


Կապուտաչյա իմ հայրենիք

Արցախի շրջափակման 200-րդ օրն է

Բարձր ու հստակ
Ձեզ երբևէ թվացե՞լ է, որ դուք նման չեք մյուսներին, որ կարող եք այս աշխարհին տալ ինչ որ հիասքանչ ու յուրօրինակ մի բան, եթե աշխարհը մի փոքր ուշադրություն դարձնի ձեզ:
Ամեն անգամ քնելուց առաջ կազմում ես պլաններ, գծագրում ապագադ, որում դու իրականացնում ես երազանքներդ ու փոխում աշխարհը դեպի լավը: Հետո առավոտյան արթնանալով հասկանում ես, որ պետք է քրտնաջան աշխատել ու աշխատել` նպատակիդ հասնելու համար:
Երբեմն ուզում ենք, որ մեզ նկատեն, սակայն միայն ուզում ենք, ոչինչ չենք ձեռնարկում դրա համար: Պետք է հիշել, որ մեզ նկատելու են սև ու սպիտակ, անհետաքրքիր մարդկանց շարքերից: Դրա համար էլ պետք է աչքի ընկնենք որպես վառ անհատականություններ, խոսենք հստակ և տեղ հասցնենք մեր ասելիքը:
Նպատակին հասնելը հեշտ բան չէ: Դա տքնաջան աշխատանք և համբերություն է պահաջում: Վերջերս, երբ Երևան-Արտաշատ ավտոբուսով գնում էի Երևան, ճանապարհը նմանեցրի դեպի նպատակ տանող ճանապարհին. ճանապարհի կեսը կանգնած ես գնում, կեսը` նստած, երբեմն անհնարին կերպով, բայց դու դա անում ես: Ավտոբուսի մարդկանց էլ նմանեցրի այն մարդկանց, ովքեր մեզ հետ են լինում այդ դժվարին ճանապարհին՝ ոմանք իջնում են ճանապարհի կեսից, ոմանք բարձրանում են և գալիս քեզ հետ մինչև վերջ, իսկ ոմանք սկզբից մինչև վերջ մնում են քեզ հետ: Եվ նման մարդկանց շնորհիվ է, որ մենք գիտակցում ենք մեր նպատակին հասնելու կարևորությունը:
Նոյեմբեր, 2016

Երջանիկ մարդու երջանիկ օրը
Ո՞րն է երջանիկ մարդու ամենաերջանիկ օրը:
Ես երջանիկ եմ, երջանիկ եմ նույնիսկ այն բանի համար, որ կարողանում եմ մեծ ոգևորությամբ ասել այդ բառերը: Երևի իմ մեջ ապրող հուզմունքը, նեղսրտությունը, վիրավորանքը գլուխները կախեցին, քանի որ ես նրանց անուշադրության մատնեցի, չնայած այն բանին, որ նրանք ավելի մեծ են, քան երջանիկ օրերս: Երջանիկ օրերս կարող եմ թվարկել ժամերով: Գիտե՞ք ինչու են նրանք այդքան շատ, քանի որ ես երջանիկ եմ համարում և այն օրերը, որոնցում երջանիկ եմ եղել թեկուզ մի քանի վայրկյան: Հետաքրքիր է, մանկությունիցս շատ բան չեմ հիշում, բայց այդ օրը գամվել է ուղեղումս, ու եթե չեմ մոռացել, ապա չեմ էլ մոռանա:
Բոլորը աշխատանքի էին, տանը ես մենակ էի, իսկ այդ օրը բակում «դիմակահանդես» էր, ոչ թե ազնվականների դիմակներով, այլ կենդանական, դրանցով մենք հաճախ էինք միջոցառումներ կազմակերպում: Եվ քանի որ փոքր էինք, շենքի բոլոր մեծահասակները գալիս էին, որպեսզի մեզ ուրախացնեն: Մեր բակի միակ «կահույքը» մի փոքրիկ նստարան էր, այն էլ ուրախությունից ճռռում էր, քանի որ այդքան այցելուներ հաճախ չէր ունենում: Մի տատիկ կար, որին սկզբից չէի նկատել և չէի ճանաչում. մեր շենքից չէր: Նա չուներ նստելու տեղ, կանգնած էր, իսկ այդ միջոցառման բացման բանաստեղծությունը արդեն սկսել էի: Տեսնելով այդ տատիկին՝ կիսատ թողեցի բանաստեղծությունս, գնացի տուն (մեր տունը երրորդ հարկում էր, ուստի հանդիսատեսները երկար սպասեցին նախաբանի վերջին), վերցրեցի աթոռ ու իջա ներքև: Աթոռը տվեցի այդ տատիկին ու շարունակեցի բանաստեղծությունս…
Հենց այս օրն է երջանիկ մարդու ամենաերջանիկ օրը:
Սեպտեմբեր, 2014

Կոտայքից Տավուշ
Ես Կոտայքի մարզում եմ ապրում, բայց երբեք չեմ ուրացել արմատներս, որ ծլարձակվել են Տավուշի մարզի Այգեձոր գյուղում։ Այդ գողտրիկ անկյունում ապրում են իմ բոլոր բարեկամները։ Իմ ընտանիքը երեկ հրավիրված էր այնտեղ մի կարևոր առիթի, որը հայերը կոչում են բանակի քեֆ, ինչով արդեն ասվում է ամեն բան։ Խնջույքը կազմակերպվել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ավարտած իմ զարմիկի համար, ով շուտով կդառնա Հայոց բանակի զինվոր։ Շտապելով բարի ծառայություն մաղթել բոլոր զինակոչիկներին` ուզում եմ ասել նրանց, որ քանի դեռ դուք տալիս եք հայրենիքի պարտքը, մենք պարտք ենք մնում ձեզ` մեզ խաղաղ երկինք բերելու համար: Շնորհակալ ենք, որ ազնիվ եք հայրենիքի ու մարդկության առաջ։
Այգեձոր հասնելու համար մենք անցանք երկու հարյուր երեսուն կիլոմետր, իսկ այդ հինգ ժամ տևած ճանապարհը լի էր զանազան պատմություններով ու դեպքերով, ինչի մասին էլ կպատմեմ հիմա։
Ես շատ հետաքրքիր պատմություններ էի լսել Այգեձորի մասին, բայց այս մեկը նորություն էր ինձ համար։ Այգեձորը, որը շրջապատված է հսկա ժայռերով, ունի գաղտնիքներ իր փեշերին ծվարած անտառներում։ Ասում են, որ գյուղում եղել են մարդիկ, ովքեր երազ են տեսել, և իմանալով թաքնված ոսկու տեղը` գտել են այն և հարստացել։ Հեքիաթի նման է, բայց Այգեձորը տեսնողները հեքիաթներին հավատում են։ Ավազակների համար կուզեի հիշեցնել, որ ոսկի գտնելու համար նախ երազ է պետք տեսնել. կարևոր պայման է։
Ավազակներից անցնենք ավանակներին։ Երեկ ես իմացա, որ ավանակների զգայական հատկությունները չափազանց ուժեղ են։ Նրանք մշտապես քայլում են ամենից անվտանգ ճանապարհով։ Հին ժամանակներում ճանապարհներ կառուցելիս ավանակի հետքերին են նայել, որպեսզի ճամփան լավը լինի։ Հետաքրքիր է` մենք ավանակ ենք կոչում մարդկանց հիմար լինելու դեպքում, բայց այս կենդանիներին հետևելով ենք առաջ գնում։
Երբ հասանք գյուղ, ու հանդիպեցի հարազատներիս, իմ մեջ ավելի ամրապնդվեց այն միտքը, որ ծառը առանց արմատի փայտի կտոր է, որից լավագույն դեպքում պարսատիկ կարելի է պատրաստել, հակառակ դեպքում միայն այրել։ Հայրենիքը ամուր է, երբ արմատները չեն մոռացվում։ Եկեք ամուր պահենք Հայաստանը։

Պատրա՞ստ ես
Դու պատրաստ ես ասելու, որ հրաշալի է աշնան մեղեդին՝ տերևերի անկրկնելի խշշոցով համեմված, չնայած լսվում է միայն այն ժամանակ, երբ դու քայլում ես տերևների վրայով:
Դու պատրաստ ես ասելու, որ կցանկանայիր մարդկանց դեմքին ժպիտ տեսնել անգույն փողոցում՝ մռայլ մտքերի բեռի տակ, բայց այդ ժպիտի ու քո աչքերի բախումից հետո առաջին միտքդ լինում է այն, թե արդյո՞ք քո արտաքինի հետ ամեն ինչ նորմալ է:
Ինչու ոչ, դու նաև պատրաստ ես ասելու, որ ավելի շատ սիրում ես գիշերը՝ երբ լուսինը իր շողերը անխնա կերպով քսում է ապակուն: Բայց երբ մթության մեջ որևէ բան սկսում է շարժվել, դու մտածում ես, որ գիշերվա քողը ծածկել է մի գիշատիչ կենդանու, ու արագ փակելով դուռը՝ հանգիստ փակում ես նաև աչքերդ:
Պատրաստ ես, չէ՞, ասել, որ ազատությունը հրաշալի է, չնայած՝ քեզ ոնց հիշում ես, նույն տանն ես ապրում, նույն վարագույրներով սենյակում՝ մի պտղունց արևով ու քո միտքը կլանած ազատութամբ:
Դու վախենում ես ասել, որ մեր երազած ազատությունը մենք արդեն գտել ենք այն մանրուքների մեջ, որոնք կարող էինք երբևէ չնկատել: Դու ուզում ես թռչնի նման ազատ լինել ու անվերջ թռչել կապույտ երկնքում: Լավ, կա՞ գոնե մեկը, ով մտածի այդ խեղճ թռչնի մասին, որ ստիպված է լինում անվերջ կտրվող ծառերի վրա պատրաստել իր բույնը, որ մի որոշ տարածություն անցնելուց հետո պետք է շունչ առնի շարունակելու համար:
Գոնե պատկերացրե՞լ եք, թե այդ խեղճը ինչ է զգում, երբ պարտավորվում է թռչել հսկայական օվկիանոսների վրայով, որտեղ կապույտն ամենուր է:
Ինչևէ: Մենք շատ բան ենք պատրաստ ասելու, գովերգելու, ու պատրաստ ենք ամբողջ մի կյանք երազելու ու փնտրելու, մինչդեռ դրանք մեր ափի մեջ մեր զայրույթից վաղուց ճզմվել են: Իսկ հիմա, հավանաբար, դու մի նոր բան հիշեցիր, որի մասին ես մոռացել եմ նշել, ուրախ եմ. ի վերջո, եթե ես այն մի օր հիշեմ, ապա անպայման կյանքի խաչմերուկներում կհանդիպենք:
Մի բան ևս. եթե դու շնչկատուր հասել ես բլրի ամենաբարձր կետին, ու քեզ չի հետաքրքրում ոտքերիդ ցավը, ապա դա լավ է: Բայց եթե մտածում ես ազատությունը նորից փնտրելու մասին, լավ կանես՝ ուղղակի տուն գնաս:
Կանգառ

Միշտ հավատալ և պայքարել հաղթանակի համար
Յուրա Անդրանիկի Դավթյանը ծնվել է 2002թ.-ի հունիսի 4-ին, Վանաձորում։ Ավարտել է Վանաձորի N5 դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ։ Չէր կարող չզորակոչվել, քանզի հայրենիքը կանչում էր նրան: Յուրան զորակոչվել է 2020թ.-ի ամռանը։ Ծառայել է Ստեփանակերտում։
24 ամիս` 730 օր, անհանգստություն, սպասում, աղոթքներ… Ամեն օր հայացքդ առ Աստված` հուզումներ, արցունքներ, անքու գիշերներ…
Յուրան ծառայել է պատվով։ Որպես կրտսեր սերժանտ արժանացել է «Հանուն Հայրենիքի» շնորհակալական Նամակի։
Անցյալը պատմություն է, անցյալը փոխել չենք կարող, բայց ներկան հնարավորություն է` ապագան փոխելու յուրաքանչյուրս մեր չափով։ Հերոսը չի մոռանում նահատակված իր հերոս ընկերներին:
-Յուրաքանչյուր մարդու պարտքն է իր երկիրը պաշտպանելը, հատկապես, երբ նա ծառայության մեջ է, դա իր աշխատանքն է։ Այդ երկու տարին մենք ծառայում ենք այն բանի համար, որ եթե հանկարծ պետք լինի՝ կարողանանք պաշտպանել մեր երկիրը, մեր հողն ու ջուրը, մեր ընտանիքները:
Պետք չէ խուճապի մատնվել, թե` վայ, կրակեցին: Պարզապես պետք է թաքնվել։ Պիտի ավելի իրատեսորեն նայել, պիտի մտածել, որ դիմացինդ քեզնից վախենում է, փախչում է, և ավելի խելացի գործել։ Ու այդ ժամանակ ավելի քիչ է հավանական, որ թշնամին կխոցի քեզ, ամենակարևորն այն է, որ կարողանաս հոգեբանորեն պատրաստ լինել այդ իրավիճակին:
-Դեմ դիմաց կանգած էիր մահվան առջև, առաջինն ի՞նչ եկավ մտքիդ, ո՞ւմ կամ ինչի՞ մասին մտածեցիր առաջինը, ի՞նչն ուժ տվեց` հաղթահարելու այդ դժվար ճանապարհը։
-Մտքումս տունս էր միայն:
-Հիմա կա՞ առաջնագիծ, թե դա միայն սոսկ լղոզված բառ է։
-Այո, կա: Պահում են կյանքի գնով։
-Ասում են` ներելու շնորհը տրված է հատկապես այն մարդկանց, ովքեր ուժեղ են։ Կկարողանա՞ս մի օր ներել բոլոր նրանց, ովքեր հանդիսացան պատերազմի գլխավոր պատճառը։ Կներե՞ն արդյոք այն հազարավոր հոգիները, որ կռվում էին հանուն և համար։
-Չեմ ների։
-Տուն վերադաձի ճանապարհին ի՞նչ զգացումներ
ունեիր։
-Այն, որ վերջնական չեմ տուն գալիս, դեռ հետ եմ գնալու: Ինչ-որ բան կիսատ է մնացել…
-Ամեն միլիմետրն այս հողի սրբություն է, ամեն մի նահատակ սրբացած հոգի, կգա՞ այն օրը, որ կլռեն բոլոր զենքերն ու պատերազմները, որ խաղաղությունը կլինի կապույտ, ոչ թե արյունոտ, կարմիր։
-Խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ հաղթենք ՄԵՆՔ…
Ոչ մի վեհ զգացմունք չկա աշխարհում, քան հաղթանակի բերկրանքը: Մենք հաղթող ազգ ենք, իսկ իմ ժողովուրդը պարտվել չգիտի:
-Եթե քո կյանքի մասին նկարահանվեր որևէ ժանրի ֆիլմ, ի՞նչ վերնագիր կունենար այն։
-Միշտ հավատալ և պայքարել հաղթանակի համար։
- Ինչո՞վ էիր զբաղվում հանգստի ժամին:
-Հանգստի ժամին զենքս էի մաքրում, հաճախ էլ գրքեր էի կարդում:
- Ի՞նչ կփոխեիր բանակում:
-Կփոխեի կարևորը, որ պաշտպանվող բանակից անցնեինք հարձակվող բանակի:
-Զորամասից դուրս գալուց ինչ-որ բան ասե՞լ ես քո ընկերներին:
-Այո, ասել եմ իրար հետ կլինեք, էստեղ մենակ դուք իրար ունեք, կյանքի գնով կպահեք պոստերը, ոչ մի բան չտաք, չկոտրվեք ամենակարևորը, չընկճվեք, միշտ իրար հետ եղեք, իրար բռնած ու միշտ պատրաստ եղեք ամեն ինչին, զարգացրեք ձեզ, հասունացեք ինչքան կարող եք, կայացած մարդիկ հետ գնացեք…
-Ի՞նչ է Հայրենասիրությունը քեզ համար։
-Քո կյանքի գնով ապրեցնես ազգդ, երկիրդ, նրա բարեկեցության համար չխնայես ոչինչ: Ցավալի է, որ այսքան եղբայրներ այսօր չկան, զոհվեցին, նկար դարձան: Իսկ ընդհանրապես, թե՛ տանկ խփողները, թե՛ ուղղաթիռ խփողները, թե՛ ավտոմատով կռվողները, բոլորը հերոսներ են:
Ոչինչ այնքան թանկ չէ, որքան հերոսների կյանքը: Նրանք ոսկի են` իրենց փառք ու պատվով:
ՈՍԿԻՆ մեր տղերքն են` պատերազմը հաղթանակած:
