Դըբա լավը

Ուզեմ թե չուզեմ՝ ամառ է: Հա, ես ամառը չեմ սիրում, բայց խոսքը մեր մեջ՝ էս մեկին սպասում էի: Թարսի պես հուլիսից սկսվեց, դե գիտեք՝ քննություն, բան…

Գյուղի ճանապարհը երկար է կամ էլ երկար չէ, չգիտեմ: Մեկ, երկու, երեք թե՞ չորս: Հա, չորս ժամ: Չորս ժամը քիչ բան չէ, բայց նաեւ հակադարձ համեմատական է սպասմանը: Էդպես է, չէ՞, կարոտը կրճատում է հեռավորությունը, երբ գիտես, որ մի ամբողջ փողոց էնտեղ քո գալուն է սպասում:

Երեւանից Ապարան, Ապարանից Սպիտակ, Սպիտակից Վանաձոր, Վանաձորից… Այ էստեղ սկսվում են էն սարսափելի խաչմերուկները, որոնք ամեն ինչ անում են քո սրտխառնոցն ու գլխապտույտը ապահովելու համար, եւ ոչ կարողանում ես կարգին զրուցել, ոչ էլ պատուհանից դուրս նայել, իսկ էնտեղ չքնաղ Լոռին է, որը միշտ գրկաբաց ընդունում է քեզ:

Մեր գյուղը Թեղուտն է, էն նույն Թեղուտը, որի մասին անվերջ խոսակցություններ են շրջանառվում: Պղնձամոլիբդենային հանքապաշարներով Քաջարանից հետո երկրորդն է Հայաստանում, իսկ շահագործման արդյունքում առաջացած վնասներով… Այ, դա չգիտեմ, բայց որ վնասները քիչ չեն, հաստատ է:

-Բա, ափսոս չե՞ն մեր սարերը, ձորերը:

-Ոնց որ վերքեր բացեն բնության սրտում:

Իրականում դրանք վերքեր են մարդկանց սրտում, հենց գյուղացու սրտում, ով հերիք չէ՝ տեսնում է ամբողջն իր աչքերով, դեռ մի բան էլ ապրում է դրա մեջ՝ վնասելով իր իսկ առողջությունը, իսկ սա արդեն կատակ բան չէ:

Այս անգամ գյուղի ճանապարհը մի քիչ երկարեց, ավելի ճիշտ կլինի ասել՝ երկարեցրինք: Մտանք Օձուն, Օձունի եկեղեցի, հետո նաեւ՝ Ախթալա՝ Ս. Մարիամ Աստվածածին: Իսկ կեսօրին արդեն գյուղում էինք: Աչքերս լայն բացած մեքենայի պատուհանից նայում էի հավաքվածներին, ովքեր լայն ժպիտներով կանգնել ու սպասում էին, որ իջնեինք մեքենայից, որ գրկեին մեզ, մի քանի բառ խոսեին: Մի քանի բառ՝ միայն սկզբի համար, մնացածը՝ սեղանի շուրջ, իսկ էդ սեղանը ամեն տեղ լայն բացված սպասում է իր հյուրերին:

Թեղուտում եւ ընդհանրապես Լոռու որոշ հատվածներում Վարդավառը ավելի ուշ են տոնում, մենք էլ, առիթից օգտվելով, միշտ Վարդավառին ենք գնում: Տոնի առթիվ բոլոր տներում գառ են մորթում, նազուկ ու ագդակ են թխում, իրար ջրում ու մի լավ ուրախանում:

-Նրա հըմար, որ միշտ իրուր հետ ական ըլնինք ստոլի չորս կուռը:

Սա սովորական կենաց է, որ խմվում է նրա համար, որ իրար հետ միշտ հավաքվենք սեղանի շուրջ, որ անկախ ժամանակից ու հեռավորությունից միշտ սիրով լինենք ու հիշենք իրար:

-Իբր եկաք, արդեն գնո՞ւմ եք:

Ամեն անգամ լսում եմ էս խոսքերը ու տխրում, որովհետեւ ամեն անգամ էլ շուտ ենք վերադառնում աշխատանքի, զբաղվածության պատճառով: Բայց էս անգամ տխրությունս կարճ տեւեց, որովհետեւ առիթը բաց չթողեցի եւ հասնելով Վանաձոր՝ հանդիպեցի նաեւ ընկերներիցս մեկին՝ Անահիտին, իսկ դա արդեն մեծ տոն էր մեզ համար… Կարոտի մի տեսակ կա, որ ձգվում է քաղաքից քաղաք, ու քեզ մշտական սպասման մեջ պահում, այդ նույն սպասումն է անմնացորդ երկարում քո եւ քո միջեւ, քո եւ նամակընկերիդ՝ խոստանալով անեզր հեռվության կրճատում, մի հանդիպում, գրկախառնություն, զրույց կամ էլ…

-Էս էլ մեր դըբա լավը:

Հայաստանի քաղաքները. Բյուրեղավան, Կոտայքի մարզ

Եղիպատրուշ գյուղի հրաշամանուկները

Մարդու համար ոչինչ այնքան անհասանելի չէ, որքան մարդը: Առավել անբացահայտելի է մարդուկների էությունը: Ամեն մի երեխա առանձին մի աշխարհ է: Սիրում եմ նրանց անկեղծությունը: 

Հիշում եմ` վերջերս աղվեսիկներից մեկի պատկերացումները, ինչպես էի անփութորեն կոտրել: Աղվեսիկս մտավ սենյակ ու տեսավ, որ ռոք երաժշտություն եմ լսում ու կոտրված հայացքով ասաց.

-Իսկ ես մտածում էի, որ դու նուրբ աղջիկ ես, տենց երգեր չես լսի…

Ա՜խ, այդ ճստիկ հրաշամանուկները:
Երեխաները ձգտում են նմանվել մեծերին, բայց եթե հակառակը լիներ, այ դուք՝ մեծերդ, կսովորեիք ապրել ներկայով: Ինձ միշտ բարկացնում է նրանց աղմուկը, բայց լռությունը խորհրդավոր և կասկածելի է թվում: Նրանք գործում են ներքին հանճարով, գործում են այնպես, ինչպես մի փորձառու արվեստագետ: Աշխարհում ամենահաճելի պահը այն է, երբ մի մոծակից ստանում ես քո դիմանկարը իր պատկերացումներով: Երբ նկարում եմ, ամեն մի աղվեսիկի, որքան էլ ճանաչեմ կամ չճանաչեմ, յուրովի եմ բացահայտում: Հաճույքով լսում եմ նրանց կարծիքը իմ մասին, կոնֆետներ եմ նվիրում:
Մանկությունիցս մինչև հիմա պաշտում եմ, երբ ինձ կոնֆետներ են նվիրում, չնայած որ ուտել չեմ սիրում: Հիշում եմ, երբ ժամանակին ես էի նկարվողի դերում:  Երազում էի ոչ թե շուտ մեծանալ, որ ես էլ նկարեմ, այլ մի քիչ բոյովանալ` «ի կանյեց» (и конец):
Մոծակներս էլ էին բոյովանալ ուզում:
Ահա և իմ հրաշամանուկներից մի քանիսի լուսանկարները:

Երբ խոսում է երկինքը

Երբևէ երկար նայե՞լ եք երկնքին ու փորձել մտովի խոսել նրա հետ:Ես ամեն օր լուսանկարում եմ երկինքը և երեկոյան, երբ բոլորը հեռուստացույց են դիտում, ես ուսումնասիրում եմ այդ օրվա նկարները: Երբ դրսում զբոսնում ենք ընկերուհիներով, ինձ անընդհատ ասում են.

-Ան, նայի` ինչքան սիրուն ա, շուտ նկարի:

Իսկ ես շուտ հանում եմ խցիկս ու նկարում, առանց ժամանակ կորցնելու:

Երբեմն երկինքն այնքան պարզ ու գերող է լինում, որ ինձ թվում է, եթե ձեռքս երկարացնեմ` կդիպչեմ: Գիտեմ, որ դա անհնար է, սակայն ամեն անգամ ձեռքս վեր եմ բարձրացնում ու թաղվում եմ հավերժության մեջ…

Հայաստանի գյուղերը. Ալաշկերտ, Արմավիրի մարզ