Ես սովորում եմ ֆրանսիական համալսարանում

Բոլորը կիսվում են իրենց տպավորություներով և կարծիքներով, թե ինչ է իրենց համար ուսանողական կյանքը, ինչ թերություններ և առավելություններ ունի:
Ես նույնպես ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ տպավորություններով: Արդեն 2 ամիս է, ինչ սովորում եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և այն հարցին, թե ինչ է ինձ համար ուսանողական կյանքը, մտքիս միանգամից ժողովրդավարություն, արդարադատություն, պետություն, իրավունք և այլ նմանատիպ իրավաբանական բառերի կույտ է գալիս: Հետո, երբ մի քիչ էլ եմ մտածում, արդեն մտքիս մի շարք հարցեր են գալիս: Օրինակ` ո՞ր լսարանում ենք հիմա, ինչպե՞ս թե մի դասաժամը 80 րոպե, իսկ քննությանը ի՞նչ ենք անելու: Բայց ամենահուզիչ հարցը այն է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում սեմինարը: Հարցից անմիջապես հետո կայացվում է որոշում միասին պատրաստվել սեմինարին: Ամբողջ կիրակին անցնում է դաս անելով, և ահա գալիս է սպասված օրը: Բոլորս կապտած, շնչներս պահած սպասում ենք սեմինարավարին, մեկ էլ հանկարծ ներս է գալիս Ղուկաս ձյաձյան (մեր հսկիչներից մեկը) և ասում.
-Երեխանե՛ր, դասախոսի հետ դեպք է պատահել, այսօր սեմինար չի լինելու:
-Ինչպե՞ս թե` չի լինելու,- հարցնում ենք մենք, և այլևս չլսելով պատասխանը` գոռում-գոչյուններով արագ լսարանից դուրս ենք վազում ու, իհարկե, արդյունքում բախվում ենք ջղայնացած Ղուկաս ձյաձյային:
Հա՛, մոռացա ֆրանսերենի մասին: Ֆրանսերենը առանձին պատմություն է, որովհետև եթե սեպտեմբերի սկիզբին դու ֆրանսերենից գիտեիր միայն “bonjour”, ապա հոկտեմբերին արդեն շարադրություն ես գրում քո երազանքների տան մասին: Ու սովորելով «ֆրանսիականում» դու իսկապես չես հասկանում լեզվաբանակա՞ն ես ընդունվել, թե՞ իրավաբանական:
Հիմա մի դեպք պատմեմ մեր ռեկտորի մասին, ով ֆրանսիացի է (թե ի՞նչ կապ ունեն ռեկտորը և ֆրանսերենը, հիմա կհասկանաք): Մի օր, երբ ընկերուհիներով իջնում էինք երկրորդ հարկից, հանկարծ այդ փոքրամարմին մարդը անցավ մեր դիմացով և ասաց.
-“Bonjour”…
Մենք՝ երեքս, հիացած դեմքերով, փայլուն աչքերով ու հիմար ժպիտներով, պատասխանեցինք:
- “Bonjour” ,“bonjour”…
Դա մեզ համար լուրջ իրադարձություն էր: Մենք մեր ռեկտորին բարևեցինք, այն էլ ֆրանսերեն: Եվ այդ պահին ամենեւին էլ կարևոր չէր, որ դա ընդամենը “bonjour”-ն էր, որը բոլորը գիտեն:

Մանկությունը մի թռչուն է…

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի

Պարապմունքից էինք գալիս, անցնաք այգու մոտով, հայացքս պտտվեց ու կանգ առավ այգու վրա՝ տերևների հեղեղ էր: Անցանք պարսպի վրայից ու նստեցինք մոտակա նստարանին: Ու քար լռության մեջ նայում էինք շուրջներս: Մեկ էլ Արտաշն ու Հայկը եկան հեռվից խաղալով ու իրար վրա տերևներ շաղ տալով: Բարևեցին, ու շարունակեցին, տերևներից բլուրներ էին սաքում, իրար վրա տերևներ էին սփռում ու՛, ու էլի, զվարճանում էին: Հետո միացան մեզ էլի երեխեք, ու բոլորով նայում էինք այդ երկուսին, որ ամբողջ այգին գլուխներն էին վերցրել: Նրանց խաղը վարակիչ եղավ նաև մեր հետի փոքրերի համար, բայց ոչ մեր: Երբ նկատեցինք, որ արդեն մենակ ենք մնացել նստարանին, ու մի քանի երեխաներ ամբողջ այգով իրենց ձայնն են գցել, ու մենք էլ մի քիչ մրսում ենք, բարձրացանք ու գնացինք դեպի այգու մուտքը: Մի պահ ես կանգ առա, ներսիս պստիկ Մարիամիկը ասում էր` խաղա, դու էլ գնա, ու նայում էի ներքև, որ տերևների մի փունջ վերցնեմ: Մեկ էլ մեծ Մարիամը սկսեց՝ թաց է, կեղտոտ է, դու էլ մրսում ես, ու… Ու չվերցրի:
Ես գալիս էի պարապմունքից ու արդեն  այնքան հոգնած էի, որ չէի կարողանում կռանալ ու տերևներ հավաքել: Իսկ Հասմիկը, որ ծիծաղելով շորի մեջ տերևներ էր փաթաթում, որ տաներ շաղ տար Անիի վրա, նույնիսկ չնկատեց, որ արդեն «ծեր 17-ամյա աղջիկը», արդեն հիացմունքով ու կարոտով է մտածում խաղի ու տերևների մասին: Ու այդ 17-ամյա աղջիկը հասկացավ, որ. 

«Մանկությունը մի թռչուն է, 

Թելով կապված մեր սրտերին, 

Թելը պոկվում ու նա թռչում է

Ու հեռանում է մեզանից…»
Ու մի բան էլ: Շատերին թվում է, թե իմ ծննդավայր Ամասիայում միայն լեռներ են, մարգագետիններ ու արոտավայրեր: Բայց Ամասիայում նաև այգի կա: Եթե չեք հավատում, նայեք լուսանկարը:

mariam ghukasyan

Մի մանկություն. հազար ու մի արկածներ…

Իմ մանկությունը լի է զավեշտալի ու զվարճալի դեպքերով, կամ ինչպես ես եմ սիրում ասել. «Վտանգավոր, բայց կարևոր» դեպքերով:
Ես կարծում եմ, որ ազատությունը և մանկությունը որոշակիորեն փոխկապակցված են իրար «էլեկտրական» ամուր շղթաներով, սակայն վերջում լարերը կտրվում են, և մնում են միայն դիէլեկտրիկ (անհոսանք) հուշերը:
Սկսեմ նրանից, որ ես մեր տան ամենափոքրն եմ, և այդ է պատճառը, որ թե՛ փոքր տարիքում, թե՛ հիմա ընտանիքիս ողջ ջերմությունն ու հոգատարությունը պտտվում է իմ շուրջը, ինչպես մոլորակները` Արեգակի: Լավ… Ֆիզիկայից անցում կատարեմ դեպի իմ պատմությունը:
Երբ մայրիկս աշխատում էր դպրոցում (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էր) իմ և միջնեկ քրոջս խնամքի ու դաստիարակության գործում, տատիկիցս ու պապիկիցս բացի, իր փոքրիկ, բայց կարևոր ներդրումն է ունեցել ավագ քույրս:
Իմ մանկության մեջ վառ է մնացել այն պատկերը, թե ինչպես տատիկս ու պապիկս իրենց սիրելի նստարանին նստած ուշադրությամբ հետևում էին ինձ ու քույրերիս, որպեսզի մենք խաղալիս տան բակից դուրս չգայինք, որովհետև մեր տունը գտնվում էր կենտրոնական փողոցի վրա (ներկայումս ևս):
Այժմ սկսեմ պատմել ինձ հետ պատահած մի դեպք, որը մինչ օրս հիշում եմ ծիծաղով և ուրախությամբ: Հինգ, թե վեց տարեկան էի, երբ որոշեցի խախտել դաստիարակությանս «սահմանները»՝ փախչելով տանից` դառնալ ազատ և ինքնուրույն:
Աշուն էր: Եղանակը զով ու գեղեցիկ, արևը ջերմացնում էր երեկվանից էլ ավելի տաք, իսկ արևի փոքրիկ ճառագայթները բաց չէին թողնում սենյակս սողոսկելու և քունս խանգարելու հնարավորությունը: Արթնացա: Բացեցի աչքերս և սովորությանս համաձայն կանչեցի մայրիկիս.
-Մա՜մ, մա՜մ, ես զարթնել եմ:
Հագնվեցի, հետո լվացվեցի, նախաճաշեցի և ուրախ երգելով գնացի տիկնիկներս վերցնելու: Այդ օրը ես ստացա դրսում խաղալու հնարավորություն, իհարկե գտնվելով տատիկիս ու պապիկիս մշտական հսկողության տակ:
-Մամ, մամ, ինչքա՞ն կա դեռ մինչև քնելս,- հարցրի ես մանկական խանդավառված սրտով, սպասելով լավ պատասխանի:
-Դեռ երեք ժամ կա մինչ քնելդ, կարաս…
-Իսկ էտ շատ ա՞, այսինքն, լիքը-լիքը՞, մինչև վա՞ղը,- հարցրի ես, չթողնելով մայրս ավարտեր խոսքը:
-Հա, լիքը,- ասաց մայրս ժպտալով:
Իհարկե, ես չէի կարող հենց այդ րոպեին էլ դուրս գնալ խաղալու. իսկ ո՞վ էր իմ փոխարեն խանգարելու քույրերիս, ովքեր սովորում էին իրենց դասերը: Սակայն իմ կողմից վարած այս «քաղաքականությունը» ևս ուներ պատճառ՝ կանչելու քույրերիս, որպեսզի գային և խաղային ինձ հետ:
Հինգ վայրկյան, երկու րոպե, տասնհինգ վայրկայն, քսան րոպե, տասնութ վայրկյան, երեսուն րոպե, քսանհինգ վայրկյան, տաս րոպե… Ահա այսքան ժամանակ ես անիմաստ վազվզում էի տան մեջ, խանգարում՝ քույրերիս:
-Ու՜ֆ,- ասացի ես, խորը հիասթափություն ապրելով, որ ոչ մեկը ինձ հետ չի խաղում,- ես էլ կգնամ ու մենակ կխաղամ, բա~, երեխեք ջան,- ասացի ես ու դուռը փակեցի իմ հետևից: Դուրս եկա խաղալու: Տասը-տասնհինգ րոպե էր անցել, երբ բացվեց դուռը և լսվեց մայրիկիս քնքուշ ձայնը.
-Մարիամ ջան, հավաքի խաղալիքներդ, ներս արի, արդեն քնելուդ ժամն է:
Հիմա կզարմանաք, չէ՞, թե վեց տարեկանում ի՞նչ քնել, բայց այո՛, ես քնում էի մինչև դպրոց գնալս՝ յոթ տարեկանը, երևի սրանով էլ պայմանավորված է իմ չափից դուրս քնկոտությունը: Ինչևէ, այս լսելով դիմեցի կոկորդիս օգնությանը և բարձր բղավեցի՝ խախտելով տիրող լռությունը մեր բակում: Բոլորը թափվեցին դուրս, մտածելով, որ փորձանքի մեջ եմ ընկել, կամ ինչպես պապիկս էր ասում.
-Այ բալա, հոմ ԼՂՀ-ն չգրավեցին, որ էդպես ճչում ես,- և այս խոսքերը միշտ ավարտվում էին պապիկիս բարկությամբ:
Բայց չէ՛, ես ոչ փորձանքի մեջ էի ընկել, ո՛չ էլ փառք Աստծու, ԼՂՀ-ն էին գրավել, այլ ուղղակի զարմացել էի, չէ՞ որ լիքը ժամանակ ունեի, մի՞թե սպառվեց իմ ժամանակը:
Բայց ես չտխրեցի, մայրիկիս ասացի, որ խաղալիքներս հավաքեմ և կգամ, պապիկիս և տատիկիս ասացի, որ ներս գնան, թե չէ արևը կխփի գլխներին ու քթներից արյուն կգա (սեփական փորձովս): Համոզեցի բոլորին… Եվ ես առաջին անգամ փախա տանից, պարզապես արկածներ որոնելու համար: Բոլոր խաղալիքներս չէի կարող վերցնել. շատ-շատ էին, այդ պատճառով վերցրի իմ ամենասիրելի տիկնիկին՝ «Մեծ գլխանիին», քանի որ նրա գլուխը մարմնի համեմատ շատ մեծ էր, ես որոշեցի նրան այդպես կոչել: Վերցրի տիկնիկիս և փախա դեպի մեր հարևան Գառնիկ պապիկենց խոտի դեզի մոտ, որը շատ մեծ էր և տարօրինակ տեսք ուներ: Ահա և վերջ…
-Ես ազատ եմ, կարող եմ ամբողջ օրը խաղալ. էլ ոչ ոք չի ասի` արի քնելու, չարություն մի՛ արա, մի՛ խանգարի, խաղալիքներդ հավաքի, էս՛ արա, էն՛ արա,- մտածում էի ես:
Դուրս է գալիս մայրիկս տանից.
-Մարիամ, Մար… Ու՞ր ես:
Հաջորդեց պապիկս.
-Ու՞ր կորավ էս երեխեն, նոր ստեղ էր:
Իրարանցում, խառնաշփոթ, քաոս, դմփդմփոց էր տիրում մեր բակում: Հավաքվել էին մեր բոլոր բարեկամները, հարևանները, կարճ ասած, մեր բակում խորհրդի նիստ էր գումարվել. «Գտնե՛նք Մարիամին» խորագրով:
-Մարիամ ջան, դուրս արի, չես քնի,- լսվում էր մայրիկիս լացակումաց ձայնը:
-Հիմա, որ մութը ընկնի, էլ չենք կարա գտնենք,- ասում էր մեկը:
-Վա~խ, Աստված ջան, էս ինչ փորձանք էկավ մեր գլխին,- ենթադրում եմ, որ ասած կլինի պապիկս:
-Ի՞նչ ենք անելու,- ասում էր մեկ ուրիշը:
-Մա~ր, Մարիա~մ, արի դուրս, եկել ենք, որ խաղանք հետդ, համ էլ` Արսենն ու Ջուլիան (մորաքրոջս երեխաներն են) էլ են էստեղ: Բայց իզուր…
Ես խաղում էի «Մեծ գլխանիով», բայց սկսեցի հոգնել, որովհետև երկար ժամանակ է, ինչ նրանով էի խաղում և որոշեցի դուրս գալ և գնալ խաղալիքներիս հետևից: Տարօրինակ էր, բայց ինձ այդ ճանապարհը, որը 10-15 մ-ով էր հեռու ընկած մեր տանից, թվում էր աշխարհի ամենաերկար թունելը, որը չուներ ո՛չ սկիզբ, ո՛չ էլ վերջ: Ես մոլորվեցի…
Սկսեցի լաց լինել, բղավում էի՝ անվերջ գոռում.
-Մա՜մ, պա՜պ, ես ստեղ եմ, արեք` ինձ տարեք, վախենում եմ, մա՜մ, պա՜պ:
Արդեն մութն ընկնում էր, և ես վախենում էի և՛ մթությունից, և՛ այն մտքից, որ ինձ էլ չեն կարող գտնել, և ես կմնամ էդտեղ՝ սոված, ծարավ, առանց մամա-պապայի, տատիկ-պապիկի, քույրիկների: Սկսեցի խոսել, դիմելով ընտանիքիս անդամներին.
-Մա՜մ, բա ես մեղք չե՞մ, էստեղ էնքան մութ է, բա որ կորեմ, ինձ ուտեն, բա որ ես էլ ձեզ չտեսնեմ, բա որ… բա որ… Մերի, Արփինե, մամ, պապ, Ելեն մորքուր, Վրույր քեռի,- այսպես սկսեցի տալ մեր բոլոր բարեկամների անունները, նույնիսկ պապիկիս հայրիկի անունը, թե ինչո՞վ էր օգնելու այն ինձ, մինչև օրս չեմ կարողանում հասկանալ:
Կարծես մի վատ երազի մեջ լինեի, որը չէր ավարտվում: Այնքան էի լաց եղել, որ աչքերս իմ կամքիցս անկախ փակվում էին, և իմ կամքից անկախ էլ քնեցի:
Երբ արթնացա, արդեն տանն էի, չգիտե՛մ ինչպես: Միայն հիշում եմ թե ոնց էր ինձ մոտենում մայրիկս, բերելով՝ տաք թեյ և քաղցրավենիք (ի դեպ, ես քաղցրավենիք շատ-շատ եմ սիրում): Բան չէի կարողանում խոսել: Հավանաբար՝ շատ էի մրսել: Գրկում էի բոլորին, կարծես առաջին անգամ էի տեսնում նրանց: Ընտանիքիս անդամները նստել էին անկողնուս մոտ՝ փորձելով մխիթարել սարսափած սիրտս:
Մի քանի օր հետո իմացա, որ երբ լաց եմ եղել, հարևանիս աղջիկը լսել է ձայնս, բայց չի կարողացել հասկանալ. որտեղի՞ց է գալիս: Տեղեկացրել է ծնողներիս, ովքեր արդեն զանգահարում էին ոստիկանություն: Գալիս են ծնողներս, ինձ գտնում և տանում տուն:
Ահա իմ առաջին փորձը՝ ազատ և ինքնուրույն դառնալու համար կարող էր և այլ ավարտ ունենալ, օրինակ՝ որ ես հիմա տառապեի կլաուստրոֆոբիայով (վախ`փակ տարածությունից) կամ նիկտոֆոբիայով (վախ մթությունից): Սակայն հիմա չեմ տառապում այս հիվանդություններից և ո՛չ մեկով, այլ տառապում եմ ակրոֆոբիայով (վախ բարձրությունից) և արախնաֆոբիայով (վախ սարդերից): Ահա իմ մանկության ամենահիշարժան պատմություններից մեկը, որը իմ ողջ կյանքի ընթացքում չեմ մոռանա:

Նույնություն

Արդեն վերջացել են գեղեցիկ բանաստեղծական տողերը, կարուսելը պտտվում է նույն ուղղությամբ ու անհետաքրքիր նմանությամբ: Էլի նույն գնացքը շարժվեց, ու մեջը էլի նույն ուղևորները, որոնք անցնում են նույն ճանապարհը: Ճիշտ է, նստած են տարբեր տեղերում` մեկը` վերև, մեկը` ներքև, բայց էլի նույն տեղն են հասնելու ու իջնելու: Էլի վերադարձ, ու էլի մեկնում: Հավաքած շատ բացականեր, ու ներկա ես գտնվում այն պահին, երբ որ թվարկվում են բացականերդ: Էլի ափսոսանք եղած բացակաների կամ չեղած ներկաների համար: Երբեմն բացակայում ենք ուրախությունից` ուրախ լինելու համար: Նույն ամառը սովորական, բայց ձմռանը կարոտում եմ էլի այդ նույն ու սովորական ամառը: Ամեն ինչ ունի շարունակություն, բայց այդ շարունակությունը նույնն է. ծառի շարունակությունը ծառ է, մարդունը` մարդ: Նույնը, նույնը, նույնը… Տողերը նույնության մասին են, բայց արդյո՞ք այդ տողերը նույնը չեն:

Էս ամառ էլ ըսպես անցավ…

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի

Էնքան են էդ խեղճ կենդանիներին նեղացնում,որ իրենք էլ մեզ վախեցնում են: 
Ինչ որ է, ինչ էի ուզում ասել, հա, հիշեցի: 
Ամառային տաք օր էր, բայց ամպեր էին հավաքվել: Մտածում էինք անձրև կգա, բայց մեր բախտից էր` չեկավ:
Լավ, երկար-բարակ չասեմ, միանգամից անցնեմ պատմությանը: Ինձ համար տանը նստած Կ. Զարյանի «Նավը լեռան վրա» գիրքն էի կարդում ու հանկարծ բղավոցներ լսեցի: Զարմացած ասացի. «Յաաա, էս ի՞նչ էր» ու դուրս գնացի: Ձայները մեր հարևանի տան մոտից էին գալիս: Գնացի այնտեղ, տեսնեմ` ինչի են ձայները գցել գյուղով մեկ: Գնացի ու հարցրեցի, թե ինչ է եղել:

-Ի՞նչ բդի էղնի: Օձն եկել մտել է կուխնու քարի տակ ու դուրս չի գա,- հուզված ասաց հարևանուհիս:

Հարսն էլ պատմեց, որ քույրս աշխատանքի գնալիս է եղել, էդ օձին բարեբախտաբար չի տրորել (քույրս մեզ մի հատ չի էլ զանգել), բայց օձն էլ վախեցել, մտել է էդ քարի տակ: Եկան հարևաններով հավաքվեցին էտ խեղճ օձի գլխին: Ուզում են քարի տակից հանեն: Մայրս ու մեր հարևանի հարսը բահով քարը բարձրացրին: Օձը սկսեց սողալով դուրս գալ ու փորձեց փախչել: Ու հանկարծ, չգիտես ինչպես, ճանապարհը փոխեց ու սողալով մտավ մեր տուն: Դու մի ասա, մեր լոգարան տանող ջրի խողովակի մոտ փոքր անցք կա: Էս օձը անցքով մտավ մեր լոգարան: Բոլորս խառնվել էինք իրար: Մարդկանց մի մասը մնաց դուրսը (ես էլ իրենց հետ), որ հենց օձը դուրս գա, ասենք, մնացածն էլ մտան ներս: Էս իմաստուն կենդանին վախեցավ ու դուրս չի գալիս: Բոլորն ասում էին, որ ամեն ինչ լավ կլինի, ու գնում իրենց գործերով: Երեկոյան ստիպված մտանք ներս, ինչ լինում է` թող լինի:

Մեծերից ոմանք ասացին կաթ դնենք, եթե առավոտյան չեղավ կաթը, ուրեմն, տանն է, եթե եղավ, ուրեմն, օձը գնացել է: Անցավ մի քանի օր, օձից ոչ ձեն կար, ոչ էլ ծպտուն: Էդ իմաստուն կենդանին գտել էր հարմար պահ, տեսել էր, որ մարդ չկա, որտեղից մտել` այնտեղից էլ դուրս էր եկել:

Հիմա հարևաններով հիշում ու ծիծաղում ենք և ասում. «Էս ամառն էլ ըսպես անցավ մեր Բանդիվանում»:


Ինչպես ճիշտ ընտրել մասնագիտությունը

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի


Մայրիկս` Կարինե Չերնամորյանը, աշխատում է «Արդենիս» կաթի գործարանում: Նա 
սուլուգունի տեսակի պանրի վարպետ է:

-Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, սակայան հիմա աշխատում եմ պանրի գործարանում՝ որպես պանրի մասնագետ:

-Նախքան այդ աշխատանքը ուրիշ մասնագիտությամբ աշխատել ե՞ս:

-Այո, Ախուրյանի կարի գործարանում աշխատել եմ որպես հաշվապահ, սակայն աշխատատեղը փակվեց, և ես ստիպված այլ աշխատանք գտա:
-Հե՞շտ է արդյոք հասուն տարիքում մասնագիտություն փոխելը:

-Ոչ, հեշտ չէ: Դժվար է հասուն տարիքում մասնագիտություն փոխել, նորից սովորել ու կայանալ, երբ արդեն կայացած էիր:

-Իսկ ինչպե՞ս դարձար սուլուգունի տեսակի պանրի մասնագետ:

-Սկզբում աշխատանքի ընդունվեցի որպես պանիր փաթեթավորող, և աշխատանքը ինձ դուր եկավ: Չէի ուզում միայն փաթեթավորմամբ զբաղվել: Սկսեցի ուսումնասիրել պանրագործությունը, հմտություններն ու գաղտնիքները սովորել ու փաթեթավորողից դարձա պանրագործ-մասնագետ:

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի


-Իսկ պահանջվա՞ծ է ձեր արտադրած ապրանքը շուկայում:

-Այո, շատ պահանջված է: Մեր պանիրն անչափ համեղ է և պահանջված: Ես ինքս էլ աշխատանքի հրավերներ եմ ստանում արտերկրից և շատ ավելի մեծ աշխատավարձով, սակայն ես չեմ ցանականում լքել հայրենիքս:
-Ձեր պանիրները բացի Հայաստանից էլ որտե՞ղ են վաճառվում:

-Ռուսաստանում:

-Բացի սուլուգունիից, էլ ի՞նչ տեսակի պանիրներ եք արտադրում:
-«Չանախ», «Լոռի», «Հոլանդական», «Եղեգնաձոր», «Սուլուգունի» (տարբեր տեսակներ), ինչպես նաև մեր Շիրակում անչափ հայտնի «Չեչիլ»:

-Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ պանիրը հասունանա ու պատրաստ լինի:
-Տարբեր պանիրներ տարբեր ժամանակում: Օրինակ՝ «Չանախը» 1 ամիս էլ մնա, դեռ հասունանալու տեղ ունի, իսկ «Լոռին»՝ 7 օր:

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի


-Իսկ ձեր աշխատանքը գաղտնիքներ ունի՞:

-Այո, նախ պետք է հասկանաս պանրի «լեզուն», պահի տակ կարող է այնպես լինել, որ չես նախատեսել, օրինակ՝ ջերմաստիճանի բարձրացում: Պետք է կարողանաս շտկել իրավիճակը, ապրանքը չփչացնել, երբեմն պետք է ստեղծագործես, որ ստացվի:
-Եթե ունենայիք պանրի գործարան, ինչպես կկազմակերպեիք արտադրությունը, ի՞նչ տեսակի պանիրներ կարտադրեիք:

-Կարտադրեի այն բոլոր պանիրները, որոնք հիմա արտադրում ենք այս գործարանում:

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի


-Կարո՞ղ են հայկական պանիրները մրցել, օրինակ, ֆրանսիական պանիրների հետ:

-Այո, կարող են, բայց մենք ամեն ինչ անում ենք շատ ավելի դժվար, քանի որ չունենք համապատասխան սարքավորումներ:

Մայրիկիս հետ զրուցելով, ես հասկացա, թե ինչքան հետաքրքիր մասնագիտություններ կան, որոնց մասին մենք դպրոցում չենք իմանում, երևի դրա համար էլ բոլորը ուզում են դառնալ բժիշկ, իրավաբան, տնտեսագետ… Լավ կլիներ մասնագիտական կողմնորոշման դասեր լինեին դպրոցներում: Այդ ժամանակ մենք ճիշտ մասնագիտություն կընտրեինք ու չէինք մտածի գործազրկության մասին:
Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Պատերազմից շատ տարիներ հետո

Լուսանկարը՝ Ալբերտ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Ալբերտ Մկրտչյանի


Հարություն Սարգսյանը մեր գյուղից է` Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից: Նա 52 տարեկան է: Գյուղում բոլորը նրան շատ են հարգում, որովհետև մասնակցել է Արցախյան ազատամարտին:
-Քանի՞ տարեկան էիք, երբ մեկնեցիք Արցախ մասնակցելու պատերազմին:
-30 տարեկան էի: Ամուսնացած էի: Արդեն ունեինք երեք երեխա և սպասում էինք չորրորդին:
-Կարո՞ղ եք մի երկու դեպք պատմել պատերազմից:
-Ապրիլի 24-ին՝ Եղեռնի օրը, Ադրբեջանը ուժեղ հարձակում իրականացրեց: 24 լույս 25-ի գիշերը մեծ զորքով, ականանետներով, ինքնաթիռներով սկսեցին հարձակումը: Համոզված էին, որ մեզ կհաղթեն, այնինչ ստացվեց հակառակը: Մենք ավելի ուժեղ էինք, ավելի համարձակ, որովհետև պայքարում էինք հայրենի հողի համար, և մենք հաղթեցինք այդ մարտում:
-Դուք վիրավորվե՞լ էիք կամ վիրավորված ընկեր ունեի՞ք:
-Այո, ես վիրավորվել եմ, և ունեինք շատ վիրավորված, մահացած և նահատակված ընկերներ: Շատ հարազատ ընկերներ եմ կորցրել մարտի դաշտում, որոնց ամեն օր հիշում եմ` Աբրահամին, Արտուշին, Հարութին… Ռազմի դաշտում ամեն մեկը հանուն ընկերոջ պատրաստ էր գնալ զոհաբերության: Մի ուրիշ կապ կար բոլորիս միջև:
-Դուք, որ իմացաք վերադառնում եք տուն, ի՞նչ զգացիք:
-Մենք հաղթել էինք, բոլորս երջանիկ էինք: Դրա համար էլ ուրախ էինք մեր հաղթանակով, տուն գնալու մասին չէինք մտածում:
-Ինչո՞վ եք զբաղվել տուն վերադառնալուց հետո:
-Հետ վերադառնալուց անմիջապես հետո ենթարկվել եմ վիրահատության: Մարմնիս մեջ ականի բեկորներ կային: Հետո վիրավորվելուց լսողությունս նույնպես վատացել էր: Բուժվում էի:
-Ինչպե՞ս է դասավորվել ձեր կյանքը պատերազմից հետո:
-Վերադառնալուց հետո անմիջապես հողագործությամբ եմ զբաղվել և զբաղվում եմ մինչ այսօր:
-Ի՞նչ եք կարծում, այսօր ազատամարտիկները համապատասխան ուշադրության արժանանո՞ւմ են:
- Ազատամարտիկները միշտ էլ արժանացել են անուշադրության: Եթե ուշադրության էլ արժանանում են, ուրեմն աննշան:
-Ձեր կարծիքով, ե՞րբ կավարտվի այս լարված վիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում: Կկարողանա՞ն այս երկու ազգերը նորից մտերիմ հարևաններ դառնալ:
-Հարազատ կդառնան այն ժամանակ, երբ մարդու ուղեղը այնքան աշխատի, որ զգա, թե ինչ տարբերություն. հայ, թուրք, ուզբեկ, ռուս… Այժմ մենք անպատրաստ ենք գնալ այդ քայլին:
-Ի՞նչ կցանկանաք մեր ապագա սերնդին:
-Իհարկե, ամենակարևորը, որ ապրեք խաղաղության մեջ, հանգիստ, ու չտեսնեք այն, ինչ մենք ենք տեսել:
-Շնորհակալություն, հարցազրույցի համար: Եվ կներեք, որ ձեզ հիշեցրինք այդ դժվար օրերի մասին:
-Ձեզ էլ շնորհակալություն, որ հիշեցիք ինձ:
Լուսանկարը՝ Ալբերտ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Ալբերտ Մկրտչյանի

Իմ եղբայրը երգիչ է


Իմ եղբայրը` Վրեժ Ճղրիկյանը, երգիչ է: Ես ուզում եմ ձեզ պատմել նրա մասին:
Մենք արմատներով Ալաշկերտից ենք, մեր պապերը գաղթել են Ալաշկերտի Խորաբերդ գյուղից և հաստատվել Շիրակի մարզի Ազատան գյուղում: Այսօր եղբայրս երգում է ազգագրական երգեր, և ինչպես ինքն է ասում, երևի մեր նախնիների շունչն է իրեն փոխանցվել: Մանկուց լսում ու սիրում էր ազգագրական երգեր, դրանք միշտ իրեն հոգեհարազատ են եղել:

-Վրեժ, կպատմե՞ս, թե ինչպես երգիչ դարձար:

-Միջնակարգ կրթություն ստանալուց հետո մասնավոր սովորել եմ ազգագրական երգեր, այնուհետև ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Հիմա էլ երկրորդ կուրսում եմ:
Երեք տարեկանից սկսել եմ երգել: Նաև ասեմ, որ ձայնային կարողությունս ժառանգել եմ պապիկիս հորից: Ասում են, նա շատ լավ է երգել: Շատ եմ լսել ուրիշ ժանրերի երգեր, բայց միայն ու միայն ազգային երգն է իմ մեջ տպավորվել:
Մասնակցել եմ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, հետո Վլադիմիր Սպիվակովի կազմակերպած փառատոնին, որը կայացել է Մոսկվայում, և ես երկու անգամ ներկայացրել եմ Հայաստանը:

-Կպատմե՞ս քո առաջին համերգի մասին:

-12 տարեկան հասակում եմ առաջին անգամ հանդես եկել հանրության առաջ: Կարծում եմ, այս տողերը կարդացողներից շատերը ինձ կհիշեն իմ մանուկ հասակից:

-Ինչո՞ւ հենց ազգագրական երգեր:

-Մեզանից յուրաքանչյուրը պետք է սիրի իր ծնողներին, եղբորը, քրոջը, սիրած էակին, իր երեխաներին: Հայրենիքը հենց սա է, իսկ ազգագրական երգը սովորեցնում է սիրել հայրենիքը: Ես ինձ չեմ պատկերացնում ուրիշ ժանրում:

-Հնարավո՞ր է Հայաստանում երգելով գումար վաստակել:

-Հնարավոր է, եթե ճիշտ աշխատես: Այսօր երգիչներ կան, որ գումարով անուն են ձեռք բերում և վազում են միշտ գումարի հետևից: Իմ կարծիքով դա սխալ է. երգիչը պետք է երգի իր ժողովրդի համար, ու այդ ժողովուրդն էլ հաստատ կվճարի երգչին իր լավ կատարման համար:
Ոչ միայն երգիչը, այլ ցանկացած արվեստագետ իր արվեստով պետք է հուզի հասարակությանը:

-Արդյոք երիտասարդները հիմա լսո՞ւմ են ազգագրական երգեր:

-Իմ կարծիքով, այո: Ամեն ժանր իր երկրպագուն ունի, ազգայինը՝ նույնպես: Ազգագրական երգը շատ պահանջված ու սիրված է թե մեծահասակների կողմից, և թե երիտասարդների:

-Ուզում ես միայն ազգագրական երգե՞ր երգել, թե՞ գուցե նաև ժողովրդական, գուսանական, ռաբիս:

-Ամեն մի երգիչ պետք է ունենա իր ժանրը և չպետք է շեղվի, ես երգում եմ նաև գուսանական և աշուղական, բայց ոչ բեմերում, այլ մեր փոքրիկ խնջույքների ժամանակ: Իսկ ռաբիսի մասին խոսք չկա, ընդհանրապես չեմ երգում:

-Հիմա մեր հասակակիցները շատ են դժգոհում, որ աշխատանք չկա, անհնար է մեր երկրում կայանալ: Դու ի՞նչ ես մտածում այս մասին:

-Եթե լինենք ուժեղ, նպատակասլաց ու խելացի, ճիշտ դասավորենք մեր կյանքը, ապա կհասնենք հաջողության: