Երգեր՝ գրված խրամատում

Տատս միշտ շեշտում է, որ արվեստի հանդեպ իմ և եղբորս սերը գալիս է պապիկից։ Պապս` Խաչատուր Նորայրի Բաղդասարյանը, ում ցավոք լավ չեմ ճանաչել, Արցախի ազատամարտիկ էր և իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի ազատագրական պայքարին և մարտնչել Արցախի ազատագրական ճակատում։ Լինելով ինժեներ՝ նա նաև բանաստեղծ էր։ Ստեղծագործել է իր ամբողջ կյանքի ընթացքում՝ թե՛ սահմանին, թե՛ Երևանում, թե՛ հայրենի Բոլնիս-Խաչենում։ Խորհրդակցել է Շիրազի հետ։ Մինչև այսօր իր իրերի մեջ գտնում ենք արդեն մաշված տառերով փոքր թերթիկներ, նոթատետրեր և տետրեր, որտեղ նա գրի է առել իր բանաստեղծություններն ու երգերը։ Այս անգամ էլ աչքովս ընկավ Դաշնակցություն թերթի 1992 թվի օգոստոս ամսվա օրինակը։ Գինը՝ 1 ռուբլի։ Դրա էջերից մեկի վրա տեսա պապիս՝ մի քիչ մաշված նկարը, իր՝ Խաչատուր Խաչենցի, կենսագրությունն ու կռվի ժամանակ գրված բանաստեղծությունները։

ԻՄ ԳԱՆՁԱՍԱՐ

Գանձասարը հեքիաթն է իմ,

Առասպելը հայ մանուկի,

Գանձասարը թովչանքն է իմ,

Կոմիտասը իմ անտունի։

 

Քեզ տեսել եմ երազիս մեջ,

Հայոց Սասնա հուր-հրեղեն,

Քո սիրով եմ այրվում անշեջ,

Իմ Մարաթու՛կ դու բոցեղեն։

Դու իմ սրտի արտասվող լար,

Մեր հեքիաթի անհաս Պեգաս,

Դու Շիրազի անգին քնար,

Մենք հավերժ ենք՝ քանի դու կաս։

 

ՀԱՅԱՇԵՆ ՇՈՒՇԻ

Շուշի՛, իմ Շուշի՛, դու՝ բերդ ու ամրոց,

Դու լույս՝ մշուշի և աշխարհի բոց։

Հայոց աշխարհի անհայտ ընդերքում,

Գանձերի գանձն ես իմ լուսե երգում։

Երբ նվիրեցին քեզ դավի ձեռքով,

Մենք ետ վերցրինք մեր սրտի վերքով։

Այժմ քեզ հետ ենք, չե՛նք տա ուրիշի,

Դու հար պիտ ժպտաս, Հայաշե՛ն Շուշի։

Շուշի՛, իմ Շուշի՛, դու՝ բերդ ու ամրոց,

Դու հույս՝ մշուշի, Անմահության բոց։

***

Իմ Ստեփանակե՛րտ, դու իմ փունջ ծաղիկ․

Դու իմ սրտի բերդ, դու հայոց բալիկ։

Քեզ ո՞վ կթողնի մնաս ուրիշին,

Բախտդ քո ա՛զգը պիտի որոշի։

Կմեռնեմ հողում ես քո տիրական,

Այս կռվի բովում քո նվիրական։

 

․․․ ԻՍԿ ՄԵՆՔ ԿՄՆԱՆՔ

Հավատում էի՝ այս օրը կգա՛,

Այնքան ուրախ եմ, ա՜րևս վկա,

Այսօր լցվեցին սրտերը փխրուն,

Արցունք երևաց աչքերում տխուր,

Եվ փչեց զուռնան մեր Հայոց երգի,

Որ բալասանն է մեր ցավոտ վերքի։

Բոլորի կողմից ձեզ հալալ լինի

Մեր ոսկեվազյան խաղողի գինին,

Երգը կմնա հողում Արցախի՝

Որպես մեր հիմնը մեծ հաղթանակի։

Դուք կերթաք վաղը, իսկ մենք կմնանք,

Խոստովանում եմ ձեզ, որ կդիմանանք,

Դուք միշտ կմնաք մեր սրտերի մեջ,

Որպես հաղթության հավատամք անշեջ։

***

Երբ շատ փոքր էի, հարցնում էի՝

Ի՞նչ է Հայաստան,

Որ այսքան թանկ է ու նվիրական․․․

Տեսնես ինձ հե՞տ է ծնվել իմ մորից,

Թե՞ մորս հետ եմ ծնվել նրանից․․․

Ասացին՝ չկա՛ ուրիշ Հայաստան,

Նա է լոկ հավերժ ու նվիրական։

Ու այդ օրվանից ընդմիշտ հասկացա,

Որ այլ սուրբ երկիր ինձ համար չկա։

Լեռներդ չեմ գնահատել…

Կներես, իմ սիրու՜ն։

Կներես, որ վիրավորվել եմ հաճախ քեզնից։ Լեռներդ չեմ գնահատել, ճերմակ ջրվեժներդ չեմ գնահատել, սառը ջուրդ չեմ գնահատել։

Եթե ամբողջ կյանքումս էլ ներողություն խնդրեմ, էլի քիչ կլինի։ Չեմ հասկացել, որ դու ես իմ սերը, իմ ամենասիրունը, որ քեզնով եմ խաղաղ, քեզնով եմ քայլում դեպի առաջ՝ դեպի բարձրն ու մեծը։

Հիմա չեմ էլ կարող սերս ու նվիրվածությունս քո հանդեպ արտահայտել։ Բայց իմացի՛ր՝ սիրում եմ քեզ, էլ կյանքում չեմ նեղանալու նվիրածդ քաղցր ջրից, մայրամուտներից, ամենակապույտ ու պարզ երկնքից։

Այսօր արտասովոր տխուր ես։

Կապույտ երկինքդ բաց երկնագույն է դարձել, գունաթափվել է, կապույտի մեջ մխրճված շենքերդ փոքրացել են, էլ չեն երևում, զավակներդ էլ անհանգիստ աչքեր ունեն, իմ սիրու՜ն։

Ների՛ր, զավակներիցդ ոմանց չհասցրինք պաշտպանել, փրկել: Երկինք գնացին զավակներդ։

Տներում ողբ կա, ների՛ր քեզ ցավեցնելու համար։

Բայց գիտե՞ս, ողբը միախառնվել է ազատատենչ ոգու հետ։ Արի ոգիդ գերազանցում է քեզ նվիրած ողբին։

Ապրե՛ս, իմ սիրու՜ն, չես թուլացել՝ գիտեմ, տեսնում եմ։ Դու էլ գիտես՝ կողքիդ ենք լինելու, չենք թողնելու լաց լինես, աչքերդ կկարմրեն, մեր ամենաթա՛նկ։

karin eranosyan

Չծնված անձրևներ կամ մեռած արևներ

Եթե ամեն անգամ

քեզ հիշելիս՝

ինչ որ մեկը մահանար,

այնքա՜ն սիրուն կլիներ

կյանքը,

աշխարհը։

Չեմ ասի,

թե մարդիկ չէին լինի,

մի քիչ

ծաղկեցված կստացվեն տողերս։

Բայց հա՛,

քիչ մարդիկ կլինեին

կամ միայն դու,

առաջինն ավելի նախընտրելի է։

Ես կընտրեի իմերին,

դու էլ կլինեիր

մոլորակումս։

Իրական մոլորակումս։

Իսկ հեքիաթումս միշտ կաս,

էլի եմ ասել։

Եթե ամեն անգամ

քեզ հիշելիս՝

արևներ մեռնեին,

քիչ կլինեին արևները,

մեկը կլիներ՝

միայն կուլոնս։)

Եթե ամեն անգամ

քեզ իմ մեջ սպանելիս՝

անձրևներ ծնվեին,

հիմա

ամեն օր անձրև կգար։

Տեսնու՞մ ես,

չեմ կարողանում սպանել քեզ։

Բայց

անձրևներ շատ եմ սիրում։

Ի՜նչ ափսոս,

համարձակություն չունեմ՝

անձրևների տեղատարափ ստեղծելու։

Juliabrahamyn12

Փոփոխականություն

Ես փոփոխական մարդ եմ։
Փոփոխականությունս հաստատելու համար կարող եք կարդալ բոլոր գրած ու չգրած նյութերս։ Վստահ կարող եմ ասել, որ մեծամասնությունը սկսվում է «Ես»-ով։

Ինչպե՞ս հասկացա, որ փոփոխական եմ՝ հերիք չի, մի հատ էլ հետաքրքրությունս կորցրել եմ ամեն ինչի հանդեպ։
Երբ Շրջանայինի անցումի ծաղիկներից էլ հոտ չքաշեցի, որովհետև հիշեցի անդավաճան ալերգիայիս մասին, ու, ի զարմանս բոլորի, հաստատուն քայլերով դուրս եկա հենց ճիշտ տեղից։

Փոփոխականությունս սովորել եմ կյանքից։ Երեկ ես մոլորված առաջին կուրսի աղջնակ էի, ու կյանքն իր փոփոխականությամբ ինձ այսօր հասցրեց չորրորդ կուրս, որի մասին ես բնավ էլ չեմ գրի ու չեմ խոսի։
Իմ մտքում ու իմ ենթագիտակցության մեջ ես անվերջ պայքարի բռնվող մարդ եմ, սակայն բոլորն էլ գիտեն, որ արդեն մեծանալու ժամանակն է։
Ժամանակն է աչքերի մեջ պարող խորամանկությանը դավաճանելն ու քայլերն ավելի հաստատուն դնելը։

Երեկ գերմաներենի դասին նստած ինչ-որ կոպիտ բառեր էի լսում ու չհասկանալու տալիս, որովհետև ինքս չեմ կարող համակերպվել այն փաստի հետ, որ արդեն անհասկանալի բառերն ինձ համար բավականին հեշտ ու հասկանալի են։ Չեմ կարողանում համակերպվել, որ էլ սուրճ չեմ խմում, ու արտաքինիս փոփոխությունների մասին ծնողներից թույլտվություն աղաչելն էլ պարտադիր չէ։

Ախր, ինձ ինչ-որ կռիվ է պետք, որևէ կրակ, որի հետ կարող եմ անվերջ բանավիճել։ Իսկ կյանքի այն փուլը, որտեղ քիչ-քիչ հասկանում ես, որ ղեկը քո ձեռքում է, ու պատասխանատուն միայն դու ես՝ շատ արագ եկավ։

Եկավ հինգ օր առաջ՝ չորրորդ կուրսի հետ միասին, որտեղ ես լսարանների տեղն արդեն փակ աչքերով էի գտնում, ու դասախոսներին բարևելիս էլ չէի ամաչում։

Եկավ տասնութ տարեկանի պես, որտեղ կարծես թե երիտասարդ ես, բայց արդեն ժամանակն է։
Եկավ կորած ու անհետացած ընկերների հետ, որովհետև արդեն ափսոսանք կամ կռվի նշույլ չկար, ու բոլոր կողմերն էլ խաղաղված էին։

Մեծանալու հետ միասին ՝ կրճատվեցին երկխոսությունները թե՛ կյանքում, թե՛ նյութերի մեջ։ Կորան սենտիմենտալ տողերն ու գրիչը բռնելու ցանկությունը։
Բայց ես վստահ եմ, որ մի օր, երբ ամեն ինչի հետ խաղաղության պայմանագիր կնքած կլինեմ, երբ ինքս իմ հետ պայքարն ավարտված կլինի՝ կվերցնեմ ինձ պատկանող իրերը, որոնք սովորաբար թուղթն ու գրիչն են, ու իմ սիրելի սև թանաքով որևէ նոր պայքարի վերնագիր կգրեմ։ Երկար տարիներ ձգվող պայքարի բնութագիր, որովհետև ես փոփոխական մարդ եմ, ես այսօր ջնջում եմ ու վաղը նորից գրում, ու այդպես մինչև վերջ։

anahit baghshetsyan new

Չժամանակ

Նման բառ չկա հայերեն լեզվում` բնական է: Ես եմ հորինել: Նման բառերը պիտի հորինվեն, որովհետև չժամանակը զգացմունք է, պահ, երևույթ, իրավիճակ, ոնց ուզում ես սահմանիր, բայց բոլորս անցել ենք դրա միջով, բոլորս մեր սեփական մաշկի վրա ենք զգացել այն:

Սկսենք վերջից:

Նա ինձ ճանապարհել է դեպի իրեն անծանոթ ու օտար ափեր: Այսինքն, այդ պահին ձեռքս չի բռնել ու ասել, որ ինձ կկարոտի: Աչքերը չեն թրջվել, հայացքը անօգնական չի պտտվել շուրջբոլորը: Չէ’: Սենտիմենտալ ոչ մի դրվագ չեղավ նրա` ինձ ճանապարհելու մեջ: Նա ուղղակի ինձ չկանգնեցրեց, երբ ես գնում էի: Ոչ մի բառ անգամ չհնչեց նրա ձայնով: Իմ կողմ նրա սիրուն աչքերի հայացքը չնետվեց, ու ես չկանգնեցի, որ անհագուրդ նայեմ ու ուղեղիս մեջ դրոշմեմ այդ հայացքը: Նա այդտեղ չէր, իմ կողքին չէր հենց այդ պահին: Ողբերգությունը հենց այդտեղ սկսվեց, ու ինձ հետ կես աշխարհ կտրեց ու եկավ հասավ դեպի նրան անծանոթ ափերը:

Իմ հիշողությունը այլևս չի ողողվում բոլոր գունավոր զգացմունքներով, որ նա էր հորինել իմ համար: Ես այլևս չեմ խորտակվում իմ ու նրա երազանքների գիրկը, որովհետև նա ինձ թողնեց, որ ես գամ ու հասնեմ օտար ափեր, որովհետև նա քաջություն չունեցավ ինձ կանգնեցնելու: Բայց այս մտքերը էլ չեն պտտվում գլխումս: Ուղղակի վռնդել եմ գլխիցս: Ներս չեմ թողնելու, որովհետև հենց թողեմ ինձ կրկին տանելու են նրա ափեր, որտեղ նա ինձ չի սպասում:

Նա էլ երևի իր ափերում ամեն ինչ դասավորել է: Երևի մեր երազանքները ծալել ու դրել է մի անկյունում ու մեկ ուրիշի հետ նոր երազանքներ է գծագրել, կառուցել, քանդել… Կամ էլ գուցե մեր երազանքները չի պահել, դրել է մի փոքր տուփիկի մեջ ու ծովի ալիքներով իմ ափ ուղարկել: Հա, հաստատ էդպես է արել: Որ ինձանից ոչ մի բան չմնա իրեն:

Վերջացնենք: Սկիզբը կպատմեմ:

Մենք հանդիպել ենք պատահական: Այսինքն, ոչ հստակ ժամ, ոչ տեղ, ու ոչ էլ օր չկար պլանավորված: Ուղղակի կյանքի ինչ-որ անհասկանալի հեգնանքով մենք բախվել ենք իրար ու մի փոքրիկ պատմություն ենք գրել միասին: Երևի ոչ մեկին էլ պետք չէր մեր գրած պատմությունը: Պատմություն չեմ կոչի,  անունը նովել կդնեմ, որովհետև ավարտը անսպասելի էր թե ընթերցողների, թե կերպարների համար: Ինձ թվում էր, որ մենք իրար համար ենք ստեղծված, նրա հասակը իմ հասակին համապատասխան էր, իմ կարծիքները` նրա կարծիքներին լրացնող: Բայց նա կյանքը սկսել էր բացահայտել, իսկ ես դեռ շարունակում էի նույն ուղով: Հետո էլ, երբ նա վերջացրեց իր փնտրտուքները, ես իմը սկսեցի: Իմ բացահայտումները նույն ափին չէին: Ու նա ինձ թողեց մենակ: Ասաց, որ մենք իրոք իրար համար էինք, բայց հանդիպել էինք կյանքում անհարմար պահի: Ու ես անունը դրեցի չժամանակ: Չժամանակ, որովհետև, բացի այն, որ հանդիպել էինք սխալ պահի, երկուսս էլ գիտեինք, որ ճիշտ պահը չի գալու երբեք: Ես լինելու եմ շատ զբաղված, ինքը լինելու է շատ ազատ, հետո ես լինելու եմ հասանելի բաժանորդը, իսկ ինքը` հակառակը:

Ու մենք հրաժեշտ տվեցինք իրար անհրաժեշտաբար: Ես լաց եղա ու ատեցի Սևակին մեր բախտը մեզնից շուտ կանխագուշակելու համար: Իսկ ինքը… Իսկ ինքը ինձ չկանգնեցրեց ճանապարհի կեսին: Ինքը չժամանակի զոհը դարձրեց համ ինձ, համ ինքն իրեն…

Sose Martirosyan

Իսկ դուք ունե՞ք շնորհակալության առիթներ

Կարդացե՞լ եք Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին»: Չունե՞ք Ֆերարի, ձերը երևի արծաթագույն Մերսեդես է, այնպես չէ՞: Չէ, սպասեք, երևի Օպել է կամ էլ չէ, երևի ձեր բախտը չի բերել, ու դուք մինչ այսօր ձեր կարմիր 06-ն եք վարում: Բայց ի՞նչ կարևոր է Ֆերարին, եթե տրամադրությամբ եք 06:

***

Խառը մտքերով շտապում եմ կանգառ՝  հասնելու սրտիս ավտոբուսին: Իրար չենք տեսել ուղիղ 6 ամիս, պատկերացնո՞ւմ եք:  Ի՞նչ կլինի սիրող սիրտը: Մտածում եմ՝ բա որ ուշանա՞մ: Չէ՛, ոչ մի դեպքում չի կարելի ուշանալ առաջին հանդիպումից, երբե՜ք: Լուսացույցը կանաչեց, քայլերս արագացան, նայում եմ՝ հեռվից  մոտենում է, վազում եմ. սիրտս դուրս է գալիս տեղից, բայց դռները բացվում են, ու ժպիտով ներս եմ մտնում:

Ինչպես միշտ, սպասելիքներս ավելի մեծ էին իրականությունից: Հուսաթափվում եմ՝  նայելով ուղևորների աչքերին: Դե լավ, վե՜րջ տվեք, այս ի՞նչ դեմքեր են, մտածում եմ: Հո աշխարհի վերջը չէ՞. վիրուս է, էլի, կանցնի-կգնա: Դիմակի տակից փորձում եմ հասկանալ՝  ով է ժպտում, ով է ուրախ, բայց ապարդյուն: Բոլորը տխուր ու հիասթափված են: Լավ, Սոսե, ի՞նչ անես բա, որ գոնե մի քիչ ուրախանան: Հիշում եմ Շարմային, գրել էր՝  եթե, կյանքում ունեք երեք առիթ, որի համար շնորհակալ եք, ուրեմն դուք արդեն իսկ երջանիկ եք:

Որոշում եմ հարցում անցկացնել: Կողքիս մի կին էր նստած:

-Տիկին ջան, բարև Ձեզ, կասե՞ք Ձեր անունը:

-Բարև, աղջիկ ջան, անունս Ջեմմա է: Ինչո՞ւ ես հարցնում:

-Վա՜յ, տիկին Ջեմմա ջան, ինչ լավ անուն ունեք, երևում է, էլի, որ տեղով մեկ քաղցրություն եք, շատ հաճելի է, ես Սոսեն եմ:

Ժպտում  է  և ուրախանում:

Մյուսները աչքերը կլորացրել ու ինձ են նայում, երևի մտածում են էս խելապակասն ով է, իրեն լրագրողի տեղ է դրել, մարդկանց հարցեր է տալիս: Բայց ես հո՞ զգում եմ, որ եռում են հետաքրքրությունից, շարունակում եմ.

-Տիկին Ջեմմա ջան, թույլ կտա՞ք Ձեզ մի հարց տալ, դե մենք էլ ճանապարհին ենք, ասել-խոսելով կգնանք:

-Սոսե ջան, տատիկիդ տարիքին կին եմ, ինչ հարց, ինչ բան, լիքը երիտասարդներ կան, իրենց հարցրու: Ես թոշակառու կին եմ. ո՜չ տրամադրություն ունեմ, ո՜չ էլ հավես: Չէ՜, քեզ չեմ կարող օգնել:

-Վա՜յ, նեղացնում եք, տիկին Ջեմմա ջան, գիտե՞ք, չէ՞, տատիկիս աշխարհի չափ սիրում եմ, այնպես որ, մերժում չեմ ընդունում:

-Է՜, բալա ջան, ասա, լավ, տուր հարցդ, տեսնեմ` հլա էդ ի՞նչ հարց ա, որ տենց կպած ուզում ես հարցնել:

-Ինձ կասե՞ք, թե ինչո՞ւ եք շնորհակալ կյանքում, երեք առիթ, որի համար շնորհակալ եք:

-Սոսե ջան, էս ինչ թիթիզ հարցեր ես տալիս, այ աղջիկ ջան:

-Տիկին Ջեմմա ջան, կուզե՞ք Ձեզ օգնեմ:

-Հլա փորձի:

-Ամուսին ունե՞ք:

-Վըը… Բա էդ հարց ա՞: Ո՞նց չունեմ, Պարգևս, մեռնեմ դրա ջանին, աղջի: Առաջին ու վերջին սերս ա, գիտես,  չէ՞ ` ոնց սիրտս գերեց էդ իրա «ֆինդուֆլուշկաներով», մինչև հիմա էլ հոգուս հետ խաղում ա, բայց որ վատ եմ, չէ՞, զգում, վաաա՜յ, աշխարհն էլ ոտնատակ կտա, մենակ թե ես լավ լինեմ: Հիմա էլ երևի էն ճռռան արևին աշխատում ա այգում: Մեռնեմ ես իրա ջանին, իսկական Պարգև ա. իմ կյանքի նվերն ա: Վայ, շատ լավ հիշեցրիր, է, զանգեմ տեսնեմ ոնց ա…

-Վայ, տիկին Ջեմմա ջան, ինչ սիրուն նկարագրեցիք: Ես էլ եմ էդպիսի Սեր ուզում: Բայց դուք հետո կզանգեք Պարգև պապիկին: Հիմա ինձ ասեք. բա զավակներ ունե՞ք:

-Ասեմ, աղջիկ ջան, երեք որդի ունեմ, մեկը մյուսից խելացի, շնորհքով, բոյով-բուսաթով: Մեծս ամուսնացել է, մի հիասքանչ հարս ունեմ, էդ ինչ լավ աղջիկ ա: Միջնեկս աշխատում ա, մեզ էլ ա օգնում, մեռնեմ ես իրա կյանքին: Էն փոքր տղես էլ սովորում ա: Գիտես, չէ՞, քեզ շատ հավանեցի, աչքիս հարս տանեմ,- ու ինձ աչքով է տալիս:

Զարմանում եմ: Ու տիկին Ջեմմաս սկսեց բարձր ծիծաղել, հիմա ամբողջ ավտոբուսով հո չենք ծիծաղում, դրսից կմտածեին, թե հարյուրամյա ճակատամարտն է:

Ու ամենակարևորն այն է, որ անցել է 15 րոպե, ու ոչ ոք չի իջել ավտոբուսից. բոլորը լսում են ուրախ ու պայծառ աչքերով: Սիրտս ջերմանում է:

-Տիկին Ջեմմա ջան, ասացիք՝ Ձեր մեծ տղան ամուսնացել է, հարսն էլ հոյակապ աղջիկ է, բա թոռնիկ ունե՞ք,- հարցնում եմ՝ զգալով, որ տիկին Ջեմմայի աչքերը հիմա սիրուց կպայթեն, որ թոռնիկի անուն լսեց:

-Արևիկս: Աշխարհի չափ սիրում եմ: 7 տարեկան է, դպրոց է գնում: Իմ մայրիկի պես է, գիտես, չէ՞, երբ պառկած եմ, բերում է վրաս անպայման մի բան է գցում, ասում է՝ տատի՜, չմրսես հանկարծ: Մեր տան էկոնոմիստն է, մինչև լույսերն ու ջրերը չանջատի, չի քնի: Իսկական արև է՝ պայծառ ու լուսավոր: Մեր տան արեգակն է:

-Տիկին Ջեմմա ջան, բա ասում եք` ոչինչ չկա շնորհակալության համար: Այս ինչ հոյակապ ընտանիք ունեք, Աստված տա միշտ միասին լինեք՝ սիրով ու սերով: Շնորհակալ եմ, որ պատասխանեցիք հարցերիս:

-Սոսե ջան, ես եմ շնորհակալ, աղջիկս, երբեք չէի մտածել՝ ինչքան երջանիկ եմ իմ ունեցածով: Հիմա գնամ ու բոլորին գրկեմ, ամուր համբուրեմ, կարոտեցի բոլորին, մանավանդ Պարգևիս:

Ավարտեցի, պայծառ ժպիտով նստել եմ, տեսնում եմ մյուսները մատները ծալելով ինչ-որ բան են հաշվում: Շնորհակալության առիթները… Որոնք այնքան շատ են:

Պետք է բաժանվեմ սիրելի ավտոբուսիցս, մեկ էլ տեսնեմ ավտոբուսի վարորդը՝ Վաչագան ձյաձյան, ասում է.

-Սոսե ջան, քեզ պետք է պահեմ կողքս, որ սենց միշտ համով-հոտով ճանապարհ գնանք: Աստված քեզ հետ, աղջիկս, ապրես:

Բարի օր եմ մաղթում վարորդին ու երջանիկ գնում  դասիս:

Իսկ դուք ունե՞ք շնորհակալության առիթներ:

shushanik papazyan

«Իմ օրագրի անունը Կիտտի չէ»

Իմ սիրելի օրագիր, ես խճճվել եմ։

Ես նորից չեմ կարողանում գրել  ու վախենամ, որ խմբագիրը ետ ուղարկի գրածներս ՝ համարելով` «վերանայման ենթակա» կամ անպետքություն։ Գրելիս կրկին հիշում եմ ինձ, երբ լուցկու տուփում «թուրքական» զատիկներ էի հավաքում։ Մտածում էի զատկական նոր ու լուցկու տուփում տեղավորվող հրաշալի  աշխարհի մասին։

Սիրելի օրագիր, ես չէի էլ կարող պատկերացնել, որ երբ ավարտվի մանկությունս, ու հաճախ խճճվեմ ՝ ես էլ կտեղավորվեմ լուցկու փոքրիկ տուփի մեջ։
Ինձ էլ օտար ձեռքերը միշտ հավաքում են, իսկ որ ավելի հաճախ է լինում ՝ պոկում են տոտիկներս։ Երբեմն կոշտ, երբեմն էլ հոգատար ձեռքեր վերցում են ինձ ու տեղը չեն դնում․ այս վերջինն ինչ-որ տեղ կարդացել էի ու իմ փոքրիկ ուղեղով մտածել․ «Ըհը, իսկն իմ մասին է»։ Երբեմն ինձ երևակայում եմ, թե շաբաթվա դիտած ֆիլմն էլ «իսկն իմ մասին է»։

Սիրելի օրագիր, շաբաթ-կիրակի օրերին ցուցադրվող ֆիլմերը քաղաքում կորած կատվի, խնձորով թխվածք պատրաստողի (ում աշխատանքին խանգարում է խրտվիլակը), չստացված սիրային հարաբերությունների մեջ հմտացած կանանց ու ինկվիզիցիայի վհուկների  մասին է միշտ լինում։

Հիշո՞ւմ ես՝ ինչպես էր արտասանվում Լոլիտա բառը․ Լո-լի-տա՝ լեզուն քիմքին հպելով ու ծերունական ոգևորությամբ։ Ահա գրեթե նույնությամբ ֆիլմի ամենաանհարմար պահին արտաբերում եմ ՝ իսկն իմ մասին է։

Այս մեծ ու փոքր աշխարհում շատ քիչն է իմ մասին․ ես միայն կարողանում եմ գրել։ Չնայած երբեմն  դուռը շխկացնում է երեսիս ու հեռանում  ինձնից։

Սիրելի օրագիր, գաղտնիք չէ, որ երկար ժամանակ է, ինչ հեռանում է ինձնից գրեթե ամեն ինչ, ու եթե համեմատելու լինեմ աշխարհում «ամեն ինչ» ասվածի չափերին, ապա գրեթե ոչինչ։
Հաճախ պատահում է, որ բարձրակրունկները ձեռքիս վազեմ  ամուր ուսերի հետևից։ Հաճախ պտտվում եմ ու թույլ տալիս, որ փխրուն մեջքով պառկեցնեն փոքրիկ լուցկու տուփի մեջ։ Մազերիս միջով անցնում են լուսեղեն կանաչ մատներն ու անհետանում, երբ չեմ էլ հասցնում փոխել մազերիս գույնը կամ նոր կտրվածք անել։
Ավելի հաճախ պատահում է, որ բռնեցնեմ ինձ որոշման վրա․ պետք է ավելի կարճ կտրվածք անել ՝ կոշտ, լուսեղեն-կանաչ մատները չտանջելու։
Պատահում է, որ ամուր ուսերն ամենից հաճախ եմ կորցնում, ինչպես օրինակ սիրելի գուլպայի ձախը կամ աջը։

Գիտես, երբևէ չեմ մտածել՝  ինձ կորցնո՞ւմ են, թե՞ չէ։ Մտքովս էլ չի անցնում, որ ինչ-որ մեկն ինձ կհամեմատի սիրելի գուլպայի ձախի կամ աջի հետ։
Ծիծաղելի է, բայց ի տարբերություն դրանց, որ մշտական շարժման մեջ են, ես միշտ նույն տեղում եմ։
Սիրելի օրագիր, ինձ երբեմն թվում է, թե ես այնտեղ եմ, որտեղից ինձ հեռացրել են կամ հեռացել։ Խճճվում եմ քաղաքում․ անչափելի է, չէ՞, թե որտեղ քեզ կհեռացնեն կամ քեզնից կհեռանան։

Օրեր առաջ, հայտարարեցի, թե ինձ մոտ միայն գրելն է ստացվում․ չգիտեմ թե այսօր ինչ եմ կերել նախաճաշին, բայց բառերը թռել են գլխիցս, ու այժմ, երբ փորձում եմ բառեր տեղավորել էջերում, մտքիս միայն շոկոլադով տորթի բաղադրատոմսն է։ Թվում է, թե կետադրական սխալներ եմ անում ամեն նախադասության մեջ։ Այս օրերի պես օրերին, ես փակվում եմ զատկական լուցկու փոքրիկ տուփի մեջ, ու աշխարհը կրկին  թվում է մանուշակագույն թելի փոքրիկ գունդուկծիկ։
Երբ մանկությունս դեռ ավարտված չէր, թվում էր, թե ճանկերով խաղում էի, վազում դրա հետևից ու  պոկոտում։

Իմ սիրելի օրագիր, երկար ժամանակ է, ինչ ամեն բան գլխիվայր շուռ է եկել․ մանուշակագույն թելի գունդուկծիկն ընկած է հետևիցս։ Հաճախ սայթաքում եմ ու մեկ էլ ուպս՝ խճճվում։

Այսօրն այն օրերից է, երբ սայթաքել եմ։

Քեզ բարի գիշեր եմ մաղթում, վաղը նոր օր է սկսվելու, ու նոր էջից գրելու եմ քեզ․ սիրելի օրագիր, ողջույն, ես նորից խճճվել եմ։