Մի գնա

Լուսանկարը` Անուշ Ավագյանի

Լուսանկարը` Անուշ Ավագյանի

Գարուն էր: Գարուն, որn այդպես էլ իր հետ գարուն չբերեց Սարգսյանների ընտանիքի համար:

- Որդիս, լավ կնայես մորդ, մինչև որ գամ:

Վերջին խոսքերը եղան հոր, որն ասաց որդուն:

Անցել էր մի քանի ամիս, և կարծես թե ամեն ինչ լավ էր ընթանում: Հեռախոսազանգ…

Լսափողը վերցրեց Հայկը:

-Չէ… Պապ ջան… Ինչի՞ համար, Տեր Աստված: Ասում էինք` մի գնա…,- և նրա աչքերը լցվեցին արցունքով:

-Ի՞նչ է պատահել, տղաս:

-Մամ…,- Հայկը լռեց:

Հայրը բարձրահարկ շենքի տանիքում աշխատելիս ցած էր ընկել: Նրան հնարավոր չէր եղել փրկել:

Զանգ, որ փոխեց ամեն ինչ:

Ընտանիքի կյանքը բարելավելու, օրվա հացը վաստակելու համար՝ ինչպես և բոլոր հայրերը մեր օրերում, մեկնել էր արտերկիր`աշխատելու:

Չգնա՞ր, բայց դա նույնպես ելք չէր:

Մի գնա… Ինչքան հեշտ, և միևնույն ժամանակ, ինչքան դժվար է ասել այդ խոսքերը, և մի՞թե այդ մի գնան ինչ որ բան կփոխեր:

Բայց իմ ընթերցող,՝դու, որ կարդում ես, դու չգնաս:

Այսպիսի սեր

Լուսանկարը՝ Սոնա Ղևոնդյանի

Լուսանկարը՝ Սոնա Ղևոնդյանի

Մի քանի օր առաջ համացանցում մի աղջիկ գրեց ինձ: Ես նրան չճանաչեցի: Ապա նա ինձ ասաց.

-Ես Նաստյան եմ, քո հարսիկը:

Այս խոսքերը կարդալով հիշեցի եղբորս արկածները:

Այն ժամանակ մենք ընտանիքով ապրում էինք Ռուսաստանում: Մենք մանկապարտեզի արձակուրդներին  ցանկանում էինք գալ Հայաստան և, գնալով մանկապարտեզ, բոլորին ասացինք, որ գնում ենք Հայաստան: Եղբայրս վերջին օրերին տխուր էր և ասում էր, որ չի ուզում ընկերներին թողնել ու գնալ Հայաստան:

Մի օր մեր տուն զանգ եկավ: Մայրս վերցրեց լսափողը, լսեց և  ծիծաղելով ասաց` անպայման կասեմ, չէ, մի անհանգստացեք: Ամեն ինչ լավ կլինի: Երբ նա անջատեց հեռախոսը, հարցրեցի, թե ինչ էր եղել: Նա պատասխանեց.

-Էս ախպերդ գնացել ա մանկապարտեզ, Նաստյային ասե լա.«Նաստյա, ինչ իրեր ունես` հավաքի: Գալիս ես ինձ հետ Հայաստան: Մամայիդ էլ ասում ես, որ Վովայի հետ ես գնում»… Ու հիմա Նաստյան գնացել ա տուն ու շոր ա հավաքում, ասում ա. «Ես գնում եմ Հայաստան Վովայի հետ>>:

Մենք սկսեցինք համոզել եղբորս, որ Նաստյային ասի, որ չգա…

Ի վերջո, նրանք հասկացան և իրար հրաժեշտ տվեցին: Նաստյան եղբորս նվիրեց մի թևնոց, իսկ մյուսը պահեց իր մոտ… 

Առավոտյան զբոսանք Վայքում

Լուսանկարը` Դավիթ Ասլանյանի

Լուսանկարը` Դավիթ Ասլանյանի

Էլի ականջակալներս վերցրի ու …

-Հաջող, մամ, ես գնացի
-Այդքան շո՞ւտ: Դեռ 8:05 է:
-Դե, տնօրենն ասաց, որ հաջորդ անգամ նախավարժանքին չհասնեմ, դպրոցի շուրջը երեք շրջան պիտի վազեմ … Գիտե՞ս ինչքան մեծ է մեր դպրոցը:
-Լավ, բարի օր քեզ:
-Քեզ էլ, մամ…
Բայց ես այնքան էլ չէի ուշանում, պարզապես սկսել եմ դանդաղ քայլել ու հիանալ փոքրիկ ու հանգիստ քաղաքովս: Ասեմ, որ ապրում եմ Վայքում: Ընկերներս ամեն օր ասում են, որ օրերն են հաշվում, թե երբ պետք է վերջացնեն դպրոցը ու գնան Երևան՝ ուսումը շարունակելու, իսկ ովքեր արդեն Երևանում սովորում են, ասում են, որ օրերն են հաշվում, թե երբ է արձակուրդ լինելու, որ գան Վայք: Սրանից կարելի է լավ հետևություն անել. ուղղակի սիրել այն վայրը, որտեղ ապրում ես: Իսկապես հրաշալի տեղ է Վայքը, երբ այս ժայռերին ու քարերին նայում ես տուրիստի աչքերով: Քանի որ տուն-դպրոց ճանապարհը երկար է, և ես նախընտրում եմ դպրոց հասնել քայլելով, ճանապարհի կեսից փոքրիկ քաղաքը սկսում է ակտիվանալ: Փոքրիկ քաղաք, որտեղ իրար հետ կողք-կողքի ապրում են տարբեր տարիքի ու խառնվածքի մարդիկ: Մարդիկ, ովքեր նարդի են խաղում, մարդիկ, ովքեր հաց են առաքում, մարդիկ, և ինձպեսներ, ովքեր ուղղակի քայլում են , հիանալով փոքրիկ քաղաքի գեղեցիկ անկյուններով: Եվ իսկապես այն շատ գեղեցիկ է, յուրօրինակ գեղեցկություն ունի: Երբ նայում ես Վայքի ընդհանուր համայնապատկերին, աչքերի խորքում ժպիտ պահած տխուր մարդու կերպար ես պատկերացնում: Նա կարոտում է իրենից հեռացողներին և անհամբերությամբ սպասում նրանց վերադարձին:
Օ՜, իմ սիրած երգը  Louis Armstrong What A Wonderful World: Ինչ լավ է, որ ականջակալներս վերցրի, այլապես առանց մտքում մենախոսելու կհասնեի դպրոց :
Այս երգի հնչյունների տակ ուղղակի անհնար է չընկնել մանկության գիրկը: Մանկություն , որտեղ ամեն ինչ այնքան անրջային էր , այնքան հեքիաթային: Մանկություն, երբ ծնողների հետ քայլում էինք փողոցով ու վայելում գիշերային քաղաքի լույսերը: Տարիքն է ուղղակի մեծանում  ու, չգիտես ինչու, տարիքիդ hետ մեկտեղ  մարում են քաղաքի լույսերը ևս: Ու ամենացավալին այն է, որ ես էլ, ընդամենը մեկ տարի հետո ստիպված կլքեմ այս քաղաքը, լոկ այն պատճառով, որ ցանկանում եմ ուսումս շարունակել,  ցանկանում եմ բարձրագույն ուսում ստանալ…
-Լուսինե, նորից ուշացար…
-Կներեք ընկեր Հակոբյան, էլ չի կրկնվի:

…Այս փոքրիկ ու դժգույն քաղաքում,
Քամին է միայն լուռ ոռնում,
Քաղաքը շշմում ու լուռ քնում,
Անուշ երազ է տեսնում իր քնում:

Քնի մեջ այգիներն են գալիս,
Շենքերն են ուրախությունից լալիս:
Հիշում է փոքրերին խաղալիս,
Մեծերին էլ անհոգ քայլելիս:

Հիշում է փառքերն իր երբեմնի,
Հիշում է ջահերն իր արթմնի,
Հիշում ու տխուր լալիս,
Քաղաքում անձրև է գալիս:

«Բողբոջ» պարային ստուդիա

Հարցազրույց «Բողբոջ» պարային ստուդիայի պարուսույց Վերգինե Վանյանի հետ

 -Ե՞րբ և ո՞ւմ կողմից է ստեղծվել «Բողբոջ» պարային ստուդիան:

-«Բողբոջ» պարային ստուդիան ստեղծվել է 1987 թվականին, ղեկավարել է Արծրուն Գևորգյանը:

-Ո՞ր թվականից եք աշխատում «Բողբոջ» պարային ստուդիայում որպես պարուսույց:

-1990 թվականից աշխատել եմ, այնուհետև չեմ աշխատել ութ տարի, իսկ 2000 թվականից կրկին աշխատել եմ:

-Ո՞ւմ է պատկանում «Բողբոջ» ստուդիան:

-«Բողբոջ» ստուդիան պատկանում է Եղեգնաձոր քաղաքի մշակույթի պալատին:

-Քանի՞ տարեկանից են հաճախում ստուդիա:

-Չորս կամ հինգ տարեկանից:

-Ինչպիսի՞ պարեր եք սովորեցնում

-Սովորեցնում եմ հայկական ժողովրդական և աշխարհի ժողովուրդների պարեր:

-Ինչպիսի՞ հաջողությունների են հասել Ձեր սաները:

-Մասնակցել են տարբեր փառատոների և գրավել են պատվավոր առաջին և երկրորդ հորիզոնականները: Մասնակցել են բոլոր տեսակի քաղաքային միջոցառումներին:

-Ինչպե՞ս եք լուծում զգեստների հարցը, ունե՞ք հովանավոր:

-Զգեստների հարցը լուծում ենք մեծ դժվարությամբ, քանի որ չունենք հովանավոր:

-Հաճախակի՞ եք համերգային շրջագայություններ կատարում:

-Ոչ այնքան շատ: Հանրապետության մեջ շրջագայել ենք, իսկ հանրապետությունից դուրս՝ ոչ:

-Արդյոք պետական միջոցները բավարա՞ր են պարային ստուդիայի լիարժեք գործունեության համար, նկատի ունեմ համերգների կազմակերպումը, հագուստները, փորձասենյակը և այլն:

-Ոչ, չի բավարարում: Ամեն ինչ անում ենք մենք մեր միջոցներով:

-Ինչպիսի՞ն եք տեսնում «Բողբոջ»-ը մի քանի տարի անց:

-Այդ հարցին չեմ կարող պատասխանել:

Ծանոթացեք. Վայքի ավագ դպրոց

Հարցազրույց Վայքի ավագ դպրոցի տնօրեն  Թարո Հակոբյանի հետ

-Որպես նորընտիր տնօրեն ի՞նչ կասեք դպրոցի մասին:

-Դպրոցը որպես այդպիսին միակն է Վայքի տարածաշրջանում: Ինձ համար շատ հաճելի է աշխատել այս դպրոցում, որովհետև ես գործ ունեմ շատ լավ երեխաների հետ, առավել ևս մատաղ սերնդի հետ`ապագայի հետ: Դպրոցի տիպը, ինչպիսին էլ որ լինի, ընդhանուր է: Շատ եմ կարևորում դպրոցի դերը, քանի որ բոլոր դպրոցները ապագա սերնդի դաստիարակման գործով են զբաղվում:

-Քանի՞ երեխա է սովորում Վայքի ավագ դպրոցում:

-Վայքի ավագ դպրոցում այս պահին սովորում է 229 աշակերտ:

-Վայքում քանի՞ դպրոց կա, քանի՞սն են ավագ:

-Ավագ դպրոցը մեկն է, որն ամբողջովին ենթարկվում է կրթության և գիտության նախարարությանը: Վայքում գործում է մեկ ավագ դպրոց, մեկ քաղաքային վարժարան և մեկ հիմնական դպրոց:

-Դժվար չէ՞ երեխաներին քաղաքի տարբեր մասերից գալ դպրոց հատկապես ձմռանը:

-Դժվարություններ կան, բայց հաղթահարելի են, քաղաքն ինքնին մասշտաբներով փոքր է, բայց երեխաների տեղափոխությունը կատարվում է ներքին քաղաքային (հասարակական) տրանսպորտի միջոցով, ինչպես նաև ոտքով են գալիս և կարողանում են հասնել դպրոց, այդ հարցում մենք խնդիր չունենք:

-Մեր տարիքում, երբ գալիս են ավագ դպրոց, նոր միջավայր, հատկապես տղաների շրջանում առաջանում են կոնֆլիկտներ հասակակից մյուս տղաների հետ: Ի՞նչ կասեք այդ մասին, եղե՞լ են դեպքեր, որ դուք ստիպված եք եղել միջամտել:

-Պետք է անկեղծ խոստովանեմ, որ տեղափոխվելուց հետո, այսինքն՝ ընտրվելուց հետո, այդ հարցը մտահոգում էր ինձ, եղան առանձին փոքրիկ դեպքեր, որոնք լուծվել են, նրանք եկել են ընդհանուր հայտարարի, մենք խոսել ենք այն աշակերտների հետ, ովքեր կանգնած են եղել կոնֆլիկտի երկու կողմերում, ամեն ինչ ավարտվել է, որովհետև միջավայրը շատ դյուրին է: Լինելով տեղաբնակներ՝ նրանք կարևորում են իրենց միջավայրը, առանձնապես այդպիսի դեպքեր չկան, չեմ էլ կարծում, որ կլինեն:

-Կա՞ն բաներ, որ Ձեզ դուր չեն գալիս մեր դպրոցում, եթե այո, ապա ի՞նչը:

-Անկեղծ ասած, սկզբնական փուլում ինձ դուր չէր գալիս առանձին տղաների ծխելն ու շարժուձևը, բայց կարողացել ենք հաղթահարել դա, որն ինձ համար շատ տհաճ ու անընդունելի երևույթ էր, փառք աստծո, ամեն ինչ իր տեղն է ընկել:

-Ի՞նչ կփոխեիք դպրոցը դեպի լավը տանելու համար:

-Ես ունեմ շատ պլաններ դպրոցի հետ կապված: Առաջինը, որ ես կուզենայի անել, երեխաներին բացատրելն է, թե ինչ է դպրոցը իրենից ներկայացնում, բացատրել ուսման կարևորությունը: Երկրորդը, պետք է ուսուցիչներին անընդհատ ուղարկել վերապատրաստման, նրանք նույնպես ամեն օր պետք է նոր գիտելիքներ ստանան:
-Որո՞նք են եղել Ձեր կատարած առաջին փոփոխությունները:

-Ամեն առավոտ դասերը սկսելուց տասնհինգ րոպե առաջ բոլորս միասին կատարում ենք նախավարժանք: Իսկ երկրորդը, անցաթղթով դպրոց մուտք գործելն է: Դպրոց այցելողը պետք է ունենա անցաթուղթ: Դա փաստաթուղթ է` աշակերտի լուսանկարով, անուն-ազգանունով, տնօրենի ստորագրությամբ և աշակերտի մատյանի համարով: Նաև մենք կազմեցինք դպրոցի կանոնագիրքը և բաժանեցինքն  ծնողներին, որպեսզի յուրաքանչյուր ծնող իմանա, թե ինչ դպրոց է  ուղարկում իր երեխային: Եվ ասեմ, որ դպրոցում արգելված է բջջային հեռախոսների օգտագործումը, եթե աշակերտը մտավ դպրոց, նա պետք է անջատի հեռախոսը, միայն անհրաժեշտության դեպքում ուսուցչի թույլտվությամբ նա կարող է միացնել, զանգել, որից հետո նորից անջատել: Ուրախ եմ նրա համար, որ դպրոցն ունի փոքրիկ կանաչապատ հողակտոր, որտեղ այս տարի հիմնեցինք պտղատու այգի:

-Դպրոցներ կան, որոնք ունեն պայմանագիր որևէ համալսարանի հետ, համաձայն որի շրջանավարտներին այդ բուհ ընդունվելիս տրվում են արտոնություններ: Իսկ մեր դպրոցը ունի նման գործընկեր:

-Քանի որ մենք գտնվում ենք բարձրլեռնային գոտում, և մեր շրջանում զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, մենք ունենք համաձայնագիր ՀՀ Ագրարային համալսարանի հետ: Մենք 2013 թվականին ունեցանք շրջանավարտներ, ովքեր ընդունվեցին Ագրարային համալսարան: Այդ համալսարանը առաջինն էր, որ իր դռները բացեց մեր շրջանավարտների առաջ: Ունենք նաև համաձայնագիր Ֆրանսիական համալսարանի հետ:

-Ունե՞ք առարկայական օլիմպիադաների հաղթողներ:

-Այո, ունենք, կենսաբանությունից` Հայկ Մարգարյանը` տասնմեկերորդ դասարան, Եվա Գասպարյանը` իններորդ դասարան, Հայ գրականությունից` Մուշեղ Վարդանյանը` տասներորդ դասարան, Հայոց լեզվից` Լիլիթ Գասպարյանը, ռուսերենից` Դիանա Հարությունյանը:

-Ի՞նչ հաջողություններ ունի դպրոցը և ի՞նչ պլաններ կան ապագայում:

-Անցյալ տարի դպրոցն ամբողջությամբ վերանորոգվեց: Բացվեցին ֆիզիկայի և քիմիա-կենսաբանության հոյակապ դասարաններ, ստացանք վարժասարք, որից օգտվում են թե մեր դպրոցի սաները, թե հարակից գյուղերի աշակերտները: Դպրոցը համալրվել է նաև քսաներկու համակարգչով` քսան աշակերտի և երկու ուսուցչի համար, էլեկտրոնային գրատախտակով և wi-fi կապով: Իհարկե, այս ամենի մեջ կա մի խնդիր, դա գույքի խնդիրն է, որը, հուսով եմ, ապագայում կստանանք:

Թե ինչպես են բանտարկվում հոգիները

Չնայած մեր շենքը միակն էր մեր փողոցում, մենք շատ էինք: Մենք երկու շքամուտք էինք ու չորս հարկ, բայց մենք շատ էինք: Իմ հուշերում իմ մանկության ընկերները շատ են: Իսկ կողքիս` կեսն էլ չկան: Եվ ոչ թե, որովհետև մենք կռվեցինք կամ մեկ այլ բան, այլ նրանց ծնողների աշխատավոր հոգիները բանտարկվեցին: Մենք չէինք հասկանում, թե ինչպես են բանտարկվում ու գոյատևելու համար գնում: Մենք երկու ընտանիք ունեինք: Կարծես հերթափոխով` առավոտից իրիկուն ես ապրում էի իմ բակի ու գնդակի ընտանիքի հետ, իսկ գիշերը` մահճակալիս ու երազների: Մենք միշտ  լուռ նայում էինք, թե ինչպես էր մեզնից մեկը իր երկրորդ ընտանիքի հետ իրերը հավաքում ու գնում: Սովորաբար նրանց էլ չէինք տեսնում: Նրանց բացակայությունն էլ համարյա չէինք տեսնում, քանի դեռ չէինք սկսել չխաղալ որոշ խաղեր մեր քիչ թվի պատճառով:  Մեր երկու շքամուտքն ու չորս հարկը գնալով դառնում էին մի շքամուտք ու երկու հարկ, աստիճանաբար միայն նվազելով, եթե հաշվի չառնեմ ժամանակավոր բնակվողներին, որոնք այդպես էլ չէին դառնում մեզնից մեկը: Իմ կիսված մանկությունից շատ բան չեմ հիշում: Հին ընկերներիս անուններն եմ հիշում ու դեմքերը` աղոտ: Մի բան եմ միայն պարզ հիշում` մենք երջանիկ էինք մեր օրվա խաղով: Մեր երջանկությունը ոչ կրթությունն էր, ոչ փողն ու աշխատանքը, կամ հեռախոսները: Ինչպես սիրահարներն են մի բաժակ թեյով երջանկանում , այնպես էլ մենք էինք մի գնդակով երջանկանում: Բայց գնալով այն կիսվեց, փոքրացավ, ժամանակի հետ հասունացա, մեծացա…

…Մեր շենքը միակն է մեր փողոցում:  Մենք քիչ ենք: Ընդամենը երկու շքամուտք ու չորս հարկ, և մենք քիչ ենք: 

Սարսափ ֆիլմերի գլխավոր հերոսը

3 պոլիէթիլենային տոպրակ 2 մթերքի համար, որոնք 30 րոպե օգտագործումից հետո ուղղակի դառնում են դեն նետելու աղբ: Իսկ մենք, դրանք նետում ենք այնտեղ, որտեղ ցանկանում ենք՝փողոցում, նույնիսկ աղբամանների կողքին: Ինձ հուզում է այդ պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ շշերի հետագա կյանքը, վերջում որտե՞ղ են դրանք հայտնվում, ի՞նչ է լինում դրանց հետ. չէ՞ որ դրանք դժվարությամբ են քայքայվում:

Շատ գեղեցիկ պար է ստացվում, երբ պոլիէթիլենային տոպրակը սկսում է պարել օդում, քամու երաժշտության տակ: Այն անընդհատ օրորվում է, մինչև չհայտնվի մեկի տանը՝որպես անկոչ հյուր, կամ էլ կախված մնա ծառի ճյուղերին իբրև տոնածառի խաղալիք:Եթե Վայքում ապրելիս լինեիք կամ  մեկ անգամ  ոտքով գնայիք Վայքի եկեղեցի, ապա ճանապարհի մի հատված ձեր ուշադրությունը ավելի կգրավեր, քան հենց եկեղեցին: Մի փոքրիկ տարածք ամբողջությամբ լցված է պլաստիկ շշերով: Նման տարածքներ Վայքում շատ կան: Իսկ միջոցառումներ, բնապահպանական թեմաներով սեմինարներ, կրեատիվ գաղափարներ աղբը արդյունավետ օգտագործելու համար նույնպես շատ են, բայց սայլը տեղից դժվար է շարժվում, որովհետև մեզանից յուրաքանչյուրը չի գիտակցում, որ կարող է փոխել ինչ-որ բան: Չէ՞ որ մենք՝ամեն մեկս, մեկն ենք այն 7 միլիարդ ռեժիսորներից, որոնք որոշում են երկրի ապագան: Եթե յուրաքանչյուրս մտածենք միայն մեր մասին, ապա այս ֆիլմը կդառնա մի սարսափ ֆիլմ, իսկ գլխավոր հերոսներ կդառնանք ոչ թե մենք, այլ՝աղբը:

Քաղաքը եղեգների հովտում

Լուսանկարը` Էրիկ Ալեքսանյանի

Լուսանկարը` Էրիկ Ալեքսանյանի

Ես ծնվել և արդեն 13 տարի է` ապրում եմ Եղեգնաձոր քաղաքում: Այն փոքր քաղաք է: Եղեգնաձորում գտնվող թուրքերը քաղաքը անվանել են նախ Քեշիշքենդ, ապա` Դարալագյազ, ավելի ուշ վերանվանվել է Միկոյան, իսկ հետո` Եղեգնաձոր: Քաղաքն անվանել են Եղեգնաձոր, քանի որ գտնվում է եղեգնուտներով շրջապատված Արփա գետի հովտում: Ջերմ արևը եղեգնուտներով հարուստ Արփայի հովիտը վերածել է անուշահամ ծիրանենիների, դեղձենիների, կեռասի, սալորի և ամենակարևորը, խաղողի այգիների: Եղեգնաձորը Վայոց ձորի մարզկենտրոնն է: Մարզի անվանումը կապված է 735թ. հուլիսի 21-ին Մոզ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետ: Երկրաշարժի հետևանքով կործանվեց Մոզ քաղաքը, որին զոհ գնացին 10000 բնակիչ: Այս աղետի հետ է կապված Վայոց ձոր անվանումը: Դեռ հնուց Վայոց ձորը հայտնի է եղել պատմամշակութային կոթողներով. Թանահատի վանք, Նորավանքի և Սուրբ խաչի վանական համալիրներ, Սպիտակավոր, Շադիվանք, Գնդեվանք, Սմբատաբերդ, Մարտիրոսի եկեղեցի և այլն: Հայտնի է եղել նաև Գլաձորի համալսարանը, որը հիմա վերածվել է թանգարանի: Եղեգնաձորում գործում է երեք հանրակրթական դպրոց, մեկ քաղաքային վարժարան, մեկ երաժշտական դպրոց և 3 մանկապարտեզ: Ունի մշակույթի տուն, փոքր ծավալով աշխատում է ռելեի (ինքնանջատիչ) գործարանը: Գործում է նաև գինու գործարանը: Մեր փոքրիկ քաղաքը ունի նաև եկեղեցի, որտեղ ամեն կիրակի պատարագ է մատուցվում: Ես շատ եմ սիրում իմ քաղաքը իր «Տանկի բլուրով», որտեղ գտնվում է Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանը փոքրիկ զբոսայգով, որը հարում է մշակույթի տանը և իր ամենաերկար փողոցով, որի ծայրին էլ գտնվում է իմ տունը:

Իմ Մալիշկան

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Ես Աստղիկն եմ՝ 16 տարեկան: Ապրում եմ Մալիշկա գյուղում: Այն շատ մեծ է և միաժամանակ շատ գեղեցիկ: Համեմատած գյուղական այլ համայնքների` մեր գյուղում կա 2 դպրոց և 2 մանկապարտեզ, որտեղ աշխատում են կրթված և խելացի մարդիկ, ովքեր գիտեն երեխաների հետ շփվելու հմտությունները:

Մալիշկա գյուղի բնակիչները տարբերվում են բոլորից: Նրանք աշխատասեր են և չեն սիրում ապրել ուրիշի հաշվին: Նրանք ինքնահավան չեն, այլ շատ համեստ են: Նրանք իրենց արժանիքներն ու առավելությունները չեն բարձրաձայնում, այլ ցույց են տալիս գործով: Մեր գյուղացիները շատ հյուրասեր են: Երբ այլ գյուղերից կամ քաղաքներից նրանց հյուր են գալիս, նրանք մտնում են մառանը և բերում ամենահամեղ բարիքներից: Գեղեցիկ սեղան են գցում և հյուրերին ստիպում, որ ուտեն: Լավ հյուրասիրում են, այնուհետև ճանապարհում:

Գյուղում աշխատատեղեր չկան, և գյուղացիները ստիպված գնում են արտերկիր աշխատելու: Հնարավոր է` մի օր էլ մենք հեռանանք գյուղից, սակայն ես շատ եմ սիրում մեր գյուղը և չեմ ցանկանա հեռանալ այստեղից:

 

«Ես շատ եմ սիրում կյանքը»

Սոնիկ տատիկը յոթանասունհինգ տարեկան է: Ես հաճախ եմ տեսնում նրան պատշգամբում նստած: Նա ապրում է երկրորդ հարկում, և ամեն երեկո հենց պատշգամբից ջրում է բակի ծաղիկները: Միշտ բարի ժպիտով զրուցում է ծանոթների հետ, զրուցում: Նա երբեք բակ չի իջնում, որպեսզի հիանա իր պարտեզի ծաղիկներով, քանի որ գամված է հաշմանդամի սայլակին: Միշտ հիանում եմ նրա լավատեսությամբ և բարությամբ, դրա համար էլ որոշեցի այցելել նրան և զրուցել

-Դպրոց հաճախե՞լ եք:

-Ոչ, ես դպրոց չեմ հաճախել: Երկու տարեկան հասակում ստացա մանկական ուղեղային կաթված, և այդ ընթացքում՝ 1941թ-ին, հայրս մեկնեց Հայրենական Մեծ պատերազմ, և ես դպրոց չգնացի:

-Ինչպե՞ս և ու՞մ օգնությամբ եք սովորել գրել, կարդալ, հաշվել և այլն:

-Ես տառերը ինքնուրույն եմ սովորել իմ հասակակից երեխաներից`տուն-տունիկ խաղալով, կամ երբ նրանք դպրոցից գալիս էին, ցույց էին տալիս, թե ինչ տառեր են սովորել: Ես էլ ցանկություն ունեի սովորելու և նրանց հետ սովորում էի և հայերեն, և ռուսերեն տառերը:

-Ո՞ր տարիքից եք մենակ ապրել և կարողացել ինքնուրույն հոգալ Ձեր կարիքները:

-Միշտ ապրել եմ իմ հայրական տանը, եղբորս մահից հետո ինձ բնակարան տվեցին, և ես էլ որոշեցի մենակ ապրել, որպեսզի եղբորս ընտանիքին չխանգարեմ: Մայրս նույնպես եկավ ինձ հետ, և մենք միասին ապրեցինք մինչև 1993 թվականը: Հետո մայրս մահացավ, և ես սկսեցի մենակ ապրել: Բայց երբեք չեմ հուսահատվում, քանի որ շատ եմ սիրում կյանքը, սիրում եմ բնությունը, կենդանիներին, մարդկանց:

-Ո՞րն է տան Ձեր ամենասիրած անկյունը:

-Իմ ամենասիրած անկյունը իմ պատշգամբն է, որտեղ ես կարողանում եմ մաքուր օդ շնչել և նայել փողոցով անցնող մարդկանց:

-Ինչո՞վ եք զբաղվում ողջ օրը:

-Ես տառերից բացի նաև ինքնուրույն կարուձև եմ սովորել: Ազատ ժամանակ կարուձևով եմ զբաղվում: Այն ժամանակ խանութներում հագուստեղեն չկար, միայն կտորեղեն էր, մարդիկ իրենց հագուստները այլ երկրներից էին գնում կամ իրենք էին կարում: Այդ ժամանակ ես կարում էի հագուստներ և տալիս խանութներին: Այդ գումարով խնամում էի նաև մորս: Ես նաև զբաղվում եմ ասեղնագործությամբ: Դա նույնպես ինքնուրույն եմ սովորել: Եթե ինչ-որ բան սիրում ես, ապա շատ  հեշտությամբ կարող ես սովորել, միայն պետք է մի քիչ սիրես և պատկերացնես:

-Ցուցահանդեսների մասնակցե՞լ եք:

-Երևանում տեղի է ունեցել հաշմանդամների աշխատանքների ցուցահանդես, և ինձ ասել էին, որ մասնակցեմ: Ես այդ ցուցահանդեսից դիպլոմ եմ ստացել:

-Ի՞նչ երաժշտություն եք լսում և ո՞վ է Ձեր սիրելի երգիչը կամ երգչուհին:

-Ես գուսանական երգեր եմ լսում, հատկապես՝ Սայաթ-Նովա: Իմ սիրած երգչուհիներն են Օֆելյա Համբարձումյանը, Արաքսյա Գյուրզադյանը:

-Ի՞նչ խորհուրդ կտաք առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր շատ հուսահատված են:

-Ես ունեմ շատ հաշմանդամ ընկերներ, ես նրանց հետ հեռախոսով խոսում եմ, ասում եմ, որ չամաչեն իրենց վիճակից, խոսում եմ արվեստից և լավ-լավ խորհուրդներ եմ տալիս: Ես ողջ կյանքում չեմ հուսահատվել: Միշտ աշխատել եմ, չեմ ցանկացել որևէ մեկին նեղություն տալ: Ձեռքի աշխատանքներով ոչ միայն իմ կարիքներն եմ հոգում, այլև երբեք պարապ չեմ մնում:

-Ի՞նչ կմաղթեք ինձ և իմ հասակակիցներին:

-Ես ձեզ մաղթում եմ հաջողություն, լավ սովորեք և լավ մարդ դարձեք: Նաև կավելացնեմ` լավ վարվեք մարդկանց հետ, ուշադրություն դարձրեք տան և շրջապատի գեղեցկությանը: