qristine sahakyan

Հայացք են թողնում

Խոսում էին աչքերդ, խոսուն էր հայացքդ․․․ Պայծառ էր օրը, փայլում էր արևը, հիանալի էր ամեն ինչ, բայց թախծոտ էին իրարից հեռացող աչքերը։ Այդ աչքերը ամենաառեղծվածայինն էին։ Գալ խոստացող, իրար գրկող ու հեռանալ չցանկացող հայացքները սփռված էին շուրջբոլորը։ Կյանքումս տեսած ամենաանհասկանալի բաներից էին նրանց հայացքները։ Չգիտեի՝ ուրա՞խ էին, թե՞ տխուր, հպա՞րտ էին, թե՞ արդեն կարոտած։ Թվում էր՝ երազումս էի ու երբ արթնանայի, ամեն ինչ պայծառ էր լինելու այն արևի նման, որը այդ օրը այդպես էլ չջերմացրեց ոչ մեկի սիրտը․ կարոտ մնացինք արևի ջերմությանը։

-Աստված հետներդ, տղե՜րք,- լսելի դարձավ ամեն կողմից, ու գնաց այն ավտոբուսը, որը երկու տարով բաժանեց ծնողին զավակից, քրոջը՝ եղբորից։

Այդ սպիտակ ու կապույտ գծերով ավտոբուսը ինձ պարտք է նաև եղբորս։ Այդ օրվանից անցել է տասնութ ամիս, բայց նրանց հայացքը դեռ այնտեղ է, եղբորս հայացքը դեռ այնտեղ է։ Ամեն անգամ, երբ անցնում եմ այդ տարածքով, հայացքը գալիս է աչքերիս առաջ, թվում է՝ նոր եմ ճանապարհում, նորից եմ զգում նույն ցանկությունը՝ ամուր գրկել․․․ Զինվորս հայացք թողեց այնտեղ՝ այն դռան առաջ։ Ու այդ հայացքում կարոտ կար անսահման, ու այդ հայացքում սեր կար անսպառ։ Հիշում եմ նաև այն ժպտերես պապիկի հուսադրող խոսքերը ու խրոխտ հայացքը, որ սևեռեց ինձ վրա ու ցույց տալով շքանշանները՝ ասաց․

-Ինչո՞ւ ես լացում, աղջի՜կս, եղբայրդ հետ կգա, այն էլ՝ այսպիսի շքանշաններով։ Զինվորի համար չլացե՛ք, զինվորի համար հպարտացե՛ք։

Պապիկը ճիշտ էր․ շքանշաններ ունես, մնում է՝ գաս։ Անկեղծ ու թախծոտ հայացքներ տեսած տարածքում ձեզ սպասողներ կան։ Կարոտն անսահման է, սպասողները՝ անհամբեր։ Մենք՝ կարոտած, դու՝ կարոտված ու շատ սպասված։ Հայացք թողեցիր, այն էլ՝ անմոռաց։ Խոսում էին աչքերդ, խոսուն էր հայացքդ։

Mariam Yavrumyan

Նստարանի հետ զրույց

Դու էլ ես կարոտում, չէ՞։

Հա, բան չկա: Կանցնի։

Ինձ ասում են, որ էլ չկարոտեմ, բայց ես նույնը քեզ չեմ ասի: Գիտեմ, որ անհնար է չկարոտել մեզ: Մենք քո տեսածներից ամենասիրունն էինք:

Դեռ երևի դու ավելի շատ ես կապված նրա հետ, ի վերջո ամեն օր տեսնվել եք: Իսկ իմ ու նրա հանդիպմանը միշտ դու էլ ես ներկա եղել: Լսել ես, թե ոնց ենք երեխայի նման հրճվել, որ յութուբում հայտնի երգերից մեկի 11 ու 12-րդ դիտողները հենց մենք ենք եղել: Լսել ես, թե ոնց է ինքն ինձ համոզում, որ շները փիսոներից լավն են ու ես երբեք չեմ համաձայնել: Եվ ինքը մեզ երկուսիս էլ սովորեցրել է սև հումորից վատ չզգալ:

Ես կամաց-կամաց, բայց սովորեցի նրա գնալուն ու էլ երբեք չգալուն:

Դու, լինելով հասարակ նստարան, կարոտել ես: Շատ ես սպասում, չես սովորում նրա բացակայությանը, չափից ավելի էիր կապվել:

Իսկ ես կարողացա հասկանալ, որ փիսոները միշտ էլ շներից լավն են: Սովորեցի չուրախանալ հայտնի երգերի առաջին լսողը լինելուց: Էլ վաղուց չեմ նեղանում սև հումորից ու հակառակը` սիրում եմ:

Ու շատ կամաց-կամաց, բայց սովորեցի ապրել առանց նրա:

Հիմար նստարան ես, որ սպասում ես նրա գալուն, ոնց գարունը՝ վերջին փաթիլի հալվելուն, Դի Կապրիոն` իր Օսկարին:

Իսկ գիտե՞ս, որ գարունը գալիս է առանց փաթիլների հալվելու, Դի Կապրիոն էլ Օսկար վաղուց ստացել է:

Սովորիր, նա, ով գնում է, էլ երբեք չի գալիս, հրաժեշտի կողքին երբեք վերադարձը չի լինում: Երբեք:

sona ghavalyan

Երգ խաղաղության

Իմ Տավուշը անձեռակերտ ու քարակերտ ամրոց է, քարեղեն ու խոսուն կենսագրություն, բեզարած ռանչպարի արոր ու մաճ, և ոչ թե լոկ հող, պատմական տարածք կամ էլ թշնամու համար պատերազմի թատերաբեմ։

Սա սիրո ու արարումի երկիր է․ ամեն բուռ հողի մեջ գյուղացու քրտինքով ձեռք բերած վաստակը կա, դաշտային ամեն ծաղկի բույրի մեջ՝ մանկան արևավառ ժպիտը,  բարձր լեռների ու դյութական սարերի գրկում ամեն մեկիս թաքուն պահած երազանք կա, բայց և այնպես, բոլորը միահյուսված, բոլորի շուրթերին էլ՝  խաղաղություն գրված․․․

Եվ նորից մենք պարտադրված ենք  գիշերը կրակոցի ձայներից չքնել, իսկ այգաբացին վերստին մեր մտքերի մեջ կորսված՝ մեր չջրած այգու ու չհնձված արտերի մասին մտածել․․․

Ուզում եմ ամեն առավոտ առաջվա նման նորից հեծանիվս վերցնել ու մտքերիս հետ ծալ-ծալ թերթվող դաշտերի մեջ խորանալ։ Ուզում եմ ոսկի հասկերի եզրին նստել ու ծղրիդի ձայների ներքո խճճված մտքերիս կծիկն ի մի բերել, հետո նայել ծավի երկնքին ու խորհել․ արդյո՞ք ամենասիրուն գույնը երկնագույնը չէ, մի՞թե խաղաղաբեր գույնը երկնագույնը չէ։ Նայել արևից խանձված արտերին ու դրա մեջ էլ գեղեցիկը տեսնել, և մտքերի խոժոռ բեռից ծանրացած՝  հասկերի մեջ պառկել ու քնել՝ ասես Տավշո աշխարհի հոգին չի վրդովվել երբեք։ Երազիս մեջ դարձյալ երկնքի կապույտը ու քամու՝ մեղմ շնչից օրորվող մայրացած հասկերը տեսնել․․․ Երեկոյան արթնանալ մայրամուտի՝ հրդեհի մատնած բոսորաթույր լույսի հունձքից և սպասումի հայացքով մայրամուտին նայել ու հրաշեկ կտավի մարող երանգները հաշվել։

Մտմտալով ու հոգոց հանելով բռնել կածանը վերադարձի՝ կրկին ու նորեն խորհելով մարդու անմիտ քայլերի ու, չգիտես՝ ինչու, հավերժորեն կրկնվող պատերազմների մասին․․․

ruben movsisyan

Ասում են

Դատարկություն։ Ընդհանրապես, որտե՞ղ է լինում դատարկ։ Ջրհորո՞ւմ՝ գարնանը չտեղած անձրևների պատճառով, մառանո՞ւմ՝ ամռանը չքաղված բերքի պատճառով, սառնարանո՞ւմ՝ չկատարված գնումների պատճառով, ուղեղո՞ւմ՝ չստացված գիտելիքի պատճառով, հոգո՞ւմ՝ չստացված հոգևոր սննդի պատճառով, թե՞ ի վերջո սրտում՝ չստացած սիրո պատճառով։ Բոլոր տեղերում էլ դատարկ լինում է, բայց որի՞ դատարկությունն է առավել անտանելի։
Առանց ջրհորից հանած ջրի, ասում են, կապրես միջինում 2-10 օր (կախված միջավայրի ջերմաստիճանից)։ Առանց մառանում և սառնարանում եղած սննդի, ասում են, կապրես միջինում մեկ ամիս, պատկերացրեք՝ ինչքա՜ն շատ է։ Առանց ուղեղի կամ ունեցած դատարկ ուղեղով հա՜ էլ կապրես՝ հուսադրող համարելով, որ մեդուզաները առանց այդ ծալքավոր օրգանի ապրում են հարյուրից ավել տարիներ։ Առանց հոգևոր սննդի էլ կապրես ոնց էլ չլինի, դե հա, ասենք ես Մոցարտ չլսեցի, կամ Վան Գոգի կտավներով չզմայլվեցի, չե՞մ ապրի, կապրեմ, էն էլ ոնց կապրեմ։

Բայց այ երբ սիրտն է դատարկ, երբ սիրտը տածած սիրուն փոխադարձը չի ստանում, այ այդ ժամանակ է, որ դադարում ենք ապրել, կարելի՞ է ապրել առանց սիրտ, չէ՛, չի կարելի, ես թույլ չե՛մ տալիս։ Ապրել կկոչվի՞ այն կյանքը, որը առանց սեր է ու առանց զգացմունք, կամ որում սեր և զգացմունք տածողը միայն դու ես։ Կլինի՞ ապրել, եթե կլինի, խնդրեմ, եկեք և ապացուցեք ինձ, նորօրյա գիտուններ, դե ես էլ՝ խելոքս ու հնազանդս, կլսեմ ձեզ, կհամոզվեմ, ու «կապրեմ»՝ արդեն առանց սրտի։

Աշխատեք հագեցած պահել ձեր հոգին էլ, մարմինն էլ, բայց դրանք հագեցնելու մոլուցքով տարված՝ չմոռանաք հանկարծ սիրելու մասին։

Ասում են՝ ներսը դեռ չի դատարկվել, ափսոս, ասողն էլ եմ մենակ ես։

IMG_5335-1024x682

Այս գիշեր քնել չի լինի

Երբ փորձում ես քնել, բայց իրար հերթ չտվող կրակոցներ ես լսում, հետո շանդ անհանգիստ հաչոցը, հասկանում ես, որ այդ ամենը երևի ինչ-որ բան է նշանակում։ Փորձում ես ուղղակի չֆիքսել, չպատկերացնել, որ ամեն կրակը մի ուղղություն ուներ, բայց ուղղակի պատահմամբ չստացված էին։  Ստիպված հեռախոսդ ես ձեռքդ առնում, այստեղ էլ Բաքվի զանգվածային ցույցերն են, գլուխ կտրելու ու Երևանում թեյ խմելու կոչերը։ Ուղեղումդ իրար հերթ չտվող մտքեր են հղանում այն հարցի շուրջ, թե ինչքան կենդանանման, ոչ մարդկային ու ագրեսիվ կարող է լինել մարդը։

Սմբատը համաքաղաքացիս էր՝ պատմության ուսուցչուհուս փոքր որդին։ Ամեն պատմության դաս գոնե շաբաթական 2 անգամ Սմբատի մասին պատմություններով էր սկսվում։ Ամեն դեպքում սիրով էինք լսում, թե ինչ երազանքեր ունի Սմբատը, ինչ է սիրում ուտել, ինչ արժեքների կրող է, ինչքան է սիրում իր մորը՝ ընկեր Գաբրիելյանին, ու թե ինչ կենցաղային հարցերի շուրջ է սիրում քննարկումներ անել։ Երբեմն կարոտում էինք այդ պատմությունները, դե, լինում էին դեպքեր, երբ ընկեր Գաբրիելյանը չէր գալիս, կամ մի քիչ ընկճված էր լինում, մեկ-մեկ էլ՝ Սմբատից նեղացած, բայց գիտեինք, որ մեկ է՝ սպասում է Սմբատի զանգին։

Ամեն զանգելուն պես ներողություն կխնդրեր, խորը ժպիտով կվերցներ հեռախոսը ու կասեր․ «Հա՞, Սմբո ջան»։ Սմբատով թե՛ ինքն էր հպարտանում, թե՛ մենք։ Անկեղծ ասած՝ կապվել էինք Սմբատի, իր պատմությունների, ունեցած հաջողությունների հետ։ Ննջիր հանգստությամբ։

armine karapetyan

Սահմանից 300 կմ հարավ

Հիշում եմ՝ մեզ դպրոցում ասում էին՝ մենք տարածք չենք գրավում, մենք ազատագրում ենք: Մենք Հայրենիք ենք ազատագրում: Հիմա այս տողերի իմաստը էլ ավելի լավ եմ գիտակցում:

Երկու օր է մտքումս պտտվում են Սևակի տողերը․ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում…»։

Չգիտեմ՝ ինչ գրեմ:

Այն սերն ու հպարտությունը, որ զգում եմ իմ երկրի, իմ հայրենիքի ու հայ լինելուս համար, անբացատրելի է: Ու վստահ եմ, որ միայն ինձ մոտ չէ այդպես:

Շունչներս պահած հետևում ենք նորություններին՝ լարված, բայց մտքներումս գիտենք, որ մենք ենք ուժեղը, մենք են հաղթողը: Դա այդպես եղել է ու լինելու է:

Հաստատ չեմ կարող զգալ այն, ինչ զգում են սահմանամերձ շրջաններում ապրող հասակակիցներս, բայց գիտեմ, որ նրանք էլ ավելի ուժեղ են ու անվախ:

Մտքով գնում եմ չորս տարի հետ: 2016-ին ուրիշ էր, հիմա՝ ուրիշ: Ապրիլյանը մի ուրիշ զգոնություն ու զորություն բերեց իր հետ:

Աշխարհի վրա կա՞ մի այնպիսի ժողովուրդ ու ազգ, որ անցած լինի մեր ճանապարհը, որ տեսած լինի այն արհավիրքները, որոնց միջով մենք արժանապատվորեն անցանք: Չկան…

Ու հիմա բաց ճակատով կանգնում ենք աշխարհի առաջ, որովհետև ոչինչ չունենք ապացուցելու. մեր գծած ճանապարհը ամեն բան ցույց է տալիս, ու պատմությունը, որը հավերժ կերտելու ենք, դառնալու է դրա ամենավառ ապացույցը:

Ուժը ոչ թե քանակի, այլ ոգու զորության մեջ է: Նժդեհն ասում էր. «Հաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թե սպառազեն բռունցքի, այլ ներազեն գերազանցության»:

Չէ, պատրիոտիկ խոսքեր չեմ ուզում ասել, մենք ամենքս էլ մեր մաշկի վրա զգում ենք հայրենասիրության ու հայրենիքի արժեքը:

Թեև հիմա խոսքերով դժվար է նկարագրել ամեն ինչ ու նույնիսկ անհնար, այն դեպքում, երբ հայրենակիցներդ կյանքի, հայրենիքի ու ազատության կռիվ են մղում բարբարոսների դեմ, իսկ դու տանն ես ու հնարավորություն ունես այս ամենը գրելու: Ու էլի նրանց շնորհիվ: Շնորհակալ ենք, տղե՛րք, ձեր գործն անմահ է: Ուժե՛ղ եղեք: Դուք խաղաղություն եք պարտադրում: Մենք հպարտ ենք ու միշտ ձեր կողքին:

Հազար փառք հայոց անպարտելի բանակին, զինվորներին և սպայակազմին:

#TavushStrong

meri araqelyan

Երջանիկ պատահականություն

Կրկին սահմանին լարված իրավիճակ է, և հայ ազգը կրկին պայքար է մղում իր գոյության համար: Հուլիսի 12-ին առժամանակ տիրող հանգիստը ընդհատվեց: Ականների պայթյունի ձայնից դող է անցնում մարդու մարմնով, բայց ոչ նրա, ով տարիներ շարունակ ականատեսն է եղել մի պատերազմի, որն այդպես էլ չկրեց այդ անունը: Գիտե՞ք, թշնամին նման է քնած հրաբուխի, որը ամեն վայրկյան պատրաստ է ժայթքել՝ փորձելով կուլ տալ այն ամենը, ինչը կփորձի հայտնվել իր ճանապարհին:

Աշխարհը գիտի՝ որքան քաջարի և տոկուն է հայ ազգը, ինչը ամեն վայրկյան ապացուցում են սահմանին կանգնած մեր հայրերն ու եղբայրները: Խաղաղությանը երևի պատերազմի միջոցով են հասնում, հա՞: Հիմա, երբ դրսում պայքար է մղվում՝ կյանքի պայքար, կրտսեր քրոջս փորձում եմ բացատրել՝ ինչ է կատարվում, թե ինչի համար է այս ամենը: Եվ գիտե՞ք՝ նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ պետք է մեկը ձգտի մի բանի, որը երբեք էլ իրենը չի եղել: Ցավալի է, երբ գիտակցում ես, որ կյանքդ երջանիկ պատահականությունից է կախված: Ամեն պահ շուրթերիս «Հայր մերն» է հնչում, սակայն ոչ այն բանի համար, որ հուսահատ եմ, այլ նրա համար, որ շնորհակալություն հայտնեմ Աստծուն, որ նման զինվորներ կան սահմանին, ովքեր անկոտրում են և քաջասիրտ: Ամեն բան իր ավարտն ունի, և սա էլ կանցնի: Եվ վստահ եմ, որ մենք կհաղթենք, քանի որ մեր պայքարն ազնիվ է: Փա՜ռք մեզ և մեր զինվորներին, իսկ սահմանին՝ խաղաղություն:

nare ohanyan

Հայաստանն սկսվում է սահմանից

Տասներեքը հուլիսի, 2020 թվական…

Արդեն առավոտ դարձող գիշերը մի վայրկյան աչք չփակած՝ կողքիս դրված փոքր գրասեղանից վերցնում եմ սմարթֆոնը և սկսում թերթել լրահոսը։ Աչքիս առաջ նույն բովանդակության լուրեր են՝ «Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել։ Իրավիճակը սահմանին սրվում է։ Ադրբեջանական կողմը մեծ կորուստներ է տվել։ Հայկական կողմը կորուստներ չունի։ ՀՀ ԶՈՒ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Կոչ ենք անում հետևել ու տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն…»։

Մի քանի ժամ մտքերս իրար խառնելով ու ինչու-ների պատասխաններն էդպես էլ չգտնելով (որովհետև երևի պատասխանները չկան)՝ գրում եմ համակուրսեցուս՝ սահմանապահ Տավուշում ապրող.

-Աննա, ո՞նց եք։ Շա՞տ եք վախեցել, թե՞ սովոր եք։

-Որ մի քանի մետր էն կողմ տանկը խփի, ո՞նց կլինի գիտակից մարդը։ Սովոր չենք արդեն մի քանի տարի…

-Գիտեմ, լրիվ ուրիշ զգացողություններ են. Ապրիլյանի ժամանակ ես Արցախում էի՝ սահմանին շա՜տ մոտ…

-Ահավոր ա, սիրտդ մի րոպե չի հանգստանում.․.

-Բայց տեղահանվելու մասին չեք էլ ուզում լսել, չէ՞։

-Չէ՜, չէ՛, ընդհանրապես…

-Զգույշ եղեք, մինչև կխաղաղվի…

Էլ չգրեցի Աննային, բայց մտածեցի՝ իսկ երբևէ կխաղաղվի՞ արդյոք…

Սահմանապահները միայն զինվորներն ու սպաները չե՛ն, սահմանապահները սահմանին ապրողներն են՝ ամեն օր կյանքի ու մահվան սահմանագծին կանգնածները…
Եվ այս երկիրը՝ իմ մի բուռ Հայաստանը, սահմանից է սկսվում, սահմանով էլ ավարտվում է։
Խաղաղասեր ազգ ենք, բայց խաղաղություն չունենք…

Փա՛ռք, ուժ և տոկունություն մեր սահմանապահներին և անառիկություն մե՛ր սահմաններին։

Alla Virabyan

Մովսես, հուլիսի 13, Ալլայի նամակը բոլոր հայերիս

-Ալլա, վեր կաց, վեր կաց, իջնում ենք նկուղ,- քնիցս վեր թռա: Մութ գիշեր էր:

Վեր կացա, բացեցի աչքերս, բայց ոչինչ չտեսա: Աշխարհում գիշեր էր, բայց Տավուշ աշխարհը չէր էլ հասցրել նիրհել:

Իջանք նկուղ: Ես դեռ քնած էի, չէի հասկանում` ինչու ենք գնում խոնավ նկուղ, մինչև որ ականջիս հասավ մի ուժեղ պայթյուն, որը վերջին անգամ լսել էի մի քանի տարի առաջ:

Տեղիցս վեր թռա, սիրտս սկսեց արագ բաբախել: Ես հասկացա, որ դա ամենևին էլ հրավառության ձայն չէր, այլ մի ահարկու սպառնալիք, մահվան սպառնալիք:

Ականջներս ու աչքերս ամուր փակեցի, որ չլսեմ, որ ուղղակի չտեսնեմ այն, ինչ մթության մեջ ավելի լավ է երևում: Ամբողջ գիշերը անցավ իմ դողով, քույրերիս վախի բացականչություններով, մորս սփոփանքով, հորս քաջալերումներով և տատիկիս հայրենասիրական երգի ցածր անուշ ձայնի հնչյուններով:

Լույսը բացվեց, բայց կարծես չէր էլ մթնել, աչքերիս կոպերն էլ չէին հպվել իրար, բայց վեր կացա խոնավ գետնից, նայեցի պատուհանից: Եղանակը սառն էր, արև չկար, լռություն էր՝ սառը լռություն, որը ըստ իս, ավելի վախենալու էր, քան պայթյունի ձայները:

Նորից լսվեց բարձր պայթյուն, բայց ես աչքերս չփակեցի, որովհետև չէր երևում այն. նրա կարմիր լույսը միայն գիշերն էր երևում: Ես միայն լսում էի, լսում ու ցնցվում, մտքումս մի բան էր պտտվում, շուրթերս մի բան էին արտասանում.

Հա՜յր մեր, որ յերկինս ես …

Փոքր քույրերս մեկ-մեկ լացում են, բայց հաջորդ վայրկյանին բարձր ծիծաղում և դիմում մայրիկին.

-Մամ, ամեն ինչ լավ դի լիլ, չէ՞…

Եվ նորից սկսում են խաղալ ոգևորված դրական պատասխանից:

Սիրելի ընթերցող, ես հիմա նստած եմ նկուղում, լսում եմ պայթյունները ու պատմում քեզ այն, ինչ զգում եմ և տեսնում: Նայում եմ գյուղին. ամեն ինչ նույնն է թվում, բայց էլ առաջվանը չէ…  Զգում  եմ նկուղի պատուհանի ցնցումները պայթյունից հետո, փորձում եմ բառերով նկարագրել այն, ինչն անհար է:

Քեզ խնդրում եմ աղոթել մեր սահմանների անառիկության համար, մեր զինվորների տոկունության համար, մեր Հայաստանի, մեր Տահույս աշխարհի համար, ԱՄԷՆ…

Հայ՛ր մեր, որ յերկինս ես,

սուրբ եղիցի անուն  Քո,

եկեսցէ արքայութիւն Քո,

եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,

զի Քո է արքայութիւն եւ

զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն: