syuzanna kharatyan

Ժամանակն է թեյելու

TIME FOR TEA-ի անդամները մի խումբ ակտիվ երիտասարդներ են աշխարհի 15 երկրներում, որոնք ցանկանում են, որ մերօրյա առաջնորդները մի պահ կանգ առնեն և մտածեն այն որոշումների շուրջ, որ կայացնում են։ Նախաձեռնությունը 2013 թվականից է, այն միջոց է երիտասարդների համար՝ բարձրացնելու իրենց տեսակետը և այն հասցնելու որոշում կայացնողներին։ 2017 թվականի նոյեմբերից Դսեղում նույնպես գործում է TIME FOR TEA-ն, այն համակարգում է Քրիստինե Հովսեփյանը։ Մի խումբ ակտիվ երիտասարդներով ընտրել ենք համայնքի համար կարևորագույն խնդիրներից և փորձում ենք թեյի հրավիրել այն անձանց կամ հաստատությունների ներկայացուցիչներին, որոնք կարող են օգնել և լուծել տվյալ խնդիրը։ Թեյի շուրջը մենք քննարկում ենք առաջ քաշված խնդիրը։ Մեր առաջին փորձառությունը եղավ ամանորյա տոներին ընդառաջ, երբ իմացանք, որ գյուղում գործող «Աֆլաթուն» խմբակի սաները նախաձեռնել էին մի ծրագիր, որի համաձայն տոներին պետք է նվերներ բաժանեին համայնքի անապահով ընտանիքների երեխաներին։ Մենք՝ TIME FOR TEA-ի անդամներս, մեր ձեռքով հավաքած տեղական թեյերին տվեցինք տոնական և գեղեցիկ փաթեթավորում։ Թեյերի տուփերի մեջ նաև գրեցինք բարության փոքրիկ կոչեր և վաճառեցինք դրանք։ Ստացված հասույթը տրամադրեցինք ամանորյա հրաշքի կատարմանը։ Շարժումը ընթացքի մեջ է…

dayana amirkhanyan

Ես՝ 17-ամյա 17.am-ցի

Ամեն տարի յուրովի գալիս ու գնում է: Կամա թե ակամա մենք ենթարկվում ենք տարվա ընթացքում կատարվող դեպքերին ու իրադարձություններին:

Թվում է, թե դա այդպես էլ պետք է լիներ:

Այնուամենայնիվ, մենք երբևէ ինքներս մեզ հարց տվե՞լ ենք. «Եթե մի փոքր մտածեմ այլ կերպ», «Իսկ մի՞թե ես չեմ անելու այն ամենը, ինչի մասին երազում եմ», «I have a dream- Մարտին Լյութեր Քինգի խոսքերը մի՞թե ես նույնպես չեմ կարող ասել ու կոչ անել աշխարհին»:

Հավանաբար, այո՛:

Ես կարող եմ անել այն, ինչ միայն մտքումս է:

Ես երիտասարդ եմ, սակայն չեմ զգում երիտասարդ լինելու քաղցրությունն առայժմ: Միգուցե մի քանի սերունդ առաջ ավելի գեղեցի՞կ էր երիտասարդ լինելը:

Ես երիտասարդ եմ…. 17-ամյա 17.am-ցի:

Սիրում եմ այն ամենը, ինչ անում եմ: Սակայն ուզում եմ անել ավելին:

Հասարակության անդամ երիտասարդներն ավելի շատ ասելիք ու անելիք ունեն:

Դե ինչ, չհամախմբվե՞նք:

17.am-ն էլ հնարավորությունների մի մեծ աշխարհ է, հնարավորություն ազատ կարծիք արտահայտելու ու ներգրավված լինելու հասարակության մեջ…. Պետք է ամեն բան օգտագործել, որը շատերս չենք անում…

Եկեք մի փոքր այլ կերպ մտածենք…. Եթե մեզնից ոչ ոք չմտածի այնպես, որ իր դերը շատ փոքր է հասարակության մեջ, և մեկ անձը չի կարող անել կամ փոխել ոչինչ, ապա այդ ժամանակ մենք կունենանք ամուր և ուժեղ հասարակություն, որի գլուխ կանգնած կլինի ոչ թե կառավարությունը, այլ երիտասարդությունը:

Երիտասարդությունը կյանքի ամենակարևոր ու հետաքրքիր  ժամանակաշրջանն է:

Հայաստանում մենք ուզում ենք անել ամեն բան, որպեսզի մեր օրն անցնի ոչ միայն դասերով ու հավելյալ պարապմունքներով, այլ որևէ հետաքրքիր իրադարձությամբ: Կարելի է օրինակ բերել՝ քաղաքի, գյուղի, ինչ-որ բնակավայրի, որտեղ մենք ապրում ենք, որևէ խնդրի լուծումը: Նախքան խնդրի լուծմանը սպասելը, փոխարենը, մենք՝ երիտասարդներս, պետք է փորձենք ինքներս լուծման ճանապարհներ գտնել:

Ես՝ Վանաձոր քաղաքի երիտասարդս, տեսնում եմ, որ իմ քաղաքում շատերը փորձում են անել ամեն ինչ, իսկ մյուս մասը՝ չի անում ոչինչ, և բացի դա փորձում է «ձուլվել» կարծրատիպերով ու խանգարել մյուսներին:

Այստեղ՝ իմ քաղաքում, երիտասարդներն ունեն շատ մեծ դեր:

Շատերը դժգոհում են. «Ես չեմ կարող, ես ի զորու չեմ, դա իմ իրավունքը չէ, դա իմ պարտականությունը չէ….»: Այս շարքը կարելի է դեռ էլի ու էլի շարունակել: Սակայն պետք չէ ասել չեմ կարող՝ առանց փորձելու, և ասել պարտականությունս չէ՝ առանց իրավունքն իմանալու:

Ուղղակի հարկ է չվախենալ ու չխուսափել:

Մենք՝ երիտասարդներս ենք վաղվա ուժը: Մենք ենք լինելու այն անձիք, ովքեր իրենց ուսերին կրելու են ողջ երկիրը:

Մենք երիտասարդ ենք, իսկ երիտասարդ լինել, իմ կարծիքով, նշանակում է ունենալ կյանքի նպատակակետ ու «կանաչ կետ», որով շարժվելիս մենք կգործենք րոպեի համար, սակայն վստահ լինելով, որ դա մնայուն է լինելու անգամ  մեկ ժամ հետո…

Դե ինչ, եկեք այս պահից սկսած մտածենք գաղափարներ, և դրանք իրագործելու ճանապարհ գտնենք:

 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.  Հուսանք, որ սա հերթական կոչ-հորդորը չէ: Կսպասենք քո վերափոխմանն ու կոչ-հորդորներից գործի անցնելու մասին նյութերին:

anna qocharyan lori

Անծանոթնե՞ր, թե՞ ընտանիք

Մինչև հիմա հիշում եմ այն օրը, երբ ինքնաթիռս վայրէջք կատարեց, ու հանդիպեցի իմ առաջին հյուրընկալ (հոսթ) ընտանիքին։ Առաջին տպավորությունը շատ կարևոր է, քանի որ դա այն եզակի երևույթներից է, որ միակն է և կրկնվել չի կարող։ Ընտանիքիս անդամներն ինձ վրա դրական ու կենսուրախ մարդկանց տպավորություն թողեցին։ Նրանց հետագա վերաբերմունքից կարող եմ դատել, որ ես էլ նույնքան լավ տպավորություն եմ թողել իրենց վրա։ Ես պետք է այս ընտանիքիս հետ ապրեի այնքան ժամանակ, մինչև ինձ համար հիմնական ընտանիք կգտնվեր։

Բոլորիս հայկական ընտանիքներն էլ տարբեր են, բայց, ընդհանուր առմամբ, մեր սովորույթներն ու ավանդույթները գրեթե նույնն են։ Իսկ ես պետք է ապրեի մի ընտանիքում, որտեղ ամեն ինչ այլ էր, ու գաղափար չունեի նույնիսկ ամենատարրական երևույթների մասին։ Չգիտեի, թե որ ժամին են քնում ու արթնանում, սիրո՞ւմ են արդյոք հեռուստացույց դիտել, թե՞ ոչ։ Նույնիսկ այդ փոքրիկ փոփոխությունները կարող են մարդու վրա մեծ ազդեցություն ունենալ։ Ու ամեն ինչ կարող է ճնշող ու անհանգստացնող լինել, եթե չստանաս հյուրընկալ ընտանիքի աջակցությունն ու սերը։ Ու տարբեր ազգերի, կրոնների, ռասսաների պատկանելու հարցը չի խանգարում միմյանց սիրելուն ու հարգելուն։ Նրանք քեզ սիրում են այնպիսին, ինչպիսին դու կաս։

Եկավ այն պահը, երբ պետք է տեղափոխվեի իմ հիմնական ընտանիք։ Առաջին ընտանիքիս հետ ապրեցի երկու շաբաթ, բայց բաժանումը բավականին դժվար էր։ Արդեն հարմարվել էի տան կարգ ու կանոնին, ու թվում էր, թե աշխարհը շուռ է եկել, ու պետք է ամեն ինչ նորից ու զրոյից սկսել։ Իրականում այդպես էլ կար, պետք է ամեն ինչ նորից սկսեի, բայց դա շատ արագ ու հեշտ ստացվեց, քանի որ ես ունեի աշխարհի ամենալավ, ամենաբարի, ամենաաջակցող հոսթ մայրը։

Իրականում այդ ընտանիքների համար ևս հեշտ չէ, քանի որ նրանց ընտանիքին մի օտարական է միանալու, ով մի տարի հետո լքելու է իրենց։ Հիմնականում ընտանիքները շատ են կապվում աշակերտների հետ, ու նրանց «թողնելը» բավականին դժվար է լինում։

Արդեն գրեթե յոթ ամիս է՝ ապրում եմ մի հրաշք կնոջ հետ, ում բարությունն ուղղակի անսահման է, ու ով միշտ իմ կողքին է։ Ես իրոք զարմանում եմ, թե ինչքան բարություն կարող է պարունակել մարդկային հոգին։ Ու ես երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ ձեռք բերել ևս մեկ ընտանիք օվկիանոսի մյուս կողմում, որին երբեք չեմ ճանաչել ու չէի էլ ճանաչի, եթե չհաղթեի «Ֆլեքս» ծրագրում։ Ու իմ հրաշք հոսթ մայրն էլ երբեք չէր իմանա Հայաստանում ապրող մի աղջնակի մասին։ Նույնիսկ չէր էլ իմանա, որ աշխարհի քարտեզի հենց սրտում մի հրաշք արևի երկիր կա։ Բայց ճակատագիրը մեզ հնարավորություն տվեց ստեղծելու մի միջազգային ընտանիք։

Ու ես հիմա շատ երջանիկ եմ, քանի որ ունեմ աշխարհի ամենահրաշք կենսաբանական ու ոչ կենսաբանական ընտանիքները։ Ընտանիքը կարևոր բան չէ, այն ամեն ինչ է։

anna baghdasaryan lori

Չուղարկված նամակների փոխարեն

Վազում ենք…

Վազում ենք կյանքի երկար ու բարդ ճանապարհներով, երբեմն շրջանցելով խորը ջրափոսերը, երբեմն՝ պարզապես չնկատելով։
Մենք միշտ թաքցնում ենք, թաքցնում ամենն, ինչը մերն է, թաքցնում երջանկությունը, դժբախտությունը։ Չնայած՝ մարդիկ երբեմն դժբախտությունը ի ցույց են դնում՝ իրենց դարձնելով «խղճալու առարկա», ինչն իրենց, կարծում եմ, դուր է գալիս։
Ես էլ եմ թաքցնում.․. Ես թաքցնում եմ գիրքը, որը սիրում եմ ամենից շատ, երգը, որը ամեն օր լսում եմ առաջին անգամվա հաճույքով, կարծես չգիտեմ բառերն ու նոր եմ զգում, ֆիլմը, որի ավարտը անգիր գիտեմ, բայց ամեն անգամ նայելիս՝ զարմանում եմ էդքան հրաշալի լինելու վրա։ Էնքան եմ կարդացել նույն բանը, լսել նույն բանը, նայել նույն բանը, որ դրանք ինքնաբերաբար իմն են դարձել։ Իմն են դարձել, ու ես թաքցնում եմ, որովհետև իմն են միայն ու միգուցե կխանդեմ՝ տեսնելով ուրիշների մոտ։
Ես թաքցնում եմ մտքերս, որոնք կցանկանայի ասել կամ գրել ինչ-որ մեկի, բայց հիմա չեմ թաքցնի։
Մի տարօրինակ երգչի.
«Բարև։ Գիտե՞ս, ես միշտ քեզ տեսնում եմ՝ երազում, հեռախոսիս էկրանին, բացում եմ սենյակիս դուռը, էլի քեզ եմ տեսնում, բացում եմ էսքիզներիս գիրքը՝ միայն դու ես։ Տեսնես ինչի՞ց է։ Երևի նրանից է, որ մարդը չի կարող լինել այնքան հրաշալի, որքան դու ես։ Ես քեզ մի քանի հարցով եմ գրել, որոնք միշտ տանջել են ինձ. «Ինչո՞ւ ես դու հրաշալի», «Ինչո՞ւ ես քեզ երբեք իրականում չեմ տեսնում», «Ինչո՞ւ ես էդքան անկեղծ քո երգերում», «Ինչո՞ւ ես ուրիշ»։ Չէ, ես բոլորովին չեմ դժգոհում, որովհետև դու ուրիշ ես, ու ես սիրում եմ քեզ, երգերդ ու առհասարակ, ես սիրում եմ քո աշխարհը ու կուզեի գոնե մեկ անգամ լինել այդտեղ։ Մեկ-մեկ ամաչում եմ քո բարությունից։ Խե՞նթ եմ։ Չէ՜, խենթ չեմ, ուղղակի դու ես չափազանց բարի։ Ուզում եմ ասել, որ դու իմն ես դարձել, որ ես սիրահարվել եմ երգերիդ ամեն մի բառին։ Դու մեկը չես։ Դու չորս մարդ ես, բայց դուք ոնց որ մեկը լինեք։ Մի եղեք այդքան կատարյալ, երբ այդքան հեռու եք ինձնից։ Դուք ոչինչ չեք թաքցնում, չէ՞։ Դուք անկեղծ եք, դուք անհետացող տեսակ եք Երկրի վրա»։
Չեմ նշի խմբի (կամ երգչի կամ իրենց կամ բոլորի) անունը, որովհետև նրանք դարձել են իմը, իսկ իմը միշտ իմն է մնում, և եթե աշխարհի վրա մեկ մարդ էլ ավել իմանա իրենց մասին, ես ավելի կհատնեմ։

Աննայի մտքերը խառնվել են, էս ի՞նչ եմ գրել…

Որքա՞ն ծաղիկ է վառել գարունը

Վանաձորի Շարա Տալյանի անվան համար 2 երաժշտական դպրոցում խառնվել էր գարունը գարնանային տոներին ու նրբանոտա երաժշտությանը:

Նորաթուխ երաժշտասերներն իրենց առաջին քայլերը կատարեցին ու ներկայացան հանդիսատեսին՝ իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով: Ծնողներն ու ուսուցիչները հուզվում էին՝ տեսնելով իրենց երեխաներին: Ամեն ինչ ընթանում էր կատարյալ ու գեղեցիկ:

Ես նույն երաժշտական դպրոցի շրջանավարտն եմ և մեծ պարտավորություն զգացի այն ժամանակ, երբ զանգահարեցին ու ասացին, որ ես նույնպես պետք է ներկա լինեմ ու իմ մասնակցությունն ունենամ այդ միջոցառմանը:

Այնքան հաճելի է, երբ քեզ չեն մոռանում, անգամ երեք տարի անց:

Երբ մի խարտյաշ աղջնակ, քանոնը՝ ծանր ու մեծ երաժշտական գործիքը, ձեռքերի մեջ հազիվ պահելով, բեմ բարձացավ, մի պահ իմ առաջին երաժշտական քայլերը հիշեցի։

Համերգի վերջում դպրոցի տնօրեն Անահիտ Խանզադյանը նույնպես շնորհավորանքի խոսքեր ուղղեց մայրության, գեղեցկության տոների կապակցությամբ և Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից տրված շնորհավորագրերը, որոնք դպրոցի սաները ստացել էին «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում «Պատանի երաժիշտ կատարողների» Լոռու մարզային փառատոնին լավագույնս ներկայանալու համար, հանձնեց տաղանդաշատ աշակերտներին:

Գարունը, իսկապես, նոր կյանք է վառել։ Թող բարի լինի գարունը բոլորիս։

syuzanna kharatyan

Շուտով կխոսեմ անգլերեն

ACCESS միկրոդրամաշնորհային ծրագիր. Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը արդեն չորրորդ անգամ են մեկնարկում Հայաստանի մարզերում անգլերենի ուսուցման այս ծրագիրը: Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու յոթ գյուղերի 13-ից 16 տարեկան աշակերտներն ունեն հնարավորություն մասնակցելու այս ծրագրին Լեռնագոգ (Արմավիր), Արագածավան (Արագածոտն), Բենիամին (Շիրակ), Վահագնի, Եղեգնուտ, Դսեղ (Լոռի) գյուղերից: ACCESS-ը անգլերենի 2-ամյա ուսուցման ծրագիր է, հաղորդակցման մեթոդի միջոցով անգլերենի սկզբնական գիտելիքներ ունեցող աշակերտները կարողանում են ազատ շփվել անգլերենով: Անգլերենի ուսուցման ACCESS միկրոդրամաշնորհային ծրագիրը գործում է աշխարհի 80 երկրներում: «ՀՀ-ում այն գործել է 2011 թվականից՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, ծրագիրն իրագործում է Հայաստանի մանուկներ հիմնադրամը»,- ինձ հետ զրույցում նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամում անգլերենի ծրագրերի համակարգող Սյուզի Խաչատրյանը:

Զրուցել եմ նաև ACCESS-ի ուսուցիչ Մարինե Միսկարյանի հետ:

-Ինչպե՞ս ընտրեցիք ձեր մասնագիտությունը: 

-Մասնագիտությունս ընտրել եմ շատ պատահական, երբ 2002 թ.-ին հանդիպեցի Ամերիկյան խաղաղության կորպուսի կամավորներին, այդ ժամանակ բավականին մեծ էի սովորելու համար՝ 23 տարեկան: Սկսել եմ սովորել կամավորների հետ, իսկ դրանից հետո շարունակել եմ խորացնել գիտելիքներս։ Շատ կամավորական աշխատանքներ եմ կատարել: Կամավոր աշխատել եմ մանկապարտեզի դաստիարակների հետ, աշխատել եմ Ամերիկյան համալսարանում, որպես կամավոր նաև աշխատել եմ Երևանի նախկին գիշերօթիկ դպրոցում: ACCESS-ի առաջին երեք ուսուցիչներից մեկն եմ:

-Քանի՞ տարի է, ինչ աշխատում եք COAF-ում։

-Ծրագրի բացման օրվանից աշխատել եմ, երբ Արմավիրում սկսվեց առաջին ACCESS ծրագիրը, այդ ժամանակ միացել եմ ծրագրին։

Զրուցել եմ նաև ACCESS-ի 2015-2017թթ.-ի շրջանավարտների հետ և հարցին, թե ինչպես էին պատկերացնում ACCESS-ը մինչ սկսելը, և ինչ եղավ հետո, նրանք պատասխանեցին այսպես.

-Երկու տարի առաջ իմ կյանքն ուրիշ էր: Չէի պատկերացնում, որ անսպասելի ու անհասկանալի կերպով կփոխվի: Անհասկանալի, որովհետև չէի պատկերացնում, թե ինչ հնարավորություն է ACCESS-ն ինձ համար ու անսպասելի, որովհետև ինձ համար անգլերեն սովորելն անհնար էր թվում, բայց մի քանի ամիս հետո, երբ հասկացա՝ ինչ է կատարվում, երբ հասկացա, որ անգլերենը շատ մեծ հնարավորություն է բոլորի համար, սկսեցի ավելի լավ սովորել: ACCESS-ն օգնեց լինել ինքնավստահ, զարգացրեց մտահորիզոնս ու ամենակարևորը՝ ACCESS-ի շնորհիվ գիրքս հաջողության հասավ: Գիրքը գրել եմ ACCESS-ում ձեռք բերած հմտությունների շնորհիվ: 2 տարի անց, կարող եմ ասել, որ այն փոխեց իմ կյանքը, ավելի մեծ ու իրական հնարավորություն տվեց SMART ապագա ունենալու համար (Սաթե Պետրոսյան, գ. Դեբեդ):

-Երբ իմացա ACCESS-ի մասին, մտածեցի, որ դա էլ կլինի սովորական դասընթաց՝ ինչպես դպրոցում, մտածում էի՝ ո՞նց ենք 2 տարվա մեջ անգլերեն սովորելու, իսկ ուսուցիչը վստահեցնում էր, որ վերջում մենք անգլերեն խոսել կիմանանք, ու քանի գնում, համոզվում էի, որ հնարավոր է սովորել: Երկու տարի անց արդեն կարողանում էի խոսել անգլերեն, բայց սկզբում չէի հավատում (Հասմիկ, Թումանյան):

-Սկզբում, երբ իմացա ACCESS-ի մասին, այն ինձ տարօրինակ ծրագիր թվաց, անգամ հիշում եմ, որ առաջին դասին չուզենալով եմ գնացել, քանի որ մտածում էի՝ ինչի՞ս է պետք անգլերենը, բայց առաջին դասից հետո կյանքս 180 աստիճանով փոխվեց: Միսս Մարինեն այնպես էր կազմակերպել մեր առաջին դասը, որ ես սիրահարվեցի անգլերենին: Սկսեցի մեծ հաճույքով և ուրախությամբ գնալ դասերին: Եվ ժամանակի հետ հասկացա, որ անգլերենը ինձ ավելի շատ է պետք, քան պատկերացնում էի (Մարուսյա Մաղաքյան, Թումանյան):

Դե ինչ, շուտով մենք էլ կսկսենք խոսել անգլերեն:

Ես լոռեցի եմ

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լոռին Հայաստանում աղքատության մակարդակով զբաղեցնում է առաջին տեղը, ծնելիության մակարդակով՝ վերջինը, այստեղից ամենաշատն են արտագաղթում: Հյուսիսից Լոռվա ձորը ամեն օր աղտոտում է Ալավերդու գործարանը՝ նույնիսկ դեռ չծնված երեխաներին ենթարկելով անբուժելի հիվանդություն ունենալու ռիսկին: Ամեն աշուն կատարվում են մեծամասշտաբ ծառահատումներ։ Գյուղերը դատարկվում են, իսկ հանրապետության համար առանցքային նշանակություն ունեցող Ալավերդի-Վանաձոր մայրուղու շինարարության ավարտն անընդհատ ձգձգվում է:

Սա Լոռին է, բարեկամներ:
Վերջիվերջո, ի՞նչ է մարզը. վարչատարածքային միավոր, որը ի՞նքն է ղեկավարում իր ներքին կյանքը՝ միևնույն ժամանակ, լինելով տվյալ երկրի մասնիկը: Բայց մարզերի մեջ մինչև օզոնի շերտ հասնող պատեր չկան, օդն էլ է նույնը, ջուրն էլ: Ալավերդու գործարանի ծուխը, մեր մարզի տարածքը ճեղքելիս, սահմաններին չի նայելու, Ամուլսարից աղտոտված գետերը մի օր մեզ էլ են հասնելու, ու չի կարելի այսքան փոքր պետությունում մարզային սահմաններով առաջնորդվել ու անմասն պահել քեզ լոռեցու խնդիրներից միայն այն բանի համար, որ դու, օրինակ, Սյունիքից ես՝ մի քանի տասնյակ կիլոմետր հեռու:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Չնայած ոչ այնքան մաքուր օդին, որը շնչում եմ, չնայած ամեն օր գյուղիցս գնացող ու օրվա հացը ապահովելուց ավելիի հնարավորությունը չունեցող մարդկանց, ես սիրում եմ իմ երկիրը, իմ մարզն ու գյուղը: Ինչո՞ւ: Ուղղակի, որովհետև դրանք իմն են: Որովհետև ես այստեղ եմ ծնվել, ու ինձ դեռ փոքր տարիքից ասել են իմ ազգության մասին: Կրոնը, ինչ-որ տեղ նաև լեզուն և այն մշակույթը, որով ցանկանում ենք ապրել, մենք ենք ընտրում, իսկ ազգությունը՝ ոչ: Դրա համար էլ իմ սիրելի վայրերը չթողնել-չգնալը, ինձ հուզող խնդիրները լուծելը իմ պարտքն է: Ես չգնալն ու ինչ-որ բան փոխելը իմ պարտքն եմ համարում, բայց բոլորովին չեմ կարող քննադատել մարդկանց, ովքեր չեն կարող մնալ կամ չեն ուզում։ Չէ՞ որ ամեն մարդ ինքն է որոշում՝ հանուն ինչի պայքարել ու հանուն ինչի ապրել:

Ուր բերում են մտքերդ…

Զրույց «Թեյնիկ» անտիսրճարանի հիմնադիր Ավետիս Եգանյանի հետ:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Վանաձորցի երիտասարդները գրեթե միշտ զբաղմունքի պակաս են ունեցել: Այսինքն, ազատ ժամանակը հետաքրքիր կազմակերպելու համար հնարավորությունները չափազանց քիչ էին: Գիտե՞ք, մենք շատ երկար ժամանակ ինչ-որ փոփոխությունների էինք սպասում: Եվ մոտ մեկ տարի առաջ երկու երիտասարդ Վանաձոր բերեցին «Թեյնիկ» կոչվող փոփոխությունը:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ինչպե՞ս առաջացավ անտիսրճարան ստեղծելու գաղափարը:

-Ի սկզբանե այս ֆորմատին ծանոթացել եմ մոտ չորս տարի առաջ` Ուկրաինայում և Բելառուսիայում: Երբ վերադարձա Հայաստան, պարզեցի, որ Երևանում էլ են արդեն այդ ֆորմատով աշխատում: Ու մտածում էի, որ լավ կլիներ, եթե Վանաձորում էլ անտիսրճարաններ լինեին: Ժամանակի ընթացքում իմ ու ըկներոջս՝ Դավիթի մոտ այս գաղափարը ավելի էր հասունանում: Մենք երկուսս էլ աշխատում էինք, բայց չէինք կարողանում, կոպիտ ասած, տեղում նստել: Եվ արդյունքում վերջնականապես որոշեցինք, որ պետք է սրճարան բացենք: Ճիշտն ասած, չէինք ցանկանում անել մի բան, ինչը  արդեն կար քաղաքում: Մենք ցանկանում էինք ներմուծել նորը: Այնպիսի վայր, որը դուրս կգար արդեն ավանդական դարձած սահմաններից:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ի՞նչ պատմություն ունի սրճարանի անվանումը:

-Իրականում «Թեյնիկ» անվան հետ կապված կոնկրետ պատմություն չկա: Մենք մեր առջև ունեինք ընդամենը մեկ պահանջ, որ անվանումը պետք է հայերեն լինի: Բացի այդ, այն նաև սրճարանի կահավորանքին պետք է համապատասխաներ: Մի քանի տարբերակ ունեինք, դրանցից մեկը «Անձրևանոց»-ն էր, որը ինչպես հասկացաք, Վանաձորի անձրևների քաղաք լինելուն էր վերաբերվում: Բայց անձրևանոցը երկար էր, ու դժվար թե տարածում գտներ, իսկ Թեյնիկը կարճ էր և սրճարանի բնույթին ավելի համապատասխան:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Իսկ ինչպե՞ս սկսեցիք բացման աշխատանքները:

-Դե առաջին հերթին տարածքի ընտրությունն էր: Ես ու Դավիթը երկար ժամանակ էինք մտածում, թե որտե՞ղ ավելի հարմար կլինի և արդյունքում կանգնեցինք Քաղաքային այգու հարևանությամբ գտնվող այս տարածքի վրա: Տարածքը  բարձիթողի վիճակում էր, և բավականին շատ աշխատանք ենք արել այն կարգի բերելու համար: Ինչ վերաբերում է կահավորմանը՝ մենք ամեն ինչ արել ենք մեր ձեռքերով և ամեն օր ինչ-որ նոր փոփոխություն ենք անում ինտերիերի  մեջ: Փորձում ենք համադրել գեղեցիկը հարմարավետի հետ: Սրճարանի բացումը անընդհատ հետաձգվում էր ֆինանսկան և այլ խնդիրների պատճառով, բայց ի վերջո որոշեցինք էլ չձգձգել, և հունիսի 4-ին «Թեյնիկ»-ը պաշտոնապես սկսեց իր աշխատանքը:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ինչո՞վ է «Թեյնիկը» առանձնանում այլ վայրերից, ինչո՞վ է գրավում մարդկանց:

-Նախ և առաջ նրանով, որ մատչելի է: Առաջին հայացքից հնարավոր է թանկ թվա, բայց իրականում դու 2 ժամվա համար վճարում ես 500 դրամ և ունենում անսահմանափակ օգտվելու հնարավորություն: Իսկ հետո այստեղ հարմարավետ մթնոլորտ է, որը  թույլ է տալիս լիցքաթափվել և հաճելի ժամանակ անցկացնել: Դրա համար կա գրեթե ամեն ինչ՝ երաժշտություն, գրականություն, սեղանի տարբեր խաղեր, երաժշտական գործիքներ՝ նվագել ցանկացողների համար:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Կա՞ն արդյոք նոր  գաղափարներ, որոնք մոտ ապագայում պատրաստվում եք իրագործել:

-Հիմա փորձում ենք հաճախակի կինոդիտումներ կազմակերպել: Մոտ շրջանում անգլերենի ակումբ կունենանք: Մենք չենք սովորեցնելու զրոյից անգլերեն, ուղղակի փորձելու ենք քիչ թե շատ անգլերեն իմացողների որոշ հմտություններ զարգացնել: Չեմ ուզում բացել բոլոր փակագծերը, բայց նախատեսում ենք ամառային սեզոններին օգտագործել նաև դրսի տարածքը, փորձելով հետաքրքիր լուծումներ տալ:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում հիմա, համագործակցո՞ւմ եք այլ կառույցների հետ:

-Հիմա ամեն շաբաթ օր  «Մաֆիա» ենք խաղում: Առաջ այլ սեղանի խաղեր էլ էինք խաղում, բայց «Մաֆիա»-ն միակ խաղն է, որ ժամանակի ընթացքում չի հոգնեցնում: Վերջերս անվճար կիթառի դասեր են լինում: Ունենում ենք նաև սեմինարներ: Նախորդ շաբաթ հյուրընկալել էինք Սամվել Գևորգյանին, ով «Քո սեփական բիզնեսը» գրքի հեղինակն է: Կազմակերպում ենք նաև ցուցահանդեսներ, երաժշտական երեկոներ: Նկարները, որոնք հիմա զարդարում են «Թեյնիկ»-ի պատերը, այստեղ կազմակերպված ցուցահանդեսներից են մնացել: Հիմա համագործակցում ենք Երևանի «Team Time» անտիսրճարանի հետ:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ի՞նչ հետաքրքրությունների տեր մարդկանց է ավելի շատ գրավում «Թեյնիկ»-ը:

-Կարծում եմ մենք ավելի շատ հետաքրքրում ենք այն մարդկանց,  ովքեր փնտրում են վայր, որտեղ կարող են ավելի շատ բան սովորել: Մենք բնականաբար այն մասսայի համար չենք, որը կոպիտ ասած, հետաքրքրություն է տեսնում միայն Տիգրան Մեծ փողոցով այս ու այն կողմ անելու մեջ: Փորձը ցույց է տալիս, որ մեր հիմնական հաճախորդները 15-27 տարեկան ակտիվ գործունեությամբ զբաղվող մարդիկ են: Մենք արդեն ունենք հիմնական հաճախորդներ, ովքեր պարբերաբար մասնակցում են մեր միջոցառումներին և աջակցում մեզ, տարածելով «Թեյնիկ»-ը իրենց ընկերների շրջանում:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

«Թեյնիկ» մտնելիս առաջին բանը, որ տեսնում ես, դա «Ուր տանում են մտքերդ» գրությունն է պատի վրա, և իրոք «Թեյնիկ»-ը վանաձորցիներիս  համար դարձել է մի վայր, որտեղ տանում են մեզ մեր մտքերը, վա՛յր, ուր գնում ենք և չենք ուզում էլ հեռանալ: Նման փոփոխությունները ստիպում են մեր քաղաքին շարժվել ժամանակի հետ և նայել առաջ:

hovik vanyan dsex

Ողջույն, թույլ տուր քայլեմ դեպի տուն

Զարմացա՞ր։ Հա, ճիշտն ասած՝ ես էլ։ Անկեղծ ասած՝ ես էլ եմ արդեն հոգնել։ Մեկ-մեկ, երբ ազատ ես լինում, կարող ենք դուրս գալ զբոսնելու, բայց ոչ սովորական զբոսանքի, այլ, ասենք՝ բարձրանանք շենքերի տանիքները, կախվենք կամուրջներից, վազենք փողոցի մեջտեղով։ Բայց եթե ազատ չես լինի, կամ արդեն պայմանավորված կլինես, ոչինչ, ես էլ ազատ չեմ լինի, կամ ես էլ կպայմանավորվեմ։ Ավելի հավանական է, որ կնախընտրեմ ազատ չլինելը, ու տանը կնստենք, նորից դասեր, պարապմունքներ, անհետաքրքիր TV ու մագնիսական դաշտով օժտված համացանց։

Հիմա էլ էի պարապում, է։ Բայց որոշեցի թողնել դա ու մի քիչ քեզ հետ խոսել։ Ի՞նչ ես լռել, դե մի բան ասա։ Հազիվ եմ դուրս եկել իրական աշխարհ։

Էն օրը ընկերներիցս մեկի հետ էի խոսում, ասում էր, որ էդ բոլոր պարապմունքները չեն թողնում, որ հիշենք գրելու մասին, ու մեկ էլ ասում էր, որ հոգնում ենք, ու ոչ մի բանի հավես չի լինում, նույնիսկ՝ գրելու։ Վերջում էլ ասաց, որ անջատվում է չաթ անելուց ու կարողանում հանգստանալ։ Ինձ էլ միայն մնաց, որ «սրտեմ» նրա գրածը։ Բայց, փաստորեն, էդ համացանցի մագնիսական լինելու փաստը արդարացվեց ինքնըստինքյան։ Ինչ արած…

Կարո՞ղ ես «փորփրել» բառի արմատը հուշել ինձ։ Գրողը տանի, չի ստացվում, սպասում եմ, որ գնամ ընկեր Գայանեին հարցնեմ։ Շատ տարօրինակ լեզու ունենք, որն էնքան դառն էլ է լինում, որ հեռախոսի էկրանին հայտնված հաղորդագրությունը չեմ ուզում կարդալ ու փոշմանում եմ, որ երբևէ սովորել եմ հայերեն տառերը։

Երևի արդեն հրաժեշտ տամ, կգրեմ էլի, երբ մեջիս արևը միանա (Ամալյայի ականջը կանչի)։

Չմոռանամ ասել, յութուբում գրեք You let me walk home, ընտիր երգ է, խոստանում եմ, որ կմոռանաք ամեն ինչի մասին։ Michael Shulte-ն է երգում։

Բայց ամեն դեպքում, որ ազատ լինես՝ կգրես…

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի, Արմավիրի մարզ, ք. Արմավիր

Փետրվար