Ծիրանի ջեմ

Ակնալիճ գյուղում ծիրանը հասել է: Երեկ մայրիկս ասաց. «Վաղը ջեմ ենք եփելու»։ Առավոտյան արթնացրեց, ու անցանք գործի։ Ես պատրաստվում էի ծիրանն ու կորիզը առանձնացնելու գործին, բայց մայրս ուղարկեց ինձ ծիրան քաղելու։ Գնացի․ ընկերոջս հետ իրենց ծառից քաղեցինք, բերեցինք։ Մայրս արդեն առանձնացրել էր ծիրանն ու կորիզը, իսկ մեր բերածը ծիրանի հյութի համար էր երևի։ Միասին ծիրանով լի մեծ կաթսան դրեցինք գազօջախին: Ընթացքում մեր հարևանուհին եկավ։ Դե երևի գիտեք, որ գյուղում, եթե մեկը պահածո է փակում, հարևանները ասում են՝ «ուրախությունով լինի», մեզ էլ ասաց ու մայրիկի հետ սկսեց զրուցել։

-Սպասում եմ՝ եփվի, որ քամեմ,-ասում էր մայրս։

-Չէ, չէ, ի՞նչ քամել։ Սա թափարզի ծիրան ա, եթե շալախ լիներ նոր պիտի քամեիր։ Շալախի մեջ մազմզիկներ կան, սա ուղղակի լավ եփի,-բացատրեց մեր հարևանուհին։

Մի բաժակ սուրճ խմելուց հետո գնաց։ Մորս հետ նստած էինք, սկսեցի հարցեր տալ։

-Մամ, պահածոների մթերքը հիմա՞ է հեշտ ձեռք բերել, թե՞ առաջ։

-Դե էն ժամանակ էլ էր մատչելի, հիմա էլ։ Կոպեկներ էր։ Ոնց որ հիմա, էն ժամանակ էլ առևտրականները մեքենաներով պտտվում էին փողոցներով։

-Իսկ մութ ու ցուրտ տարիներին պահածո փակո՞ւմ էիք։

-Էդ տարիներին միշտ փակել ենք։ Մամաս միշտ անում էր, մենակ պահածո չէ, թթու էլ էինք դնում։ Դե համարյա բոլորի բակերում ծիրանի ծառ եղել ա, փակում էին կոմպոտ, ջեմ, ծիրանի հյութ։ Էն ժամանակ ծիրանի հյութը բացում էինք, հացով խմում էինք։

-Իսկ կա՞ պահածոյի տեսակ, որ էդ տարիներին պատրաստել ես, հիմա՝ չէ։

-Հա, ոնց չկա։ Օրինակ հենց ջեմը։ Ես այսքան ժամանակ ե՞րբ եմ ջեմ փակել։ Երևի 22 տարի կլինի, որ չեմ փակել։ Ոչ մեկս չէր սիրում։ Հիմա դու ես սկսել ուտելը, քո համար եմ փակում։

-Մամ, իսկ եղե՞լ ա դեպք, որ ձեր փակած պահածոները վաճառեք։

-Չէ, մենք տենց վատ չենք ապրել։ Մամաս էլ, պապաս էլ աշխատել են։ Եղել ա, որ հարևաններին ենք տվել, ովքեր դրա կարիքը ունեցել են, կամ բարեկամների։

Իհարկե, խոսակցության ընթացքում չէինք մոռանում խառնել գրեթե պատրաստի ջեմը, թե չէ կկպչեր տակը։

-Սոն, գնա շաքարավազը բեր, մենակ թե արագ,- խառնված ձայն տվեց մայրս:

Դե մինչ պատրաստ կլինի, ես որոշեցի կորիզ մաքրել, համ էլ ուտել:

Կարծես թե պատրաստ է, մնում է`սառչի:

Մաման կանչեց, ջեմը արդեն պատրաստ է, պիտի տարաները լցնենք։ Գնացի․․․

Թթի փառատոն Քարահունջում

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրում  տեղի ունեցավ Թթի փառատոն: Տարբերվող և հետաքրքիր փառատոն էր, որին մասնակցում էին տարբեր համայնքներ, իսկ մասնակիցները հերթով մոտենում էին, ուսումնասիրում տաղավարները: Փառատոնը Քարահունջի բնակիչներից մեկի՝ Անդրանիկ Բաղդասարյանի այգում էր, տեղի ունենում: Այգին շատ մեծ էր և թթի ծառերով լի:

Շուտով փառատոնը մեկնարկեց, երաժշտությունը հնչեց, սկսվեց թութ թափ տալու մրցույթը, որը զբոսաշրջիկների համար հրաշքի պես բան էր: Մրցույթը 3 մասնակից ուներ. Քարահունջից Մանվել Ալավերդյանն ու Սաշիկ Դարբինյանը, մյուս մասնակիցը Գորիս համայնքի բնակիչ` Լյովա Հակոբյանն էր: Թութը թափ տվեցին, տեղում օղի քաշեցին և հյուրասիրեցին մասնակիցներին: Ինչ ասեմ, հետաքրքիր էր: Մրցույթը հաղթողներ և պարտվողներ չուներ, 3 մասնակիցներն էլ նվերներ ստացան:

Տաղավարներից մեկում խմոր էին հունցում, լավաշ թխում, հյուրասիրում տոլմա, նաև խաշիլ էին եփում: Մի աղջիկ տարազը հագին, երկանքով փոխինձ էր աղում և խաշիլ եփում: Փառատոնի տարածքում գյուղական ամեն ինչ կար. թթի չամիչ, թթի օղի, դոշաբ, թութ, անգամ ձի, էշ, որոնց հետ մարդիկ լուսանկարվում էին: Տաղավարներում կային տարազներով տիկնիկներ, որոնք Քարահունջի երեխաներն էին պատրաստել, հայկական տարազի նախշերով պայուսակներ, որոնք տուրիստների ուշադրությունն էին գրավում, իսկ բարձր տրամադրությունը ապահովում էր «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը:
Փառատոնին աչքի էին ընկնում 2 փոքրիկ, ովքեր հայկական տարազներով էին, բոլորը մոտենում էին նրանց և նկարվում, դե նրանք էլ մեծ հրճվանքով էին իրենց գործն անում:

Կարող եմ ասել, որ ինքնատիպ փառատոն էր, Քարահունջի բնակիչները շատ հյուրընկալ էին, հետաքրքիր էր նրանց հետ շփվել: Կարծում եմ տարեցտարի փառատոնն ավելի բովանդակալից կդառնա և մեծ համբավ ձեռք կբերի:

«Վաղահաս» Վարդավառ

-Երեխե՜ք, երեխե՜ք, ինձ չջրեք։

Մեր բակի երեխաներով որոշեցինք «ջրոցի» խաղալ։ Մեծ ոգևորությամբ էին երեխաները լցնում շշերն ու տարրաները։ Եվ վերջապես, երբ եկավ շատ սպասված ու բաղձալի իրար ջրելու պահը, ջրի շիթերին խառնվեց նաև երեխաների ուրախ, «ջրոտ» ու երջանիկ ծիծաղը։ Իսկ աշխույժ խաղի մեջ անընդհատ լսվում էր իմ ձայնը․

-Երեխե՜ք, երեխե՜ք, ինձ չջրեք, ես նկարում եմ…

Ամեն օրը յուրովի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Դրսում նստած` հիշում եմ արդեն անցյալում մնացած պարապմունքասթրեսային օրերը: Հիշում եմ` մտածում էի, երազում էի, որ քննություններից հետո սկսվելու են «թույն» օրերը…

Հիմա, երբ ամեն ինչ վերջացել է, թվում է, թե սկսվել են անհոգս, անկրկնելի օրերը, բայց միևնույն է, ես ու ընկերներիցս շատերը շարունակում ենք պարապմունքային ուրախ հուշերով ապրելը: Համոզված եմ, որ շատերս ունեցել ենք, իսկ ովքեր շարունակում են նույն կերպ ապրել, խորհուրդ կտամ, ինչպես ընկերս ասաց. «Ազատվեք այդ հուշերից, շարունակեք փնտրել նորը, որովհետև դրանք ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն (որը դեռ այդքան էլ լավ չի ստացվում…):

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

 

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Սակայն այս հարցում պապս վարպետ է: 86 տարեկան հասակում չի դադարում աշխատել, գտնել նոր զբաղմունքներ, ինչպես «Գևորգ Մարզպետունու» մեջ «անհանգիստ մարդը» (Լավ, է… Էլի պարապմունքներս հիշեցի):

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Երբ հարցնում եմ, թե՝ պապ, ի՞նչ կա, ինչո՞ւ ես տխուր, սկսում է հիշել կոլխոզում, սովխոզում անցած-գնացած օրերը, ու դրանց հաջորդում է ամենասիրած արտահայտությունը` «Էն ժամանակ թուրս աջ ու ձախ կտրում էր»… Բայց հետո անմիջապես թեման փոխում է` հիշեցնելով, որ գործերը շատ են, արագացնեմ, չենք հասցնի (նույնիսկ այն դեպքում, որ անելու բան ընդհանրապես չկա): Միշտ փորձում է գործունյա մարդու տպավորություն թողնել, որը, ի դեպ, շատ լավ էլ ստացվում է:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ահա և լուծումը, որը պապս օգտագործում է ութսունվեց տարի շարունակ՝ ամեն օրը սկսելով յուրովի:

«Հայաստանի երեխաները» լուսանկարչական մրցույթի հաղթողներ

Ուղղությունը՝ դեպի Լոռվա եկեղեցիներ

Չնայած նրան, որ քունս տանում էր, ինձ կարողացա զսպել և ամբողջ ճանապարհին չքնեցի: Օձունի ճանապարհին կակաչների մեծ դաշտ կար, որի մոտով անցնելիս կակաչների հոտը պատուհաններից ներխուժում էր ներս և մնում ավտոմեքենայում երկար ժամանակ: Օձունի եկեղեցին վերանորոգման մեջ էր, բայց դրանից իր գեղեցկությունը չէր կորցնում: Եկեղեցին երկար տարիների պատմություն ունի: Կառուցվել է 6-րդ դարում, բայց համարվում է առաջին դարի սրբավայր: Ասում են, որ այստեղ Թովմաս առաքյալը օծել է քահանաների ու եպիսկոպոսների, և Օձուն անունը ծագել է հենց «օծել» բառից: Փոքր ժամանակ, երբ հայրս Օձունում ինչ-որ շինարարական աշխատանքով էր զբաղված, միշտ պատմում էր եկեղեցու մասին, բայց զբաղված լինելու պատճառով, ինձ իր հետ չէր տանում՝ չնայած իմ բոլոր ջանքերին: Ուրախ եմ, որ վերջապես տեսա եկեղեցին: Սանահինում շատ բան չհասցրեցի տեսնել, բայց եկեղեցու ճանապարհին տեղավորված տաղավարները, որտեղ հայկական ազգային նախշերով պայուսակներ, տիկնիկներ և արձանիկներ էին վաճառում, հնարավոր չէր չնկատել: Սանահինում, ի տարբերություն Օձունի, զբոսաշրջիկներն ավելի շատ էին: Եկեղեցու հատակը փոխարինում էին տապանաքարերը: Այդ քարերի վրայով քայլելիս, անկեղծ ասած, ինձ վատ էի զգում: Ամաչո՞ւմ էի երևի, չգիտեմ:

Պետք է ասեմ, որ Հաղպատի եկեղեցին շատ տպավորեց ինձ. նման գեղեցիկ վայրում դեռ չէի եղել: Եկեղեցուն կպած փոքրիկ արգելապատնեշ կար: Եթե երազանք պահես և կարողանաս մինչև վերջ անցնել այդ հատվածը, երազանքդ կկատարվի: Ես էլ փորձեցի, բայց ճանապարհի կեսից վայր ընկա: Բայց ես չեմ հուսահատվում, ես ինքս էլ կարող եմ իմ երազանքները իրականության վերածել, առանց ինչ-որ հրաշքների:

Հաղպատից Ախթալա գնալու ճանապարհը հիացնում էր իր գեղատեսիլ բնությամբ: Ախթալայի եկեղեցին շրջապատված էր կանաչ, բարձր սարերով: Եկեղեցու բակում` գետնին, գեղեցիկ քարեր կային: Մի խումբ երեխաներ դրանք վերցնում էին գետնից ու փորձում վաճառել զբոսաշրջիկներին: Ինձ էլ առաջարկեցին, որոշեցի գնել, բայց մանր գումար չունեի ու չգնեցի: Հետևիցս վազեցին ու նվիրեցին: Գումարս մանրեցի ու մեկն էլ ես գնեցի: Կողքից քննադատում էին, որ գնել եմ: Ասում էին.

-Նրանք խարդախություն են անում, դու էլ քաջալերո՞ւմ ես:

Հնարավոր է՝ ընկերներս ճիշտ են, բայց այն երեխան, որը 5-6 տարեկան հասակում կարողանում է գումար վաստակելու եղանակներ գտնել, հնարավոր է ապագայում հասնի մեծ հաջողությունների: Միշտ լսում ենք, որ միլիոնատերերը մինչև հարստանալը լավ չեն ապրել, խնձոր են վաճառել և այլն: Իսկ որտեղի՞ց վերցնել առաջին խնձորը: Չէ, ես չեմ ասում, որ իմ գնած մի քարով նա կգնի իր առաջին խնձորը, բայց եթե շատ քարեր վաճառի, հնարավոր է՝ գնի, չէ՞: Ես ինքս էլ չգիտեմ՝ ինչու սա պատմեցի, և ինչ կապ ուներ այս պատմությունը եկեղեցու հետ: Պարզապես հուսով եմ, որ իմ արարքը ճիշտ էր, և նոր, ավելի մեծ խարդախություններ չի բերի այդ երեխաների կյանք:

Լոռվա մարզը հիասքանչ է և՛ իր բնությամբ, և՛ իր պատմամշակութային կոթողներով: Ցավալին միայն այն է, որ Լոռվա մարզում զբոսաշրջությունը զարգացած չէ, և այս կոթողները մնում են ստվերում. քչերը գիտեն դրանց մասին:

Ամառն ամենալավ շրջանն է Լոռի այցելելու:

Բրդյա ամառ

Ամառը եկավ, զգացինք իհարկե: Օրերը տաքացան, բակում երեխաներ հայտնվեցին: Դե, բուրդ ու խալի լվանալու սեզոնն էլ բացվեց։ Մեր բակը հարմար է նման գործողությունների համար, ու հետևաբար, թաղի բոլոր կանայք հավաքվում են այստեղ ու լվանում գորգերն ու բուրդը: Օգնում ենք միմյանց, ու այդպես ավելի հեշտ է լինում, նաև՝ ուրախ։

Այսօր էլ սովորականի նման նրանք հավաքված էին մեր բակում: Ես էլ առիթը բաց չթողեցի ու լուսանկարեցի:

Թումոն իմ Կողբում

Տարիների ընթացքում Կողբը ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, և այդ ձեռքբերումների շարքը համալրվեց Թումո կենտրոնի բացմամբ: Կողբում շուտով կկառուցվի Թումո, շուտով 600-1000 երեխա կայցելի Թումո, և այդ 1000 երեխայի 0.1 տոկոսը կկազմեմ ես:

Հունիսի 6-ին տեղի ունեցավ Թումո և Կողբ նախագծի շինարարության մեկնարկը՝ տեղադրվեց առաջին քարը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և բազմաթիվ հյուրեր Հայաստանից և արտերկրից:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կողբ» հիմնադրամին, հատկապես Արթուր Աբովյանին, ում ջանքերով ընդամենը մի քանի ամիս անց մենք՝ սահմանին ապրող երեխաներս, կայցելենք Թումո, և ես ու ինձ նման շատ երեխաներ հնարավորություն կունենան հմտանալ տարբեր բնագավառներում:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախագծում, և շնորհակալ եմ հինգերորդ Թումոն Կողբում բացելու համար: