Բարև՛, տատ
Գիտե՞ս, ես շատ խիզախ աղջիկ եմ, բայց մեծ դժվարությամբ այսքան տարի հետո եկել եմ քեզ այցի: Դժվար է գիտակցել, որ մահվանիցդ ուղիղ 12 տարի է անցել: Ես արդեն 23 տարեկան եմ, իսկ դու հավերժ 60 մնացիր… Ցավոք սրտի, այսօր քո մասին միայն հիշողություններ ունեմ, ու ամեն անգամ քեզ հիշելով մանկությունս գալիս է դիմացս, թե ինչպես էաի վազվզում հիվանդանոցում, թե ինչպես էի հիվանդասենյակի կահույքի դռները բացում ու փակում, իսկ դու անգամ չէիր էլ բարկանում. ուղղակի ինձ նստեցնում էիր քո սեղանի մոտ, թուղթ ու մատիտներ տալիս ու ժպտում: Իսկ երբ հիվանդներ էին գալիս, անգամ սենյակից դուրս չէիր հանում, այլ ասում էիր՝ նայիր, միգուցե մի օր որոշես ինձ նման բուժքույր դառնալ, բայց… Բայց ո՞վ կմտածեր, որ դու այդքան շուտ ինձ միայնակ կթողնես, ու ես կսկսեմ ատել հիվանդանոցները ու սպիտակ խալաթները, ու անգամ 7 թիվը, որը տեսնելուց միշտ փշաքաղվում եմ… Ախր, այնքան շուտ հեռացար ինձանից, չհասցրեցի անգամ հրաժեշտ տալ: Մի գիշերում ամեն ինչ կանգ առավ, սիրտդ կանգ առավ:
Տատ, գիտե՞ս, բոլորին ստում եմ, որ այդ օրվանից ոչինչ չեմ հիշում, իսկ նրանք կուրորեն հավատում են, որովհետև դժվար 12 տարեկան փոքրիկ աղջնակը գիտակցեր, թե ինչ է մահը, իսկ ես գիտակցել եմ, տատ: Ես այդ օրը մեծացել եմ, հավատո՞ւմ ես:
Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ սարսափելի է, երբ կորցնում ես մեկին, ով դեռ ողջ է, բայց հակառակի մասին ոչինչ գրած չկար: Միգուցե հաջորդը դրա մասին գրեմ: Օրինակ՝ ինչպես համակերպվել հարազատի կորստի հետ, ինչպես չվախենալ մահից և այլն: Տատ, ես չեմ վախենում, ես էլ վաղուց չեմ վախենում մահից, բայց ի՞նչ գին վճարեցի դրա դիմաց` ոչ ոք չգիտի: Տատ, հոգնել եմ մահերից: Մահը շողքս է դարձել, ուր գնում եմ` հետապնդում է, բոլորին խլում է ինձնից՝ հարազատներ, ընկերներ, ծանոթներ, անծանոթներ: Երևի էլ ոչ մեկին չսիրեմ կյանքում, որ մահը հանկարծ նրան էլ չխլի:
Գիտե՞ս, մահվանդ նախորդ գիշերը ննջասենյակում փոքրիկ աղջիկը ծնկի էր եկել ու նրա դառն հառաչանքները ու աղոթքները ճախրում էին դեպի երկինք՝ հրաշքի ակնկալիքով: Ես չէի աղոթում, ես աղաչում էի: Աղաչում էի Աստծուն` փրկել քեզ անգամ իմ կյանքի գնով: Աստված չլսեց, չօգնեց, չխղճաց: Նա քեզ խլեց ֆիզիկապես, բայց հոգեպես մնացիր ինձ հետ, իմ կողքին: Տատ, գիտեմ, ինչ հիմա ասեմ, դրա համար բոլորի քննադատությանը կարժանանամ, բայց ոչ քո: Տատ, ես մահվան օրվանիցդ էլ Աստծուն չեմ հավատում: Գիտե՞ս, մարդիկ անհիմն մեղադրում են, բայց եթե մինչև վերջ ինձ լսեն, դատելու փոխարեն միգուցե ցանկանան գրկել: Տատ, դու արդեն 12 տարի է, ինչ չկաս, բայց ես դեռ չեմ համակերպվել քո կորստի հետ ու դժվար էլ համակերպվեմ: Սիրտս ցավում է, ուզում եմ լալ, բայց արցունքներս վաղուց չորացել են, երբ ես դեռ 12 տարեկան փոքրիկ երեխա էի…
Ձմեռային հեքիաթ
Հիմա ուղղակի գիշեր է…
Գիշեր, ինչքան խորհրդավորություն կա քո մեջ, ուղղակի հիանում եմ: Գիտես, չէ՞, այսօր ինչ-որ մեկին զարմացնելը այդքան էլ հեշտ չէ: Դե, դրսում 21-րդ դար է, նորարարություններ ու նմանատիպ բաներ: Դրսում է 21-րդ դար, բայց ես հոգով ու սրտով միջնադարում եմ մնացել, հույս ունեմ, որ կներես ու կհասկանաս, բայց արի արագ վերադառնանք իրականություն. երազանքներով ապրելը հիմա այդքան էլ տեղին չէ:
Ինչ հետաքրքիր է, չէ՞, որ մեկի համար գիշերը օրվա ավարտ է, իսկ մյուսի համար սկիզբ: Գիշերն այնքան բան կարող ես անել. պարապել վաղվա քննության համար, գիրք կարդալ, ֆիլմ դիտել, զբոսնել, խոսել, ծիծաղել, արտասվել, ատել, սիրել, սպասել, խմել, կոտրել, կոտրվել, բղավել, լռել, ապրել, ապրեցնել, մի խոսքով, հազար ու մի բան, իսկ ի՞նչ եմ անում ես:
Երբ տանը բոլորը քնած են, ես կամաց բացում եմ ննջասենյակի դուռը ու ոտնաթաթերիս վրա փոքր ու զգույշ քայլեր անելով իջնում եմ խոհանոց, որ պատրաստեմ իմ սիրած կանաչ թեյն ու սկսեմ գրել: Թեյնիկը միացնում եմ ու ընկնում մտքերի գիրկը կամ ծուղակը…
Արագության մեծ սիրահար լինելով մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչպիսի արագությամբ են իրադարձությունները փոխվում: Օրինակ՝ ով երեկ ամենասիրելին էր, այսօր նրա հանդեպ բացի դատարկությունից, ոչինչ չես զգում, երեկվա ամենահարազատ մարդը այսօր այլևս չկա. մահացավ ցավոք: Երեկվա գիրք գրելու երազանքդ այսօր հօդս ցնդեց, քանի որ գրքի գլխավոր հերոսին հորինել էիր, ու իրականին անգամ հերոս կոչելը ծիծաղելի կլինի:
Կամ հասարակ բաները` այդ գրողի տարած կանաչ թեյը, որը երեկ սրտխառնոց էր առաջացնում, իսկ այսօր առանց այն խմելու չես կարողանա քնել, որովհետև քեզ կիսատ կզգաս:
Իսկ տեսնես` կիսատ լինելը նո՞ւյնն է, ինչ միայնակ լինելը, թե՞ դրանք տարբեր բաներ են…
Իսկ տեսնես` կիսատ լինե՞լն է ավելի լավ, քան միայնակ, իսկ միգուցե ոչ նա և ոչ էլ նա…
Գրողը տանի, ես կրկին խառնաշփոթի մեջ հայտնվեցի ինչպես միշտ, բայց մի բան հաստատ գիտեմ միայնությունը վախեցնում է շատերին, իսկ ոմանք սարսափում են նույնիսկ դրա մասին մտածելուց, ոմանց համար էլ միայնությունն իրականությունից փախչելու անհաջող միջոց է, բայց ոչ իմ: Ես ուղղակի հաճույք եմ ստանում միայնակ լինելուց, որովհետև միայնակ լինելը ավելի լավ է, քան շրջապատված լինել մարդկանցով, սակայն նրանցից չլինի գեթ մեկը, այն միակն ու սիրելին, ում իրապես կկարողանաս վստահել ու հավատալ:
Իսկ միգուցե իմ նմանները դատապարտված են հավերժ միայնակ մնալու, իսկ ովքե՞ր են իմ նմանները:
Իմ նմանները մարդիկ են, ովքեր հագնում են այն, ինչ ուզում են, անում են այն, ինչ ուզում են, ունեն դաջվածքներ, մազերի փոփոխական գույներ ու սանրվածքներ: Նրանք միշտ լսում են` մի արա, միայնակ կմնաս, քեզ չեն սիրի, չեն ընդունի: «Մի արա, չանես, հանկարծ չանես, ոչ մի դեպքում չանես», բայց այս խոսքերը ընդամենը անլրջություն է, հիմարություն, անմտություն, որովհետև մեր «նմաններին» դժվար, բայց սիրում են, դժվարներն են դժվարներին սիրում և ուժեղներն են, որ յուրահատուկներին են սիրում, իսկ ուժեղները, ցավոք, քիչ են:
Գիտեմ, որ ես բարդ չեմ, ուղղակի մարդիկ են թույլ…
Գիտեմ, որ «մի արա, քեզ չեն սիրի»-ն սպառնալիք չի արդեն, չի ցավեցնում հակառակը, հասկանում եմ, որ ամեն մեկը չի, որ կկարողանա ինձ սիրել, ինչպես կամ։
Հիմա հասկանում եմ, որ ոչ թե դատապարտված եմ հավերժական աքսորի ու միայնության, այլ պարզապես կսպասեմ ուժեղին ու էլ չեմ գնա անիմաստ զոհողությունների` թույլերի համար…
Նախաամանորյա քրոնիկոն կամ տարեվերջյան ամփոփում
Ժամանակի հետ հավասար շարժվելը աննկարագրելի դժվար է կամ ուղղակի անհավանական: Օրերը այնքան արագ են անցնում, ասես ինչ-որ տեղ են շտապում: Տեսնես` ո՞ւր: Գրողը տանի, ինչքան ցրված ու խառն եմ ես, ո՞նց էր կարելի մոռանալ, որ շուտով Ամանոր է, իսկ դա նշանակում է, որ վե՛րջ, սկսում ենք նոր կյանք` նոր մտքերով: Որտեղ Ամանորը, այնտեղ էլ անակնկալներ, իսկ անակնկալները երևի լավ ու վատի չեն բաժանվում: 2023-ը ինձ շատ մեծ անակնալ էր պատրաստել, որի մասին կասկածներ չուներ ոչ քո, այդ թվում նաև ես: Մի մեծ տոպրակ, որը լի էր հիասթափությամբ, հուսահատությամբ, օդում կախված հույսերով, չիրականացած նպատակներով, երազանքներով ու խոստումներով: Անկախ նրանից, որ կրկին հնարավորություն կա կյանքը սկսել նոր ճերմակ էջից ու մի մատ խորքից, մեկ է, հիասթափությունը այդ էջերում իր տեղը միշտ ունենալու է անկասկած: Միտք չկա հանձնվելու, չէ որ միշտ պետք է առաջ շարժվել ու ուշադրություն չդարձնել, թե ովքեր են ուզում կոտրել քեզ, ովքեր են լքել քեզ, չվախենալ միայնակ մնալուց և անգամ չհուսահատվել այն ժամանակ, երբ խլում են սեփական հողդ, խաղաղությունդ, ներդաշնակությունդ…
Անկեղծ ասած՝ դժվարանում եմ ասել ստացված տարի՞ էր, թե՞ ոչ, չնայած որոշ նպատակներ իրականացան, իսկ որոշ նպատակներ էլ շատ խնամքով ծալեցի ու թաքցրեցի դարակի խորքերում, որտեղ երբեք ձեռքս չի հասնի, քանի որ այնտեղ այն հիշողություններն են, որոնց երբեք չեմ դիպչի, որովհետև այնքան նուրբ են, դիպչելու դեպքում միանգամից կկոտրվեն… Հիշողությունների տեղը դարակն է, իսկ ամփոփումը ոչ ոք չի հետաձգել, մի խոսքով…
Այս մեկ տարվա ընթացքում օրեր եղան, որ երազել եմ գոյություն չունենալ, բայց հետո հասկացել, որ ցանկացած պահի ապրելը կարող է երազանք դառնալ: Հասկացել եմ, որ օրերը սովորական չեն, այլ ամեն օրը մի կյանքի դաս է: Դասեր, որոնք սովորեցնում են գնահատել այն ամենը, ինչը տրվում է կարճ ժամանակով կամ անժամկետ, շնորհակալ լինել անգամ այն փորձություններին ու մարդկանց, ովքեր ցավեցրել են մեզ կամ պարզապես օտարացել, բայց ինչ-որ մեծ ու կարևոր բանի կամ դասի համար էին ուղղված, ինչ-որ յուրահատուկ իմաստության, որը հասկանալով է հնարավոր սովորական կյանքին յուրահատկություն տալ ու այլ հետաքրքիր կետից շարունակել առաջ շարժվել, այս անգամ այլ տեսքով, այլ դիմագծերով, այլ մարդկանցով կամ պարզապես մենակ ու այլ՝ բոլորին անծանոթ անծանոթի հայացքով….
Օրեր եղան նաև, որ կորցրեցի բանականությունս: Կորցրեցի ինքս ինձ սեփական կյանքումս ու վերագտնելը դարձավ մեծ խնդիր: Ինձ գտնում էի ամենուր, բացի գլխավոր տեղից՝ իմ կյանքից: Կյանքս և ուղեղս գիտակից մակարդակից դուրս էր եկել և անջատվել: Ու գիտե՞ք ինչ հասկացա, որ դա նույնպես անհրաժեշտ է, քանի որ առանց այդ պահերի չէի հասկանա` ինչ եմ ուզում սեփական կյանքիցս ու սեփական եսիցս: Մի սիրուն օր արթնացա ու հասկացա, որ ազատվել եմ գլխիս հիմար ու կպչուն մտքերից, մարդկանցից ու գրողի տարած խոստումներից, սենտիմենտալ պահերից: Ծիծաղելի էին դարձել երեկվա մտքերս, անգամ մարդիկ, ովքեր թվում էին ուժեղ ու ապահով:
Այս տարի վերջապես մեծացա: Հա, գիտեմ, որ բավական ծիծաղելի ստացվեց, քանի որ ո՞նց է կարելի լինել հասուն 22 տարեկան մարդ ու 23-ի շեմին նոր մեծանալ: Գիտակցեցի այդ ամենը, երբ հարցրեցին` ինչպե՞ս զգացիր, որ մեծացել ես, ու այդ պահին խորը շունչ քաշեցի ու ասացի.
-Մեծացա այն ժամանակ, երբ բաց թողնելը դարձավ սովորություն, քանի որ պետք է բաց թողնել այն մարդուն, ում սիրում ես, որովհետև գիտակցում ես, որ դուք ուղղակի իրար համար չեք ստեղծված: Բաց թողնել պարզապես ու բաց թողնել հեշտ, քանի որ եթե սիրում ես, փորձում ես պայքարել, իսկ ես մտածել եմ, որ սերը պարտադիր ցավ է պատճառում, պարտադիր ստիպում է տառապել, բայց արի ու տես հակառակը՝ հիվանդությունը ցավ է պատճառում, տանջում ու հյուծում, իսկ սերը ապաքինում: Հա, մոռացա ասել սերը դիմանալու մեջ չէ, զիջելու մեջ չէ, այլ ընդունելու, որովհետև ոգևորելը «ուժեղ եղիր»-ի մեջ չէ, այլ «ես քեզ հետ կլինեմ»-ի մեջ: Երևի այս իրավիճակներից հետո մեծացա ու իրավիճակները դադարեցի իդեալականացնել, կամ արգելեցի կառավարել ինձ: Ու վերջիվերջո հասկացա, որ ավելորդ մարդիկ հեռանում են, մնում են նրանք, ովքեր պետք է լինեն: Այնպես որ, չարժե ժամանակ վատնել բացասական իրադարձությունների, ձախողումների, չստացված սերերի, անկումների, ու իհարկե, մարդկանց վրա: Պետք է վայելել կյանքիդ ամեն մի րոպեն, ասես այն վերջինն է: Վայելիր երիտասարդությունդ, քանզի այն կորցնելու դեպքում ետվերադարձի հնարավորություն չես ունենալու: Ունե՞ս երազանքներ` վազիր նրանց ետևից, երազում ես այցելել Հռո՞մ` ճամպրուկդ հավաքիր ու մեկնիր: Ուզում ե՞ս փողոցում բարձր ծիծաղել՝ ծիծաղիր, ուզում ես բղավե՞լ՝ բղավիր, արա այն, ինչ ուզում ես, միայն երջանիկ եղիր: Ո՞վ գիտի, թե ինչ կլինի վաղը: Փորձիր, ընդունիր, հասիր: Արա` քանի դեռ ուշ չէ: Զգացմունքներիս այնքան տեղ տվեցի, որ քիչ էր մնում կարևորի մասին մոռանայի: Բա ո՞վ է խոսելու կրթական հաջողություններից, մոռացկոտս: Այս տարի առանձնահատուկ ձեռքբերումներ եմ ունեցել: Հասցրել եմ մասնակցել հանրապետական գիտաժողովի, քաղաքական ու առաջնորդական դպրոցների, անգամ կանանց հզորացման ակադեմիայի: Երկու անգամ էլ ներկայացրել եմ Հայաստանը միջազգային ծրագրերում: Չեմ կարծում կարիք կա նշելու, թե ինչ մեծ պատասխանատվություն է հայրենիքդ ներկայացնել շուրջ 42 տարբեր երկրների ներկայացուցիչների մոտ: Հասկանում ես, որ պատվով պետք է ներկայացնես երկիրդ, եթե անգամ ծրագրի առաջին իսկ օրվանից հիասթափվել ես ու գիտակցում ես, որ առանց զոհաբերելու ոչնչի չես հասնելու, ու պետք է սեփական սկզբունքներիդ վրայով անցնես, դե, երևի հենց դրա մեջ էլ կայանում է հայրենասիրության իմաստը:
Դե ինչ, սիրելիներս, հույս ունեմ իմ տարվա ամփոփումը ձեզ համար օգտակար կլինի… Կհանդիպենք մյուս տարի նոր մտքերով ու ծրագրերով:
Իմ կրիան
Իմ կրիան իմ բարեկամն է։ Եղբայրս վաղուց էր ուզում ունենալ մի բարեկամ, որի հետ կարող է ընկերանալ։ Հայրիկս նրան ասաց, որ եթե գերազանց սովորի, ապա մի կրիա կգնի։ Եղբայրս սկսեց եռանդուն աշխատել։ Ես, եղբայրս և հայրիկը ոգևորված շարժվում էինք դեպի շուկա։ 2009թ. էր, այսինքն, դա եղել է 6 տարի առաջ։ Գնացինք և ընտրեցինք՝ երկկենցաղ, այդտեղի ամենափոքրին և ամենաաշխույժին։ Երբ մենք գնեցինք նրան, խեղճին գցեցին ջրով լցված տոպրակի մեջ։ Փաստորեն կրիաները սնվում են ծովամթերքով։ Նաև վաճառողը մեզ ասաց, որ կրիան ձմռանը քնելու է և չպետք է նրան անհանգստացնել։ Կրիան տեղավորվեց իր ծովային տնակում։ Նա արագ ընտելացավ մեզ։ Երբ նա թխկթխկացնում է քարերի վրա, նշանակում է` սոված է, իսկ երբ ամենամեծ քարին է կանգնում, նշանակում է` ցանկանում է զբոսնել։
Առաջին օրը շատ հուզված էինք, օգոստոսն էր, և ամբողջ օրը նրանով էինք զբաղված։ Ես և եղբայրս կրիային դրեցինք սեղանի վրա, բայց նա ընկավ սեղանից, և պատյանը մի փոքր ճաքեց։
-Վայ, ի՞նչ եղավ, Կրյուշ,-ասաց եղբայրս։
-Կրյուշ չէ, այլ Կրյոշկա,-ուղղեցի նրան ես։
Այդ օրվանից մենք նրան անվանում ենք Կրյուշ կամ Կրյոշկա։ Եղբայրս էլ որոշեց վարժեցնել նրան։ Սկզբում նա դնում էր Կրյուշին բազմոցի վրա, և մեր բարեկամը բարձրանում էր վերև առանց դժվարությունների։ Հետո եղբայրս մեջքի էր շրջում կրիային, իսկ նա հին ուղղությանն էր վերադառնում։ Եղբայրս դնում էր կրիային պատշգամբի ոչ այդքան բարձր աստիճանի դիմաց, և Կրյուշը բարձրանում էր։
Առաջին անգամ մենք Կրյուշին տարանք զբոսնելուԱռևտրի քոլեջի մոտակայքում։ Կրիան իրեն այնտեղ շատ լավ էր զգում։ Նա նաև խոտակեր է։ Մենք դրա մասին իմացանք, երբ նա սկսեց ուտել խոտատեսակներից մեկը։
Երկրորդ անգամ նա արդեն մենակ չէր։ Ընկերացավ ընկերուհուս կրիայի հետ։ Միասին զբոսնում էինք և պատմում, թե ինչ հրաշալի կենդանիներ են նրանք։
Մի անգամ նա կանգնել էր ամենամեծ քարի վրա և նայում էր շուրջը, դրանից հասկացա, որ նա ցանկանում է զբոսնել։ Բակում ցուրտ էր, ես դրեցի Կրյուշին հատակին և շարունակեցի դաս անել։ Մեկ ժամ էր անցել, և հանկարծ հիշեցի, որ կրիային դրել եմ հատակին զբոսնելու։ Ես հարցրեցի մայրիկին, թե արդյո՞ք չի տեսել Կրյուշին, իսկ նա պատասխանեց, որ չի տեսել։ Մենք սկսեցինք ամենուրեք ման գալ նրան, իսկ հետո հայտնաբերեցինք, որ նա հեռուստացույցի տակ է։
Երբ եկավ ձմեռը, ես հիշեցի վաճառողի խոսքերը, որ կրիաները ձմռանը քնում են, և մենք նրան չանհանգստացրինք։
Արդեն վեց տարի է անցել, կրիան մեծացել է։ Ես երեկ նրան զբոսնելու տարա, շատ տաք օր էր։ Սկզբում հանգիստ և դանդաղ քայլում էր։ Անցավ 15 րոպե, և ես նրան բռնեցի, որպեսզի տանեմ տուն։ Բայց նա անընդհատ ճանկռում էր ինձ։ Ես ենթարկվեցի նրա կամակորությանը և դրեցի հատակին։ Նա սկսեց շատ արագ վազել, այնպես, որ արդեն մտածում էի, թե կարող է փախչել դեպի բնություն։ Ես շատ վախեցա, վազեցի նրա հետևից։ Վերցրեցի նրան և շատ արագ քայլերով տարա տուն։
-Այ չարաճճի, մտածում էիր, թե ինձնից կփախչե՞ս,-խրատելով ասում էի ես։
Թեկուզ կան պահեր, երբ զայրանում եմ նրա վրա, բայց հետո հանդարտվում եմ։
Ապրիլ, 2015
Վերջին գույները

Խոր աշուն
Եվ, ընդհանրապես, մենք չենք սիրել
Մենք սիրում էինք իրար, երևի, կամ միգուցե ես էի այդպես կարծում, քանզի մեր միջև չի եղել ոչինչ, իսկ եթե անգամ եղել է, եղել է մեր մեջ: Հիվանդագին ու տարօրինակ զգացմունք, որը այդպես էլ չհասկացանք ինչ տվեց մեզ բացի խլելուց: Քայքայում ու կործանում էինք իրար ու հաճույք ստանում մեկս մյուսի տանջանքներից:
Մենք չենք սիրել, մենք պարզապես հիվանդ ենք եղել իրարով: Մենք ոչ թե սիրահարված խելագարներ ենք եղել, այլ ուղղակի խելագարներ, ում արգելված էր սիրել, կամ ովքեր պարզապես սիրել չգիտեին…
Մենք չար էինք, շատ չար: Մենք ահավոր ատում էինք իրար: Սուտ ենք ասում, թե իրար սիրում ենք: Մենք չէինք խմում, այլ հարբում էինք… Մտածում եմ՝ հարբած մարդիկ ամենաանկեղծն ե՞ն, թե՞ ամենաերջանիկը, երևի ամենահիմարներն են կամ էինք… Մենք խմում էինք խաղաղության կենացն ու նույն պահին պատերազմում իրար դեմ, խմում էինք բոլոր անիմաստ կենացները` մոռանալով կամ մտածված չհիշելով այն: Մենք ծիծաղում էինք, որ շատ տարբեր ենք միասին լինելու համար, չնայած դա ճիշտ էր, քանի որ միակ նմանությունը դա ցինիկությունն էր…
Մենք միասին երբեք խնդիրներ չէինք լուծում, այլ միայն ստեղծում մեր ձեռքերով: Ինչպես ուզում եք, նայեք, ուզում եք փիլիսոփայաբար, պատմականորեն, հոգեբանորեն. մարդու պրոբլեմները միշտ իր մեջ է:
Մենք երազում էինք ապագայի մասին, բայց կյանքին լուրջ չէինք վերաբերում, ինչպես իրար, մենք ուզում էինք միասին հաղթած դուրս գալ, բայց պարտվեցինք մեկս մյուսին կամ էլ թանկ շշերին ու էժանագին ծխախոտին…
Թվում է, թե ի՞նչն էր մեզ կապում:
Ոչինչ:
Մի քանի ընդհանուր հիշողություն, բայց հիշողությունները չեն մահանում…
Բարի գալուստ Հայաստան
Մի երկիր, որտեղ բոլորը ապրում են «խաղաղության» մեջ, բայց չգիտես ինչու, միշտ պատերազմում են…
Բարի գալուստ Հայաստան, որտեղ աշունը ոչ միայն տերևաթափ է բերում իր հետ, այլ նաև՝ կորուստներ, ցավ ու լաց…
Այս աշունը նույնպես բացառություն չէ… Ուղղակի իր մեջ կրկնություն է պարունակում…
Աշուն, ատում եմ քեզ ամբողջ սրտով ու հոգով, որովհետև կրկին ապրել չթողեցիր…
Կրկին…
Չեք պատկերացնի, թե ինչքան եմ ատում կրկին բառը, բայց ուրիշ համապատասխան բառ չկա ասելու…
Կրկին նույն փամփուշտը…
Կրկին նույն պայթյունը…
Կրկին նույն վախը…
1915-նորից կրկնվում է շուրջ 108 տարի անց…
Ցեղասպանություն ու պատերազմ…
Պատերազմ էր երկրումս, սիրելի ընթերցող…
Հա, հենց երկրումս. ես երբեք չեմ առանձնացրել հայաստանցի, արցախցի, քանի որ բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ նույն ազգն ենք, բոլորս էլ միշտ պատերազմի մեջ ենք, անկախ նրանից, որ այդ պատերազմը մեզանից մի քանի հարյուր կիլոմետր հեռու է:
Պայքարում ենք հավասար, ցավում ենք հավասար մեր հայրենակիցների համար:
Իսկ հիմա իմ ցավը կրկնապատիկ է, քանզի միայն Արցախը չեմ կորցրել, այլ նաև Արծվիս…
Այն Արծվին, ով հենց ինքն է Արցախը, ավելի կոնկրետ, Օմարի լեռնանցքը 44 օր անսասան պահել:
Գիտե՞ք, նախանձում եմ այն մարդկանց, ովքեր ցավը կիսող ունեն, ոչ թե չգիտեն, թե իրենց ցավը ուր կորցնեն, քանզի բացի մեջդ խեղդելուց, ուրիշ տարբերակ չկա:
Արցախ ջան, կներես…
Կներես, որ չհասցրեցի այցելել քեզ:
Սիրտս հիմա կտոր-կտոր է լինում ամեն կորցրած հողի կտորի, ամեն մի կորսված մարդկային կյանքի համար, Տղերքի համար, բայց չէ, չեմ ասելու` կներեք մեզ, Տղերք, ես ասելու եմ` երբեք չներեք, Տղերք, երբեբ չենք ների, Տղերք, լսո՞ւմ եք…
Հիմա ես ձեզ շատ մոտ եմ, բոլորս միասին երկնքում ենք ու պատուհանից նայելով ամպերի փոխարեն ձեր դեմքերն եմ տեսնում, հիշում, թե ինչեր եք արել Հայրենիքի ու մեզ համար, և մենք պայքարում ենք, պայքարելու ենք միշտ,հիշելու ենք ձեզ միշտ…
Լսո՞ւմ եք…
Ես գիտեմ, ես հավատում եմ, ես ամեն ինչ կանեմ, որ հետ բերենք անգամ հողի այն փոքրիկ կտորը, որի համար պայքարել եք, կյանք եք տվել:
Ուղղակի հիմա համախմբված չենք, ուղղակի ամեն մեկը մի բան է ուզում, Տղերք:
Ոմանք աթոռ են ուզում, ոմանք հեղափոխություն են ուզում, իսկ որոշ ստվար հատված ուզում է մեր հայրենակիցներին օգնել, քանզի…
Քանզի ի՞նչ ասեմ, դուք երկնքից ամեն ինչ տեսնում եք: Տեսնում եք, թե ինչ են անում մեր հայրենակիցներին:
Տնից են զրկում, կյանքից են զրկում, հողից են զրկում:
Տղերք, մի օր պարտադիր ամեն ինչ լավ է լինելու, մի օր մեր երկիրը ոտքի է կանգնելու:
Հավատում եք, չէ՞, ոնց մենք էինք ձեզ հավատում ու շարունակում ապրել Ձեզ համար ու Ձեր շնորհիվ:
Ուղղակի դժվար կլինի: Դավաճանները շատ են: Մեր ազգը դժվարության առաջ երբեք ծնկի չի իջել, դավաճանին թշնամուն հավասար պատժել է… Չնայած դավաճանը թշնամուց կրկնակի դաժան ճակատագրի է արժանի, բայց մենք հայ ենք, մենք բարի ենք, մենք միշտ օգնում ու ներում ենք…
Երևի մեր սխալը հենց դրանում է…















