arxiv

Առաջին սեր

Տեսություն. Ինչպես աղջիկ խոսեցնել

Դաս Ա

Եթե դուք ուզում եք աղջիկ խոսեցնել, ապա պետք չէ ասել. «Քուրի՛կ, ժամ ունե՞ս», կամ` «Քուրի՛կ, անունդ ո՞նց է»: Այս վերջին հարցին նա կպատասխանի, թե` «Ոչինչ, լավ է», և բանն այսքանով կվերջանա: Եթե ուզում եք աղջկան դուր գալ, ապա եղեք քաղաքավարի և կրթված: Եթե դուք նրան մոտենաք և ասեք. «Քուրի՛կ, ի՞նչ է ձեր անունը», և ոչ թե` «ինչպես», միգուցե նա համաձայնի ասել իր անունը:

Աղջկան տղամարդ երևալու համար պետք չէ ծխել, ընդհակառակը, այդպես դուք նրան դուր չեք գա: Ճիշտ է, չէ՞, անշնորհք կլինի քայլել աղջկա կողքով, երբ նա խեղդվում է ձեր ծխախոտի ծխից:

Մի խոսքով, աղջկան պետք է գրավեք ձեր գեղեցկությամբ և խելքով:

Պրակտիկա. Չհաջողված սիրո խոստովանություն

Մենք ծանոթացել էինք մեր դպրոցում գործող թատերական խմբակում: Մի անգամ էլ, երբ մեր առաջին բեմադրությունն էինք ներկայացնում, նա հանկարծ մոտեցավ և ուրախությունից գրկեց, համբուրեց ինձ: Ես չիմացա ինչ անել և ոչինչ չասացի: Իմ դերը խաղացի ցրված, բառերը մոռանալով, նույնիսկ բեմից վայր ընկա, որովհետև մտածում էի նրա արարքի մասին:

Հաջորդ օրը որոշեցի ասել, որ սիրում եմ: Սպասեցի, մինչև պարապմունքը վերջանա: Մոտեցա նրան, ուզում էի խոսել, հանկարծ տեսա իմ ընկերոջը: Աղջիկը վազեց նրան ընդառաջ, և նրանք հեռացան:

Էդգար Թաթիկյան, 15տ., 1999թ.

Մանուշակագույն սպասումներով

Լուսանկարը` Լիանա Թուրյանի

Լուսանկարը` Լիանա Թուրյանի

Հայաստանում վերջին ժամանակներս մեծ տարածում է գտել հարավկորեական փոփ երաժշտությունը: Ամեն տարի երիտասարդները իրենց սիրելի խմբերի համար կազմակերպում են համերգներ, ֆլեշմոբեր, հավաքույթներ։ Այս տարի էլ «Բանթան» (BTS՝ 7 անդամից բաղկացած հարավկորեական բոյ-բենդ) խմբի երկրպագուները` «Արմի»-ները (այդպես են կոչում խմբի երկրպագուներին) կազմակերպել էին ֆլեշմոբ, որը նվիրված էր խմբի 5-ամյակին:

«Եթե «Բանթանն» ու «Արմի»-ն միասին են, անծայրածիր լաբիրինթոսը դրախտ է․․․

Իմ ներսի գալակտիկա՝ Բանթան…»։

Ահա այսպիսի խորագիր էր կրում ֆլեշմոբը, որը տեղի ունեցավ հունիսի 10-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում։ Տեղի ընտրությունը պատահական չէր. Բանթանի տղաները արվեստի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունեն, և Գաֆէսճեան քանդակների պարտեզն էլ «Արմի»-ների համար լավագույն ընտրությունն էր։ Ֆլեշմոբի նախաձեռնողներն էին Ազարյան Գայանեն, Եղիազարյան Սեդան, Մխիթարյան Հասմիկը, Հախվերդյան Աննան և Ռուշանյան Անահիտը, իսկ նրանց գործընկերն էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը: Նախաձեռնողները համակարծիք էին այն հարցում, որ եթե տղաները տեսնեն տեսանյութը, հաստատ կհետաքրքրվեն Գաֆէսճեան քանդակներով, քանի որ մեծ սեր ունեն արվեստի նկատմամբ: 

Հարցիս, թե ինչու որոշեցին հենց ֆլեշմոբ կազմակերպել, Գայանե Ազարյանը պատասխանեց.

-Առանձնահատուկ պատճառ չկա: Ուղղակի ընկերուհուս հետ 2015թ․-ից սկսած՝ ինչ-որ բան կազմակերպում էինք այդ օրը։ Սկզբում ավելի նեղ շրջանակով, իսկ օրինակ, անցած տարի համերգ կազմակերպեցինք, այս տարի էլ որոշեցինք ֆլեշմոբ կազմակերպել:

-Ինչպե՞ս անցան կազմակերպչական աշխատանքները։

-Բարդ էր. մինչև վերջին պահն էլ բարդ է եղել: Ժամանակահատվածն այնպիսին էր, որ բոլորս քննություններ ունեինք, շատերս անգամ ավարտական, գիշերները նստում քննությանն էինք պատրաստվում, առավոտյան քննություն հանձնում, հետո ողջ օրը այգում պարում էինք, երևի օրական 2-3 ժամ ենք քնել: Խնդիրները, մարդկանց թերահավատությունը մեզնից անպակաս էին, բայց «Արմի»-ն հանձնվել չգիտի։ Ինչքան մերժում էինք ստանում, ինչքան վատ կարծիք էինք լսում, ինչքան բարդ էր լինում, հիասթափվելու, ձեռքերս վայր դնելու փոխարեն ավելի շատ էինք աշխատում, ու հիմա կա այն, ինչ կա: Սա մեր արած և չարած գործերի արդյունքն է:

Լուսանկարը` Լիանա Թուրյանի

Լուսանկարը` Լիանա Թուրյանի

-Ինչպիսի՞ն էր մթնոլորտը ֆլեշմոբի ժամանակ։

-Ֆլեշմոբի ժամանակ մթնոլորտը հիասքանչ էր: Բոլորը բարձր տրամադրություն ունեին, «Արմի»-ներից բացի բազմաթիվ մարդիկ էին եկել. թե՛ զբոսաշրջիկներ, թե՛ հայեր՝ տարբեր տարիքի, սեռի, բնավորության, և ուրախ եմ, որ այդ պահին մարդկանց դեմքերին հիմնականում հետաքրքրություն ու ժպիտ էի տեսնում: Դիտողների շարքում է եղել անգամ հայ դերասան Հրանտ Թոխատյանը: Ճիշտ է, անձամբ նրան չեմ տեսել, բայց շատերից եմ լսել նրա ներկայության մասին:

Կարևորը՝ բոլոր ներկաները գոհ մնացին, իսկ մենք մեր թերությունները լավ գիտենք, և մյուս անգամ կաշխատենք դրանց վրա, որ էլ ավելի լավ ներկայանանք։ Չէ՞ որ մենք մեր սիրելի խումբն ենք ներկայացնում:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք։

-Երևի ամենամեծ ցանկությունն այն է, որ «Բանթանը» տեսնի մեր ֆլեշմոբը: Ուզում ենք՝ իմանան, որ Հայաստանում էլ կան իրենց սիրող տաղանդավոր մարդիկ:

Ֆլեշմոբին ներկա բոլոր մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր հարավկորեական փոփ երաժշտությամբ հետաքրրված չէին, մեծ ուշադրությամբ և հաճույքով էին հետևում ֆլեշմոբին: Սիմվոլներից մեկին՝ մանուշակագույնին էին միախառնվել նաև պարողների գույնզգույն վարսերը, որոնք վառ տրամադրություն էին հաղորդում ներկաներին: Եվ այդպիսի հիասքանչ տրամադրությամբ էլ ավարտվեց ֆլեշմոբը. գրկախառնություններով, պարերով, ժպիտներով ու մեծ սպասումներով։

Ամփոփվեց «Ոզնի 2018»-ը

«Ոզնի»՝ մրցույթ, որին մասնակցում են, ոգեշնչվում և դարի ամենապահանջված մասնագիտության մեջ հմտանում, առաջ գնում։

Հունիսի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան դահլիճում տեղի ունեցավ «Ոզնի 2018» ամենամյա համակարգչային մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը։

Մրցանակակիր երեխաները 65-ն էին՝ տարբեր մարզերից և տարբեր տարիքի աշակերտներ, ովքեր օրինակ են ծառայում և ոգեշնչում են իրենց ընկերներին։ Մրցանակներ ոչ միայն մրցույթի կազմակերպիչներն էին պատրաստել, այլև մրցույթի աջակից կազմակերպությունները, ինչը նույնպես ոգևորիչ էր։

Մրցանակակիրներից Արթուր Քոլոզյանը (6-րդ դասարանցի) ասում է, որ անսպասելի էր արդյունքը, բայց մեծ հաջողություն է համարում այս տարիքում այսպիսի մրցույթում հաղթելը և խոստացավ անպայման մյուս տարի էլ մասնակցել՝ արդեն ընկերների հետ։

Այսպիսի մրցույթներին մասնակցելով և համակարգչային ծրագրերը ուսումնասիրելով, կիրառելով՝ ավելի շատ բան ենք սովորում ու ավելի ոգևորվում, քան շատ այլ դպրոցական դասերի ժամանակ։

Առա՜ջ, «Ոզնի», քո նպատակը (խթանել դպրոցներում ՏՀՏ ոլորտի զարգացումը) արդեն իրականանում է։

aneta baghdasaryan

Ուսանողական շինջոկատներ մեզ պե՞տք չեն

Ամառային արձակուրդներին բոլորս ենք սպասում, և ուսանողների մեծ մասը փորձում է գտնել որևէ զբաղմունք՝ աշխատանք, ամառը առավելագույն օգուտով անցկացնելու համար։ Մենք կամավորական աշխատանքներ ենք փնտրում, դիմում ենք տարբեր հիմնադրամների՝ կրթաթոշակի համար, աշխատանքի հայտարարություններ կարդում, ռեզյումե ուղարկում ու գնում հարցազրույցի։ Ամռանը ուսանողներին աշխատանք առաջարկողները շատ են։

Հիմա կասեք՝ հա, լավ է, որ երիտասարդությունն ինքնուրույն է իր գլխի ճարը տեսնում, բայց ավելի լավ կլիներ, որ բոլորս էլ ամռան որոշ մասը զբաղված լինեինք ինչ-որ հանրօգուտ բանով։ Սակայն հարկ է հաշվի առնել այն փաստը, որ մենք ինքներս ենք փորձում զբաղմունք գտնել ամառվա համար, և ցավոք ոչ բոլորին է դա հաջողվում։ Եվ արդյունքում՝ երիտասարդության որոշակի մաս մնում է լրիվ պարապ և անիմաստ ու աննպատակ վատնում իր ազատ ժամանակը։ Ինչո՞ւ Սովետական Միության տարիներին երիտասարդների համար կազմակերպվում էին ճամբարներ ու կամավորական աշխատանքներ՝ բերքահավաք կամ աշխատանքներ շինարարական հրապարակներում, իսկ հիմա ոչ մի նմանատիպ քայլեր չեն ձեռնարկվում, ու ամեն մեկս իր գլխի ճարն է տեսնում կամ էլ չի տեսնում։

Հայրս պատմում է, որ իրենց ժամանակ ուսանողներին պարտադիր տանում էին կարտոֆիլ հավաքելու, մորս և տատիկիս տարել են խաղողի բերաքահավաքին մասնակցելու։

Ժամանակակից հեղափոխական հասարակությունը կողմնակից չէ սովետական կարգին, և երևի նրանցից քչերը կհամաձայնվեն ինձ հետ, սակայն պետք է մեզ հարց տանք՝ արդյոք սա՞ է այն կառուցողական Հայաստանը, որին մենք այսքան ձգտում ու կոչ ենք անում: Արդյո՞ք լավ է, որ մեր երիտասարդության մեծամասնությունը կատարյալ պարապությամբ է անցկացնում ամառային արձակուրդների երեք ամիսները, և ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում երիտասարդությանը տեղից շարժելու համար։

Կարծում եմ կառուցողական ևս մի լավ քայլ կլիներ այսպիսի մի բան կազմակերպելը, ու կապ չունի՝ ապրում ենք մենք ԽՍՀՄ-ում թե ազատ անկախ Հայաստանում։ Լավ կլիներ մեզ էլ կամավորական խմբերով տանեին գյուղեր, մենք էլ օգնեինք գյուղացիներին՝ հավաքել խաղող ու կարտոֆիլ, մասնակցեինք գյուղական դպրոցների վերանորոգման աշխատանքներին ու մենք էլ զգայինք մեզ ինչ-որ չափով օգտակար մեր հայրենիքին։

arxiv

Ծուխ ծխանի

Գիշեր էր, խավար, միայն առաստաղին երևում էր ծառի ճյուղերի շողքը: Անձրև էր գալիս: Անձրևի ձայնը խլացնում էր ամեն ինչ, սակայն միալար կաթկթոցի միջից լսվում էին տատիկիս տնքոցները: Կեսգիշեր էր, բայց իմ աչքերը դեռ բաց էին, որովհետև իմ սենյակում չէի, մահճակալը իմը չէր: Տատիկիս տանն էի, գյուղում, որտեղ ամեն ինչ անծանոթ էր ու խորհրդավոր: Մտածում էի պապիկիս մասին, որ պատերազմի մասնակից էր, բազում շքանշաններ ուներ, բայց մի կարգին տուն էլ չունեցավ: Պատերազմի ժամանակ դարձել էր հաշմանդամ ու չէր կարողանում աշխատել: Առավոտյան արթնացա, դուրս եկա տանից: Մառախլապատ օր էր, սակայն տատիկս, իր սովորության համաձայն, արդեն այգին էր մշակում: Ես մոտեցա նրան և ասացի.

-Դե լավ, է, տատ, ի՞նչ ես չարչարվում, միևնույնն է, հայրիկն ինչ-որ պետք է, շուկայից գնում է:

-Չէ, բալա ջան: Էս տունուտեղը ես ու պապդ ենք դրել: Հիմա պապդ չկա, բա ես ո՞նց մեր կառուցածը էսպես թողնեմ ու գամ Երևանում նստեմ: Որ պապդ պատերազմից եկավ, չէր կարողանում թե՝ կռանար, մի գործ աներ: Ես ասում էի. «Լավ է, Ստեփան, էսպես էլ կլինի»: Հորդ հետ թաքուն, հերդ էլ մի մատ երեխա, բարձրանում, կտուրի մեջ կտոր էինք դնում, որ հանկարծ չկաթի, պապդ չնեղսրտի: Էդպես ժամանակ ասում էր՝ բա ես ու՞մ եմ պետք: Բայց մեզ շատ պետք էր, թեկուզ էդպես: Հիմա էս ամեն ինչը անմշակ թողնեմ, որ ասեն՝ Ստեփանի տան ծուխը հանգե՞ց:

Տատս արցունքները սրբեց: Ես մոտեցա տատիկիս, վերցրեցի նրա ձեռքից բահը և սկսեցի փորել հողը:

-Դու տուն գնա, տատ: Ես ամեն ինչ կանեմ:

Մառախուղ էր, ծեր ծառերի մերկ ճյուղերից անձրևի կաթիլներն էլ, տատիս արցունքի պես, թափվում էին ձեռքերիս:

Դավիթ Բաբայան 14տ., 2003թ.

aneta baghdasaryan

Քննություններն ավարտեցինք ֆրանսիականում

Հունիսի 9-ը այն օրն էր, երբ ես այլևս ստիպված չէի քննության պատրաստվել։ Ստիպված չէի արթուն մնալ մինչև գիշերվա 4-ը, հետո մի քիչ քնել ու արթնանալ 7-ին, որ սովորեմ մնացած հարցերը։ Վերջացավ ցույցերի արդյունքում բաց թողած դասերը լրացնելն ու չլրացնելը, լեկցիա տպելը, խնդիր լուծելն ու ձևաթուղթ հանձնելը։ Վերջացան ֆրանսիականի քննությունները, երբ պետական համալսարանի ուսանողների քննաշրջանը նոր է սկսվում։ Այո, պետական համալսարանի դասերը հետաձգվեցին, իսկ մերը՝ ոչ։ Եվ արդյունքում՝ որոշ առարկաներից լրացումներ այդպես էլ չեղան։

Վերջացավ նախաքննական շրջանը, երբ ամբողջ կուրսը որոշում էր քննությունների հերթականությունը, քանի որ այս կիսամյակ, ինչպես և նախորդին, մեզ հնարավորություն տրվեց ինքնուրույն այն ընտրելու։ Ընտրվեց իդեալական տարբերակ բոլորի համար։ Դե, համարյա բոլորի ու համարյա իդեալական։ Համարյաների պատճառով ևս մեկ անգամ քննարկվեց հերթականությունը, որպեսզի այն գոհացնի բոլորին։ Կուրսում սովորում է 87 ուսանող և իրականում անհնար կլիներ գտնել տարբերակ, որին բոլորը համաձայն կլինեին, հետևաբար, այս անգամ էլ չստացվեց։ Չեմ կարծում, որ համալսարանի նշանակած հերթականությունը ավելի լավը կլիներ, սակայն գոնե առանց պատճառի չէին մեղադրվի ավագները, որոնք ուղղակի առաջնորդվել են մեծամասնության կարծիքով։ Եվ արդյոք ճի՞շտ էր մեզ վրա դնել այդպիսի կարևոր որոշում, որից հետո կուրսում կսկսվեր խառնաշփոթ։ Ինչևէ, ամեն ինչ վերջացավ «Ընկերությունների իրավունք» առարկայով, որին պատրաստվելու ժամանակ ունեինք ընդամենը մեկ օր, ինչպես և նախորդ 5 քննությունների համար։ 105 էջ մեկ օրում։ Համաձայնեք՝ այդքան էլ շատ ժամանակ չէ։

Եվ դու ջղայնանում ես բոլորի վրա, նյարդայնանում ես ամեն մի ձայնից, չես կարողանում կենտրոնանալ, հավաքել քեզ, քանի որ քեզ տրված է մեկ օր, ու դու ստիպված ես լինում գիշերը չքնել և վերջացնել այդ անիծյալ հարցաշարը։ Երբ այնքան հոգնած ես, որ անջատվում և քնում ես հենց սեղանի մոտ՝ չսովորելով այն միակ հարցը, որը հաջորդ օրը կլինի քննական թեստի մեջ, կամ էլ երբ սովորում ես ընդամենը մեկ հարց և աղոթում, որ հենց դա լինի գրավորիդ մեջ, երբ ափսոսում ես, որ ընդհանրապես ժամանակ ես ծախսել մի առարկայի վրա, որի փոխարեն կարող էիր 5 կրեդիտանոց առարկան ավելի լավ պարապել, երբ քնելով ինչ-որ 3 ժամ, նստում ես համակարգչի առաջ, որ ապացուցես H0 վարկածը հերքելու հիմքերը և ամեն անգամ խնդիրը լուծելիս ստանում տարբեր պատասխաններ, կատաղում, նորից սկսում ու երբ վերջին քննության ձևաթուղթը հանձնում ու դուրս ես գալիս լսարանից, քեզ այլևս չի հետաքրքրում այդ խնդրի լուծման եղանակը, չես բացում տետրդ, որ տեսնես՝ ինչն ես հիշել կամ մոռացել գրել հարցի մեջ։ Ու դու գնում ես տուն՝ հուսալով, որ չես կտրվել ու անցել ես 3-րդ կուրս, հավաքում ես տարվա բոլոր նյութերը, կոնսպեկտներն ու տետրերը, որ սեպտեմբերին տաս երկրորդ կուրսեցիներից մեկին։

Վերջ, ամառ է…

Արարատ

Համալսարանի այս երկու տարիների ընթացքում մի սովորություն ձեռք բերեցի՝ ամեն օր նկարել Արարատը նույն լսարանից։ Առավոտյան, գալով լսարան, առաջինը գնում էի պատուհանի մոտ ՝ տեսնելու, թե այսօր ինչպիսինն են Սիսն ու Մասիսը՝ ամպամած, ձնապատ, թե պարզ ու հանգիստ։ Ու ոչ մի անգամ չունեին նախորդ օրվա տեսքը։

arxiv

Երբ ես «օտար» էի

Տարիներ առաջ, երբ Հայաստանի վիճակը շատ ծանր էր, և մարդիկ ամեն կերպ փորձում էին հեռանալ այստեղից, հայրիկս հրավեր ստացավ աշխատելու Շվեյցարիայում: Ես ինը տարեկան էի և ստիպված էի դպրոց հաճախել: Սկզբնական շրջանում շատ դժվար էր, քանի որ ոչ մի բառ չգիտեի գերմաներեն: Երեխաներն ինձ վատ ընդունեցին: Նրանք ինձ հետ չէին խաղում, չէին խոսում, և երբ ես փորձում էի մտերմանալ, ծաղրում էին ինձ և հեռանում: Տանը ես լալիս էի և մայրիկիս պատմում, թե ինչպես են ինձ հետ վարվում, իսկ նա ինձ հանգստացնում էր: Անցավ ժամանակ: Ես սովորեցի գերմաներեն, աստիճանաբար մտերմացա ընկերներիս հետ, այնքան, որ արձակուրդներից առաջ նրանք նույնիսկ լաց եղան բաժանվելու համար:

Արձակուրդներից հետո մենք նորեկ ունեցանք` թուխ մաշկով, սև, երկար մազերով մի աղջիկ: Ճակատին սև խալ ուներ, իսկ անունը Սիվասինի էր: Սիվասինիի հետ դարձյալ ոչ ոք չէր խոսում, բոլորը կոպտում և վիրավորում էին: Եվ այդ ամենը մաշկի գույնի պատճառով: Ես խղճացի նրան, հիշեցի, որ ինքս էլ եմ եղել նրա վիճակում: Կամաց-կամաց ընկերացանք: Սիվասինին պատմեց, որ իրենք փախստական են, փախել են Շրի Լանկայի պատերազմից: Սիվասինիի դպրոցը պայթեցրել են թշնամիները, իրեն փրկել է մեծ քույրիկը: Պատմելիս նա լաց էր լինում և ասում, որ շատ կուզենար վերադառնալ հայրենիք, ուր աճում են արմավենիներ, և փղեր կան: Կուզենար նորից շնչել այն ծաղիկների բույրը, որոնք աճում էին իրենց պարտեզում և քաղել ծառի կոկոսները, բայց դա անհնար է, քանի որ… Սիվասինին հրաշալի նկարում էր, բայց միայն փղեր, արմավենիներ, ծղոտե հյուղակ և ծաղիկներով լի պարտեզ:

Որոշ ժամանակ անց մենք վերադարձանք Հայաստան: Եվ ես հասկացա, որ աշխարհի ամենից լավ անկյունն այնտեղ է, ուր դու ծնվել ու մեծացել ես, անգամ եթե տունդ ծղոտից է: Եվ էլի մի բան հասկացա մեկընդմիշտ. եթե մեկը պանդուխտ է քո կողքին, փախստական, բռնագաղթված թե պարզապես հյուր, երբեք մի՛ արհամարհիր, մի՛ վիրավորիր նրան: Ո՞վ գիտի, վաղը գուցե դու լինես այդ նույն վիճակում:

Էմմա Մարտիրոսյան, 13տ., 1997թ.

Հանդիպում արվեստի հետ․ Արա Հարությունյան

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Հունիսի 8-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը՝ նվիրված Արա Հարությունյանին։ Այս շարքի միջոցառումների երբևէ ներկա չէի եղել ու չգիտեի՝ ինչ ձևաչափով են անցկացվում: Բայց քանի որ միջոցառումը նվիրված էր հայտնի քանդակագործին, որոշեցի մասնակցել։

Միջոցառումը սկսվեց «Արա Հարությունյան․ մոնումենտալ երևակայում» ցուցադրությամբ։ Ցուցադրված էին ստեղծագործական տարբեր փուլերի աշխատանքներ՝ քանդակներ, էսքիզներ, գրաֆիկական նկարներ և արվեստագետի հայտնի աշխատանքների լուսանկարներ։ Աշխատանքների երկար ուսումնասիրություններից հետո սկսվեց միջոցառման հաջորդ մասը՝ դասախոսությունը, որը կրում էր «Արա Հարությունյանի գեղարվեստական ժառանգությունը» անվանումը։ Դասախոսության ընթացքում ունկնդիրները ծանոթացան Արա Հարությունյանի կյանքին, ոգեշնչման աղբյուրներին, ստեղծագործական վաղ շրջանին, տարբեր քանդակներին ու դրանց ստեղծման պատմություններին։

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Դասախոսության ընթացքում ներկայացվեց մի ուշագրավ պատմություն։ Երբ 1975 թվականին «Vogue» ամսագիրը պետք է իր առաջին հոդվածը տպագրեր ԽՍՀՄ-ի մասին, Ջերի Հոլը իր թիմի հետ եկել էր Հայաստան՝ հոդվածի համար լուսանկարներ անելու։ Երբ ստեղծագործական թիմը Սևան տանող ճանապարհին նկատել է «Արշալույս» արձանը, կանգնել է և լուսանկարել մոդելին այդտեղ։ Հետագայում նկարները եղել են հոդվածի ուշագրավ մի մասը։

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Միջոցառումն ավարտվեց «Քանդակագործ Արա Հարությունյան» փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ։

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Անչափ տպավորված եմ քանդակագործի ստեղծագործական ոճով, ոգեշնչմամբ ու աշխատանքներով։ Խորը զարմանք եմ ապրում, երբ նկատում եմ, որ դեռ տասնամյակներ առաջ կերտված նրա աշխատանքները մինչ այսօր ապրում են երկրի տարբեր անկյուններում ու չեն դադարում փայլել իրենց ողջ արդիականությամբ և գեղարվեստական հմայքով։