրջանը դարձրեց անխուսափելի և օրհասական, միևնույն ժամանակ սրելով ցուցամոլության ու անհանդուրժողականության առկայծումը՝ իր վանող ու բացասական էներգիայով։ Երբ թեկուզ հինգ րոպեով փորձում ես լրահոսը նայել, թերթել էջիդ նորությունները, հասկանում ես, որ անելիք չունես էդտեղ։

Լրահոսի վերնագրերի ճնշող մեծամասնությունը հունից հանող, էժանագին ու անորակ աղբ է, որն իհարկե վնասում է նաև նյութը, էլ չասած՝ հաճախ նաև նյութի խայտառակ բովանդակությունը։ Տպավորություն է, որ մենք չունենք լրագրողական դպրոց, չունենք էթիկա, չունենք տարրական տրամաբանություն, չունենք ղեկավարման հմտություն և այլ մի շարք բացեր։

Հաճախ նաև կարդալով մեր հայկական մեկնաբանությունները, արդեն էլ ոչինչ չի մնում անել՝ բացի հիասթափվելուց։ Եթե նայենք հումորով, ապա կարող ենք հումորային ֆիլմ նկարահանել, իսկ եթե ռեալ՝ դա սարսափելի իրողություն է, որը ցույց է տալիս մեր հասարակության որոշ մասի գիտակցական դաշտի խնդրահարույց առկայությունը, ինչը, մեղմ ասած, ցավալի է։ Չգիտես՝ ծիծաղես, լաս, թե ինչ անես։ Իրականում, ինձ համար նաև մտահոգիչ փաստ է։ Երբեմն փորձում եմ թեթև նայել, գրելով. «Եկել եմ քոմենթ կարդալու»։ Բայց մինչև ե՞րբ և մինչև ո՞ւր։

Լրահոսից անցնում ենք ընկերների ընթացիկ հրապարակումներին, որոնք շատ հաճախ ստիպում են կարծել, թե կյանքը մեզ տրված է ցուցամոլության մրցույթի դուրս գալու համար, թե ով ինչքան տեսարժան, ժամանցի վայրեր, հավաստագրեր, դիպլոմ/դիպլոմի գույներ, սելֆիներ կներկայացնի։ Կներեք, իսկ ո՞ւմ է դա հետաքրքիր և գլխավորը՝ ի՞նչ է տալիս Ձեզ այդ ամենը՝ բացի էգոյի բավարարումից։ Դրանից հետո քանի՞ առաջարկ եք ստանում աշխատանքային կամ հանգստյան կամ այլ ուղղությամբ։ Իհարկե, ոչ մի, ուղղակի դա նման է հայկական ավանդական Նոր Տարվան, երբ բոլորն ասում են, որ գումար չունեն, բայց մրցակցային ցուցամոլ սեղանները ծփում են ու ծփում։ Եկեք ապրենք հանգիստ, ամենքս մեր կյանքով, առանց դիմացինին ինչ-որ բան ապացուցելու և ցուցադրելու, առանց մեր անձնականը սոց. ցանցերում չափազանց շաղ տալու, առանց մեր ապրումները հանրայնացնելու և զոհի դեր ստանձնելու, մեր ստացած դիպլոմ/հավաստագրերում ոչ թե նշանակություն տանք քանակին, այլ այն որակին, որը մեզ գոնե մեկ քայլով կմղի առաջ, ժամանցի վայրեր գնանք ոչ թե այն մտքով, թե երբ ենք մի հատ ուղիղ եթեր անելու կամ նկարվելու, էջում դնելու, այլ գնանք մեր հայրենաճանաչման ու լիարժեք հանգստի համար, ոչ թե մեր բազմաքանակ սելֆիներով նյարդայնացնենք ընկերներին, այլ գոնե զուսպ ու օրինակելի հրապարակումներ անենք, որից նախ և առաջ ինքներս կսովորենք։ Մեր կյանքը դարձնենք ոչ թե վիրտուալ ցուցամոլություն, այլ ինքնաբավ հարստություն, և ամենակարևորը՝ հետևենք մեր առողջությանը։ Իսկ եթե ուզում ենք լինել ավելի հետաքրքիր և պահանջված, ուրեմն պետք է լինենք ավելի զուսպ և ինքնակրթված։ Եկեք կերտենք ավելի առողջ ապագա։