76-ամյա աշակերտը

Եվ այսպես, ձեզ եմ ուզում պատմել մի պատմություն, որը երևի թե չեմ մոռանա իմ կյանքում:

Աշնան օրերից մեկն էր: Ես և քույրս որոշեցինք գնալ տատիկս տուն, որտեղ էլ կմնայինք և այնտեղից առավոտյան դպրոց կգնայինք: Երբ հասանք, ժամը 19-ն էր, և ես միանգամից նստեցի դաս սովորելու, ու հանկարծ տատս ինձ ասաց.

-Բալես, մե քիչըմ բան էլ տուր, ես գրեմ, տեսնիմ` խո տառերը չե՞մ մոռացել:

-Տատ, օր շարադրություն տամ, կըգրե՞ս:

-Հա, բալա ջան, ինչ է օր տաս, կգրեմ:

-Ան, էս թուղթ ու գրիչը ու գրե «Ես և իմ թոռնիկները» վերնագրով շարադրություն:

-Վերնագիրը գրի, դե հմի սա` ինչ գրեմ:

-Տատ, շարադրություն է, դու բդի գրես,- ասացի ես: Այդ պահին ներս մտավ քույրս և ասաց.

-Ես տատին կօգնեմ: Տատ, դու ու մենք իրար հետ կգրենք: Լավ, տատ, դե գրե …

Նրանք սկսեցին գրել, և հանկարծ պապիկս ջղայնացած ասաց.

-Այ աղջի, արի էս կոմ, թող էրէխեքս դաս սորվին,- ասաց տատիկիս:

-Ես իրանց ի՞նչ եմ խանգարըմ,- ու նրանք շարունակեցին գրել:

-Տատ ջան, գրե. «Այսօր ժամը 19-ն էր, երբ իմ թոռնիկները՝ Հարութն ու Մարիամն եկան ինձ տեսնելու»:

-Մայրամ գրեմ, բալա ջան, չեմ կըռնա ըսիգ գրեմ, յ-ն բդի ջնջվի:

-Չէ տատ, Մայրամ չէ, Մարիամ է, սպասե` շտռիխով ջնջեմ:

-Էդ ի՞նչ է, ինչը՞ղ ջնջիր:

-Հադուկ գրիչ է, տատ, շարունակե. «Հիմա պապիկը հեռուստացույց է դիտում»:

-Պապիկը ինչը՞խ կգրվի` մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ:

-Փոքրատառ: «Մարիամը շտեմարան է լուծում, Հարությունը տնային աշխատանքներն…»

-Ըստեղ բութ-մութ չկա՞:

-Չէ, գրե.«է կատարում, իսկ ես վերհիշում եմ, 66 տարվա…»

-Հերիք է: Թողեք, ես բըդի «Լրաբեր» նայեմ:

-Ան պրծանք, տատ, էսե գրե ու վերջ: «…ընդմիջումից հետո, շարադրություն գրել»:
-Տակից գրե՞մ ամսաթիվը. 15.11.2015:
-Սխալ գրիր: 215 չէ, 2015 է:

-Դե ջնջե:

-Ջնջի, ան գրե:

Եվ այսպես 76-ամյա աշակերտը շարադրություն գրեց:

Անսպասելի և սպասված ձյունը

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Եվ այսպես, աշնան օրերից մեկն էր՝ նոյեմբերի 11-ը: Մենք վերադառնում էինք Գյումրիից Ամասիա: Այնտեղ անձրև էր, բայց հենց դուրս եկանք Գյումրիից, տեսանք, որ ամեն ինչ ծածկված է ձյունով: Սկսվել էր փոթորիկ: Մենք շատ զգուշորեն էինք առաջ ընթանում, քանի որ մեքենայի անվադողերը ամառային էին:
Հակառակ դրան, մեքենայում ուրախ մթնոլորտ էր: Մենք բարձր տրամադրություն ունեինք, քանի որ դրսում ձյուն էր: Մենք տարբեր խաղեր էինք խաղում, և հանկարծ մեքենան ճոճվեց: Դուրս եկանք մեքենայից և տեսանք, որ մեքենան սահել է ճանապարհից դուրս: Վարորդը հազիվ էր կարողացել մեզ փրկել:
Այդ պահին մենք չզգացինք պահի լրջությունը, բայց երբ հասկացանք, թե ինչ է կատարվել, խորը մտածմունքի մեջ ընկանք: 
Մեքենան չէր կարող առաջ շարժվել, և այդ պատճառով մենք ուրիշ մեքենա կանչեցինք, որ գա մեզ տանի: Մեքենան մեզ վերցրեց, և մենք շարունակեցինք ճանապարհը:
Առաջ ընթանալով տեսանք, թե քանի մեքենա էր դուրս եկել ճանապարհից: Վարորդները ստիպված էին մեքենաները ճանապարհին թողնել և ոտքով առաջ ընթանալ:
Չնայած անսպասելի ձյունը հաճելի էր, բայց ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի:
Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի


Արդեն երկու օր է հանրապետությունում ձմեռվա գալուն պես ձյունը նույնպես եկավ: Ուրախանում ենք, ճիշտ է, բայց շատ ենք խնդրում բոլոր նրանց, ովքեր երթևեկում են ձնոտ ճանապարհներով. զգույշ եղեք, թե ձեզ համար, թե բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը վստահել են ձեզ:
Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր

Բարև, ես եմ

Երկարատև ընդմիջումից հետո առաջին արտահայտությունը, որը երևի ճիշտ կլինի օգտագործել, «Բարև Ձեզ»-ն է կամ արդեն իսկ հարազատ դարձած, «Hi!»-ը` լայն ու գեղեցիկ ժպիտով… Արդեն երեք ամիս է, ինչ ապրում եմ Միացյալ Նահանգներում` մշակութային փոխանակման ծրագրի շնորհիվ, և ամեն օր առնչվում եմ նոր դեպքերի, դեմքերի ու երևույթների հետ, ու ասեմ, որ իսկապես հաճելի է…
Երևի սկսեմ լեզվից: Շատ լավ հիշում եմ առաջին օրս ԱՄՆ-ում, երբ հինգ ինքնաթիռ փոխելու արդյունքում ականջներս խշշում էին, ու չէի կարողանում նորմալ լսել, առավել ևս հասկանալ, թե ինչ էին ասում հյուրընկալ ընտանիքիս անդամները: Բայց երկրորդ օրը ամեն ինչ տեղն ընկավ, պարզապես ստիպված էի ողջ ուշադրությունս լարել` ամբողջովին հասկանալու համար խոսակցությունը, քանի որ ամերիկացիները խոսում են աներևակայելի արագությամբ, ամեն մեկն իրեն հատուկ բառապաշարով ու բարբառով… Իրոք դժվար էր, բայց հիմա արդեն ես էլ եմ սկսել ինչ-որ չափով նրանց պես խոսել, տեղի-անտեղի օգտագործել «Թենք յու» արտահայտությունը, փողոցում անծանոթ մարդկանց հարցնել, թե ինչպես են և այլն… Դե, էլ չեմ խոսում ակցենտի մասին: էստէղ բոլորն են ակցենտով խոսում ու շատ ժամանակ իրար միանգամից չեն հասկանում: Ինչ արած… Դե, իսկ երեք լեզու իմացող մարդը համարվում է գիտակ ու զարգացած, քանի որ իրենց մեծ մասը տիրապետում է միայն անգլերենին, այն էլ երբեմն ոչ լիարժեք` ձեռքի հետ, ԼՕԼ: Քանի «գիտակ»-ից խոսեցի, մի քիչ դպրոցից պատմեմ: ՏԱՐԲԵՐ է, ծայրահեղ տարբեր: Տարբեր քաղաքներում ու տարբեր դպրոցներում դասերը սկսվում են տարբեր օրերի ու ժամերի, ոչ թե մեր բարի ու հուզիչ սեպտեմբերի 1-ի պես: Առարկաները դու ես ընտրում, հետևաբար, դասընկերներդ փոխվում են, բայց ես գերադասում եմ մեր ռեժիմը, քանի որ կարծում եմ, որ էդպէս ավելի խելամիտ է. ինչ կարիք կա նույն գիրքը նույն ձևով տասներկու տարի սովորելու…
Բայց օրեցօր հասկանում եմ, թե ինչքան եմ կապվում հայրենի հողիս հետ` չնայած այն փաստին, որ մի ամբողջ օվկիանոս է մեզ բաժանում… Կարգին հայրենասեր եմ դարձել, ասեմ` իմանաք: Երևի մտածում եք, թե ինչ կա որ, ԱՄՆ-ում է… Ես էլ էի էդպես մտածում, բայց մոտեցա մե~ծ քարտեզին ու տեսա, թե ինչքա~ն հեռու եմ տանից… Ինչևէ… Միշտ հաճելի է ներկայացնել մեր փոքրիկ, բայց հնաբույր Հայաստանը, պատմել մեր մաշտոցյան պատմությունը ու անվերջ հպարտանալ, որ ՀԱՅ ես…
Միայն մի բան կասեմ, հայե’ր. մի’ լքեք Հայաստանը, ձեր «շողշողուն» ապագան օտար ափերում մի’ փնտրեք, քանի որ հետո խնդրելու եք հեռավոր ու վսեմ Ճանապարհին, որ ձեզ Հայաստան տանի…

Հ.Գ. մեր քաղաքի ժողովուրդը արդեն կերել է տոլմա, գիտեն, օր լողնալուց հետո բդի «Բաղնիքդ անուշ» սէն, կըռնան երգեն հայերեն երգեր ու թերևս մէ հայիմ` Քիմ Քարդաշյանին, ընձի հետ ծանոթանալուց առաջ էլ գիտեին…

davit ayvazyan

Ժամանակը

Ժամանա՞կն է գնում արագ, թե՞ մենք ենք արագ ապրում, երևի մենք ենք արագ ապրում: Ժամանակը նման է պտտվող անիվի, ինչ-որ մի բան կորչում է որոշ ժամանակ, բայց հետո կրկին հայտնվում է որոշ ժամանակով, հանճարը մահանում է, գալիս է նոր հանճար:

«Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին,
Բայց ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց…»

Որոշ մարդիկ մնում են կայուն:

Միշտ ցանկանում ենք հետ տալ ժամանակը, որպեսզի կրկին ներկա լինենք ուրախ պահերին, չհասկանալով, որ դեռ էլի ուրախ պահեր ունենք ապրելու: Դժգոհ ենք ժամանակից, որովհետև ժամանակը գնում է դանդաղ, իսկ մենք ուզում ենք արագ ապրել: Երանի վաղը այս ժամին, երանի մի շաբաթ հետո այս օրը, կանցնի մի օրն էլ, մի շաբաթն էլ, երանի երեկ այս ժամին, երանի նախորդ շաբաթ այս օրը…

Գյումրու հոգևոր խորհրդանիշը

Լուսանկարը՝ Անի Առաքելյանի

Լուսանկարը՝ Անի Առաքելյանի

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցին աչքի է ընկնում իր վեհությամբ և գեղեցկությամբ:
Եկեղեցու շինարարությունը ընթացել է 1859-1873 թթ., այն կառուցել են տոհմիկ որմնադիր Պապիկ Կարապետյանը (Բարտաշոյանց), վարպետաց վարպետը (ուսատաբաշի, իսկ որոշ հիշատակություններում` Ճարտարապետը) Թադևոս Կարապետյանը (Անտիկյանց) և Արդար Մանուկը (Մանուկ Պետրոսյան): Եկեղեցու բուն շինարարության ամբողջ 14 տարիների ընթացքում գյումրեցի հարուստները շինարարների, վարպետների և բանվորների համար ամեն օր հաց են դրել շինհրապարակում:
Շինարարության ղեկավարը Արդար Մանուկն էր ,նա ամեն շաբաթ գնում էր Անի, նայում Մայր Տաճարին, գրի էր առնում ամեն քարի չափսը , գույնը և վերադառնալով տալիս էր այդ ամենը մյուս վարպետներին, ու նրանք սկսում էին կառուցել: Եկեղեցին դիմացել է Լենինականի 1926 թ. ավերիչ երկրաշարժի հարվածներին, սակայն մի քանի տարի անց սովետական իշխանությունները մարտնչող աթեիզմի շրջանակներում փորձել են քանդել այն, ինչպես և` Երևանի ու Հայաստանի մի շարք այլ եկեղեցիներ: Ըստ որոշ պատմությունների, տրակտորով ճոպաններով քաշքշել են զանգակատունը, որը քանդել չի հաջողվել, որովհետեւ բավականաչափ ամուր է եղել, ի վերջո մի շարք քննարկումներից հետո, որոշվել է եկեղեցու հյուսիսային կողմում հսկա դպրոց կառուցել, դրանով էլ փակել եկեղեցու տեսքը Մայիսյան ապստամբության հրապարակի և քաղաքային խորհրդի շենքի կողմից, և մոտ 50 տարի եկեղեցին, Սբ.Աստվածածին տաճարի պես փակված է եղել շենքով, Ամենափրկիչը` 2-րդ դպրոցով, իսկ Աստվածածին եկեղեցին «Մանկական աշխարհ» խանութով: Երկրորդ դպրոցի շենքը քանդվեց և հեռացվեց դեռևս մինչեւ 1988 թ. երկրաշարժը: Ականատեսների վկայությամբ, 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ ցնցումներից նախ փլվել է զանգակատունը, ապա մի քանի ակնթարթում փլվել է նաև Ավագ գմբեթը, թափվելով եկեղեցու կենտրոնում: Եկեղեցուց պահպանվել էր միայն զանգակատան մուտքի պատը և եկեղեցու արևելյան կեսը` առանց գմբեթի: Մինչ այդ ավերիչ երկրաշարժը սբ. Ամենափրկիչ եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիա, որտեղ կայացած համերգներին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած երաժիշտներ:
Նախորդ տարի` 2014թ., ավարտվեց եկեղեցու արտաքին կառուցումը և տեղի ունեցավ խաչի օծումն ու տեղադրումը: Այժմ տեղի է ունենում եկեղեցու ներքին հարդարումը: Հուսանք շուտով ականատես կլինենք սբ. Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությանը:

Ուրբաթը

Ամռան օրերից մեկն էր: Մեր շենք տեղափոխվեց մի տղամարդ, ով հարևանների վկայություններով, երիտասարդ էր, և ազգականի դատարկ տուն էր տեղափոխվել մոտակա գյուղերից մեկից, որպեսզի աշխատանք գտնի Ամասիայում: Աշխատանք չկար: Ամասիացիներից շատերն էլ հեռացել էին քաղաքից այդ պատճառով:
Նրան իր ապրելակերպով նմանեցնում էին «Ռոբինզոն Կրուզո» գրքի հերոս Ուրբաթին, և մենք սկսեցինք նրան այդպես անվանել: Ուրբաթը շիշ էր հավաքում, հանձնում և հաճախ այդ փողով երեխաներին քաղցրավենիք էր գնում: Նա փողոցից հավաքում էր ծխախոտի մնացորդներ և ծխում: Իսկ թե ինչ էր ուտում, ինչպես էր ապրում, մենք չգիտեինք:
Շուտով սկսեց Ամասիայի ցրտաշունչ ձմեռը: Ուրբաթին մեկ-մեկ տեսնում էինք փողոցում: Ձմռան օրերին աղբ էր հավաքում, այրում և տաքանում:
Հունվար ամսին էր, երբ հարևաններն սկսեցին խոսել, թե նա տանից մի քանի օր դուրս չի եկել, և ոտնաձայներ էլ չեն լսվել: Կանչեցինք տան տիրոջը: Նա բացեց դուռը, և տեսավ, որ Ուրբաթը մահացել է: Նա սրտի կաթված էր ստացել: Նա մահացել էր մենակության մեջ: Բժիշկները ասացին, որ եթե նրա կողքին գոնե մեկը լիներ. կարող էր նրան փրկել:
Այդ ամենը երբ մենք իմացանք, շատ տխրեցինք: Մենք մեզ էինք մեղադրում, թե ինչու գոնե մի օր նրա դուռը չբացեցինք և չօգնեցինք:
Ըստ իս, մենակության մեջ մահանալը ամենասարսափելի և ամենատխուր մահն է:

Երկու պատմություն միևնույն թեմայով

Լուսանկարը՝ Նինա Բաղոյանի

Լուսանկարը՝ Նինա Բաղոյանի

Հերթով ծնվում են օրերը, հերթով էլ հանգչում: Մարդկանց համար օրվա տևողությունը տարբեր է լինում, բնույթը նույնպես: Ոմանց համար այն երկար է, ոմանց համար կարճ, ոմանց համար հաճելի, իսկ ոմանց էլ` տհաճ: Ամեն մի օր նոր սկիզբ է, նոր հույզերի ու զգացմունքների ծնունդ, բայց իմ դեպքում մի փոքր ուրիշ է: Երբ օրը մռայլ է, ես էլ եմ նրանով վարակվում: Անկախ ինձանից իմ ունեցած տխուր պահերն եմ հիշում, արարքներն եմ հիշում, որոնք գործել եմ ու զղջացել: Զղջացել, ինքս ինձ մեղադրել,տանջել, նույնիսկ ժամանակը հետ տալու և կրկին սկսելու մասին մտորել, բայց ապարդյուն: Մռայլ է օրը, մռայլ եմ և ես, մռայլ է երկինքը, մռայլ են և իմ մտքերը:
Անկախ իմ կամքից այդ օրերին չեմ կարողանում ժպտալ, չեմ կարողանում սիրել, դժվարանում եմ շրջապատիս ուրախացնել և իրենց ուրախությամբ էլ ինքս ուրախանլ: Մռայլ օրերին ուզում եմ մեկուսանալ բոլորից, նույնիսկ ընտանիքիս անդամներից, մենակ մնալ, երաժշտություն լսել, թեյ խմել ու մտածել: Մտածել անցյալի, ներկայի ու սպասվող ապագայի մասին, կամ էլ այս ամենի փոխարեն ժամերով քնել:

Հռիփսիմե Բալոյան

***

Երբևիցե ինչ-որ մեկի մտքով անցե՞լ է, թե ի՞նչ է կյանքը… Ինչի՞ համար են մարդիկ լույս աշխարհ գալիս… Ինչի՞ համար է Աստված նման փորձությունների առաջ կանգնեցնում մարդկանց… Ի՞նչ անհրաժեշտություն կա տարբերակելու՝առանձնացնելու… Ինչո՞ւ է անձրև գալիս, երկինքը մռայլվում…
Ես միշտ փորձել եմ համեմատել եղանակը՝ մարդկանց, իրադարձությունները` բնավորությունների հետ: Անցկացրեցի կրկին անգամ համեմատական երեխայի ու եղանակի միջև: Արտահայտեցի իմ պատկերացումները ավելի պարզ, մատչելի ու իմ ներաշխարհը բնութագրող հասկանալի ձևով:
Նա ընդամենը փոքրիկ երեխա է, որը ուշադրություն է ուզում: Ձգտում է ավելիին, բայց չի կարողանում ընդունել ու հասկանալ, որ դա անհնար է: Նա նեղացել է մարդկանցից ու թափում է իր ներսում կուտակված դառնությունն ու զայրույթը: Բայց միևնույն ժամանակ նա այնքան դաժան չի վարվում «թույլ» էակների հետ: Ընդամենը կաթիլներ՝ թեթև ու առանց ցավի կաթիլներ:
Սիրում եմ անձրևը: Սիրում եմ նրա կաթիլների ապակիներին դիպչելուց առաջացող ձայները, ասես ինչ-որ երաժշտական գործիք նվագելուց լինի: Արթնանում ես նրա «գեղեցիկ ու հանգստացնող» ձայների տակ ու հասկանում, որ միջավայրդ մաքրվեց: Քո հերթն է արդեն հասել: Մաքրվիր մեղքերից: Մեղքեր, որոնք չես ընդունում ու հնարավոր է, որ նրանց գոյության մասին չգիտես էլ: Կյանքը անձրևի նման կգա սկզբից հանգիստ, հետո կամաց- կամաց կվարարի ու կհասնի իր գագաթնակետին: Երբ կհասնի իր ցանկացածին, «կմարի» ու կդադարի: Անձրև ու կյանք… Հասկանո՞ւմ եք նմանությունը… Խորհեք, ու ես վստահ եմ կգտնեք…

Մանե Սարգսյան

Ես սովորում եմ ֆրանսիական համալսարանում

Բոլորը կիսվում են իրենց տպավորություներով և կարծիքներով, թե ինչ է իրենց համար ուսանողական կյանքը, ինչ թերություններ և առավելություններ ունի:
Ես նույնպես ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ տպավորություններով: Արդեն 2 ամիս է, ինչ սովորում եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և այն հարցին, թե ինչ է ինձ համար ուսանողական կյանքը, մտքիս միանգամից ժողովրդավարություն, արդարադատություն, պետություն, իրավունք և այլ նմանատիպ իրավաբանական բառերի կույտ է գալիս: Հետո, երբ մի քիչ էլ եմ մտածում, արդեն մտքիս մի շարք հարցեր են գալիս: Օրինակ` ո՞ր լսարանում ենք հիմա, ինչպե՞ս թե մի դասաժամը 80 րոպե, իսկ քննությանը ի՞նչ ենք անելու: Բայց ամենահուզիչ հարցը այն է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում սեմինարը: Հարցից անմիջապես հետո կայացվում է որոշում միասին պատրաստվել սեմինարին: Ամբողջ կիրակին անցնում է դաս անելով, և ահա գալիս է սպասված օրը: Բոլորս կապտած, շնչներս պահած սպասում ենք սեմինարավարին, մեկ էլ հանկարծ ներս է գալիս Ղուկաս ձյաձյան (մեր հսկիչներից մեկը) և ասում.
-Երեխանե՛ր, դասախոսի հետ դեպք է պատահել, այսօր սեմինար չի լինելու:
-Ինչպե՞ս թե` չի լինելու,- հարցնում ենք մենք, և այլևս չլսելով պատասխանը` գոռում-գոչյուններով արագ լսարանից դուրս ենք վազում ու, իհարկե, արդյունքում բախվում ենք ջղայնացած Ղուկաս ձյաձյային:
Հա՛, մոռացա ֆրանսերենի մասին: Ֆրանսերենը առանձին պատմություն է, որովհետև եթե սեպտեմբերի սկիզբին դու ֆրանսերենից գիտեիր միայն “bonjour”, ապա հոկտեմբերին արդեն շարադրություն ես գրում քո երազանքների տան մասին: Ու սովորելով «ֆրանսիականում» դու իսկապես չես հասկանում լեզվաբանակա՞ն ես ընդունվել, թե՞ իրավաբանական:
Հիմա մի դեպք պատմեմ մեր ռեկտորի մասին, ով ֆրանսիացի է (թե ի՞նչ կապ ունեն ռեկտորը և ֆրանսերենը, հիմա կհասկանաք): Մի օր, երբ ընկերուհիներով իջնում էինք երկրորդ հարկից, հանկարծ այդ փոքրամարմին մարդը անցավ մեր դիմացով և ասաց.
-“Bonjour”…
Մենք՝ երեքս, հիացած դեմքերով, փայլուն աչքերով ու հիմար ժպիտներով, պատասխանեցինք:
- “Bonjour” ,“bonjour”…
Դա մեզ համար լուրջ իրադարձություն էր: Մենք մեր ռեկտորին բարևեցինք, այն էլ ֆրանսերեն: Եվ այդ պահին ամենեւին էլ կարևոր չէր, որ դա ընդամենը “bonjour”-ն էր, որը բոլորը գիտեն:

Մանկությունը մի թռչուն է…

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի

Պարապմունքից էինք գալիս, անցնաք այգու մոտով, հայացքս պտտվեց ու կանգ առավ այգու վրա՝ տերևների հեղեղ էր: Անցանք պարսպի վրայից ու նստեցինք մոտակա նստարանին: Ու քար լռության մեջ նայում էինք շուրջներս: Մեկ էլ Արտաշն ու Հայկը եկան հեռվից խաղալով ու իրար վրա տերևներ շաղ տալով: Բարևեցին, ու շարունակեցին, տերևներից բլուրներ էին սաքում, իրար վրա տերևներ էին սփռում ու՛, ու էլի, զվարճանում էին: Հետո միացան մեզ էլի երեխեք, ու բոլորով նայում էինք այդ երկուսին, որ ամբողջ այգին գլուխներն էին վերցրել: Նրանց խաղը վարակիչ եղավ նաև մեր հետի փոքրերի համար, բայց ոչ մեր: Երբ նկատեցինք, որ արդեն մենակ ենք մնացել նստարանին, ու մի քանի երեխաներ ամբողջ այգով իրենց ձայնն են գցել, ու մենք էլ մի քիչ մրսում ենք, բարձրացանք ու գնացինք դեպի այգու մուտքը: Մի պահ ես կանգ առա, ներսիս պստիկ Մարիամիկը ասում էր` խաղա, դու էլ գնա, ու նայում էի ներքև, որ տերևների մի փունջ վերցնեմ: Մեկ էլ մեծ Մարիամը սկսեց՝ թաց է, կեղտոտ է, դու էլ մրսում ես, ու… Ու չվերցրի:
Ես գալիս էի պարապմունքից ու արդեն  այնքան հոգնած էի, որ չէի կարողանում կռանալ ու տերևներ հավաքել: Իսկ Հասմիկը, որ ծիծաղելով շորի մեջ տերևներ էր փաթաթում, որ տաներ շաղ տար Անիի վրա, նույնիսկ չնկատեց, որ արդեն «ծեր 17-ամյա աղջիկը», արդեն հիացմունքով ու կարոտով է մտածում խաղի ու տերևների մասին: Ու այդ 17-ամյա աղջիկը հասկացավ, որ. 

«Մանկությունը մի թռչուն է, 

Թելով կապված մեր սրտերին, 

Թելը պոկվում ու նա թռչում է

Ու հեռանում է մեզանից…»
Ու մի բան էլ: Շատերին թվում է, թե իմ ծննդավայր Ամասիայում միայն լեռներ են, մարգագետիններ ու արոտավայրեր: Բայց Ամասիայում նաև այգի կա: Եթե չեք հավատում, նայեք լուսանկարը: