«Հայաստանը երկիր է, որն ինձ հետ խոսում է»

Հունիսի 27-ին Ֆրանսիայից Հայաստան եկան 6 ուսանող-օսթեոպատ` Ռոման Բուղոն (Romain Bourreau), Քսավյե Խրիմյանը (Xavier Khrimian), Ժան-Գյաել Բղանելը (Jane-Glaё Branel), Գյաղանս Ժեղվեն (Garance Gervais), Թոմա Դելաժուն (Thomas Delajoux), Մաղի Դեբյուսին (Marie Debussy)` Աղնո Կղեպընին (Arnaud Crepin)՝ Սամուել Հաղիակյանի կողմից 2014 թվականին Փարիզում հիմնադրված օսթեոպատիայի ոլորտում մարդասիրական ծրագրեր իրականացնող «Էկոստեո» կազմակերպության ծրագրի շրջանակներում։ Օսթեոպատիան այլընտրանքային բուժման համակարգ է, որը առաջին հերթին փորձում է գտնել ցավի սկզբնաղբյուրը և մարմնի տարբեր մասերի ու օրգանների միջև հավասարակշռության խախտումը: Ֆրանսիացի օսթեոպատները այս ծրագրի շրջանակներում համագործակցում են Երևանի և Գյումրու տարբեր բժշկական հաստատությունների հետ և առաջարկում են անվճար խորհրդատվություններ և թերապիա հայ հիվանդներին:

Հարցազրույց օսթեոպատ Թոմա Դելաժուի հետ

-Ներկայացեք, ներկայացրեք Ձեր մասնավոր դպրոցը, ի՞նչ եք դուք այնտեղ սովորում:

-Ես Թոմա Դելաժուն եմ, Ֆրանսիայի Կաշան քաղաքում գտնվող «Օստեոբիո» դպրոցում օսթեոպատիայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող եմ։ Եվ հիմա Հայաստանում եմ «Էկոստեո» կազմակերպության շրջանակներում, որն էլ Հայաստանում իրականացնում է անվճար օսթեոպատիկ բուժումներ։

-Ներկայացրեք Ձեր փորձը Հայաստանում: Ինչո՞ւ եք եկել հենց Հայաստան:

a-Եկել եմ, որովհետև Հայաստանում օսթեոպատիան բավականին քիչ է զարգացած, ինչը մեզ, որպես ուսանողների, թույլ է տալիս հանդիպել մարդկանց, ովքեր ծանոթ չեն մեր մասնագիտության հետ, և ցանկանում են այն բացահայտել։ Այս ամենը մեզ թույլ է տալիս զննել շատ հիվանդների և թեթևացնել նրանց ցավերը, քանի որ օսթեոպատի աշխատանքը հետևյալն է՝ աշխատել հիվանդի ցավի և դիսկոմֆորտի վրա, լինի դա հոդային ցավ, մարսելու ունակության խնդիրներ, թե նույնիսկ կոնքոսկրային մակարդակի ցավեր։

-Ձեր թիմը Հայաստան է գալիս որպես կամավո՞ր, թե՞ սա Ձեզ համար կազմակերպված պրակտիկա է:

-Մենք ենք գնել մեր ինքնաթիռի տոմսերը, եկել ենք լրիվ կամավորության սկզբունքով: Մեր հիմադիրը ֆրանսահայ օսթեոպատ Սամուել Հաղիակյանն է, և հենց նա է մեզ առաջարկել գալ այստեղ։ Շատ եմ հավանում այս երկիրը, արդեն երկրորդ անգամն է, ինչ գալիս եմ Հայաստան, և չնայած անտանելի շոգին` սա շատ գեղեցիկ երկիր է, գեղեցիկ մշակույթով։

-Ինչպե՞ս է Ձեր կազմակերպությունն ընտրում այն երկրները, ուր գնում եք:

-Հայաստան եկել ենք մեր հիմնադրի որոշմամբ, քանի որ նա ցանկանում էր օսթեոպատիան բերել Հայաստան և այն այստեղ զարգացնել։ Որպես ասոցիացիա` մեր նպատակն է՝ զարգացնել օսթեոպատիայի պրակտիկան աշխարհում, քանի որ միայն Հյուսիսային Ամերիկայում, մի քիչ Ավստրալիայում և Եվրոպայի մի մասում կան օսթեոպատներ, և այսպիսով, մեր նպատակն է՝ քիչ-քիչ օսթեոպատներ ուղարկել աշխարհի մնացած երկրներ օգնելու և բուժելու նպատակով, և ավելի հասանելի դարձնել օսթեոպատիան բոլորի համար։

-Ինչպե՞ս եք համագործակցում և կապեր հաստատում Հայաստանի հիվանդանոցների հետ:

-Մենք նախապես կապվում ենք Հայաստանի որոշ հիվանդանոցների հետ` նրանց բացատրելով այն, ինչով զբաղվում ենք, ինչ առավելություններ իրենք կունենան մեզ հյուրընկալելով։ Այսպիսով, հիվանդանոցների մեծամասնությունում, որոնց հետ մենք համագործակցել ենք, բուժումը եղել է անվճար։ Մենք չենք վարձատրվում, և իրենք էլ կարիք չունեն վճարելու, և սա այն է, ինչ ամենակարևորն է մեզ համար։

-Ի՞նչ տվեց Ձեզ այս տիպի աշխատանքը:

- Արդեն հայերեն հինգ կամ վեց բառ գիտեմ, բազմաթիվ ծանոթություններ եմ հաստատել, ստացել եմ հնարավորություն՝ տեսնելու այն, ինչ մենք չունենք մեզ մոտ՝ Ֆրանսիայում։

Մի պատմություն եմ հիշում. ընկերներիցս մեկը հիվանդացել էր և որոշել էր «Դոլիպրան» դեղը օգտագործել, որը Ֆրանսիայում կա միայն դեղահաբի տեսքով։ Հայաստանում դոլիպրանը միայն սրսկումների համար են վաճառում։ Այսպիսով, սա մեզ զարմացնում է և թույլ է տալիս տեսնելու, որ ահա, կա Ֆրանսիա և կա Հայաստան, որտեղ կան տարբեր մտածելակերպեր: Մենք մեկս մյուսին կարող ենք գիտելիք փոխանցել և զարգացնել։ Հայաստանը իր քրիստոնեական կրոնին շատ մոտ մի մշակույթ է, որը դրա հետ մեկտեղ հաջողացնում է լինել, ըստ իս, շատ բաց մշակույթ, պատրաստ բացահայտելու նորը` պահպանելով իր ավանդույթները: Սա այն է, ինչ ես իսկապես հավանում եմ այս երկրում։

-Ի՞նչն է ամենակարևորը Ձեր աշխատանքում:

-Ամենակարևորը՝ ծիծաղեցնել հիվանդին, որ մեզ մոտ ցավերով եկող հիվանդը հեռանալիս իրեն ավելի լավ զգա, լրիվ ապաքինված լինի։

-Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Հայաստանում, իսկ ինչը` ոչ:

-Չեմ սիրում շոգը։ Շատ եմ սիրում մշակութային, ճարտարապետական մասը, բնությունը։ Համեմատելով Ֆրանսիան և Հայաստանը` կարող եմ ասել, որ երևի թե այն մեծ տարբերությունը, որ կա, ֆեմինիզմն է: Այն երևի թե ավելի շատ կա Ֆրանսիայում, քան Հայաստանում, սակայն դժվարանում եմ որևէ կերպ քննադատել, քանի որ դա ձեր մշակույթի մի մասն է:

-Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը Հայաստանում:

-Մեր շաբաթը բաժանված է 3 և 4 օրի: Չորս օր շարունակ մենք արթնանում ենք, տաքսի ենք նստում, գալիս հիվանդանոց, հետո էլի նստում տաքսի և քնում։ Այնուհետև մենք ունենք երեք օր հանգստանալու համար, չունենք հիվանդներ, չունենք պարտականություններ։ Ես այցելեցի Մատենադարան, որը շատ եմ հավանել, և հատկապես նրանք, ովքեր առաջին անգամն են գալիս Երևան, պետք է անպայման այցելեն այնտեղ։ Տուրիզմից բացի` նաև շատ ենք հավանել Ձեր խոհանոցը, քանի որ լինելով ուսանող և հաշվի առնելով այստեղի փոխարժեքը` մենք կարող ենք մեզ թույլ տալ օգտվել ձեր սրճարաններից և ռեստորաններից։ Այսպիսով, սա նաև մեզ համար փոքրիկ արձակուրդ է, երբ մենք բացահայտում ենք երկիրը, նրա մշակույթը և խոհանոցը։

-Եթե ևս մեկ այսպիսի հնարավորություն ունենայիք, կվերադառնայի՞ք արդյոք Հայաստան:

-Այո։ Ես գիտեմ, որ հաջորդ տարի էլ եմ գալու այստեղ «Էկոստեոյի» հետ, միանշանակ։ Կարծում եմ` Հայաստանը երկիր է, ուր ես կվերադառնամ նաև ուսումս ավարտելուց հետո, նույնիսկ «Էկոստեոյից» դուրս՝ երկիրն ավելի լավ բացահայտելու։ Հայաստանը ինձ համար շատ շոգ երկիր է, բայց սա այն երկիրն է, որն ինձ հետ խոսում է, որը հուզում է ինձ։

Քսավյե Խրիմյան

-Ներկայացեք և ներկայացրեք Ձեր փորձն այստեղ:

-Ես Քսավյե Խրիմյանն եմ։ Եկել եմ այստեղ մեր կազմակերպության հետ, որը հումանիտար օգնություն է առաջարկում։ Շատ մեծ փորձ էր ինձ համար, ես ծանոթացա հաճելի մարդկանց հետ, ինչպես նաև այցելեցի իմ հայրենիքը։

-Ի՞նչ տվեց Ձեզ այս տիպի փորձը Հայաստանում:

-Առաջին հերթին` ձեռք եմ բերում մեծ փորձ, կատարելագործվում եմ որպես մասնագետ, ինչպես նաև` հանդիպում հետաքրքիր մարդկանց։

-Ի՞նչն է ամենակարևորը Ձեր աշխատանքում:

-Հիվանդների հետ հարաբերությունները։

-Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Հայաստանում, իսկ ինչը` ոչ:

-Դժվարանում եմ ասել, քանի որ առաջին անգամ եմ Հայաստանում: Ընդամենը 4 օր է, ինչ այստեղ եմ և դեռ այդքան լավ չեմ ծանոթացել Հայաստանին։ Դեռևս ամեն ինչ ինձ դուր է գալիս։

-Եթե ևս մեկ այսպիսի հնարավորություն ունենայիք, կվերադառնայի՞ք արդյոք Հայաստան:

-Միանշանակ, նույնիսկ եթե հաջորդ անգամ կազմակերպության շրջանակներում չգամ, կցանկանայի գալ Հայաստան ծնողներիս հետ։

Գյաղանս Ժեղվե

-Ներկայացեք և ներկայացրեք Ձեր փորձն այստեղ:

-Ես Գյաղանս Ժեղվեն եմ, արդեն երրորդ ամառն է, որ ես գալիս եմ այստեղ։ Առաջին անգամ բոլոր ուսանողների նման շատ հարցեր ունեի, թե ինչպես է այս ամենն անցնում, ինչպես եմ անցկացնելու կոնսուլտացիան և նմանատիպ այլ խնդիրներ, բայց կամաց-կամաց մեզ հաջողվեց գտնել աշխատելու այս ռիթմը, մասնագիտանալ մեր աշխատանքի մեջ, դառնալ ավելի վստահ, ինչպես նաև կարողանալ շփվել թիմի անդամների հետ։

-Ի՞նչն է ամենակարևորը Ձեր աշխատանքում:

-Օսթեոպատի աշխատանքում ամենակարևորը, իր մասնագիտությանը լավ տիրապետելուց բացի, հիվանդին լսելու ունակությունն է, երկու կողմերի առողջ փոխհարաբերությունը, որն իր հերթին կբերի վերջնական արդյունքի և մեկի, և մյուսի համար։

-Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Հայաստանում, իսկ ինչը` ոչ:

-Իհարկե, հավանում եմ Հայաստանի մշակույթը, որը բավականին տարբերվում է մեր մշակույթից, մարդկանց մտածելակերպը, թե ինչքան շնորհակալ և երախտապարտ են նրանք, սա իսկապես հաճելի և միաժամանակ շոկային է ինձ համար։

-Եթե ևս մեկ այսպիսի հնարավորություն ունենայիք, կվերադառնայի՞ք արդյոք Հայաստան:

-Մի քիչ բարդ կլինի իմ վերադարձը, քանի որ մյուս տարի ես ավարտում եմ և այդ ժամանակ ցանկանում եմ ավելի կենտրոնանալ սեփական կենտրոնը բացելու վրա։ Ես, իհարկե, մյուս ուսանողներին խորհուրդ կտամ գալ այստեղ, մասնակցել, քանի որ այս ամենը միայն լավ ազդեցություն ունեցավ բոլորիս վրա։

tatev tamrazyan erevan

Մինչ հանդիպում

-Մա՛մ, կարմիր գրիչս ո՞ւր ես դրել:

Օրն անցավ: Խաչը դրվեց թվի վրա: Ի՜նչ շատ են էս օրերը, ամեն օր ջնջում եմ, չեն վերջանում: Ինքնասիրություն չունեն էս թվերը։ Ինձ էսքան ջնջեին, ամոթից փախել էի, քեզ էլ վերադարձրել տուն:

Կատակներիցդ նեղանալն ու աղջկական լացուկոծներն էլ հաշիվ չեն: Երեխեքի պահմտոցու պես: «Պաժառ ա»: Դո՛ւրս արի: Ինչքան վաղուց պահմտոցի չենք խաղացել: Ինչքան չեմ լացել ու նեղացել, որ էլի դու հաղթեցիր: Դու արագ ես վազում: Դե, հիմա էլ վազի՛ր ու տուն արի, արագ:

Հիշո՞ւմ ես բակի խաղողենին: Ամոթ էլ չունեինք, տարիքն առած ծառ էր՝ ծերունի, մենք կախվում էինք ոսկորներից ու ճոճվում: Չէ, դու էիր ճոճվում, իսկ իմ ձեռքերի վրա ուժ չկար: Գիտես, ինձ երբեք պետք չեկավ էդ ուժը ո՛չ ճոճվելու համար, ո՛չ էլ խնդիրներս ինքնուրույն լուծելու: Երևի ուժերս պարտքով քեզ եմ տվել, հավաքել եմ բոլոր «ուժեղներից», բերել, լցրել եմ գրպաններդ, որ դիմանաս մեզնից հեռու, ինչպես փոքր թաթիկներովս կոնֆետներ էի տալիս քեզ: Հետախո՜ւյզ: Դու կգտնես այն, ինչ թաքցրել են: Վստահ եմ: Կգտնես այն, ինչը պետք էլ չի, դու կլռես, երբ հարկավոր է ու կխոսես, երբ պահը գա: Դե, եթե կարող ես, մտիր սիրտս ու հետախուզիր բոլոր անկյունները ու գտիր քեզ համար պահված կոնֆետները: Ես վստա՜հ եմ քո արժանապատվության, ճշտապահության, ընկերասիրության ու մնացած բոլոր արժեքներիդ վրա: Ինձ պետք չի քեզ ամեն օր տեսնել, քո ձայնը իմ ականջներում լսվում է՝ որպես ամենաանուշ երգ: Ու քո ծիծաղը զրնգում է որպես կարոտի օրհներգ, որի ժամանակ ոտքի են կանգնում: Ոտքի են ելել սրտիս մեջ ապրող բոլոր զգացումները:

-Բանակում էն իմ տեսած ֆիլմի պե՞ս է:

-Մուլտֆիլմ ես տեսել:

Ուրեմն ես էլ չեմ սիրում մուլտֆիլմերը, եթե էնտեղ պիտի քեզ կարոտենք: Եթե պիտի նկարդ լինի ձեռքիս տակ: Ուզում եմ ես լինել ձեռքիդ տակ:

Հիշում եմ, որ ինձ չէր կարելի գալ էն տեղը, անունը էդպես էլ չսովորեցի, էնտեղ շատ տղաներ կային, իմ տեղը չէր: Ձեր բառերով եմ մտածում ու խոսում, ու եթե մի ժամանակ պիտի կասկածեի ասածիդ ճիշտ լինելու մեջ ու իմ առջև դրված արգելքները կասկածի տակ առնեի, հիմա գիտեմ, հաստատ գիտեմ, իմ մտածելակերպն է դարձել, դու ես էդպես ասել:

Անունդ գրել եմ ուզում, բայց ոչ մեկը չգիտի ժպիտդ՝ աչքերով ժպիտդ: Անունդ չեմ գրի, թող չիմանան ոնց ես ժպտում: Ես գիտեմ:

Մինչ նոր հանդիպում, եղբայր:

Թաքնված Երևանը (մաս 2)

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Շարունակում ենք մեր երևանյան բացահայտումները։ Այս անգամ Կենտրոնի փողոցներում հայտնվելը պարտադիր չէ։

Փոխարենը կարող ես նստած լինել տանը, ընկերներիդ հետ դուրս գալ զբոսանքի կամ էլ ուղղակի հայտնվել քաղաքի ցանկացած մասում։ Մինչ բուն գործողությունը սկսելը ուշադիր նայիր շուրջդ։ Անկեղծ ասած՝ չգիտեմ ինչ կտեսնես։ Միգուցե շտապող ամբոխ, գեղեցիկ մայրամուտ, հոգնած դեմքեր ու փակվող խանութներ, կամ ընդհակառակը՝ նոր զարթնող քաղաք, ժպտերես մանուկներ ու դատարկ փողոցներ։ Խնդրանքս մեկն է՝ տեսածդ մտապահիր։

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Հիմա անցնենք բուն գործին։ Գտիր մի շենք, կտուր, ուղղակի մի բարձր անկյուն, որտեղ կարող ես առանձնանալ կամ ժամանակն անցկացնել ընկերներիդ հետ։ Հետդ վերցրու ականջակալներդ, սիրածդ ըմպելիքը ու բարձրացիր վերև։ Հարմար տեղավորվիր, դիր ականջակալներդ ու միացրու ցանկացած երգ։ Հիմա կրկին նայիր շուրջդ։ Քեզ շրջապատում են գեղեցիկ ամպեր, միգուցե անամպ երկինք, իսկ ներքևում գտնվող աշխարհը քեզ միգուցե լրիվ ուրիշ աշխարհ թվա։ Այդտեղ՝ վերևում, դու կհասկանաս, թե ինչքան փոքր ես դու ու քո խնդիրները, ինչքան փոքր են բոլոր-բոլորը։ Եթե մտովի քո առջև բացված տեսարանից հանես բոլոր-բոլոր կառույցները, կտեսնես Երևանը՝ խորշոմած ծերունական դեմքեր, պատանեկան ժպիտներ, մանկական անկեղծ հայացքներ ու ընտանեկան խնդիրներ, միգուցե արցունքներ ու թախիծ, հնարավոր է՝ անասելի երջանկությամբ լցված ժպիտներ, սուտ, կեղծիք, խաբեություն, բայց դրանց զուգահեռ՝ ազնվություն, հավատարմություն ու լիքը ձգտումներ։ Սա այն Երևանն է, որի հետ կարող ես ժամերով խոսել, պատմել քո երազանքները, վիճել նրա հետ, որովհետև չի արդարացրել քո սպասումները ու քաջալերել նրան։ Վերևից Երևանը դառնում է մի դեմք ու մի անհատականություն՝ ստեղծված միլիոնավոր անհատների միախառնումից։ Նա դառնում է զրուցակից, ում կարիքը մենք շատ հաճախ ունենում ենք։

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Երբ կրկին իջնես վերևից, կրկին նայիր շուրջդ։ Անկեղծ ասած՝ չգիտեմ ինչ կտեսնես։ Միգուցե շտապող ամբոխ, գեղեցիկ մայրամուտ, հոգնած դեմքեր ու փակվող խանութներ, կամ ընդհակառակը՝ նոր զարթնող քաղաք, ժպտերես մանուկներ ու դատարկ փողոցներ։ Բայց ես վստահ եմ, որ տեսածդ կտարբերվի քիչ առաջվա մտապահածիցդ։ Երևի հիմա ամեն ինչը կլինի ավելի գունավոր կամ, ընդհակառակը, գունաթափ։ Ամեն ինչ կլինի լցված քո մտքերով։

Խնդրեմ։ Այսօրվա համար այսքանը։ Միգուցե Երևանը բացահայտելու փոխարեն դու բացահայտեցիր ինքդ քեզ, ինչ-որ մի ուրիշ «ես»։ Բայց քո նորահայտ «ես»-ի հետ ի հայտ կգա մի նոր Երևան՝ լցված քո սեփական մտահղացումներով ու երազանքներով․ քո սեփական Երևանը, որի մասին ոչ ոք չգիտի․․․

arxiv

Շնային պատմություն

Մենք պատրաստվում էինք մրցույթի: Այն մրցույթին, որի մասին մի անգամ արդեն պատմել եմ: Բայց եթե չեք հիշում, նորից կպատմեմ: Մեր դպրոցում անգլերենի մրցույթ էր լինելու երկու թիմերի միջև: Ես մեր թիմի ավագն էի: Մենք ամեն օր փորձ էինք անում: Արդեն գարուն էր, ու մենք որոշեցինք հերթական փորձն անել Գևորգենց տան բակում: Գևորգը Կոնդում է ապրում: Կոնդի ոլոր-մոլոր ճանապարհներով բարձրանալով, շնչակտուր տեղ հասանք:

-Երեխեք, հասանք,- ասաց Գևորգը,- կանգնեք, հիմա ես ձեզ ցույց կտամ իմ շանը:

-Մենակ գնացեք,- ասացի ես,- ես չեմ գա:

Եթե չգիտեք, ապա ասեմ, որ ես շներից շատ եմ վախենում:

-Ոչ,- ասացին բոլորը և սկսեցին ինձ հրել:

Հրելուց իրար վրա ընկանք: Ի վերջո հրելով ինձ ներս մտցրին: Շան բույնը տան կողքին էր, և դռնակը փակված էր ցախավելով: Սկսեցինք փորձը:

-Սամվել, I have got a brother: Սարքիր հարցական և ժխտական:

Այդ պահին ես ճչացի.

-Շունը:

Գևորգի չարաճճի եղբայրը բացել էր դռնակը և դուրս հանել շանը:

Թե ինչ եղավ հետո, ավելի լավ է չպատմեմ: Բայց դա մեր առաջին ու վերջին այցելությունն էր Գևորգենց տուն: Բա՞:

Նարինե Դանեղյան 11տ., 2002թ.

anahit baghshetsyan

Թաքնված Երևանը

Եկել է ամառը՝ շոգ ու տապով լցված։ Միշտ սպասում եմ ամռանը, սակայն, երբ նա, իրականացնելով իմ սպասումները, գալիս է, ես նրան դիմավորում եմ դատարկաձեռն՝ ոչ մի պլան չեմ ունենում։ Եթե դու էլ չգիտես՝ ինչով լցնել այս ամառը, ուրեմն ճիշտ հասցեով ես եկել։ Կփորձեմ պատմել՝ ինչով կարելի է զբաղվել ամռանը Երևանում։

Առաջին հերթին պետք է ծանոթանալ Երևանի հետ։ Հիմա դու մտածեցիր, որ շատ լավ գիտես Երևանի փողոցները, «Մոսկվա» կինոթատրոնը, Հյուսիսային պողոտայի խանութներն ու Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկի ցայտաղբյուրը։ Դա չի նշանակում, որ դու ծանոթ ես Երևանին։

Գործը սկսելու համար առաջին հերթին պետք է հայտնվել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում։ Հետո հագնել ականջակալներն ու բարձր միացնել Ֆորշի կամ Հախվերդյանի կատարումներից մեկը, լայն ժպտալ ու քայլել։ Ուշադիր նայիր շուրջդ։ Կտեսնես շտապող մարդկանց, սրընթաց մեքենաներ, գեղեցիկ շենքեր ու քեզ նման շատերին։

Հետո ընտրիր ցանկացած անկյուն ու թեքվիր ձախ։ Դու դեռ Երևանում ես, բայց հիմա արդեն մեկ ուրիշ Երևանում։ Հիմա կանգնած ես բնակելի շենքերի գրկում։ Արտաքուստ դրանք ոչնչով չեն տարբերվում, սովորական շենքեր՝ սովորական բնակիչներով։ Ամենայն հավանականությամբ, կնկատես մի ֆուտբոլի դաշտ կամ սովորական երեխաների խումբ։ Մոտեցիր, հետևիր խաղին կամ միացիր նրանց։ Կսկսվեն վեճեր, որոնց նպատակը կլինի պարզել, թե ում թիմից ես դու լինելու։ Դու կլինես այն փոքրիկի թիմում, ում ձեռքին գնդակն է, քանի որ նա է որոշում ամեն ինչ։ Հետո դու չես կարողանա ճիշտ «պաս» տալ, միգուցե քեզ սխալ «պաս» տան ու սկսվի վեճ, բայց այն արագ կավարտվի, ու բոլորը կհաշտվեն։

Քիչ անց դուք կհոգնեք խաղից, փոխարենը՝ կսկսեք խաղալ «գործնագործ» կամ «հալամուլա»։ Խաղը սկսելուն պես Դավիթի, Հայկի կամ Աննայի մայրիկը կբացի պատուհանը ու կկանչի նրանցից մեկին տուն՝ ճաշելու։ Դավիթը, Հայկը կամ Աննան կխնդրեն հավելյալ տասը րոպե անցկացնել բակում։ Խնդրանքը կմերժվի, ու նրանք տխրադեմ կբարձրանան տուն։ Քանի որ մեկը գնաց, ստիպված են գնալ նաև մյուսները, ու դու կմնաս միայնակ։ Վստահ եմ՝ կողքովդ կանցնի մի տարեց մարդ՝ բարձր գոռալով՝ ժավելի՜ սպիրտ։ Նրա գոռոցները կմնան անպատասխան, ու նա լուռ կկորի քո տեսադաշտից։

Շնորհավորում եմ։ Դու ծանոթացար թաքնված Երևանի մի անկյունին, այն մեկին, որի մասին քչերը գիտեն։

Հագիր ականջակալներդ, բարձր միացրու Ֆորշի կամ Հախվերդյանի կատարումներից մեկն ու դուրս արի փողոց։ Կտեսնես շտապող մարդկանց, սրընթաց մեքենաներ, գեղեցիկ շենքեր ու քեզ նման շատերին։ Քո Երևանյան խճանկարին կավելանան ֆուտբոլի դաշտը, գնդակը, կռվարար փոքրիկները, նրանց մայրիկներն ու երևանյան բնակելի շենքերը՝ սովորական բնակիչներով…

mariam papoyan

Feedback դպրոցին

Հայաստանում հանրակրթական դպրոցների ու ընդհանրապես կրթական համակարգի խնդիրներին շատերն են բախվել, քննարկել դրանք, խոսել, բարձրաձայնել։ Ես 11 տարի սովորել եմ ու դեռ մեկ տարի էլ պիտի սովորեմ ավագ դպրոցում։ Խնդիրների մասին խոսելու եմ մաքսիմալ կոնկրետ ու ոչ օբյեկտիվորեն, որովհետև ես աշակերտ եմ, որ հիմա պիտի անցնի իր 11 տարիների վրայով։ Նման դեպքում օբյետիվություն պահելը, հավատացեք, դժվար է։ Նյութի միակ օբյեկտիվ ու ոչ կողմնապահ կողմը դրա՝ հասակակիցներիս շրջանում նույնպես տարածված լինելու համոզվածությունս է։

Մինչ տարբեր հարթակներից երկար տեքստեր էին հնչում, ես ամեն տարի ավելի էի հեռանում դպրոցից։ Այնքան, մինչև իմ ու դպրոցի կապը հասավ նվազագույնի։ Ես հասկացա, որ ինչ անում ենք դպրոցում (և ավելին) ես 99%-ով կարող եմ անել դպրոցից դուրս ինքնակրթության միջոցով։ Չէի կարող վերահսկել գործընթացը, որովհետև ես աշակերտ եմ, որ տոննաներով անգիր սովորելուն զուգահեռ ֆիզիկապես պատրաստ չէ մտածելու իր ու դպրոցի հոգեբանական կապի պահպանման մասին։

Սկսենք տարրական դասարանից։ 1-ինից 7-րդ դասարանում անցնում ենք կերպարվեստ, երաժշտություն, տեխնոլոգիա առարկաները։ Գնահատվում ենք։ Ուրեմն՝ տիեզերքում խնդիրը լուծելու հնարավորություն ունեցող որևէ մեկին չի հետաքրքրում, որ դու, օրինակ, ձայնային տվյալներ չունես, նկարելու ձիրք էլ, ասեղ բռնել չգիտես, նյարդայնանում ես թղթով աշխատելիս և այլն։ Դու ու Բախը դրա համար գնահատվում եք նույն չափորոշիչներով։ Դու ու Կլիմտը՝ նույնպես։ 20-25 հոգու առաջ դու երբեմն ստիպված ես լինելու կատարել Կոմիտաս, ու որևէ մեկին հոգեբանական ապրումներդ չեն հետաքրքրելու, որովհետև դու աշակերտ ես՝ օբյեկտ, որի գլխուղեղ ընդամենը անհրաժեշտ է 12 տարի ինչ-որ բան «խցկել»։ Ուրեմն՝ դպրոցական վեց տարիների սթրեսը երաշխավորված է։ Եթե այդ ամենին ավելանա նաև մայրենիի, հայրենագիտության կամ բնագիտության նկատմամբ ոչ համակրելի վերաբերմունքդ, ուրեմն՝ ի՞նչ ասեմ, կարող ես ընդհանրապես դպրոց չգնալ, դու ծույլ ես, ծայրահեղ վիճակում, անհույս։ Ութերորդ տարում հավանաբար կկորցնես հետաքրքրությունդ դպրոցի նկատմամբ, կրթություն ստանալու գործընթացը կդառնա բեռ, որ դրանից հետո ամեն տարի ավելի ծանր է թվալու։ Իններորդ դասարանում սեպտեմբերից մայիս քեզ հոգեբանորեն կպատրաստեն քննություններին։ Ամեն օր, ամեն ժամ ինչ-որ մեկը կվախենա, որ դու անգիրը կարող ես չհիշել։ Եթե հնարավորություն ունենան, ուղեղիդ մեջ 90 րոպեի համար օգտագործվող գիտելիք կդնեն, որովհետև կարևոր չէ ո՛չ քննությունից առաջ, ո՛չ դրանից հետո իմացածդ։ Մայիս ամսին դու գուրգուրանքի, սիրո, քնքշության, նրբության, կարոտի ելույթների մի ամբողջ տեղատարափ կլցնես քո և մնացածի ուղեղը ու կգնաս։ Ի դեպ՝ ըստ վիճակագրական տվյալների՝ մի ամիս հետո կարոտից ընկճախտը կայցելի քեզ։ Ամենակարևորը՝ դու դա կանես համարյա ստրուկի (կներես) նրբանկատությամբ ու բրնձի խանդավառությամբ։ Դու երբևէ չես շրջվի ու դասղեկիդ ասես՝ տիկին/պարոն, ես զոմբի՞ եմ, ինչո՞ւ չեմ կարող ասել այն, ինչ մտածում եմ, Դուք վախենո՞ւմ եք։ Ինը տարվա մեջ դու սովորում ես՝ ինչպես յուրաքանչյուր վերնագրով, թեմայով շարադրություն դարձնել բանակի ու հայրենիքի մասին, ինչպես հնարավորինս համոզիչ լացել, հպարտանալ դրանց մեջ։ Ի դեպ՝ քո փոխարեն կարող է լացել ու հպարտանալ հարևանի աղջիկը, բարեկամը, քույրդ, եղբայրդ, գրականության ծանոթ ուսուցիչ։ Ի՞նչ լայն հնարավորություններ են ընձեռված, չէ՞։ Դու, իհարկե, կարող ես այս անհավանական պայմաններից չօգտվել ու գրել ինչ մտածում ես։ Դասարանի ներկայությամբ կկարդաս, ուսուցիչդ մատյանը կլրացնի, հետո կկանչի դասարանի լավագույն պաթոսախեղդվածին, ու դու կհասկանաս, որ «անտաղանդ ես»։ Եթե ինը տարիների կուրսը տեղը տեղին յուրացրել ես, ուրեմն շնորհավորում եմ, դու կորցրել ես ինքզ քեզ հասկանալու, քեզ հետ անկեղծ լինելու, մտքերդ ձևակերպելու, ստեղծագործելու, պատկերացնել կարողանալու ու էլի լիքը պուպուշ բաների շանսեր, որովհետև ինը տարի քեզ փորձում էին դարձնել «արժանի հայ մարդ», «առաքինի քրիստոնյա», «գերազանցիկ», որի համար հերոսը պետք է լինի Արցախյան կամ Վարդանանց, հաղթանակը՝ պատերազմից հետո, գրած նամակը՝ զինվորին։ Չփորձես մտածել, որ քո հերոսը մուլտից է կամ ընդհանրապես չկա, հաղթանակդ անձնական է, նամակդ ուրիշ հասցեատեր ունի։

Ավագ դպրոցը քո փրկության միակ տարբերակն է։ Նույնն ու հնարավոր է ավելի վատը կկատարվի էնտեղ։ Դու էստեղ ավելի քան երբևէ անազատ ես, որովհետև տիեզերքից մեկը գցել-բռնել ու հասկացել է, որ եթե որևէ լեզու ես սովորում, ուրեմն բնագիտական որևէ առարկայի նկատմամբ հետաքրքրություն չպետք է ունենաս, ո՞նց է հնարավոր անգլերենով ֆիզիկա սովորել։ Ցնդե՞լ ես։ Նորից գլուխդ խցկվելու է անգիրների խուրձը։ Գրողը տանի քո գրական ճաշակը, դա բացարձակ անկարևոր է։ Բայց դու կունենաս երեք տարի ՝ մտածելու ու կոմայից նոր դուրս եկածի պես վերլուծել փորձելու նախորդ ինը։ Դու ունես բոլոր հուշումները, որ հասկանաս՝ ինքնուրույն լինելը կարևոր է, շարադրությունները միայն բանակի ու հայրենիքի մասին չեն, դու ունես ներաշխարհ, դու ունես անձնական դաշտ, կարծիք, կարող ես ստեղծագործել, երևակայել, ձայնային տվյալներ չունենալը, ասեղ չսիրելը, ձմերուկ սիրելը, տանձով հիանալը նորմալ են, մնացած կրոններն ուսումնասիրելը կարևոր է, չհավատալը՝ հնարավոր, Նոյի տապանը Արարատի վրա չի երևում, ազգությունը որևէ բան չի պայմանավորում, մարդիկ կարող են լինել քեզնից տարբեր ու չլինել հայ։

Մենք ունենք էս ամենը, որովհետև չունենք.

Աշակերտից սովորելու պատրաստակամություն ունեցող ուսուցիչների մեծամասնություն։

Բազմակողմանիորեն զարգացած, իրավագրագետ, մեդիագրագետ, անընդհատ ինքնազարգացող, նորությունների նկատմամբ բաց ուսուցիչների մեծամասնություն։

Աշակերտին ոչ միայն Հայաստանի կյանքին, այլև աշխարհին պատրաստող հանրակրթական դպրոց։

Անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտին։

Համակարգի բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ուշադրության կենտրոնացում դեպի աշակերտը։

Հասարակագիտական առարկաների նկատմամբ համակարգային կարևորության գիտակցում։

Ընտրության իրավունքը հարգելու պատրաստակամություն։

Ազատ մտածող մեծամասնություն կազմող ավագ սերնդի ներկայացուցիչներ։ Այո, տարիքային տարբերությունը մեծ նշանակություն ունի։ Երբեմն անտանելի դժվար է քեզնից 50 տարի մեծերի հետ շփումը, որոնք ունեն կարծրատիպային մտածողություն, հին պատկերացումներ, կյանքի մեծագույն մասն անցկացրել են սովետական միջավայրի սահմանափակ պայմաններում, որոնց համար դասավանդման նոր մեթոդը միայն սլայդն է։

Գիտակցում, որ ուսուցչի գիտելիք տալու գործառույթը այլևս կարևոր չէ, գնահատման համակարգը միայն ինքնաստուգման միտում պետք է ունենա, ստուգող, պատժող գործառույթ ուսուցիչը չունի։ Հիմա ուսուցիչն ունի գործառույթ՝ ուղղորդելու, օգնելու հասկանալ ստացած գիտելիքի կարևորությունն ու պիտանելիությունը. ոչ թե ի՞նչ խցկել, այլ ինչո՞ւ (ընդհանրապես չխցկել)։

Ազատություն հանրակրթական դպրոցում։

Հուսով եմ՝ նյութն ուսուցիչներ էլ կկարդան, չեն համաձայնի, կբանավիճենք։ Մենք հավասար հարթության վրա բանավեճերի կարիք էլ ունենք։ Մտածեք…

Feedback դպրոցին

milena barseghyan

Երեք կանգառ

Մի ամիս է` ուզում եմ այս դեպքի մասին գրել, պատմել, չի ստացվում։ Կարդա ու հետո ինձ բացատրիր՝ ինչո՞ւ չէի կարողանում գրել։

Ինձ տուն բերող ու տնից էլ կենտրոն հասցնող ավտոբուսը մեկն է: Անգիր գիտեմ բոլոր վարորդներին ու իրենց վարելու ձևը, գիտեմ՝ որ վարորդի դեպքում քանի րոպե կուշանամ, որ վարորդն է պարտադիր ռադիո լսում, որ վարորդն է առհասարակ վատ լսում ու կանգառներում չի կանգնում, ու վերջապես՝ որ վարորդն է իմ ամենասիրելին, ում ավտոբուսում միշտ հետաքրքիր դեպք է լինում՝ պատմելու, գրելու աստիճան հետաքրքիր։

-Ծերանոցի մոտ կկանգնեք, վարորդ ջան,- բարձր, ամբողջ ավոտոբուսով մեկ լսելի ասաց սպիտակահեր պապիկը։

-Երեք կանգառ կա դեռ, պապի, համ էլ ո՞նց, իջնո՞ւմ ես, երեկ ասեցիր՝ վաղը հետդ կպտտվեմ։

Մտածեցի․ «Պապիկի հետ ծանոթ են փաստորեն, կամ էլ նույնիսկ մտերիմ են»։

-Չեմ մոռացել ասածս, բայց երեք կանգառ հետդ գամ՝ հերի՞ք չի։ Հետդ պտտվեմ որ ի՞նչ, մեկ ա՝ Երևանից էն կողմ չես գնում, սկի Շուշի չես հասնում։

Վարորդը դիմապակու հայելուց ժպտաց պապիկին։ Ինձ թվաց՝ ամբողջ ավտոբուսը ժպտաց, ավտոբուս չնստած մարդիկ էլ ժպտացին։

Էն ասված երեք կանգառից առաջինին հասանք։

-Ըհը, հիվանդանոցի կանգառն ա, ժողովուրդ ջան, իջնող չկա՞։

Լսվեցին՝ չկա, չկա։

-Երեք «վարիանտ» կա․ կամ հիվանդ չեք, կամ հիվանդ բարեկամ չունեք, կամ էլ՝ հիվանդատես գնալու «զահլա» չունեք,- էլի շատ բարձր ասաց պապիկը։

Ժպտացի, բայց կիսաթախծոտ մի բան զգացի։

Երկրորդին հասանք։

-Ըհը, էս էլ եկեղեցու կանգառը․ իջնող կա՞։

-Այո, կանգնեք,- ասաց մի կին։

Կնոջ իջնելուց հետո պապիկն ասաց․

-Մի վարիանտ․ ընդամենը մի աղոթող կա։

Երկար լռություն էր մինչև հասանք երրորդ կանգառին։

-Այ, էս իմ կանգառն ա,- դառնալով ժողովրդին՝ ավելացրեց,- չեմ հարցնում, միակ իջնողը ես եմ,- դառնալով վարորդին,- էս կոնֆետները ստացի, ես իջա, վաղը կհանդիպենք։

-Շատ ես տվել, պապի,- ասաց վարորդը լրիվ լուրջ։

-Հա՞, դե լավ, երկու հոգու ստացի, մեկն էլ Սերժ Սարգսյանի տեղը, վերջում կիջնի։

Բոլորը ծիծաղեցին, բայց ես՝ չգիտեմ։ Զգում էի, որ հենց մի հատ թարթիչներս իրար անեմ, լացս կգա էս երեք կանգառների ու չիջնելու «վարիանտների» համար։

Jenya Eghikyan

Իմ չորս պատերը

Մեկ վայրկյան սենյակս կարգի բերեմ ու սկսեմ գրել։ Միակ կախարդական խոսքը, որը կստիպի ինձ երկու րոպեում ուշքի բերել սենյակս, հետևյալն է.

-5 րոպեից տուն մարդ է գալու։

Դե, կարգի բերելը ո՞րն է, աթոռի վրա հավաքված հագուստների վրա ծածկոց գցե՞լը։ Մահճակալս վերջերս ենք փոխել, անկեղծ ասած, ճռճռոցի ձայնը դուրս չէր գալիս ու մեկ-մեկ պահարանի հետ դուետով էին հանդես գալիս։ Բայց պահարանս հնազանդ է, միայն դուռը բացելու ժամանակ է ճռռում, երևի ամաչում է։ Գրասեղանս խառնաշփոթ վիճակում է, գրքերս իրար վրա թափթփված, կարող է նրանց կյանքում մի բան այն չէ՞: Դե, շատ են այս ու այն կողմ ցրվում ու, դրա հետ մեկտեղ, եթե մայրս փորձի նրանց կարգի բերել, ես ոչինչ չեմ գտնի, դասակարգելուց գրքերս իրենք էլ կզարմանան, որ կողք կողքի, մեկը մյուսի հետևից շարված են։

Դաս անելու համար համակարգիչն է խանգարում: Ախր, ես ասել էի, որ տանեն հյուրասենյակ։ Պատին կախված նկարներ ունեմ. մի քանիսը՝ ձեռքի աշխատանք, մի քանիսի մեջ էլ ես եմ, դու ես, կամ էլ երևի միասին նկար չունենք,եսիմ։

Սենյակից բաց պատշգմբ կարող ես դուրս գալ: Ձմռանը մի քիչ խանգարում է: Մեկ-մեկ մոռանում եմ, կիսափակ թողնում ու մրսում։ Իսկ դու սենյակումդ անկյուն ունե՞ս, որն ամենաշատն ես սիրում։ Ես ունեմ. հենց իմ սենյակը, դա էլ իմ անկյունն է, իմ չորս պատը, իմ ընկերը, ում հետ ամեն երեկո ֆիլմեր ենք դիտում, անբաժան ենք։ Իրարից հեռու չենք կարողանում, արդեն հյուրասենյակում էլ երկար չեմ մնում, մտածում եմ՝ կնեղանա ու իր դռները իմ առջև կփակի։

Դե՛ արի թեյ խմենք, իմ չորս պատի մեջ, հրավիրում եմ։

mariam nalbandyan

Քույրս, կարմիր դիպլոմն ու Նոր Հայաստանը

Մի քանի օր առաջ մեր տանը տոն էր։ Քույրս մագիստրոսական թեզ էր պաշտպանել։ Մայրս տոնական ընթրիք էր սարքել, հորքուրն էլ տորթ էր գնել։ Կարծեմ, շամպայն էլ խմեցինք, ու քանի որ հետո բան չեմ հիշում, ենթադրում եմ, որ հա, շամպայն ենք խմել։ Մի կարմիր դիպլոմ էլ տանը ավելացավ, ուղղակի նախորդն էլ էր քրոջինս, ես դեռ ինչ դիպլոմ։ Հիշում եմ, երբ քույրս բակալավրիատի դիպլոմ էր ստացել, այն համալսարանում էր, ալարում էր գնար վերցներ։ Հիմա էլ չգիտի, թե մագիստրատուրայինը երբ են տալու։ Գիտենք միայն, որ կարմիր է, ու որ շուտով կտան։ Բայց ես արդեն նորից հստակ պատկերացնում եմ քրոջս մանկական ծիծաղը։

-Էսօր էլ չգնացի՞ր դիպլոմդ վերցնես։

-Ալարում եմ։ Վաղը։

Դե, շատ մի պետքական բան էլ չի, հա, էդ դիպլոմը։ Քույրս, որ հենց նոր գիտակցեցի՝ համարյա իմ բոլոր գրածների գլխավոր հերոսն է, պատմաբան է։ Հա, ես էլ եմ ամեն անգամ էդ բառից հետո մտքումս ասում՝ «վայ քո»։ Դժվար է պատկերացնել, թե պատմաբան մարդը, որը հասցրել է բակալավրիատում մանկավարժի որակավորում էլ ստանալ, բացի ուսուցչից, էքսկուրսավարից՝ ոչ միայն տուրիստական, այլ նաև թանգարանի, էլ ինչ կարող է աշխատել։ Քանի որ հումորս լավ չստացվեց, կասեմ, որ հումոր էր, որովհետև ուսուցիչ ու էքսկուրսավար էլ քիչ չի պահանջվում, ու ստացվում է՝ լավ էլ կարելի է այս մասնագիտությամբ աշխատել։ Ուղղակի առաջինի համար մի ամբողջ համալսարան կա, երկրորդի համար էլ տարբեր համալսարաններում լիքը ֆակուլտետներ։ Մեր կրթական համակարգը էնպես է կառուցած, որ միայն մի թեմայից չես կարողանում խոսել, մի բան ասում ես, մի հազար պրոբլեմ՝ ի հայտ գալիս, արդյունքում՝ չես իմանում ինչից խոսել։ Բայց քանի որ սկսել եմ քրոջս էդ վառ կարմիր դիպլոմից (հա, անընդհատ շեշտելու եմ կարմիրը, որովհետև ես էդպիսի գույների չեմ հավակնում, գոնե մի տեղ օգտագործեմ, էլի), չխոսեմ նրա մասին, որ էնքան շատ կադր ունենք, որ եթե առաջիկա տասը տարում էլ նոր կադրեր չլինեն, հաստատ պակաս չենք ունենա, բայց համ էլ չեմ խոսի նրա մասին, որ էդ կադրերից եսիմ քանիսն են իսկապես կադր ու պետքական մասնագիտական աշխատանքում։ Ու քանի որ մեծամտություն է էդպես խոսելը, սուս կմնամ։ Ենթադրենք, բոլոր կադրերն էլ շատ պետքական են, դրա համար մարդիկ մագիստրատուրա էլ են սովորում, որ էլ ավելի պետքական լինեն։ Իրականում, չգիտեմ՝ որտեղից եմ լսել, բայց կրթության ավելի բարձր մակարդակ ունենալու դեպքում ավելի բարձր աշխատավարձ պետք է ունենաս։ Իսկապես չեմ հիշում, թե որտեղից եմ լսել, որովհետև միայն լսել եմ, իրականում երբեք չեմ տեսել։

Մագիստրոս քույրս արդեն մագիստրատուրայի երկրորդ կուրսում աշխատանք էր փնտրում։ Նույնիսկ աշակերտ էր ձեռք բերել, հետը դաս էր անում։ Դասապատրաստում են հիմա ասում դրան, երբ ոչ թե առարկա ես պարապում, այլ բոլոր դասերն ես անում հետը։ Մի ամիս իր աշակերտի կյանքով ապրելուց ու միայն տրանսպորտի փողի չափ աշխատավարձ ստանալուց հետո պարզվեց, որ քրոջս աշակերտը կպած չի առաջադիմում։ Դե, որտեղի՞ց առաջադիմեր, եթե քրոջս էր զանգում հարցնում, թե ինքը այդ օրը ժամը քանիսին է պարի պարապմունքի։ Պարի, ինչի հետ քույրս, մեղմ ասած, ոչ մի կապ չունի։ Էսպիսի փորձից հետո էլ կարմիր դիպլոմավոր քույրս հասկացավ, որ ավելի լավ է աշխատանք փնտրել դպրոցում։ Բայց մի հաճելի անակնկալ ունեցանք այստեղ, որը կոչվում է «շնորհակալություն»։ Պարզվում է, գործի ընդունվելու համար պետք է կարողանաս «շնորհակալություն» հայտնել, ինչը էդ ձեր իմացած շնորհակալություններից չէ, այլ քրոջս նախատեսվող զուտ եկամտի տարեկան չափից էլ մի քանի անգամ մեծ, տեղը տեղին «շնորհակալություն» է։

Նոր էս նույն քրոջս պատմեցի, որ եվրոպական շատ երկրներում կազմակերպությունները ազատվում են որոշակի հարկերից, եթե աշխատանքի են ընդունում նոր համալսարանն ավարտածի՝ առանց աշխատանքային փորձի։ Եվ ոչ միայն ընդունում, այլև պարտավորվում են նրան երեք տարի սովորեցնել ողջ աշխատանքը, փորձել նրան կազմակերպության տարբեր ստորաբաժանումներում՝ տարբեր պարտականություններով, որից հետո էլ որոշում, թե որտեղ նա կշարունակի աշխատել։ Քույրս կլորացրեց աչքերը, ասաց՝ էհ, ու գնաց ֆուտբոլ նայելու։

Ես էլ գնամ մեր նոր Հայաստանում ֆուտբոլ նայելու։ Նոր Հայաստանում, որտեղ շուտով քույրս գնալու է մի քանի դպրոցներում աշխատանքի ընդունման մրցույթի։ Նորից գնալու է, նորից առանց «շնորհակալության», որովհետև ահագին բան փոխվել է։ Դեռ ահագին բան էլ կփոխվի, որովհետև արդեն մտածում ենք մրցույթի, դիպլոմի, մագիստրոսի կոչման մասին, և վստահ ենք, որ էլ «շնորհակալության» անուն չեն տա։ Քրոջս ընկերներն էլ, էլի մագիստրոս, հիմնել են իրենց արշավական ակումբն ու աշխատում են։ Շատ լավ է աշխատում գաղափարը, հատկապես, երբ իրականացնողները հավեսով մարդիկ են։ Բոլորն էլ, այնուամենայնիվ, ձևը գտնում են։ Իսկ «ձևերը» այլևս շատ են լինելու։