mane m sargsyan

Հիշողությունների արկղիկը շուտով կփակվի

Հիշողությունները դրանք կյանքի ամենահիանալի երևույթներն են: Երբ կրկին վերապրում ես այն, ինչի միջով անցել ես ժամանակին: Նրանք քեզ համար դառնում  են կյանքի մի շրջան ձևավորող և գեղեցկացնող մասնիկներ:  Ապրել ներկայում և երջանկանալ հիշողություններով…

Իմ կյանքում հիմա այնպիսի շրջան է, երբ ես կապրեմ ամենաքաղցր պահերը` վերջին զանգ, ընդունելություն, նոր ընկերներ, միջավայր: Կհայտնվեմ լիովին անծանոթ մի շրջապատում, սակայն իմ հիշողությունների և նրանց բաղկացուցիչ մասը կազմող իմ քույր և եղբայրների հետ միասին:

Իմ դասընկերների հետ ունցել եմ անսահման հիանալի պահեր: Այս երեք տարին յուրաքանչյուրիս համար լի է անմոռանալի ապրումներով, որոնք մենք շատ ապահով «թաքցրել» ենք  մի «արկղի մեջ», որտեղ հերթով դասավորված են բոլոր հիշողությունները:  Ցանկության դեպքում կարող ես բացել  և նորից վերապրել:

Իմ համառ բնավորությանը ընկերներս շատ  լավ ծանոթ են, և որպեսզի ինձ չնեղացնեն, պատասխանեցին իմ տրված հարցին:

Հարց, որն առիթ հանդիսացավ բացելու «արկղիկը», ուր արդեն խնամքով պահ էին տրված հիշողությունները:

Եվ այսպես, ասեք`

Ամենավառ տպավորությունը դպրոցական տարիներից, որ երբեք չեք մոռանա:

«Մեր «ջրոցին» չեմ մոռանա: Այնքան  լավ եմ հիշում, կարծես երեկ լիներ: Երբ  որոշեցինք և բոլորս մեկ մարդու նման ուղևորվեցինք Թթուջուր: Ամեն ինչ հիանալի անցավ»,- պատասխանեց Ֆելիքսը`ապագա ռազմական բժիշկը:

«Ձեզ տեսնենք աղջիկներ» միջոցառումը: Մեր հիշողությունների ամեն մի դրվագը ասես քիմիական հավասարումներ լինեն` մեկը մյուսից կախված: Մի նյութ բաց թողնես, ռեակցիան սխալ կընթանա»,- պատասխանեց Սվետան` ապագա դեղագործը:

«Մեր փախուստի օրը: Չնայած նրան, որ շատ խոսեցին մեզ վրա, բայց միևնույն է, հիանալի պահեր ապրեցինք միասին»,- իր հիշողություններով կիսվեց նաև Սաթինեն:

«Էքսկուրսիաները: Բայց ինձ համար ավելի տպավորիչ էին հատկապես տունդարձի ճանապարհին ավտոբուսի մեջ միասին երգելը: Երբ երգում էինք և հաշվի չէինք էլ առնում ճիշտ ենք երգում, ձայն ունենք, թե ոչ: Ուղղակի վայելում էինք այդ պահերը»,- իր պատասխանով կրկին մի հիշողություն հանեց արկղիկից  Արգիշտին:

Իսկ իմ հիշողություններն անսահման են. մեր առաջին հանդիպումը դասարանի «նորեկների» հետ (ի՞նչ նորեկ, եթե այդ դասարանում բոլորս էլ նորեկ էինք),  առաջին էքսկուրսիան, առաջին համատեղ խնջույքը, առաջին մրցույթները, հաղթանակները, պարտությունները:

Ամեն բան ժամանակին վերջանում է… Մի երկու օրից դպրոցական հիշողություններով արկղիկը այլևս չի լցվի նոր հիշողություններով, խնամքով կփակվի, և երբ տխուր լինենք, հուսահատված ու տխուր, կբացենք այն, կհանենք հիշողությունները, կուրախանանք, կջերմանանք ու կշարունակենք ապրել ու պայքարել:

Դժվար ընտրություն

Կյանքում կան շատ կարևոր բաներ, որոնց հասնելը շատ հեշտ և շատ դժվար է: Օրինակ, դու ավարտում ես դպրոցը և, ցանկություն ունենալով ուսումդ շարունակել որևէ բուհում, սկսում ես դրա վրա կենտրոնանալ, պարապել օրն ի բուն, որ բարեհաջող հանձնես քննություններդ և ընդունվես: Ինչո՞ւ եմ այս ամենը գրում:

Երբ ես ավարտեցի դպրոցը և ընդունվեցի ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետ, ինձ թե՛ ուսուցիչներս, և թե՛ ծնողներս ասում էին. «Հանկարծ ուսման կեսից չամուսնանաս: Ամուսնանալը միշտ էլ կա, կավարտես՝  նոր»: Իսկ ես ասում էի. «Ի՞նչ ամուսնանալ, ես պիտի ավարտեմ, աշխատանքի տեղավորվեմ` նոր»: Բայց արի ու տես, որ ես իմ խոստման տերը չեղա: Երբ բախտը դուռդ թակում է, չի նայում ոչնչի: Ես երկրորդ կուրսում ամուսնացա: Ամուսնությունիցս անցել է մեկ տարի, և հիմա ունեմ երկու  ամսական որդի: Հիմա ուսումս շարունակում եմ, բայց միշտ մտածում եմ. «Ո՞րն էր ճիշտ. Ավարտեի, նո՞ր ընտանիք կազմեի՞, թե՞… »: Կարծում եմ, կարևոր չէ, թե ինչ կարգավիճակում ես: Կարևորն այն է, որ քեզ գտնես և՛ ուսման մեջ, և՛ ընտանիքում: Երկուսն էլ կարևոր են ինձ համար, սակայն ինչ էլ որ լինի, անկախ նրանից. կավարտես թե չէ, եթե վստահ ես, որ կարող ես երեխաներիդ լավ մարդ դաստիարակել, ուրեմն դու ունես ամենաբարձր կրթությունը:

Այսօր, երբ ծանր օրեր է ապրում մեր ազգը, ես կարծում եմ ամենակարևորը զավակ ունենալն ու զավակ դաստիարակելն է:

Նախագահի նստավայրում

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, ավագ դպրոցի երեխաներին, յուրաքանչյուր դպրոցից մի հոգու, ուսուցչական կազմը և տնօրենը ընտրում է, որպեսզի ուղարկի նախագահի նստավայր: 

Մեր դպրոցի տնօրենը և ուսուցիչները ընտրեցին ինձ: Ես շատ ուրախացա, երբ հայտնեցին այդ լուրը: Ինձ հետաքրքիր էր ծանոթանալ նախագահի հետ և հատկապես նստավայրը տեսնել:

Օրը դեռ հաստատ որոշված չէր, և ես անհամբեր սպասում էի: Վերջապես  կանչեց տնօրենը և ասաց, որ վաղը պետք է գնամ. Ճամբարակ, քաղաքում սպասելու էր համապատասխան մեքենան, որը մեզ ոստիկանության ուղեկցությամբ պետք է հասցնի  նախագահի նստավայր: 

Հաջորդ օրը պապիկս Կալավանից ինձ հասցրեց քաղաք Ճամբարակ: Եկավ մեքենան, բոլորս տեղավորվեցինք, ծանոթացանք միմյանց հետ ու շարժվեցինք: Ամբողջ ճանապարհին մտածում էի, թե կտեսնե՞նք արդյոք նախագահին, թե ոչ, ինչպիսի՞ն է նրա նստավայրը: Ճիշտ է, հեռուստացույցով տեսել էի որոշ բաներ, բայց հստակ պատկերացում չունեի:

Վերջապես հասանք: Համապատասխան անցաթուղթ ստանալով՝ մտանք ներս: Մեզ միացավ ուղեկցորդուհի Անին, ով մեզ մատչելի բացատրում էր ամեն ինչ: Նա մեզ տարավ նստավայրի սենյակներից  մեկը, որտեղ տասը րոպեանոց ֆիլմ դիտեցինք շենքի պատմության, սենյակների նշանակության, նախագահի իրավունքների ու լիազորությունների մասին: Դրանից հետո նա մեզ ցույց տվեց ֆիլմում տեսած բոլոր սենյակները և մանրամասն բացատրեց դրանց դերը: Այնուհետև նայեցինք երրորդ  հանրապետության երեք նախագահների ստացած նվերներն ու պարգևները տարբեր պետությունների նախագահների կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Այդ ընթացքում բոլորս սպասում էինք, որ հիմա կասեն` հանդիպում եք նախագահին, բայց ցավոք, նա հանդիպման էր, և չէինք կարող տեսնել նրան: Վերջում խմբային խաղ խաղացինք Սահմանադրության մասին: Դրանից հետո մեզ բաժանեցին կրիչներ, որի մեջ մեր նկարներն էին նախագահի նստավայրում: Հետո ցտեսություն մաղթեցինք մեր ուղեկցորդուհուն՝ Անիին, և ճանապարհվեցինք դեպի Պատմության թանգարան: Այնտեղ նույնպես շատ հետաքրքիր էր: Ընդամենը մեկ ժամ մնացինք, բայց դա մեզ շատ ու շատ նոր գիտելիքներ տվեց: 

Մեր հագեցած օրը ավարտեցինք ֆիզմաթ դպրոցի ճաշարանում: Այնտեղ հաց կերանք, հյութով խմեցինք նոր ծանոթությունների և հիանալի օրվա կենացը ու ճանապարհ ընկանք դեպի տուն:

mane m sargsyan

Խորհրդավոր հանգստություն

-Վերջին ժամը չեք անում: Տուն գնացեք:
-Երևի ընկեր Չիլինգարյանը այստեղ չի,- անցավ բոլորիս մտքով, բայց ոչ մեկս չմտածեցինք վատի մասին:

Բարձր տրամադրությամբ դուրս եկա դպրոցից: Եվ առանց շտապելու, վայելելով արևի ջերմությունը և պարզ երկնքում ճախրող թռչունների ընկերակցությունը մտքերիս մեջ սուզված հասա տուն: Սակայն այդ խորհրդավոր լավ նորությունով հագեցած օրը սկսեց ինձ տարօրինակ թվալ: Չգիտեմ ինչպես, բայց զգում էի, որ վատ բան է լինելու… Որոշ ժամանակ անց զանգ ստացա ընկերուհուցս:

-Ման գիտե՞ս, ինչի են ձեզ տուն ուղարկել,- հարցրեց նա:
-Դե պատմության ժամն էր: Երևի ընկեր Չիլինգարյանը գործեր ուներ:
-Չէ, Ման, Ղարաբաղում պատերազմ է սկսվել:
-Պատերա՞զմ…

Այդ պահին սիրտս սկսեց արագ բաբախել, արյունը երակներումս սկսեց եռալ: Ուզում էի վեր կենալ և գնալ Ղարաբաղ: Մի միտք էր  պտտվում գլխումս: Բայց ինչո՞ւ: Ճիշտ է, զարմանալի չէր ու ինչ-որ մի տեղ նաև սպասելի էր: Բայց միևնույն է, ինչո՞ւ պատերազմ սկսեց: Այդ գույժը սկսեց արագ տարածվել: Որտեղ գնում էիր` նույն թեման էր, նույն խոսակցությունները: Մի տեղ անիծում էին թուրքին, մյուս տեղում հավաքվածները ուզում էին րոպե առաջ հասնել Ղարաբաղ: Եվ ամեն հայր ցանկանում էր այդ պահին գնալ և իր որդու փոխարեն կանգնել սահմանին:

Չնայած այդ նորությանը, ամեն ինչ շարունակում էր մնալ առաջվա նման: Երեխաները խաղում էին բակում, պարապողները շտապում  էին պարապմունքի: Ամեն ինչ հանգիստ էր:

-Այնտեղ ական կա, հիմա կպայթի: Շուտ, վազենք…
-Գնացինք, արագ:
-Սպասեք` գալիս եմ:

Երեխաների խաղի բնույթն էլ փոխվեց: Գնդակով խաղալու փոխարեն նրանք «զենք» էին վերցրել: Եվ «պատերազմ» էին կոչում իրենց խաղի անունը: Միշտ ասել եմ, որ դեռ վաղ տարիքից երեխայի մեջ ձևավորվում է հայրենասիրությունը: Շատերը համաձայն չեն այս մտքի հետ, կլինեն նաև մարդիկ, որ ինձ սխալ կհամարեն: Բայց ես կասեմ միայն մեկ բան: Եկեք Ճամբարակ և կհամոզվեք, որ ես ճիշտ եմ:

Մենք ունեցել ենք հերոսներ, ունենք հերոսներ և կունենանք:  Ցավալի է, բայց կյանքն է այսպիսին: Ու նրանք գնում են, որ շարունակեն երկրի վրա սկսած իրենց գործը: Նրանք գնում են, որ երկնքից հսկեն ու պաշտպանեն մեզ այնպես, ինչպես դիրքերում:

Անհնարին երազանք

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Այսօր  գրականության  ժամին  խորասուզված Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններն» էի կարդում, ու  հանկարծ մտքովս  անցավ  ուսուցչուհուս հարցնել, թե ի՞նչ նորություն կուզենար, որ լիներ մեր գյուղում: Ու նա ասաց, որ կցանկանար անվանի դերասաններ գային մեր գյուղ` Կալավան, ու զրուցեին մեզ հետ իրենց դերասանական արվեստի մասին: Պատմեին կինոյից կամ թատրոնից: Ու վերջում ասաց` գոնե տարին մեկ անգամ: 

Ես սկսեցի մտածել ու երազել այդ մասին: Մտքովս անցան մեր դպրոցի երեխաները՝ Դիանան ու Էդուարդը, որոնք լավ դերասանական տվյալներ ունեն ու մեծ հաջողությամբ կարող են տաղանդավոր դերասաններ դառնալ: Պատկերացրեցի, թե ինչպես կզրուցեին անվանի դերասանների հետ, որոշ խորհուրդներ կստանային: Նույնիսկ կարող էինք փոքրիկ ֆիլմ նկարել մեր գյուղի մասին: Իսկ հետո սթափվեցի ու հասկացա, որ դա ընդամենը երազանք է, իրականությունից շատ հեռու:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Երրորդ, բայց վերջին անգամ

Երևի հիշում եք վերջերս Հայաստանում տարածված համաճարակի մասին… Չնայած  գլխավոր վարակաբան Արա Ասոյանը ինձ լսելով երևի կուղղեր, ասելով, որ համաճարակ չէր… Ինչևէ:  Այդ ժամանակ, նույնիսկ հումորով, բոլորը հավաստիացնում էին, որ երեք խոզուկների անունները Նաֆ-նաֆ, Նիֆ-նիֆ և H1-N1 են: Ի դեպ հանրապետության բնակիչներից շատերը նաև համոզված էին, որ խոզի գրիպ կարող են ընկնել խոզերի հետ շփվելով, կամ խոզի միս ուտելով: 

Չգիտեմ` ինչի միս ուտելուց են թոքաբորբ ընկնում, բայց այդ ընթացքում արդեն երրորդ անգամ թոքաբորբ տարա: Ցավոք, արդեն հիվանդանոցում բոլորը ինձ լավ ճանաչում են, մոտ 2 շաբաթ հիվանդանոցում էի: Պալատում մենակ էի առաջին մի քանի օրը, հետո բերեցին Գեղամին՝ 3 տարեկան, վառ երևակայությամբ ու շատ հասկացող մի տղա երեխայի:  Առաջին օրը ջերմությունը չէր իջնում, բժիշկները ջերմաչափ էին դրել, իսկ Գեղամն անընդհատ մորն ասում էր.

-Մամ, հանի ջերմությունս, հանի էլի ջերմությունս,- ջերմաչափի հետ էր…Երևի:

Հաջորդ օրը լավ էր, աշխուժացել էր:

-Էս ի՞նչ ա,- հիվանդանոցի աթոռների վրայի անցքերը ցույց տալով հարցրեց:

-Էդ… Աթոռի աչքերն ա,- պատասխանեցի:

-Հա՞,  էս էլ բերա՞նն ա:

-Հա, բերանն ա:

Երեխաների հետ զգույշ չէ՞ պիտի խոսել. նրանց երևակայությունը շատ վառ է, նրանք նաև կարծում են, թե մեծերն ավելի շատ բան գիտեն… Հըմ… Թյուր կարծիք:

Այդ օրվանից սկսած անընդհատ նույն անցքերը ցույց տալով հարցնում էր.

-Էս ի՞նչ ա:

-Ուղղակի անցք ա, Գեղամ:

-Չէ… Աչքերն ա,- բարկացած պատասխանում էր նա,-վայ, տես, վազում ա:

-Ո՞վ ա վազում:

-Չե՞ս տենում, պատի վրա, վազում ա,- Գեղամը երբեք քո հարցին չէր պատասխանում, նա միշտ իրենն էր կրկնում: Իսկ ես միշտ փորձում էի հասկանալ , թե այդ փոքրիկի գլխում ինչեր էին պտտվում, այդ ինչէր էր նա տեսնում պատերին, բայց երևի չափազանց մեծ էի այդ ամենը հասկանալու համար:

Գեղամին մի քանի օր անց դուրս գրեցին, ափսոս, մոռացա գոնե մեկ անգամ նկարել այդ «փոքրիկ իշխանին»:

Թեև շատ եմ կարոտում նրան, բայց հուսամ այլևս երբեք հիվանդանոցում չենք հանդիպի:

Անփոփոխ գարուններ

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Կալավանում կրկին  գարուն  է: Սկսվել են  գյուղատնտեսական աշխատանքները: Առավոտյան դպրոց գնալիս տեսնում  եմ, թե ինչպես  են  մարդիկ   բահերն  ուսներին  գնում  այգին  փորելու: Իսկ  վերադառնալիս՝  ինչպես  են  քրտինքը սրբելով  աշխատում: Ու  ցավով  եմ  նկատում, որ  այգում  աշխատողները  մեծահասակներ  են: Երիտասարդները ընտանիք  են  կազմում  ու  հեռանում  գյուղից աշխատատեղ  չլինելու  պատճառով: Շատերը  մենակ  են  մնացել:  

Այս  գարուն  էլի  մի քանի  հոգի  բռնեցին  արտերկրի  ճանապարհը:  Ու  մեզ  համար  երազանք  կլիներ, որ  աշխատատեղեր  բացվեին: Գյուղացիները շատ  կուրախանային, երիտասարդները  չէին  լքի  գյուղը: Եվ   վերջապես  մեր երազանքը  կկատարվեր. կսարքեին  ճանապարհը, գյուղը  կզարգանար: Այդ  ժամանակ  մեծահասակները  այդքան  չէին  չարչարվի այգներում իրենց  մի  կտոր  կացը  վաստակելու  համար:

Ու  այդպես  բացվում  են  շատ  գարուններ, բայց  մեր  գյուղում  ոչինչ  դեպի դրականը չի  փոխվում …

mane m sargsyan

Առայժմ պարապում ենք

Անցյալ, ներկա, ապագա: Ընտրություն և մասնագիտություն: Աշխատանքի պահանջարկ և ցանկություն աշխատելու: Հարցեր, որոնք մեզ` ավարտականներիս տանջում են ամենից շատ: Հարցեր, որոնց պատասխանները մենք փորձում ենք գտնել մեր ծնողների խորհուրդների, ընկերների կարծիքների և երկրում տվյալ մասնագիտության պահանջարկի մեջ: Եվ վերջում «դասավորելով» ցանկությունները, երազանքները, անցնում ենք պարապելու «հաճելի» գործընթացին: Ընտրում ենք առարկան և անցնում գործի:

Մաթեմատիկա, ֆիզիկա, իսկ միգուցե կենսաբանություն, քիմիա, կամ թեկուզ` մաթեմատիկա, օտար լեզու… Այնքան բարդ է…Վերջապես որոշում ես: Եվ արդեն երկու-երեք տարի է, պարապում ես: Իսկ եթե վերջում աշխատանք չգտնե՞ս: Ստիպված կամ պետք է ուրիշ մասնագիտությամբ աշխատես, կամ էլ լքես երկիրդ: Սակայն չէ, դա լուծում չէ…

Հերթական քննարկումն է մաթեմատիկայի (երկրաչափության, հանրահաշվի) ժամանակ: Դաս, որը շատ հաճախ վեր է ածվում դասղեկի ժամի:

-Պետք է գրենք, թե ով ինչ միասնական քննություն պետք է տա,- ասաց դասղեկս, որպես կանոն բարևից հետո:

-Ես գրե՞մ,- հարցրեց մեր դասարանի ամենահումորով և կենսուրախ աղջիկներից մեկը…

Նա վերցրեց գրիչը և իմ օգնությամբ սկսեց գրել ըստ մատյանի հերթականության, թե ով որտեղ է ուզում ընդունվել, ինչ քննություն պետք է տա:

Այնքան տարբեր ընտրություններ ունեինք: Մեկը ուզում է Խամփերյան, մյուսը` բժշկականի ռազմականը, կամ բուժֆակը ունենք, նաև` ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկա տարբերակը… Առայժմ պարապում ենք, շատ քիչ մնաց: Չենք մտածում դրանից այն կողմ, ընդունվել` սա առաջնայինն է, իսկ թե հետո ինչ կլինի, կմտածենք ընդունվելուց հետո: Մեզ հաջողություն և ոսկեգույն հորիզոններ…

Խունացած բուժկետ

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Ինչքան էլ ցավով եմ նշում, բայց մեր փոքրիկ գյուղում` Կալավանում, թեթև հիվանդներին անգամ դժվար է օգնություն ցուցաբերել: Փոքրիկ բուժկետը, որն արդեն բավական ժամանակ է վերանորոգման կարիք ունի, միայն սովորական դեղերով կարող է օգնել: Բայց այնտեղ էլ այնքան խոնավ է, որ  նույնիսկ պատերն են բորբոսնում, իսկ դեղերը այդ պայմաններում դժվար երկար պահպանվեն:

Հիշում եմ, տարիներ առաջ, երբ նոր էր վերանորոգվել, հաճախ էինք գնում դեղեր ստանալու: Նույնիսկ մեծ մեքենայով բժիշկներ էին գալիս, գյուղացիները իրենց խնդիրներով դիմում էին և անվճար օգնություն ստանում:

Հիմա էլ առաջվանը չի, խոնավությունից բուժկետը աստիճանաբար ահավոր տեսք ստացավ, իսկ բժիշկները դադարեցին այցելել, և այդպես հիվանդներին առաջին օգնությունը ցուցաբերում են տան պայմաններում, իսկ հետո, եթե հիվանդությունը խորանում է, հիվանդի ազգականները նրան տանում են հիվանդանոց` կամ Ճամբարակ, կամ Դիլիջան, կամ մեկ այլ հիվանդանոց: Երբեմն` բավական ուշացած:

Բայց մեզ համար արդեն սովորական է դարձել…

mane m sargsyan

Իսկ ե՞ս, իսկ նա՞

Ինչպե՞ս փոխել ամեն ինչ, ինչպե՞ս դառնալ ուրիշ, ինչպե՞ս մոռանալ և մի քանի րոպեով վերանալ: Դառնալ անտարբեր և համարել, որ աշխարհում բացի քեզանից էլ ոչ ոք չկա, դու ես միայն և քո մտքերը: Այն մտքերը, որոնց մեջ կարող ես ուղղակի խորտակվել, որովհետև նրանք այնքան շատ են: Շատ են և տարբեր, բազմաբովանդակ և բազմաոճ: Սկսում եմ մտածել պարապմունքներիս մասին, և այդ պահին հարձակման են անցնում ստեղծագործական մտքերը, նրանք կարողանում են հաղթել և հարմար դիրքավորվել: 

«Մի՞թե հնարավոր է ապրել առանց նրա,
Մի՞թե առանց նրա կավարտվի կյանքը,
Մի՞թե միայնակ ապրել չենք կարող,
Նա թող գնա, առանց նրա ազատ եմ…»

Բայց շատ չանցած գալիս է այն միտքը, որից առավել շատ էի խուսափում՝ ապագա, ընդունելություն, մասնագիտություն…

Բայց այս ամենի մեջ ամենածիծաղելին այն է, որ ես հասցնում եմ միանգամից մտածել բոլորի մասին էլ: Գլխուղեղիս յուրաքանչյուր բլթով սկսում եմ ծանրութեթև անել, հասկանալ, կամ էլ` չհասկանալով «թերթել» այդ էջը, և անցնում եմ հաջորդին: Հաջորդ մասում ինձ անհամբեր սպասում են գլյուկոզը, զարկերակը, պլանարիան և կրկին ապագան…

Սովորական մտքեր, որոնք ինձ պաշարում են ամեն օր: Եվ ես, ինչպես բարեհամբույր անձնավորություն, նրանց դիմավորում եմ առանց բողոքելու և առանց կոպտելու: Նրանք արդեն իմն են, իմ սեփականը…

Ընդունում եմ յուրաքանչյուրին էլ, առանց տարբերություն դնելու, միայն նա է գալիս առանց հրավերքի: Բայց ես չեմ կարող բարկանալ նրա վրա, քանի որ նա կգնա և այլևս չի գա, իսկ ես առանց նրա չեմ կարող: Հերթական անգամ նա եկավ, և առանց դուռը թակելու ներս մտավ: Նա դրա իրավունքն ունի, ես եմ նրան նման արտոնություններ ընձեռել: Այդ խորհրդավոր «նա»-ն իմ Մուսան է:

«Կապված ենք առհավետ…
Նա կգա-կգնա, բայց ես չեմ սովորի ատել,
Չեմ սովորի ստել և արհամարհել,
Կդառնամ միայն խաբկանքների «օթևան»:
Կդառնամ անսիրտ, բայց «հալվող» սրտով…»

Հիմա գրում եմ և կրկին իմ գլխուղեղում պայքար է գնում:

-Ինչո՞ւ նա: Բա ե՞ս, իսկ Միտոքոնդրիո՞ւմը:
-Ես եմ կարևորը, դուք երկրորդական եք:

Ծիծաղելի է, սակայն հենց այսպիսինն է իմ գլխուղեղը: Այն օրգանը, որն ամենակարևորն է մարդու ապրելու և գործելու համար: Այն օրգանը, որը ղեկավարում է մարդու գործունեությունը, ուրից դուրս են գալիս 12 զույգ խառը գանգուղեղային նյարդեր: Հիմա կրկին հարձակում սկսվեց: Մեկ րոպե…

MnO2+4HCl= MnCl2+ Cl2+ 2H2O

Ահա, սա էլ արեցի: Հիմա ի՞նչ ես ուզում, այ, իմ օրգան:

«Մեկ րոպեում 16 շնչառական շարժում,
Մեկ րոպեում 75 սրտի կծկում…»

Կրկին նա եկավ` Մուսան: Ես ամեն բան մի կողմ եմ դնում ու լսում նրան:

«Կյանքը կփոխի, ժամանակը կօգնի,
Հոգին կընդիմանա, բայց կտրվի,
Կյանքը կավարտվի…
Հոգիս կարտասվի…»

Այս պարապելը շատ հաճախ մտածելու տեղիք է տալիս, ավելի շատ քան հիմա:

-Ականջս սառեց…

Ախր, դա ականջդ չէ: Դա ականջախեցիդ է: Հա, չեմ վիճում, հնարավոր է, որ այնպես մրսած լինես, որ ականջդ սառչի ամբողջությամբ՝ ներքին, միջին ականջներով հանդերձ: Բայց այս պահին դա ուղղակի ականջախեցիդ է: Դա արտաքին ականջի մաս է, որը ապահովում է ձայների ընկալումը:

Է՜խ, պարապե՞լ, թե՞ ոչ: Դա օգնո՞ւմ է, թե՞ վնասում: Գիտի միայն պարապող անձը: