Գրելուց առաջ նախ պետք է տեսնել, «հոտն առնել»: Մի խոսքով, լրագրողին հնարամտություն է պետք: Եթե չունեք, խուզարկու վարձեք:
Գրեք շատ և առանց հոգնելու: Ճիշտ է, շատ գրելով Շեքսպիր չեն դառնում, բայց թերթում մի օր ձեր անունը կերևա:
Գրեք պարզ և հասկանալի: Եթե ուզում եք ասել, որ դուք տխուր եք կամ այսինչը տուն է գնում, այդպես էլ գրեք, էլ ի՞նչ եք գլուխներս տանում:
Գրեք առանց սխալների, կետադրական նշանները մի մոռացեք: Եթե չի ստացվում, կարող եք հեռուստալրագրող դառնալ:
Սկսեք մասնակցել մամուլի ասուլիսներին: Եթե ոչինչ էլ չգրեք, ձեզ դեմքով բոլորը կճանաչեն:
Ամեն տեղ շրջեք ձեր ձայնագրիչով: Եթե նույնիսկ պետք էլ չէ, հանեք պայուսակից, սեղմեք կոճակը: Թող տեսնե՜ն, թող իմանա՜ն, որ դուք լրագրող եք:
Ամեն տեղ թերություն փնտրեք (յա՜խք, ինչ էլ կեղտոտ «պադյեզդ» ա): Ինչքան շատ քննադատեք, այնքան շատ ձեզնից կվախենան:
Ինչքան անկապ գրեք, այնքան լավ: Օրինակ՝ ձեր հոդվածի հերոսին հարցրեք. «Ի՞նչ տարբերություն եք տեսնում կոկորդիլոսի և մածունի միջև»: Մինչ նա զարմացած լայն բաց կանի բերանը ու կճպճպացնի աչքերը, վրա տվեք՝ «Մածունը ոսկորներ չունի»:
Եթե նման խորիմաստությունն էլ չի օգնում, և հոդվածի ամենակարևոր մասում կտրվում է մտքի թելը, հանգիստ բազմակետ դրեք: Այդպես ավելի խորհրդավոր է:
Եթե այսքանից հետո էլ ոչ մի բան չկարողանաք գրել… Էլ ձեզ ի՞նչ ասեմ:
Ինչպես գիտենք, այժմ ընթանում է Աշխարհի 2018 թվականի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլը և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ժամանել էին Հայաստան: Օրեր առաջ կարողացա հանդիպել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի և Էդգար Մանուչարյանի հետ: Հենրիխ Մխիթարյանին չհաջողվեց հարցեր տալ, սակայն փոքրիկ հարցազրույց վերցրեցի Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանից:
-Ձեր կարծիքով, ի՞նչն է պակասում հայկական ֆուտբոլին, և ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ ավելի արդյունավետ խաղեր անցկացնելու համար:
-Այսպիսի հարց վաղուց չէին տվել: Մենք այժմ ունենք այնպիսի հավաքական, որը չենք կարող համեմատել, օրինակ, Գերմանիայի կամ Անգլիայի ազգային հավաքականների հետ, որոնք շատ հին պատմություն ունեն: Մենք որպես թիմ նոր ենք սկսում կառուցվել և կայանալ: Մեր կազմում շատերը դեռ պատանի ֆուտբոլիստներ են, այդ պատճառով ժամանակ է հարկավոր, որ ստաբիլ խաղեր անցկացնենք և հաջողությունների հասնենք:
-Եթե չընտրեիք ֆուտբոլիստի մասնագիտությունը, ուրիշ ի՞նչ ուղղություն կընտրեիք:
-Ճիշտն ասած, չէի մտածել այդ մասին, սակայն ինձ սպորտի մեջ եմ տեսնում: Եթե չընտրեի ֆուտբոլիստի մասնագիտությունը, սպորտի այլ ուղղություն կընտրեի:
-Եթե ընտրության հնարավորություն տրվեր, որտե՞ղ կցանկանայիք շարունակել ձեր կարիերան:
-Որտեղ ֆինանսապես ինձ ավելի հարմար լիներ, բայց ավելի շատ կցանկանայի Եվրոպայում շարունակել կարիերաս:
-Եվ վերջում, ինձ ամենից շատ հետաքրքրող և տարածված հարցը` Ռեալ Մադրի՞դ, թե՞ Բարսելոնա:
-Դիպլոմ չունե՞մ: Մի՜լ, ես գիտելիք ունեմ: Ընտիր գիտելիք: Ու անպայման գործ գտնելու եմ, հաստատ որպես թարգմանիչ կվերցնեն ինձ:
Ընկերուհիս՝ ինքնուս լեզվաբան Սոնան, ծնողների ֆինանսական վատ վիճակի պատճառով որոշեց չդիմել համալսարան և լրացնել դրա բացը՝ դառնալով իր իսկ դասախոսն ու դեկանը: Ընկերներից վերցրած տասնյակ հիանալի գրքերի, համացանցում առկա հազարավոր աղբյուրների և քրտնաջան աշխատանքի շնորհիվ երեք տարում յուրացրեց գերմաներենի բոլոր առանձնահատկություններն ու բարդությունները:
-Մի՜լ, մրցույթում գերմաներենի ֆակուլտետի էրեխեքից բարձր եմ ստացել,- մի անգամ գրեթե թռչկոտելով ասաց ընկերուհիս: Այդ օրվա հաղթանակն առաջինն էր, բայց ոչ վերջինը:
Հաղթանակաները նրան ավելի ոգևորեցին, և արդեն հաստատակամ մղվեց աշխատանք փնտրելու երկարուձիգ գործին:
-Հը՞ն, ի՞նչ եղավ:
-Չէ՛, Մի՛լ, դիպլոմ չունեի, երևի վստահություն չներշնչեցի: Մի երկու տեղ էլ մտա, ասացին՝ կզանգեն: Կզանգե՜ն, բա չէ՜:
Իրեն սփոփելու համար քմծիծաղ տվեց, բայց արցունքները, քմծիծաղի ստվերից դուրս գալով, հայտնվեցին Սոնայի այտերին:
-Ախր, գոնե հնարավորություն տային, քննեին, ստիպեին հարցաշարը լրացնել, ինձ հետ գերմաներեն խոսեին: Կանեի, Մի՛լ, ամեն ինչ կանեի, շատերից լավ կանեի: Բայց մտածում են՝ նույնիսկ բակալավր չի ավարտել, դրանից ի՞նչ լեզվաբան: Բայց ախր, դիպլոմ շատերն ունեն, գիտելիք՝ քչերը:
Եվ իրոք, ի՞նչ առասպելական ուժ ունի այդ դիպլոմը, որ իր ներկայությամբ վառում է լուսացույցի կանաչը, իսկ բացակայությամբ՝ անանցանելի է դարձնում բոլոր լայն ու նեղ փողոցները: Իսկ գուցե առանց բարձրագույն կրթության և վկայականի է՞լ է հնարավոր լավ մասնագետ դառնալ, գուցե և ավելի ստեղծարար, հնարավոր կաղապարներից էլ դուրս: Գուցե փորձե՞նք և աշխատանքի ընդունելիս պահանջենք ոչ թե թուղթ, այլ կիրառելի գիտելիք, ու ստուգենք համապատասխան հմտություննե՞րը:
Եվ ո՞վ գիտե, գուցե այդժամ ունենանք ավելի հաջողակ հիմնարկներ, ստեղծարար աշխատակիցներ, ուսանող, ով կսովորի ոչ թե վկայականի ու համալսարանի, այլ իր և իր գիտելիքի համար, և, ի վերջո, համալսարան, որը կձգտի տալ ավելի որակյալ կրթություն, մնայուն և կիրառելի գիտելիք ու կպատրաստի մրցունակ ուսանողներ:
«Է՜լ, շնորհավորում եմ, 20 ես ստացել ֆրանսերենը, անցել ես հաջորդ փուլ»,- իմ կյանքի հերթական օլիմպիադայի պատմությունը սկսվեց դասընկերներիցս մեկի՝ հենց այս ավետաբեր զանգով, ով ինձնից շուտ էր տեղեկացել օլիմպիադայի համայնքային փուլի արդյունքների մասին ու շտապել էր տեղեկացնել:
Չէ՛, ավելի ճիշտ, սկսվեց դպրոցական փուլի արդյունքներով, բայց դե, դպրոցականն ամենաառաջին ու, հետևաբար, ամենահեշտ փուլն է, որը հաղթահարելը առանձնապես մեծ բան չի նշանակում, առջևում դեռ երեք դժվարին փուլեր կան: Ընթերցողին ավելորդ անգամ ձանձրացնելուց խուսափելու համար բաց կթողնեմ քաղաքային և հանրապետական փուլերի դժվարությունները, լարված ու ծիծաղաշարժ պահերը, դրանց արդյունքներն իմանալիս ապրածս բերկրալից վայրկյանները: Երևի շարունակեմ այն մասից, երբ վերջապես իմացա, որ հաջորդ օրը հանձնվելու են հանրապետական փուլում Առաջին կարգի դիպլոմի արժանացած աշակերտների մրցանակները (ի դեպ, հենց այն նույն դասընկերոջս հեռախոսազանգից, ով նաև հայտնել էր վերը նշված ուրախալի լուրը): Վերջապես, որովհետև այդ պահին բոլորս էլ ստիպված ենք լինում սպասել բավականին երկար ու անհամբեր, դե՜, մինչև ավարտվում են մնացած օլիմպիադաներն ու ամփոփվում են դրանց արդյունքները ևս: Ինչևէ, մենք վերջապես Կրթության և գիտության նախարարությունում ենք: Աշակերտների մեծ մասն արդեն եկել է: Չնայած նրան, որ օրն անձրևոտ է, ու բոլորս էլ նյարդայնացել էինք քաղաքային խցանումներից՝ կարևորը, որ հիմա այստեղ ենք՝ բարձր ու տոնական տրամադրությամբ: Դե՜, անհնար է բարձր տրամադրություն չունենալը, երբ գիտակցում ես, որ ընդհանուր առմամբ այս տարի օլիմպիադաների մասնակցած աշակերտները 47500-ն էին, բայց միայն դու և քեզ հետ 61 հոգի են այսօր այս սրահում: Մի խոսքով, նախարարն իրեն երկար սպասեցնել չի տալիս: Մենք կլանված լսում ենք նրա ելույթը՝ հետաքրքրական ու իմաստալից, իսկ այն պահին, երբ պարոն Մկրտչյանը հայտարարում է, որ մեր անընդհատ զարգացող պետության բախտը մեր ձեռքում է լինելու, և պիտի շարունակենք մեր հաջողությունները, մարմնովս մի տարօրինակ դող է անցնում: Ես հասկանում եմ՝ կարող եմ լինել այն քչերից, ում լինել-չլինելով, ում գործել-չգործելով, մեր մի բուռ հայրենիքում ինչ-որ բաներ կարող են փոխվել: Ու վճռում եմ լինել և գործել, որպեսզի հետո հայրենիքս բարելավվի իմ շնորհիվ:
Արդեն երեկո է, բայց ես տանը չեմ: Բնական է. երկու օրից Վերջին զանգն էր, բոլորս էլ զբաղված էինք: Իսկ ընկերներիցս ու ծանոթներիցս շատերը զանգահարում ու գրում էին ինձ, ասում էին՝ հեռուստացույցով տեսանք քեզ, շատ վարժ էիր խոսում (մոռացա ասեմ՝ մինչև նախարարի գալը հասցրի հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց տալ): Ես ջերմորեն շնորհակալություն էի հայտնում, բայց իրականում չգիտեմ՝ իսկապե՞ս լավ էի դուրս եկել կադրում, որովհետև չէի կարողացել դիտել հաղորդումը: Այդպես էր նաև երեք տարի առաջ. էլի բոլորը տեսել էին ինձ դիպլոմը ստանալիս, բացի ինձնից: Ինչո՞ւ: Որովհետև էլի ավարտում էի, էլի զբաղված էի: Ընդհանուր առմամբ ամեն ինչ նույնն էր՝ նույն զգացողությունները, դիպլոմի արտաքին նույն դիզայնը, միայն թե այս անգամ առարկայի տեղում «հայոց լեզու»-ի փոխարեն գրված էր «ֆրանսերեն», դասարանն էլ՝ 9-րդի փոխարեն՝ 12-րդ:
Դե՜ ինչ, մնաք բարով դպրոցական օլիմպիադաներ, հիմա հերթը համալսարանականներինն է:
Հունիսի մեկին ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը և «Մանանա» կենտրոնը համատեղ հայտարարել էին երեխաների իրավունքներին նվիրված լուսանկարների, Էսսեների և ֆիլմի սցենարների մրցույթ: Մրցույթի մեկնարկից սկսած մինչև ավարտը հանրապետության բոլոր մարզերից 7-ից 17 տարեկան երեխաներից ու պատանիներից ստացվել էր 50-ից ավելի հայտ: Ժյուրին առանձնացրել էր տարբեր տարիքային խմբերում առաջին, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակներ, ինչպես նաև խրախուսվել էին որոշ աշխատանքներ:
Հայտարարված մրցույթին իրենց մրցանակներով միացել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Հայ գրողների միությունը, ԱՐԱՏՏԱ իրավախորհրդատվական կազմակերպությունը, Save the Children Armenia երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը:
Մինչ մրցանակակիրների անունները հայտարարելը՝ մասնակիցները դիտեցինք «Մանանա» կենտրոնի նկարահանած երեխաների իրավունքների մասին սոցիալական գովազդները՝ պատասխանելով իրավունքներին առնչվող հարցերին:
Մայիսի 27-ին Երևանը տոնում էր Եվրոպայի օրը: Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Հյուսիսայն պողոտայում անցկացվում էր տեղեկատվական ցուցահանդես, որին մասնակցում էին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ավելի քան 50 ծրագիր:
Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագրերի կողքին իր տեղն էր գտել նաև մեր՝ «Մանանա» կենտրոնի տաղավարը, քանի որ մենք էլ իրագործում ենք «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիրը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակը՝ Հայաստանում երիտասարդական քաղաքացիական լրագրության զարգացումն է, և լրագրության, լուսանկարչության, կինոնկարահանման գործնական դասընթացներ, սեմինարներ և մեդիա ճամբարներ են կազմակերպվել բոլոր մարզերի 14-ից 24 տարեկան պատանիների ու երիտասարդների համար:
Ու քանի որ մենք պատանի թղթակիցներ ենք, ուրեմն հանդես եկանք իբրև թղթակիցներ. փորձեցինք այդ օրը շրջել տաղավարներում, հարցազրույցներ անել, լուսանկարել և տեսանկարահանել Եվրոպայի օրը: Բոլոր ծրագրերին չենք անդրադառնա, քանի որ մեր գործընկերները Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Կապանում և Եղեգնաձորում արդեն գրել են շատ ծրագրերի մասին:
***
«Դասարան» կրթական ծրագիր
Դասարան կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյան:
-Դասարան կրթական ծրագիրը դա դպրոցների էլեկտրոնային կառավարման համակարգ է, որը կրճատում է Երևան և հանրապետության տասը մարզեր հեռավորությունը աշակերտների միջև և բոլորին տալիս հավասար կրթվելու հնարավորություն:
Dasaran.am-ի հիմնական ծրագրերից է նաև կոտրել սովետական կարծրատիպը գիտելիք ձեռք բերելու վերաբերյալ: Մենք իրականացնում ենք կրթության խաղայնացում, այսինքն, խաղերի միջոցով կրթելու տարբերակ, այդ իսկ պատճառով հենց հիմա այստեղ իրականացնում ենք խաղ, որով ցանկանում ենք հասարակությանը ցույց տալ, որ խաղերի միջոցով կրթություն ստանալը ավելի հետաքրքիր է:
Իսկ մեր գլխավոր ծրագրերից մեկը՝ էլեկտրոնային մատյանը, թույլ է տալիս ծնողներին ամենօրյա ռեժիմով տեսնել իրենց երեխայի դպրոցական առաջադիմությունը:
***
Erasmus+
Հայաստանում « Erasmus+» ծրագրի ազգային գրասենյակ, ծրագրի պատասխանատու Անի Թորոսյան:
-«Erasmus+» ծրագիրը եվրամիության նոր ծրագիր է: Կրթության վերապատրաստման, սպորտի և երիտասարդության հարցերով է զբաղվում: Մեր գրասենյակի մանդատը ներառում է միայն ծրագրի բարձրագույն կրթության ուղղությունը: Երեք գործողությունների շրջանակներում մի շարք հնարավորություններ է ընձեռում՝ կրթաթոշակների տրամադրում անհատներին և ուսանողներին փոխանակվելու հնարավորություն երեքից տասներկու ամսով և անհատներին, ովքեր արդեն իսկ ունեն բակալավրի դիպլոմ, կրթաթոշակի տրամադրում, որպեսզի ստանան մագիստրոսական կրթություն: Համագործակցությունը ծրագրային երկրների և գործընկեր երկրների միջև է: Հայաստանը հանդիսանում է գործընկեր երկիր: Կա երեսուներեք ծրագրային երկիր: Դրանք եվրամիության անդամ քսանութ երկրներն են, ինչպես նաև Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը, Նորվեգիան, Մակեդոնիան և Թուրքիան:
Հայ ուսանողն ունի հնարավորություն սովորելու վերոնշյալ երեսուներեք երկրների բուհերում, եթե իր համալսարանն ունի փոխանակման ծրագիր, եթե ոչ, ապա կարող է մասնակցել մագիստրոսական կրթություն ստանալու ծրագրերին:
Մեր դերը իրազեկելն է հայ երիտասարդներին, իրազեկել նրանց այս հնարավորության մասին, իսկ եթե ուսանողը ընտրվում է, մենք կատարում ենք մոնիթորինգ:
***
Հայաստանում Ֆրանսիական Համալսարան (UFAR)
Հայաստանում Ֆրանսիկան համալսարանի ռեկտոր պրն. Ժան-Մարկ Լավեստ:
-Արդեն տասնհինգ տարի է, ինչ հիմնադրվել է Ֆրանսիական համալսարանը: Համալսարանը այժմ ունի չորս ֆակուլտետ՝ կառավարում, մարկետինգ, ֆինանսներ և իրավաբանություն, իսկ եկող տարի ֆակուլտետներին է ավելանում նաև ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Այսօր ներկայացնում ենք այն, ինչ կարևոր է համալսարանի պարագայում: Այսինքն՝ ինչ դիպլոմավորում են ստանում և հետագայում ինչ աշխատանք կունենան մեր շրջանավարտները: Կարևոր չէ միայն դիպլոմ ունենալը, հարկավոր է իմանալ, թե հետագայում որտեղ կարող ես աշխատել: Այսօր ներկայացնում ենք, թե մեր շրջանավարտները այսօր ի՞նչ աշխատանք են իրականացնում և որտե՞ղ են աշխատում, ի՞նչ պաշտոններ են զբաղեցնում, ինչքա՞ն աշխատավարձ են ստանում:
Ֆրանսիական Համալսարանը սիրով սպասում է իր բոլոր դիմորդներին:
***
«Ուրբան» հիմնադրամ
-Ես Արմինե Թուխիկյանն եմ, ներկայացնում եմ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը։
-Ի՞նչ ծրագրերով է հանդես գալիս «Ուրբան» հիմնադրամը։
-Եվրոպայի օրը մենք ներկայացնում ենք մեր մի քանի ծրագրերը, որոնք բոլորն էլ առնչվում են կենցաղային աղբի տարանջատմանը, վերամշակմանն ու վերաօգտագործմանը։ Մենք 3 ծրագիր ենք ներկայացրել, որոնք իրականացվում և իրականացվելու են հանրապետության տարբեր մասերում, մեկը՝ Իջևանում, մեկը՝ Գորիսում, մյուսը՝ Կապանում։ Մենք ձգտում ենք այնպես անել, որ թափոններն իրարից տարանջատվեն և վերաօգտագործվեն։
Ծրագրերից մեկը վերաբերվում է շինարարական ոլորտին․պլաստիկ թափոններն օգտագործում ենք ցեմենտի փոխարեն։ Այսինքն, մենք արտադրելու ենք սալիկներ, որոնք նախատեսված են հանրային տարածքների բարեկարգման համար։ Սկզբնական շրջանում մենք համագործակցելու ենք մի շարք քաղաքների հետ, այսինքն՝ այն քաղաքները, որոնք մեզ պլաստիկ թափոն կտրամադրեն, մենք նրանց անվճար կտրամադրենք այսպիսի սալիկներ, որոնք կարելի է ներկել և տարբեր ձևեր տալ, սա ուղղակի նմուշ է։
-Իսկ ինչպե՞ս համայնքապետարանները կարող են ստանալ այսպիսի սալիկներ։
-Առաջին հերթին այդ համայնքի բնակչության հետ պետք է շատ մանրակրկիտ աշխատանք տարվի, որպեսզի գիտակցեն, որ աղբը պետք է տարանջատել․պլաստիկը պետք չի խառնել կենցաղային աղբի հետ։ Նույնիսկ ավելի վատ դեպքեր էլ են լինում, որ մարդիկ այրում են պլաստիկը վառարաններում, կամ այրում են, որպեսզի հաց թխեն և այլն, որն ընդհանրապես չի կարելի, որովհետև դա շատ-շատ մեծ թույն է արտադրում։ Կարճ ասած, մարդկանց որոշակի բնապահպանական գիտելիքներ է պետք հաղորդել։ Դրանից հետո պիտի մեխանիզմներ ստեղծվեն, որպեսզի տարանջատվի աղբը։ Օրինակ, ես Երևանում եմ ապրում, գիտակցում եմ, բայց ես պլաստիկը թափում եմ ընդհանուր աղբի հետ, որովհետև չկա հնարավորություն տարանջատելու։
Հանդիպում ենք համայնքապետարանի աշխատակիցներին, զրուցում, եթե թիմը պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել, մենք պատրաստ ենք համագործակցել։
-Իսկ այսպիսի սալիկներ արդեն արտադրվո՞ւմ են։
-Այս սալիկները դեռ նմուշի կարգավիճակում են, բայց շուտով սպասվում է մասսայական արտադրություն։ Արտադրվելու են Կապանում, այժմ այնտեղ արտադրամաս է հիմնվում։
-Իսկ ի՞նչ արժե այսպիսի սալիկը։
-Բավականին էժան արժե՝ շուկայական գնից մոտավորապես 40%-ով էժան, որովհետև սրա 25%-ը աղբ է, այն աղբը, որը մենք թափում ենք։ Բայց սկզբնական շրջանում մենք պատրաստ ենք այսպիսի սալիկներ տրամադրել բոլոր այն համայնքներին, որոնք մեզ կմատակարարեն պլաստիկ աղբ, բայց հետո հնարավոր է նաև վաճառք լինի, որպեսզի բնապահպանական այս միտքը տարածվի։
-Սկզբնական շրջանում ո՞ր համայնքների հետ եք աշխատելու։
-Մենք արդեն իսկ աշխատում ենք Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի շուրջ 16 համայնքների հետ, պլանավորում ենք աշխատել ևս 10 համայնքի հետ։
***
Եվրոպական երիտասարդական պառլամենտ
-Ես Արմինե Այվազյանն եմ: Ներկայացնում եմ Եվրոպական երիտասարդական պառլամենտը, մասնավորապես Understanding Europe արագ դասնընթացները: Եվրոպական երիտասարդական պառլամենտը կրթական ծրագիր է, որը գործում է 40-ից ավելի երկրներում ու հիմնականում հնարավորություն է՝ երեխաների և երիտասարդների համար արտահայտելու իրենց մտքերը, քննարկումներ կազմակերպել տարբեր թեմաներով: Մեր կողմից տարեկան մոտավորապես 600 իրադարձություն է կազմակերպվում: Այս պահին մենք ներկայացնում ենք Understanding Europe արագ դասընթացները, որոնք նախնական պատրաստական ծրագիր են հայ երիտասարդների համար, որպեսզի նրանք հետագայում մասնակցեն տարատեսակ քննարկումների ու ֆորումների:
-Երբվանի՞ց է ձեր ծրագիրը գործում Հայաստանում:
-Ծրագիրը Հայաստանում գործում է 2012 թվականից:
-Ի՞նչ գործեր եք հասցրել անել այս ընթացքում:
-Իրականում այդ շղթան բավականին երկար է: Առանձին չեմ կարող ներկայացնել, բայց թերևս ամենակարևորներից մեկը միջազգային ֆորումն է՝ IEFA-ն , որը տարին մեկ անգամ անցկացվում է Հայաստանում: Աշխարհի տարբեր երկրներից մասնակիցներ են գալիս, որը նախ նպաստում է Հայաստանը դարձնել ճանաչելի և երիտասարդներին օգնում է ինքնահաստատվել: -Իսկ ի՞նչ է կատարվում Ֆորումի ժամանակ, ինչե՞ր եք քննարկում: -Ֆորումը իրենից ներկայացնում է պառլամենտի իմիտացիա: Յուրաքանչյուր անձ, որը իրեն հարազատ է գտնում որոշակի ոլորտ, դա կլինի՝ տուրիզմ, մարդու իրավունքներ, միջազգային հարաբերություններ և այսպես շարունակ, կարող է հանդես գալ որպես դելեգատ և քննարկում ծավալել ինչ-որ մի խնդրի մասին, որը տվյալ պահին «թեժ» է: Բնականաբար այնտեղ կա կարծիքների բախում ,քննարկումներ, և երիտասարդները բավականին շատ գիտելիքներ են ստանում այդ ամենից:
***
«Քաղաքացի դիտորդ»
-Ես Արման Ղարիբյանն եմ՝ «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության հանրային կապեր թիմի անդամ:
-Ի՞նչծրագրերեքիրականացնում:
-Մենք իրականացնում ենք դիտորդական առաքելություն՝ բոլոր ընտրությունների ժամանակ: Այս տարի խորհրդարանական ընտրություններին 3200-ից ավելի դիտորդներ իրականացրել են դիտորդական առաքելություն 1600 ընտրատեղամասերում, որը կազմում է Հայաստանի ընտրողների 90%-ը: Ունեցել ենք նաև Սփյուռքից դիտորդներ, ինչպիսիք են՝ Սերժ Թանկյանը, Արփինե Խանջյանը և այլք:
Երևանի ավագանու ընտրություններին նույնպես իրականացրել ենք դիտորդական առաքելություն: Նշեմ, որ մեր իրավաբանների թիմը նաև բողոքներ է ներկայացնում դատարանին: Օրինակ 2015թ. Ընտրությունները դիտարկելուց հետո 56 անձ դատապարտվեց ընտրախախտումների պատճառով, որը Հայաստանի համար մեծ թիվ էր կազմում: Այս տարվա ընտրություններից հետո նույնպես բողոքներ ներկայացնելու ենք:
-Ի՞նչծրագրերունեքառաջիկայում:
-Ասեմ, որ մեր պլանները միշտ նույնն են՝ դիտարկել ընտրությունները: Աշնանը կլինեն ՏԻՄ ընտրություններ, որի ժամանակ նույնպես կիրականացնենք մեր առաքելությունը:
Բացի տեղեկատվական հանդիպումներից մինչ ուշ երեկո Հյուսիսային պողոտայում տիրում էր ուրախ մթնոլորտ, հանդես էին գալիս տարբեր երաժշտական խմբեր, անց էին կացվում վիկտորինաներ, խաղեր, մրցույթներ, փոքրիկները նկարում էին:
***
«Ճանաչել, պաշտպանել, իրագործել»
Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի
-Ես այս ծրագրի կոորդինատրն եմ ՝ Նունե Գրիգորյանը: ԵՄ-ի ֆինանսավորման ծրագիր է, իրականացնում են Լիբանանի և Հայաստանի «Կարիտաս» կազմակերպությունները համատեղ: Ծրագրի թիրախ խումբը համարվում են սիրիահայերը: Սա սոցիալական աջակցության ծրագիր չէ, այլ ավելի շատ իրավական և շահերի պաշտպանության ծրագիր է: Սիրիահայերի համար մենք ունենք տարբեր տեսակի մասնագիտական դասընթացներ: Օրինակ, վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում և այլն: Ունենք նաև բիզնես դասընթացներ: Եթե սիրիահայերը ուզում են ստեղծել բիզնես, նախ պետք է մասնակցեն մեր թրեյնինգներին, այնուհետև բիզնես պլան կմշակվի, և այն կֆինանսավորվի: Իսկ Լիբանանում ավելի շատ իրավական հարցերով ենք զբաղվում, քանի որ Լիբանանում կա այդ խնդիրը:
Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի
-Իսկի՞նչհետագապլաններունեք:
-Ծրագրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Լիբանանում, Բեյրութում՝ մայիսի 4-ին: Ծրագրի բացումը Հայաստանում տեղի կունենա հունիսի 30-ին: Սա երեք տարվա ծրագիր է, սկսվել է 2017 հունվարի 1-ին, ավարտվելու է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին : Եվ քանի որ ծրագրի պաշտոնական բացումը ըստ էության Հայստանում դեռ չի եղել, մենք սկսել ենք մեր քայլերը թրեյնինգներ անելով, բայց իրավական և շահերի պաշտպանության հետ կապված աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, ապա կարելի է ասել, հիմա հետագա պլանների մասին ենք խոսում:
-Իմ անունն է՝ Արտաշես Թորոսյան: Ես Երևանի 198 ավագ դպրոցի տնօրենն եմ: Ծրագիրը, որը մենք ներկայացնում ենք, նախաձեռնված է Կրթության և գիտության նախարության և ԵՄ-ի կողմից: Նպատակն է՝ ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել Եվրոպական միության պատմությանը, կառուցվածքին, ավանդույթներին, արժեքային համակարգին և բոլոր այն հնարավորություններին, որոնք աշակերտները կունենան, եթե այցելեն Եվրոպա. սովորել այնտեղ կամ աշխատել, օգտվել ԵՄ-ի տված հնարավորություններից: Դասընթացը տևում է մեկ տարի, մասնակցում են 11-12-րդ դասարանների աշակերտները: Դասընթացը, իհարկե, շարունակվում է նաև բուհ-ում. այն ունի նաև բուհական բաղադրիչ: Աշակերտները մասնակցում են տարբեր միջոցառումների, ստեղծում են տարբեր ներկայացումներ, հիմնականում ներկայացվում է ուսումնական նախագծում և, հետևաբար, աշխատանքներն էլ որոշակի արդյունք են ունենում՝ որևէ պաստառի տեսքով և էլեկտրոնային տարբերակով: Ծրագրի արդյունքում այս տարվա վերջում, ԵՄ-ի դեսպանատների հետ համատեղ որոշում կայացվեց, որ ծրագրին մասնակցող դպրոցներից յուրաքանչյուրը կկցվի որևէ երկրի դեսպանատանը, և այդ դեսպանատունը կօժանդակի դպրոցին՝ կապեր հաստատել իր երկրի դպրոցների հետ, կիրականացնեն աշակերտների և մանկավարժների փոխանակում, ճանաչողական, մասնագիտական կողմնորոշման և զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր:
-Habitat for Humanity Armenia հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանն եմ: Հիմնադրամն այսօր ներկայանում է «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրով: Ծրագիրը 4 տարվա է, նախատեսված է երկու քաղաքների 45 բազմաբնակարան շենքերում կատարել էներգաարդյունավետության միջոցառումներ, ինչպես նաև 2 հասարակական շենքերում, Վայքում՝ մանկապարտեզ, Սպիտակում՝ Մշակույթի տունը։
-Իսկծրագրիշրջանակներումի՞նչքայլերեքիրականացնում։
- 4 շենքում կատարվելու է լրիվ ջերմամեկուսացում՝ արտաքին պատերի, դռների լուսամուտների փոխում, տանիքի վերանորոգում, իսկ 41 շենքում՝ մասնակի։ Մենք նաև պլանավորում ենք արևային ֆոտովոլտային համակարգեր տեղադրել մի շարք շենքերում: Ֆինանսավորման 80%-ը կատարում է ԵՄ-ն, իսկ 20%-ը՝ համայնքապետարանը։
Այսպես է վերնագրված հանրակրթական դպրոցի 11-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի ամենավերջին դասերից մեկը: Այստեղ խոսվում է պատերազմի և խաղաղության մասին, ջանք գործադրվում պատերազմի պատճառները բացահայտելու, խաղաղության հաստատման ուղիներ փնտրելու համար: Ես կարդում եմ, շարունակ կարդում: Բայց համաձայն չեմ գրեթե ոչ մի մտքի հետ: Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ, փորձում են բացատրել բազմաթիվ, բազմազգի ու տարակարծիք փիլիսոփաներ՝ սկսած Պլատոնից ու վերջացրած Կանտով: Վերջինս կարծում է, որ կառավարման հանրապետական ձևի տարածումը կկանխի պատերազմների առաջացումը ու կնշանավորի միջազգային խաղաղության դարաշրջանի հաստատումը: Այս մասը կարդալիս ակամա ժպտում եմ:
-Է՜հ, Կա՜նտ, Կա՜նտ, եթե միայն մեր ժամանակներում ապրեիր..,- ինքս ինձ կամացուկ ասում եմ ես, ապա ավելացնում,- բոլորը ժողովրդավար են, ազատական, բայց… Բայց պատերազմներ են աշխարհի բոլոր անկյուններում:
Հիմա կհարցնեք՝ լավ, ի վերջո, ի՞նչ է այդ պատերազմը: Պատասխանեմ: Գրքում նույնիսկ տրված է դրա պայմանական սահմանումը. «Պատերազմը բռնության ակտ է, որի միջոցով պատերազմող կողմը փորձում է մյուսին պարտադրել իր կամքը»: Բայց մի՞թե: Մի՞թե պատերազմն այս բարդ ստորադասական նախադասությունն է: Չէ՛, հաստատ, չէ՛:
Պատերազմը… Պատերազմը սահմանամերձ գյուղերից երևացող հակառակորդի դիրքերն են, պատերազմը ականների ու փամփուշտների ձայների ներքո խաղացող մանչուկներն են, այդպես ապրել սովորած նրանց ծնողները: Պատերազմը սահմանին կանգնած զինվորական համազգեստով եղբայրներդ ու ընկերներդ են, որոնց վերադարձի օրերն ես անընդհատ հաշվում: Պատերազմը վերջերս տարածված տեսանյութն է, որտեղ հայ դիրքապահները պատժիչ գործողություններ են իրականացնում թշնամու նկատմամբ: Պատերազմն արյուն է ու վիշտ, կռիվ ու ՀԱՂԹԱՆԱԿ: Պատերազմը Քառօրյան է ու այն 100-ից ավելի տղաները, որ անմահացան… Պատերազմը ես ու դու ենք, որ շարունակելու ենք ապրել ու արարել՝ ի հեճուկս աշխարհի…
Ինձ տուն տանող երթուղայինն ամեն օր «ձևեր է թափում» և գալիս է միայն քառասուն րոպե սպասեցնելուց հետո։ Երբ ես դեռ կանգառում եմ, դասընկերներս այդ ընթացքում հասցնում են գնալ տուն, ճաշել, բողոքել, ալարել։ Բայց ի՞նչ արած, իմն էլ այդ է։
Եթե մոտենում եմ կանգառին և հանկարծ նկատում ինչ-որ հրաշքով երփուղայինն այնտեղ է, խելապատառ վազում եմ նրա մոտ, և հանկարծ այն չի սպասում, վազում եմ նրա հետևից, բայց չի կանգնում․․․
Այդ եղավ երեկ։ Վիրավորված և շնչակտուր կանգնեցի, մտածեցի՝ չունեմ ավելորդ քառասուն րոպե հաջորդին սպասելու համար։ Երևի ինձ սփոփելու համար էր, որ այդ պահին եկավ տատիկիս տուն գնացող երթուղայինը։ Նստեցի ինձնից գոհ, կարծես ի սկզբանե հենց այդ երթուղայինին էի սպասում։ Հասա տատիկենց թաղերը, իջա։
Կանգառից քիչ հեռու, մի կին յասամաններ էր վաճառում։ Տատիկիս ուրախացնելու հիանալի միջոց է անուշահոտ ծաղկեփունջը։ Ժպտալով մոտեցա.
-Բարև Ձեզ, ի՞նչ արժե։
-Փունջը՝ 1000 դրամ։
Սկսեցի մտածել՝ ո՞ր երանգի փունջն եմ ուզում։ Մինչ ես մտորումների մեջ էի, կինը չգիտեմ ինչ ենթադրելով՝ ասաց՝ 600-ով վերցրեք։
Ես այնպես նեղվեցի, այնպե՜ս։ Մի՞թե այդ յասամանների արժեքը կարելի էր շատ համարել, մի՞թե տատիկիս ուրախացնելու միջոցը կարելի էր սակարկել։