Ձկների ու մարդկանց մասին

Լուսանկարը՝ Էլմիրա Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Էլմիրա Հովհաննիսյանի

-Մամ, կարո՞ղ եմ քեզնից հարցազրույց վերցնել:

-Այո, իհարկե:

-Ինձ կպատմե՞ս, թե ինչպես ես ծանոթացել հայրիկիս հետ:

-Ես ապրում էի Շամշադինի շրջանի Բերդ ավանում, սակայն սովորելու համար գնացել էի Երևան: Հինգ տարի սովորելուց հետո ավարտեցի Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, և ինձ Կրասնոսելսկի շրջանում նշանակեցին պետական նոտար:

-Դժվա՞ր էր քեզ համար օտար միջավայրում ապրելը:

-Դժվար չէր, բայց ես անհանգստանում էի: Անհանգստանում էի, որովհետև Կրասնոսելսկի շրջանում ոչ մի ծանոթ չունեի: Մենակ էի ամբողջ օրը: Միայն հաճախորդներն էին գալիս-գնում:

-Իսկ շա՞տ երիտասարդներ էին գալիս քեզ սիրո խոստովանություն անելու:

-Ոչ, աղջիկս: Ես շատ խիստ էի նման հարցերում:

-Ինձ թվում է` այս պատմության ավարտը շատ հետաքրքիր է լինելու:

-Ուսանողական տարիներին ես մի ակվարիում ունեի, շատ էի սիրում ձկներ պահել: Երբ գնացի Կրասնոսելսկ, այդ ակվարիումն էլ էի ինձ հետ տարել: Իմ աշխատասենյակում էլ պահում էի:

-Շարունակիր, շատ հետաքրքիր է:

-Օրերից մի օր մի երիտասարդ մտավ գրասենյակ ու ներկայացավ. Սարգսյան Մինաս: Նրան շատ հետաքրքրեցին իմ ակվարիումի ձկները: Այդպես ձկները դարձան մեր հանդիպումների պատճառը: Հայրդ այնքան գնաց-եկավ, մինչև ձկներս սատկեցին:

-Ձկների սաատկելուց հետո, հայրս ուրիշ ձկներ չբերե՞ց:

-Ոչ, չբերեց: Նա հասավ իր ուզածին, և վերջ:

-Ուզում ես ասել, որ ձեր հանդիպման պատճառը ձկնե՞րն էին:

-Այո, սիրելիս, հենց ձկներն էին: Այդպես մենք սկսեցինք հանդիպել և ամուսնացանք:

-Իսկ կարո՞ղ ես հիշել, թե դա տարվա ո՞ր եղանակն էր, ո՞ր ամիսն էր:

-Ամռանն էր, ամռանը, ավելի կոնկրետ, հուլիս ամիսն էր:

Իմ ամենասիրելի մարդը

Հիշում եմ, երբ փոքր էի, իմ հայրական կողմի տատիկ-պապիկիս հետ էինք ապրում: Շատ էի սիրում նրանց երկուսին էլ, բայց հիմա իմ մեջ ավելի խոր հետք է թողել պապիկս, որին ես երբեք չեմ մոռանա: Նա մահացել է մոտ երկու տարի առաջ իննսուն տարեկան հասակում: Անունը Ռուբեն էր։ Հիշում եմ, պապիկս մեծ դժվարությամբ էր թողնում, որ բացակայեմ Ճամբարակից, միշտ ասում էր. 

-Չէ, մի գնա, մի թողեք՝ գնա երեխեն, ճանապարհին թուրքերը կկրակեն ավտոբուսին, մի թողեք՝ գնա։

Նրա մեջ դեռ ապրում էին թուրքերի հարձակումները։ Նա մասնակցել է Հայրենական պատերազմին ու միշտ ասում էր.

-Հիշում եմ, մտանք Բեռլին, մինչև Բեռլին հասել եմ։

Գիտե՞ք՝ ինչ հաճույքով էի լսում նրա պատմությունները, ցույց էր տալիս իր մեդալները և պատմում։ Հիշում եմ նաև՝ մենք երեք թոռնիկներ էինք, նա մեզ առանձնացնում էր բոլորից, մենք ունեինք յուրաքանչյուրս մեր բնավորությունը: Ամեն առավոտ արտասանում էինք, ես միշտ սկսում էի.

-Պապիկ, բարև, ո՞նց ես։ Ասե՞մ բանաստեղծությունս։

-Անուշ, դո՞ւ ես, լույս բարի, լավ եմ, լավ, հա, ասա, լսում եմ…

Հիշում եմ ժպիտը, ժպտում էր, և ես սկսում էի. «Դպրոցի ճամփան դժվար է, երկար…»: Հետո հեռացանք նրանցից, առանձին տանն էինք ապրում, բայց դա ինձ չէր խանգարում. ամեն առավոտ վազում էի պապիկիս տուն, մտնում նրա սենյակ, որպեսզի առաջինը ես բարի լույս ասեմ…

Անցան տարիներ… Մի օր էլ գնացի, ասացին, որ պապիկս հիվանդ է: Չէ, բայց ես զգում էի, որ նա ուղղակի հիվանդ չէ, նա թեկուզ անկողնային էր, բայց միշտ առույգ էր ինձ հետ…

Անցան օրեր, լսում էի թաքուն խոսակցություններ, որ նա մահանում է, բայց ես օրերս անցկացնում էի նրա մահճակալի կողքին: Մի օր արթնացա և կրկին գնացի: Սարսափելի էր այդ առավոտը. պապիկս ծայրահեղ վիճակում էր, գոռում էի.

-Չէ՜, չեմ ուզում, չեմ ուզում պապիկս մահանա, չէ՜…

Բոլորն ասում էին.

-Չէ, չի մահանա, ուղղակի հիվանդ է, էլի կառողջանա, շուտով բժիշկը կգա ու դեղեր կնշանակի…

Բայց ես հասկանում էի՝ ինչ է կատարվում…

Մոտ երեք օր լացով էին անցնում օրերս, չէի ուզում կորցնել նրան… Նա մահացավ… Ինձ համար սարսափելի էր այդ ամենը… Մահվանից հետո էլի բնազդաբար վազում էի նրա սենյակ, բացում դուռը և տեսնում դատարկ սենյակը: Պապիկս ինձ համար ամեն ինչ էր: Հա, մոռացա ասեմ, մահանալուց առաջ հորաքույրներիս ասաց.

-Անուշին լավ կնայեք, նա ձեր քույրն է, և ոչ թե եղբոր աղջիկ…

Տատիկս էլ ասում էր.

-Քո աղջիկներից մեկն է, լավ կնայենք…

Պապիկս ինձ համար ամեն ինչ էր…

 

Իմ ամենասիրելի մարդը

Իմ ամենասիրելի մարդը մորաքրոջս ամուսինն է, ում ես փոքրուց պապիկ եմ ասել։ Բոլորը միշտ զարմանում էին, որ ես ասում էի պապիկ, բայց ժամանակի ընթացքում բոլորի համար սովորական էր դարձել։ Երբ նրա աղջիկը իրեն թոռ պարգևեց, բոլորը եկան նրանց շնորհավորելու։ Երբ պապիկը դուռը բացեց, բոլորն աչքալուսանք տվեցին՝ ասելով, որ պապիկ է դարձել, և նա ասաց, որ ինքը արդեն տասնչորս տարի է, ինչ պապիկ է։ Այդ օրվանից ես ավելի կապվեցի ու սիրեցի նրան: Երբ ինձ հարցնում են, թե ում եմ շատ սիրում, ես հպարտ պատասխանում եմ՝ պապիկիս։ Նրա անունը Աղաս է, նա շատ բարի մարդ է և ոչ բոլորը ունեն նրա բնավորությունից։ Նա այդքան էլ մեծ չէր, երբ ես ու քույրս նրան պապիկ ասացինք։ Ու ոչ բոլորին դա դուր կգար, սակայն նա այնքան բարի էր ու մեզ այնքան շատ էր սիրում, որ դարձավ մեր պապիկը, իսկ մենք՝ նրա թոռնիկները։ Հորեղբայրս միշտ ասում էր, որ ինքը ասել է Աղո պապի, այդ օրվանից ենք նրան սկսել պապիկ ասել, սակայն մենք միշտ հակաճառում էինք, որ դա այդպես չէ։ Հին վիդեոներ, տեսանյութեր նայելիս ես տեսնում եմ, թե նա ինչպես է խաղացել մեզ հետ, ինչպիսի գժություններ է արել մեզ համար, ու ես սկսեցի հասկանալ նրա կարևորությունը և դերը իմ կյանքում։ Միշտ շատ լավ եմ հիշում նրա ձեռքի մատանին։ Փոքր ժամանակ ես ասել եմ, որ երբ մեծանամ, ինձ տա այդ մատանին, և նա երբեմն կատակով ասում էր. «Բա, որ ես մահանամ, ու մատանին մատիցս դուրս չգա՞», և ես միշտ ասում էի, որ մատը կկտրեմ ու կհանեմ: Նա ժպտում էր այդ իմ խոսքերից։ Երբ մի անգամ նրա թոռնիկը ասաց. «Պապի, որ մեծանամ, մատանիդ կտա՞ս ինձ», -նա պատասխանեց, որ այդ մատանին արդեն տեր ունի, դա Անուշինն է։

 

Քահանայությունը կոչում է

Լուսանկարը՝ Մարիաննա Գրիգորյանի

Լուսանկարը՝ Մարիաննա Գրիգորյանի

Հարցազրույց Ճամբարակի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր պսակ քահանա Մկրտչյանի հետ

-Ինչո՞ւ դարձաք քահանա:

-Ընդհանրապես քահանա չեն դառնում, քահանայությունը կոչում է: Մարդն իր մեջ զգում է Աստծո կանչը, գիտակցում այդ ծառայության կարևորությունն ու զգում պատրաստակամություն: Հետևաբար, չեն դառնում, այլ կանչվում են քահանայության:

-Ե՞րբ որոշվեց, որ պետք է գաք Ճամբարակ և աշխատեք տեղի եկեղեցում:

-Նախ, որևէ հոգևորական չի որոշում, թե որտեղ պետք է ծառայի, որովհետև դա որոշվում է Ամենայն Հայոց Հայրապետի կողմից: Հոգևորականը զինվորի նման է, որտեղ ուղարկում են, այնտեղ էլ անցնում է ծառայության:

-Դուք ամուսնացած եք, ունեք երեք երեխա: Ինչպե՞ս ձեր կինը ընդունեց ձեր քահանա դառնալու որոշումը:

-Նախքան քահանա դառնալը իմ կինը գիտեր ամեն ինչ, հետևաբար, պատրաստ էր ընդունել նաև իմ՝ քահանա դառնալու որոշումը, և ինձ հետ մեկնելու այնտեղ, ուր ծառայության կկոչվեմ:

-Ինչպե՞ս հարմարվեցիք Ճամբարակի պայմաններին, կենցաղին, մարդկանց:

-Բոլորն էլ հարմարվում են: Եթե մի տեղ քո ծառայությունն է, դու կոչված ես մարդկանց օգնելու, մոտեցնելու Աստծուն, հետևաբար, ամեն դժվարություն հաղթահարում ես Աստծո օգնությամբ:

-Ի՞նչն էր ամենադժվարը, և ինչպե՞ս հաղթահարեցիք:

-Ամենադժվարը էր և կա մարդկային անտարբերությունը: Կարծում եմ, կամաց-կամաց դա էլ քիչ թե շատ հաղթահարվում է: Մարդկանց անտարբերությունը ոչ միայն եկեղեցու և Աստծո, քրիստոնեության հանդեպ, այլև՝ միմյանց:

-Ինչքա՞ն ժամանակով եք եկել Ճամբարակ ծառայելու:

-Ժամանակ չկա: Ծառայում ենք այնքան, որքան պետք է, որքան որ Ամենայն Հայոց Հայրապետն է տնօրինում:

-Ինչո՞ւ է եկեղեցին փակվում երեկոյան:

-Եկեղեցին փակում ենք, որովհետև առանց սպասավորների կարող են մտնել, անհարգալից վարվել, բացի այդ, այնտեղ կա գույք, որը արժեքավոր է, և պետք է ապահով լինի:

-Երիտասարդները այցելո՞ւմ են եկեղեցի:

-Ոչ ակտիվ, բայց որոշակի առաջընթաց կա: Մանավանդ հիմա, երբ Ճամբարակում հոգևոր հովիվն իրենց կողքին է ապրում: Ընդհանրապես բոլորին էլ հետաքրքրում է, թե ինչպես է ապրում հոգևորականը, ինչո՞ւ է ընտրել այդ ճանապարհը, ինչո՞ւ են նրա զգեստները տարբերվում, նաև` քրիստոնեության և մեր եկեղեցու հետ կապված հարցերն են հետաքրքիր:

-Ինչպիսի՞ արարողություններ են կատարվում մեր եկեղեցում:

-Ինչպես բոլոր եկեղեցիներում, Հայ Առաքելական եկեղեցում Ս.Պատարագներ են մատուցվում, ժամերգություններ, ծիսակատարություններ, պսակադրություններ, մկրտություններ ենք կատարում:

-Ո՞վ էր այն բարերարը, ում միջոցներով կառուցվեց եկեղեցին:

-Եկեղեցին կառուցվել է 2006-2007 թվականներին Մելիք Գասպարյանի միջոցներով, ով մի քանի տարի առաջ մահացավ: Բայց նախաձեռնությունը տեղի մի քանի երիտասարդներինն էր, իսկ պատգամավոր Մելիք Գասպարյանը ֆինանսապես կարողացավ աջակցել:

-Ի՞նչ կապ կա Ձեր և համայնքի միջեւ:

-Առանց այդ կապի հնարավոր չէ: Ես նաև բանակային հոգևորական եմ, պարտավոր եմ զորամասում հոգևոր ծառայություն իրականացնել: Իսկ ինչ վերաբերում է տնային այցելություններին, իհարկե, համայնքում բոլորի տներն էլ աշխատում եմ այցելել, ներկա լինել նրանց բոլոր արարողություններին, տնօրհնեքներ կատարել, հոգևոր զրույցներ վարել:

-Ի՞նչ կցանկանայիք մեր ժողովրդին:

-Կցանկանայի ապրեն այնպես, ինչպես իրենց պապերը շատ-շատ տարիներ առաջ: Այսինքն՝ ապրեն հավատով, Աստծով, լինեն բարի, կարողանան օգնել միմյանց և իրենց միջից վերացնեն անտարբերությունը, որ ամենամեծ չարիքն է: