valentina

Լուսնի լույսով

Լուսինը երկնքում արդեն երևում էր, երբ դուրս եկա դասից ու նստեցի առաջին պատահած տաքսին:

-Ազա՞տ եք:

-Իհարկե, ո՞ւր ենք գնում:

-«Սասունցի Դավիթ» կայարան:

Ողջ ճանապարհին նայում էի երկրի ամենամերձավոր արբանյակին՝ լուսնին, որն այդ օրն արտասովոր գեղեցիկ էր: Տեսնես՝ այսօր ի՞նչ է թաքցնում լուսինն իր հակառակ կողմում: Մտորումներս կշարունակվեին, եթե վարորդը չսկսեր բողոքել:

-Մեկը լիներ էդ Սուրենյանի ձեռքից պուլտը վերցներ: Այ մարդ, խաշեց: Չի կարելի, չէ: Իրեն ի՞նչ կա, հիմա օդափոխիչը միացրել, նստել՝ եղանակն ա փոխում:

-Պապի ջան, դե Սուրենյանը ի՞նչ մեղք ունի: Եղանակն ինչպես փոփոխվում է, այդպես մեկնաբանում է,- ծիծաղելով պատասխանեցի ես:

-Յա, լավ ա ասիր: Թե չէ՝ չգիտեինք: Էդ դուք «շուստրի» քանի՞ քույր եք:

-Մի քանի:

-Լավ, էս շոգը հերիք չէր, հիմա էլ «Հոլին»: Էն «Հելոինն» ու «Սուրբ Վալենտինը» «դորդուբեշ արեցինք», հիմա էլ «Հոլի»: Սենց, որ գնա, հայկական տոները կվերանան:

-Չեն վերանա, պապի՛կ ջան: Ես էլ եմ դեմ «Հելոուինին», բայց եկեք «Սուրբ Վալենտինին» մի՛ քննադատեք: Սիրում եմ այդ տոնը:

-Յա, էդ ինչի՞ որ: Մեր Սուրբ Սարգիսը թողած, «խալխի» տոնն ես սիրո՞ւմ:

-Ես «խալխի» տոները չեմ սիրում ու դեմ եմ, որ նշվում են մեր երկրում: Բայց ես ծնվել եմ «Սուրբ Վալենտինի» մոտակա օրը: Ճիշտ է, անունս Վալենտին չէ, բայց Վալենտինա են դրել միայն այդ պատճառով:

-Հիմա որ «Սուրբ Սարգսին» ծնվեիր, անունդ Սաքո էին դնելո՞ւ,- կատակեց պապիկը:

-Պապի ջան, որ վերածնվեմ «Սուրբ Սարգսին» տղայի կերպարով, կորոշենք: Հնարավոր է, ինչի՞ չէ:

-Ասում էիր, դուք տենց «շուստրի» քանի՞ քույր եք:

-Ասացի, պապի ջան: Մի քանի: Մի քանի:

-Է՜հ, «խակ» ես, քո տարիքին էի, երբ «Սուրբ Վալենտինի» օրը եղնիկիս գտա:

-Ու չամուսնացաք, չէ՞, որովհետև դեմ էիք «Սուրբ Վալենտինին»:

-Ամուսնացանք: Որ սերը գալիս ա, չի հարցնում, թե որ օրն եք ծանոթացել: Սրտին չես հրամայի: Գիտե՞ս ինչ լավ բան ա սերը:

-Չէ հա, էս կյանքում ավելի կարևոր բաներ կան: Ի՞նչ սեր: Դրա տեղը, որ համալսարան ընդունվեիք, տարիներով սովորեիք, հիմա տաքսու վարորդ չէիք լինի, չէ՞,- փորձեցի սրամտել ես:

-Տո, գիտե՞ս, ես ռուսաստաններն ինչ բիզնեսներ եմ ունեցել: Էնքան համալսարաններ եմ ավարտել, որ էսօր, եթե հաշվես, չես վերջացնի: Հո ես ողջ կյանքս պապի չե՞մ եղել: Սերը լավ բան ա, եթե փոխադարձ ա: Հանկարծ միակողմանի չսիրես, թե չէ շատ կտանջվես: Մարալիս միակողմանի էի սիրում, բայց հետո եղնիկիս գտա: Փառք Աստծո, 4 երեխա, 7 թոռ ունեմ:

-Աստված պահի:

-Ապրես, բալի՛կ ջան: Քեզ էլ թող Աստված ժպիտ նվիրի: Թե չէ, հո դա էլ փողով չի:

-Է՜հ, պապի ջան: Ես ժպիտ ունեմ, ուղղակի, որ սկզբից սկսեցիք բողոքել երկրից, ժպիտս մոռացա լուսնի վրա:

-Հասանք,- վերջապես ժպտաց պապիկը:

-Շնորհակալ եմ, շա՜տ: Վերցրեք:

-Չէ, էդ պահի մոտդ, մի քիչ էլ վրան կավելացնես, կգնաս լուսին՝ ժպիտդ բերելու:

Ժպտացի: Գումարը դրեցի նստատեղին ու լուռ դուրս եկա:

Ա՜խ, ինչ լավն են մեր պապիկները, անգամ եթե բողոքում են:

Հուլիս, 2017 

Sabina Davtyan

Վերջինը կամ վերջինիս…

Ես քեզ հրաժեշտ չտվեցի… 

Ես չեմ սիրում հրաժեշտ տալդա իմը չէ… 

Երեկոն քամոտ էր, անձրևոտ ու անհանգիստ ինչպես ես: Չգիտեմ, թե ինչպես է ստացվում, որ հոգեվիճակս եղանակին միշտ համահունչ է լինում, բայց հարազատ բան եմ միշտ զգում, հանգստություն ու նմանություն եմ զգում…  Եղանակն էլ ինձ նման շփոթված, փոփոխական ու տարօրինակ է: Այնքան արագ է փոխվում, չես հասկանում, թե ինչ հագնել, վերարկու վերցնել քեզ հետ, թե կարճաթևով ման գալ, եթե վերարկու վերցնես, միգուցե ամբողջ օրը քեզ նեղություն ու անհարմարություն պատճառի, իսկ եթե չվերցնես, միգուցե մրսես: Քչերը կհասկանան, թե ինչ է իրականում թաքնված այս տողերի տակ, ինչևէ չեմ ցանկանա, որ այս բառերի տողատակը ձեզ ծանոթ լինի, բայց չգիտեմ անգամ ձեզ ինչ խորհուրդ տալ. Մրսե՞լ, թե՞ ինքներդ ձեզ նեղություն տալ, ինչպես անում էի ես, բայց մի օր խելքի եկա:

Հա, հա, սիրելիս, խելքի եկա…  Չե՞ս հավատում, չէ՞…  Շփոթված ես հիմա, գիտեմ… Անգամ գիտեմ, թե հիմա ինչպես ես ծխախոտի գլանակները իրար ետևից նյարդային հանգցնում, անգամ կարող եմ ասել, թե քանի տուփ զգացմունքներիդ զոհ կգնա, իսկ պակասության դեպքում խանութի ճանապարհը լավ գիտես, կհագնվես, մազերդ կսանրես (դու մազերիդ հանդեպ միշտ ուշադիր ես եղել, միգուցե ինձանից շատ) երկար կնայես հայելուն, հետո դուռը կփակես ու մտամոլոր խանութ կգնաս:

Ծխախոտը կգնես, կհանգստանաս, բայց սիրելիս, իմ պակասը ո՞նց ես լրացնելու:Արդյո՞ք խանութներում կամ փողոցներում, քաղաքներում ու գյուղերում, ակումբներում կամ համալսարաններում, միգուցե ուրիշ երկրներում փոխարինող գտնելո՞ւ ես, թե միշտ շողքս հետապնդողի դերում կլինի:

Այնքան անսովոր է քո մասին անցյալով խոսել, անունդ չտալ, քեզ գաղտնի պահել: Գիտե՞ս, ասում են սիրելու դեպքում հանգամանքները բաժանման պատճառ չեն դառնում: Ստում են հանգամանքնե՞րը, թե՞ մարդիկ: Ստում են,   բոլորն են ստում, ու դու ես ստել ինձ միշտ: Դու բացառություն չես: Դու ուղղակի կրկնվող երևույթ ես: Դժվար է չստել ինքդ քեզ, բայց ավելի դժվար է խոստովանել, որ ամենամոտ մարդն է  քեզ ստում…

Ասա, նայիր աչքերիս ու ասա, թե ինչպես ես համարձակվել  ստել քո ունեցած կամ չունեցած, կիսատ թողած սիրավեպերի մասին:

Ստիր ինձ ու ասա, որ այս անիծյալ քաղաքում ամեն քայլափոխիդ դավաճանություն տեսնելով գլուխդ բարձր ես անցել, քանի որ մտքումդ ես էի՝ ընտրությունդ, իսկ քո ընտրությունը միշտ անդավաճան պետք է լինի:

Լինի՞, թե՞ լիներ, կլինի՞, թե՞ եղավ…

Չգիտեմ` ներողություն խնդրե՞մ, թե՞…

Իսկ ո՞րն է իմ մեղքը:  Միգուցե մեղավոր եմ, որ չափից շատ բան եմ արել քեզ համար, որ հիմա միակ հնարավոր հաջորդ քայլը՝ կանգ առնելն է: Հանգիստ թողնել քեզ: Հեռանալ:

Միգուցե հեռանալուցս հետո սկսել տեսնել, գնահատել, գիտակցել, հասկանալ, ափսոսել ու փոշմանել…

Միգուցե պետք է մոռանալ այն, ինչ զգում ես, և հիշել այն մասին, թե ինչին ես արժանի…

Taguhi Agasyan

261. Արկած

Ամռան գալը իմ սիրելի` ամեն ինչից բողոքող հայ ազգի սրտում, նախ առաջացրեց երջանկություն, ապա դժգոհություն։ Ես որոշեցի հետ չմնալ ու բողոքել ուրիշների բողոքներից։

261-ը այն երթուղայինն է, որով ես ամեն օր գնում եմ համալսարան, ապա տուն գալիս։ Թեև 261-ը շատ հարմարավետ է, բայց երբ բազմությունը մի դժվարության է հանդիպում, առաջանում է կոնֆլիկտ։ Առաջին անգամ, երբ նման միջադեպի հանդիպեցի, միայն ժպտացի, այն էլ ուղևորներից մեկի կատակի վրա։ Երբ երկու կանայք իրար հետ բանավիճեցին, մի երիտասարդ ծիծաղելով ասաց.
-Լույսը դեռ նոր է բացվել…

261-ի համար կարևոր չէ, թե օրվա ինչ ժամ է. եթե ուղևորները դժգոհ են, ապա անպայման վիճելու են։ Իսկ վեճի ընթացքում ում մտքին ինչ գալիս է, բարձրաձայնում է։ Ահա ամառային փոքրիկ պատկեր։

- Պատուհանները կբացե՞ք, շոգից մեռնում ենք,- զայրացած հայտարարեց մի կին, որը դեռ նոր էր ներս մտել։
- Ես առողջական խնդիրներ ունեմ, եթե պատուհանը բացեմ, քամու տակ կմնամ,- հանգիստ տոնով պատասխանեց մեկ այլ տիկին։
- Հիմա ամբողջ ժողովուրդը խեղդվի, ինչ է թե` դու չմրսե՞ս,- ավելի զայրացավ առաջին կինը։
- Վարորդին ասեք, թող օդափոխիչը միացնի,- խորհուրդ տվեց պատուհանի կողքի տիկինը։
- Պետք է բոլոր պատուհանները փակեք, որ օդափոխիչը միացնելիս արդյունք ունենանք,- հայտարարեց վարորդը։
Ինչևէ, վարորդի հորդորին համաձայն` արեցինք այն, ինչ պետք է։ Հազիվ կրքերը մարեցին, երբ բախում սկսվեց մի տիկնոջ ու մի երիտասարդի միջև։
- Տղա ջան, որ այդպես հենվել ես ձողերին, ես չեմ կարողանում բռնվել, մի փոքր այն կողմ գնա…,- խոսքը դեռ կնոջ բերանում էր, երբ երիտասարդը պատասխանեց։
- Այսօր բոլորը զայրացած են։ Մեծ կին եք, բռնվել եմ, որ չընկնեմ Ձեզ վրա։
- Բայց ես զայրացած չխոսեցի, ուղղակի խնդրեցի, որ թույլ տաս բռնվեմ, թե չէ ես էլ կընկնեմ, – ասաց կինը։
Տղան միայն հոգոց հանելով մի կողմ գնաց։

Իսկ թե ամեն անգամ նմանատիպ վեճերի ժամանակ ով է մեղավոր,  ինչպես ասվում է հայտնի հումորում` ո՜չ ոք չգիտի։ Կարիք չկա մարդկանց կոպտել, այն էլ առանց ճանաչելու։ Պետք չէ ոչ էլ էգոիստ գտնվել ու բոլոր հարցերին նայել միայն մի անկյունից։ 261-ով մենք ամենաշատը անցնում ենք մեկ ժամվա ճանապարհ, և այդ մեկ ժամը պետք չէ անցկացնել ատելությամբ ու թշնամանքով։ Կարելի է երբեմն էլ զիջել, մանավանդ, որ այդ դեպքում չենք զրկվի մեր ուսադիրներից։ Եվ կապ չունի` դու որ համարի երթուղայինով ես գնում այս ու այն կողմ, կարևորը, որ չմոռանաս` այստեղ քեզ միշտ սպասվում է 261 արկած, որը պետք է արժանապատվությամբ անցնես։

ՀԱՎԱՏՔԸ ՄՈՐՈՒՔԻՍ ՄԵՋ ՉԷ, ԱՅԼ ՍՐՏԻՍ

Ես սերում եմ մի տոհմից, որի նախապապերը եղել են քահանաներ: Պապիս հետ զրուցելիս` բազմաթիվ անգամ անդրադարձել ենք մեր տոհմին և նրա ծագմանը: Բնականաբար ինձ շատ հետաքրքիր էին բոլոր պատմությունները, որոնք լսում էի պապիկիցս: Մի օր որոշեցի ավելի մանրամասն ծանոթանալ իմ պատմությանը: Սկսեցի տարբեր տեղեկություններ հավաքել տոհմի և նրա արմատների մասին: Թե պապիկիցս, և թե տանեցիներից ստացած տեղեկությունները մի տեսակ քիչ էին թվում: Երբ ես իմացա, որ մեր տոհմից երկու քահանաներ իրենց հետ Հայաստան գալով բերել են Գրիգոր Նարեկացու գիրքը, որոշեցի ծանոթանալ նաև գրքի պատմությանը: Հաջորդ օրը առավոտյան գնացի մեր ազգակիցներից մեկի տուն: Լսել էի, որ նրանք լավ գիտեն մեր ազգի պատմությունը, և նրանց տանն է գտնվում Նարեկագիրքը: Անկեղծ ասած, ես նրանց դեռ չէի էլ ճանաչում:

-Բարև ձեզ, Տանյա տատիկ…

-Բարև…,-զարմացած, բայց սիրալիր ձայնով պատասխանեց ինձ:

Ներկայացա, թե ով եմ ու ինչ եմ ուզում, իսկ նա ժպտաց ու ներս հրավիրեց:

Երկար զրուցեցինք, պարզվեց, որ մենակ էր ապրում մինչև իր աղջկա գալը արտերկրից, ով կարճ ժամանակով է եկել: Ես նրան պատմեցի իմ մտադրության մասին: Նա ասաց, որ ուրախ կլինի օգնել ինձ, բայց իր աղջիկը ավելի լավ է տեղյակ մեր տոհմի մասին, քան ինքը:

-Ըհ, բալես , եկանք,-աղջկա հետ սենյակ մտավ Տանյա տատիկը:

Դե, իհարկե, զարմանալի է, որ աղջիկը ավելի տեղյակ է, ասեմ, որ սկզբում ինձ համար ևս, բայց մեկ օր անհամբեր սպասելուց հետո ամեն ինչ պարզ դարձավ, երբ ես ու Շուշանիկը գնացինք այդ կնոջ հետ հարցազրույցի:

-Ինչպե՞ս է պատահել, որ Դուք ՝ տիկին Հայաստան, ավելի լավ եք ծանոթ մեր տոհմի պատմությանը:

-Նախ ասեմ, որ իմ հայրը զբաղվել է տոհմագրությամբ, տատս և պապս աստվածատուր շնորհ են ունեցել մարդկանց բժշկելու, որոնց ականատեսն եմ եղել ես: Ես ավելի հետաքրքրված եմ եղել իմ պատմությամբ, քան մյուսները: Այդ պատճառով էլ ես ավելի շատ բան եմ տեսել և հիշում:

-Ո՞ր թվականին են Հայաստան գաղթել Տեր-Հակոբյանները և ո՞րտեղից:

-1822 թ. գաղթել են Արևմտյան Հայաստանից: Եկել են երկու քահանաներ՝ տեր Երեմը և տեր Հակոբը, և դրա համար մեզ ասում են «տերտերի ցեղ»:

-Ի՞նչ պատմություններ կան կապված քահանաների հետ:

-Երբ աքսորում էին բոլոր հոգևորականներին, Տեր Սահակին ասում են` կամ պետք է մորուքը խուզի, կամ պետք է աքսորեն: Տեր Սահակը չի համաձայնվում մորուքը խուզելու պայմանին: Բռնի ուժով խուզում են նրա մուրուքը և աքսորում: Բռնադառողներին Տեր Սահակը ասում է. «Որդյակս, հավատը մորուքի մեջ չէ, այլ սրտի»:

-Նրանք գալով Հայաստան, իրենց հետ բերել են Նարեկացու մատյաններ: Որտե՞ղ են գտնվում այդ գրքերը հիմա:

- Դրանք երկուսն են եղել: Մեկի մասին տեղյակ չենք, բայց մյուսը` փոքրը, մեզ մոտ է, մեր տանը:

-Իսկ ինչպե՞ս է հայտնվել ձեր տանը:

-Այդ գիրքը Տեր Երեմից սերնդեսերունդ եկել է ու հասել պապիս: Պապս ունեցել է մի եղբայր, բայց նրան չեն տվել, տվել են իմ տատիկին և պապիկին, որովհոտև նրանք եղել են շատ բարի մարդիկ:

-Ի՞նչ կպատմեք Ձեր պապիկի և տատիկի մասին:

-Նրանք մեր գյուղի բոլոր որբերին բաժանել են ցորեն, հաց… Իմ պապիկը բժշկել է շատ մարդկանց: Նա Նարեկագրքի կողքին նստած ինչ որ բաներ էր մրմնջում ու բուժում էր անբուժելի հիվանդություններ: Պապիկիս մահից հետո դրանով զբաղվել է տատիկս: Էդ շնորհը մեր տոհմի մեջ է եղել: Նա նույն կերպ էր բուժում: Նա, հիշում եմ, որ իր բուժումները կատարում էր շաբաթվա մեջ երեք օր. Երեքշաբթի (չորեքմուտ), հինգշաբթի (ուրբաթմուտ) և շաբաթ (կիրակմուտ):

-Դուք ինչպե՞ս էիք արձագանքում նրա բուժման պրոցեսին:

-Մենք, քույրերով, նույն գործողությունները կատարում էինք մեր տիկնիկների վրա:

-Ի՞նչ պատմություններ կան կապված գրքի հետ,-հարցս ուղղեցի Տանյա տատիկին:

-Շատ փորձանքներից ա փրկել: Ուրեմն, իմ 7 երեխեն էլ մի սենյակում էին քնում, ես էլ քնելուց առաջ փակում էի սենյակի դուռը: Մի օր, քնած ժամանակ, երազիս մեջ լսեցի, որ մեկը գոռում էր` Տանյա՜,Տանյա՜… Վեր թռա… Գնացի սենյակ, տենամ` արդուկը մոռացել էի երեխեքի սենյակի բազմոցին, էն էլ վառվե իջէ տակ մինչև… Ու հետո պատմեցի սկեսուրիս, ասեց, որ էտի մեր Նարեկն ա փրկե:

-Իսկ Դուք ի՞նչ կավելացնեք, տիկին Հայաստան:

-Ես հիշեցի, որ տատիկս ասում էր, որ եթե երազանք պահես ու բացես Նարեկի էջերից մեկը, կարդաս, երազանքդ կկատարվի:

Մենք խնդրեցինք, որ մեզ ցույց տան Նարեկագիրքը: Չմերժեցին: Ես ու Շուշանիկը հետևեցինք ավանդազրույցին. երազանք պահեցինք:

Հունիս, 2014

Ani Harutynyan

Առավոտ՝ 8:35, կիրակի օրը տանը մնալու մտքեր

Ամբողջ շաբաթվա ցանկությունդ կիրակի օրը մի քիչ երկար քնելն է, բայց գյուղն այլ պլաններ ունի: Առավոտ 8:35 է, առաջիկա 3 ժամն արթնանալու միտք չունես, երբ մեքենայի բարձր ազդանշան ես լսում: Սկզբում թվում է` երազումդ քեզ հետապնդող ավազակախումբն է ազդանշան տալիս, որ կանգնես, հետո քիչ-քիչ վերականգնվում է գիտակցությունդ, արթնանում ես, զգում արևի շողերն աչքերիդ մեջ ու հասկանում, որ աղմուկը ձեր փողոցից է:

Ինչ-որ մեկը որոշել է բանջարեղենն առավոտ շուտ վաճառել, որ հասցնի տարածքի բոլոր գյուղերում շրջել, հերթով բակերում կանգնել ու գյուղի կանանց հետ լոլիկի գնի շուրջ երկար վիճել, խնդրել, որ խառը լցնեն, ոչ թե միայն գեղեցիկներն ու լավերն ընտրեն. ախր, էդպես օրվա վերջում ոչ ոք այլևս ոչինչ գնել չի ուզի:

Ազդանշանը չի դադարում, որովհետև վաճառողը պետք է համբերատար սպասի, մինչև մարդիկ կհասկանան, որ ինչ-որ բան են վաճառում, դուրս կգան` տեսնելու, թե ինչ է, հետո կստուգեն` արդյոք իրենց ինչ-որ բանջարեղեն պե՞տք է, հետո գումար կվերցնեն ու կգան դուրս: Իսկ այդ ամբողջ ընթացքում դու լսում ես ազդանշանն ու կրկնում` ինչի՞ համար, աստված իմ, ընդամենը մի օր պիտի մի քիչ երկար քնեի:

Եթե անգամ քո իրավունքներին տեր կանգնող մեկն ես, որ ցանկացած այլ պարագայում պատրաստ է դուրս գալ ու պահանջել` այլևս աղմուկ չանել ու չխանգարել անդորրը, գյուղում այդ մտքերն անգամ չեն էլ ծագում գլխումդ. այստեղ մարդկանց օրը սկսվում է ժամը 7-ից, ամռանը` 6-ից: 8:35-ին մարդիկ իրենց երկրորդ սուրճն են խմում ու գործերի մեծ մասն արդեն արել են, իսկ դու համարձակվելու ես գնալ ու պահանջել, որ մարդն իր բանջարեղենը չվաճառի՞:

Գյուղի խաղաղության մեջ առավոտյան ամեն ձայն բարձր ու հնչեղ է. երբ ոռոգման ժամանակն է, ջրի համար հարևանների վեճերն են արթնացնում, շաբաթվա մեջ մեկ օր աղբ հավաքող մեքենան է գալիս, մյուս օրը` ջուր վաճառող, հանգստյան օրերին էլ մեկն անպայման կորոշի առավոտ շուտ բանջարեղեն վաճառել: Երբ, միևնույն է, արդեն արթնացել ես, առաջին պահի զայրույթդ անցել է, սկսում ես սիրել գյուղի աղմուկը, հատկապես` ամռանը, հատկապես, երբ դեռ արևը չի վառում, բայց կա, ու մարդիկ լուսաբացի հետ նոր օրվա կյանքն ու աշխատանքն են ազդարարում:

anahit ghazakhecyan

Ականջդ բեր՝ ասեմ

Շըշշշշ: Լռի՛ր: Հոգնած-քնած են՝ տեսնո՞ւմ ես:

Այ լսիր՝ երբ որ երազանքդ մեծացնում, դարձնում ես լիարժեք, լցնում հազար գույնով ու հեքիաթով, պիտի գնաս-գաս խփվես երազովդ, օրագրումդ մեծատառ տպատառերով գրես, որ աչքդ ծակի թերթելիս, մեկ-մեկ չդիմանաս ու մեկի ականջին փսփսաս նրա մասին, ձեռքը բռնած մտնես գրախանութ, իրիկունները միասին գնաք տաք պոնչիկներ ուտելու, բարձրաձայն կարդալ չես սիրում, բայց իրա համար ամեն օր մի քանի էջ կարդաս, հետո ծածկես ՝չմրսի, հիվանդանա, տաքությունն էլ՝ կախված եղանակից: Երազանքը հույսի ամենասիրուն կերպարանքն ա: Ականջներիս դեռ մանկուց են ծանոթ խոսքերը՝ հույսը չի մեռնում: Դե, հետն էլ, ուրեմն, երազանքները:

Փոքր ժամանակվա ընկերներիս մեծ մասը ապագա տիեզերագնացներ էին: Դե, թռչելու հետ ես էլ սեր ունեի, այ, տես՝ ամենամեծն է, պատի տակ պառկածը: Էսօրվա պես հիշում եմ մարդկանց զարմացած հայացքները, երբ հարցին՝ ինչ եմ ուզում դառնալ, պատասխանում էի.

-Ռազմական օդաչու:

Չդարձա: Տաք ծածկեցի երազանքիս, թողեցի հանգիստ քնի:

Երազանքներս շնչակտուր, իրար հերթ չտալով, փոխվում էին ամեն գրքից, ֆիլմից, հանդիպումից ու ծանոթությունից հետո: Դրա համար սենյակում ասեղ գցելու տեղ չկա: Մի սենյակ երազ: Սիրուն են, չէ՞:

Ռեմարկից հետո Լիսաբոն գնալն ու ինչ-որ մեկի հետ գիշերը զրուցելը, Էքզյուպերի, որ վերջերս ծանոթացա, կարդալուց հետո համոզվեցի՝ եթե օդաչու դառնայի, հաստատ Փորքիկ Իշխանին կտեսնեի, Փոթերից հետո Հոգվարթսը մի քանի օր հանգիստ չէր տալիս, երբ որ Սիրադեղյան եմ կարդում, խեղճանում եմ, ասում եմ՝ էս ոնց ա գրում ու էլի ինչ-որ բանի մասին երազում:

Փոքր երազանքները սենյակում իրենց մանր ու օտար են զգում: Քնում են ծաղկամանի կողքին, պատուհանգոգի տակ, զարդատուփի մեջ կամ մեծերից մի քիչ ծածկոց գողանալով ՝ մի պատի տակ: Չգիտեն, որ ամենասիրունն իրենք են ու համ-հոտ տվողները: Մեծերին ձգտում ենք, որ իրենց իրականացնենք: Գնանք Փարիզ, որ Արվեստների կամրջով վազենք: Մոսկվայում Վագանկովսկու գերեզմանատուն հասնենք, որ մի փունջ ծաղիկ ու մի ամբողջ սեր թողնենք Եսենինի ու Վիսոցկու մոտ: Ամստերդամում ինձ արվարձաններն են հետաքրքիր, Պրահայում՝ կարմիր տանիքները:

Գիտե՞ս, մեկ-մեկ չարաճճի երեխայի նման մեկնումեկի վրայից քաշում եմ ծածկոցը, մրսում-արթնանում է, քունը կիսատ թողածի պես թարս-թարս նայում, չի հասցնում մի բան ասել, բացատրում եմ.

-Կեսօրն անց է արդեն, ժամանակդ եկավ:

Այ, տեսնո՞ւմ ես պահարանի կողքին պառկածին: Հա-հա, սիրուն սև հոնքերով ու սև խուճուճ մազերովը: Այ նրա մասին… Ականջդ բեր՝ ասեմ:

Հուլիս, 2016 

Taguhi Agasyan

Սկսում ենք փոքր բաներից

Երբ խոսում ենք ամուր պետության ու հզոր հայրենիքի մասին, բոլոր բանավեճերի ավարտին մի եզրահանգման ենք գալիս, որի հետ համակարծիք են շատերը. ամեն ինչ սկսվում է փոքր բաներից։

Ես աշակերտներիս մի անգամ ասացի, որ ըստ իս, ավելի լավ կլինի, եթե յուրաքանչյուրս մեր աշխատանքին մանրակրկիտ ու լրջորեն ուշադրություն դարձնենք, ոչ թե խելացի երևալու համար խոսենք բաներից, որոնց մասին բավարար գիտելիքներ չունենք։

Ամենից թանկ հայրենիքի մասին շքեղ բառեր հնչեցնելուց առաջ պետք է չմոռանանք, թե որտեղից սկսվեց նրա հանդեպ մեր անտարբերությունը։ Միգուցե այն պահից, երբ ուսուցիչը նախատում է աշակերտին կամ անբավարար գնահատական դնում, բայց աշակերտը անտարբեր է դրա հանդեպ։

Ես մտադիր եմ մանկավարժական փոքր խնդիրների անդրադառնալով, ապա դրանք հարթելով` գոնե մի փոքր նպաստել գալիք օրվա բարօրությանը։
Այսօր իմ ուշադրությունը զգալիորեն գրավեց մի հարց, որը ամենևին նոր չէ, բազմիցս քննարկվել է, բայց ի վերջո ունենք այն, ինչ ունենք։ Խոսքս վերաբերում է հանրակրթական դպրոցում կիրառվող գնահատման սանդղակին։ Կուզեի խոսել դրա բացասական, ապա դրական կողմերի մասին։

1. Անբավարար գնահատականները դպրոցներում կհեռացվեն, քանի որ երեխաները սթրես են ապրում դրանց պատճառով։

Շատերս ենք դպրոցական տարիներին հուզվել այն ժամանակ, երբ չենք ստացել մեր ակնկալած գնահատականը։ Ուսուցչին գոհացնելը ոչ միշտ է հեշտ եղել, բայց դա նույնքան բնական է, որքան այրող արևին հաջորդող անձրևը կամ փոթորկի ժամանակ սև ամպերով պատված երկինքը։ Իսկ ո՞վ է ասում, որ երեխան միշտ պետք է ստանա այն, ինչ կամենում է։ Դիցուք նրան հաջողվեց տասներկու տարի շարունակ հեռու մնալ գնահատականի սթրեսից, ու նա սկսեց մտածել, որ ինքը բոլորին հավասար է: Բայց մի՞թե այդ նույն երեխան չի հայտնվելու հասարակության այլ խմբում ու ի վերջո մի օր չի հասկանալու, որ իր գիտելիքները ինչ-որ առարկայից զիջում են մեկ ուրիշին կամ առավել են, քան մյուսներինը։ Այդ ժամանակ նո՞ւյնպես պետք է վերացնել ցածր գնահատականները, որ հասարակության մի մասնիկը դարձած` արդեն չափահաս մարդը, սթրես չապրի։

2. Գնահատականով երեխաների ինքնագնահատականը սխալ է ձևավորվում։

Երեխաները սխալ ինքնագնահատական չեն ունենա և իրենց ցածր կամ չափազանց բարձր չեն զգա, եթե նրանց բացատրենք, որ ամեն ինչ հարաբերական է. այսօր ես բարձր գնահատական կստանամ, վաղը` մյուսը։ Պետք է վերջ դրվի հավերժ գերազանցների և հավերժ ծույլերի մտածողությանը` երեխաներին բացատրելով գիտելիքի իրական արժեքը։ Ծույլ աշակերտը այլևս ծույլ չի լինի, եթե նրան խրախուսենք ու սկսի կարդալ գրականություն, ծանոթանա իրեն հետաքրքրող առարկաների մանրամասներին։ Գերազանց աշակերտը պետք է իմանա, որ ինքը սիրով ու նույնիսկ հաճույքի համար պետք է կատարի հանձնարարությունները, ոչ թե նիշերի համար։ Կարիք չկա անքուն գիշերներ անցկացնել և մանկական ջերմ խաղերը շրջանցել մեկ բալ բարձր ստանալու համար, չէ՞ որ «տասը» ուղղակի թիվ է, ոչ թե կատարելության համարժեք։

3. Գնահատականները անկարևոր են դարձել։

Գնահատականները իրականում երբեք էլ կարևոր չեն եղել։ Այնպես չէ, որ նախկինում երկու ստացող աշակերտը վատագույնն էր կամ դրանով նա կկործանվեր, բայց չէ՞ որ այն սթափեցնում էր աշակերտին։ Անբավարար գնահատականը շատ կարևոր դեր ունի դպրոցական սանդղակում, որովհետև հնարավոր չէ համաչափություն պահել այն դեպքում, երբ պետք է լինի միայն դրական նիշ։ Դա բնության օրենքներին դեմ գնալու նման բան է։ Անձրևների համար ոչ բոլորն են խելագարվում, բայց առանց տեղումների բնությունը ծարավ կմնա։
Շարունակելի…