Կողբ հիմնադրամը ներկայացնում է

Մայիսի 13-ին Լոֆթում տեղի ունեցավ հանդիպում պատմաբան և հրապարակախոս Համլետ Դավթյանի հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Կողբ կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամը։ Հանդիպման նպատակն է՝ համահարթակ ստեղծել, որտեղ նոր գաղափարներ կծնվեն։ Հիմնադրամի տնօրեն Արթուր Աբովյանն ասաց, որ հանդիպումները շարունակական են լինելու, իսկ թեմաները՝ հանդիսատեսի կողմից առաջարկված;

Հանդիպման ընթացքում Համլետ Դավթյանը սիրով պատասխանում էր ներկաներին հուզող հարցերին, շարադրում իր տեսակետները:

Լուսանկարները՝ Դիանա Շահբազյանի

amalya harutyunyan

Մեկը` կապտականաչ դպրոցից

Մտնում եմ ներս, կապույտ կամ էլ կանաչ (էդպես էլ չեմ հասկացել նրանց գույնը) պատեր, քայլում եմ առաջ, սկսում եմ ոտքերս գետնին դնել կամաց ու անձայն, որ նկատելի չլինեմ, քայլում եմ հանդարտ, նպատակակետ ունենալով, բայց հոգու խորքում ուզենալով չհասնել նրան: Հասնում եմ, ոտքս կդնեմ, մեկ, երկու, երեք, չորս, էսպես կհաշվեմ 10-ը, կբացեմ դուռը, գլուխս կախ ու միաժամանակ զննելով նստածների դեմքերը կմտնեմ իմ կապտականաչ սենյակը, ու այդ պահին աշխարհի բոլոր պատճառաբանությունները հօդս կցնդեն, ստերն էլ հետը, ու միակ բանը, որ կանցնի մտքովս ասել, դա կլինի.
-Կներեք, ընկեր Գրիգորյան, էլի քնած էի մնացել:
Կանցնեմ նստարանների միջով, կքայլեմ առաջ, դասարանցիս` Անին, գլխով կհասկացնի, որ ես իր կողքը նստեմ, բայց հենց պայուսակս դնեմ սեղանին, կլսեմ ինձ այնքան ծանոթ ու միաժամանակ այնքան տխրեցնող արտահայտությունը:
-Ուշացողները նստում են դիմացը:
Հետ կգամ, կնստեմ ազատ աթոռներից մեկին, կողքիս կդնեմ պայուսակս, ու կպատկերացնեմ, որ ես մենակ չեմ:
Կբացեմ գիրքը, նորից կփակեմ, կնստեմ, աչքերս ուղիղ գրատախտակին, բայց միտքս կանցնի տիեզերքը ու Մարս կհասնի:
Հասարակ, դպրոցական օր, բայց մեկ-մեկ էլ միապաղաղ չէ, մեկ էլ տեսար՝ դպրոցում կվիճեմ ուսուցիչների հետ, ու այս անգամ ոտքերս ուժեղ խփելով գետնին կասեմ:
-Թե ինչի՞ ես եկա էս դպրոց, ուրիշ տեղ կգնայի:
Անվերջ կբողոքեմ, անվերջ ինձ ոչինչ դուր չի գա, բայց որ վայրկյանին մայրիկս գա ու ասի, որ այսօր չգնամ դասի ու նշի մի մեծ ու կարևոր պատճառ, բունտն ու վեճը պատրաստ է:
11-րդ դասարանում նույնիկս ռեկորդ էի սահմանել, 0 բացակա ունեի:
Հետո կգնամ մյուս կապտականաչ սենյակը, էստեղ էլ կքնեմ մի քիչ, էս հանգրվանի սեղաններն ավելի հարմար են բարձ ծառայում:
Կարթնանամ, կվազեմ թեմատիկի անսահման մեծ միջանցքում, իրարից շատ հեռու նստած, կփորձեմ բոլորի գրավորը գրել, ու վերջում էլ հասկանալ, որ իմը մոռացության եմ մատնել, ու աներևակայելի արագությամբ կգրեմ իմն ու մի անհոգ ժպիտով կհանձնեմ գրավորս:
Վերջում ուսուցիչս կբարկանա վատ գրավորիս համար, իսկ ես կժպտամ, որ ընկերներս բարձր են ստացել:
Հետո կգնամ մյուս կապույտ սենյակը, էստեղ էլ իբր վերջին զանգի խոսք կգրեմ, փորձ կանեմ, ու մի քիչ էլ կհանգստանամ շտեմարաններից, կգնամ ֆիզկուլտի դահլիճ, կխաղամ, կցատկոտեմ, կպարեմ, ու մյուս վայրկյանին կվազեմ կանաչ սենյակը` հայոց լեզվի պարապմունքի:
Ու մի ուրիշ օր էլ կմնամ դրսում ու ամբողջ շենքով կգոռամ.
-Հանգրվան եմ ուզում:
Երեխեքը կգան ու կհարցնեն, թե հանգրվանն ինչ կապ ուներ, իսկ ես այն տեքստը, որ օրը հինգ անգամ ասում եմ նույն հարցը տվողների համար, կպատասխանեմ:
-Ես կաբինետներին հանգրվան եմ ասում, որովհետև էնտեղ եմ քնում ու երազում:
Ու ի վերջո բովանդակալից օրից հետո կգնամ ու անմեղ հայացքով կխնդրեմ, որ պահակը դուռը բացի, որ տուն գնանք, չորս փորձ ձախողելուց հետո, նորից կփորձեմ, ու այս անգամ ամբողջ դասարանով դուրս կգանք ու կգնանք տուն:
Ու երբ մի քանի օր հետո էլ նույն բանալիով բացեն դուռը, որ մենք գնանք, այս անգամ մեզնից հետո փակելու են: Ու մեզ համար անհասանելի է դառնալու ոչ թե դպրոցից գնալը, այլ դպրոց գալը:
Մենք կիջնենք աստիճանները այնպես, որ ոչ ոք չնկատի: Բայց այս անգամ մեր գնալը բացահայտ կլինի:
Կմտնեմ համալսարան, գաղափար չունեմ՝ պատերը ինչ գույնի կլինեն, կքայլեմ առաջ, կսկսեմ ոտքերս գետնին դնել կամաց ու անձայն, որ նկատելի չլինեմ, կքայլեմ հանդարտ, նպատակակետ ունենալով, բայց հոգու խորքում ուզենալով չհասնել նրան, այլ հասնել դպրոց:

ella mnacakanyan yerevan

Վերջին մայիսը

-Էրեխե՜ք, սցենարը վերջացրե՛ք, արդեն մայիսն ա, օր չի մնացել:

Բարև: Ես մի սովորական շրջանավարտ եմ՝ մեկն այն հազարավորներից, ովքեր շուտով անվերադարձ հրաժեշտ են տալու դպրոցին ու մտնելու են կյանքի մի նոր՝ ավելի հասուն փուլ: Իսկ սա հերթականն է այն նախադասություններից, որ ամեն օր, նույնիսկ օրական մի քանի անգամ շրջանառվում է մեր դասարանի ֆեյսբուքյան խմբակային խոսակցության մեջ, որն, ի դեպ, հենց էդպես էլ վերնագրել ենք՝ «Էրեխեք»: Ինչո՞ւ «Էրեխեք»: Որովհետև այստեղ գրվող ցանկացած ահազանգ, կոչ, հարց կամ նորություն սկսվում է հենց «Էրեխեք»-ով: Գուցե հետաքրքրի նաև, թե ինչու են նմանօրինակ «վերջինզանգյան» հարցերը քննարկվում միայն օնլայն տիրույթում: Պատասխանը շատ պարզ է ու մի քիչ ցավալի: Դասերից հետո, որպես կանոն, բոլորը շտապում են պարապմունքների, ոչ ոք սրա ժամանակը չունի. առջևում քննություններն են: Ես նույնպես ժամանակ չունեմ: Բայց նաև չունեմ այն անտարբերությունը, որը կարող էի ունենալ, չէ՞ որ 3 տարի առաջ՝ հիմնական դպրոցն ավարտելիս, ես էլի շրջանավարտ էի և ունեի գրեթե նույն հույզերը, որոնցով հիմա եմ լցված՝ դպրոցական վերջին մայիսին: Պարզապես այն ժամանակ ես ավելի փոքր էի, ավելի քիչ բանով էի հետաքրքրվում ու շատ ավելի քիչ էի խորանում մանրուքների մեջ՝ ինչպե՞ս կկազմակերպվի վերջին դասը, վերջին զանգը, ի՞նչ հագուստ է պետք կրել, կհասցնե՞նք արդյոք հարկ եղածի պես պատրաստվել միջոցառմանը, թե՞ մեկն ու մեկս կմոռանա խոսքերը վերջին պահին: Հիմա ամեն ինչ ուրիշ է, ու ժամանակն էլ է մի տեսակ ուրիշ: Սկսել է խենթի նման վազել, չենք հասցնում հետևից…

Դե լավ, ես գնամ սցենարն ավարտելու, թե չէ «Էրեխեք»-ում նորից խուճապ կսկսվի. օր չի մնացել, արդեն մայիսն է՝ վերջին մայիսը…

emanina manukyan

Ամենակարևորը

Երկար ժամանակ փնտրում էի մեկին, ում մասին կարելի էր հետաքրքիր նյութ գրել, չնկատել, որ այդ անձը այս ամբողջ ընթացքում հենց իմ կողքին է:

Ներկայացնում եմ ձեզ հարցազրույցը Էմմա տատիկիս հետ: 

-Տատ, պետք է հետաքրքիր մեկից հարցազրույց վերցնեմ ու ընտրել եմ քեզ: Ուզում եմ մի քանի հարցիս պատասխանես: Մի հարց տամ, որին գիտեմ, ամեն անգամ սիրով պատասխանում ես: Կհիշեցնե՞ս նորից, որտե՞ղ ես ծնվել:

-Ծնվել և ապրել եմ  Երևանում՝ Թումանյան թանգարանի, Սարյան թանգարանի ու Կոմպոզիտորների տան մեջտեղում: 63 տարեկան եմ արդեն՝ էս տարի թոշակի եմ անցել:

Դե հա, հասկացաք՝ էս նախադասությունը տատիս շատ է սիրում կրկնել:

-Ես գիտեմ, որ դու հետաքրքիր դպրոցական կյանք ես ունեցել, կպատմե՞ս մի քիչ:

-Դպրոցում շատ լավ սովորել եմ: Բասկետբոլի խմբակի եմ հաճախել ու շատ լավ բասկետբոլ եմ խաղացել: Նկարչության եմ գնացել:

-Տատ, ես հիշում եմ, որ դու բալետի պարուհի ես եղել նաև: Կպատմե՞ս մի փոքր՝ ո՞նց ստացվեց էդպես:

-Չորրորդ դասարանում Սայաթ-Նովայի բալետի դպրոցից եկան մեր դպրոց, ստուգեցին դպրոցի երեխաներին ու երկու հոգու ընտրեցին, մեկը՝ ինձ, մեկն էլ՝ Հասմիկին: Մոտ երեք տարի բալետի գնացի, մինչև յոթերորդ դասարան: Հետո փորձերի ժամանակ ոտքս ցավեցրեցի՝ վնասվածք ստացա, ու դրա պատճառով էլ, էլ չշարունակեցի:

-Իսկ երաժշտական գործիքներից ինչ-որ մեկին տիրապետե՞լ ես:

-Չէ, դե, երաժշտական գործիք պետք է ունենայի, որ սովորեի: Բայց հետաքրքիրն այն է, որ քրոջս ամեն ինչի տարել են, բայց ինքը ոչ մի ձգտում չի ունեցել ու ոչինչ իր մոտ չի ստացվել, իսկ ինձ էդքան էլ հնարավորություն չեն տվել, բայց միշտ ձգտել եմ ավելին անել:

-Իսկ դպրոցից հետո, որտե՞ղ ընդունվեցիր:

-Ընդունվեցի, էն ժամանակ պոլիտեխնիկ էր կոչվում, չգիտեմ հիմա ինչ անուն ունի: Ու էներգետիկայի ֆակուլտետի ատոմայինի բաժնի առաջին խումբն էր, որ բացվել էր: Սովորեցի էդտեղ մինչև երրորդ կուրս: Երրորդ կուրսում եկան ասացին, որ աղջիկների համար լավ չի էդ ճառագայթումները, որ կանանց վրա ավելի ուժեղ ա ազդում ու, դրա պատճառով էլ տեղափոխվեցի ուրիշ բաժին:

-Ո՞ր բաժին:

-Արդյունաբերական էներգետիկա:

-Իսկ ինստիտուտից հետո ի՞նչ արեցիր:

-Դե, երկրորդ կուրսում ընկերություն էի անում, երրորդում ամուսնացա, չորրորդում Լիլիթին ունեցա: Հետո հինգերորդ կուրսը ավարտեցի՝ Լիլիթն էլ արդեն մի տարեկան ու երկու ամսեկան էր:

-Լավ, իսկ առաջին աշխատանքի տեղը, որ ընդունվել ես, որտե՞ղ է եղել:

-Խանջյան փողոցի վրա գունավոր մետալուրգիայի ինստիտուտ կա՝ այդտեղ: Աշխատել եմ, որպես ինժեներ:

-Հա, ճիշտ ա, ասում էիր՝ կան գործարաններ, որ քո գծագրածով էր կառուցած:

-Էդ բոլորը գունավոր մետալուրգիայի գործարաններ են: Ասենք՝ Ալավերդին, Երևանում՝ ալյումինիտի գործարանը: Մի խոսքով, գծագրեր ենք արել: Քսան տարի էդ գործն եմ արել: Իսկ հետո, երբ արդեն ամեն ինչ փլուզվեց՝ 1995 թվականից դուրս եմ եկել:

Ի՞նչ պիտի անեի, ուրիշ հնարավորություն չկար: Մատնահարդարություն սկսեցի սովորել: Հետագայում արդեն աշխատում էի որպես մատնահարդար:

-Իսկ որպես մատնահարդար ինչքա՞ն ժամանակ ես աշխատել:

-Մինչև այսօր:

Դե հա, ինչպես ամեն տատիկ՝ իմ Էմմա տատն էլ էս ընթացքում ինձ իր համեղ թխվածքով էր կերակրում:

-Լավ, մի բան էլ հարցնեմ, որ սենց համով-համով պատրաստում ես էսքանը, էս բոլորը քո բաղադրատոմսերո՞վ են, թե՞ հնուց եկած գաղտնիքներ են: 

-Մեր աշխատանքի տեղում՝ կոլեկտիվում, հազար հոգի էին աշխատում ու հիմնականում կանայք, մեկը մյուսին հաղորդում էին, երբ ինչ-որ նոր բան էին սովորում կամ իմանում պատրաստել: Չնայած շատը մամայից էլ ա եկել, ինչ խոսք, նաև սկեսուր-մայրիկիցս:

-Իսկ ի՞նչ հետաքրքիր բան կուզեիր ավելացնել:

-Ինչ պետք ա ասեմ՝ պայծառ կյանք եմ ունեցել, չնայած շատ ու շատ դժվարություններ եմ տեսել, բայց մեկ ա, էդ ամեն ինչը հաղթահարել ենք: Ամուսնացել եմ, լավ ընտանիք եմ կազմել: Բուռն կյանք եմ ապրել՝ արտասահման եմ գնացել շատ անգամներ, ման եմ եկել տարբեր երկրներում: Հիմա էլ թոռնիկներովս ու երեխեքովս եմ ապրում: Ու մի զբաղմունք էլ ունեմ, որ շատ հաճույքով եմ անում: Տաքերն ընկնելուն պես սիրում եմ հողամաս գնալ՝ այնտեղ ծառեր ու ծաղիկներ խնամել: Դրա մեջ հանգստություն եմ գտնում:

Ես միշտ հիանում եմ իմ տատիկով: Կյանքի ամեն դժվարություն նա կարողացել է հաղթահարել, անգամ հասուն տարիքում նոր մասնագիտություն է սովորել և անցել այլ աշխատանքի: Համաձայնվեք, բոլորը չէ, որ նման համարձակություն, կամք ու վճռականություն կունենային:

Սելֆիների Կասկադը

Կասկադը Երևանի ամենատուրիստաշատ վայրերից մեկն է: Այս անգամ Կասկադում զբոսնելիս լուսանկարեցի Կասկադում սելֆի անող տուրիստներին:

amalya harutyunyan

Ես, 10 ամիսները, ապրիլը ու 17-ը

-Երեխեք, գիտեք չէ, մի հատ պատանի թղթակիցների ցանց կա, մեզ մոտ եկել ա դասընթացների, կայքի անունն էլ 17 ա,- ասաց Մանեն, հազիվ հասնելով մեզ մոտ ու սկսելով խոսել:
-Հա, ինչ հավես ա, ափսոս, ես Երևանից եմ,- հույսս կտրած պատասխանում եմ ես:
Ինձ համար ամեն ինչ սկսվեց այսպես:
Ոչ մի դպրոցի տնօրեն, ոչ մի ուսմասվար էլ չեկավ ու չասաց, որ 17-ը մեզ մոտ է եկել (չնայած այնքան կուզեի), այլ հենց շատերիս համար ծանոթ Մանեն ինձ պատմեց 17-ի մասին: Դե նա այն տեսակներից է, որ ոչ մի նոր ծանոթություն ու հնարավորություն բաց չի թողնում:
Օրեր անցան, ու օրերի անցնելու հետ մեկտեղ հետզհետե շատանում էր Մանեի ինֆորմացիան: Ասում էր` կինո ենք նկարում, լուսանկարում ենք, պիտի ճամբար գնանք: Ու մի օր էլ գայթակղությունը համակեց ինձ, ու ես հարցրի:
-Ես էլ եմ ուզում, իսկ ես չեմ կարո՞ղ թղթակցել:
-Դե գրի իրենց, հարցրու, Ամ,- ամեն անգամ ասում էր Մանեն:
Ու ամեն անգամ նա լսում էր նույն պատասխանը:
-Ախր, ամոթ ա, ո՞նց գրեմ, ի՞նչ գրեմ, ի՞նչ ասեմ: Ինձ չեն ճանաչում, երևի չեն թողնի:
Ու չնայած Մանեն ինձ ուղիղ մի ամիս համոզում էր, ես մեկ է` ամաչում էի ու չէի փոխում կարծիքս:
Բայց արի ու տես, որ ամեն ինչ շատ ավելի ուրիշ ստացվեց:
Մի օր էլ նորից թերթում էի 17-ի էջերը ու արդեն հաշիվս կորցրել էի, թե որերորդ անգամ, երբ ես էլ չհասկացա՝ ինչպես ձեռքերս բացեցին հաղորդագրության հատվածն ու գրեցին, որ ուզում եմ թղթակցել:
Գրելուց հետո երկար րոպեներ բարկանում էի ինձ վրա, որոշում, որ այդ բառը հարմար չէր, ստորակետն այդտեղ չպետք է դնեի, ուրիշ ձև պետք է շարադրեի միտքս: Բայց արդեն ուշ էր, նամակս ուղարկել էի:
Ու երբ ինձ պատասխանեցին, որ ես կարող եմ թղթակցել, աշխարհով մեկ եղած գրեցի նյութս ու ուղարկեցի:
Հետո իմ անջատված բնավորության համաձայն 13 օր շարունակ չստոգեցի մեյլս ու չգիտեի, որ նյութս ցանկանում են տեղադրել, մինչև որ էլի Մանեի շնորհիվ գտան ու ինձ տեղեկացրին:
Հիշում եմ` 19-ն էր օգոստոսի, բացեցի ֆեյսբուքը ու տեսա նյութս:
Այդ օրը մխրճվել է հիշողությանս մեջ, կարծիքներ, մեկնաբանություններ այնքան շատ լսեցի, բոլորն էնպես ոգևորեցին, որ այդ օրը դարձավ այն 10 ամսվա առաջին ու կարևորագույն օրը:
Այս ամիսների ընթացքում 17-ը մեծ փոփոխություններ բերեց կյանքումս:
Ճիշտ է, ես ստացա ճամբարի հրավեր, որը ստիպված բաց թողեցի, և որի համար էլ լաց եղա շաբաթներով: Ես փորձեցի փախչել Ապարան` բարեկամներիս մոտ, երբ իմացա, որ 17-ը պատրաստվում է դասընթացներ կազմակերպել էնտեղ, սակայն դա էլ չստացվեց, եղան շաբաթներ, երբ ես չուղարկեցի նյութեր, բայց այն մեծ ընտանիքը ու ջերմությունը, որ տվեց 17-ը, աննկարագրելի է:
Աշուն էր, երբ նորից քայլում էի Մանեի հետ դրսում ու մեզ մոտեցան երեք աղջիկներ: Ու նրանցից մեկն ասաց,
-Վայ դու ես չէ՞ այն աղջիկը, Ամալյան, մենք ճամբարում քո նյութը կարդացինք ու հուզվեցինք, ափսոս չեկար:
Ու ինչքան քիչ բան է ինձ պետք երջանկանալու համար, 2 բառ, ու ես նորից սավառնում եմ երկնքում:
Ու էսպես ամեն մի արձագանքից ու նույնիսկ ամեն մի թղթակցի ընկերանալու հայտից ես երջանկանում եմ ու զգում ինձ լիարժեք անդամ այդ մեծ ընտանիքում:
Ես 17-ում գտա էնպիսի մեկին, առանց ում հիմա ես իմ կյանքը չեմ պատկերացնում, ես պատմեցի ու խոսեցի էնպիսի բաներից, որ դեռ ոչ ոքի այդպես անկեղծ չէի պատմել:
Ու երբ հասավ ապրիլը, Մանեն ինձ ասաց, որ իրեն զանգել են մրցանակաբաշխության համար, հարցնում էր` արդյոք ինձ չե՞ն զանգել:
Ու ինչպես կասեին մեծերը, ես էլի նույն երգն էի երգում:
-Ման, իրենք ինձ նույնիսկ չեն տեսել, ես չեմ հասցրել ծանոթանալ իրենց հետ, մեկ-մեկ պասիվ եմ եղել, ինչո՞ւ պիտի ինձ կանչեն, չէ, դե ինձ երևի չեն կանչի, ոչինչ:
Գնալու ցանկությունս մեջս սպանելով որոշում եմ, որ ինձ հաստատ չեն կանչի, բայց ցանկությունը հաղթանակ է տանում, ու ես համոզվելու համար բացում եմ մեյլս: Ու ի ուրախություն ինձ` նամակ էր 17-ից, հենց մրցանակաբաշխության մասին, մյուս օրն արդեն զանգահարում են, ու վերջ, ես սկսում եմ հաշվել օրերը, երբ պետք է տեսնեմ այն մարդկանց, ում հետ կիսում եմ մտքերս:
Միայն էնտեղ գտնվելն ինձ համար արդեն ուրախություն էր, բայց այն եռապատկվեց ու քառապատկվեց, երբ ես իմ լուսանկարն ու անունը լսեցի 100 ամենաակտիվ ճանաչված թղթակիցների մեջ ու հնգապատկվեց, երբ տեսա նյութս «Խաբարբզիկի» հատուկ համարում: Ու վեցապատկվեց, երբ տեսա ամբողջ «Մանանայի» թիմին, երբ կարողացա գրկել նրանց, ու փոքրիկ երեխայի նման ցանկանում էի ամեն անգամ ստուգել` արդյո՞ք այս ամենը երազ չէ:
Ու այդ նույն ուրախությունը բազմապատկվեց, երբ տեսա Միլենա Խաչիկյանի նյութում այն երեք տողերը, որ չճանաչելով ինձ էր հատկացրել:
Ու ես սիրեցի իմ կյանքի այս 10 ամիսը, շատ-շատ սիրեցի:
Ու ես ցանկանում եմ, որ իրար հետևից 10 ամիսները 10 և ավելի անգամ շարունակվեն, ու ես ունենամ հնարավորություններ ու ոչ մի դեպքում բաց չթողնեմ դրանք:

Հ.Գ. Եթե դու թղթակից ես ու հիմա սա կարդացիր, ուրեմն մի երկմտիր, արի ծանոթանանք: Իմ ցանկությունը շատ մեծ է, ուղղակի ամաչկոտությունս էլ ավելի շատ է: Ու ինչպես հասկացար, նորից նույն երգն եմ երգում:
-Ինձ չեն ճանաչում, ինձ հետ չեն խոսի, ես ամաչում եմ գրել…
Ու այդպես:

Խմբագրության կողմից. Ամալյա, ճանաչելու համար պարտադիր չէ տեսնելը, ինչպես ասում է ձեր սիրած հերոսը, ամենակարևորը սրտով տեսնելն է: Քեզ սիրում ենք:

milena khachikyan

17.am-ը մենք ենք

«Լրագրողական դիտարկումների համար»

Սոնան ասում է, որ քաղաքի գարունը սկսվում է այն ժամանակ, երբ նա նայում է իր տատի զմրուխտե, կանաչ աչքերին: Ինչքան մեծ կարոտ կա սրանում, չէ՞: Այ, նման մի կարոտ էլ մենք՝ տասնյոթցիներս, ունենք, որ հաճախ իրար հենց այստեղ էլ գտնում ենք՝ պարզ ու անկեղծ պատմությունների, ուրախ ու տխուր նյութերի էջերում:

Դժվար թե ես գրեի այս մասին, եթե չլիներ երեկվա մրցանակաբաշխությունը, որի մասին դեռ երկար պիտի հիշեմ, եւ եթե չլիներ հանդիպումը մարդկանց հետ, որոնց մի մասին մեկ էլ երկու տարի առաջ տեսել կամ չէի տեսել:

Դվժար թե մտածեի այս մասին, եթե չլիներ Անահիտը, որ, ինձ տեսնելով, ամեն անգամ վազում է ընդառաջ՝ մոռանալով փողոցը, մեքենաներն ու մարդկանց: Դժվար թե մտածեի այս մասին, եթե չլինեին Լիդուշի ու Լուսոյի ամուր գրկերը, Միլենի խաղաղությունն ու Դիանի ժպիտը: Դժվար թե մտածեի այս մասին, եթե չլինեին Սոֆին, Զարան, Աստղիկը, Սոնան, Մանեն ու Անին՝ ճամբարային մեր ուրախ հուշերով: Եվ դժվար թե մտածեի, եթե չկարդայի տիկին Ռուզանի գրածը այն մասին, որ ինքն օրվա լռության մեջ լսում է միշտ քչքչոցը հարյուրավոր աղբյուրների, որոնք հենց մենք ենք՝ մեր հոգսերով ու երազանքներով:

Եվ մենք երեկվա «Խաբարբզիկ»-ի համարն ենք՝ այդ նույն հոգսերով ու երազանքներով, որը կարդալուց հետո ես հանկարծ այնքա՜ն բան ուզեցի…

Նախ ուզում եմ, որ բոլորիս աղոթքները՝ խաղաղության համար, մի օր տեղ հասնեն վերջնականապես, ինչպես Կարենի քեռու դեպքում է եղել:

Ուզում եմ, որ  Հեղինեի եղբայրը, Արտյոմը, Մուշը, Դավիթն ու բոլոր մյուսները ծառայությունից անվնաս վերադառնան տուն:

Ուզում եմ, որ Սերյոժայի հայրն այլեւս չասի՝ հագուստով պառկեք՝ քնելու, որ եթե կրակեն, հագնվելու համար ժամանակ չկորցնեք:

Ուզում եմ, որ Անահիտը Մարտունիում ծառայող իր ընկերոջ համար անհանգստանալու առիթներ չունենա, եւ Լյուբեի «Комбат»-ից արտասվողներ էլ չլինեն:

Ուզում եմ, որ բոլորս Սերինեի պես հավատանք, որ տարիներով գիտակցության չեկող զինվորը մի օր իր հոր հետ ավարտին կհասցնի իրենց տան վերանորոգումը:

Ուզում եմ, որ բոլորս գտնենք ու մի անգամ էլ կարդանք Մարատի «Քա չթողին, քասկնա՞ք» պատմությունը Ապրիլյանի ու այն ծերունու մասին, ում անունն այդպես էլ չենք իմանա:

Եվ ուզում եմ, որ Լիան չմտածի տարիներ անց իր թոռներին միայն պատերազմից պատմելու մասին, ինչպես իր տատի դեպքում է, եւ որ իրեն տխուր չտեսնեմ երբեք:

Ուզում եմ, որ Լիլիթի գրած կարոտի թեւերը երկար չձգվեն, ու օրերից մի օր բոլոր գնացողները վերադառնան իրենց հայրենի գյուղ:

Ուզում եմ, որ Կարինեն ծնողների կարոտը առնի ոչ համակարգչի էկրանից, ու իր իրականությունը մի օր դառնա երազածի պես լուսավոր:

Ուզում եմ, որ Մարիամը հաճախ ժամանակ ունենա՝ իր Ամասիա վերադառնալու, եւ հետո ինձ պատմելու նույն Ամասիայի, գնացքներով մեկնելու ու սպասումների մասին:

Ուզում եմ, որ Գյումրին մի օր այնքան ծաղկի, որ ոչ Լեյլին փակված դռներ գտնի, ոչ էլ Աշոտը գրի, որ իրենց մոտ գրախանութներ մեծ հաշվով չկան:

Ուզում եմ, որ Վահեի պատմած հերոսը մի օր գլուխը կախ չքայլի, եւ մազերն անորոշ շոյելու փոխարեն իր պես երաժշտություն լսի կամ ժպտա:

Ուզում եմ, որ ոչ Սեդայի մայրը, ոչ պարոն Արան եւ ոչ էլ ուրիշ մեկը էլ երբեք չհիվանդանան:

Ուզում եմ, որ Ամալյայի նավակը կարողանա ամուր լինել պայքարելու եւ ափ հասնելու համար:

Ուզում եմ, որ բոլորս Նարեի պես տեսնենք այն մաքուրն ու բարին, որ կա ժեստերի լեզվի կամ այն մարդկանց մեջ, ովքեր կիրառում են դա:

Ուզում եմ, որ Անին գտնի ուժը՝ կամրջից այն կողմ անցնելու, եւ գրի իր փոքր գյուղի մեծ մարդկանց մասին:

Ուզում եմ, որ Սարգիսի գյուղում կոտրվածքների եւ դույլերով ջուր կրելու ձմեռ էլ երբեք չլինի:

Ուզում եմ, որ Սուրենը, Հարութը, Էրիկն ու մյուսները հաջողությամբ ընդունվեն համալսարան, ու իրենց երազանքների հետեւից Երեւան գալով՝ մի օր անպայման հասնեն դրանց:

Եվ ի վերջո, ուզում եմ, որ մեր «քչքչոցը» միշտ լսելի լինի 17.am-ում, ու մենք միշտ կարողանանք գրել փշաքաղեցնելու չափ ազնիվ՝ դիմանալով կարոտի ամեն դրսեւորմանը, հույսով՝ նոր հանդիպումների:

Կայացավ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունը

Ապրիլի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունը եւ ֆոտոցուցահանդեսը, որին ներկա էին ավելի քան երկու հարյուր պատանի թղթակիցներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից:

Միջոցառման ընթացքում ամփոփվեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող  եւ «Մանանա» կենտրոնի կողմից իրականացված «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագրի արդյունքները:

Մրցանակներ հանձնվեցին առավել ակտիվ եւ աչքի ընկած պատանի թղթակիցներին, որոնք հրապարակվում են www.17.am  կայքում, տարբեր անվանակարգերում, ինչպես օրինակ, «Լավագույն ակնարկագիր», «Լավագույն հրապարակախոս», «Ամենահուզիչ նյութի հեղինակ», «Ամենաստեղծագործ թիմ» և այլն:

Ծրագրի հարյուրավոր մասնակիցները՝ 14-ից 24 տարեկան պատանիներն ու երիտասարդները Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից, մարդակենտրոն պատմությունների միջոցով ներկայացնում են իրենց ոգեշնչող մարդկանց, պատմում են, թե ինչ է նշանակում ապրել սահմանամերձ գյուղում ամենօրյա կրակոցների տակ, կամ էլ ընտանիքում, որտեղ երկու ծնողներն էլ արտագնա աշխատանքի են մեկնել, գրում են հասարակ մարդկանց հոգսերի  եւ ուրախություներրի մասին, ուսման մեջ իրենց հանդիպող խնդիրների եւ շատ ու շատ այլ թեմաներով,  ինչպես իրենք են ասում՝ գրում, լուսանկարում, նկարահանում են իրական պատմություններ իրական մարդկանց, նրանց խնդիրների, ուրախությունների և հոգսերի մասին:

«Կարծում եմ, ծրագրի ամենակարեւոր ձեռքբերումն այն էր, որ մենք կարողացանք կայացնել Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը որպես գործող լրատվամիջոց։ Մեր աշխատանքի ընթացքում մեր թիմը ականատես եղավ մեզ հետ աշխատող պատանիների ու երիտասարդների աշխարհայացքի կտրուկ փոփոխությանը, նրանք կրթվում ու դաստիարակվում էին որպես երկրի ակտիվ քաղաքացիներ, ում համար մեկ չէ, թե ինչ է կատարվում շրջապատում»,- ամփոփելով նշեց ծրագրի ղեկավար Ռուզաննա Բաղդասարյանը։

Կենտրոնի աշխատանքը բարձր գնահատականի արժանացավ Հայաստանի ժուռնալիստների միության, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Հայաստանի հանրային ռադիոյի և այլ կազմակերպությունների կողմից:

Մրցանակաբաշխության ժամանակ հարյուրից ավելի պատանի թղթակիցներ ստացան խրախուսական մրցանակներ, իսկ 25  պատանի թղթակիցներ ճանաչվեցին լավագույնը և պարգևատրվեցին մրցանակներով, որոնք տարբեր տեխնիկայի միջոցներ էին՝ համակարգիչներ, ֆոտոխցիկներ, թաբլեթներ, տեսախցիկներ և այլն:  Պատանիներին մրցանակներ շնորհեցին նաև Թուֆենկյան, «Փարոս» հիմնադրամները, «Թեքնոլոջի ընդ Սայնս դայնամիքս» ընկերությունը, «Արփի Սոլար» ընկերությունը, Փաստաբանների պալատը, «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամը, «Մանանաֆիլմս» կինոստուդիան, կանադահայ երիտասարդների «Առագաստ» միությունը, բազմաթիվ անհատներ, որոնք կարևորում են Պատանի թղթակիցների ցանցի աշխատանքը:

«Մանանա» կենտրոնը նպատակ ունի շարունակել աշխատանքը ծրագրի շահառուների հետ եւ մրցանակաբաշխությունը դարձնել ամենամյա։

Այս և հետագա նյութերը նվիրված են Հայաստանի պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությանը:

milena khachikyan

Կիրակի

Սա այն սովորական օրն է,
որ պատահում է Երկրի վրա միշտ,
որ կրկնվում է հազարամյակներ…
Այն սովորական օրը,
երբ արթնանում ես առանց երազանքի,
երբ անառիթ տխրելը սիրելի է քեզ:

Այն սովորական օրն է,
երբ ծաղիկները զարդարում են սենյակդ,
երբ գարունը ամենալավ նվերն է:
Այն սովորական օրը,
երբ սպառվել են տողերը՝ ինչ-որ մեկի մասին,
երբ բույրը ամենաթանկ հիշողությունն է:

Սա այն սովորական օրն է,
երբ քսանչորս ժամ նույն երգն է շուրթերիդ,
երբ ուզում ես գտնել մի բան՝ հուսալու…
Այն սովորական օրը,
երբ ժպտալուն պատճառներ ես փնտրում,
երբ հեռանալը տարօրինակ հեշտ է:

Նույն սովորական օրն է,
երբ ապարդյուն անձրեւում է քաղաքդ,
երբ չի կանչում քեզ արդեն ոչ ոք…
Նույն սովորական օրը,
երբ անվերջ թերթում ես լուսանկարները,
երբ կարոտելը հիվանդություն է: