anna qocharyan lori

Ինքնաթիռները շատ բան կարող են փոխել մեր կյանքում

Ես իմ ամբողջ կյանքում ինքնաթիռ չէի նստել ու չգիտեի, թե ինչ է այդքան բաղձալի թռիչքը։ Վրա հասավ այն պահը, երբ պետք է կատարեի իմ առաջին թռիչքը, երբ դարձա «Ֆլեքս» ծրագրի հաղթող ու պետք է մեկնեի Միացյալ Նահանգներ։

Երբ արդեն գիտեի թռիչքիս օրը, տարբեր մտքեր սկսեցին ինձ հանգիստ չտալ ու կրծել ուղեղս։ Առաջին հերթին ինձ տանջում էր այն միտքը, թե ինչպես պետք է ժամերով գտնվեի մի վայրում, որից այդքան վախենում էի։ Ես բարձրությունից միշտ եմ վախեցել, ու երբ մտովի պատկերացնում էի, թե ինչ ահռելի բարձրության վրա եմ լինելու, մարմնովս սարսուռ էր անցնում։ Ինձ շատ էին ասել, որ ամենից անհանգիստ պահն ինքնաթիռի վերելքն է, իսկ երբ բարձրանում ես ու մի կայուն դիրքի ես հասնում, ամեն ինչ առաջվա նման հանգիստ է թվում, ու քեզ զգում ես քո սեփական հողին կանգնած։

Ես միշտ շատ հարցեր էի տալիս թռիչքների մասին, կամ էլ հոդվածներ կարդում։ Ինձ տարբեր փաստեր ու հետաքրքիր երևույթներ էին պատմում թռիչքներից, բայց ամենակարևոր բաները այդպես էլ չասված ու իմ կողմից չլսված մնացին։ Ոչ ոք ինձ չասաց, որ թռիչքն աշխարհի ամենալավ բանն է, ու բարձրությունից հրաշալի բան չկա։ Ոչ ոք չասաց, որ բարձրանալու հետ մեկտեղ ամեն ինչ միևնույն է դառնում քեզ համար, ու նույնիսկ չես էլ հիշում հողին թողած քո խնդիրների մասին։ Ու գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև վերևում գտնվելով ես հասկանում, որ իրականում ոչ մի անլուծելի հարց չկա այս աշխարհում։ Վերևից նայում ես ամպերի տակ թաքնված շինություններին ու հասկանում, որ դու այնքա՜ն մեծ ես նրանցից ու ավելիին ես ընդունակ, քան կարծում ես։ Դու դառնում ես մի փոքրիկ թռչուն, ով կարող է մի հսկա օվկիանոս կտրել ու անցնել։

Ու ոչ ոք այդպես էլ չասաց, որ վայրէջքն ավելի անհանգստացնող է, քան վերելքը։ Քանզի արդեն զգացել ես երկնքում ճախրելու, ամպերի հետ «խաղալու» ու բոլորին վերևից նայելու այդ քաղցր բերկրանքը։

janna sargsyan lori

«Ռեժիսորը մարդ է, ով քեզ պատմություն է պատմում»

Զրուցակիցս ռեժիսոր, «Վարպետի ծնունդը», «Հեյ, ո՞վ կա» ֆիլմերի հեղինակ Տարոն Հարությունյանն է: 

-Տարոն, մի քիչ պատմիր քո մասին: 

-Ես Տարոնն եմ, 28 տարեկան, Վանաձորից: 2006-ին ընդունվել եմ թատերական, ավարտել եմ 2011-ին, մասնագիտությամբ ռեժիսոր եմ, սիրում եմ նկարել, բայց ազատ ժամանակ չունենալու պատճառով չեմ նկարում:

-Ինչո՞ւ և ե՞րբ ես որոշել դառնալ ռեժիսոր, արդյոք հե՞շտ էր քեզ համար կայացնել այդ որոշումը, և ինչպե՞ս դրան վերաբերվեց քո ընտանիքը

-Երբ որոշել եմ դառնալ ռեժիսոր, այնքան փոքր եմ եղել, որ հիմա չեմ հիշում: Փոքր տարիքում նկարում էի իմ սիրած մուլտերի կերպարներին թղթի վրա, հատուկ տետր ունեի, որը մինչև հիմա էլ պահվում է, կոմիքսներ էի նկարում, իրենց մասնակցությամբ ուրիշ սյուժեներ էի հորինում: Պլաստիլինից կերպարներ էի սարքում ու դրանցով ինչ-որ բաներ նկարում, բեմադրում, ստիպում էի քրոջս ու մյուս իմ հասակակից երեխաներին՝ նստեն նայեն, հավաքում էի բոլոր-բոլորին, դերաբաշխում էի անում, ու ըստ նախօրոք գրված սցենարի՝ ինչ- որ խաղեր էինք խաղում: Ամեն ինչ սկսվել է վաղուց, և ոչ մի հստակ պահ չի եղել, որ նստեմ և որոշեմ, նաև չի եղել մի պահ, որ կասկածեմ կամ ուրիշ բանի մասին մտածեմ՝ կապված մասնագիտություն ընտրելու հետ: Ընտանիքիս ընդունել-չընդունելու հետ կապված հարց էլ չի եղել, ես միշտ ազատ եմ եղել իմ ընտրության մեջ:

-Կարծիք կա, որ ֆիլմ նկարահանելով գումար աշխատել հնարավոր չէ: Ի՞նչ էիր այդ առիթով մտածում դու՝ մասնագիտությունդ ընտրելիս, և ի՞նչ ես մտածում հիմա, երբ արդեն աշխատում ես այդ ուղղությամբ, արդյոք կարծիքդ փոխվե՞լ է

-Սովորելուս տարիներին ավելի թեթև էի նայում ու ավելի հեշտ էի պատկերացնում այս աշխատանքը, հիմա ամեն ինչից ավելի ռեալ գաղափար ունեմ, բայց մեկ է՝ չի փոխվել: Ինչքան էլ Հայաստանում ամեն ինչ դժվար լինի, դու կարող ես անել քո ուզածը, եթե, իհարկե, հստակ գիտես՝ ինչ ես ուզում:

-Հեղինակային ի՞նչ ֆիլմեր ունես նկարահանած

-«Վարպետի ծնունդը»՝ Անդրե Մորուայի նովելի հիման վրա, սցենարի հեղինակն ու ռեժիսորը ես եմ, և «Հեյ, ո՞վ կա»՝ Վիլյամ Սարոյանի պիեսի հիման վրա, նույնպես սցենարի հեղինակն եմ ու ռեժիսորը:

-Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ այդ ֆիլմերը նկարահանելու գաղափարը, և ինչո՞ւ հենց այդ երկու ստեղծագործությունների հիման վրա

-«Վարպետի ծնունդը» դիպլոմային աշխատանքս է եղել: Ընտրել եմ լրիվ պատահական, ուղղակի կարդացել եմ նովելը, ինձ դուր է եկել, ու միանգամից պատկերացրել եմ, թե ոնց կարելի է նկարել: Հետո, երբ սցենար էի գրում, շատ բաներ փոխեցի, փոխել եմ կերպարներին, լրիվ փոխել եմ երկխոսությունները, թողել եմ միայն մի արտահայտություն, որի համար հենց ինձ դուր էր եկել այդ գործը: Կերպարներին հուզող խնդիրները դարձրել եմ ավելի ակտուալ, այսինքն՝ իրենց հուզող թեմաները այն թեմաներն էին, որոնք ինձ էին հուզում: Հետո նկարահանման ժամանակ փոխվեց նաև արդեն գրված սցենարը, որովհետև մի ամբողջական տեսարան, որտեղ նկարիչը նկարում է, սցենարում չկար, ու դա ստացվեց ուղղակի՝ առանց նախապես պլանավորելու: Իսկ «Հեյ, ո՞վ կա»-ն նկարել եմ կոնկրետ երկու պատճառով։ Առաջինը՝ գլխավոր դերակատարն էր, որին ամեն անգամ հանդիպելիս հիշում էի այդ գործը, ուզում էի տեսնել, թե ոնց կգոռա՝ հեյ, ո՞վ կա։ Երկրորդը, թե ինչպես էր ըստ իմ սցենարի վերջանում այդ պատմությունը: «Հեյ, ո՞վ կա»-ի շատ նկարահանված ու բեմադրված տարբերակներ եմ տեսել, բոլորի մեջ շեշտը դրված է անելանելի վիճակի ու տխուր վերջաբանի վրա, ինչպես պիեսում է: Ես ուզեցի մի տարբերակ լինի, որը ուրախ վերջաբան կունենա: Եթե համեմատենք այս երկու ֆիլմերը, առաջինի դեպքում ստացվեց ավելին, քան ուզում էի, երկրորդի դեպքում այդքան էլ չստացվեց:

-Իսկ այս ֆիլմերը նկարահանելու համար բավականաչափ բյուջե ունեցե՞լ ես, ովքե՞ր են քո հետ միասին ներգրավված եղել այդ աշխատանքում, և ինչքա՞ն ժամանակում են նկարահանվել ֆիլմերը

-«Վարպետի ծնունդը» նկարահանվել է երկու օրում և բացարձակապես առանց բյուջեի: Այսինքն՝ մոտավորապես էսպես. ես ընտրել եմ դերասաններին՝ ինձ հետ նույն համալսարանում սովորող ուսանողներից, գտել եմ համապատասխան արվեստանոց, որովհետև ֆիլմի գործողությունները արվեստանոցում են կատարվում, խնդրել եմ Վանաձորի պատկերասրահի տնօրենին թույլ տալ պատկերասրահում նկարահանումներ կատարել: Դիմել եմ Վանաձորի «թիվի»-ներից մեկին, մեզ անհրաժեշտ տեխնիկա են տրամադրել: Բայց եթե փորձեի ամեն ինչ անել որոշակի բյուջեով, իհարկե, ոչ մի բան չէր ստացվի, որովհետև համապատասխան գումար չէի կարողանա գտնել: Մյուս ֆիլմն էլ նկարահանվել է նորից նույն ձևով։ Ֆիլմերի սաունդթրեքները գրել է իմ ընկերներից մեկը, որը մասնագիտությամբ երաժիշտ է, ու դա արել է առանց ֆինանսական շահի: Իհարկե, հիմա շատ դժվար է Հայաստանում ֆիլմ նկարելու համար ֆինանսական միջոցներ գտնելը, բայց միջոցները չեն, որ պետք է ոգևորեն կամ դրդեն ֆիլմ նկարելու, ցանկություն է եղել և նկարելու ձևը գտել եմ՝ նույնիսկ առանց միջոցների: Հիմա էլ չկա, բայց էլի պատրաստվում եմ նկարել: Այսինքն՝ կարևորը ցանկությունն է, եթե իսկապես ուզում ես, անում ես։ Չանելու հազար ու մի պատճառ կարող ես գտնել:

-Ինչո՞վ ես հիմա զբաղվում։ Նշում ես, որ Հայաստանում ֆինանսավորում գտնելը դժվար է, և կինոարտադրությունն էլ զարգացած չէ, ինչո՞վ ես պատրաստվում զբաղվել. կգնա՞ս Հայաստանից, թե՞ այլ գործով կզբաղվես

-Հիմա զբաղվում եմ մոնտաժով, որովհետև միայն կինոյով զբաղվելու համար, եթե նույնիսկ սկզբնական բյուջե չունես, պետք է գոնե ֆինանսական խնդիրներ չունենաս, որ կարողանաս ժամանակդ լրիվ տրամադրել գործին: Իսկ Հայաստանում կմնամ, թե կգնամ, դժվարանում եմ պատասխանել։ Երևի ապագան ցույց կտա:

-Կարո՞ղ ես նշել, թե ինչ հատկանիշներ են անհրաժեշտ, բացի կրթությունից, ռեժիսոր լինելու համար, և քո հմտություններից ու տաղանդներից որո՞նք են քեզ շատ օգնել մասնագիտությանդ մեջ

-Ռեժիսորը պետք է լինի բազմակողմանի զարգացած մարդ, ով գաղափար ունի ամեն ինչից: Շատ կարևոր է կրթությունը, որովհետև կինոն երեկ չի ստեղծվել, շատ գրված ու չգրված օրենքներ ունի, որոնք ռեժիսորը պետք է իմանա, եթե նույնիսկ ինքը չի շարժվում այդ օրենքներով, պետք է իմանա՝ շեղվելիս ֆիլմի որ օրենքն է խախտվում: Պետք է լինի գրագետ և՛ որպես մարդ, և՛ որպես ռեժիսոր: Ես սիրում եմ ռեժիսորների, ովքեր ունեն տարբերվող ոճ, ռեժիսորական ձեռագիր, ու կարող ես ֆիլմից ընդամենը մի րոպե նայելով հասկանալ, թե դա ում ֆիլմն է։

Ցավոք, Հայաստանում, ըստ իս, այսօր չկա էդպիսի ռեժիսոր, կամ եթե կա, չի ստեղծագործում, նստած է տանը: Դրա համար էլ հայկական նոր կինոն բացարձակ անհետաքրքիր է ինձ համար, ու դրան գումարած՝ Հայաստանում չկա նաև նորմալ կրթություն տվող կինոինստիտուտ, ու մարդը կարող է 4 տարի սովորել համալսարանում, դիպլոմ ստանալ՝ առանց տարրական գիտելիքներ ունենալու։ Ու էդպես գնա զբաղվի կինոյով, կամ լավագույն դեպքում, մի օր հասկանա, թե ինչքան բան չգիտի, ու սկսի ինքնակրթությամբ զբաղվել։

Ռեժիսորը մարդ է, ով քեզ պատմություն է պատմում, ինքը պետք է հստակ վերաբերմունք ունենա այդ պատմության նկատմամբ, յուրահատուկ պատմելու ձև ունենա, ու ստիպի քեզ՝ որպես լսող, զգալ նույն բանը, ինչ ինքն է զգում պատմելիս։ Կամ նույնիսկ զգալ ավելին, քան ինքը։ Իսկ իմ հմտություններից, չգիտեմ՝ ինչն է օգնել կամ խանգարել, որովհետև ես դեռ շատ քիչ եմ զբաղվել ու դեռ շատ ինքնաբացահայտվելու տեղ ունեմ։ Կինո նկարելու պրոցեսի մեջ ինձ դուր է գալիս ամեն ինչ՝ սցենար գրելու պրոցեսը, դերասանի հետ աշխատելու պրոցեսը, որովհետև այդ պահին դուք երկուսով հայտնվում եք մի վիճակի մեջ, որը իրական կյանքում երբեք չի լինում։ Դա նկարահանման պրոցեսն է ու հատկապես՝ մոնտաժը, որն ըստ իս՝ ամենակարևոր փուլերից մեկն է։ Ես երբեք իմ ֆիլմի մոնտաժը ուրիշին չեմ վստահի։ Եթե դա ընդունենք որպես հմտություն, ուրեմն ինձ օգնել է այն փաստը, որ ես մոնտաժ անել գիտեմ:

mariam barseghyan1

Ոչ քաղաքագետի հայացք

Զրույց հորս՝ Աշոտ Բարսեղյանի հետ:

-Վստահ եմ, որ գոնե մեկ անգամ համեմատություն արել եք Սովետական Հայաստանի և մեր ներկայիս պետության միջև: Բայց այդ տարբերությունը դուք՝ ավագ սերնդի ներկայացուցիչներդ, ավելի լավ եք նկատում, քան մենք, որովհետև դուք այս երկու ժամանակների ներկայացուցիչներն եք: Շատերը Սովետական Միության կարգերի մեջ տեսնում են միայն վատը՝ բացատրելով, որ այդ ժամանակաշրջանում Հայաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղը, որ լենինյան և ստալինյան ժամանակաշրջաններում ռեպրեսիաներ շատ են իրականացվել: Ի՞նչ եք կարծում՝ արդարացվա՞ծ էին արդյոք Սովետական կառավարության այդ գործողությունները:

-Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելու որոշումը իր բացասական պտուղները տվեց այժմ, այն է՝ Հայաստանում պատերազմական դրությունը: Բայց, ըստ իս, դա Հայաստանի սխալ դիվանագիտության արդյունքն էլ էր: Իսկ ինչ վերաբերվում է ռեպրեսիաներին, պետք է ասեմ, որ ռեպրեսիաներ անց են կացվել ամենուրեք, և ոչ միայն Հայաստանում: Պատերազմ էր սպասվում, և ո՛չ ժամանակ, ո՛չ էլ բավական քանակի քննչական խմբեր կային: Բնական է, որ շատ անմեղ մարդիկ են այդ ժամանակ աքսորվել կամ բանտարկվել:

-Ըստ ձեզ՝ ի՞նչ դրական կողմեր կան Սովետական կարգերի մեջ, և ի՞նչն է, որ դեռ գործում է Հայաստանում:

-Սովետական կարգերի մեջ շատ դրական կողմեր կային տնտեսության, կրթության, բժշկության ոլորտներում: Եվ հենց այդ կարգերի շնորհիվ էր, որ միությունը հզորանում և բարգավաճում էր: Այսօր Հայաստանում գործող օրենքները շատ չեն տարբերվում սովետական օրենքներից: Բայց, ցավոք, ոչ ոք չի հետևում այդ օրենքներից որոշների իրագործմանը: Օրինակ՝ գործատուն Հայաստանում իրավունք չունի առանց օրինական գրանցման աշխատողներ ունենալու: Տատիկդ տարիներ շարունակ աշխատել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում, բայց նրա աշխատանքային գրքույկում այդ տարիները որպես աշխատանքային ստաժ չեն գրանցվել: Արդյոք այդ փաստը չի՞ նշանակում, որ օրինական չգրանցվելու պատճառով այժմ նա թոշակ ավելի քիչ է ստանում, իսկ գործատուն այդ տարիների ընթացքում հարկ ավելի քիչ է մուծել, քան պետք է մուծեր: Գործատուները օգտվում են աշխատատեղերի քչությունից, հսկողության բացակայությունից և այդպես գումար են յուրացնում: Սովետական Միության վերջին տարիներին էլ այդ հսկողությունը չկար, հակառակ դեպքում պետությունը չէր փլուզվի:

-Ի՞նչ եք կարծում, եթե մի օր Հայաստանը որոշի նորից սոցիալիզմի ուղին բռնել, մի՞թե դա ճիշտ որոշում կլինի:

-Իհարկե, ճիշտ չի լինի: Հայաստանը շրջափակման մեջ գտնվող երկիր է, և սոցիալիզմի ուղին բռնելու դեպքում Հայաստանը կխզի իր բոլոր կապերը Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ: Ժողովրդավարությո՛ւն, սա միակ խելամիտ ուղղությունն է Հայաստանի համար: Ըստ իս՝ Հայաստանը պետք է բաց լինի բոլոր քաղաքական կապերի առջև, փորձի ստեղծել հզոր տնտեսություն, այլ ոչ թե սոցիալիզմի ուղին բռնելով՝ մեկուսանա ամբողջ աշխարհից:

-ԽՍՀՄ-ի գաղափարախոսության հիմքերից մեկը անհավատությունն էր, ի՞նչ բացասական ազդեցություն այն կարող էր ունենալ Հայաստանի համար:

-Հայերը դարեր շարունակ պահպանել են իրենց կրոնը, և հենց դրա շնորհիվ է, որ մենք չենք ձուլվել պարսիկների, հույների հետ: Այդ վտանգը կարող էր լինել նաև այդ ժամանակաշրջանում: Մեր հարևան ադրբեջանցիները, վրացիները անհավատ էին, մենք անհավատ էինք, բոլորն էին անհավատ, և այլ ազգի ներկայացուցչի հետ ամուսնանալը սովորական էր: Բայց այդ վտանգը այդքան մեծ տոկոսայնություն չէր կազմում, որովհետև մենք սովորում էինք հայկական դպրոցում և դաստիարակվում էինք որպես հայ: Լեզուն, ազգային մշակույթը հայկական ինքնությունը պահպանելու համար բավական են: Հայ լինելու համար հավատացյալ լինելը պարտադիր չէ:

-Արդյո՞ք Սովետական գաղափարախոսությունը շարունակում է ժողովրդի մտածելակերպում մնալ:

-Իհարկե մնում է, որովհետև ես և իմ հասակակիցները Սովետական Հայաստանում ենք մեծացել, և մեր որոշ գաղափարներ փոխանցում ենք երիտասարդներին: Բայց սերնդափոխության հետ մեկտեղ առաջ են գալիս նոր մտքեր, հայացքներ: Եվ այդ մտքերը ավելի կատարյալ են և ժամանակի հետ ավելի համահունչ: Հին կարգերի առաջ գալու դեպքում էլ դրանք այլևս երբեք նույնը չեն լինի:

Յուրաքանչյուր իշխանություն ունի իր հիմքում դրված գաղափարախոսություն, և իշխանության գալուց հետո այդ մտքերը տարածվում են ամբողջ երկրում: Եվ դրանք միշտ էլ իրենց ազդեցությունն են ունենում մարդկանց մտածելակերպի վրա՝ իրենց հետքը թողնելով երկրի հետագա կյանքում: Հայաստանի պատմական որոշ իրավիճակները իրատեսաբար գնահատելու դեպքում կարելի է հանգել այն եզրակացությանը, որ թե՛ ԽՍՀՄ-ի կազմին միանալը, թե՛ 70 տարի անց այդ կազմից դուրս գալու որոշումները ճիշտ էին:

seda mkhitaryan

Տաքուկ ֆիլմեր

Տեղավորվեցի տաքուկ բազկաթոռի մեջ։ Փայտերը ճարճատյունով վառվում են վառարանում։ Կողքի սենյակում հեռուստացույցով իմ ամենասիրելի ֆիլմն է` «Մենք ենք, մեր սարերը»։ Անգիր գիտեմ ֆիլմի ամեն կադր ու ձայն։ Հարյուր  անգամ նայել  եմ։ Կան ֆիլմեր, որոնք չեն հնանում։ «Դե, տղերքը սոված էին, երկու ոչխար ենք մորթել…» լսվում է Իշխանի ձայնը…

Հայկական այս հին ֆիլմերի ձայների տակ է անցել իմ մանկությունը։ Դրանք նայելով եմ ես սկսել հասկանալ, թե ինչ է կինոն։ Հասկանալ ու սիրել։ Բնական են այդ ֆիլմերը։ Նայելիս տեղափոխվում ես իրենց աշխարհ. Իշխանի հետ ոչխար ես մորթում, Ավագի քնկոտությունը ստիպում է հորանջել, Պավլեի հետ միասին կռիվ ես տալիս անարդարության դեմ, Զավենի հետ ընդունվում ես համալսարան։

Հիմա այդպիսի ֆիլմեր չեն նկարահանվում (դե, հայկական, իհարկե)։

Հայերը ճաշակով են եղել։ Ի՞նչն է պակասել տեսնես։ Այս ֆիլմերը հիմնականում  նկարվել են սովետական շրջանում ու այդ տարիների կյանքի մասին են։ Գուցե Հրանտ Մաթևոսյա՞ն այլևս չունենք, որ նրա գրածների հիման վրա ֆիլմ նկարենք։ Չգիտեմ։ Բայց բոլոր ֆիլմերի հիմքում հո նրա գրածները չե՞ն։

Հիմա մեր ֆիլմերը հիմնականում կատակերգական ժանրի են ու բոլորում գրեթե նույն սյուժեն է։

Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը կամ Ազատ Շերենցը այլևս չկան, բայց մի՞թե հիմա լավ դերասաններ չունենք։ Հաստատ կունենանք։ Խնդիրը սրանում էլ չէ։

Միգուցե հարցը ֆինանսավորո՞ւմն է, պակաս հնարավորությունները։ Բայց այս դեպքում էլ առհասարակ ֆիլմեր չէին նկարվի։

Բայց մի ֆիլմ կա, որը կարելի է բացառություն համարել`«Կյանք ու կռիվ»-ը։

Մտածում եմ, իսկ Իշխանը հարևան սենյակում լողացնում է Ավագին ու համոզում ամուսնանալ։

marat sirunyan

Մեր գյուղի բառն ու բանը

Տարիներ առաջ, խոտհունձի ժամանակ, երկու երիտասարդ Լեռնավանի սարերում հանդիպում են համագյուղացի մի տարեց մարդու։ Հնձվոր ծերունին գլուխը դրած մի քարի քնով էր ընկած․
-Այ քեռի, էդ ընչի՞ ես էդ չոր քարին գլուխդ դրել, գոնե պենջագդ ծալե, դիր գլխուդ տագ։
- Է՜հ, տղե՜ք ջան,- տեղում թեքվելով պատասխանում է ծերունին,- էս գլխուն էս էլ է շադ ․․․

Հենց այսպես են ծնվել ժողովրդական իմաստաբանության անգին գոհարները։ Ոտքի վրա, աշխատանքի ու հանգստի ընթացքում, միանգամից։ Այդ մտքերն արտահայտողները շատ հաճախ հասարակ ռամիկ մարդիկ են, բայց չէ՞ որ հենց այդ ժողովրդից իմաստուն, ոչ ոք ու ոչինչ երբեք չի եղել ու չի լինի․․․
Ձեզ եմ ներկայացնում ժողովրդական բանահյուսության գոհարներ Լոռու մարզի Լեռնավան գյուղից:

1. Համեն ղուշ իրա երամի հեդ դի քելե:
2. Ամանն ինչքան խուփ մնա, էնկան միջինը համով գմնա:
3. Մերը «մե՜ր, ե՛կ»-ն է մաշե:
4. Որ տան կատուն նիհար, շունը՝ գեր. էդ տան աղջիկն առ ու բեր:
5. Ոչ ոռ ունի, ոչ փաչա, շունը վրեն չի հաչա:
6. Անոտի մարդու հետ շունն էլ ճամպա չի էրտա:
7. Մարդ կա իրիցին գսիրե, մարդ կա՝ իրիցկնգան:
8. Գոջին կեղդ ուդելը մորեն գսորվի:
9. Շունն իրա կեղդն ուդելը չի թարգե:
10. Փապախդ ծեձե, ծեձե, դիր գլուխդ:
11. Կեսուր՝ կեսը սուր:
12. Արևը չարոխին զոռեց, չարոխն էլ՝ ոտքին:
13. Տա լակուն, որ տա ձակուն, որ տվեց ձակուն, էն չի տա լակուն:
14. Մահանա բալեն՝ կշտանա նանեն:
15. Շեմ շլորիկ, խուփ գլորիկ:
16. Նմանվան խնամվան:
17. Էշին նստելը մե այիբմ է, հնգնելն՝ երգու:
18. Ղալավն (աթարի կույտ) որ շադ ուռավ, բլի գը:
19. Էշը իշու քովը կաբես, յա առեն կառնի, յա փառեն (կամ լավը կսովորի, կամ՝ վատը)։
20. Հերսը հելնի կդրե գլուխ, հերսը հիճնի՝ չկա գլուխ:
21. Եզն, որ գնգնի, դանգվորը գշադնա:
22. Աձան հավը կչկչան կեղնի:
23. Լավ մարդու ձեռները կռճամանն է լվացած:
24. Սուդ հիվանդ էղե, վանկի հավերը կուդեն:
25. Հուրդեղ մալեզ, էնդեղ խլեզ (Որտեղ հաց՝ էնտեղ կաց):
26. Օրը՝ մալեզ, օրը՝ խլեզ (Այսօրվա օրով ապրող):
27. Պար ես մդէ, շորորաս դի:
28. Հարի պալդոնդ հակնիս, ավտոբուսն էլ կերտա:
29. Սեր էնողին սեյրան կթվա (Կողքից նայողին հեշտ կթվա):
30. Մե «չէ»-ն հազար չարե կազադե:

«Ավրորայի» արշալույսը

Զրույց երիտասարդ պարուսույց Ալվարդ Համբարձումյանի հետ:

-Ինչպե՞ս սկսեցիր պարով զբաղվել:

-Պարել փոքր տարիքից եմ սիրել, և տատիկս դա լավ գիտեր: Նա էլ ինձ պես պարել շատ է սիրել: Պարելով գյուղի փոքրիկ խմբում, ունեցել է իր առաջին բեմելը, իսկ հետո ավելի կատարելագործվելով հաջորդել է իր պարուսույցին: Եվ չնայած նրան, որ հայրս դեմ էր իմ պարի գնալուն, տատիկս իր նպատակին կարողացավ հասնել, ինչի արդյունքում ես սկսեցի հաճախել պարի դասերի:

-Որտեղի՞ց սկսեց քո պարային ուղին:

-Պարային ուղիս սկսեց Ռաֆիկ Համբարձումյանի խմբից: Իսկ հետո մոտ 5 տարի պարել եմ Ծովինար Դավթյանի խմբում: Այդ ընթացքում շատ ելույթներ եմ ունեցել և մի շարք համերգների մասնակցել: Այդ ամենը սիրողական բնույթ էր կրում: Բայց պարը արդեն հասցրել էր իմ անբաժանելի մասը դառնալ, դրա համար որոշեցի, որ պետք է պրոֆեսիոնալ պարարվեստում լինեմ: Եվ առաջին ու ամենակարևոր քայլը դա Վանաձորի «Հորովել» երգի- պարի անսամբլի դպրոց-ստուդիան ընդունվելն էր: Այստեղ 4 տարվա ուսումնառությանս ընթացքում ստացա բոլոր այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ էին: Այդ գիտելիքները կրկնապատկեցի և ավելի ամրապնդեցի արվեստի պետական ուսումնարանում: Հիմա ես պարարվեստի ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանող եմ:

-Հիմա դու ինքդ ես դասավանդում, այդպես չէ՞:

-Այո, այս տարի ես իմ խումբը բացեցի: Եվ 14 փոքրիկներ 2 ամիս է, ինչ որպես պարողներ իրենց առաջին քայլերն են անում:

-Հե՞շտ էր խումբ հավաքելը, տարածք գտնելը:

-Չեմ կարող ասել, որ դժվար է եղել, որովհետև ինձ աջակցել են իմ բոլոր ընկերները, ծանոթները, իմ դպրոցի ուսուցիչները: Անշուշտ դժվարություններ էլ են եղել, բայց դրանք հաղթահարվել են:

-Իսկ դժվար չէ՞ այսքան վաղ տարիքից աշխատելը:

-Շատ տղաներ 14, 15 տարեկանից աշխատում են: Ի՞նչն է խանգարում ինձ աշխատել 17 տարեկանում: Միակ դժվարությունը այն է, որ շատերը լուրջ չեն ընդունում: Շատ ծնողներ կարծում են, որ այս տարիքում իմ գիտելիքները բավական չեն լինի երեխաների հետ աշխատելու համար: Բայց պետք է խոստովանեմ, որ այս երկու ամիսների ընթացքում մեծ աշխատանք եմ արել: Եվ կարծում եմ, որ այդ աշխատանքի պտուղները նոր տարում ակնհայտ կլինեն: -Ասում են միայն սկսելն է դժվար, չէի՞ր վախենում, որ կարող է չհաջողվեր:

-Ես մինչև հիմա էլ վախենում եմ, բայց ռիսկի գնալ պետք էր: Ես վախենում էի, որ այսքան շատ պարուսույցներ ունեցող քաղաքում չէի կարողանա խումբ հավաքել: Սկզբում սկսել եմ աշխատել երկու-երեք երեխայի հետ, հիմա նրանք տասնչորսն են: Միգուցե վաղը նրանք ավելի շատ կլինեն: Բայց առաջնայինը դա նրանց կատարողական որակն է, ոչ թե քանակը: Ես ուզում եմ, որ իմ խմբում պարող յուրաքանչյուր երեխայի կարողանամ փոխանցել այն ամենը, ինչ գիտեմ, և ամենը, ինչ դեռ սովորելու եմ:

-Թող աշխատանքդ իր սպասված արդյունքը ունենա: Մոռացա հարցնել` խումբդ ինչպե՞ս ես կոչել:

-Ավրորա…

Ani Ghulinyan

Ամենասովորականի մասին

Տոները շատ արագ եկան ու անցան: Անցան սովորական  ու բոլոր մարդկանց համար առանձնահատուկ ձևով: Մեկի համար 2017-ը ևս մի տարի էր, որ իրեն հեռացնում է կյանքից, մյուսի համար՝  նպատակին հասնելու հերթական միջոց: Բայց բոլոր դեպքերում այն արդեն պատմություն է, անքննելի ու անփոփոխ, իր թերություններով ու առավելություններով:
Եթե գլոբալ ենք նայում երկրին, աշխարհին, մարդկանց խմբերին, համարյա ոչինչ չի փոխվում, ու ինչպես չենք կարող զգալ, թե ինչպես է պտտվում մոլորակը, այնպես էլ բոլոր փոփոխությունների մասին մենք իմանում ենք  վերջում, ու աստիճանաբար, դրա համար էլ փոփոխությունն արդեն ոչ թե փոփոխություն է, այլ  սովորական առօրյայի մաս:
Այս տարի էլ, ինչպես մինչև այս եղած բոլոր տարիներին, մարտի 8-ին շատ արագ կսպառվեն ծաղիկները, Զատիկին` կանաչին, Վարդավառին` ջուրը: Ինչ-որ ապրանք կսկսի թանկանալ, բայց միանգամից չէ` աստիճանաբար, որ ոչ ոք չնկատի, նկատողն էլ անընդհատ հարմարվի: Այս տարի էլ շրջանավարտներ ու առաջին կուրսեցիներ կլինեն, արագընթաց ամառային արձակուրդներ ու փուչկիներով սեպտեմբեր: Անվերջ իրադարձությունների այս շարքը նման է անդադար պտտվող անիվի, որը ոչ մի դեպքում և ոչ ոքի համար կանգ չի առնում, իսկ անիվի մեջ գտնվողներին մնում է միայն իրենց ուզած ձևով պտտվել:

argam movsisyan

Ժամանակ երբեք էլ չկա

Ամանորյա «կերած-խմած» երկու շաբաթներից հետո կրկին վերսկսվեց ամենօրյա ու միապաղաղ «տուն-դպրոց-տուն» կոմբինացիայի երկրորդ կիսամյակը: Իրականում շատ արագ անցան ուսումնական տարվա առաջին 4 ամիսները: Դեռ սեպտեմբերին նոր-նոր ընդունվեցի  ավագ դպրոցի տասներորդ դասարան. նույնիսկ նոր դասընկերներիս անունները կարգին չէի հիշում, բայց հիմա արդեն տպավորությունն այնպիսին է, թե ինը տարի միասին ենք սովորել:

Անկախ այդ զգացողություններից, եթե չլինեին  դպրոցից դուրս  կամավորական աշխատանքները, հասարակական գործունեության մեջ ներգրավվածությունը, դպրոցական կյանքն անհետաքրքիր կլիներ: Հատկապես մեր քաղաքի՝ Վանաձորի համար: Միշտ էլ փորձում եմ նոր բան անելու, զարգանալու ու նոր բան սովորելու ոչ մի առիթ բաց չթողնել: Բայց արի ու տես, որ ամեն ինչով հանդերձ, ժամանակը զարմանալիորեն երբեք չի բավականացնում ամեն բան հասցնելու համար: Այսպես մենք միշտ շտապում ենք, ու այդ պատճառով էլ չենք նկատում, որ ներկայից այլևս բան չմնաց:

…Առաջին ու վերջին անգամ նրան ուղիղ մեկ տարի առաջ էի հադիպել: Եվ այս անգամվա մեր հանդիպումը երկրորդն էր: Նա նստած էր նստարանին: Ինչ-որ մեկին էր սպասում, իսկ ես շտապում էի: Ժամացույցիս նայեցի. 17:52 էր, իսկ ես ուղիղ 6-ին պիտի Արցախ պուրակում լինեի: Պետք էր քայլերս արագացնել, բայց մի պահ կանգ առա, որ խոսեմ նրա հետ: Ինձ հիշեց, բայց Արգիշտի անունով դիմեց: Մի պահ շփոթվեցի, բայց հետո հպարտություն զգացի, որ ինձ Հայոց մեծ թագավորի անունով կոչեց: Չուղղեցի: Ասացի, որ շտապում եմ ու պետք է գնամ: Մեծ ցանկություն կար իր պես խելացի ու զարգացած մարդու հետ զրուցելու, ում հետ դեռ մեկ տարի առաջ ճամբարում էի ծանոթացել,  բայց ափսոս, որ ժամանակ չկար…

…Երկար դասամիջոց էր: Մի քանի բան կար, որ պիտի հասցնեի այդ 10 րոպեների ընթացքում անել: «Բարին արա»-ի էինք պատրաստվում: Այդ լուրը պիտի տարածեինք դպրոցով մեկ: Թղթեր կային, որ պիտի  պատճենահանվեին, և հետո՝ հանձնվեին փոխտնօրենին: Միջանցքում ուսուցչուհիս էր կանգնած: Շտապում էի կրկին ու չնկատեցի նրան: Պատահաբար հարվածեցի՝ ձեռքի գիքը գցելով: Այնքան արագ եղավ ամեն բան, որ նույնիսկ չվերցրեցի գիրքը:  Զղջացի այդ քայլիս համար: Հետ նայեցի ու աշակերտների ամբոխի մեջ նրան կորցրի: Ներողություն էլ չխնդրեցի. շտապում էի, չէ՞:

Պիջակս վերցնում ու դուրս եմ գալիս տնից՝ գրեթե թռչելով երկրորդ հարկի աստիճաններից: Վազելով անցնում փողոցը՝ առանց աջ ու ձախ նայելու: Բացում դասարանի դուռն ու մտնում ներս: Զանգը հնչեց: Դասը սկսվեց: Ուսուցիչը մտավ դասարան: Ժամանակ չկա…

Հետո կգրեմ:

Ani Ghulinyan

Շնորհակալության օրը

Մեր կողքին գտնվող մարդկանց մեծամասնությունը ամեն օր էլ արժանի է շնորհակալության, բայց միշտ չէ որ նրանք գիտեն այդ մասին: Առօրյայում, որքան այս բառի գործածությունը շատանում է, այնքան շփումն ու մթնոլորտը դառնում է դրական: Բոլոր մարդիկ ունեն դրա կարիքը: Եվ կարելի է շնորհակալություն հայտնել ամենափոքր բաների համար անգամ: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այս բառի անկեղծ օգտագործումը թե օգտագործողի, և թե հասցեատիրոջ մոտ արտադրում է հորմոններ, որոնք բարձրացնում են տրամադրությունը և ինքնազգացողությունը:
Ավելի հաճախ մենք մոռանում ենք մեզ ամենամոտ գտնվող մարդկանց շնորհակալություն հայտնել այս կամ այն արարքի համար, որովհետև անընդհատ սովոր լինելով, դրանք համարում ենք նրանց պարտականությունը: Մինչդեռ կարելի է շնորհակալ լինել, որ աշխարհից կտրված մի վայրում չես ապրում, որ ունես ինքնակրթվելու և զարգանալու հնարավորություն, մտքի և կամքի որոշակի ազատություն, քեզ սիրող ու անգամ չսիրող մարդիկ:
Եթե ավելի հաճախ օգտագործեինք «խնդրում եմ», «ներողություն», «շնորհակալություն» բառերը, կյանքը ավելի հեշտ կլիներ ու ավելի պարզ: Գրում եմ, դե գրելը հեշտ է, բայց ինքս էլ դժվարանում եմ ավելի հաճախ օգտագործել ամենապետքական ու լավ բառերը: Բայց այսօրվանից երևի փոխվեմ:

Anush Jilavyan

Այն աշխարհը, որը կոչվում է մշակույթ

Ես երևի շատ քիչ մարդկանցից եմ, որ ինքս իմ ցանկությամբ եմ ընտրել մասնագիտությունս: Անկեղծ ասած, դա չէր հեշտացնում ընտրելու բարդությունը, ու մինչև վերջին պահը կասկածները տանջում էին ինձ:

Բայց ինձ «ճակատագրական» թվացող պահը անցավ, ու ստացվեց, որ ես դարձա պատմության ֆակուլտետի մշակութաբանություն բաժնի ուսանող: Ինձ սկզբում թվում էր, թե մասնագիտության ընտրությունը ամենակարևոր որոշումներից է մարդու կյանքում, բայց հիմա արդեն պարզ է, որ ընտրությամբ ոչինչ չի ավարտվում, այլ միայն սկսվում է:
Մասնագիտությունս երևի ընտրել եմ շատ ավելի շուտ, քան կհասկանայի «մասնագիտություն» բառի իմաստը: Երբ փոքր էի, տանը «պեղումներ» էի կատարում ու շատ «պատահաբար» հայտանբերում իմ թաքցրած իրերը, որոնք սովորաբար ինչ-որ փարավոնի կամ կայսրի են պատկանել: Սիրում էի հունական դիցաբանություն կարդալ, ու խաղերիս հերոսները սովորաբար Օլիմպոսի բարձունքի բնակիչներն էին: Մի խոսքով, ես իմ ժամանակում չէի ապրում:
Դպրոցում պատմություն առարկան երբեք առանձնահատուկ շատ չեմ սիրել: Պատմությունը դասագրքերում տարեթվերի ու անունների կույտ էր, որոնց մեջ կորչում էին իրադարձությունները, դրանց պատճառները ու հետևանքները: Ու եթե մի օր հնարավորություն ունենամ պատմություն դասավանդելու, նախ կփորձեմ աշակերտների ուղեղը մաքրել կարծրատիպերից, որ պատմությունը ուղղակի դասեր են մի գրքի մեջ լցրած, ու հասկանալու ոչինչ չկա, ուղղակի պետք է մտապահել: Պատմությունը սկսեցի շատ սիրել, երբ արդեն պատրաստվում էի ընդունելության քննությանը: Քննություններին սթրեսային շրջանից սահուն կանցնեմ ուսանողական արկածներին:
Արդեն դասերի առաջին օրը պարզ էր, որ իմ պատկերացումները քիչ մասն էին այն ամենի, ինչ մարդիկ կոչում են մշակութաբանություն:
Պարզվում է, մշակույթը շատ ավելի լայն հասկացություն է. այն ամենն է, ինչ մարդը ստեղծում է, ինչը դուրս է բնությունից (եթե իհարկե, գոյություն ունի բնությունից դուրս ինչ-որ բան): Մշակույթի մեջ մտնում է թե բարձրարժեք նմուշները, թե ամենահասարակ մանրուքները, որոնք մեզ կարևոր չեն թվում, բայց իրականում ուսումնասիրության շատ հետաքրքիր թեմա են:

Մենք սկսեցինք իրարից շատ տարբեր երևույթներ ուսումնասիրել, ու դրանից ավելի բարդացավ հասկանալ՝ իրականում ինչ մասնագիտություն եմ սովորում: Ինչքան լայն է ընտրությունը, այնքան դժվար է այն կատարել, բայց նաև շատ հաճելի է ունենալ ազատություն՝ որոշելու, թե մշակույթի լայն ոլորտում, որ բնագավառն է քեզ հոգեհարազատ:
Ես կուզեի պատմել այն բոլոր հետաքրքիր երևույթների ու մտքերի, մարդկանց մասին, ովքեր կապ ունեն մշակույթի հետ, բայց մի քանի նախադասությունը չի բավարարի: Հուսով եմ, առաջիկայում դրանց մասին առանձին հոդվածներ գրել ու ձեզ համար բացահայտել այն աշխարհը, որը կոչվում է մշակույթ: