Լուսանկարները` Հռիփսիմե Եղիազարյանի և Սերյոժա Առաքելյանի
Հոգեգալստյան կիրակի
Հրաժեշտներ
«Ձեր ամենալավ տարիքն է, մի կռվեք, մի նեղացրեք իրար, մեծանաք` փոշմանելու եք, երանի եք տալու էս օրերին» և այսպես անթիվ բառերի շարան:
Վստահ եմ, յուրաքանչյուրդ լսել եք նման խոսքեր, ինչու ոչ, նաև խրատներ, բայց դրանք լոկ խոսքեր չէին, ուրիշ ձև էինք հասկանում, ուրիշ ձև էին ասում:
Այո, այո, ճիշտ հասկացաք, խոսքս դպրոցական, անհոգ, ուրախ, սիրառատ, ծիծաղաշատ օրերի մասին է , որ թվում էր, թե անվերջ է, բայց ցավոք, լոկ հիշողություններ ենք տանում մեզ հետ:
2016 թվականի սեպտեմբերի մեկն էր: Կարմրաթուշ, կապույտ, սպիտակ պուտիկավոր երկարափեշ զգեստով աղջնակ էի, ով կարծես նոր պետք է առաջին քայլերն աներ դպրոցում: Սակայն նույն ոգևորությամբ, նույն սրտի թրթիռով ոտք դրեցի Բերդի պետական քոլեջ: Անծանոթ դեմքեր, նոր շրջապատ, նույնիսկ վախենում էի, թե այս ու՞ր եմ ընկել, բայց չէի մտածի, որ այդ տարօրինակ էրեխեքը կդառնան լավագույն ընկերներս, տարօրինակ ուսուցիչները կդառնան լավագույն ուսուցիչներս: Իրոք, լավագույն տարիներս էին: Իրոք, լավագույն տարիներն են դպրոցական տարիները:
Այսօր հազարավոր դպրոցականների համար հնչեց վերջին զանգը, և ես նորից հիշեցի իմ դպրոցական տարիներն ու ուսուցիչներիս պատգամները.
«Սիրեք իրար, շատ սիրեք, ինչքան կարող եք, սիրուն գույներ, հիշողություններ վերցրեք, որ հասուն կյանքի բացվող դարպասներից այն կողմ ձեր ամենահավատարիմ ընկերները կլինեն դժվար պահերին»:
Կադրեր ընթացքից
Ծո, ապ, դե Գյումրին ուրիշ է, էլի












Իմ պապերն ու հայրերը
Ողջույն: Ես Աստղիկն եմ: Ինչպես պապիկիս մոր, այնպես էլ Ամայիս մոր անունը Աստղիկ է եղել: Պապիկս ասում է, որ իր մոր անունն է, իսկ տատիկս` իր մոր: Երկու Աստղիկն էլ և ֆիզիկապես, և հոգեպես շատ ուժեղ են եղել: Երևի ես նրանց եմ քաշել, բայց մի տարբերությամբ. ես հոգեպես այդքան էլ ուժեղ չեմ: 1937 թվականին մեր ընտանիքը երկակի գլխատվեց. Աբրահամ և Գրիգոր պապիկներս աքսորվեցին, և առ այսօր նրանցից ոչ մի տեղեկություն չունենք: Աբրահամը Ամայիս հայրն է: Նա աքսորվել է ղաչաղներին օգնելու, ուտելիք տրամադրելու համար: Եղել է գերբնական ուժի տեր մարդ: Գրիգորը` պապիկիս հայրը, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Պատերազմի ժամանակ մի թուրք փորձել է սպանել նրա հրամանատարին: Այդ տեսնելով Գրիգորը սպանել է թուրքին և փրկել հրամանատարի կյանքը: Պարզվել է, որ մահափորձ կատարողը կին է եղել: Որպես խրախուսանք պապիկս ստացել է իր հրամանատարի թուրը, որը հիմա կախված է Երեմ պապիկի սենյակի պատից:
Իսկ հիմա անդրադառնամ Երեմ պապիկին: Նա կենդանի լեգենդ է: 1952թ. նա դարձել է Անդրկովկասի ձիարշավի չեմպիոն: Պատմեմ մի հետաքրքրաշարժ դեպք: Մեր գյուղում հարսանիք է եղել, որին մասնակից է եղել նաև պապիկս: Հարսանիքի ցուլը փախել է, ամբողջ գյուղը վրա է հասել, չի կարողացել բռնել: Վերջը պապիկս հասել, ցուլի պոզերից բռնել է ու գետնին տապալել:
Այս ուժեղ գեները փոխանցվել են երեք հայրիկներիս, բայց ավելի շատ միջնեկ հայրիկիս` Կամոյին, որին ընտանիքում Կակայ ենք անվանում: Ինձ թվում է, այս աշխարհում նրա նման աշխատասեր մարդիկ շատ քիչ են: Նա առավոտից երեկո աշխատում է, սակայն իր աշխատածի դիմաց շատ չնչին է վարձատրվում:
Այս ամենը կարդալով կմտածեք, թե գլուխ եմ գովում, բայց ոչ, ես գրում եմ զուտ իրականությունը:
Հրապարակվել է 27.04.2014
Իմ հող ու ջուր, իմ Հայաստան
Մի բուռ գարուն Շամշադինից





Էլի գարուն, էլի հույսեր
Կաթիլ-կաթիլ մանկությունից
Ամենագեղեցիկ երաժշտությունը, որ լսել եմ կյանքում, անձրևի կաթկթոցն է տանիքի վրա և հատկապես այն ժամանակ, երբ նստած ես սարի օդայի (տնակ) լռության մեջ ու ամբողջ էությամբ սուզվում ես դրա մեջ:
Մանուկ ժամանակ հաճախ էի լինում սարում ու մինչև հիմա էլ սիրում եմ այնտեղի կյանքը: Սիրում եմ սարի հանգստությունը, անդորրը, լռությունն ու աղմուկը: Հիշում եմ` գրեթե ամեն գիշեր սարի տղաները դուրս էին գալիս օդաներից ու սկսում հարայհրոցը: Երբ առաջին անգամ ականատես և ունկնդիր եղա դրան, մի տեսակ սարսափ զգացի, բայց ինձ բացատրեցին, որ այդպես գայլերին են քշում: Դրանից հետո այդ «ծեսը» նույնիսկ զվարճալի թվաց ինձ:
Սարերում եմ տեսել ամենագեղեցիկ մայրամուտը. այդ ժամանակ եմ ես տեսել կյանքումս տեսած ամենամեծ արևը, չգիտեմ` պատճառը բարձրությունն էր, թե այն, որ ես էի շատ փոքր:
Սարում են ապրում տատիկս ու պապիկս, և թերևս սա է գլխավոր պատճառը, որ սիրում եմ սարում լինելը: Տատիկս ու պապիկս այնտեղ անասուն են պահում, պապս նաև մեղվաբուծությամբ է զբաղվում: Երբ փոքր էի, մորս հետ գնում էի նրանց մոտ ու շաբաթներով մնում, իսկ միջնեկ եղբայրս` Դավիթը, մեզնից մի շաբաթ շուտ էր գնում:
Հինգ տարեկան էի այն ժամանակ, երբ պատահեց այն դեպքը, որի մասին ուզում եմ պատմել:
Առաջին տարին էր, որ գնացել էի սար: Դավիթը ինձ ու մյուս եղբորս` Սարգսին, տարավ սարի «տեսարժան վայրերը» ցույց տալու: Զառիվերը բարձրանալով` հասանք մի տեղ, որը սարեցիները կոչում են Առյուծի քար: Վերադարձին Դավիթը մեզ խորհուրդ տվեց վազելով իջնել, որպեսզի շուտ տեղ հասնենք: Ինքը շատ հեշտությամբ վազելով մի րոպեում հասավ տեղ, մենք էլ հետևեցինք նրան: Բայց մի քանի քայլից հետո սկսեցինք գլորվել: Սարգսի բախտը բերեց. նրան բաժին էր ընկել հարթ ճանապարհ, իսկ ինձ` քարքարոտ: Երեսս ամբողջությամբ արյուն էր, և ամբողջ գիշեր չկարողացա քնել: Այդ օրը իր հետքը թողել է երեսիս վրա. հոնքիս վերևում նշմարվում է մի փոքրիկ սպի: Չնայած ցավոտ էր, բայց հիմա, երբ հիշում եմ, մտածում եմ, որ այդ ցավը փոքրիկ կաթիլներով ավելացնում է մանկությանս քաղցրությունը:










































