Sose Martirosyan

Մի բաժակ թեյ բաժանման համով

Իսկ դուք փորձե՞լ եք թեյել օդանավակայանում: Այո՞: Ուրեմն կհասկանաք ինձ:
Աշուն էր՝ մռայլ, անձրևոտ եղանակ: Օդում տխրություն կար, բայց ոչ եղանակի պատճառով։
Քույրս ծնվածս օրվանից եղել է կողքիս: Մարդ, ով գրկել է ինձ, երբ լալիս էի, քնեցրել գրկի մեջ, տաքացրել, երբ մրսել եմ, վախեցրել հեռուստացույցի վահանակը թռցնելու համար, նետել ինձ ջրով լի դույլի մեջ, սիրել, ջղայնացել, ապրել ինձ հետ տարիներ շարունակ, գնում էր երկրից: Դա էլ հերիք չէ, հետը տանում էր որդուն` Հայկին: Իսկ ի՞նչ էր ինձ մնում անելու: Երևի միայն համակերպվել: Բայց ինչպե՞ս, երբ կյանքիդ ամենահարազատ մարդուն պետք է այլևս էկրանի մյուս կողմից տեսնել, իսկ երբ կապը վատ է, նույնիսկ չտեսնել: Սովորել գրկել միլիոնավոր մղոններից, օդային համբույրներ ուղարկել, ժպտալ մեկ ժամ շարունակ նրա հետ խոսելիս, հետո անջատել հեռախոսը և լացել կարոտից: «Ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի», – ասում են բոլորը: Ժամանակը երբեք չի բուժում կարոտը: Երբե՛ք:

…Օդնավակայանում էինք: Մի մեծ շինություն, որտեղ ճակատագրեր են որոշվում։ Ոմանք բաժանվում են, ոմանք` միանում: Ու հարց ես տալիս ինքդ քեզ.

-Ինչո՞ւ են ստեղծվել սահմանները…

Այնտեղ եմ բոլորի հետ, բայց բոլորից առանձին: Սիրտս զգում է մոտալուտ բաժանում, բայց ուղեղս հանգստացնում է` դեռ ժամանակ կա, կհասցնես: Բայց ոչ, մոտենում է բաժանման պահը: Ահա, բոլորը սկսեցին գրկել մեկնողներին. հիմա իմ հերթն է գալիս: Ինչպե՜ս պետք է գրկեմ, որ լրացնեմ բոլոր բացակա օրերը: Ու եկավ այդ պահը: Գրկում եմ: Չեմ էլ զգում՝ այնքան ուժեղ եմ գրկում, որ մկաններս բռնվում են: Ու այլևս չեմ մտածում ոչնչի մասին, որովհետև արցունքներս իրենք իրենց հոսում են ու ասում բոլոր բառերն իմ փոխարեն: Շնչում ես հարազատիդ օծանելիքի հոտը ու պահում հիշողությանդ մեջ: Անթարթ նայում ես նրանց, որ մտովի հիշես իրենց հետ անցկացրած թերևս վերջին պահերը:
Բացվում են ընդունարանի դռները: Գնում են: Իսկ ես նայում եմ ծնողներիս ու հույս տալիս.

-Այ կտեսնե՛ք, շուտով կգան, շատ շուտով: Պետք է ուղղակի սպասել։

Այդ պահին օդանավակայանի թեյարանը միակ փրկությունն էր…

Դիմակով մարդիկ Երևանում

Կորոնավիրուսի մասին առաջին անգամ լսել եմ լուրերով: Պատահաբար լսեցի չինական նոր վիրուսի մասին: Զարմացա, որ դեռ կենդանիների միջոցով փոխանցվող վարակ կա: Բաց չէի մտածում, որ վարակը կարող է տարածվել և հասնել մեր տարածաշրջան:

Երկրորդ անգամ կորոնայի մասին լուրերին ուշադրություն դարձրի, երբ իմացա, որ վիրուսը հասել է Իրան: Անընդհատ լուրերով կորոնավիրուսի մասին լսելով՝ հասկացա, որ մոտ ապագայում հնարավոր է, որ Հայաստանում էլ դեպք գրանցվի, դիմակներ գնելու ժամանակն է:

Ամեն օր կորոնայի մասին կատակներ էինք անում, ու կուրսեցիներս ասում էին, որ Հայաստանում արդեն 40, իսկ մի ուրիշ օր՝ 17 դեպք է գրանցվել:

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպք գրանցվելու օրը Երևանում շատերն էին դիմակ կրում: Առաջին օրը ես էլ էի դիմակով:

Բայց դիմակը լավ չի պաշտպանում վիրուսից, դրա համար առաջին դեպքը գրանցվելուց մի քանի օր անց դիմակով անցորդները քչացան:

Syuzanna Arshakyan

Համացանցը՝ խոչընդոտ

Մեր օրերում, պայմանավորված մի շարք իրադարձություններով, լրագրությունը դարձավ «ամենամոդայիկ» մասնագիտությունը։ Շատերը կարծում են, որ տեսախցիկի, բարձրախոսի ու որոշակի քանակությամբ լսարանի առկայությունն արդեն նշանակում է լինել պատրաստի լրագրող։ Այսօր ամենատարածված լրատվամիջոցը համացանցն է, որը նաև անարգել հարթակ է յուրաքանչյուրի համար՝ կարծիքը կամ ասելիքը հասանելի դարձնելու լսարանին։ Իսկ տեղեկությունները, որոնք մատուցվում են «վստահելի աղբյուր» անվան տակ, հաճախ կրում են «Հասցրեք դիտել, շուտով ջնջվելու է», «Ինչ զգեստ կրեց երգչուհին համերգի ժամանակ» վերնագրերը։ Ցավալի է, երբ նույն գրառումները կատարած էջում տեղ գտած քաղաքական որևէ լուրը որակվում է որպես բացարձակ ճշմարտություն ու ողողում ամբողջ համացանցը։ Նման կայքերն ու նյութերը ոչ միայն խոչընդոտում են լրագրողի աշխատանքը, այլև աղավաղում «լրագրող» կերպարի ընկալումը հասարակության մեջ։ Կարիք չկա զարմանալու, որ մարդիկ խուսափում են լրագրողներից, փախչում տեսախցիկներից։ Յուրաքանչյուրս կվարվեինք այդպես՝ տեսնելով մեր լուսանկարը կամ հարցազրույցը որևէ էջում՝ հեգնանքով համեմված մեկնաբանությամբ։ Ինչ վերաբերում է անհատների կողմից տեղադրված տեսանյութերին, որոնք հիմնականում ներկայացվում են իբրև լրագրողական աշխատանք, հաճախ, եթե ոչ միշտ, ունենում են բոլոր այն թերություններն ու սխալները, որոնք անթույլատրելի են համարվում։ Որոնցից է օրինակ՝ արգելված վայրում նկարահանված կադրերի հրապարակումը։ Օրինակները շատ են, պատճառը՝ մեկը։ Նման գործունեություն ծավալողների մեծ մասը չունի համապատասխան մասնագիտական կրթություն։ Իսկ մինչ ապագա լրագրողները 4 տարի շարունակ սովորում են լրագրության նրբությունները, ստանում պահանջվող ու պարտադիր մասնագիտական կրթություն և յուրացնում «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները, տեսախցիկ, բարձրախոս և լսարան ունեցող երիտասարդները ջանում են շեղվել լրագրության սահմանված կանոններից՝ այդպիսով միայն նվազեցնելով հասարակության վստահությունը լրագրողների ու լրատվական միջոցների նկատմամբ։

Քաղաքային բնանկար

maria chichakyan

Մոտիվացիա է պակասել

I will be waiting here,

For the grey sky to cry,

For your suspicions to die

For you to really try.

Կյանքում լինում են պահեր, որ պարտականություններդ ու երազանքներդ մերժում ես, բայց, եթե անկեղծ՝ մերժում ես ինքդ քեզ։ Պատճառը, թե ինչու դու հիմա չես աշխատում քո նպատակների վրա, կախված է քո զգացմունքներից, լավ, եթե դու չես ուզում արթնանալ, ապա՝ ո՞վ անի դա։

Կյանքում հստակ քայլերի մի պարզ մեխանիզմ կա, որը մեզ դարձնում է թերևս ավելի լավը, ու դրանից մեկը, անշուշտ, ընդունելն է, որ որևէ բան սխալ է քո մեջ, քեզ մոտ, քո գլխում ու մտքում։

Ամեն խնդրի մեջ թաքնված մի հնարավորություն կա։ Իզուր չի , որ ասվում է ՝ “When life gives you lemons, make lemonade”։ Երբ մեր կյանքում ամեն ինչ Բաբելոնյան աշտարակաշինության պես քարուքանդ է լինում, վերածվում Սոդոմ-Գոմորի, մենք մեր առջև պատի փոխարեն անգամ պարիսպ ենք կառուցում ու վստահաբար ասում, որ մենք մենակ էլ գլուխ կհանենք։ Իսկ եթե` չէ՞։

Իսկ եթե` չէ՞… Պետք է բռնել խնդրի հանգույցը ու կտրելու փոխարեն փորձել այնքան ջանասիրությամբ քանդել, որ վերջապես ուղղվի։ Նույնը մեր մտքերն են. մեր մտքերը կարիք ունեն քանդվել-հավաքվելու ՝ հասարակ փազլի պես։

Ամեն առավոտ հոգնած աչքերով, չհարդարված մազերով հայելու առաջ նայելիս պետք է հստակ պատկերացնես քեզ աշխարհը գրավելիս, հստակ ծրագրես, որ այսօր ավելի մոտ ես լինելու երազանքին, ավելի շատ սիրես քեզ։ Որովհետև դու ես դա, չէ՞։

Ինչպես հայտնի “Lucifer” սերիալի հերոսը՝ Լուցիֆերն էր,  ամեն վայրկյան պայքարում իր «հրեշի» հետ, նույնն էլ մենք ու ամեն օր։Մինչ հրեշին սպանելը պետք է հրեշի հետ ընկերություն անել, որովհետև դա էլ է քո մասնիկը։ Իսկ քո մասնիկները պիտի փշուրներից հավաքվեն ու դառնան այն, ինչ դու քեզ կդարձնես։

I will be waiting here

For the moments to pass,

For the memories to last,

For you to break that glass…

Ֆրանսիական օրագիր, մաս 6

Գիտեի՞ք, որ Նյու Յորքը ժամանակին Նոր Ամստերդամ են անվանել։ Ես էլ չգիտեի ու չէի էլ իմանա, եթե արագ հոլանդերեն խոսող նավաստու խոսքը չթարգմաներ ոչ այդքան արագ խոսող հորեղբայրս։ Բայց լավ, շատ առաջ չընկնեմ։

Սկսվեց մեր փարիզյան հերթական շաբաթը՝ վեցերորդը։ Սկսվեց սովորականի նման տրամվայ-RER-մետրո-մետրո-ոտք կոմբինացիայով, բայց այս անգամ նույն ձևով չշարունակվեց։

-Լա՞վ անցավ դեսպանի հետ հադիպումը,- հարցրեց բնիկ ֆրանսիացի Պասկալը։

-Դեսպանը չէր, համալսարանի ռեկտորն էր,- շարունակում էի ուղղել նրան։ -Բայց մի քիչ մոտ եք՝ վաղը դեսպանատուն եմ այցելելու։

-Օ՜, ինչ հայտնի ես այստեղ։ Դեսպանն անձամբ հրավիրել է դեսպանատուն։

-Երբեք դեսպանի չեմ հանդիպել,- ավելացրեց Վեղոնիկը։

-Էլի զգեստ ես հագնելու, չէ՞։

-Դե սա ավելի օպաշտոնական հանդիպում է։ Զգեստ չեմ հագնի այս անգամ։

-Էդ ինչու՞։ Ռեկտորի համար կհագնես, իսկ դեսպանի` ոչ։

Բարեբախտաբար հեռախոսը զանգեց, և հաշվապահն իր օգնականի հետ ստիպված էին շեղել իրենց ուշադրությունը դեպի ավելի «հետաքրքիր» թեմա։

Ինչպես արդեն հասկացաք, այս երեքշաբթի հրավիրված էինք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատուն, որտեղ մեզ դիմավորեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան տիկին Տոլմաջյանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ պարոն Գևորգյանը։ Ջերմ զրույցներ, տպավորություններ աշխատավայրերից, համեղ քաղցրավենիք և ֆոտո դրոշի մոտ։ Կարճ ժամանակով մեզ տանը զգացինք։ Հաճելի էր, ինչ խոսք։

-Հը՞, ո՞նց անցավ երեկվա հանդիպումը,-Պասկալը կրկին չէր կարողանում հետաքրքրությունը թաքցնել։

-Լա՞վն էր դեսպանը։

-Քանի՞ հոգով էիք։

Այս երկուսի հարցերի շարանն ավարտ չունի։ Սակայն բախտս միշտ բերում է, ու կամ հեռախոսը կամ էլ արտահանման բաժինն ինձ փրկում են։ Երևի դրա համար եմ այդքան սիրում այդ երկուսին, հատկապես երկրորդին։

Ամենասկզբում երևի մտածեցիք՝ էլի Ամստերդամ ենք գնացել։ Լավ կլիներ, իհարկե, ավելի լավ եղանակով տեսնել այդ քաղաքը։ Տեսնել, ոչ թե վազել մինչև մոտակա ծածկը։ Սակայն այս շաբաթ ոչ ես, ոչ Մարիամը, ոչ էլ Անուշը միասին չէինք հանգստյան օրերին։

Մարիամի պլանների մեջ էր` հասցնել Ռոդենի և Պիկասոյի թանգարաններ, իսկ ես ու Անուշը հանգստյան օրերը նվիրեցինք ընտանիքին։ Անուշի՝ ջրահարսի հուշարձանի նկարներից կհասկանաք, թե որ քաղաք է այցելել (դե բոլորիս հայտնի Անդերսենի քաղաքը՝ Կոպենհագեն)։

Իսկ ես առավոտյան ուսապարկիս ծանրությունից մի կերպ հավասարակշռություն պահելով հասա կայարան։ Գնացք, պատուհանի մոտ տեղ ու 2,5 ժամ ու 2 րոպե ճանապարհ։ Հասա Անտվերպենի կայարան, որը նման չէր իմ տեսած և ոչ մի կայարանի։ Փարիզում նման մի կայարան պատկերասրահի են վերածել։ Իսկ այստեղ սա իսկապես գործող շենք է, 5 հարկ և ավել, որտեղից ամեն ժամ և րոպե գնացքներն ուղևորներ են տեղափոխում մի երկրից մյուսը։ Աննկարագրելի է։ Բայց գեղեցկությամբ հիանալու ժամանակ չկար․ պետք էր մի կերպ դուրս գալ այստեղից։ Եվ հենց այդ պահին ես հակացա, որ գտնվում եմ Բելգիայի հոլանդական մասում։ Լիովին անծանոթ մի լեզու, որը նույնիսկ մոտավոր չեմ հասկանում։ Հասա ինֆո կենտրոն, կոտրտած ֆրանսերեն բելգիական ոճով, և ահա ելքը։ Հայացք աջ, հայացք ձախ։ Մի հատ էլ հայացք աջ․ տեսա ինձ այդքան հեռու, բայց միաժամանակ այնքան մոտ երեքին: Հենց այս երեքն էին այսքան անհամբեր սպասել այս պահին։ Եվ հենց այս երեքն էլ երեք օրից այս նույն վայրից ինձ կասեն «Աստված քեզ հետ, մինչ նոր հանդիպում»։