Փոքր Հայաստանը իմ մեծ տեսախցիկով

Այս ամառ մենք ուղևորվեցինք Սյունյաց աշխարհ: Հիացած, վախենալով բարձունքից, աշխարհի ամենաերկար ճոպանուղուց դիտում էի մեր լեռնաշխարհի հրաշքները, անդնդախոր ձորերը, վեհ անսասան կիրճերը: Ահա Տաթևի վանքը բարձունքում: Ակամա տեսա դարեր առաջ այստեղ ճգնած ու աղոթող վանահայրերին, ականջներիս հասան կոչնակների ձայները: Վիթխարի ժայռերին թիկնել էր ճարտարապետական հրաշք կոթողը: Դեռ չէի հաղթահարել բարձունքի վախը, երբ իմ ընկերները մի նոր փորձություն էին պատրաստել ինձ համար: Մեզ բացատրեցին, որ տարածքում գտնվում է շարժվող սյունը: Մոտեցանք, ես այնքան էի տարվել, այնպես ուշադիր էի զննում նրա քարերը, հիմքը, ուզում էի տեսնել, թե ինչ մեխանիզմ է շարժում սյանը, երբ հանկարծ տղաներից մեկը գոչեց.

-Անու՛շ, փախիր, սյունը ընկավ:

Ճչացի և հեռու ցատկեցի: Բոլորը ծիծաղեցին վրաս: Գլուխս բարձրացրի, սյունը կանգուն էր: Ախր, ինչպե՞ս հավատացի, չէ որ այնպես էր կառուցված, որ անգամ հզոր երկրաշարժերը անզոր են եղել տապալելու:

Ճապոնացիները 20-րդ դարում ունենալով հզոր տեխնիկա, սկսել են կառուցել են իրենց տները ճոճվող սարքերի, զսպանակների վրա, իսկ իմ նախնիները այդ գաղտնիքը իմացել են դարեր առաջ` կատարելով ճշգրիտ հաշվարկներ, կիրառելով պարզ, միևնույն ժամանակ, հանելուկային միջոցներ, որոնք հիմա էլ զարմացնում են մարդկանց:

Ես ամբողջ ժամանակ լուսանկարում էի այն ամենը, ինչն ինձ ոգևորում, հիացնում ու հպարտության զգացումով էր լցվում: Ահա Տաթևը իմ աչքերով:

Զբոսանք Գյումրիում

Սիրում եմ իմ քաղաքը, նրա ամեն մի քարն ու փոսը, հինավուրց տները եւ հյուրընկալ մարդկանց։ Գյումրին կարծես արեւ լինի, որ ջերմացնում է բոլոր նրանց, ովքեր այցելում են իրեն։ Քայլելով Գյումրիի փողոցներով ասես հայտնվում ես մի ֆիլմի մեջ, որի բոլոր կադրերը սկսում են կենդանանալ, իսկ բնակիչները ասես այդ ավերջանալի ֆիլմի կերպարները լինեն՝ ջերմությամբ, հյուրասիրությամբ եւ հումորով լեցուն։ Ապրող եւ ապրեցնող քաղաք է Գյումրին։

Մանկության հրաշքները

Խաղաղ կեսօր Վահան գյուղում

Լոռի բերդը

Ստեփանավանը հայտնի է ոչ միայն իր գեղատեսիլ բնությամբ: Այստեղ շատ են նաև պատմական վայրերը: Ամենից նշանակալիցներից է Լոռի կամ Լոռե բերդը: Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք`  Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 – 1020 թթ.։ Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն։ Փռված են ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը: Հիմա բերդաքաղաքը վերանորոգումների մեջ է գտնվում: Աշոտ Երկաթը այդ բերդաքաղաքում մեկ օր է անցկացրել, և դրա համար էլ կոչվում է նաև Աշոտ Երկաթ: Պահպանվել են արքայական բաղնիքն ու թագավորանիստ պալատի ավերակները: Համեմատաբար լավ են պահպանված քաղաքի պարիսպներն ու միակ դարպասը: Կիրճի մեջ գտնվող քարե կամարակապ կամուրջը միացրել է քաղաքի աջ ու ձախ ափերը:

Բերդաքաղաքում կա փոքրիկ եկեղեցի: Այնտեղ շատ հանգիստ և հաճելի վայր է: Բերդաքաղաքում եղել է նաև ընդհանուր բաղնիք, և մինչև հիմա նաև պահպանվում են տաք և սառը ջրի խողովակների տեղերը: Հաճախակի մեր դպրոցի երեխաներին տանում են էքսկուրսիա, և երեխաներին շատ է դուր գալիս բերդաքաղաքը:

Աշոտ Երկաթի բերդ բավականին զբոսաշրջիկներ են այցելում, այցելում են նաև ստեփանավանցիները, գալիս են Երևանից,Վանաձորից: Շրջակայքը մաքուր է և  գեղեցիկ:

Մենք այնքան են սովորել բերդաքաղաքին, որ արտառոց ոչ մի բան չենք տեսնում, իսկ զբոսաշրջիկները միշտ հիացած ու ոգևորված են հեռանում, երբ շփվում են մեր պատմական անցյալի հետ: Այս անգամ ես էլ այցելեցի Լոռի բերդ զբոսաշրջիկի նման ու փորձեցի ուրիշ աչքով նայել մեր հարստությանը և լուսանկարել: