davit gorgoyan

Քո «տանից» դուրս

-Կլինի՞ հետս չքայլես, ամոթ ա: Մարդիկ իմ մասին ի՞նչ կմտածեն:

-Լավ:

-Արա, հո դու խայտառակ չե՞ս: Էդ ձմեռ պապու գլխարկով դուրս չգաս միջանցք:

-Այո՜, էս ինչ ուրախ եմ ես, թռի գիրկս, ծիտս:

-Արա, ամոթ ա, սուս մնա:

-Ուրեմն քաղաքակիրթ մարդու տպավորություն թողնելու համար անչափ կարևոր է պահպանել էթիկետի կանոնները:

-Կարևոր չի: Ես թքած ունեմ ձեր քաղաքակրթության վրա: Ինձ էդպես հարմար չի, չեմ անում: Պիցան միշտ ձեռքով եմ կերել, էդպես էլ շարունակելու եմ: Հետաքրքիր է կնոջ տարիքը` հարցրել եմ, ու էդպես էլ շարունակելու եմ: Նստելուց էլ էլի ոտքս ոտիս եմ գցելու, էդպես հանգիստ է:

-Արա Դավո, սուս մնա, ամոթ ա:

-Դավ, իմացե՞լ ես, ****-ը էլի նրան ա կպել: Ամոթ-աբուռ կորցրել են լրիվ:

-Հա, ի՞նչ անենք: Մեկը պոռնիկ ա, մյուսը՝ փչացած, դու երեկ մորդ խաբեցիր, ես էլ առանց բարձ եմ քնում: Ամեն մեկին մի բան ա դուր գալիս, ինչի՞ եք քիթներդ խոթում ուրիշի անձնական կյանք:

-Ամոթ ա, հենց հիմա նասկիներիդ կարմիր պալասավոր մասը վերև բարձրացրու, քանի հորդ չեմ ասել:

-Արա, էս էլի էդ տերտերի մանթոդ ես հագել:

-Հա, խի ի՞նչ կա, ամոթ ա՞:

-Հա, բա ին չա:

-Ինչի՞, հագս բան չկա՞, որ ամոթ անեմ:

-Չէ, դե ուղղակի…

-Արի` դու իմ տեղը մի նեղվի, կամ էլ կողքիցս հեռու մի գնա, ես ձիգ կքայլեմ, դու էլ ամոթ կանես:

…Բարև: Ես այսօր էլ ծնվեցի մի երկրում, ուր քո տիեզերքում բացի քեզանից այլ աստվածներ էլ կան: Հանրություն կոչված ավտորիտարիզմում քո վախերը քո արժեքներից թանկ են: Քո անփորձությունը քողազերծ անելով հայտնի ու անհայտ վախերդ արնահոտ են ցրում, այդպիսով քեզ դարձնելով զոհը մի գիշատչի, որի ձեռքից ամեն դեպքում պրծում կա:

… Ես սիրում եմ քո պարտված տեսակը, քո այն խիզախ տեսակը, որ իր ներքին մերկությունից չամաչելով, անընդհատ կանգնում դիմացս ու ինձ նախատում է: «Ամո՛թ է»: Քո պարտված այն տեսակը, որ վախենում է իր վախերից, վախենում արտահայտվելուց ու գոռում իր շղթաները չընդունողի վրա:

Մի բան հագիր` չմրսես: Ես ամենևին անսովոր եմ քո մերկությանը: Տես, կարմրեցի:

…Ամո՛թ է…

Ո՛չ: Ամոթը գիտե՞ք որն է: Այն սկսում է տան մասին ձեր պատկերացումներից: Ձեր տան սահմանը վերջանում է այնտեղ, երբ փակում եք դուռը: Փողոցը, բակը, քաղաքը, գյուղն ու երկիրը ձեզ համար տուն չեն: Ամոթը իմ հակաճառելու մեջ չի՛, այլ այնտեղ, որ իննսուն միլիոնանոց տոնածառի արժեքը դուք ձեր գրպաններից դուրս եկող յոթանասուն վեց դրամներով եք տեսնում: Գիտե՞ք ինչ կա, մենք ենք գնել այն, մեր քաղաքի գեղեցկության համար, մեզ հարկավոր չի այդ յոթանասունվեց դրամը, փոխարենը` հրաշք տոնածառ ունենք: Մի բան ասե՞մ, ոչ ոքի չասեք:

Նախորդ ամիս լրացավ երեսուներորդ տարին, ինչ մենք աղետի գոտի ունենք, չորս հազար հինգ հարյուր աղքատ ընտանիք, ինը հարյուր հազար աղքատ բնակիչ: Իսկ դուք դրել հաշվում եք, թե տոնածառի գինը յուրաքանչյուր երևանցու բյուջեի քանիերորդ մասն է կազմում: Նույն սրտով էլ Նոր տարի եք նշում: Մեր երկու միլիոնանոց բնակչության երեխաների մի հսկա մաս էդպես էլ քաղցրը շատ քաղցրից չի տարբերի, նրանց համար օրերով սոված մնալը ապրելու բնազդ է, իմունիտետ, աղոթքը՝ խաբված ինքնախաբեություն, խոնավությունն ու ցուրտը՝ անբաժան ընկեր, Ամանորը՝ չգրված հեքիաթ, էլ կրթությունից չեմ խոսում:

Գիտե՞ք, ամոթը որն է: Ամոթը կրթություն չստացող սոված երեխան է: Իսկ ո՞վ է անկիրթ մանուկը, եթե ոչ քո երազանքի երկրի խարխուլ հիմքերը: Ամոթ չի՞ բացարձակ սեյսմակայունությունից զուրկ լիքը դպրոցներ ունենալ: Մի բան էլ ասե՞մ: ԿԳՆ-ն 17 միլիոն հատկացրեց մի հաղորդաշարի վրա, որին հանդիպելիս դու անկասկած փոխել ես ալիքը: Ինչո՞ւ, տունը միայն գերժամանակակից սարքավորումներով լցված ու թարմացվող մի քանի դպրոցնե՞րն են: Շատ պատանիներ զուրկ են մնում կրթություն ստանալու իրավունքից զուտ այն պատճառով, որ դպրոցում, բացի կարգին կրթությունից, ամեն ինչ ստանում են, իսկ անհատական ուսուցիչ վարձելու համար բավական գումար չունեն: Իսկ որտեղի՞ց ունենան, երբ աղքատ բնակչության թիվը ուղիղ համեմատական է մեր տասը մարզերից վեցում ապրող մարդկանց թվին: Գիտե՞ք ամոթը որն է: Ամոթը նման կարգավիճակով հզոր պետությունների արանքը խցկվելն է: Ու քանի էսպես էլ շարունակում ենք, մեր վրա միշտ էլ մատ են թափ տալու, դու միշտ էլ արտասահմանում ուսանելու երազանքով ես քնելու-արթնանալու, ու մի օր հաստատ ոտքերդ կմաքրես երկրի շեմին` էլ հետ չգալու հույսերով:

Քո «տանից» դուրս հայրենիքը չի ավարտվում:

Հ.Գ. Ամանորյա չստացվեց, ամո՞թ ա…

hayk sargsyan

Ճառ` ասված ոչ Նոբելյան մրցանակի առիթով

Եվ այսպես բեմահարթակը, ոմանց համար` հանդիսավոր կերպով, ոմանց համար` ոչ այնքան, իսկ մասնավորապես ինձ համար, ով ելույթի ժամանակ բեմից ընկել էր, լքում է 2018 թվականը:

Բախումների, հակասությունների, պարտությունների, ձեռքբերումների տարի:

Ո՞վ էի ես 2018-ի սկզբին և ով եմ ես հիմա: Տեսականորեն ես  նույն Հայկն եմ. ոչ ոք չի գողացել ինձ, տարել Դուբայ, օրգաններս վաճառել, տեղը ուրիշի օրգաններ դրել, որպեսզի ուրիշ Հայկ լինեի, բայց հոգեպես ես շատ եմ փոխվել: Եկեք ամփոփենք արդյունքներս:

Սկսենք ոչ այնքան լավ բաներից: Ես մի քիչ ալարկոտ եմ եղել և, ինչպես միշտ, ամեն ինչ արել եմ վերջին միլիվայրկյանին: Որպես կանոն` դրանք ոչ դրական հետևանքներ են ունեցել: Ես` ոչ միշտ, բայց հաճախ նախընտրել եմ Ինստագրամը, այլ ոչ TED-Talk-երը, սպորտով զբաղվելու փոխարեն` մահճակալ եմ քշել, ըմբոստացել և ընդվզումներ եմ կազմակերպել ծնողներիս դեմ, դպրոցի տնայիններս ընդհանրապես չեմ արել… Այս ցուցակը կարող էր շարունակվել հավերժ, եթե  մի օր չորոշեի, որ ժամանակն է փոխելու ամեն ինչ, ու չպատրաստեի շքեղազարդ մի պաստառ հետևյալ տողերով.

«Ե՞րբ, եթե ոչ հիմա: Ո՞վ, եթե ոչ դու»:

Սրտաճմլիկ էր, չէ՞:

Իսկ հիմա սրտաճմլիկ պաստառից բխող դրական հետևանքները:

Ես դուրս եկա իմ հանգստի գոտուց ու հասկացա, որ ամեն ինչի, լսո՞ւմ եք, ամեն ինչի կարելի է հասնել: Գնացի մաթեմատիկայի պարապմունքների, քանի որ իմ գիտելիքների ու տաղադների մեջ մաթեմատիկան ամենահաշմանդամն էր, ու հիմա վստահ, բայց մի քիչ կաղալով գնում եմ ինքնակատարելագործման:

Դուրս շպրտեցի իմ ինտրովերտ ընկերոջը և ծանոթացա անթիվ ու անհամար նոր մարդկանց հետ:

Նաև բացահայտեցի իմ շրջապատում արդեն իսկ գտնվող մարդկանց ու հասկացա, որ շատ հաճախ մեզ շրջապատում են հրաշալի մարդիկ, ուղղակի պետք է բաց սրտով ու աչքերով նայես նրանց:

Սկսեցի սպորտով զբաղվել` դե, կլասսիկ արտահայտություն (ոչ դեպուտատ)` առողջ մարմնում առողջ հոգի:

Կիրառեցի «Այսօրվա գործը վաղվան մի թող ասույթը»: Ամեն դեպքում փորձում եմ, դեռ էնքան էլ լավ չի ստացվում, բայց առաջընթաց կա:

2018-ում ես չվախեցա պարտվելուց, դասեր քաղեցի պարտությունից ու հիմա հաղթանակած քայլում եմ դեպի 2019-ը, բայց ոնց որ ուզում եմ սայթաքել…

narehovh

Այն մեկին, ով մոռացել էր Ձմեռ պապին նամակ գրել

«Դրսում ձնեռ է, բայց շա՜տ լուսավոր է.

-Այսօր ի՞նչ օր է, ասա՜։

Սպասում են մեզ այս աշխարհում բոլորը։

-Այսօր ի՞նչ օր է ասա՜» (Կարդալ երգելով)…

Բավականին ժամանակ կլինի, ինչ այս երգը մտքիս ու շուրթերիս ման եմ գալիս, կարծես Արարատ-Երևան ավտոբուսից լինի, որը միշտ` պատշաճ կարգով ուղևորներ է տեղափոխում։ Չգիտեմ, թե ինչու հենց այս համեմատությունն եմ անում, բայց միակն է, որ մտքիս եկավ այս պահին։ Եվ հետաքրքիրն այն է, որ այդ գեղեցիկ երգը մտքիս է գալիս յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին. դե՜ իհարկե, Նոր տարին է ազդարարում։

Չգիտեմ դու ինչպես, բայց եթե չհաշվենք մնացյալ իմ սիրելի տոները, ապա կարող եմ ասել, որ Նոր տարին անասելի շատ եմ սիրում։ Գիտե՞ս, յուրահատուկ տոն է, ոչ թե նրա համար, որ ջեռոցում խոզուկի փափուկ ազդրն է եփվում, որ գունագեղ աղցաններ ու խմորեղեն ենք պատրաստում, որ մսով նրբաբլիթներ ենք թխում, որ… Լավ չշարունակեմ։ Որովհետև եղևնին ենք զարդարում, որովհետև Ձմեռ պապիկը բարձիս տակ մի տուփ շոկոլադ է դնում ու Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» գիրքը։ Դե իհարկե, այս վերջին կետը ուղղակի երազանքներիս տոպրակից հանեցի, որովհետև Ձմեռ պապը նամակներս չի կարդում, որ իմանա, թե այա տարի ինչ եմ ուզում։

Ափսո՜ս, երանի, թե փոքր լինեի, այնքան փոքր, որ էլի ու էլի, ամեն տարի թրթռուն ժպիտը դեմքիս մի ծրար պատրաստեի, վրան նկարեի ինձ, Ձմեռ պապին ու մի եղևնի` գունագեղ լուսավորված։ Հետո սպիտակ թղթին թողնեի երազանքներիս տոպրակից հանած կտորները։ Ու վերջում Ձմեռ պապին խնդրեի, որ անպայման բարևի Ձյունանուշին։ Ծալեի, սոսնձեի ու հորս խնդրեի, որ այն անպայման փստի մեջ գցի, որ Ձնեռ պապը ինձ չմոռանա։ Ու այս ամենը ես կանեի դեռ նոյեմբեր ամսին։ Բայց ես արդեն մեծ եմ։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, գիտե՞ս։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան է փոխվել։ Դու քեզ հարց չե՞ս տալիս, հա, քեզ հետ եմ, դու ` 17-ամյա պատանի, ինչո՞ւ Ձմեռ պապին էլ չես գրում։ Մեծացե՞լ ես, դրանի՞ց է արդյոք։ Ո՛չ, դու ուղղակի հավատդ ես կորցրել, դու հիմա չես հավտում ամանորյա հրաշքների։ «Ի՜նչ Ձմեռ պապ, ի՜նչ ամանորյա հրաշքներ, ի՜նչ Նոր տարի…»։ Դու այսպես ես մտածում, իհարկե, ու հիմա քեզ համար ավելի կարևոր, ես կասեի, իրական բաներ կան։

Ճիշտ է, մենք մեծանում ենք և յուրաքանչյուր տարի ավելի ու ավելի խրվում երկրագնդի ժամացույցի մեջ, ու այդ ժամացույցի մեջ ապրելով կորցնում ենք երազելու, սպասելու, կարոտելու ու սիրելու հմտությունները։ Մեն ուղղակի մեզ հրում ենք առաջ, մենք մեծանում ենք, բայց մեր հոգին մնում է նույն չարաճճի մանուկը, ով յուրաքանչյուր Ամանորին ազնիվ ու մաքուր սրտով նամակներ էր գրում Ձմեռ պապին, եղևնին էր զարդարում ու ամեն կախվող խաղալիքի հետ մի երազանք պահում, գժի նման ցատկոտում ու անհագ ծիծաղում, երբ ձյան սպիտակ փաթիլներ էր տեսնում։ Տե՛ս, չենք մեծացել, ուղղակի աշխարհի ժամերն են փոխվել, ինչպես ասում էր տատս։

Թո՛ղ ամեն բան, արի՛ գնանք, ես այնքա՜ն ձևավոր թղթեր ունեմ, միասին նամակ կգրենք Ձմեռ պապին, միասին տոնածառ կզարդարենք, մայրիկի պատրաստած համեղ խմորեղենը կուտենք, ու դու էլի անփութորեն բերանիդ շուրջը շաքարափոշի կանես, իսկ ձեռքերիդ ` քաղցր կրեմ։ Հիմարի պես կծիծաղես ու կգամվես հեռուստացույցի էկրանին, որովհետև վերջապես Ամանոր է, և հաստատ Հարրի Փոթերը ցույց կտան…

Դե, իսկ ինձ մնում է քեզ ասել. Շնորհավոր Նոր տարիդ, ծրարդ չմոռանաս գցել փոստը…

gohar hakobyan (ararat)

Նոր բան չեմ ասում

Ես ուզում եմ տոներից խոսել։ Ախր, ինչո՞ւ չենք ուզում հասկանալ, որ Նոր տարին չի սկսվում խոզի թանկարժեք բդով ու վերջանում շուկայի ամենաթանկարժեք մրգով, որը պարտադիր պետք է լինի յուրաքանչյուր հայ տիկնոջ ամանորյա սեղանին։ «Հա, դե ումի՞ց ենք պակաս»: Ես արդեն հոգնել եմ այս նախադասությունն անվերջ լսելուց։

Ինչո՞ւ չենք ընդունում, որ Նոր տարին դա պարտադրված ծախսերի ու պարտքերի տոն չէ։ Այն ընդամենը պարզություն ու մաքրություն ավետող երևույթ է։

Մի պահ բարձրացրեք ձեր գլուխը վերջ չունեցող ձեր ցուցակներից, գցեք գրիչը ձեր ձեռքից, միացրեք համակարգիչը, թերթեք լուրերը, տեսեք այլ երկրների տոները ինչպես են նշվում։ Մարդիկ անհոգ են, տեսնո՞ւմ եք։ Իսկ դուք մտածում եք երեք տեսակի երշիկ գնելու մասին։

Գնացեք խանութ, գնեք ձեզ համար այն գեղեցիկ զգեստը, որ ստիպված չէիք գնում, քանի որ ամանորյա մրգերը թանկ էին։ Կիսաքաղցր շամպայն վերցրեք խանութից։ Հարդարվեք ուզած ձևով։ Ժամը տասներկուսն ազդարարող ղողանջներին հյուրասենյակում սպասեք, այլ ոչ թե  խոհանոցում բլինչիկ փաթաթեք։

Սա ձեզ ասում է մի մարդ, ում մայրիկին չի փրկել նույնիսկ այն փաստը, որ հենց ամսի երեսունմեկին է ծնվել։ Միևնույն է, նա մինչև ժամը 12-ը խոհանոցից դուրս չի գալիս։

Հետո թաքուն ինձ բողոքում, որ ծնունդից բան չի հասկանում։

—Մամ, ախր, ես հո՞ գիտեմ, որ դու կկարդաս սա, ու վստահ եմ հոգուդ խորքում անձայն կհամաձայնվես։

Բա, տեսնո՞ւմ եք, թե մենք ինչքան սխալ ենք տոնում Նոր տարին։

Չեմ սխալվի, եթե ասեմ, որ մենք ոչինչ էլ չգիտենք Ամանորի մասին։

Այ, օրինակ, ձեզանից քանի՞սն է երազանք պահում Ամանորի գիշերը։ Վստահ եմ, չեք էլ հավատում կամ հավատում եք, չգիտեմ։

Նոր տարին միայն տասը օր կուշտ ուտել խմելու համար չէ, փորձենք երազել, կամ գոնե երջանկանալ ու երջանկացնել։

Երազանքներ ունենանք մեր մեջ, թույլ տանք նրանց մի պահ կառավարել մեզ։ Չգիտեմ, հուսով եմ, հասկացաք ինձ կամ էլ` չէ։

Սիրելիներս, վայելենք մեր տասներեք օրերը տանը։ Հյուրեր ընդունենք, հյուր գնանք, ուղղակի ժպտանք իրար։ Նոր տարին պարզապես հրաշք է։ Հանենք մեր մտքից այն թյուր կարծիքը, որ մեր սեղանը պետք է հարևանի սեղանին գերազանցի։ Միևնույն է բոլոր կերակուրներն էլ վերջում հոգնեցնելու են, երբ չիմանաք` թե ոնց սառնարանում տեղավորել։

—Մամ, խնդրում եմ, քիչ կպատրաստես դրանցից։

Լավ, ինչևէ, շնորհավոր ձերն էլ…

valentina chilingaryn

Կաղամբ ժամանակներ

Որոշ ժամանակ առաջ, երբ հայտնվել էի օտար երկրում, ու օտարազգին հարցրեց ՝ հա՞յ ես, էնքան ինքնավստահ պատասխանեցի, որ հայ եմ, ոնց որ Ավշարը առած լինեի, Արարատն էլ վարձով տված։ Ես էդքան ինքնավստահ մեկ էլ մանկապարտեզում եմ եղել, երբ գիտեի, թե կաղամբից եմ ծնվել ու մյուս ընկերներիս համոզում էի, որ իրենց արագիլը չի բերել։ Հենց էդ ժամանակ էր, որ կյանքում առաջին անգամ հիասթափվեցի, երբ մեր խմբի Լյուդմիլան (անունը չեմ հիշում, դրա համար), ասաց, որ ինքը մահճակալի տակից է ծնվել։ Բայց ես էդ ժամանակ էնքան էի հավատում իմ հորինած փոքրիկ հեքիաթին, որ մտածեցի թե Լյուդմիլայենց մահճակալի տակ կաղամբներ են աճում։

Եկավ մի տարիք, երբ սկսեցի վերլուծել, որ եթե բոլոր երեխաները կաղամբից են ծնվել, ապա շատ մեծ է հավանականությունը, որ ծնողներս ինձ շփոթել են այլ երեխայի հետ։ Էդ հենց էն ժամանակ էր, երբ առաջին անգամ լուրջ կասկածեցի, ու ցավոք, ծնողներիս։ Ամիսներով ապուշի պես իրական ծնողների փնտրտուքների մեջ էի, ու չէի բարձրաձայնում։ Մտածում էի, որ նրանց կարող եմ գտնել շուկաներում, որտեղ շատ են կաղամբ վաճառողները, ու կամ գուցե նրանք ճանաչեն ծնողներիս։

Որոշ ժամանակ հետո մոռացա բոլոր տեսակի կաղամբներին, որովհետև մայրս ասաց, որ սիրո արդյունք եմ, ու եզրափակեց բոլոր տարօրինակ մտքերի տարափը։ Մտածեցի, որ երբ մարդիկ սիրում ու ամուսնանում են, Աստված նկատում է ու երեխա է պարգևում։ Բայց, ապա որտեղի՞ց էն ընտանիքները, որտեղ մարդիկ դեռ չեն ամուսնացել, բայց արդեն երեխաներ կան։ Էդ ժամանակ հասկացա, որ ուղեղս կծխա ու կպայթի, էդ պատճառով էլ որոշեցի, որ Աստված հաշվարկում է, որ հաստատ էդ մարդիկ պիտի ամուսնանան, ուղղակի վերևներում երեխաները շատ չկուտակվեն, արագ ընտանիքներ ա ուղարկում։

Չեմ հիշում, թե երբ իմացա հարցերիս պատասխանները, բայց հավանաբար դպրոցական տարիքում էի։ Հիշում ու մտածում եմ, ոնց կարող էի վիրավորել ծնողներիս կամ ինձ, կամ ոնց էր Լյուդմիլան խոսակցության կեսը լսել և մյուս կեսն էլ ինքը հորինել ու ապատեղեկատվություն տարածում։

Հիմա եղբորս հարցնում եմ հետաքրքրությունից ելնելով, թե էդ ծնվելու էվոլյուցիան իր մոտ ոնց է ընթանում, սկսում է ծիծաղել ու որպես պատասխան հարցնել․

-Ինչի՞, չգիտե՞ս, այ անշնորհք։

Ա՜յ մարդ, բոլորը էվոլյուցիայից շեղվել են, բա լա՞վ չէր, իմ կաղամբ ժամանակները:

hayk sargsyan

Սենյակումս

-Հա՜յկ (ռուսական ակցենտով), ինչքա՞ն կարելի ա: Մեկը մտնի քո սենյակ` սրտի կաթված կստանա: Ամեն ինչ չափ ու սահման ունի: Սկոլկը մոժնը: Լավ, մի շաբաթ, 2 շաբաթ, մի ամիս չհավաքեցիր սենյակդ, բայց սա արդեն գագաթնակետն ա: Ասում ես` ինքնուրույն ու անկախ: Տեսնում եմ ինքնուրույնությունդ:

-Մամ, սկսենք նրանից, որ ոչ ոք իրավունք չունի առանց իմ թույլտվության մտնի իմ սենյակ, ու առավել ևս, սրտի կաթված ստանա: Սա իմ անձնական տարածքն է, ու ես եմ տնօրինում, ու ես եմ որոշում, թե ոնց ու երբ մաքրել սենյակս:

-Սա վերջին զգուշացումն էր: Հայկ (չենք մոռանում ռուսական ակցենտի մասին), երեկոյան սենյակդ մաքուր լինի:

-Հա, մամ, իմ հոգու պես մաքուր կլինի:

Ինչ արած, վաղ թե ուշ այս օրը գալու էր: Ինչպես նկատեցիք, ես սենյակս միայն նահանջ տարիներին եմ մաքրում` 4 տարին մեկ: Եթե չեմ սխալվում, վերջինը Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ էր: Հա՜, այդ տարի Ղրիմն էլ Ռուսաստանին միացավ:

Լավ, Հայկ, խորը շունք քաշիր: Հիշիր այն բոլոր մեդիտացիաները, որոնք դու մեկ-մեկ անում ես ու սկսիր: Հենց գրքերից էլ կսկսեմ: Վա՜յ, ինֆորմատիկայիս ու ՀԵՊ-ի դասագրքերը: Ես հոկտեմբերից ման էի գալիս: Ահա թե ուր էիք դուք` մահճակալիս տա՞կ: Ավազակներ, էդ ինձնի՞ց էիք փախել, թե՞ ընկեր Պատուրյանից:

Իսկ սա՞: Իսկ սա իմ կյանքի օրագիրն է, որը ես լրացրել եմ 6 տարի առաջ` 2012 թվականին: Միայն ոչ սա: Եթե դուք կարծում եք, որ միայն 13 տարեկան սիրահարված աղջիկներն են կյանքի օրագիր պահում, ապա շտապեմ ձեզ զարմացնել ու հիասթափեցնել, հերիք է կարծրատիպերով ապրեք:

«Ես ապրել եմ տասը տարի և հասցրել սիրահարվել: Ես ասում եմ` սերը տարիք չի հարցնում: Մարդիկ կան, որ համաձայն չեն այդ արտահայտության հետ, բայց սերը մեզ տրված է ծնված օրվանից մինչև մահվան ժամ»:

Այսպիսի թևավոր խոսքով է սկսում կյանքիս օրագիրը: Հուզիչ էր: Խոստովանում եմ` ուզում եմ հետ տալ:

«Սերը մի երազ է, որը գալիս է և գնում մեկ ակնթարթով: Մարդիկ ճիշտ են ասում, որ սերը կյանք է: Այո, կյանք, որ ընդամենը ապրում է մի ամբողջ դար կամ էլ մեկ վայրկյան»:

Չգիտեմ, թե ինչի ազդեցության տակ էի սա գրելու ժամանակ, բայց չափաբաժինը բավականին մեծ է եղել…

«Անցողիկ են կյանքում գրեթե բոլոր բաները, սակայն սերը` սերը առաջին կմնա մեր սրտի խորքում: Հայկ,10 տարեկան, գ. Ավշար»:

Շահել եմ անպատասխան սեր, բայց կցանկանայի` ուղեղ:

-Հայկո՜ (ավելի ճիշտ` Айко), մաքրում ես, չէ՞, սենյակդ:

-Հա, մամ:

Լավ, սրան հետո կանդրադառնանք, ես պետք է դեռ այս սենյակը մաքրեմ ու դեռ ինչեր եմ գտնելու…

arpineMikayelyan

Կասեմ հենց այսօր

-Արփ, ինչքա՜ն նման ես մամայիդ,- ասում է ցանկացած ոք, երբ տեսնում է ինձ։

-Հա՜, գիտեմ,- հպարտորեն ասում եմ ես։

Երևի իմ ամենասիրելի արտահայտություններից մեկն է սա. որ շատ նման եմ մայրիկիս ամեն ինչով. և՛ տեսքով, և՛ բնավորությամբ, և՛ սովորելով (չնայած մայրս ավելի աշխատասեր է)։ Մենք նման ենք նաև ճաշակով ու մտածելակերպով:

Բայց ես չեմ խոսելու իմ մասին, որովհետև այսօր մայրիկիս օրն է։

Շատ տարիներ առաջ, ձմեռային այս ցուրտ օրը ջերմացել է, լուսավորվել ու իմաստավորվել: Գիտե՞ք ինչու, որովհետև մայրս ունակ է մռայլն ու սևը լուսավորել:

Մայրիկիս անունը Շողիկ է` ճիշտ արևի շողի պես, լավագույն անունն իր համար։ Երբ խոսում ես իր հետ, վտահ եղիր, որ երբեք չես ձանձրանա ու ակամայից կժպտաս։

Մայրս շատ լավատես է: Ճիշտն ասած, մեկ-մեկ զարմանում եմ, կամ էլ բարկանում. ինչպե՞ս կարելի է ամեն ինչի մեջ լավը տեսնել: Նույնիսկ եթե ողջ աշխարհը դեմ է որևէ բանի և կարծում է, որ դա վատագույնն է, էստեղ հայտնվում է մայրս ու ասում` ԲԱՅՑ…

Մա՛մ, չեմ ճանաչում քեզ պես համբերատար մարդու, ում հույսը երբեք չի կտրվում, իսկ հավատը երբեք չի կորչում: Դու ունակ ես միլիոնավոր խավար կետերի մեջ գտնել այդ մի սպիտակը (անգամ խոշորացույցով):

Ես միշտ փորձում եմ քեզ ուրախացնել ու գիտեմ, որ միշտ չի եղել, երբ ինձ պահել եմ էնպես, ինչպես դու կցանկանայիր տեսնել:

Դու ես ինձ սովորեցրել, թե ինչ է նշանակում պայքարել ու հաղթել, դու ես սովորեցրել սիրել, հարգել ու միշտ ժպտալ, դու ես օգնել քայլել առաջ ու հետ չնայել… Դու պարզապես անփոխարինելի ես։

Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ ասել այս խոսքերը, բայց հիմա կասեմ:

Ես քեզ շատ եմ սիրում։

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի, Շիրակի մարզ, գ. Ամասիա

Հայաստանում ձմեռ է

Anush margaryan

Հոգուն վրա հասար

Զնգում է զարթուցիչս… Ես անջատում եմ ձայնը այն ակնկալիքով, որ 5 րոպեից կարթնանամ: Հը՜մ, այսօր էլ մնացի քնած: 40-րդ զգուշացումից հետո տագնապով լի բացում եմ աչքերս, ու սովորության համաձայն, ոտքս հարվածում պահարանին: Գրեթե միշտ աջն է լինում (տատիկս դեռ մանկուց պնդում էր, որ օրը ձախ ոտքով չի կարելի սկսել), հետո նայում ժամացույցին ու հասկանում, որ դպրոց հասնելու համար ընդամենը 20 րոպե ժամանակ ունեմ: Ա՜խ, ինչպե՞ս հասցնեմ:

Բարի լո՜ւյս…

Տանից խելագարի պես դուրս եմ թռչում փողոց, խոստացել եմ, որ էլ չեմ ուշանալու (ինչպես հասկացար` իմ խոստումները ոչնչով չեն տարբերվում նախընտրական խոստումներից): Փողոցում ես եմ, անօթևան կատուն ու կողքի հարևանը, որը ծածկում է նոր տնկած նռնենին: Մտքումս փորձում եմ մի երգ հորինել նռնենու մասին, բայց ոչինչ դուրս չի գալիս, ավելի լավ է շտապել: Ի դեպ, բոլոր այն մարդիկ, ովքեր արժանացել են իմ վեհ կատարումները վայելելու պատվին, աղերսում են, որ էլ երբեք դրանք չկատարեմ:

Բարևում եմ կատվին, ի պատասխան նա մլավում է, չարացած հայացքով նայում ինձ, շրջում գլուխն ու հեռանում… Կներես, գրպանումս ձուկ չունեմ, թե չէ բարևի փոխարեն դա կնվիրեի քեզ:

-Հոգուն վրա հասար,- բացականչում է ընկեր Մարգարյանն ու թույլ տալիս նստել:

Դասարանն էլի կիսատ է, էլի բոլորը պարապմունքներ են ունեցել ու մնացել քնած, դե՜, մարտնչող քննությունների դարաշրջանն է սա, ինչ արած:

Ես նախապատրաստում եմ ականջներս ու նստում ընկերուհուս՝ Արևի կողքին, սկսվում է իսկական կորեական դորամա մարաթոն: Մի ողջ դասաժամ Արևը պատմում է իր անհավանական երազների, Ջուն Կուկի, Բուկաների ու էլ ավելի սարսափելի բաների մասին, կողքից Արփինը գրեթե միշտ ուշացած մեջ է ընկնում ու հարցնում դրանց անտեսանելիության մասին: Հա՜, այս ամենին գումարած` բղավում է նաև Դավիթը՝ մեր դասարանի ամենազայրացկոտ տղան, որ վերջ տանք այդ հիմար զրույցներին: Արևը թաքուն ծիծաղում է, էլի շարունակում ենք:

Հետո զայրանում է ընկեր Մարգարյանը ու պնդում, որ «գայլի գլխին Ավետարան են կարդում, իսկ նա մտածում է սարն անցնող ոչխարների մասին»:

Բոլորս ծիծաղում ենք, ընկեր Մարգարյանն էլ: 60 վայրկյան բոլորս լուռ ենք, լսվում է միայն ժամացույցի թիկ-թակը, հետո էլի շարունակում ենք միալար բզզալ:

Հիմա էլ սկսվում է անգիրների մարաթոնը: Ընկեր Մարգարյանը բացում է պարտացուցակն ու բոլորիս ենթարկում «քրեական պատասխանատվության»:

-Ձայն բարբառո հանապատի,- շշնջում է նա ու մեկ առ մեկ կանչում գրատախտակի մոտ:

-Ուշ-ուշ ենք գալիս, բայց ոչ ուշացած,- սկսում եմ ես:

«Չնայած, լավ էլ ուշացած եմ գալիս»,- մտածում եմ ես ու խորամանկ ժպտում:

Ժպտում է նաև ընկեր Մարգարյանը, նա միշտ, նույնիսկ մի ակնթարթում, հասկանում է ամեն բան…