Արժանի՞ ես քո  խաղաղությանը

Պատերազմական մի երեկո հայոց պատմության դասն էի փորձում սովորել։ Թեման՝ Ավարայրի ճակատամարտ։ Այո, ոչ թե սովորում էի, այլ փորձում էի սովորել։ Ամեն նախադասություն համեմատում էի մերօրյա պատերազմի հետ։ Իրականում շատ ու շատ նմանություններ գտա։ Ամենատեսանելին, որ միանգամից աչք ծակեց, այն էր, որ միշտ էլ հայը, չակնկալելով օգնություն, ինքն է կռվել իր հողի ու անկախության համար։

Նախադասության կեսը կարդում էի ու սկսում մտքերով սավառնել, միտքս կարծես փախչում էր պատերազմ կոչվածից։ Հանկարծ հիշեցի պատմության դասախոսիս՝ ընկեր Ավետիսյանի խոսքերը։ Շա՜տ ճշմարտախոս մարդ է։ Պատերազմի առաջին օրերն էին։ Դասախոսը ներս մտավ լսարան, հասկանալով, որ նորից անպատրաստ ենք, ասաց.

֊Սիրելինե՛րս, ե՞րբ եք հասկանալու, որ այստեղ եք սովորելու գիտելիք ստանալու համար։ Հասկանում եմ, շատերդ բարեկամներ ու ընկերներ ունեք մարտի դաշտում, բարդ է։ Ես կարող եմ բոլորիդ էլ ցածր գնահատել, բայց դա չէ իմ առաքելությունը։ Ուզում եմ հասկանաք, որ սովորելն էլ ձեր գործն է։ Զինվորներն այնտեղ են իրենց գործը անում, իսկ դուք էլ այստեղ պետք է անեք։ Թիկունքը ձե՛ր ձեռքերում է, ապագան դու՛ք եք լինելու։ Հիմա ի՞նչ, նստենք ու այսպես իրար երեսի նայե՞նք, թե՞ սովորենք, իմանանք մեր պատմությունն ու ապագայում պիտանի մարդ դառնանք մեր երկրի համար։ Վերջապես հասկացեք, որ սովորելն էլ ձեր պարտքն է։

Տուն վերադառնալիս միայն այս խոսքերն էին պտտվում գլխումս։ Անդադար կրկնվում էին, թվում էր, թե ինչ֊որ խորհրդավոր իմաստ կա բառերի մեջ քողարկված։ Արդեն պլանավորում էի, թե որ օրը պետք է սովորեմ հաջորդ դասը։ Դասախոսիս խոսքերը իսկապես տպավորվել էին։ Դե բնական է, որ կտպավորվեին, չէ որ դրանք ճշմարիտ էին։

Քայլում էի ու ինձ անարժան համարում այդ օրը խաղաղ անցկացնելու համար։ Մտածում էի, որ ես այդ օրվա իմ գործը չեմ արել, փոխարենը ապրում եմ ուրիշի՝ զինվորի արած գործի հաշվին։ Սրտումս  ահարկու անհանգստություն կար, հանգիստ չէր տալիս։

Ու այսպես ամեն անգամ դաս անելիս հիշում եմ այս խոսքերը ու  մոտիվացիան խեղդում է, սկսում եմ ողջ շաբաթվա դասերը անել։

Ու գիտեք, ի՞նչ տվեց ինձ պատերազմը։ Շա՜տ կարևոր մի բան՝ մարդկանց և ունեցածը գնահատելու ունակություն։

Ու գիտակցեցի մի բան, ցավալի, բայց իրական։ Այն, որ ապրում ենք մեր զոհված հերոսների կյանքի գնով, ու չենք էլ պատկերացնում, թե ինչքա՜ն  արժանապատիվ պիտի ապրենք, ինչքա՜ն ճիշտ ու զգույշ պիտի ապրենք։

Նիրվանա

Ինչպես յուրաքանչյուր երեկո՝ սա նույնպես նույնն է, մի փոքր տարբերվող նույնը։ Իմ ականջակալների մեջ զնգում է Նիրվանան, ու մերոնք կրկին անգամ հեռուստացույցի ձայնն իմ ներքին ձայնից բարձր են արել։ Հայրենասիրական ֆիլմ է։ Մեր ընտանիքում այս օրերին կամ լուրերն են միացրած լինում, կամ հայրենասիրական ֆիլմերը, չնայած, որ երբեք էլ հայրենասիրական ֆիլմեր չենք նայել։

Մատներս ֆիլմի ձայնի հետ հավասար գնում են դեպի ստեղնաշարը, որ Նիրվանան ավելի բարձրացնեմ ու ֆիլմի գոռգոռոցը չլսեմ։

Հանկարծ մտքումս կադրը փոխվում է, ես՝ երեսուն տարի առաջ՝  Նիրվանայի համերգին ու հետևիս սարերում արկերն են պայթում։ Խնդրում եմ, որ ավելի բարձր նվագեն, իսկ հետևիս սարերում արկերն ավելի ուժեղ են պայթում, ու ես ցանկանում եմ մի բան անել, որ միայն շեկ մազերով երգչի խռպոտ ձայնը լսեմ, բայց արկերը պայթում են ու պայթում։ Կարծես մեկը մատը համաչափ ստեղնաշարի վրա է դնում ու արկերի ձայնը բարձրացնում։

Ու հիմա մտքով ես Լևոնի մոտ եմ։ Տեսնես՝ ու՞ր ես, Լյով ջան։ Տեսնես՝ Նիրվանա՞ ես լսում, թե՞ արկերի ձայներ։ Հենց գաս՝ ինչ կուզես` դա էլ կլսենք, խոսք եմ տալիս։ Մոտս նույնիսկ գրում եմ, որ չմոռանամ։

Իսկ հետևիս սարերում արկերը պայթում են ու պայթում։ Ոնց որ պնդաճակատ լինեն։ Նիրվանան էլ անջատվեց, երկրորդ հայրենասիրական ֆիլմը միացավ, բայց կրկին գոռգոռոցներ, տեղ-տեղ գլխավոր հերոսը գոռում է․

-Պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ։

Տեսնես՝ գլխավոր հերոսը Լյո՞վն է, թե՞ մեր դասարանի Կարոն։ Բոլորն էլ գլխավոր հերոս են, ուղղակի տարբեր տեղեր։

Ես էլ իմ ստեղնաշարի վրա եմ գլխավոր հերոս, իմ ստեղնաշարի վրա եմ արկերի ձայներ իջեցնում ու բարձրացնում, Նիրվանան գլխումս՝ ինքս իմ հետ պայքար եմ մղում։

Ընդհանուր առմամբ, նույնն է ամեն ինչ մնացել, ուղղակի մերոնք սկսել են հայրենասիրական ֆիլմեր նայել, ես սկսել եմ Նիրվանայի ձայնը բարձրացնել, որ հայրենասիրական ֆիլմերի ձայնը չլսեմ, որովհետև իմ ֆիլմերի հերոսները վաղուց կողքիս չեն։ Վաղուց պայքարի մեջ են։ Մտքերս գրավել են ու անցել են առաջ՝ դիրքեր գրավելու։

Ու ոնց մտքերս չեն թողնում, որ ինձ մնան, չեն հանձնում ու նահանջում, այդպես էլ դիրքերը չեն թողնում ու նահանջում։ Դրա համար էլ միտքս օրվա մեջ քսան անգամ դեպի հարավ է գնում՝ Լյովենց մոտ։ Հետաքրքիր է, եթե Նիրվանա է լսում, ապա ո՞ր երգն է լսում, թե՞ արկի ձայները խանգարում են․․․

Մի ուրիշ հոկտեմբեր ապրելիս

Վարդգես Պետրոսյանն իր գործերից մեկում գրել է. «Երկիրը երկու հարևանով տուն չի, որ վատ հարևանի պատճառով ծախես, գնաս մի ուրիշ փողոց կամ քաղաք, նոր տուն առնես․․․ Կպած ապրում ենք ու պիտի ապրենք, մինչև Ահեղ դատաստան»։

Ու երևի մի ուրիշ կյանքում կամ մի ուրիշ հոկտեմբեր ապրելիս ես էս նախադասությունը նույնիսկ երկու անգամ չէի կարդա։ Պայուսակիս միջից մատիտ չէի հանի ու ընդգծեի։ Գիտե՞ք ինչի։ Որովհետև մեզ դա են սովորեցրել դպրոցում, ու մենք չենք հարցրել. «Ա՛խր, ինչի՞ համար, այ ընկեր Գասպարյան»։ Որովհետև մեզ ստիպել են, որ ամեն տարի բանակի օրը զինվորին կամ բանակին նվիրված մի շարադրություն գրենք։ Ասում եմ` ստիպել են, քանի որ դասարանից դուրս, դպրոցի դարպասների մյուս կողմում մենք չենք իմացել՝ ոնց իրականում նվիրվենք էդ բանակին ու մեր զինվորին։ Չենք իմացել՝ ոնց էդ գրականության տասներկու թերթանի ստուգողականների տետրի թերթերից պոկենք մեր հարգանքն ու իրական կյանքում մի կերպ կիրառենք։ Հակառակն ենք տեսել։ Տեսել ենք ընտանիքներ, դասարանցիներ, ծնողներ ու ծանոթներ, որ ամեն կերպ ուզեցել են էդ փառահեղ բանակից իրենց որդիներին «փրկեն»։ Ու երևի դրա համար էլ չենք կարողացել վերոհիշյալ հարգանքը պոկել գրականության տետրի էջերից։

Ու երևի մի ուրիշ կյանքում կամ մի ուրիշ հոկտեմբեր ապրելիս չէի դնի ու ժամերով մտածեի՝ արդյո՞ք եկել ու վրա է հասել էդ Ահեղ դատաստանը։ Արդյոք հիմա ես պիտի տունս ծախեմ ու գնա՞մ, թե՞ պիտի մնամ տանը ու էդ հարևանի աղմուկին ու բարբարոսություններին դիմանամ։ Արդյո՞ք էդ խաբեբա հարևանն արժե իմ հանգիստ քունն ու ընկերներիս կյանքը։ Արժե՞ իմ տաք ու հարմարավետ տունը, որ ես կորցնեմ իմ հարազատ ու սիրելի մարդկանց։ Արժե՞, որ հազարավոր ուրիշ տներում անընդհատ ճրագ մարի, ու կյանքը էլ երբեք առաջվանը չլինի։ Արժե՞ իմ էս տանը մնալը ինչ-որ բան, եթե Արցախից եկած երեխեքը էլ տուն չունեն, ու էնպես են նայում աչքերիս մեջ, որ իմ աչքերն էլ են արցունքոտվում։ Արժե՞ իմ էդ մի հատ տունը, որ ես տեսնեմ, ութ տարեկան Մանեին լացելուց, որովհետև ինքը գրքերը թողել է Մարտակերտում, գրասեղանին, ու հիմա դաս չի կարողանում անի։ Արժե՞ իմ տունը, որ չեմ ծախում ու գնամ, որ տիկին Հասմիկը գա ու նստի իմ կողքին, սկսի լաց լինել, որովհետև երեք տղաներն էլ առաջնագծում են՝ երկուսը բժիշկ, մյուսը` զինվոր, հետո էլ ինքը ինձ հույս տա, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ու պիտի՞ ես կպած ապրեմ, եթե շուրջս մարդկանց համար ամեն ինչ մեկ է դարձել։ Եթե ամեն անգամ զոհերի ցուցակում ծանոթ անուն փնտրելուց հետո աչքերս լցվում են, որովհետև ծանոթ անուն էս անգամ չկար, բայց հետո հասկանում եմ, որ ուրիշներին 1009 անգամ արդեն ծանոթ անուն է հանդիպել։ Ախր, ես ո՞նց կպած ապրեմ, եթե իմ տրամադրությունը, կենսակերպն ու ապրելը առհասարակ կախված է ընկերներիս մի հաղորդագրությունից, մի զանգից, մի լուսանկարից։

Ու երևի մի ուրիշ կյանքում կամ մի ուրիշ հոկտեմբեր ապրելիս ես չէի իմանա, թե ահեղ դատաստանը որն է։ Չէի իմանա, թե ինչպես կարող է սիրտդ կոտրվել մեկ օրում տասնյակ անգամներ ուրիշի ցավից։ Մի ուրիշ կյանքում ու մի ուրիշ հոկտեմբերին ես ուղղակի չէի մտապահի էդ երկտողը․․․

Հայրենիքին

Ոչ մեկը ոչ մեկին պարտք չէ, հատկապես հայրենիքին։

Հայրենիքին պարտք չեն լինում: Հայրենիքը կողքի շենքի հարևան չէ, որ իրեն պարտք մնաս, ու նա քեզ ճնշի։

Հայրենիքի ու քո միջև եղած սերը պիտի առանց ավելորդությունների ու խոստումների լինի. վերացական մի զգացմունք, որը գնում ու գալիս է, բայց միշտ իրեն զգացնել է տալիս։

Որը գիշերները ճնշում ու ցանկանում է կոկորդդ պատռել, որին չես կարողանում զանգել, բայց զանգ ստանալ նրանից ցանկանում ես։

Հայրենիքին պարտք լինել նշանակում է` հայրենիքին արժեզրկել, դարձնել ոտքի տակի հող, ուրիշ ոչ մի բան։

Հայրենիքը հիմար բարեկամ չէ, որին մենակ գումարի կարիք զգալուց են հիշում, ով միայն գումարը ետ վերադարձնելու համար է զանգում։
Հայրենիքին միայն սեր տալ է պետք, ոչ թե սեր պարտք մնալ, հայրենիքը սուրբ «նիսյա»-ի տետր չունի, առավել ևս վարկային պատմություն։

Հայրենիքին պարտք չեն լինում, որովհետև դա հայրենիքի օրենքներում չկա։

Պատերազմ: Օրեր:

Պատերազմ: Օր 9:

Ես նայում եմ ընկերուհուս աչքերին: Չգիտեմ՝ ոնց պիտի րոպեներ հետո նրան հայտնեմ, որ իր կուրսընկերը, բեմական խաղընկերն ու համատեղության կարգով նաև՝ ամենամտերիմ ընկերը զոհվել է: Նա, չնայած այս 9 օրերի դժոխքին, ժպտում է: Հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու, ու որ անպայմանորեն, անկասկած ու համառորեն հաղթելու ենք: Ինչպե՞ս նայեմ իր ժպտացող աչքերին ու ասեմ մի բան, որից հետո այդ աչքերից ծովի նման աղի արցունքներ են սկսելու հոսել, մի բան, որ ինքս էլ կգերադասեի չիմանալ ժամեր առաջ մի բոթաբեր զանգից:

Դեռ երեկ էինք պայմանավորվել հանդիպել 3 ընկերուհիներով ու թեյել միասին այս երեկո. հույս ունեինք, թե գոնե այդպես կկարողանանք մեկ-երկու ժամով կտրվել աշխարհի ամենասարսափելի երևույթի մասին նորություններն անընդհատ թարմացնելու մեր մոլուցքից: Գլխիցս բարձր այդ առաջարկի հեղինակն էլ հենց ես էի եղել՝ առանց գրամ իսկ կասկածելու, թե մինչ հաջորդ երեկոն ուսերիս այդքան ծանր բեռ է դրված լինելու: Ես նայում եմ նրա խաղաղ, ժպտացող ու հաղթանակի վրա վստահ աչքերին ու փորձում ժպտալ: Նույնը փորձում է անել նաև կողքիս նստած մյուս ընկերուհիս՝ նա, ում զանգով հոգի փշրող այդ լուրի ծանրությունը դրվել էր երկուսիս ուսերին: Վերջինիս մոտ դերասանական այդ հնարքն այնքան էլ լավ չի ստացվում. աչքերն անընդհատ արցունքով են լցվում, ու, որքան էլ փորձում է իրեն զսպել, դրանցից մի քանիսը հայտնվում են այտերին:

-Ես գնամ, լվացվեմ,- ասում է նա՝ փորձելով երեսը շրջել դեպի ինձ, որ նա չտեսնի իր արցունքները:

Ընթացքում իրար թաքուն մեսիջներ ենք գրում, որ հասկանանք՝ ոնց, որ պահին ու ինչպիսի բառերով ենք էդ անիծյալ բոթը հայտնելու մեր ընկերուհուն: Մի քանի վայրկյանով վերջինիս աչքի փուշը դառնալու պատասխանատվությունը ես փորձում եմ գլորել նրա վրա, ինքը՝ հակառակը: Հետո հասկանում ենք, որ երկուսս էլ չափից դուրս թույլ ենք մեր երրորդի աչքերը այդպիսի տխրությամբ լցնելու համար: Պատճառ ենք բերում մեր թույլ սեռն ու ծանրագույն այդ առաքելությունը դնում տղաներից մեկի վրա: Նա, ուր որ է, կհասնի, ու մենք ի վերջո ստիպված կլինենք դուրս գալ սրճարանից:

-Դուրս գա՞նք արդեն,- հարցնում է նա,- հաշիվը վաղուց փակել ենք:

-Դե՜, մի 5 րոպե էլ մնանք, էլի,- փորձում եմ ժամանակ ձգել ես,- ցուրտ ա դրսում:

-Լավ,- թոթվում է ուսերը՝ չհասկանալով պահը ձգձգելու իմ նկրտումները:

Դուրս ենք գալիս: Կարենն արդեն սպասում է մեզ: Դեմքից երևում է՝ ինքն էլ չգիտի՝ ինչ բառեր ընտրի քիչ ցավեցնելու համար: Իսկ այսպիսի դեպքերում քիչ ցավեցնել, առհասարակ, հնարավո՞ր է: Երևի, չէ: Հաստատ, չէ՛…

-Կգա՞ս՝ քայլենք մի քիչ երկուսով,- ասում է էնպիսի անվստահ ձայնով, որից անհնար էր գլխի չընկնել սպասվելիք գույժի մասին:

Էլենը սկզբում խուսափում է առանձին քայլելու այդ առաջարկը իրեն վերագրելուց՝ կարծելով, թե այն ուղղված էր մեզնից յուրաքանչյուրին, միայն թե ոչ իրեն:  Երևի կանխազգում է, որ  չարագուշակ մի բան է լինելու ու ենթագիտակցաբար փորձում պաշտպանել ինքն իրեն դրանից: Առանձին քայլելու առաջարկը կրկնվում է արդեն երրորդ անգամ, ու նա ստիպված է լինում այնուամենայնիվ ընդունել, որ այն իրեն էր ուղղված: Կարենն ու ինքը քայլ առ քայլ հեռանում են մեզնից՝ աստիճանաբար մխրճվելով խավար մշուշի մեջ: Օրն անձրևոտ էր: Ռոմանտիկ գրականության վարպետները հավանաբար այս դեպքի համար կասեին, թե երկինքը կարծես առավոտից չարագուշակ կերպով ազդարարում էր, որ վատ բան է լինելու: Մինչդեռ այդ վատ բանը՝ մահ անունով, վրա էր հասել դեռ օրեր առաջ թշնամու դավադիր հարվածից: Դեռ օրեր առաջվանից էր, որ ծնողներն ու ընկերները չէին կարողանում կապի դուրս գալ նրա հետ, բայց լավատեսորեն հույս ունեին, թե խնդիրը լոկ տեխնիկական է՝ կապերը լավ չեն, կամ էլ հավանաբար հեռախոսի մարտկոցն է նստել, կամ վատագույն դեպքում՝ փչացել կամ կորել։ Ու հիմա էլ մահ կոչվող այդ արհավիրքի լուրն առաջինը հայտնի էր դարձել ոչ թե նրա ծնողներին կամ ընտանիքի այլ անդամներին, այլ հենց մեզ՝ թեև ոչ պաշտոնապես, բայց, ցավոք, հազար անգամ ստուգված կապերով:

Նրանց՝ մշուշի մեջ կորելու ու կրկին հայտնվելու միջև ընկած ժամանակահատվածը տևում է 2-3 րոպե, մինչդեռ մեզ մի ողջ հավերժություն է թվում: Ես ողջ ընթացքում մտածում եմ, թե ինչ բառեր պիտի ընտրեմ, որ կարողանամ մխիթարել նրան, երբ արդեն ինքն էլ իր ուսերին կրի մահվան բոթի նույն ծանրությունը։ Բայց հենց անհավասարակշիռ քայլերն ուղղում է դեպի ինձ, ու տեսնում եմ նրա արցունքոտ աչքերը, մոռանում եմ իմացածս բոլոր մխիթարանքի խոսքերը և կարողանում եմ անել միայն մի բան․ իմ փոքր թևերով գրկել նրա դողացող մարմինը, որն այսօր ցավից կծկվել ու տարօրինակ կերպով փոքրացել է։ Արցունքները սկզբում նրա աչքերից հոսում են լուռ, միայն ժամանակ առ ժամանակ անզուսպ հեծկլտոցն է ընդհատում լռությունը։ Հետո, երբ գալիս է իրականությունն ընդունելու հաջորդ փուլը, նա փորձում է ժխտել այն։ Փորձում է բերել փաստարկներ, որ կվկայեն հակառակի մասին, ասում է, որ իր աղոթքները չէին կարող Աստծուն չհասնել, որ նա խոստացել էր վերադառնալ, որ իրենք միասին միշտ հաղթել են, այս անգամ էլ պիտի հաղթեին։ Հետո սկսում է մեղադրել ինքն իրեն․ գուցե այդ պահին ֆիզիկապես նրա կողքին չէր, դրա համա՞ր չեն հաղթել։ Հետո տալիս է հարցեր, որոնց պատասխաններն ինքներս էլ չգիտենք, ասում է, որ առանց դիակի անհնար է պնդել մահվան մասին, մինչդեռ մահեր կան, երբ անգամ մարդու մարմինն է մոխրանում․․․ Րոպեներ անց, հավանաբար հանգստացնող դեղահաբի ազդեցության ներքո, դադարում է լաց լինել։ Նստում է ու լուռ, անբառ, անթարթ հայացքով նայում մի կետի։ Հետո հիշում է պատմություններ իրենց ընկերության, միասին անցկացրած օրերի մասին։ Հիշում է կատակներ, որ միայն իրենք էին հասկանում, զգացողություններ, որ միայն միասին էին ապրել։ Հիշում է առաջին խոսակցությունից մինչև վերջինը, պլանները, որոնք միասին պիտի իրագործեին, ու չի կարողանում անցյալով խոսել նրա մասին։ Հետո խոսքն էլի ընդհատվում է արցունքներով, որոնք, թվում է, պիտի արդեն սպառված լինեին, բայց միևնույնն է, հոսում են, հոսում, հոսում․․․

Ես շատ ապաշնորհ մխիթարող եմ։ Էլի ոչինչ չեմ գտնում ասելու։ Կարողացածս միայն մեկն է՝ սրբել այտերին թափվող արցունքներն ու ժամանակ առ ժամանակ ջուր առաջարկել, գուցե այն ինձնից ավելի լա՞վ մխիթարի։ Այդ ընթացքում շարունակ մտքումս մեղադրում եմ ինքս ինձ, ա՜խր, կարող էի ոչինչ չասել նրան, կարող էի այնպես անել, որ գոնե մի քանի օր պակաս տանջվի, քանի դեռ պաշտոնական որևէ տվյալ չկա նրա մահվան մասին, քանի դեռ հարազատները նրա լուսանկարն են տարածում սոցիալական ցանցերով ու ծանոթ-անծանոթ մարդկանց աղաչում որևէ տեղեկություն հայտնել իրենց որդու մասին։ Հետո, ինքս ինձ ներքուստ կեղեքելուց հոգնած, ուղիղ հարցնում եմ նրան, թե ավելի լավ չէր լինի՞, եթե մի քանի օր հետո իմանար այդ մասին, երբ բոլորն արդեն տեղյակ կլինեին։ Բայց Էլենն ինձնից ավելի լավ մխիթարիչ է նույնիսկ այն ժամանակ, երբ կծկվում է ցավից։ Հանգստացնում է ինձ, ասում, որ միևնույն է, պիտի իմանար, ու ավելի լավ էր, որ հենց մեզնից իմացավ։ Հետո փորձում է հավաքել ինքն իրեն ու ցույց չտալ զգացածը։ Բայց կարմիր աչքերը մատնում են ամեն ինչ․․․

Պատերազմ։ Օր 10։

Մայրը շարունակում է սոցիալական ցանցերով փնտրել որդուն՝ ապարդյուն հուսալով որևէ նշան ստանալ նրա կենդանության մասին։ Երեկոյան, երբ էլի փորձում էի բառեր ընտրել Էլենին մխիթարելու համար, ու էլի ոչինչ չէր ստացվում մոտս, ընդհանուր ընկերներից մեկն է զանգում․

-Ասում են՝ զոհվել ա,- հետո կցկտուր բառեր,- ասում են՝ մաման չի ճանաչել դիակը, բայց համազգեստի թիվը համապատասխանում էր նրա թվին,- հետո էլի կցկտուր բառեր,- ասում են՝ ԴՆԹ անալիզ են նշանակել․․․

Պատերազմ։ Օր 12։

ԴՆԹ անալիզի պատասխանը բացասական է։ Բոլորի աչքերում նոր հույս է ծնվում։ Մինչդեռ ծառայակից ընկերը մեզ այնպիսի մանրամասներ է պատմել նրա մահվան մասին․․․

Պատերազմ։ Օր 15։

Ալենի լուսանկարն արդեն մի քանի օր է պտտվում է համացանցում՝ արդեն ոչ թե որոնվողների, այլ, ցավոք, զոհվածների շարքում։ Այսօր նրա մարմինը հանձնեցին հողին՝ Եռաբլուրում, եթե դա որևէ կերպ կմխիթարի որևէ մեկին, իսկ հոգին․․․ Հոգին դեռ երկար կապրի, որովհետև իրենից ճառագող լույսն այնքան առատ է, որ որևէ փայտի կտորով որևէ հողի տակ թաքցնել երբեք չի լինի․․․

Պատերազմի դեմքը

Տատիկս արդեն 10 օր է պարտաճանաչ կերպով դիտում է ժամը 12-ի լուրերը։ Ես այդ ամենն արդեն ինտերնետից գիտեմ, հաղորդավարի ձայնը չեմ լսում:

Մոտենում եմ հեռուստացույցի տակի փոքր դարակին ու հանում իններորդ դասարանի ավարտական լուսանկարս՝ «վինետկան»։ Մաքրում եմ երկու սանտիմետրանոց փոշին ու բացում։ Երդվել էի, որ երբեք չեմ բացելու այդ տգեղ նկարներով լի գիրքը, պատերազմը ստիպեց․․․

Էջի երկու ծայրերին առաջնագծի իմ զինվոր ընկերներն են։ Մեկին նայելիս հպարտություն եմ զգում և ուրախանում, մյուսին նայելիս հպարտությունն ու անարդարության զգացումը խեղդում են այնքան, որ լաց եմ լինում։ Առաջինի անունը Արծրուն Հովհաննիսյանի էջում է, որպես քաջ հերոս, ով վիրավորվելով խոցել է զգալի թվով զրահատեխնիկա, երկրորդի անունը՝ սևը սպիտակի վրա գրված  անունների ցուցակներում։ Ամեն օր նոր ցուցակի անունները կարդալիս՝ անկասկած ցավ ենք զգում, բայց բառերը չեն կարող փոխանցել այն, ինչ զգում ես տեսնելով քեզ ծանոթ անուն։ Երբ տեսնում ես մի մարդու անուն, ում տեսել ես ինը տարի ամեն օր, ում հետ դպրոցն ավարտելուց հետո համարյա չես էլ խոսել, բայց մեծացել ես կողք կողքի, օգնել դասերին, նստել նույն նստարանին, մեկնել քաղաքից դուրս, կռվել, հաշտվել, ծիծաղել․․․ Կյանքդ կանգ է առնում այն մտքից, որ քո հասակակիցը, ով այլ պայմաններում երեք ամսից հանգիստ կավարտեր իր ծառայությունը ու կվերադառնար իր նպատակներին ու երազանքներին, ապագա չունի, իսկ դու անգամ չես կարող հիշել ձեր վերջին խոսակցությունը․․․

Դու կաս, իսկ նա՝ չէ, ու դու կաս հենց նրա շնորհիվ․․․ Նա հերոս է, ով անմահացավ։ Անմահացավ՝ փրկելով ընկերոջ կյանքը, ինչն ընդհանրապես զարմանալի չէ նրան մի քիչ իմացողների համար։ Բայց կյանքի մասին պատկերացումներդ տակնուվրա են լինում հարցից, թե ինչու կամ ինչ գնով․․․

Երևի ինչքան էլ ապրեմ, ամեն տարի մեծանալով կհիշեմ նրանց, մեկին՝ որպես պատերազմը հաղթած ու հայտնի հերոս, մյուսին՝ որպես հերոսացած, բայց այս աշխարհում մի որևէ տեղ ինձ հետ նույն պահին իր տված խաղաղության մեջ չապրող մարդու։

Խորհուրդ չեմ տալիս երկար մտածել այս հարցի շուրջ, խնայեք ձեր նյարդերը, քանի որ միայն այն մտքից, որ մի քանի հարյուր երիտասարդի կյանք մեր աչքերի առաջ ուղղակի կտրվեց, գժվել կարելի է․․․ Կատարվածը արդարացում չունի, ու չապրած կյանքը չի կարող կոմպենսացվել ոչ մի մեդալով։ Սակայն սա պատերազմ է, իսկ ինչպես մայրս է թաքուն լաց լինելուց հետո ինձ փորձում հանգստացնել, պատերազմի դաշտում զոհերն անխուսափելի են։

Պատերազմի դաշտում մարդկային արժեքներ չկան, սպանում ենք: Մեկը` շահի համար, իր երկրի ղեկավարության և դիկտատորի էգոն հարստացնելու, մեկն էլ՝ իր, ընտանիքի ու ազգի գոյության․․․ Սակայն ոչինչ չի կարող կշեռքի նժարն ավելի իջեցնել, քան մարդկային կյանքը։

Մարդկությունը երբեք չի հասկանա խաղաղության գինը, իսկ զոհերը երբեք չեն իմանա, թե իրենց հերոսությունը որքան ցավ կարող է պատճառել:

Անուններ

Երբևէ ձեզ մեղավոր զգացե՞լ եք անուն կարդալու պատճառով։ Ես զգացել եմ։ Երկու շաբաթ է` զգում եմ։

Քիչ է մնում աշխարհի բոլոր լեզուներով յուրաքանչյուր կրոնի աղոթքը սովորեմ, որ մտքումս ասեմ՝ անուն կարդալու ժամանակ։
Որովհետև չեմ ցանկանում ծանոթ անուն գտնել զզվելի ցուցակում, չեմ ցանկանում մեր դպրոցի ամենակոպիտ տղայի անունը կարդալ ցուցակում, ու երբ ինքս ինձ բռնացնում եմ ծանոթ անուն փնտրելիս՝ կրկին ատում եմ ինձ։ Ախր, բոլորն էլ իմն են, իմ եղբայրները, ու դպրոցի ամենահիմար և ամենալավ տղաները։

Մեկ տարի առաջ մտքովս անգամ չէր անցնի, որ երկիրն իրական պատերազմի մեջ կհայտնվի։ Իհարկե, միշտ էլ լսել եմ «պատերազմական երկիր ենք» արտահայտությունը, բայց դա ինձ համար հեռու ու շատ օտար միտք էր, դա ուղղակի փաստ էր, բայց ոչ իրականություն, անհեռանկարային մի պատմվածք։

Օտարազգի ընկերներիցս մեկի հետ էի խոսում, ու ասաց, որ երբեք չէր պատկերացնի պատերազմ 21-րդ դարում, որ պատերազմի մասին միայն գեղեցիկ կազմով գրքերում էր կարդացել։ Ես էլ ինքս ինձ հազիվ զսպեցի, որ չասեմ. «Ես նույնպես»։

Ամեն գիշեր առաստաղին նայելուց մտածում եմ՝ էս ամենն իրո՞ք իրականություն է, թե՞ ես եմ արդեն տարիքից ու մեր բակի ավտոլվացման կետի ձայներից խելքս թռցրել։ Գոնե տարիքից լիներ, կամ նույն գրողի տարած լվացման կետից։ Գոնե առավոտ արթնանայի՝ գնայի կենտրոն, ու մեր դպրոցի ամենակոպիտ տղան դիմացս դուրս գար, ես էլ քմծիծաղ տայի ու առաջ անցնեի, բայց ոչ։

Ես առավոտ արթնանում եմ ու աչքերով նրա անունն եմ փնտրում։ Հույս եմ հոգուս խորքում պահում, որ չգտնեմ։

Ու էսպես քանի-քանի առավոտներ ու գիշերներ եմ ունենալու։ Քանի առաստաղներ են երազիս գալու ու տարիքի մասին հիմար ինքնախաբեությունները։

Ընկերներով երբ հավաքվում էինք ու պատերազմի մասին էինք խոսում՝ մեր տղաների համար դա սովորական էր՝ բոլորը պատրաստ կանգնած էին, ու մեր աղջիկները պահը բաց չէին թողնում «ես էլ եմ գալու» արտահայտությունը հինգ անգամ իրար հետևից ասելու։
Փաստորեն ընկերներս խոստումներ պահել գիտեն։

Ու ես հպարտ եմ, որ նրանք խոստում պահել գիտեն, որովհետև ինձ խոստացել են գրքիս շնորհանդեսին գալ, ու ինձ հետ կինո գնալ, ու մեր ամենափոքր ընկերոջ համար 18 տարեկանի խնջույք կազմակերպել, ու ինձ խոստացել են հետ գալ, ուղղակի հետ գալ։

Բայց ցավոք, ես չեմ կարողանում ինձ պահել ու անուններ ման չգալ, չեմ կարողանում աչքերս կառավարել ու միտքս պահի հետ կանգնեցնել։

Շուտ մեծանալը իմ երազանքը չի եղել

Ես չգիտեի, որ երիտասարդն էլ մահ կարող է տեսնել։ Չգիտեի, որ գերեզմաններում կարող են յոթանասուն տարեկանից ցածր մարդիկ լինել։ Սովորեցի։

Չեք համոզի, թե ճակատագիր չկա: Միշտ էլ իմացել եմ, որ կա, եթե ձեր ասածին հետևեմ՝ ասեմ չկա ճակատագիր, կհիասթափվեմ ամեն ինչից։ Հա, դեռ վարդագույն ակնոցներ ունեմ պայուսակումս, մեկ-մեկ պետք է գալիս։ Եթե ասեմ, որ չկա ճակատագիր՝ կլինի, որ անարդար է կյանքը։ Եթե ճակատագիր չկա, ո՞վ է այդ անարդարը, ով տանում է մերոնց։ Ո՞վ է այդ անարդարը, որ մեզ սովորեցրեց դողալ, բայց՝ հոգով դողալ։ Ո՞վ է, որ կարողացավ մեր հոգիներին ստիպել մրսել արցունքների մեջ, այն էլ՝ աղոթելիս։

Ճակատագիր կա։

Ես պատրաստ չեմ էդքան մեծ հիասթափության, դրա համար ասում եմ, որ կա։

Ճակատագիրն է, որ ինձ արագ մեծացրեց: Ես չէի ուզում, բայց ճակատագիրը հո չէ՞ր նայելու իմ ուզել կամ չուզելուն։

Ճակատագիրն է, որ ինձ ստիպեց մեղավոր զգալ, մի հերոսի մահվան մեջ, մտածել, որ ես եմ եղել հերոսի թշնամին, ոչ թե ճղճիմ թուրքը։

Եթե ճակատագիրը չէ, էլ ո՞վ կարող էր էդքան անխիղճ լինել։

Ճակատագիրն է, որ դրդեց կասկածել՝ վերջին անգա՞մ եմ քնում, մի երկու գիշեր է ինձ մնացել, թե՞ ինձ ոչինչ էլ չի լինելու, չեմ տուժելու պատերազմից։

Բայց հենց նույն ճակատագիրն էլ հասկացրեց ինձ, ասաց.

֊Հիմա՛ր աղջիկ, դու արդեն տուժել ես, դու արդեն տեսել ես, արդեն ապրել ես։

Աստված չէր անի էդպես։ Սա հաստատ գիտեմ։

Էնպես որ, էլ չասեք, թե ճակատագիր չկա։