Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ոչ բարով արագիլը

-Լաուր, վերջապես դու էլ դարձար 16 տարեկան, շնորհավոր,- Լաուրան երևի մեր դասարանի ամենափոքր աշակերտն է, և բոլորս սպասում էինք հենց նրա ծննդյան օրվան, որ վերջապես թեկուզ մի քանի օրով նա դառնա մեր տարիքին, քանի որ այդ տարի գրեթե բոլորս դառնում էինք 17 տարեկան:

-Տասնվե՜ց, տասնվե՜ց, տասնվե՜ց, չիմացանք, թե ինչպես գլորվեց…,- սկսեց երգել Լաուրան, ով ամեն անգամ 16 թիվը լսելիս սկսում էր երգել այս երգը… Նույնիսկ արդեն անտանելի էր դարձել, և բոլորս զգուշորեն, կամ թաքուն էինք ասում այդ թիվը:

-Մերոնք նոր ծնված երեխուն ոնց էլ չեն վախեցել ու տանը մենակ են թողել,- ասաց Լաուրան, ով հենց իրեն նկատի ուներ, քանի որ այնպես էր ստացվել, որ իր ծնողները այդ օրը տանը չէին լինելու, իսկ Լաուրայի ծնունդը նշելու էին հաջորդ օրը,-աղջիկներ, պարապմունքներից հետո եթե ազատ լինեք, եկեք մեր տուն «գործ» անելու, համ էլ ծննդիս օրով մենակ չեմ լինի:

Ամենամոտը Լաուրիկենց տանը ապում էինք ես, Սվետան և Մանեն: Մանեն Երևանում էր, այնպես որ ես և Սվետան երեկոյան այցելեցինք հոբելյարին: Նախ գնացինք մի քիչ առևտուր արեցինք… Մեզ հարիր առևտուր, այսինքն՝ քաղցրեղեն, հետո գնացինք տուն ու անցանք գործի… Ավելի ճիշտ, անցան գործի, քանի որ ես հիմնականում նկարում կամ խանգարում էի, բայց ինձ համար էլ գործ ճարեցին, այնպես որ ես ադիբուդի էի պատրաստում: Քանի որ մնացած մանրամասնությունները չեն հետաքրքրի, անցնեմ բուն նյութին:

Զանգ է գալիս տան հեռախոսին, Լաուրան պատրաստվում է վերցնել այն, երբ … «Բարով արագիլ, բարի արագիլ»… Չէ, երբ հիշում եմ, զգում եմ, որ այդ բառերը երգվում էին մեր համար ոչ այնքան բարով, քանի որ ձայնը գալիս էր շատ խուլ տեղից ու անընդհատ կտրտվելով, և բացի այդ հիշեցնեմ, որ այն գալիս էր հեռախոսից:

-Երեխեք, էս ի՞նչ ա, վախենում եմ,- անկեղծ ասած իրոք վախեցել էինք:

-Լավ, ինչի՞ եք վախենում, կարող ա` գլխներիս սարքում են,- փորձում էինք իրար հանգստացնել, երբ քիչ անց նորից զանգ եկավ ու նորից նույն ձայնը:

-Ո՞նց, էս ձենը հեռախոսը դեռ չվերցրած էր գալի՞ս, մամայիս եմ ուզում,-արդեն իրոք վախեցած ասացի ես, որ քիչ առաջ փորձում էի հանգստացնել:

-Լավ սպասեք, խուճապի չենք մատնվում, ամեն ինչ լավ ա, հիմա գնում ենք հեռախոսի մոտ ու հասկանում, թե ինչ ա խախտվել դրա մեջ,-փորձում էր սառնասրտությունը չկորցնել Սվետան:

Խիզախություն ենք հավաքում և նորից գնում հեռախոսի մոտ, երբ զանգում են, բաց այս անգամ սկսում է ինչ-որ տատիկ խոսել:

-Հա, երեխեք, էս հաստատ ինքնապատասխանիչն ա միացել,-ուրախացած ասաց Լաուրան ու շունչ քաշեց, բայց երբ էլի միացավ «Բարով արագիլը», երեքով վազեցինք խոհանոց ու դուռը փակեցինք:

Լաուրան որոշեց զանգել ծնողներին, իմանալու, թե երբ են գալու, և պարզվեց, որ մեքենայի միջից զանգելով տան հեռախոսին, իրոք, մի քանի զանգից ավտոպատասխանիչն է միացել, իսկ երգը ուղղակի մեքենայի միջից եկող ձայնն է եղել: Դե հանգստացանք, ու որոշեցինք, որ ես ու Լաուրան տանում ենք Սվետային ճանապարհելու:

-Սպասեք, բա ճանապարհին ինչո՞վ ենք զբաղվելու,-ասացի ես ու վերցրեցի հացամանը, որի մեջ լցնում էի ադիբուդին, որ հովանա,-այ հիմա գնացինք:

Արդեն բավականին մութ էր, այնպես որ մենք և մեր ադիբուդով լիքը հացամանը չէինք երևում, բացառությամբ այն դեպքերի, երբ մեքենա էր անցնում, և լույսերը ընկնում էին մեր վրա:

-Պահի էդ հացամանը, խայտառակ եղանք,-ասում էր Լաուրան, իսկ ես ծիծաղելով ասում էի.

-Վերջը…

-Չասես,-հասկանալով ինչ եմ պատրաստվում ասել, ասաց Լաուրան:

-Էսօր դարձար…

-Ասացի` չասես.: Սվետա, պահիր ինձ:

-16 տարեկան:

-Տասնվե՜ց,տասնվե՜ց, տասնվե՜ց…

Գնդապետ հայրս

Ամեն աղջնակի հպարտություն, ամեն երիտասարդի ուժ և օրինակ իր հայրն է, իսկ ինձ համար նա մի ամբողջ աշխարհ է: 

Հայրս` Մինաս Հրանտի Սարգսյանն է: Ծնվել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում: Նա զինվորական է`հայկական բանակի գնդապետ: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, և հայ-ադրբեջանական հակամարտությունները գնալով ավելի սրվեցին,  մինչև հայկական բանակի ստեղծվելը տարածաշրջանի երիտասարդներով, որսորդական հրացաններով կազմակերպել են տարածաշրջանի ինքնապաշտպանությունը: 1992 թվականի օգոստոսի եռամսյա հավաքներին,  շրջանի  զինկոմիսարիատին կից ստեղծված գումարտակում ծառայության անցավ որպես դասակի հրամանատար: Ինժեներ-հիդրոտեխնիկի մասնագիտությունը փոխարինվեց զինվորականի պատասխանատու ծառայությամբ: Ծառայում է հայկական բանակում շուրջ 24 տարի: Ծառայության հանդեպ ունեցած սերս ինձ փոխանցվել է ժառանգաբար: Դոմինանտ է հանդիսացել և հուժկու հարված տալով ռեցեսիվին, մտել է իմ գենոտիպի մեջ: Ես էլ հիմա հուժկու հարված եմ տալիս իմ երկրորդ եսին և գնում եմ ինձ պարուրած ծառայության հետևից…

Այսօր, երբ արթնացա, ասես, ինչ-որ բան իմ ներսում փոխված լիներ: Եվ որոշ ժամանակ անց հասկացա, թե դա ինչն էր: Մեծացել է ևս մեկ տարով իմ բանակը:

Հայրս ծառայությունից տուն եկավ: Ես մոտեցա և ինչպես բնորոշ է ինձ, զեկուցեցի.

-Իմ հերթապահության ընթացքում ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել: Տան հերթապահ`Սարգսյանների անդրանիկ դուստր` փոխգնդապետ Սարգսյան:

-Ազատ,- ծիծաղելով պատասխանեց հայրս… 

Ձանձրալի արձակուրդները

Այնքան ուրախացա, երբ արձակուրդները երկարացրեցին: Բայց այդ ուրախությունը շատ կարճ տևեց: Արդեն մեկ ամիս է, ինչ դպրոց չենք գնում: Չեք հավատա, բայց կարոտում եմ: Ես էլ եմ զարմանում ինքս ինձ վրա: Ավելի մանրամասն ներկայացնեմ…

Անցավ ևս մեկ շաբաթ: Ուրբաթ օրը արդեն հոգեպես պատրաստվում էի դասի գնալուն, այն մտքին, որ երեք օրից նորից ծանրաբեռնված եմ լինելու, հանկարծ տեղեկանում եմ, որ կրկին մեկ շաբաթ արձակուրդն է մեզ «հյուր» եկել: Այդ ժամանակ չգիտեի` տխրեի, թե ուրախանայի: Անցավ երկու օր, և ես հասկացա, որ ուզում եմ դասի գնալ, դաս անել, շփվել դասարանիս երեխաների հետ, դաս պատասխանել և լսել, թե ինչպես է ուսուցիչս դասը չսովորած երեխայի վրա բարկանում:

Այդ մեկ շաբաթն էլ անցավ: Եվ նորից վատ լուր ստացա: Ինձ թվում է, արդեն հասկացաք, թե ինչ նորության մասին է գնում խոսքը: Չգիտեի`արդեն ինչով եմ զբաղվելու ևս մեկ շաբաթ: Արդեն ձանձրացել էի տանը, անգամ համակարգչային խաղերի և սոցիալական ցանցերի հավես էլ չունեի: Ամեն անգամ, երբ ձանձրանում էի, ասում էի.

-Դասի եմ ուզում գնալ… Մամ, ինձ դասի տար:

Նման նախադասություն ես իմ կյանքում առաջին անգամ էի ասում…

Ասացինք` արի, բայց ոչ այսքան

Լուսանարը՝ Տաթեւիկ Հարությունյանի

Լուսանարը՝ Տաթեւիկ Հարությունյանի

Դեկտեմբերի 29-ն էր, ձյան ճերմակությամբ հիանում էինք միայն մեր Վահան գյուղը շրջապատող սարերին նայելով: Մոտենում էր Նոր տարին, և կարծես ամեն մեկը մտքում դժգոհում էր ժամանակին ոչ համապատասխան եղանակից, և բացի այդ, ի՞նչ Նոր տարի առանց ձյուն:

Բոլորը տներում խառնված պատրաստվում էին Նոր տարուն, խանութներում «շունը տիրոջը չէր ճանաչում»:

Ես սիրում եմ, որ Նոր տարուն փաթիլները հանգիստ պարելով իջնում են ներքև, բայց հակառակ իմ ցանկության, ձյան մեկ փաթիլ անգամ չկար, և ես անընդհատ մտքումս ասում էի.

-Երանի ձյուն գա, երանի ձյուն գա…

Այնպիսի տպավորություն էր, կարծես եղանակը լսեց ինձ ու բարկացավ:

Դեկտեմբերի 31-ի առավոտյան արթնացանք ու տեսանք համարյա մեկ մետրի հասնող ձյան շերտ: Դրանից հետո ցրտաշունչ քամին վեր կացավ, և սկսեցին սառնամանիքները:

Հայրս նայեց պատուհանից դուրս և ասաց.

-Ասացինք` արի, բայց ոչ այսքան:

Ուրեմն հայրս էլ էր մտքում կրկնել` երանի ձյուն գա…

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Կրակների միջով դեպի հասունացում

Չգիտեմ, ուրիշ վայրերում կա՞ այս՝ կարելի է ասել, տարօրինակ, բայց զվարճալի սովորությունը թե ոչ, բայց Ճամբարակում Նոր տարին նոր տարի չի լինի, եթե դեկտեմբերի 31-ի գիշերը փողոցներում չտեսնես մի խումբ մրոտ դեմքերով պատանիների և ծխի մի մեծ ամպ: Չգիտեմ, ձեր մտքով ինչ անցավ, բայց ես խոսում եմ անիվ վառելու մասին:
Հայրս պատմում է, որ իրենք բարձրանում էին բարձր սարեր, որպեսզի բոլոր տեղերից տեսանելի լինի, և նույնիսկ այդ անիվներով տվյալ տարվա տարեթիվն էին գրում և վառում, պատկերացնում եմ` ինչ գեղեցիկ է եղել: Քեռուս տղան, ով 23 տարեկան է, պատմում է, որ իրենք անիվները վառում և սարերից գլորում էին, իսկ ահա եղբայրս, ով 12 տարեկան է, այս տարի առաջին անգամ մասնակցեց այդ «պատվավոր» արարողությանը, սակայն նա և իր ընկերները այս տարի բավարարվել էին միայն քաղաքի ոչ այնքան բանուկ վայրում դրանք վառելով: Ինչպես նկատում եք, այդ ավանդույթի «էվոլուցիան» մի քիչ հետ է ընթանում, բայց ամեն դեպքում չի կորցնում իր արդիականությունը:
Ինչպես նշեցի, եղբայրս առաջին անգամ այս տարի էր մասնակցում: Նա և իր ընկերները սեպտեմբերից արդեն սկսել էին անիվների «որսը»: Անիվներ էին բերում ամենահավանական և անհավանական վայրերից: Դեկտեմբերի 31-ին Դավիթը դուրս եկավ տնից մեծ ոգևորությամբ և վերադարձավ… Լավ, նրա վերադարձը պատմեմ մի քիչ մանրամասն: Նա բացեց տան դուռը, բոլորիս հայացքները կանգ առան նրա վրա: Բոլորս մտածում էինք, որ ամեն դեպքում մենք տնից ճանապարհել էինք սպիտակամորթ Դավիթի, բայց այժմ մեր առջև կանգնած էր սև դեմքով մեկը: Անզուսպ ծիծաղը պատեց բոլորիս: Եղբայրս զարմացած գլուխը թեքեց այն կողմը, որտեղ հայելին էր դրված, հայացքը իրենից փախցրեց, և երևի իր սեփական տեսքը չճանաչելով, անջատեց քիչ առաջ միացրած լույսը: Վազեց լոգարան ու դուռը փակեց, սակայն նրա ամեն շարժումը մայրիկի համար դաժան փորձություն էր, քանի որ ինչին կպնում էր, թողում էր իր սև հետքը: Երկար համոզելուց հետո կարողացա գոնե մե անգամ նկարել նրան, և ամեն անգամ այդ նկարին նայելով, երևի նա կհիշի իր առաջին մասնակցությունը այդ ամանորյա զվարճանքին:

Ձյունառատ ամանոր

Կալավանում ձյունառատ ամանոր է: Ձյունը այնքան շատ է, որ հնարավոր չէ տանից դուրս գալ: Մարդիկ չեն կարողանում այցելել միմյանց և շնորհավորել: Իսկ ես ընտանիքիս հետ գնացել եմ միայն տատիկիս տուն, որովհետև նրանք մոտ են ապրում, իսկ ընկերներիս և ուսուցիչներիս տուն գնալու համար պետք է հաղթահարեմ ձյան մետրանոց շերտերը: Ցավալին այն է, որ այդքանից հետո դեռ չեն մաքրել ճանապարհների ձյունը: Մաքրող մեքենանեը պետք է գան Ճամբարակ քաղաքից և մինչև տեղ հասնեն, բավական ժամանակ կանցնի: Բայց ասացին, որ արդեն ճանապարհ են ընկել և շուտով կհասնեն:

Միայն պետք է հուսալ, որ ճանապարհին չեն փչանա և տեղ կհասնեն:

Ձմռան խաղեր

Լուսանկարը՝ Մանե Մ. Սարգսյանի

Լուսանկարը՝ Մանե Մ. Սարգսյանի

Շատերին հետաքրքրում է, թե ինչպես է անցնում ձմեռը Ճամբարակում: Իմ կարծիքով ձմեռը Ճամբարակում նման չէ մնացած քաղաքների ձմռանը: Ինձ համար Ճամբարակի ձմեռը ավելի տաք է, քան մայրաքաղաքինը: Քաղաք Ճամբարակը զգեստափոխվել է, հագել է սպիտակ զգեստ: Ձմռանը Ճամբարակը ավելի գեղեցիկ է, քան տարվա մնացած եղանակներին:
Ճամբարակում ձմեռը ավելի հետաքրքիր է անցնում դպրոցում: Երբ այստեղ առաջին ձյունն է գալիս, աղջիկները վախենում են դպրոցից դուրս գալ, որովհետև գիտեն, որ տղաները «հորելու են»: Երբ դուրս են գալիս խանութ գնալու, վազելով են գնում, որպեսզի չհասցնեն իրենց հարվածել ձնագնդիկով: Շատ հետաքրքիր ձևերով են խաղում դասարանի աղջիկներն ու տղաները: Խաղի սկզբին աղջիկները մի թիմ են կազմում, իսկ տղանները` մեկ այլ, և սկսում են միմյանց ձնագնդերով հարվածել: Երբ աղջիկները տեսնում են, որ չեն կարողանում պայքարել տղաների դեմ, սկսում են ամեն տարի օգտագործված նախադասությունը ասել. «Վերջ, ես տղաների կողմից եմ…»: Մի խոսքով, ձմեռը Ճամբարակում շատ հետաքրքիր է անցնում:

Մեկ տարի անց

Լուսանկարը՝ Տաթեւ Խաչատրյանի

Լուսանկարը՝ Տաթեւ Խաչատրյանի

12.12.2014թ. այդ օրը լրացավ իմ 16-ամյակը: Ուրախ ու հետաքրքիր անցավ, նշեցի դպրոցի երեխաների և ուսուցիչների հետ: Երբ արդեն դասերը վերջացել էին, ու մենք պատրաստվում էինք տուն գնալ, եկավ «Մանանա» թիմը: Նրանք ցանկացան զրուցել մեզ հետ, ծանոթանալ մեր առօրյային և դպրոցական կյանքին: Երբ զրույցի ժամանակ ասացի, որ սիրում եմ ստեղծագործել, նրանք ցանկացան կարդալ շարադրություններս ու բանաստեղծություններս: Այդ պահին շատ ուրախացա, այն իրական չթվաց: Նրանց դուր եկավ ստեղծագործություններս, և ինձ առաջարկեցին փոխանակել էլեկտրոնային փոստերը, որպեսզի նյութերս և շարադրություններս ուղարկեմ իրենց:
Սիրտս ուրախությունից թրթռում էր այդ պահին: Նրանք կարծես երազանքներիս թևեր տվեցին ու ճախրելու հնարավորություն: Մինչև նրանց հանդիպելը այդ ամենը զուտ երազանք էր, որ թևեր չուներ:
Այդ օրը դարձավ տարվա ամենամեծ նվերը ինձ համար:
12.12.2015թ.: Ուղիղ մեկ տարի անց: Օրեր առաջ լրացավ իմ 17-ամյակը, ու «Մանանա» թիմի հետ հանդիպման առաջին տարին: Շնորհակալ եմ, որ Ձեր մեծ ընտանիքի անդամ եմ: