Մեծամորի պատմամշակութային շինություններն ու հուշարձանները

Երևի բոլորդ էլ գիտեք, որ մեր քաղաքը երիտասարդ քաղաք է: Կառուցվել է այն տարիներին, երբ կառուցվում էր ատոմակայանը: Բնակիչներն էլ հիմնականում ատոմակայանի շինարարներն էին ու աշխատակիցները: Քաղաքը կառուցվել էր, բայց չուներ իր եկեղեցին, մշակութային օջախները: Այսօր արդեն մենք ունենք մեր եկեղեցին` Սուրբ Ղազարը: Սուրբ Ղազար եկեղեցին կառուցվել է 2002 թվականին ամերիկաբնակ տեր և տիկին Զավեն և Ազատուհի Դադեկյանների բարերարությամբ։ Արմավիրի թեմի Մեծամորի միակ եկեղեցին օծվել է 2005 թվականի հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։

Սուրբ Նարեկ մատուռը կառուցվել է 2014 թվականին Մեծամորի 18-րդ շենքի բնակիչ Կարեն Արիստակեսյանի բարերարությամբ։
Խաչքարերից մեկը նվիրված է Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին: Կառուցվել է 2008 թվականին, իսկ մյուս խաչքարը նվիրված է 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին, կառուցվել է 2012 թվականին։

 

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Խաղողօրհնեքն Արմավիրում

Ապարանում

Երկու օրով գնացել էի Ապարան: Երկրորդ օրը որոշեցի դուրս գալ քաղաք ու հետաքրքիր ֆոտոներ անել: Բարեկամներիս հետ գնացինք մի թաղամաս, որը կոչվում է Բադալի թաղամաս: Հենց այդտեղ կա աղբյուր՝ Բադալի աղբյուրը: Աղբյուրը դպրոցին կից է, այդ տարածքում կան շատ առանձնատներ, ու մարդիկ իրենց խմելու ջուրը այդ աղբյուրից են տանում:

Տարածքում կա մի քար, որի վրա քանդակված է Հիսուս Քրիստոսի սրբապատկերը: Բադալի թաղամասից հետո ուղևորվեցինք «Սիրո աղբյուր»: Ճանապարհին մի պապիկ իր թոռան հետ զրուցելով գնում էր.

-Պապի սոված եմ,- նվնվում էր թոռնիկը:

-Հա, հեսա հասնենք տուն, տենանք տատդ ինչ ա եփել,- հորդորում էր պապը:

«Սիրո աղբյուրի» ջուրը շատ վարար էր: Աղբյուրի ջուրը լցվում է գետը, սակայն մոտակայքում արհեստական լիճ են նախագծում, որի ստեղծման համար գետի ջուրն են օգտագործում, գետի ջրի մակարդակը բավականին նվազել էր: Ձկները պարզ երևում էին, նույնիսկ ձեռքով էին կարողանում երեխաները ձկներ բռնել:

Ապարանը գեղեցիկ քաղաք է, բայց այնպիսի թաղամասերում եղա, որոնք կարծես գյուղի փողոցներ լինեին: Կար մի թաղամաս, որտեղ լքված և հին տները մեկը մյուսին էին հաջորդում:

Արմավիրի կենդանաբանական այգին

Օր-օրի պակասում է իմ քաղաքի`Արմավիրի կենդանաբանական այգու բնակիչների թիվը, որը յուրաքանչյուր բնակչի համար էլ տխուր դեպք է: Իսկ պատճառը ոչ բարենպաստ պայմաններն ու սննդի մշտական աղբյուրի բացակայությունն է: Այգին համարվում է մասնավոր, և քաղաքի ոչ մի կառույցի չի հետաքրքրում այգու պահպանման հարցը: Կենդանիների աչքերի տխրությունը միայն հերիք է, որ ցանկանաս ինչ-որ բանով օգնել նրանց, թեկուզ մեկ կտոր հացով: Իսկ ես փորձեցի այս կերպ նրանց օգնել՝ պատմել նրանց մասին, միգուցե ինչ-որ մեկը կցանկանա օգնել կենդանիներին, որոնց համար միևնույն է. Քաղաքապետարանը, մարզպետարանը, թե սովորական մարդիկ կլինեն իրենց տերերը: Նրանք սիրո և խնամքի կարիք են զգում:

Սովորական օր

Հուլիսի 23, գիշերվա 4:46

Զարթուցիչի անիմաստ ծնգոց… Սարում եմ, հետևաբար զարթուցիչս լրիվ բնական է… Ծընգ-ծընգ-ծընգ… Ընդամենը 2-3 ժամ առաջ եմ պառկել քնելու, բայց մի ժամ էլ չեմ քնել երևի… Ինչևէ, ես որոշել եմ, որ պետք է լուսաբաց դիմավորեմ… Մոռանում եմ ինձ բնորոշ քնկոտությունս, ինքս ինձ համոզում, որ քունս չի տանում, ու որ ես պետք է անեմ ուզածս… Դե, չմոռանամ իմ անսահման դանդաղաշարժության մասին ու ասեմ, որ տնից դուրս գալը 15-20 րոպե տևեց… Ինձ ասել էին, որ արևածագ դիմավորելու համար ժամը 6-ին արթնանալն էլ հերիք է, բայց չհամոզվեցի, վեր կացա ավելի վաղ, ինձ հետ արթնացնելով ևս 3 հոգու, ովքեր մի ժամ շարունակ ինձ ինչ ասես որ չէին ասում…

05:51

Արևն ինձ օգնության հասավ, ու «արևածագ դիմավորողներս» լուռ սկսեցին նայել հետզհետե ավելի շատ երևացող, փոքրիկ դեղին շրջանակին…

05:55

Սարածաղիկ եմ գտնում, ու մի քանի րոպե շարունակ փորձում հնարավորինս բնական նկարել արևածագի ֆոնին. կարծես թե ստացվեց…

06:08

Հարևանի շան նկարվելու ցանկությունն էլ պակաս չէր… Եկել է դիմացս կանգնել, թռվռում է, ես էլ վախից գոռում ու ոտքերս գետնին եմ խփում: Խեղճն էլ մտածում է, թե հետը խաղում եմ: Ի վերջո գնաց, հեռվում կանգնեց, նկարեցի, հետո պառկեց… Էնպես է նայում տեսախցիկին, ասես մոդել լինի…

Հետո, սովորությանս համաձայն թափառել, նկարել, թափառել… Մինչև մութն ընկնի, մի հատ էլ մայրամուտ նկարեմ ու վերջ… Հա, ի՞նչ անենք, թե Վարդավառի օրն էր, ում համար Վարդավառ, ում համար սովորական օր…

Լուսանկարը՝ Լաուրա Մանուկյանի

Երեւան. տոթ կեսօր

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի, Կոտայքի մարզ, ք. Հրազդան

Վարդավառ

Այգեձորյան օրագիր (մաս 4)

Տավուշի մարզի Այգեձոր գյուղի տարվա բոլոր 12 ամիսները ծանրաբեռնված են: Ընտանիքների բոլոր անդամները իրենց ներդրումն ունեն ընտանեկան օջախը կանգուն պահելու հարցում: Անգամ փոքր երեխաներն անում են այն, ինչին պատում են ուժերը:

Պատմություն տան մասին

Երկրագնդի կապույտ մակերեսի վրա կանաչով ներկված գյուղ կոչվող մի տարածք կար: Այնտեղ կյանքը շագանակագույն էր՝ մոխրագույն բծերով, իսկ դրսից վարդագույն էր՝ կանաչի վրա:

Գյուղում աշխարհի մնացած վայրերում ապրող մարդկանցից չտարբերվող մարդիկ էին ապրում, ապրում էին գրեթե նույն կերպ, ինչպես աշխարհի բոլոր մնացած վայրերում, բայց և տարբեր նրանցից: Այստեղ էլ օրը սովորականի նման էր սկսվում, սովորականի նման մարդիկ քնում էին, արթնանում, տղաները բանակ էին գնում, շատերն էլ հեռանում էին երկրից: Այստեղ օրը մթնում ու լուսանում էր նույն կերպ, երեկոներն այստեղ նույնքան գեղեցիկ էին, խաղաղ: Սովորականի նման այստեղ ամեն օրը հաջորդում էր մյուսին։ Սովորականի նման այստեղ էլ տարիներով ոչինչ չէր փոխվում:

Սովորականի նման, և այսօր էլ, գյուղում ամեն ինչ նույնն է:

Սովորականի նման այսօր էլ այստեղ շատերն են ապրում, տուն են կառուցում, սիրում են, սիրվում ու ատում: Տղաները բանակ են գնում, գալիս են կամ չեն գալիս, շատերն են հեռանում երկրից ու հետ չեն դառնում: Այստեղ իմ ու քո հայրենիքն է ամբողջանում, սովորականի նման, բայց անսովոր կերպով։

Ծնվել ու ապրել գյուղում։ Գիտե՞ք, այնքան էլ հեշտ չէ։

Ապրել գյուղում նշանակում է հողը զգալ մարմնի բոլոր բջիջներով, նրան տալ բոլոր հույսերն ու երազանքները և սովոր լինել փոխարենը ոչինչ չստանալուն:

Նայել ծառերին ու այնտեղ՝ նրանցից կախված տեսնել գյուղացու ողջ տարվա աշխատանքը: Մեղուների ներդաշնակ ձայնի մեջ «Հորովել»-ի մեղեդին գտնելն ու մեղուներին չզիջելով՝ աշխատելը։

Հաշվել կարկուտի յուրաքանչյուր հարված ու այն համեմատել գյուղացու սրտի զարկերի հետ, հետո պատառոտված տերևներից այն կողմ տեսնել նրա՝ նույնքան պատառոտված նպատակները:

Իմանալ նաև նրա՝ աշխարհի գույները հողից դուրս փնտրելու բոլոր ջանքերն ու նորից դեպի նա վերադառնալը: Հիասթափությունը, բարկությունն ու բախտից, աշխարհից խռովելը, ինքն իր հետ վիճելն ու հաշտվելը։ Սիրելը։

Զգալ ելակի դաշտերում նրա թողած ժամերի ու օրերի հաշիվը, անվերջ կորացող մեջքի ու հոգնած ոտքերի ցավը:

Նշանակում է իմանալ նրա՝ աշխարհում վարդագույնը մի քիչ ավելացնելու բոլոր փորձերը, պարզության մեջ կեղծիք չմտցնելու ջանքերը: Իմանալ նրա՝ քչով գոհանալու ու իր քիչը՝ աշխարհի հետ կիսելու մաքրությունը…

Այգեձորյան օրագիր (մաս 2)

Այգեձորյան տների գեղեցկությունը մանրուքների մեջ է: Տան անդամներից յուրաքանչյուրը գիտի իր իրերի գտնվելու տեղը, ու այս խիստ դասավորվածությունը տանը յուրահատուկ տեսք է տալիս: Տան պատերի վրա կախված յուրաքանչյուր դետալը հենց այնտեղ է, որտեղ պետք է լինի: Այգեձորում համակարգվածության ու գեղեցիկի համադրությունն ամենուր է: