amalya harutyunyan

Այդպես էլ չտարավ

Չըխկ, չըխկ, վերջապես գիշերվա ժամը 3-ն անց է: Փակ կոպերս բացում եմ ու հետ գցում վերմակը, սկսում եմ ամբողջ տան մեջ քայլել ու հագուստս փնտրել:
Գնում ենք, վերջապես գնում ենք, հավերժություն թվացող մի քանի ժամը անցյալում է, մեզ հիմա սպասում է Ղարաբաղը:
4 ժամ պետք է ճանապարհ գնանք, ամեն անգամ ուժեղ հարվածում եմ ինձ, կամ լայն բացում կոպերս, որ համոզվեմ` երազ չէ, մենք իրոք գնում ենք եղբորս տեսնելու:
Երբ խոսքը գնում է զինվորների մասին, ես արդեն ես չեմ, ես դառնում եմ նրանց վահանը, կամ զենքն ու զրահը: Երբ խոսքը իրենց մասին է, ամեն ինչ այլ է, ամեն ինչ խրոխտ է, ամեն ինչ ուժեղ է:
Ու ճանապարհին մտածում եմ, թե տեսնեմ եղբորս, ինչպես եմ ողջունելու, թե ինչպես է իր երդումը տալու, մտածում եմ, ու այնքան լավ զգացողություններ են առաջանում, սկսում եմ ինձ հպարտ զգալ, շատ հպարտ:
Երբ քնում ենք և հանգիստ մեր գլուխները դնում բարձին, ինչ-որ մի տեղ, ինչ-որ սարերի կենտրոնում բազմաթիվ կանաչ ու շագանակագույն հագած երիտասարդներ պայքարում են հենց մեր հանգիստ քնի համար: Երբ մեզ համար հրավառությունը երկնքում ժայթքող գունավոր լույսերն են, նրանց հսմար հրավառությունը թնդանոթի համազարկն է: Երբ մեզ համար կոնֆետը ամենօրյա ուտելիք է, նրանց համար տոն օրերի նվեր, երբ մեզ համար Հայաստանը ուղղակի Հայաստանն է, նրանց համար իրենց արյունով պահած ու պահվող հայրենիքն է:
Երբ հասանք տեղ, մեզ մի քանի կիլոմետր էր բաժանում թշնամուց, մի սար, և նրանք էին, իսկ եղբայրս ինձնից հեռու էր ընդամենը մետրեր:
Չզգացի, թե ինչպես, բայց վազեցի ու հայտնվեցի հրապարակի ատաջամասում:
Սկսվեց երդման արարողությունը, փշաքաղվեցի, սիրտս սկսեց ինչ-որ հայրենասիրական ռիթմերով բաբախել: Այստեղ ամեն ինչ այլ է, այստեղ օդը բուրում է հայրենասիրությամբ, ծաղիկը ծաղկում է զինվորի ձեռքով ջրած ջրով, հողը զգում է զինվորների խրոխտ քայլքը:
Մի պահ սառեցի, երբ զինվորները սկսեցին երգել «Ախպերս ու ես» երգը: Սարսուռ զգացի, չկարողացա ոչինչ անել, միայն լսում էի, լսում էի` երգի չվերջանալու ակնկալիքով:
Իսկ հետո, երբ վերջապես հնարավորություն ունեցա գրկել եղբորս, րոպեներով բաց չէի թողնում: Ախր, կարոտը մի քիչ շատ էր, բայց սա ուրիշ կարոտ է, հպարտ կարոտ:
Դեռ 25 օր է անցել ընդամենը, դեռ 705 օր էլ ունեմ սպասելու, իսկ ես հպարտ կսպասեմ, չէ որ հիմա ինձ համար  կոնֆետը հասարակ կոնֆետը չէ, հրավառությունը մեր հրավառությունը չէ, և Հայաստանս ուղղակի Հայաստանը չէ:
Գնալուց առաջ ամբողջ մի շաբաթ եղբորս հետ տունն էի, հագուստն էի արդուկում, կերակուր պատրաստում: Ասում էր.
-Ամալիկ, քեզ պիտի հետս տանեմ բանակ, որ շորերս արդուկես:
Չտարավ, ափսոս, այդպես էլ չտարավ:

Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր
Ֆոտո՝ Սոֆյա Աբրահամյանի

Սեպտեմբերի մեկը Հայաստանում

Սեպտեմբերի մեկին Հայաստանի  դպրոցներում եւ բուհերում նշվեց ուսումնական տարվա սկիզբը։ Տարբեր քաղաքներում եւ գյուղերում գտնվող մեր թղթակիցները լուսանկարել են այդ օրվա իրադարձությունները իրենց տեսանկյունից։

Մենք կարիք ունենք…

Մենք ծախսում ենք այնքան շատ ժամանակ ուրիշների կարծիքը հաշվի առնելով, որ մոռանում ենք մեր սեփական զգացմունքների մասին: Մարդիկ կարիք ունեն ավելի հաճախ սիրահարվելու:

Սիրահարվել արվեստին. երբ լուսանկարիչը գտնում է պահը և հավերժացնում փոքրիկ լույսերը այն մարդու աչքերի միջի, ով լիաթոք ծիծաղում է: Թե ինչպես է նա քորում իր այտը և ձեռքը վերադարձնում ոսպնյակի վրա և այն շարժում՝ փորձելով գտնել իդեալական չափը:

Սիրահարվել այդ բանին, թե ինչպես դու կարող ես նկատել նկարչի վրձնի շարժումները, երբ նայես նրա յուղանկարին քիչ երկար: Թե ինչպես էր արվեստագետը մտածում, որ ինքը սխալ է, երբ իրականում նկարն անչափ գեղեցիկ էր:

Սիրահարվել երաժշտությանը. թե ինչպես երգչի ձայնը սկսում է դողալ հուզիչ երգի ժամանակ: Թե ինչպես է նրա շունչը կտրվում վերջում: Թե ինչպես է հարվածային գործիքի ձայնը համապատասխանում քո սրտի խփոցներին, որը հանգստացնում է քեզ: Թե ինչպես է երաժիշտը քմծիծաղ տալիս, երբ հանկարծ սխալվում է…

Սիրահարվել ձայնին. թե ինչպես է այդ ձայնի սովորական տատանումները թվում հաճելի մի երգ: Թե ինչպես է միևնույն անունը այդ նույն ձայնով հնչում հազար տարբեր տոնայնություններով, և թե ինչպես են սովորական բառերը թվում այդքան գեղեցիկ:

Սիրահարվել մարդկանց. թե ինչպես է անծանոթը դանդաղ ուսումնասիրում իր չորս կողմը մինչև այդ մի կոպեկը գետնից վերցնելը: Թե ինչպես են նրանք արագ գլուխը թեքում այն պաստառի կողմը, որի մոտով դու անցել ես հազար անգամ, երբ դու նայում ես դրանց: Թե ինչպես են մարդիկ այնքան հարմարավետ զգում, որ գլուխը դնում են ոտքերիդ ու փակում աչքերը: Թե ինչպես է քո լավագույն ընկերը պատմում իր նախասիրությունների ու հետաքրքրությունների մասին՝ այն հազվադեպ փայլը աչքերին:

Մենք պետք է մի պահ կանգնենք և գնահատենք այն բոլոր պահերը, որոնց մասին մոռացել էինք: Հոգ տանենք բոլոր մանրուքների մասին և ուշադրություն չդարձնենք մնացածի կարծիքներին:

Մենք կարիք ունենք ավելի հաճախ հրաշքներ նկատելու և դրանց սիրահարվելու:

mher tumanyan

Տիեզերական մենամարտին պատրաստ

10-11 տարեկան էի… Ամառվա անհոգ օրերից մեկն էր: Ֆուտբոլային դաժան եզրափակչից հետո նստել էինք շենքի դիմացի քարերին հանգստանալու:

Հոգնածությունից աչքերս արդեն փակվում էին, երբ ականջս ընկավ այսպիսի խոսակցություն.

-Տղեք, տղեք, էն ի՞նչ լույսեր ա,- ընկերներիցս մեկն էր դեպի դիմացի սարալանջը ցույց տալով զարմացած հարցնում:

-Լույսեր ա, էլի,-պատասխանեց երկրորդը:

-Չէ, լուրջ, հլը նայեք, թարթում ա, գնում ա էս կողմ – էն կողմ, բարձրանում ա, իջնում: Էրեկ հեռուստացույցով ասում էին, որ էսօր այլմոլորակայինները հարձակվելու են: Էս հաստատ իրանք են,- ամենահորինող ընկերս էր:

-Այ տղա, ինչ էլ հավես ունես, ի՞նչ այլմոլորակային, ի՞նչ բան… Չկա տենց բան, ու համ էլ` հերիք ա հորինես, որ տենց բան ես լսել:

-Չէ, չէ, լսել եմ հաստատ:

Չնայած ոչ մեկս չհավատացինք նրա խոսքերին, որովհետև ինքն էլ չէր հավատում, այնուամենայնիվ, բոլորս մի մարդու նման վազեցինք դեպի հազիվ նշմարվող լույսերը:

Ասեմ, որ ճանապարհը բավականին դաժան էր էդ ժամանակ. մինչև նպատակակետ հասնելու համար պետք է անցնեինք մի քանի շների բների մոտով: Ասեմ նաև, որ այդ թումբը մեզնից մոտ 2.5-3 կիլոմետր հեռու էր:

Այնուամենայնիվ հասանք: Տղաներից մեկը նույնիսկ հեռադիտակ էր վերցրել իր հետ:

-Տղեք, տղեք, հենա` տենո՞ւմ եք, ոնց որ հրթիռ լինի, կամաց-կամաց իջնում ա:

Բոլորս լուռ էինք, զարմացած, վախեցած: Մի՞թե դա իրական էր: Մի՞թե Հորինողը չէր հորինել:

-Բայց սիրուն ա, չէ՞, տղեք,- ծանր մթնոլորտը ցրելու համար ասացի ես:

-Հա, շատ,կյանքումս հրթիռ չէի տեսել:

Հրթիռն իջավ, իջավ, մինչև ձուլվեց հեռվի սարերի մեջ:

Բոլորս զարմացած էինք, արդեն մոռացել էինք, թե այդ օրվա ֆուտբոլի, և թե օրվա ուշ ժամի մասին:

Արդեն մեխանիկորեն, առանց հասկանալու, լուռ գնացինք տուն` տանը պատմելու կատարվածը:

Եվ ինչքան զարմացած, զայրացած և ուրախ էին մեր դեմքերը, երբ առավոտյան պատուհանից դուրս նայելիս տեսանք, որ դա ընդամենը հին, քիչ օգտագործվող ճանապարհ էր, զառիթափի վրա էր գտնվում: Իսկ հրթի՞ռը` կհարցնեք դուք: Մթության մեջ զառիթափից իջնող մեքենաների լույսերը մեզ վայր իջնող հրթիռներ էին թվացել:

Հավատալով վաղվան

 

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Քսաներորդ դարի հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը վստահ էր, որ ծառը ինքը պիտի կարողանա դիմանալ ու ապրել, կռվել քամու ու ծարավի դեմ, կռվել որդերի դեմ, որ կրծում են իր արմատները: Ծառը՝ ինքը:

-Իսկ ինչպե՞ս կռվել մարդու դեմ, ինչպե՞ս դիմանալ մարդուն,- հարցնում եմ՝ առանց պատասխանի ակնկալումով:

Օգոստոսի տասնյոթին պատանի թղթակիցներով Վանաձորում էինք: Ընդհանրապես հաշված օրեր եմ եղել քաղաքում, բայց ամեն անգամ նոր մի բան եմ գտել, նոր մի բան, որ հաստատ կարեւոր է եղել: Քաղաքի մարդիկ, փողոցները, այգին… Ինչ-որ ոգեշնչում ունեն իրենց մեջ, որ ամեն անգամ նորովի եմ զգում, բայց դեռ չգիտեմ, թե ինչու:

Վանաձորը խաղաղ է գրեթե միշտ, գրեթե, որովհետեւ խաղաղությունը խախտվելու հակում ունի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ խաղաղությունը խախտելու հակում ունեն: Դե պարզ է՝ մարդիկ:

Կեսօրն անց էր, քաղաքում՝ անսովոր իրարանցում: Տիգրան Մեծ փողոցում ծառահատվել էր վեց փշատերեւ, եւ անհայտ էր՝ ում կողմից, ինչու: Մարդիկ, որ անցնում էին, կանգ  էին առնում, սրտնեղում, զայրանում, հեռանում: Ոչ մեկ չգիտեր՝ ինչ անել, ինչով մխիթարվել: Փորձում էի հետաքրքրվել, հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել.

-Ես բան չգիտեմ, նոր է եղել, լրիվ նոր,- պատահական անցորդ էր:

Իսկ Կժեր գեղագիտական կենտրոնի տնօրենը հուսահատ էր: Կատարվածն իր կենտրոնի հարեւանությամբ էր հենց, բայց ինքն էլ կարգին չգիտեր.

-Ո՞վ է իրականացրել էս ամբողջը կամ ընդհանրապես ո՞վ իրավունք ուներ նման թույլտվություն տալու:

Չգիտեր, չգիտեինք ու չգիտենք հիմա էլ: Ասում են՝ գործ է հարուցվել, ընթացքի մեջ է: Լավ, ենթադրենք: Բայց այդ ո՞ր պատահականությամբ նույն երեւույթը հաջորդ օրն էլ կրկնվեց, այս անգամ՝ Դսեղ գյուղում: Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարեւանությամբ գտնվող տարածքում հատվել էին եղեւնիներ, այլ ծառատեսակներ:

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Վնասները մեծ էին՝ դե պարզ է: Բայց գլխավորը էլի պարզ չէ. ովքե՞ր են արել եւ ինչո՞ւ: Այս մասին հեռուստատեսությամբ իմացա, համացանցում գրեցին… Գոնե արդյունք ունենա:

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Ռազմիկ Դավոյանը գրում է՝ «Բա՛ց քո կեղեւը, ծա՜ռ, ա՛ռ ինձ կեղեւի մեջ…», Հախվերդյանն էլ զուր չի երգում այդ երգը.

Ես կձգվեմ քեզ հետ,
ես կճկվեմ քեզ հետ,
եւ հողմերի ձեռքից
ես կփրկվեմ քեզ հետ:

-Լավ, իսկ մարդկանց ձեռքի՞ց:

amalya harutyunyan

Գրասեղանիս ամենագաղտնապահ ընկերը

-Հիմա ինչ պատմեմ, ոչ ոք չի իմանա, այդպես չէ՞:

Երբ հերթական անգամ նստեցի գրասեղանիս առջև և փորձեցի գրել, թուղթս սովորականից ավելի կարևոր առարկա թվաց: Սկսեց մի տեսակ ժպտալ ինձ և վստահեցրեց:

-Ոչ ոք չի իմանա:

Երբևէ չէի մտածել, թե ինչու ենք գրում հենց թղթի վրա, ով է նա և արդյո՞ք պահում է մեր գաղտնիքները:
Հարցեր առաջացան, բազում հարցեր, և մեր զրույցը երկար շարունակվեց:

-Ո՞րն է ձեր մասնագիտությունը և ինչո՞վ եք զբաղվում:

-Երբ նոր էին ինձ ստեղծել, երկար եմ մտածել, թե ինչ մասնագիտություն կարելի է ընտրել: Սակայն այդպես էլ չկարողացա կողմնորոշվել և որոշեցի դառնալ պարզապես մարդու օգնականը: Ամեն վայրում ու պարագայում մարդուն օգնության եմ գալիս ես և հեշտացնում նրա գործը:

-Ո՞րն է ձեր դերը մարդու կյանքում:

-Ես այն մեկն եմ, ով իր վրա է կրում հազարավոր մարդկային զգացմունքներ: Երբ մարդիկ ցանկանում են կիսվել իրենց ուրախության, տխրության կամ զայրույթի մասին, ընդամենը իրենց նախադասությունները շպրտում են ինձ վրա, և ես լուռ տանում եմ մարդկանց զգացմունքները իրենց փոխարեն: Իմ միջոցով նաև հազարավոր մարդիկ իրար հետ են կապնվում և գրում նամակներ: Ես ինքս ինձ վրա եմ զգում մարդկանց կողմից ինձ վրա շարված կարոտի խոսքերը:
Մարդիկ ինձ վստահում են: Նրանք գիտեն, որ այն, ինչ ինձ պատմում են, երբեք ոչ-ոք չի իմանա: Այդ իսկ պատճառով ես և մարդը այդքան մոտ ընկերներ ենք:

-Ինչպիսի՞  դժվարություններ եք հաղթահարում ամեն օր:

-Ամեն օր ծառերը վիճում են ինձ հետ: Իմ պատճառով է, որ կտրում են նրանց և օգտագործում նրանց փայտը: Եվ ամեն օր օդի փնթփնթոցն եմ լսում, ում թթվածինը պակասում է: Ես ինձ մեղավոր եմ զգում: Դա մեծ դժվարություն է ինձ համար, որ հաղթահարում եմ ամեն օր:
Մյուս դժվարությունը, որ հաղթահարում եմ ամեն օր, դա անտարբեր մարդկանց վերաբերմունքն է իմ նկատմամբ: Երբ ինձ պատռում են, ճմրթում և գցում աղբարկղը: Երբ իմ ճակատագիրը նրանց ամենևին էլ հետաքրքիր չէ:

-Ի՞նչն է ձեզ տխրեցնում և ուրախություն պատճառում:

-Երբ հիշում եմ, թե մի քանի դար առաջ ինչպես էր, և հիմա ինչպես է, մի քիչ տխրում եմ: Երբ մարդիկ նոր էին ինձ հայտնաբերել, խնամքով էին վերաբերվում, սիրում էին ինձ: Հիմա մարդիկ ինձ փոխարինողներ են գտել` այդ հեռախոսները և համակարգիչները: Այն, որ հետզհետե մարդկանց համար անկարևոր եմ դառնում, տխրություն է ինձ պատճառում: Իսկ ուրախանում եմ, երբ մարդիկ կիսում են ինձ հետ իրենց մտքերն ու կարծիքները: Չափազանց շատ եմ սիրում լուռ լսել նրանց:

-Ինչի՞ց եք վախենում:

-Ինձ վախեցնում է մարդկանց ինձ նվիրած զայրույթի և տխրության խոսքերը: Երբ մարդիկ տխրում են, թախծով են լցնում ինձ, ես էլ վախենում եմ:
Բայց ամենից մեծ սարսափը մարդկային արցունքներն են, որոնք լցվում են ինձ վրա և քայքայում ինձ: Սարսափելի է տեսնել և զգալ աշխարհի վրա ամենակարող էակի` մարդու թուլությունը:

-Ո՞րն է ձեր յուրահատկությունը:

-Իմ յուրահատկությունը կայանում է նրանում, որ անցնեն էլ հազարավոր տարիներ, ես կմնամ բոլորի կողմից սիրված և վստահված թուղթը, ով պատրաստ է լսել աշխարհի 7 միլիարդ մարդկանց:
Վերցրեցի թուղթս ու շարունակեցի գրել: Իսկ նա նորից նշեց.
-Ոչ-ոք չի իմանա, խոստանում եմ:

khachikyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. կապի մեջ

Մի շաբաթ է, ինչ երևանյան միապաղաղ օրերը փոխարինվել են Դիլիջանի անհանգիստ կենսակերպով, դրան գումարվել է նոր մարդկանց հոսքը, ու ստացվել է ինչ-որ լուսավոր շրջան, որից դեռ կարգին գլուխ չեմ հանում: Հա, այսօր ճամբարի յոթերորդ օրն էր, յոթերորդ կամ էլ՝ վերջին:

-Երանի էսօր իրիկուն գնայինք:

-Ըսիգ գիժ է:

-Չէ,  ուղղակի մի ամիս ա՝ տանը չեմ եղել:

Մի ամիս չէ, բայց ես էլ տանը երկար չեմ եղել, և քանի որ ցանկացած բացակայություն իրենից հետո կարոտ է թելադրում, ես էլ կարոտել եմ և շատ:

Մեր տունը բարձրահարկի վերջին կանգառն է, որտեղից երևում են շենքեր, դրանցից այն կողմ՝ էլի նույնը: Չէ, ես սիրում եմ իմ քաղաքի գունավոր տանիքները, բայց ժամանակ առ ժամանակ պետք են լինում երկինքն ու նրանում կորած սարերը՝ ճիշտ և ճիշտ այստեղի պես, իսկ այստեղ, դե գիտեք, մենք ենք ու մեր 17.am-ը:

-Կլորնե՛ր, պտտվե՛ք:

-Մի՛ ժպտացեք, դուք ջղայնացած եք… Դե, իբր:

Անսովոր բան չկա, անիմացիայի նկարահանումներն են, որին շուտով կարոտելու ենք բոլորս: Ու կարոտելու ենք նաև իրար, ինքներս մեզ:

Մարդիկ կան, չէ՞, իրենց ներսում մեծ էներգիա ունեն, մտնում են սենյակ՝ լուսավորվում է, դուրս են գալիս՝ միանգամից նկատվում է: Կան, չէ՞, որ կան պարզապես, ու դա արդեն հերիք է:

-Մար, ո՞նց ես:

-Ընդիր, – պատասխանում է Մարիամն ու այնպես ժպտում, որ իմ ժպտալն էլ ինձնից անկախ գալիս է, և ես իսկապես զգում եմ այդ ընտիրը: Այ, այդ մարդկանցից է նա: Նա ու մեկ էլ պարոն Արան, որ կարծես «Գտնված երազի» հերոսը լինի՝ համբերատար ու ներող, բարի ու ժպտացող:

Հա, իսկ մոծակների մասին արդեն ասել եմ. հանգիստ չեն տալիս ոչ մեկիս ոչ ցերեկները, ոչ էլ առավել ևս` գիշերը։

-Ան, դու ո՞նց ես դիմանում կծածներին, – հարցնում եմ Անահիտին: Դե հա, համեմատած ինձ` իրեն ուղղակի քամել են։

-Ուրեմն` նայիր. չեմ մտածում իրենց մասին, աշխատում եմ չմտածել։ Էդ կծածները մարդկանց նման են. ժամանակ առ ժամանակ հիշեցնում են իրենց մասին, ցավեցնում, մեկ-մեկ վերքեր թողնում իրենցից հետո, սպիներ… Եսիմ, է։

Ու Անահիտը սա ասում ա ամենայն լրջությամբ, նույն ձև էլ ես եմ ընդունում։ Սկսում եմ հիշել, թե ինչքան մարդ կա, մտածել` քանի անգամ ավել վերքեր, սպիներ… Ու գիտե՞ք  ինչ. մոծակները ու իրենց հետքերը իրականում ամենափոքր ու աննշան բաներն են, որ կարող են պատահել մարդուն… Բայց սա մի կողմ:

-Ո՞ւր ենք գնում:

-Անտառ:

-Չէ հա:

-Հա, չէ՞:

Վերջին երկու տողը շաբաթվա հայտնի արտահայտությունն է, որ իմ ու Լիդուշի կողմից դարձել է ամենաշատ գործածվողը: Իսկ ինչ վերաբերում է անտառին, մենք իսկապես գնում ենք, շրջան ենք կազմում, խաղեր խաղում, խարույկ վառում, երգում, երգում և էլի…

«Լուսամփոփի պես աղջիկ», «Եթե իմանայիր», «Գինի լից», հետո Ադել, Զեմֆիրա, Բիթլզ… Հետո կեսգիշեր, կեսգիշերն անց ու…

-Վաղը քանիսի՞ն ենք շարժվում:

-Վա՞ղը:

…Արդեն այսօր ամեն բան խառնվեց իրար: Մի մասը անհոգ ընդունեց վերջը, մի  մասն էլ՝ լաց ու կոծով, ոնց օրակարգում էր գրված: Մարդուց է, գիտե՞ք, մեկը ամեն բանում սենտիմենտ է ստեղծում, մյուսը չի էլ մտածում՝ ինչ է բաժանումը: Բայց երկուսն էլ պետք են, երկուսն էլ՝ կարևոր:

-Դժվար ա բաժանվելը:

-Մեկ ա՝ էլի հանդիպելու ենք:

Հա, հանդիպելու ենք, եթե հավատում ենք, և եթե հավատում ենք, առավել ևս: Այ, օրինակ ես, երբ մի քանի ամիս առաջ Անահիտին պատմում էի 17.am-ի մասին, առաջարկում էի միանալ այդ նույն հանդիպման հույսով, իսկ այսօր արդեն իրար հրաժեշտ ենք տալիս կարոտի մի նոր շղթայի երկարաձգման սպասումով:

-Կապի մեջ:

-Կապի վերջ:

Դիլիջանյան մեդիա ճամբար. Վանաձորյան չորեքշաբթի

Վանաձորյան օդն ինչ-որ բուժիչ բույր ունի… Սա առաջին անգամս չէ քաղաքում, բայց առաջին անգամ եմ մտածում այս մասին: Վանաձորում ինչ-որ բան ուրիշ է, ինչ-որ ջերմ ու լուսավոր մի բան, չգիտեմ:

Քայլում ենք քաղաքով՝ հետաքրքիր մարդկանց հանդիպելու հույսով: Հույսը չի ուշանում:

Սամվել Առաքելյանն է՝ Վանաձորի Կժեր գեղագիտական սրահի տնօրենը:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

-Մասնագիտությամբ  նկարիչ եմ, ավարտել եմ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Ավարտել եմ ու վերադարձել Վանաձոր, բնիկ վանաձորցի եմ: Հա, սա էլ խանութս է, բիզնեսս, մասնագիտությանս շարունակությունն ու ինձ հոգեհարազատ գործը: Վաճառում եմ թե իմ նկարները, թե հուշանվերները՝ պատրաստված ուրիշների կողմից: Իմ ոգեշնչումն է արվեստը, գեղեցիկը, այստեղ ինչ տեսնում եք, իմ մոլորակի մի մասն է, որ ես ամեն առավոտ կարգի եմ բերում, որպեսզի մարդիկ գան, տեսնեն, հաճույք ստանան, նկարվեն…

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Այստեղ Փոքրիկ Իշխանին հիշեցի ու ակամա ժպտացի: Հետո նայեցի շուրջս ու հասկացա, որ այդ փոքրիկ խանութը իսկապես մի մոլորակ է, մի առանձին աշխարհ Վանաձորի ներսում և Վանաձորից դուրս:

-Ես հիմնականում նատյուրմորտ եմ նկարում, բնանկար: Նկարներիցս բաժանվելը հետո դժվար է, բայց պետք է, փող է պետք: Երբ նկարը գնում են, տանում են իրենց տուն, տանում են՝ գեղեցկացնեն: Դա էլ է պետք, չէ՞: Բայց իհարկե կան նկարներ, որոնք երբեք չեմ կարողանա վաճառել:

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Պարոն Սամվելը բույսեր էլ է սիրում, երաժշտություն, ամեն գեղեցիկն էլ սիրում է: Նախընտրած նկարիչ չունի, բոլորն էլ լավն են: Ասում է՝ եթե նկարիչ է, ուրեմն ավազակ չէ, իսկ դա արդեն մեծ առավելություն է:

-Վանաձորը մի ժամանակ շատ ուրախ ու կանաչ քաղաք է եղել, – պատմում է, – իսկ այսօր արդեն վանաձորցիների մեծ մասը լքում է իր տունը այլևս չվերադառնալու նպատակով: Քաղաքն օրեցօր դատարկվում է, վատանում են կենցաղային պայմանները, բայց անձամբ ես, չնայած այդ բոլորին, երկրպագուն եմ իմ քաղաքի, ես գնալու տեղ չունեմ ու չեմ էլ մտածում այդ մասին: Գնացողներին էլ չես կարող ասել՝ ինչո՞ւ ես գնում: Ապրել չեն կարողանում, գնում են: Ես ամուսնացած եմ, երկու աղջիկ ունեմ, նրանք էլ են գնալ ուզում, դա իհարկե ցավալի է ինձ համար, բայց ամեն մարդ իր կյանքի տերն է և ուզում է լավ պայմաններում կենսակերպվել: Մեծ աղջիկս ավարտել է ԵՊՄՀ-ի  ռուսերեն լեզու և գրականության բաժինը, բայց մի տեղ չգտանք, որ ուսուցչություն անի,  որ աշխատի, դրա համար էլ նա հույսերը կապում է արտասահմանի հետ: Ես չեմ փորձում խոչընդոտել նրան, սխալ է, որ ասում են՝ հայրենիքդ է, պիտի մնաս… Եթե չես կարողանում չոր հացի փող աշխատել, ո՞նց մնաս:

-Իսկ զբոսաշրջիկներ կա՞ն, առևտուրը ո՞նց է ընթանում, – հարցնում եմ:

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

-Չէ, մարդիկ քիչ են, առևտուրը՝ ևս, բայց եթե հյուր է գալիս այլ երկրից, անպայման գալիս է էստեղ, բերում են անպայման:

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Քաղաքում ուժեղ անցուդարձ էր, ծառեր էին կտրվել, մարդիկ զայրացած էին, զարմացած: Հարցնում եմ, թե ինչ է եղել, սրտնեղում է, աչքերը խոնարհում:

-Չգիտեմ՝ ով է, ինչ է: Բայց ո՞նց կարելի է թույլտվություն տալ նման ծառերը հատելու, ծառից սիրուն բա՞ն են սարքելու: Կա էլի, բոլորի վրա գրված է՝ տրվում է վարձով կամ վաճառվում է: Հիմա էս ծառերի տեղն էլ են էդպես անելու: Ոչ  մտածելու են, ոչ էլ ափսոսելու:

Դիլիջանյան մեդիա ճամբար. «…Վեր հանել մարդկային պատմությունները»

Հարցազրույց «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանի հետ

-Լրագրող լինելու մասին:

-Լրագրողը այն հայացքն է, որ ամեն տեղից կարող է հառնել հանրության այս կամ այն կետի վրա: Լրագրողի մասնագիտությունը ամենադժվար և ամենավտանգավոր մասնագիտություններից է:  Վերջին տարիներին մեր երկրում դա կապված է հատկապես ներքաղաքական լարումների հետ, երբ որոշ քաղաքական գործողությունների հետևանքով լուսաբանման ընթացքում լրագրողները մասնագիտական խոչընդոտների և բռնությունների հանդիպեցին:

-Պաշտպանվա՞ծ են արդյոք լրագրողի իրավունքները:

-Սովորաբար  քաղաքական իրադարձությունների կամ աղմկոտ դատավարությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություններ լինում են: Քրեական օրենքսգիրքը սահմանել է մասնագիտական իրավունքների խախտման դեպքում համապատասխան հոդված: Երբ այդ հոդվածը տեղ գտավ օրենսգրքում, առաջինը գործածվեց հենց «Առավոտի» հետ կապված. մեր լրագրողներից մեկը գնացելէր Ծաղկաձոր՝ նկարահանելու մեծահարուստների առանձնատները, և մեծ խոչընդոտների էր հանդիպել: Լրատվության մասին օրենքը սահմանում է, որ լրագրողը իրավունք ունի ներկա գտնվելու  դռնբաց դատական նիստերի, մասնակցելու հանրահավաքների, այսինքն` մասսայական միջոցառումների:  Վերջերս՝ Խորենացու դեպքերի ժամանակ, մի կողմից ոստիկաններն էին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնում (իրենց ասելով), մյուս կողմից էլ համարձակ լրագրողներն էին ձգտում ավելին մատուցելու, ինչի արդյունքում էլ հայտնվեցին ոչ այնքան պաշտպանված վիճակում:

-Փոխհատուցվո՞ւմ են արդյոք պատճառված վնասները:

-Փոխհատուցման դեպքեր շատ քիչ են լինում, հատկապես իրավական դաշտում: Անցյալ տարի` «էլեկտրիկ Երևանի»  դեպքերից հետո հայտարարվեց, որ որոշ լրատվամիջոցների տեխնիկական վնասները փոխհատուցվելու են, իսկ մեր վերջին դեպքերի հետ կապված նման խոսակցություններ չկան, այնինչ արդեն քանի օր է անցել:

-Միջազգային լրագրությունն ու մենք:

-Մենք հաճախ ենք լսում նման դեպքերի մասին միջազգային մամուլում: Հարևան պետություններում նույնիսկ բանտարկված լրագրողներ կան: Բայց ես չեմ ուզում համեմատվել նրանց հետ, ուզում եմ համեմատվել հենց մեզ հետ: Եթե չեմ սխալվում, մեզ մոտ այժմ երկու ազատազրկված լրագրող կա, բայց ոչ թե մասնագիտական, այլ անձնական-անհատական խնդիրների հետ կապված: Մենք այնքան համեմատվեցինք, որ ինչ-որ առումով մեծամտացանք, գերագնահատեցինք մեր ուժերը, օրենքները, ամեն ինչը, սակայն եթե սթափ նայենք, հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ, մենք տանուլ ենք տվել, և սա ինձ ավելի է մտահոգում: Ինձ մտահոգում է, որ մեր հանրահավաքներին պաշտպանված լինեն ոչ միայն լրագրողները, այլև սովորական մարդիկ, ովքեր գործում են օրենքի սահմաններում:

-Լրագրության առավելություններն ու թերությունները:

-Վերջին շրջանում մեր լրագրությունը, կարելի է ասել, անկում է ապրում, որովհետև թե Ապրիլյան պատերազմի, թե Խորենացու դեպքերի, թե ՊՊԾ-ի գունդը գրավելու ժամանակ մեր աղբյուրները ավելի զբաղվեցին սոցիալական ցանցերի տեղեկությունները ճշտելու, ստուգելու կամ տարբեր մեկնաբանություններ անելու, քան լրագրողական նյութ պատրաստելու վրա: Ես սա ցավով եմ ասում, որովհետև սոցցանցերի մեր գրառումները այլևս չեն տարբերվում լրագրության տարբեր ժանրերից: Կարծում եմ, որ լրատվական դաշտի իմ գործընկերները կհաստատեն, որ մենք զբաղված չենք լրագրությամբ: Լուրն առաջինը տալու ժամանակ մենք կորցնում ենք շատ բաներ: Երբեմն հրապարակում ենք չոր, ոչ լրիվ ստուգված, որովհետև մրցակցություն կա, առաջինը տպագրելու խնդիր կա: Հրապարակել, քանի դեռ ֆեյսբուքում չեն դրել, եթե դրել են, հղում անել…Անձամբ ես պատրաստ չեմ այս մոտեցմանը և կարծում եմ, որ սոցցանցերը կարող էին մեզ որպես գործիք ավելի  օգտակար լինել:

-Ո՞րն է հրապարակելու կամ չհրապարակելու սահմանագիծը արտակարգ իրավիճակների ժամանակ :

-Իննսունականներին կար մի ցանկ, որտեղ նշված էր պատերազմական կամ առհասարակ արտակարգ իրավիճակների ժամանակ ինչը հրապարարակել, ինչը՝ ոչ: Դրանից օգտվում էին բոլոր խմբագիրները: Այն ժամանակ չկային վարքագծի այսքան կանոններ իրավական, ռազմական, տնտեսական կամ այլ նյութեր լուսաբանող լրագրողների համար, բայց ամեն ինչ ավելի կանոնակարգված էր: Գուցե պատճառն այն էր, որ միայն տպագիր մամուլն էր, և առցացնը չկար դեռ:

Երբ ես գնացի Քյարամ Սլոյանի տուն, մուտքի մոտ հավաքված հարազատները նախապես զգուշացրին` մայրը տեղյակ չէ, որ որդու գլուխը կտրվել է: Բայց փաստորեն գտնվեցին լրագրողներ, ովքեր, չնայած մեր հորդորներին, հրապարակեցին նրա նկարը:

Մի անգամ էլ ավտովթար եղավ, անչափահաս երեխա մահացավ, մոր հետ էր, ձեռքը բաց էր թողել ու… Կարելի էր չցուցադրել այդ նկարը, մինչդեռ հաջորդ իսկ վայրկյանին նկարը հրապարակված էր: Ես՝ որպես օտար ու փորձ ունեցող մարդ, մորը հավասար ապրումներ ունեցա այդ տեսանյութից, ուր մնաց թե հարազատները դիմանային: Պետք է փոխել մոտեցումը, ծածկել որոշ հատվածներ, տարիքային շեմ սահմանել, որպեսզի ցանկացածը չբացի և որոշակի ապրումների մեջ չընկնի: Նման դեպքերի համար են արվում սեմինարները, մշակվում էթիկայի վարքականոնները:

-Ինչպիսի՞ն է մեր երիտասարդությունը:

-Ես սիրում եմ այս երիտասարդությունը, քանի որ Հայաստանի երիտասարդությունն է, կարևորը դուրս է կոմպլեքսներից, ազատ, ինքնուրույն: Մենք լիքը չքնաղ պատանիներ ունենք՝ շախմատիստներ, պոետներ… Այն, ինչ դուք ունեք հիմա, մենք չենք ունեցել՝ սեմինարներ, մեդիաճամբարներ… Երբեմն ձեր կայքում (17.am) ավելի կենդանի պատմություններ եմ տեսնում, քան որևէ լրատվական էջում: Ամեն ձմեռվանից հետո գարուն գալիս է, երիտասարդները այդ գարունն են, և մեր երկրի ապագան ձեր ձեռքում է: Սևակն ասում  է, չէ՞՝ ամեն սերունդ նախ և առաջ մտածում է լռության մեջ, իսկ երբ խոսել է սկսում, զարմացնում է նա մեծերին , ամեն սերունդ նախ և առաջ մահանում է կասկածելով:  Այդպես եղել է ու լինելու է միշտ:

-Ի՞նչ խորհուրդ կտաք լրագրության մեջ առաջին քայլեր անողներին:

-Ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ լրագրությունը՝ որպես առանձին ֆակուլտետ, բացվում  է բոլոր բուհերում: Ոլորտում առաջին քայլեր անող լրագրողների համար տեխնիկական զինանոցը շատ մեծ է, տարիներ առաջ հնարավորություններն ավելի քիչ էին: Ես կուզեմ, որ նոր քայլեր անողները չբավարարվեն միայն սոցցանցերի ինքնաշեն լրագրությամբ, այլ կարողանան մեզ նման աշխատել իրենց վրա, օգտվել արխիվներից, որևէ իրադրության մասին գրելիս չբավարարվել կամայական մեկնաբանություններով կամ վերջին ժամանակների կեղծ պատմավավերագրությամբ, լինել գրադարաններում, արխիվներում, լինել լավագույնս պատրաստված: Լրագրողը աշխատում է իրականության մեջ, նա չի կարող նստել տանը՝ ունենալով թանարժեք տեխնիկա, և լիարժեք աշխատել: Լրագրությունը տարիք չի հարցնում: Երբեմն ասում են, չէ՞՝ մեծ մարդ է, ինչ էլ հավես ունի: Նման բան չկա: Եթե նույնիսկ զրուցակիցդ քո տեսակը չէ, դու չպիտի փորձես նրան քո կողմը քաշել: Քո մասնագիտությունը պահաջում է, որ դու նրան ներկայացնես հավուր պատշաճի, իսկ բացասականը ներկայացնելիս զգույշ լինես, ամենավերջին կետում միայն մեղադրողի կեցվածք ընդունես: Եվ մինչև վերջին պահը փորձես հավատալ, հավատալ դիմացինիդ և հարգել ընթերցողիդ այն իմաստով, որ նա ունի տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունք: Պետք է կարողանալ վեր հանել մարդկային պատմությունները:  Ինչո՞ւ եմ ես այսօր դատարաններում գրում. այնտեղ փոքրիկ մարդկային պատմություններ են՝  չարքաշ, սոցիալապես անապահով մարդկանց մասին, և կարելի է ասել՝ ավելի հետաքրքիր, քան մականունավորների, օլիգարխների պատմությունները: Դրանցով քո նյութը կհաջողվի, և ընթերցողը մի պահ կմտածի՝ դու պատմվա՞ծք ես գրել, հրապարակո՞ւմ, թե՞ հոդված:

Հարցազրույցը վարեց՝ Միլենա Խաչիկյանը

amalya harutyunyan

Գրելու չափ երջանիկ

Գրե՞լ:  Հա, երբ լսում են, որ էլի գրում եմ, զարմանում են, թե այդքան ինչի մասին եմ գրում: Իսկ ես անգամ իմ մի օր չեմ պատկերացնում մի տող գոնե չգրելով:

Սովորականի պես մի օր էլ արթնացա ու որոշեցի, որ հենց այսօր համարձակությունս կհավաքեմ ու կգրեմ 17-ին, չնայած, որ վախենում էի, և համարյա թե վստահ էի, որ չեմ կարողանա թղթակցել, որ կմերժեն:

Բայց անսահման երջանիկ եմ, որ կարող եմ թղթակցել:
Հիմա գրում եմ նյութս ու մտածում. «Տեսնես` կկարդա՞ն, կհավանե՞ն,  թե` ոչ»:
Ես պարզապես սիրում եմ գրելը, սիրում եմ մոռանալ ամենի մասին, ու հոգուս խորքում հավաքված զգացմունքներս հանձնել թղթին: Գիտեք, թուղթը ամենահավատարիմ ընկերն է, նա երբեք ոչ ոքի չի պատմի քո գրածը և երբեք չի ծիծաղի քեզ վրա: Բայց այս հոդվածս ամենևին էլ թղթի մասին չէ:
Երբ գրում ես, գրում ես միայն քեզ համար, որ հանգստանաս, որ գոնե մեկին պատմես այն, ինչ զգում ես: Ու երբ քեզ համար ես գրում, էլ քեզ չի հետաքրքրում. Արդյո՞ք դուր կգա հոդվածդ ուրիշներին: Իսկ ե՞ս, ես չեմ կարողանում չմտածել, քանի որ ինձ համար կարևոր են իմ կողքինները, նրանց կարծիքը:

Բայց այս նյութս ամենևին էլ իմ մասին չէ:
Մինչև հիմա փորձում եմ գրել, նորից գրել, հա թող մի քանիսի համար «անիմաստ խոսեմ», մեկ է` ես չեմ կարող արգելել հոգուս` պատմել գաղտնիքները:
Ու հիմա հայտնվել է մեկը` 17-ը, ով պատրաստ է լսել գրածներս, կիսվել դրանց հետ: Կարող եմ գրել հազարավոր բաների ու առարկաների մասին, պատմել, թե ինչն է ինձ հուզում: Ու ես հիմա անսահման երջանիկ եմ, գրելու չափ երջանիկ:
Դեռ ժամանակ կունենամ երկար պատմել ու գրել, սկզբում ուղղակի ցանկանում եմ ասել` Շնորհակալ եմ, 17, հույս ունեմ կստացվի:

Եվ այսպես, ով եմ ես:

Ամեն հայտից, մրցույթից կամ ընդամենը դպրոցական շարադրությունից հետո որոշում եմ, որ սա վերջին անգամ է, որ իմ մասին եմ գրում: Բայց ինչպես տեսնում եք, այդքան էլ չի ստացվում, թուղթս նորց իր վրա է վերցնում իմ մասին գրված բառերը:

Նորից գնացի կանգնեցի հայելու առջև և տվեցի ինձ այդքան հուզող հարցը: Իսկ ո՞վ եմ ես, շատ ու շատ դեպքերում ես ինքս չեմ կարողանում պատասխանել այդ հարցին: Անհեթեթ հարց է, գիտեք, մենք բոլորս էլ մարդիկ ենք, այո, մարդիկ, ինչպես աշխարհի 7 միլիարդ էակները: Աակայն մի մարդու վերնաշապիկը նարնջագույն է, մյուսինը` կապույտ, ուրիշինը` սև:  Ինչպես մեր երազանքներն ու մտքերն են տարբեր, մեկինը` վառ գույներով, մյուսինը` սև:

Ես Ամալյան եմ, կամ Ամալը, կամ պարզապեա Ամը, հարազատներիս համար` Ամալիկը, կամ էլ ընդամենը Բարին, այո այո, ընկերներիս մի մասի համար ես Բարին եմ, ոչ թե Ամալյան, իսկ մի քանիսի համար էլ` Անհավանականն եմ, և ոչ մի անուն այս դեպքում նրանց չի հետաքրքրում:

Ասում են` անսահման բարի և անկեղծ եմ, դրա համար էլ բարի են ասում:
Եվ ինձ բնորոշ է անհավանական գործողությունները, մտքերը, խոսքերը, դրա համար էլ մարդկանց համար ես անհավանական եմ:
Իսկ ինձ համար ես ամենահասարակ ու ամենասովորական 16-ամյա Ամալյան եմ, ով հագնում է նույն վերնաշապիկը, ինչ մյուսները, բայց նրանը մանուշակագույն է: Նաև մանուշակագույն է իմ ստեղծած մոլորակը, պատերը, մտքերս ու երազանքներս:
Ինչպես հասկացաք, սիրում եմ գրել: Այո, անսահման շատ, եթե աշխարհի բոլոր թղթերը ինձ հանձնեին, ես դրանք կներկեի իմ մանուշակագույն մտքերով: Մայրիկիս համար ես ընդամենը «փիլիսոփայում եմ», իսկ ինձ համար` ես ապրում եմ գրելով:
Ես միշտ և բոլորին ժպտում եմ, ամեն հանդիպած մարդուն, կենդանուն, նույնիսկ ծառին ու ծաղիկին: Ես ժպտում եմ դժվարություններին ու կյանքին, այն կյանքին, որ հենց մեր ժպիտներով պետք է ներկենք:
Իմ կյանքը ասես համակարգչային խաղ լինի, ես էլ` հերոսը, որտեղ միշտ պետք է հանդիպես խոչընդոտների և հսղթահարես դրանք: Պետք է յոթ անգամ ընկնես, որ ութ անգամ բարձրանաս:

Ճանաչեցի՞ք ով եմ ես, ո՞չ, ես` նույնպես: