kristine hovhannisyan

Կրենք դիմակ ապագայի մարդու համար

Ես արտագրել չեմ կարողանում։ Չեմ կարողանում և վերջ։ Արտագրելու թուղթը ձեռքիցս գցում եմ, կամ սկսում եմ անխնա ճռճռացնել ու արդյունքում ոչինչ էլ չեմ կարողանում անել։ Վերջին անգամ, երբ փորձեցի արտագրել, հիշեցի, թե ինչպես էի ստուգարքից մեկ գիշեր առաջ սենյակումս փակված կծվածքների տեսակները անգիր անում։ Հիշեցի ու արտագրելու մասին մտքերս թաղեցի այնքան հեռու, որ լսարանից դուրս գալուց հետո անգամ չհիշեցի դրանց մասին։ Մտածեցի, որ արդար չեմ լինի։ Ոչ թե այն մարդու հանդեպ, ում համար ավարտելուց հետո պետք է ատամնատեխնիկական կոնստրուկցիաներ պատրաստեի, այլ ինքս իմ հանդեպ, որ ես կարող էի գրել, բայց նախընտրեցի արտագրել։ Հետո, երբ մի փոքր ավելի շատ մտածեցի, հասկացա, որ ամեն դեպքում արդար չեմ լինի նաև այն մարդու հանդեպ, ով հիմա իմ ապագա եսին վստահում և հավատում է, որ կօգնեմ իր կծվածքը վերականգնել։ Նաև գիտակցեցի, որ արդար չեմ այն բժշկի հանդեպ, որ իմ պատրաստած կոնստրուկցիայի պատճառով հիմա պետք է այդ մարդու ատամները հեռացնի։ Հասկացա, որ արդար չեմ լինի նաև այն թղթի ու գրիչի հանդեպ, որոնք ծախսել էի պարապելիս։ Արդար չէի լինի, որովհետև այդ թուղթը կարող էր ծառ լինել, իսկ գրիչի պլաստիկը կարող էր ուղղակի այդպես էլ չստեղծվել ու երկրագնդի հոգում չծանրանալ։ Երբ այսքանը հասկացա ու գիտակցեցի, գրավորի ավարտին շատ քիչ էր մնացել, բայց ես չարտագրեցի։

Հիմա ողջ օրը տանն եմ ու արտագրել-չարտագրելու խնդիր այլևս չունեմ։ Հիմա խնդիրս այլ է։ Ուզում եմ, որ դիմակ կրենք։ Արտագրել-չարտագրելու նման է։ Տանը մնալը չարտագրելու նման բան է, այդքան էլ գրավիչ չի հնչում, բայց տանը մնալ է պետք՝ արդարության համար։ Նախ, որ ինքներս մնանք առողջ և երկրորդ, այն ապագայում ինձ վստահող մարդու նման, որը ոչ մի կապ չուներ իմ անցյալում արտագրելու ու դասը չսովորելու հետ, բայց արդյունքում հենց դրա պատճառով էլ մի քանի գիշեր ծնոտի ցավից չի քնելու։ Հենց նույն կերպ մեր դիմակ չկրելու պատճառով մետրոյում մեզ հանդիպած անծանոթը կարող է վատագույն դեպքում մահանալ, կամ էլ լավագույն դեպքում կոկորդացավով մի քանի գիշեր չքնել։

Լավ գիտեմ, անծանոթների հանդեպ սրտացավ լինելը բարդ է։ Դրա համար մտածենք, որ դիմակ կրելով մեր տանը բոլորը առողջ են լինելու։ Հետո, երբ սա ընդունենք, կզգանք, որ գրիչի ու թղթի նման դիմակի ու ձեռնոցի հանդեպ էլ ենք անարդար վարվում։ Դիմակի համար ծախսված կտորով ինչ-որ մի անտուն գուցե հագուստ ունենար, իսկ ձեռնոցների պլաստիկը նորից ծանրանալու է մեր խեղճ ու կրակ երկիր մոլորակի հոգում։ Կզգանք նաև, որ արդար ենք վարվում այն բժշկի հանդեպ, որը որքանով կապ չուներ իմ արտագրելու ու վատ կոնստրուկցիա պատրատելու հետ, նույնքանով էլ կապ չունի մեր այսօր դիմակ չկրելու հետ։ Ես այսօր կարտագրեմ ու կանցնեմ առաջ, բայց ապագայում բժիշկն է ստիպված լինելու տխուր ձայնով հիվանդին հայտնել, որ նրա ատամները հեռացնել է պետք։ Նույնկերպ հիմա մենք չենք կրի դիմակ ու չենք գիտակցի անգամ դա, իսկ բժիշկը այդ նույն պահին մեր պատճառով ստիպված կլինի դողացող ձայնով հիվանդի հարազատներին հայտնել վատ ու չար լուրը։ Ուրեմն, երբ սկսենք դիմակ կրել, ձեռնոց դնել ու լավագույն դեպքում մնալ տանը, կզգանք, որ հիմա հենց մենք ենք օգնում մոլորակին պտտվել։ Հիմա մոլորակը մեր կարիքն ունի, հիմա շատ կարևոր է ընդունել, որ ոչ թե քաղաքը, երկիրը կամ մեր մոլորակն է մեր տունը, այլ մեր տունը դա հենց այն տունն է, որտեղ ապրում ենք։ Հետո կզգանք, որ մենք արդար էինք բոլորի առջև։ Հետո, հավանաբար, որքան մենք ունենք տան կարիքը, այնքան էլ տունը ունի մեր կարիքը։ Ասածս ինչ է, արտագրելը լավ բան չի, բայց դիմակ չկրելը ամենաանարդար ու չար արարքն է մոլորակի ու բոլորի հանդեպ։

Ապագայում ամենից անտեղյակ մարդը վկա:

eduard poghosyan

Ու մի զանգը փոխեց ամեն ինչ

Առավոտը բացվեց, հունիսի մեկն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Գնացի հյուրասենյակ, դեռ ոչ ոք չէր արթնացել։ Բացեցի պատշգամբի դուռը ու նստեցի բազմոցին։ Սրտի թրթիռով զանգի էի սպասում։ Մեկ էլ հանկարծ դրսից բարձր ձայն եկավ։ Միանգամից դուրս եկա, մեքենա էր՝ կառավարության կոչն էր հնչեցնում, թե բա՝ սիրելի հայրենակիցներ, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Մտա հետ տուն ու հեռախոսս զնգաց, միանգամից մտածեցի՝ նա է, ու վազեցի դեպի հեռախոս, էն էլ չէ, այլ զանգ էր։ 2։30 րոպե կյանքիցս անիմաստ խլեց զանգողը։ Զանգը եկավ, բայց ես այլ զանգի էի սպասում։

Արթնացան ընտանիքիս անդամները։ Բարի լույս ու վերջ։ Հա, ու շնորհավոր… ըհըն՝ հիմա։ Ամռան առաջին օրը։ Չէ, սա էլ էն չէ։ Չկար սպասված խոսքը։ Սուրճի սեղանը կազմ ու պատրաստ, դե թեմաներն էլ՝ զանազան, բայց ոչ սպասելին։ Ահա, օրը ավարտվում է, բայց 18-րդ զանգը չի գալիս։ Մորաքույրը ավանդույթին վերջ դրեց անցած տարի։ Անցած տարվա զանգը վերջինը եղավ։ Հունիսի մեկս չշնորհավորեց։ Հասկացա, որ չէ, հաստատ մեծացել եմ։

Երբ նորից երեխա դառնամ․ Պղպջակներ

Երբևէ, եթե ստացվեր այնպես, որ կյանքի շրջանները հնարավոր լիներ գնահատել քաղցրությամբ, ապա մանկությունը կլիներ բացարձակ առաջատարը, քանի որ այն համեմված է ամենավառ գույներով, երևակայության ամենատարբեր ու ամենախենթ լուծումներով, և իհարկե, ամենահամով չարաճճիություններով:

Ես, օրինակ, փոքր ժամանակ շատ էի սիրում պղպջակներ պատրաստել: Առաջին հայացքից հեշտ թվացող այս զբաղմունքն իրականում լավ էլ բարդ տեխնիկա և նույնիսկ որոշակի փորձարարական գիտելիքներ է պահանջում:

Մեր ժամանակ պղպջակների պատրաստի սրվակներ խանութներում գտնելն այնքան էլ հեշտ չէր, բացի դրանից՝ դրանց պարունակությունն այնքան շուտ էր վերջանում, որ հարյուր հազարավոր պղպջակներ երկինք ուղարկելու իմ երազանքը մնում էր անկատար, ուստի ես ու եղբայրս պղպջակի սրվակները պատրաստում էինք տանը: Հիմնականում անհրաժեշտ էր երկու կախարդական բաղադրիչ՝ օճառ և ջուր (ցանկալի էր հեղուկ օճառ՝ ավելի լավ արդյունք ստանալու համար), երբեմն նաև ավելացնում էինք լվացքի փոշի և այլ գաղտնի բաղադրիչներ՝ պղպջակի նոր, կատարելագործված տեսակներ ստեղծելու համար:

Հարյուրավոր այս գործողությունները մի ամբողջ լուրջ գիտափորձերի շարք էին մեզ թվում, և, որ ամենակարևորն է, մենք միշտ հավատում էինք, որ լավագույն պղպջակի բաղադրատոմսը հենց մենք ենք գտնելու: Լոգարանը մեր փորձարարական լաբորատորիան էր, որտեղ և անցկացնում էինք պղպջակի ստեղծման մեր աշխատանքները: Պատահում էր այնպես, որ գերազանց պղպջակ ստանալու մեր գիտափորձերը տևում էին ժամեր, իսկ արդյունքում ստանում էինք  այնպիսի լուծույթ, որից հազիվ մեկ կամ երկու պղպջակ էր դուրս գալիս: Երբեմն աշխատում էինք նաև առանձին և օրվա տարբեր ժամերի, որպեսզի կարողանայինք գտնել ամենախառներանգ ու փայլփլուն պղպջակն ստանալու եղանակը, իսկ նոր բան բացահայտելուն պես՝ արագ վազում  իրար մոտ ու կիսվում արդյունքներով:

Պղպջակները երկինք ուղարկում էինք ամենատարածված ու կիրառելի միջոցով՝ գրիչով: Սկզբում հանում էինք երկու ծայրերը, հետո՝ միջուկը և դատարկ ձողն օգտագործում: Պղպջակների քանակը, մեծությունն ու օդում մնալու վայրկյանների թիվը, շատ հաճախ, կախված էր լինում ոչ այնքան լուծույթի որակյալ լինելուց, որքան հենց փչելու տեխնիկայից՝ արագությունից և ուժգնությունից:

Այսօր հունիսի մեկն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, և հենց այսօր ուզում եմ նորից երեխա դառնալ ու վերագտնել պղպջակ պատրաստող այն փոքրիկ փորձարարին, ով չէր վախենում սխալվելուց ու միշտ հավատում էր, որ կհասնի իր երազանքներին, եթե միայն ամբողջ հոգով նվիրվի իր գործին:

Կարանտինի այս շրջանը շատ դժվար է երեխաների համար, քանի որ նրանք անդադար ցանկանում են խաղալ, նոր բաներ փորձել ու գտնել։ Տխրել ամենևին պետք չէ, վստահ եմ, տանը հաստատ ջուր, օճառ ու գրիչ կգտնվի: Գնացի՛նք փորձելու:

Տեսնենք ո՞վ առաջինը կգտնի լավագույն պղպջակի բաղադրատոմսը…

Gohar Petrosyan

Գնա

Հոգիս սովոր է դատարկության,
Թե չլինես, հոգ չէ, կապրեմ,
Ինչպես նախքան քեզ. ապրում էի,
Գնա՛։

Ետ մի նայիր ու մի հիշիր,
Ես մոռացա… մի՛ ափսոսա,
Քայլիր ուղովդ ու մի զարմանա,
Որ երկար թվացող ճամփան այս կարճ էր.
Պարզապես գնա։

Հըն, տխո՞ւր ես…
Իսկ ինձ մոտ արտասովոր ոչինչ չկա։
Ես գիտեի. միշտ էլ այդպես է եղել,
Իմ գարունները աշուն են եղել։
Դե՛, գնա…

Ես չէի սիրում և չեմ էլ ուզում սիրել երբևէ,
Չեմ ուզում տեսնել, ունենալ, գրկել,
Քանզի կորցնելը դժվար է եղել.
Ես մի՛շտ եմ կորցրել և դեռ չգտած։
Է՜հ, դո՛ւ էլ գնա։

Գնացի՞ր… ապրե՛ս, ապրիր քեզ համար,
Չգաս, չհիշես, ե՛ս էլ մոռացա,
Որ ճամփան այն մեր երկար թվացող
Ընկնող մթի հետ հանկարծ վերջացավ։

***

Թե իմանամ

Կասեմ ես քեզ, որ չեմ սիրում, թե իմանամ՝
Չեն խառնվի մտքերդ պարզ ու չես տխրի,
Ու քեզ կասեմ՝ ամենը կեղծ էր, թե իմանամ՝
Չես փոշմանի մեջդ ապրող սիրո համար։

Կասեմ ես քեզ, որ ոչինչ էիր դու ինձ համար, թե իմանամ՝
Չի սառչի քո սիրտը հանկարծ ու չի ցավի,
Առանց հիշելու կգնամ անդարձ, թե իմանամ՝
Հեռացումիցս գիշերներդ չես անցկացնի անքնությամբ։

Ես կասեմ քեզ մնաս բարով, թե իմանամ՝
Չես հեռանա անվերադարձ,
Ու կասեմ՝ ես ատում եմ քեզ, թե իմանամ՝
Չես կոտրվի ու չի դառնա հոգիդ անզգա։

Ես չեմ ուզում, որ քո կյանքը դառնա անլույս,
Ու կոտրվի մեջդ ապրող տեսակը քո…
Թե իմանամ՝ գնալու ես անվերադարձ ու մտքերդ քամուն տալու,
Ալկոհոլով ու ափիոնով ցավերդ այս լուռ խեղդելու՝
Կհեռանամ ու կդառնամ ստվերը քո.
քեզ հետ տխրեմ ու փոշմանեմ սիրո համար,
քո սրտի հետ սիրտս սառչի ու լա՜վ ցավի,
դառնամ քեզ պես անքուն, անզգա
և ստվերը քո գիշերների,
ու կհարբեմ քեզ հետ անվերջ
ու կատեմ ինձ՝ քեզ լքելու ցավի համար։

monika alaverdyan

Դեպի տուն վերադարձ չկա

Հիշում եմ՝ գյուղի բլրի վրա այդպես էլ կիսաքանդ մնացած տունը, մորս հուշերում ծվարած տունը: Թե ինչու այդպես էլ կիսաքանդ մնաց, թե ինչու եկավ պատերազմը, ես չգիտեմ: Ոչ մեկն էլ չգիտեր: Ամեն բան քանդեց պատերազմը, բայց տունն այդ բլրի վրա թառած այդպես կիսաքանդ էլ մնաց:

Ես տեսել եմ պատերազմը, այո՛, տեսել եմ մորս աչքերում, պապիս ասած ամեն մի բառում տեսել եմ մի հետք ցավոտ, որ վաղուց է՝ արդեն չի լքում բառերն այդ մոլոր: Ես լսել եմ կիսաքանդ տան քարերի ներսից ճիչն այն մանկան, որն այդպես էլ չիմացավ երկնքի գույնը, որն այդպես էլ տունն այդ կիսաքանդ չտեսավ քարը քարի վրա մինչև վերջ դրված:

Մորս հուշերում ծվարած տան լույսը չմարեց:

Պապիս տնկած խնձորենին ամեն տարի լավ բերք տվեց, բայց ցավն այդպես կիսաքանդ էլ քնած մնաց բոլորի սրտերում: Չքանդվեց ու հանգիստ ապրել չտվեց մորս, պապիս, մանկանն այն, որ երկինք չտեսավ:

Կիսաքանդ հոգիները բայց ժպտալ գիտեն, նրանք խոստացել էին երբեք չքանդվել: Բայց և կառուցվել չկարողացան: Կառուցո՞ղ չկար: Ուժ չկար, գուցե վաղուց բոլորին լքած հույսից լո՞ւր չկար:

Մորս աչքերում լույսն աղոտ էր, բայց չմարեց․․․

Nelli Harutyunyan

Ինքնամեկուսացում, որն այդպես էլ տեղի չունեցավ

Իմ ընտանիքում և հայկական շրջապատում այս տարի ես միակն էի, որ որոշեցի դպրոցը ավարտելուց հետո միանգամից համալսարան չգնալ: Հիշում եմ, երբ կայացրի այդ որոշումը, գրեթե բոլորը, ում ճանաչում էի Հայաստանում, մասնավորապես՝ ընտանիքս, խստորեն դեմ էին դրան: Հարցն այն էր, որ այստեղ «Gap Year» անելը նշանակում է համալսարան երբեք չգնալ և մնալ անկիրթ: Շատերը կարծում են, որ այն տարին, երբ երիտասարդը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ֆորմալ կրթություն չի ստանում, ուղղակի ժամանակի կորուստ է: Իմ դեպքում դա այդպես չէր: Ես միշտ երազում էի ունենալ երկար «արձակուրդ», որի ժամանակ կճամփորդեի և կփորձեի իմ տասներեք տարվա գիտելիքները իրական կյանքի պայմաններում: Վաղուց արդեն որոշել էի, երբ գա ժամանակը, ես կիրականացնեմ իմ այդ երազանքը: Երևի երբեք չեմ մոռանա ծնողներիս դեմքի արտահայտությունը, երբ հայտնեցի նրանց իմ՝ Էկվադոր գնալու որոշման մասին: Ընկերներս չէին հավատում, որ ես իսկապես կգնամ այդ քայլին, և պնդում էին, որ եթե անեմ դա, շատ կփոխվեմ ու չեմ ուզենա այլևս Հայաստան վերադառնալ:

Չնայած արդեն մեկ ամիս է, ինչ տանն եմ, այն մտքերը, որ ես կարող էի ծայրաստիճան փոխվել, ինձ համար շարունակում են մնալ տարօրինակ, բայց քանի դեռ տանը չէի, ինձ էլ էր դա անհանգստացնում: Երբ մեկ ամիս առաջ, նստած Փարիզի դատարկ օդանավակայանում,  մտածում էի, որ իմ ճամփորդություններից, ապրած փորձերից և նոր գաղափարներից հետո  ինձ Երևանում այլևս լավ չէի զգալու: Առաջ բերելով «կանանց հանդեպ անհարգելի վերաբերմունքը Հայաստանում», որի մասին այս ամիսների ընթացքում կարդում էի տարբեր հայկական լրատվական էջերում, ես փորձում էի մայրիկիս համոզել, որ այս ամենից անմիջապես հետո տանը ես ինձ լավ չեմ զգա: Պնդում էի, որ ճիշտ կլինի, եթե ինձ կորոնավիրուսի կասկածներով մեկուսացնեն Դիլիջանի կամ Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում, որտեղ ժամանակ կունենայի հոգեբանորեն պատրաստվելու տուն վերադառնալուն: Բայց դա այդպես չէր, ինձ իսկապես պետք չէին այդ մի քանի օրը մտքերս հանդարտեցնելու համար:

Այո՛, ես մենակ հասել էի աշխարհի մյուս ծայրը: Ձեռք էի բերել ընկերներ, իսկ հետո կորցրել նրանց: Ծանոթացել էի նոր, բավականին տարօրինակ մարդկանց հետ, նրանց հետ ընկել ամենաարկածային, բայց միաժամանակ սարսափեցնող պատմությունների մեջ:

Ես սովորել էի ազատության լեզուն: Իսպաներենն այդպես էի կոչում, քանի որ աշխարհի մյուս ծայրում, որտեղ ինձ ոչ ոք չէր ճանաչում, իսպաներենի միջոցով էի ստեղծում իմ մասին կարծիք տեղացիների մոտ: Ծանոթանալով նրանց մշակույթին՝ փորձել էի ուսուցչի դերում աշակերտներիս սովորեցնել երազել և երբեք չվախենալ ոչնչից՝ ինքս ինձ վախեցած և միայնակ զգալով: Դեռ չհարմարված նոր կյանքին՝ ականատես էի եղել իրական քաղաքական, բավականին ագրեսիվ բախումների և այդ ընթացքում հասկացել՝ կյանքում հաճախ ուժեղ և համբերատար լինելը միակ ելքն է:

Փորձել էի ճամփորդել միայնակ` ինձ համար շատ օտար ու անծանոթ վայրերում, այդ ընթացքում հասկացել իրական ընկերության արժեքը: Հաճախ ընկերությունը հարցականի տակ էի դրել, երբ հայտնվել էի անհասկանալի իրավիճակներում, որոնք մինչ օրս դեռ սարսափեցնում են ինձ քնելուց առաջ:

Այս տարվա ընթացքում լողացել էի գետերում, լճերում, սառը ջրվեժներում և օվկիանոսներում: Ես ինձ իսկապես երջանիկ էի զգացել, ուրախացել և ծիծաղել, հետո վախեցել, տխրել, լացել՝ գրեթե անձայն, որ ոչ ոք չլսի, լացել՝ բարձրաձայն, որ ինձ հասկանան:

Ես սովորում էի ու սովորեցնում, զրուցում օտար մարդկանց հետ՝ փորձելով հասկանալ նրանց մշակույթը: Հաճախ գրի էի առնում տեսածներս ու մտքերս, որոնք բացատրության կարիք ունեին: Փորձում էի գտնել ինձ հին գրքերում, իսկ հետո անհույս կորչում Հախվերդյանի ու Ֆորշի երգերի մեջ՝ այդ անտարբեր տան կտուրին ծխելիս:

Իսկապես շատ տարբեր ապրումներ էի ունեցել ու այդ օրը, երբ օդանավակայանում, թեթև գինովցած, մտովի անցնում էի իմ անվերջ հիշողությունների միջով, սարսափով մտածում էի, թե ինչքան փոխված կլինեմ: Համոզված էի, որ տանն ինձ այլևս չեն հասկանալու, Երևանը այլևս չի ըմբռնելու իմ տարօրինակ մտքերը, իսկ մանկության ընկերներն էլ նույնը չեն լինելու, քանի որ նրանց համար իմ հիմար արկածները անիմաստ և անհեթեթ էին լինելու:

Ինչեր ասես էլ մտքովս չէին անցնում, երբ ինքս ինձ համոզում էի, որ Դիլիջանում անցկացրած հնարավոր երկու շաբաթները, ոչ թե ցանկալի ինքնամեկուսացում էին այդ նոր վիրուսի տարածումը կանխելու նպատակով, այլ անհրաժեշտություն իմ ամենուր ցրված մտքերը մի քիչ կարգի բերելու համար մինչև տուն վերադառնալը: Բայց շուտով այդ հստակ որոշումը դարձավ ուղղակի ցանկալի, իսկ քիչ անց, երբ օդանավից դուրս եկա, և Երևանի սառը օդը, չգիտես ինչու, իմ մեջ արթնացրեց տան հանդեպ անսահման կարոտը,  հասկացա, որ մեկուսացման երկու շաբաթները բոլորովին անիմաստ կլինեին: Այդ պահին ես նույնիսկ վախեցա, որ ինքնաթիռի մեջ իմ հետևում նստած խուճապահար ֆրանսիահայ կինը կարող էր չսխալվել, թե. «Այս ինքնաթիռում ոմն մեկը հաստատ վիրուսակիր է: Նա կվարակի բոլորին, և արդյունքում ամբողջ ինքնաթիռը կհիվանդանա այդ սարսափելի վիրուսով, և շուտով բոլորս կխեղդվենք և կմեռնենք ինքնամեկուսացվածների սենյակներում՝ բացարձակ մենակության մեջ»: Այո՛, կարծում եմ, որ այդ «ոմն մեկը» ես էի, ով դիմացի շարքում նստած ֆսֆսում էր և գրեթե մտքի մեջ հազում և փռշտում, որ ոչ ոք հանկարծ չնկատի:

Բարեբախտաբար, այդ ագրեսիվ կնոջ մեղադրանքները ճիշտ չէին, մեր ինքնաթիռում ոչ ոք ջերմություն չուներ, ինչը նշանակում էր, որ հանգիստ կարող էի գնալ տուն:

Հայրիկս վաղուց ինձ էր սպասում: Երբ տեսա նրան, մեքենայի մեջ սովորականի պես մի քիչ զրուցեցինք, մայրիկս, որի համար ակնհայտորեն միևնույնն էին համաշխարհային համաճարակը և ինքնամեկուսացման պայմանները, ինձ պինդ գրկեց, և մենք գնացինք տուն: Ընթրելիս ես հասկացա, որ այստեղ ոչինչ չի փոխվել, և կարծես ես էլ նույնն էի մնացել: Այդ ընթրիքը, որի մասին երազում էի վերջին տարվա ընթացքում, լրիվ սովորական էր թվում, կարծես ուղղակի դպրոցից տուն էի վերադարձել:

Իսկ այդ բոլոր հիշողություններն ու զանազան դրվագները, որոնք իմ մտքում ինձ դարձրել էին անճանաչելի, կորել էին իմ գիտակցության մութ անկյուններում, կարծես երբեք չէին էլ եղել: Երբ իմ բարեկամները հետաքրքրված հարցեր էին տալիս ճամփորդություններիս մասին, ես հաճախ սահմանափակվում էի հակիրճ, բոլորին հայտնի փաստերով, քանի որ իմ էկվադորյան բավականին հետաքրքիր արկածները հասարակ բառերով փոխանցելու համար ես դեռ պետք է մարսեի այդ տարվա ընթացքում ունեցած ապրումներս, զգացմունքներս և մտքերս, որոնք անցանկալի կերպով ինձ հետ էին բերում Էկվադոր, երբ բարձրաձայնում էի դրանց մասին: Իսկ իմ ներքին մեծ փոփոխությունները հասկանալու և ընդունելու համար նույնիսկ Դիլիջանի ինքնամեկուսացման երկու շաբաթները բավարար չէին լինելու…

Lilit Hovsepyan Erevan

Պայքար անտեսանելի թշնամու դեմ

Շատերը պատերազմ ասելով պատկերացնում են զինված ընդհարումներ, մարդկային անթիվ զոհեր, անվերջ ու անդադար կրակոցներ, ավերված փողոցներ ու շենքեր․․․

Գիտես՝ երբեմն պատերազմներ կարող են տեղի ունենալ հենց ներսումդ, երբ սեփական ես-ը վերագտնելն ու արժևորելը թվում է գրեթե անհնարին, երբ մարդկային երկու հակադարձ բևեռներ բախվում են իրար, երբ ներքին ձայնդ լսելն ու դրան հետևելը դառնում է պարզապես անտանելի և խլացնում է շուրջդ։

Երբեմն հենց դու ես քո թշնամին, այն անտեսանելի թշնամին, ով տակնուվրա է անում ներսդ, իսկ դու ամեն անգամ փորձում ես պայքարել դրա դեմ, ամեն անգամ խոսքերովդ ցավեցնում ու նույն խոսքերով էլ ստիպում ես դառնալ ավելի ուժեղ։

Գիտես՝ պատերազմներն անխուսափելի են, երբ փորձում ես հասնել ինքնաճանաչման, դառնալ ավելի լավը և վերջապես հասկանալ ինքդ քեզ։ Արդյունքում սեփական ես-ի հետ զրույցները դառնում են սովորական, իսկ կոնֆլիկտները հնարավորություն են տալիս վերլուծել սխալներդ։ Այս ամենի հետ միասին առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները բավականին պարզ են, անհրաժեշտ է գեթ մեկ հայացք գցել ներսումդ կատարվող քաոսին և ստանալ բոլոր հնարավոր պատասխանները, թեև կան հարցեր, որոնց պատասխանները այլ տեղերում փնտրելն անիմաստ է, քանի որ պատասխանը տալ կարող ես միայն դու։ Ներդաշնակ լինել ինքդ քեզ հետ, թե փորձել դիմանալ մահվան չափ խլացուցիչ աղմուկին։ Որոշողը ինքդ ես։ Ինքս էլ բազմիցս բախվելով սեփական ես-իս՝ հասկացել եմ մի կարևոր բան․ պետք չէ մեղադրել քեզ անցյալում կատարծդ սխալների համար, չէ՞ որ հենց այդ սխալներն են եղել կյանքումդ ստացած լավագույն դասերը և հենց այդ սխալներն են քեզ ավելի ուժեղ դարձրել։ Սխալներն անխուսափելի են, պետք չէ տառապել անցյալի դառը հիշողություններից, պարզապես ներիր ինքդ քեզ, սովորիր սեփական ձախողումներից։ Ներիր ինքդ քեզ այն բանի համար, որ կույր ես եղել և չես նկատել շուրջդ կատարվող խառնաշփոթը։ Ներիր ինքդ քեզ, որ չես կարողացել գնահատել նրանց, ովքեր միշտ կողքիդ են եղել։ Ներիր ինքդ քեզ, որ դադարել ես պայքարելուց և ամբողջովին ուժասպառ եղել։ Ներիր ինքդ քեզ, որ վստահել ես նրանց, ովքեր բազմիցս հուսախաբ են արել։ Սակայն մի մոռացիր, որ հենց նրանք են քեզ սովորեցրել գնահատել և արժևորել ինքդ քեզ։ Նրանք են, որ սովորեցրել են գնահատել շուրջդ կատարվող ամեն բան և հենց նրանց շնորհիվ է, որ դու հիմա ամուր կանգնած ես ոտքերիդ վրա և շարժվում ես նպատակներիդ ետևից։

Գուցե հիմա կհարցնես՝ ո՞վ է այնուամենայնիվ հաղթում։ Իրականում հարցիդ պատասխանելու համար երկար մտածել պետք չէ, չէ՞ որ գալու է մի պահ, երբ ամենամոտ ու անփոխարինելի ընկերդ դառնալու է հենց այն ձայնը, որը ժամանակին կեղեքում էր քեզ ներսից, երբ վերջապես համակերպվելու ես իրականության հետ և այն այլևս այդքան սարսափելի չի լինելու, երբ շարունակելու ես ապրել ու գնահատել կյանքիդ ամեն վայրկյանը․․․ Նշանակում է՝ հաղթողը հենց դու ես և ոչինչ չի կարող քեզ կանգնեցնել։