varduhi vardanyan

Սիրում եմ կերպարներ ստեղծել

«Տնփեսա», «Քավարան», «Հին արքաներ»,   «Վերջին գործարք» ֆիլմերից հայտնի դերասան Կառլոս Մուրադյանը անկեղծացավ և պատմեց հինգ տարեկանից բեմում լինելու, դերասանի մասնագիտությունը ընտրելու, կերտած կերպարների, դրանց շուրջ բացասական և դրական արձագանքների, հետաքրքիր միջադեպերի, կերպարներ ստեղծելու, դրանց  հոգեբանությունը ուսումնասիրելու մասին և ոչ միայն:

-Ստանիսլավսկին ասում էր. «Թատրոնն սկսում է հանդերձարանից»:  Որտեղի՞ց սկսվեց Կառլոս Մուրադյանի թատրոնը, ե՞րբ հասկացաք, որ պետք է դառնաք հենց դերասան, և ինչպես տեղի ունեցավ Ձեր մուտքը դերասանական աշխարհ:

-Դեռ մանկուց՝ հինգ տարեկանից, բեմում եմ եղել, պարի եմ գնացել, դերասան լինելուց զատ մոտ 21 տարի, կարելի է ասել, պրոֆեսիոնալ պարող եմ: Իսկ արդեն 15-16 տարեկանում շուրջ երկու տարի ֆոտոմոդելային փոքր կարիերա եմ ունեցել: Դպրոցում թատերական խմբակները, դպրոցական  ներկայացումները միշտ ինձ ուղղորդել են, որ հենց սկզբից էլ՝ փոքր ժամանակվանից, իմանամ և  համոզված լինեմ, որ  գնալու եմ թատերական: Երկար չեմ մտածել, շատ ժամանակ չեմ ծախսել կողմնորոշվելու համար: Դպրոցի վերջին տարիներին արդեն ինձ համար որոշել էի՝ թատրոն, բեմ: Բացի նրանից, որ բեմը և պարը կային, ցանկություն կար կերպարներ ստեղծել և մարդու հոգեբանությունն ուսումնասիրել, և այդ ամենը գտա հենց դերասանի մասնագիտության մեջ:  Ճիշտ է, սկզբից ընտրությունս ռեժիսուրայի վրա էր. ուզում էի թատրոնի ռեժիսոր դառնալ, բայց երբ զրո կուրս ընդունվեցի, նախապատրաստական շրջանում փոխեցի որոշումս և գնացի դերասանական:

- Կհիշե՞ք, թե որ ֆիլմում կամ ներկայացման մեջ եք կերտել Ձեր առաջին կերպարը, և ինչպե՞ս անդրադարձավ այն Ձեր և Ձեր հետագա դերասանական կյանքի վրա:

-Առաջին կերպարս թատրոնում կերտել եմ 2003 թ. ամռանը, երբ դեռ զրո կուրսում էի սովորում, «Հաղթող ճոճաձին» ներկայացման մեջ: Կերտեցի մի բացասական կերպար, որը, կարելի է ասել, դարձավ ճակատագիր, և իմ խաղացած կերպարների մոտ 80-90%-ը եղել են բացասական կերպարներ (ժպտում է): Կինոյում առաջին կերպարս եղել է ռուսական «Ալպինիստներ» ֆիլմում, իսկ առաջին սերիալը, որում խաղացել եմ 2005թ., «Դժբախտ երջանկություն»-ն  էր:

-Եղե՞լ է այնպիսի դերասան, ում ցանկացել եք նմանվել:

-Երբեք չեմ պատկերացրել որևէ մեկին նմանակել, նմանվել ինչ-որ մեկին: Բայց եղել են, կան և օր օրի բացահայտվում ու փոփոխվում են դերասաններ, որոնց  խաղացած կերպարները, իրենց պրոֆեսիոնալիզմը, ոճը, մոտեցումը՝ իրենց գործին, ինձ միշտ հիացնում է, և ես շատ բան եմ սովորում թե՛ թատրոնում, թե՛ կինոյում: Բայց այնպիսին, որ ասեմ՝ իմ կուռքն է, կամ՝ իմ ամենասիրելի դերասանն է, ում ցանկանում եմ նմանվել, չունեմ: Տարբեր են, տարբեր ոճերի, ամեն մեկի մեջ մի բան է դուր գալիս կամ մի բան դուր չի գալիս: Հիմնականում սիրում եմ այն դերասաններին, ովքեր ամեն տեղ նույնը չեն, ովքեր կերպար են կերտում, կերպար են ստեղծում և քեզ միշտ նորովի են մատուցում նոր կերպարներ նոր արտահայտչամիջոցներով:

-Հայ հեռուստադիտողին դուք հայտնի դարձաք տարբեր հեռուստասերիալներից: Շատերը Ձեզ ճանաչում են որպես սերիալի դերասան, ի՞նչ կասեք Ձեր թատերական գործունեության մասին:

-Նախ 2004 թվականին ընդունվել եմ թատերական ինստիտուտ՝ դերասանական արվեստի բաժին, ավարտել եմ 2008 թվականին: Այդ ընթացում ուսանողական ներկայացումները եթե չհաշվենք, 2006 թվականին ես և ընկերներս միասին հիմնեցինք «Փոփոխությունների թատրոն» թատերախումբը, որը 2010 թվականին դարձավ հասարակական կազմակերպություն: Մեր ներկայացումները միայն ֆորում՝ ինտերակտիվ թատրոն ոճի ներկայացումներ էին: Թատրոնի այս տեսակը առաջացել է Բրազիլիայում 1960-ական թվականներին՝ թատրոնի գործիչ Ավգուստ Օբուալի կողմից:

Այսպիսով, 2006 թվականից մենք սկսեցինք մեր խմբով ներկայացումներ բեմադրել, նոր պիեսներ գրվեցին մեր սցենարիստի կողմից, ակտիվ գործունեություն էինք ծավալում, և առաջին անգամ էր Հայաստանում, որ հանդիսատեսը բարձրացավ բեմ ու սկսեց խաղալ դերասանների հետ, որը հենց «Ֆորում» թատրոնի հիմնական բնութագրերից մեկն է: Վերջերս «Ֆորում թատրոն» թատերախումբը և հասարակական կազմակերպությունը զբաղվում է նաև տարբեր մշակութային միջոցառումների կազմակերպմամբ և կինոփառատոների անցկացմամբ:

- Արդյոք լինո՞ւմ են շրջագայություններ, և ո՞ր երկրներում:

-Շրջագայություններ հենց դերասանական առումով եղել են 3-4 անգամ՝ ոչ այդքան շատ, փառատոների, հենց «Ֆորում» թատրոնի փառատոների ժամանակ: Լեհաստանում անցկացվող արևելաեվրոպական ցուցադրողական արվեստի փառատոնին եմ մասնակցել, մոտ 5-6 անգամ եղել են շրջագայություններ զուտ պրոֆեսիոնալ դասընթացների մասնակցելու, սեմինարների՝ թատրոնի հետ կապված, և երբեմն էլ այցեր են եղել այլ երկրներ` ներկայացնելու կամ մարդկանց ծանոթացնելու «Ֆորում» թատրոնին. հիմնականում այս ֆորմատով են եղել:

- Իսկ ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ, կինո՞ն, թե՞ թատրոնը: Որտե՞ղ եք Ձեզ ավելի հանգիստ և լիարժեք զգում:

-Ինձ համար կինոն և թատրոնը լրիվ ուրիշ աշխարհներ են: Հաճախ նույնիսկ պետք չէ համեմատել, որովհետև ամեն տեղ ուրիշ բան ես ստանում, մի ուրիշ բան ես տալիս: Թատրոնում ստանում ես մի բան, որը տեղի է ունենում հենց այդ պահին, այդ 1.5-2 ժամում սկսվում է, զարգանում է և ավարտվում է: Կինոն մի քիչ ուրիշ բնութագիր ունի ինձ համար. կինոյում ժամանակ ունես աշխատելու, ժամանակ ունես ուրիշ ձև ստեղծելու, բայց էմոցիոնալ առումով թատրոնի այդ 2 ժամը տալիս է այն զգացողությունները, որոնք դու ապրում ես սկզբից մինչև վերջ, դու առանց դադարի այդ կերպարի մեջ ես: Կինոյում այսօր կարող ես խաղալ կինոյի սկիզբը, վաղը՝ վերջը, այնուհետև ուրիշ տեսարան, և քո պրոֆեսիոնալիզմից է կախված, թե ինչպես ես մարսել սցենարը, ինչպես ես ստեղծել կերպարը, ինչ արտահայտչամիջոցներով ես  ներկայացնում, որ սկիզբ, զարգացում և ավարտ չխառնվեն, և հանդիսատեսը քո կերպարը տեսնի սկզբից մինչև վերջ զարգացող, ձևավորվող և ավարտ ունեցող մի ամբողջական կերպար:

- 2017թվականին «Արմենիա պրեմիումի» եթերում հայտնվեց հայկական առաջին պատմագրական ֆիլմը՝ «Հին արքաները», որը մեծ արձագանք ստացավ հանրության շրջանում և դարձավ նաև քննարկման առիթ: Առաջին անգամ էի՞ք նկարահանվում պատմագրական ֆիլմում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ առանձնահատկություններ ունեն այս ֆորմատի ֆիլմերը:

-Առաջին անգամ էի նկարահանվում պատմագրական ֆիլմում, և վերջին շրջանում Հայաստանում եզակի երևույթ է պատմական ֆիլմը և այն էլ՝ 20 մասից բաղկացած սերիալ: Պատճառներից մեկը այն է, որ շատ բարդ է նկարահանել այդպիսի ֆիլմ, հետո շատ պատասխանատու աշխատանք է՝ վերցնել պատմական  որևէ ժամանակաշրջան և կերպարներ, բայց դրա կարիքը շատ կա, և դա շատ կարևոր է, որպեսզի մենք բացի առօրյա թեմաներից՝ սերիալային մակարդակի, ունենանք նաև կրթող, մեր պատմությանը ծանոթացնող և որակով արված աշխատանք: «Հին արքաներ» սերիալը մի մեծ քայլ էր առաջ, որ վաղը կնկարվի ավելի լավը, հետո է՛լ ավելի լավը: Մեզ՝ հայ ժողովրդիս համար, կարևոր է ու պետք է ցույց տալ, թե ով ենք մենք եղել, ինչ ենք մենք մեզնից ներկայացնում և լինենք մեր պատմության, հայ լինելու գաղափարի կրողը:

- Ի՞նչ կասեք Ձեր կերպարի մասին. չէ՞ որ այն բացասականներից մեկն էր, և, ինչպես հայտնի է, այսօր հեռուստադիտողը շատ լուրջ է մոտենում այդպիսի կերպարներին, հաճախ դերասանին նույնականացնում կերպարի հետ: 

-Այդ ֆիլմում իմ մարմնավորած կերպարը սրիկա է, ինչպես նշեցի, իմ ստեղծած, կերտած կերպարների 80-90%-ը սրիկաներ են: Ինձ հետաքրքիր է այդ կերպարի մեջ հանդես գալ, որովհետև ինձ ինքս իրական կյանքում չեմ համարում սրիկա, ու երբ կերպարը քեզնից տարբերվում է, ավելի հետաքրքիր է աշխատել, քանի որ շատ բան կա անելու՝ արտահայտչամիջոցներ փոխել, ուրիշ մարդու հոգեբանություն բացել:

Հայկական շուկայում այդպիսի խնդիր կա. երբ տեսնում են մեկին ինչ-որ մի կերպարում  արդեն հաջորդ ֆիլմերում, եթե պետք է սրիկա, ասում են. «Ըհը, էն տղեն էնտեղ սրիկա էր, սպասեք՝ իրեն կանչենք»: Եթե սրիկա ես, ուրեմն, վերջ, միշտ սրիկա ես խաղալու:

Այդ նույնականացնելու  խնդիրը կա, և շատ լուրջ է, որովհետև  հատկապես տարիքով մի քիչ մեծ հեռուստադիտողը, երբ որ քեզ փողոցում կամ դրսում տեսնում է, երբեմն կերպարդ նույնացնում է քեզ հետ, և  շատ ժամանակ չի ընդունում կամ չի ուզում ընկալել, որ դու իրական կյանքում ուրիշ ես:

Նույնիսկ այդպիսի միջադեպ է եղել. խանութում դիմացս մի կին էր կանգնած՝ մոտ 60 տարեկան, չէր նկատել, որ ես իր հետևը հերթ եմ կանգնած դրամարկղի մոտ, շրջվեց և պայուսակով ցանկացավ խփի, թե՝«Այ սրիկա, ի՞նչ ես անում էդ աղջկան, բա չե՞ս ամաչում, բա տղեն տենց բան կանի՞, դանակով ո՞նց կարելի ա»… Ասում եմ. «Տիկին ջան, դա իմ դերն ա», սկեցի բացատրել, որ դա կինո է, ես դերասան եմ, դա ես չեմ իրականում: Ճիշտ է,  չստացվեց համոզել: Խնդիրներից մեկն էլ այն է, որ վատ կերպար խաղացող դերասանին հանրության մեծ մասը այդքան էլ չի սիրում:

- Այսօր, կարելի է ասել, որ բացասական կերպարները ավելի լավ են հիշվում, քան դրականները: 

-Չէի ասի, որ բացասականները ավելի լավ են հիշվում: Դա և՛ սցենարից է գալիս, և՛ դերասանի մարմնավորած, ստեղծած կերպարի արտահայտչամիջոցներից: Հիշվում են ցայտուն կերպարները, հիշվում են յուրահատուկները, հիշվում են տարբերվողները, որովհետև եթե ամեն տեղ նույնն ես, դա արդեն հետաքրքիր չէ:

- Իսկ ի՞նչ կերպարներ է սիրում մարմնավորել Կառլոս Մուրադյանը:

-Ես սիրում եմ մարմնավորել կերպարների, որոնք ինձնից շատ տարբերվում են, որոնք նման չեն ինձ, որովհետև այդ դեպքում ես ունեմ աշխատելու տեղ և ունեմ ստեղծելու շատ բան: Ինձ համար շատ մեծ նշանակություն չունի, թե այդ կերպարը ինչ տիպի է՝ լա՞վն է, թե՞ վատն է: Ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես է գրված, ինչ բնորոշումներ է տրված այդ կերպարին, ինչ քայլեր է անում ինքը, և ըստ սցենարի տված հնարավորությունների՝ արդյոք ի՞նչ կարող եմ ավելացնել ես, ի՞նչ կերպար կարող եմ ստեղծել, որովհետև այդ ժամանակ է սկսում ստեղծագործությունը:

- Նշեցիք, որ սիրում եք մարմնավորել Ձեզանից խիստ տարբերվող կերպարներ, արդյո՞ք եղել են դերեր, որոնցում հենց Դուք եք եղել, որոնք շատ նման են եղել Ձեզ: 

-Շատ են եղել: Եղել են այդպիսի կերպարներ թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, սակայն դրանք հիմնականում հետաքրքիր չեն ինձ:

- Խոսելով Ձեր մարմնավորած կերպարների մասին, կարելի է առանձնացնել Լևոնի կերպարը, որը Դուք խաղացել եք «Քավարանը» սերիալում:  Սերիալը իսկապես  շատ սիրվեց հեռուստադիտողի կողմից և արժանացավ դրական արձագանքների: Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր այդ սերիալի գրավիչ ուժը, ինչի՞ շնորհիվ այն այդքան սիրվեց: 

- Մի քանի պատճառ  կարող եմ նշել: Առաջինն այն է, որ դա մի նախագիծ էր հայկական շուկայում, որի նմանը դեռ չկար սերիալային մակարդակով: Դա մի վայր էր, որտեղ փակված էին մարդիկ՝ մոտ 13-14 հոգի: Երկրորդ պատճառն այն էր, որ կար մեծ ինտրիգ. հանդիսատեսը միշտ սպասողական  վիճակի  մեջ էր, որը սցենարիստի լավ աշխատանքի արդյունք է նաև: Պատճառներից մեկն էլ այն էր, որ հետաքրքիր դերասանական կազմ էր ընտրված: Հանդիսատեսը կապվեց այդ կերպարների հետ, սկսեց սիրել մեկին, մեկին չսիրել և մտահոգված ու անհանգստացած էր ամեն մեկի ճակատագրով: Ակտիվ էին սցենարային զարգացումները, ամեն սերիայում  հեռուստադիտողը մի քանի բան էր տեսնում, որ տեղի էր ունենում: Մյուս պատճառը այն է, որ այդ 20 սերիաների մեջ դու տեսնում ես տարբեր հավերժական թեմաներ, որոնք որ կան ամեն տեղ՝ սեր, ատելություն, դավաճանություն, վրեժ:

- Այս ֆիլմը դիտելիս հեռուստադիտողի աչքից չվրիպեց այն, որ Դուք նաև կիթառ եք նվագում: 

-Երաժշտության բնագավառում ինձ փորձում եմ 15-16 տարեկանից: 16 տարեկանից հետաքրքրվել եմ էլեկտրոնային երաժշտությամբ և դիջեյությամբ: Կիթառ նվագում եմ վատ, գիտեմ մի քանի ակորդ, ինչ սովորել եմ, ինքս եմ սովորել: Մի քիչ էլ հարվածային գործիքներ եմ նվագում:

- Վերջերս ավարտին մոտեցավ Ձեր մասնակցությամբ 24 մասից բաղկացած կրիմինալ դրաման՝ «Վերջին գործարքը»: Բնականաբար նման ֆորմատի ֆիլմերում նկարահանվելը բավականին դժվար է: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ դերասանական հմտություններ են անհրաժեշտ նման ֆիլմերում նկարահանվելու համար:

- Նման ժանրերի ֆիլմերում  նկարվելու համար դերասանը պետք է ունենա լավ ֆիզիկական պատրաստվածություն և միայն հետո հոգեբանություն, գիտելիքներ, փորձ: Կարևոր է տիրապետել տարբեր սպորտաձևերի, որոնք մենք սովորում ենք ինստիտուտի տարիներին. սուսերամարտ, ձիարշավ, արևելյան մարտարվեստներ և այլն:

- Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք նկարահանման ժամանակ:

-Առաջին դժվարությունը եղանակային պայմաններն էին, որովհետև շատ շոգ էր: Գործ ունեինք պայթուցիկ նյութերի և զենքերի հետ, նկարահանումները երկար էին տևում, և այս ամենը նախնական պատրաստություն էր պահանջում. սկզբում ծանոթանում ես զենքերին, թե ինչպես պետք է օգտագործել, որպեսզի ոչ մեկին վնաս չտալ, անվտանգության կանոնները պետք է իմանալ և պահպանել: Բնականաբար մեզ սովորեցնում էին: Տեսարաններ կային, որոնք մի քանի անգամ փորձվել էին, կային շատ պայթյուններ, կրակոցներ: Դժվարությունները հիմնականում դրանք էին:

- Շատերը Ձեզ հիշում են նաև «Տնփեսա» սիթքոմից: Այսօր Ձեզ հիմնականում տեսնում ենք լուրջ ֆիլմերում և խիստ կերպարներում: Արդյո՞ք մտադրություն կա սիթքոմում կրկին նկարահանվել:

-Ճիշտն ասած, կոմեդիայի ժանրում հանդես գալը  ինձ համար առաջին փորձություններից մեկն էր: Ասեմ, որ ինձ շատ հետաքրքրեց, շատ դուր եկավ: Իհարկե, ամեն ինչ կախված է առաջարկից, թե ինչ են քեզ առաջարկում: Եղել են դեպքեր, որ ես առաջարկից ուղղակի հրաժարվել եմ, որովհետև կարծել եմ, որ այդքան պատրաստ չեմ այդպիսի կերպար վերցնել կամ գուցե գտել եմ, որ դա իմը չէ: Բայց այդ ժանրը շատ եմ սիրում: Եթե լինի առաջարկ, եթե ինձ դա շատ հետաքրքրի և կերպարային բնորոշումները հետաքրքիր լինեն, կընդունեմ առաջարկը:

- Նկարահանման առաջարկներ ընդունելիս ինչի՞ն եք ուշադրություն  դարձնում: Կա՞ն պայմաններ, որոնք առաջնային են Ձեզ համար:

-Առաջնայինը սցենարն է, երկրորդը՝ թե ով է ռեժիսորը, ի՞նչ անձնակազմ է աշխատում: Բայց, ամեն դեպքում, առաջինը, որին ուշադրություն եմ դարձնում, սցենարն է: Մեծ նշանակություն ունի նաև, թե ովքեր են խաղընկերներդ, ում հետ պետք է աշխատես: Եվ, իհարկե, ցանկալի է դրա դիմաց լավ վարձատրվել (ժպտում է):

- Նշեցիք, որ ռուսական ֆիլմերում նույնպես նկարահանվել եք: Հայկական ֆիլմերի համեմատ կա՞ն տարբերություններ:

-Նկարահանվածս ռուսական նախագծերը մոտ 3-4-ն են եղել: Դրանք եղել են գեղարվեստական ֆիլմեր: Դրանցից մեկն էլ 5 սերիայից կազմված ֆիլմ է: Եղել են լրիվ ուրիշ ժանրի, լրիվ ուրիշ մոտեցում պահանջող ֆիլմեր: Նկարահանվել եմ նաև հայկական լիամետրաժ կոմեդիաներում: Շատ մեծ տարբերություն չեմ նշի: Ամեն ֆիլմ, ամեն նախագիծ ուրիշ մոտեցում է պահանջում, գուցե մի տեղ մի քիչ ավելի լավ վերաբերմունք է ցուցաբերվում, կախված է նաև ֆինանսավորումից, բայց այդպիսի շատ խիստ, շատ մեծ տարբերություններ չեմ նշի, որովհետև մեր կինոարտադրողներն էլ բավականին պրոֆեսիոնալ են: Շատերի հետ եմ աշխատել, և շատերի աշխատանքը համաշխարհային  մասշտաբի մրցունակություն ունի:

arxiv

Ամառային երազներ

Ամառային ամենաշոգ երեկոներից մեկն էր, երբ տնային հերթական մարզումս ավարտելուց հետո դուրս եկա պատշգամբ մի քիչ «հովանալու»: Հաճելի քամին մազերս անընդհատ հետ էր տանում, կարծես հասկանալով, որ դրանք էլ են ինձ շոգացնում: Նայում էի դիմացի շենքերի լույսերին ու մտածում, որ երևի ոչ ոք այդ պահին չի մտածում, որ ես մտածում եմ իրենց մասին: Հեռվից լսվում էին ուրախ ձայներ, հավանաբար նրանց, ովքեր այս հաճելի քամին վայելում էին ընկերների հետ զբոսնելով: Ես նախանձոտ հայացքով նայեցի ձայների ուղղությամբ` փորձելով տեսնել երջանիկներին, բայց նրանք այդպես էլ չերևացին: Աննկարագրելի մենակ զգացի ինձ և մտքումս նրանց երանի տվեցի:

Դեռ չէի կտրվել դառը մտքերիցս, երբ պատշգամբից ներքև ինչ-որ շարժ զգացի: Առաջ գնացի և նայեցի ներքև, սակայն մթի մեջ անկարելի էր նշմարել աղմուկի աղբյուրը: Շուտով շարժը զգացի հենց մեր պատշգամբի վրա և մեկ վայրկյան անց վախեցած հետ ցատկեցի: Իմ առջև բարձրացավ ինձ շատ-շատ ծանոթ մի դեմք:

-Դո՞ւ,- զարմացած համարյա գոռացի ես:

-Կարելի ա մտածել, որ ուրախ չես,- ասաց դասարանցիս իրեն բնորոշ ծաղրական տոնով:

Ես շարունակում էի զարմացած նայել նրան:

-Որտեղի՞ց հայտնվեցիր,- շարունակում էի հարցեր տալ ես:

-Ներքևից բարձրացա, երկրորդ հարկ բարձրանալը առանձնապես դժվար չի,- շարունակում էր դասարանցիս: Նրա սև աչքերը փայլում էին մթության մեջ: -Եթե երկար ես հարցաքննելու, մի քիչ հետ գնա,- ես, որ զարմանքից մոտեցել էի նրան, հետ քաշվեցի, և նա կանգնեց մեր պատշգամբում: Նոր նկատեցի, որ մինչև հիմա եզրից բռնված օդում էր:

-Ի՞նչ ես անում էստեղ,- հետաքրքրվեցի ես:

-Որ քիչ հարց տաս՝ կիմանաս: Արագ արի հետս, գնում ենք:

-Ո՞ւր,- միաժամանակ և վախեցած, և զարմացած հարցրի ես:

-Չե՞ս գալիս,- դժգոհ տոնով նա նայեց վրաս:

-Գալիս եմ,- համաձայնվեցի ես և, հագնելով սպորտային կոշիկներս, արագ վերադարձա դասընկերոջս մոտ:

Նրա օգնությամբ ինձ հաջողվեց ամբողջական և անվնաս պատշգամբից իջնել գետնին: Ուղղվեցի և զարմանքից քարացա: Այստեղ ինձ էին սպասում բոլոր ընկերներս: Բոլոր-բոլորը: Նրանցից շատերը նույնիսկ անծանոթ էին:

-Ա՞ն, դու էլ ես էստեղ,-զարմացած նայեցի ընկերուհուս:

-Ոնց տեսնում ես,- ժպիտով պատասխանեց նա:

Երբեք չէի մտածի, որ մեր անհետաքրքիր թաղամասը կարող է այսքան հետաքրքիր դառնալ, երբ մենակ չես: Մի քանի րոպեների ընթացքում ես անմիջապես մոռացա և չսիրածս ամռան ու շոգի, և մենակությանս մասին: Ընկերներիս հետ զբոսանքը, իհարկե, լուրջ միջավայրում չէր անցնում:

-Մա՞ր… Մարիա՞մ,- լսվեց մայրիկիս ձայնը:

«Ի՞նչ, մա՞մ, դու էլ ես էստե՞ղ…»,- շփոթված մտածեցի ես և շրջվեցի: Մայրս երևաց սենյակի դռան մոտ, ինձնից մի քանի քայլ հեռավորության վրա:

-Հա, մամ, շոգում եմ ուղղակի…

Ես նայեցի ներքև: Մթի մեջ ոչ մի շարժում չկար, իսկ աղմկող ըներների խումբն արդեն հեռացել էր: Մտածեցի, որ ամբողջ օրը ֆանտաստիկ գրականություն կարդալը երևի իր ազդեցությունն է թողել վրաս: Մայրս, տեսնելով, որ ինչ-որ բան եմ գրում, ինձ համար վառած թողեց սենյակի լույսն ու առանց որևէ բան ասելու հեռացավ: Ես ժպտացի և մտքումս շնորհակալություն հայտնեցի նրան դրա համար…

Մարիամ Նալբանդյան, 15 տարեկան

milena baghdasaryan

Գալի՜ս եմ…

-Մա՜մ, 5 օր մնաց։

-Նորի՞ց օրերն ես հաշվում։ Դու ասա՝ ի՞նչ թխեմ։

-Հըմ․․․ Ինչի՞ց սկսեմ, ինչո՞վ վերջացնեմ։

-Ամենակարոտածից:

Մայրիկիս հետ նման համեղ ու անուշաբույր խոսակցություն վերջին անգամ ունեցել էի 291 օր առաջ, երբ թռիչքիս նախօրյակին, կռահելով՝ ինչն եմ ամենաշատը կարոտելու օտար, ամայի ճամփեքի վրա,  որոշում էինք օրվա ճաշացանկը։ Թավայում շիկնող կարկանդակին էր միանում հերթական համեստ ալյուրաթաթախը, երկուսն էլ հույսով, որ հավասարաչափ կարմրելու դեպքում Չինաստանից մագնիս նվեր կստանան։ Գազօջախի կողքին հպարտությամբ պառկած ճամպրուկի սրտում էլ տոնախմբություն էր․ գնում էր Չինական մեծ պարիսպը տեսնելու։ Ճամպրուկի կողքին էլ մայրիկն էր ու ես, որ անսովոր լռության մեջ անգիտակցորեն, բայց հավասարաչափ ծալում էինք ամառային զգեստներն ու ձմեռային բրդյա հագուստներս։

-Մա՜մ, էնտեղ շատ ցուրտ չի լինում,- որոշեցի խախտել երկաթյա լռությունը։

-Ապահովության համար ամեն ինչ պիտի լինի։ Նույնիսկ ուտելիք։ Չընդվզե՛ս։

-Ուտելիքին՝ բնավ, բայց այ․․․ Մուշտակն ավելո՞րդ չէ։

-Անորոշության ճամպրուկում՝ ոչ։

Երևան-Անորոշավան չվերթից հետո գիշերեցի Շանհայի օդանավակայանի հատակին՝ ինձ տարեկից հույն աղջկա հետ։

-Ավտոբուսն 9-ին կհասնի։

-Կարող ես քնել, կհսկեմ ճամպրուկդ։ Հետո էլ կփոխվենք տեղերով։

Հերթափոխով ճամպրուկահսկիչ աշխատելը միակ աշխատանքը չէր, որ բախտ վիճակվեց ունենալ Չինաստանում։ Երկու անգամ բժշկի հոգատարությամբ մշակել եմ վնասված ոտքս ու վիրակապով տա՜ք փաթաթել, կարևոր շարադրությանս վերջնաժամկետից հաշված ժամեր առաջ համակարգչային մասնագետի ակնոցով ինքնուրույն վերականգնել եմ համակարգչիս լիովին սևացած ու ապտակիս չարձագանքող էկրանը, «Տա՜ք հագնվիր» կարգախոսով ինքս ինձ մայրիկ եմ եղել, մի անգամ էլ, չինացի, բայց հայկական խրոխտ քթով երկրպագուիս «ձեռքս չտվող» հայրիկ եմ եղել։ Բացի կեցությանս հիմնական վայրից, երկու տուն եմ ունեցել, երկուական չինացի մայրիկ ու հայրիկ, ում հետ խոհարարի ախորժակով չինական խմորագնդիկներ եմ պատրաստել ու Ամանորս էլ նշել նրանց հետ՝ տոնական հաստաբուդը բարակիրան բրնձով փոխարինելով։

-Չե՞ս կարոտել բնականոն կյանքդ, դավաճա՛ն։

-Ինձ պետք էր սա։ «Մարդ» դառնալու ու 18 ամյակս չափահասուն դիմավորելու համար։

Եթե անկեղծ՝ 18 ամյակիս առնչվող գաղափարներ ու ճոխ պատկերացումներ գլխումս հաճախ են պտտվել, ու այն բացառիկ դարձնելու ցանկությունս երազանքներիս ուղեկցել է միշտ։ «Գոնե ամենասիրելիներն ու հարազատները պետք է ներկա լինեն»-ը բարձր զնգում էր իմ մտքում, մինչդեռ, արի ու տես, հարազատ ծնողներիս 18 ծնունդաթուշիկապաչիկներն անգամ այտերիս էին հպվում կիլոմետրեր հաղթահարելուց ու հեռախոսի էկրանով ինձ հասնելուց հետո միայն։ Ինչևէ, իմ 18-ն էլ բացառիկ էր յուրովի․օրվան նախորդող գիշերն ինքնահաշվետվության երեկույթ էի կազմակերպել, որին ներկա էինք ես ու ես։

Հանդիպման ընթացքում կողմերը խոստովանեցին, որ շնորհակալ են Չինաստանին անկախանալու ու մեծանալու համար, բայց և, միևնույն ժամանակ, կարմիր կարկանդակ,  մայրիկի թխած հոբելյանական տորթ ու այտին անպատնեշ հպվող համբույր են ուզում։

Խոստովանեցին, որ չինական ռեստորաններն իրոք շքեղ են, բայց մայրիկի խոհանոցի պես համեղ չեն բուրում։

Որ Շանհայի փողոցները, հիրավի, փայլում են ճոխությունից, բայց աչքերդ, վեր նայելիս, Երևանի երկնքում օդապարիկի դեր տանող ամպերի պես սպիտակ ամպերի դժվար թե հանդիպեն։

Որ Չինաստանի գեղեցիկ քաղաքներում շրջագայելն իսկապես հետաքրքիր է, բայց ես ու ես նախընտրում ենք երեկոյան Երևանում զբոսանքն ու Աբովյան փողոցը վերից վար չափչփելը։

Որ Չինաստանն, անխոս, բազմազավակ երկիր է, բայց հեղափոխություն, այն էլ, սիրո, դուխով եղբայրներն ու քույրերը Հայաստանում են անում։

Որ․․․

-Մա՜մ, 5 օր մնաց։

Հունիսի 1, Երևան

Լրագրողների համահայկական իններորդ համաժողովը

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ լրագրողների համահայկական իններորդ համաժողովը, որին մասնակցում էին մասնակցել է Հայաստանից, Սփյուռքից և Արցախից 100-ից ավելի լրագրող, որոնցից 40-ը գլխավոր խմբագիր: Քննարկվել է 7 թեմա, ելույթ է ունեցել 30 մասնակից, հարակից ելույթներով և առաջարկներով հանդես է եկել 50-ից ավելի լրագրող:

Այս ամենամյա համաժողովը առիթ է հանդիսանում հայ լրագրողներին արտահայտելու իրենց տեսակետները և ներկայացնելու մամուլի խնդիրները՝ փորձելով լուծումներ առաջարկել: Մասնակիցները քննարկեցին հայկական մամուլի խնդիրները՝ սփյուռքի տպագիր մամուլի խնդիրները, Հայաստանում մամուլի ազատության խնդիրները, պետություն-մամուլ կապը, ընդդիմադիր մամուլի խնդիրները և տեղեկատվության հասանելիության խնդիրները և շատ այլ հարցեր:

17.am-ի թղթակիցները լուսաբանում էին համաժողովի աշխատանքները, ծանոթանում հայկական մամուլի դաշտին, լսում նրանց խնդիրների մասին:

Ցավոք, մեր ջանքերը՝ կապեր հաստատելու սփյուռքում գործող պատանեկան երիտասարդական լրատվամիջոցների հետ, ապարդյուն անցան: Նման լրատվամիջոցներ պարզապես չկային:

Հուսանք հաջորդ համաժողովը կքննարկի նաև պատանեկան, երիտասարդական մամուլի հիմնախնդիրները ևս:

elza zohrabyan

Մի սպանեք անտուններին

Բարև ձեզ, հարգելի պարոն Վարչապետ:

Գիտեմ, որ շատ զբաղված եք և ամեն օր ստանում եք նամակներ, բայց հույս ունեմ, որ կկարդաք: Ուզում եմ ձեզ պատմել այն խնդրի մասին, որը ինձ է անհանգստացնում, և որի հետ գրեթե բոլորս առնչվում ենք: Խոսքը գնում է թափառական շների մասին: «Յունիգրաֆ» ընկերությունը ոչնչացնում է նրանց:

Մեր բակում կար մի շուն: Առաջին  անգամ, երբ եկել էր մեր բակ, շատ սոված էր և փորձում էր  կեր հայթայթել: Նա շատ ակտիվ էր, մարդամոտ, և բոլորին խնդրում էր, որ իրեն սիրեն և իր հետ խաղան: Երեխաներից մեկը առաջարեց անունը դնենք Գռաֆ, բոլորը համաձայնվեցին:
Որոշեցինք, որ շան համար փոքրիկ տնակ է հարկավոր, և երեխաներից մեկի հայրը առաջարկեց ավտոտնակից վերցնել իրենց շան հին տնակը, որը արդեն երկար ժամանակ է՝ չէին օգտագործում: Այդ տնակը վերցնելուց հետո, այնտեղ կեր և ջուր դրեցինք, նույնիսկ գրաֆիկ կազմեցինք, թե ով որ օրն է իրեն կեր բերելու:

Մի օր տանից դուրս  եկանք և նկատեցինք, որ Գռաֆը չկա: Կարծեցինք, որ բակով է շրջում և շուտով կվերադառնա: Արդեն երեկո էր, իսկ նա չկար: Բոլորս սկսեցինք փնտրել: Շուրջ մեկ ժամ փնտրեցինք, իսկ հետո դուրս եկավ մեր հարևանը և ասաց, որ տեսել է, թե ինչպես են շանը տարել, և այդ օրվանից ոչ ոք Գռաֆին չի տեսել: Մեզ համար դա շատ մեծ հարված էր, որովհետև «Յունիգրաֆը», որ տանում է, անպայման ոչնչացնում է շներին: Ուրեմն մեր սիրելի շունն այլևս չկա…

Կարելի է ավելի խելամիտ գտնվել, քանի որ ուղղակի ոչնչացնելով ոչ մի հարց չես լուծի: Ես առաջարկում եմ  նրանց համար բացել կացարաններ,և բոլորը, ովքեր ցանկանում են շուն պահել, հենց այդ կացարաններից որդեգրեն: Շները կունենան սիրող ընտանիք և հավատացեք, շատ երախտապարտ կլինեն:

arxiv

Ձկնորսը

Ժամը երեքը կլիներ, երբ որոշեցինք ձկնորսության գնալ: Գնացողներս երեք հոգի էինք` ես, եղբայրս` Արմենը, և Բագրատը: Նա տարիքով մեզանից շատ ավելի մեծ է, բայց հաճույքով համաձայնեց մեզ հետ գալ: Բագրատը ձկնորսություն շատ է սիրում: Մենք պայմանավորվեցինք մի քանի րոպեից հանդիպել: Ես և Արմենը վազեցինք տուն, որ պատրաստվենք:

-Մա՛մ, գնում ենք ձկնորսության,- ուրախ հայտարարեց Արմենը:

-Ի՞նչ, ո՞ւր,- հարցրեց մայրիկը:

-Ոչ մի ձուկ,- արագորեն մեջ ընկավ տատս,- ամեն օր այնքան դժբախտ պատահարներ են լինում, փոքր երեխաներ են խեղդվում:

-Էս կողքի գետն ենք գնում, ի՞նչ պիտի լինի որ: Համ էլ` Բագրատն էլ է գալիս,- դժգոհ պատասխանեցի ես:

-Չէ՛, չէ՛, չէ՛: Ես հիմա քո հորը կզանգեմ, տեսնեմ` թողնու՞մ է, թե՞ ոչ:

Բայց մինչ մեծերն այս հարցը «կլոր սեղանի» շուրջը կքննարկեին, մենք արդեն մեր սենյակներում էինք: Ինձ դիմավորեց կատուն: Ես նրան մի կողմ հրեցի. «Քո զահլեն չունեմ»: Քիչ հետո պատրաստ էի: Վերցրի դույլը և մեր իսկ սարքած կարթը: Շուտով Արմենն ու Բագրատն էլ եկան, ու մենք ճամփա ընկանք:

-Առաջին անգա՞մ ես ձուկ բռնելու գնում,- հարցրեց Բագրատը:

-Ըհը՛,- պատասխանեցի ես:

-Իսկ ո՞ր ճանապարհով ենք գնալու,- հարցրեց Արմենը:

-Պետք է սրանով գնանք: Տեսել եք, չէ՞, որ այստեղ երկու գետերը իրար են միանում:

-Հա՛, ինչպե՞ս չենք տեսել: Ամեն օր գետում լողում ենք,- գլուխ գովեց Արմենը:

-Բայց մենք այդտեղ չենք գնում: Որտեղ ձուկ ենք բռնելու` ջուրն ավելի մաքուր է:

Շուտով տեղ հասանք: Ես ու եղբայրս հանեցինք մեր պատրաստած կարթերը և կեռիկը գցեցինք ջուրը: Իսկ «գլխավոր ձկնորսը» որսում էր ինչ-որ բարդ սարքով: Սկզբում շատ ոգևորված էինք: Նույնիսկ մի քանի մանր-մունր ձուկ բռնեցինք. մի մասին հետագայում բաց թողեցինք, իսկ մյուսներին օգտագործեցինք իբրև խայծ` ավելի մեծ ձկներ բռնելու համար: Ցավոք սրտի, մեծ ձկներն այդպես էլ չէին գայթակղվում: Մենք գրեթե չէինք խոսում: Բագրատը խախտեց լռությունը:

-Հը, ինչպե՞ս եք,- թարմացնող ձայնով հարցրեց նա:

-Կանք, էլի,- սառած աչքերով պատասխանեցի ես:

-Խնձոր չե՞ք ուզում,- գրպանից հանեց մի քանի խնձոր:

-Տո՛ւր մեկը,- ասացի ես և սկսեցի կեղտոտ ձեռքերով ուտել խնձորը:

-Լսի՛ր, ճի՞շտ ես ասում, որ առաջին անգամ ես ձկնորսության,- կրկին հարցրեց Բագրատը:

-Դե ասացի` հա՛, էլի: Չեմ հասկանում` ամեն ինչ այդքան վա՞տ եմ անում,- նեղացա ես:

-Չէ՛, ուղղակի առաջին անգամվա համար կարևոր է տպավորությունը: Բայց ոչինչ, շուտով «ղայդին» ձուկ ենք բռնելու:

-Մի՛ մտահոգվիր, ինձ դուր գալիս է:

Դրանից հետո էլի շատ ժամանակ անցավ, իսկ ձուկ չկար: Ամեն մեկս իրարից հեռու կանգնել, մտածում էինք: Բանն այն է, որ ձկնորսության ժամանակ անշարժ ու լուռ նստել է պետք: Ուրիշ բան չէր մնում անելու` բացի մտածելը: Մենք էլ մտածում էինք: Ձկնորսության ժամանակ մտածելը շատ հետաքրքիր է: Հանգիստ մտածում ես, մեկ էլ լողանը թպրտում է, և մտքիդ թելը կտրում: Հետո տեսնում ես` ձուկ չկա, սկսում ես ուրիշ բանի մասին մտածել: Ձուկն էլ, ասես չխանգարելու համար, իր գոյության մասին չի հիշեցնում:

Արդեն մութն ընկնում էր, և մենք որոշեցինք տուն վերադառնալ առանց ձկան: Ճանապարհին մի սատկած օձի ձագ գտա: Վերցրեցի և որոշեցի կամ պայուսակ կարել, կամ գոտի, կամ էլ թե չէ` կոշիկ:

Վերջին զանգի լռությունը

Մայիսի 25-ի լուսաբացը ցնցող էր. արթնացա պատուհանիս տակ հնչող խելահեղ վանկարկումներից: «Ովքե՞ր են էս ցնդածները…» , ուղեղս տակնուվրա արած աղմուկը «արդարացվեց»՝ վերջին զանգն է՝ ավանդական «ուտուշ-խմուշով»:

Զանգ՝ այն էլ վերջին. հայհույն ու ձայնավոր միջավայրը էս օրվա գույնն են: Երբևէ մտածե՞լ եք, որ վերջին զանգը անձայն էլ է լինում: Կասեք՝ աբսուրդի ժանրից է: Ամենևին. լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրում վերջին զանգը լռության զանգ էր: Լռություն, որ պարտադրված է ոչ թե տպավորություն ստեղծելու համար, այլ բնականից:

Այստեղ շատ բան է ուրիշ, սա լռության աշխարհն է: Աշխարհ, որտեղ աղմուկը չի խանգարում, չի խլացնում, չի բթացնում: Աշխարհ, որտեղ սրտի ձայնն է հնչում, որտեղ աչքերն են խոսում և խոսում են շատ ուրիշ, այնքան ուրիշ, որ խոսքով չի պատմվում …

Բայց ես կփորձեմ պատմել նրանց մասին: Նրանք չեն խոսում, որովհետև չգիտեն՝ ինչ է լսելը: Բայց տեսնում են և տեսնում են շատ ավելին, միայն թե այդ տեսածը դարձյալ ուրիշ է:

Մեր և նրանց աշխարհն էլ է ուրիշ: Այնքան ուրիշ, որ վերջին զանգից հետո կրթահամալիրից դուրս սպասվող այդ աշխարհն այնքան էլ երազանք չէ նրանց համար: Մի տեսակ մոլորված են, որքան էլ օրն ու տրամադրությունը տոնական են:

Տխուր են, որովհետև հրաժեշտ են տալիս ոչ միայն դպրոցին: Սա նրանց համար միայն դպրոց չէ, էստեղ ուսուցչին «մամա» են ասում: Էստեղ նրանք բոլորով են, փակ դռներ չկան: Իսկ դրսում նրանք անպաշտպան են ոչ այն պատճառով, որ երիտասարդ են, անփորձ: Նրանք պարզապես տարբեր են, ինչպես ընդունված է ասել: Ես կասեի՝ յուրահատուկ, բայց ոչ տարօրինակ:

«Մենք տարբերվում ենք նրանով, որ քիչ գիտենք այն, ինչ շատ գիտեք դուք»,- ասում է խուլ ընկերս ու թվարկում այն փակ դռները, որոնք փոքրիկ հաղթանակների շնորհիվ փորձել է դպրոցն ավարտելուց հետո բացել ,- Կրթությունը Հայաստանում այնպիսի մակարդակի վրա չի, որ լսողներն ու խուլերը հավասար սովորեն ու հավասար էլ աշխատեն: Եթե արտասահմանի խուլերը կարող են սովորել համալսարաններում, աշխատել սպասարկման ծառայություններում, հայ խուլերն էլ կարող են: Բայց քանի որ հասարակությունը զարգացած չի, մարդկանց մի մասն է լավ ընդունում մեզ»:

Խուլերը հաճախ են բախվում, մեղմ ասած, անհարմարությունների: Ստիպված են հարմարվել՝ էստեղ մենք և նրանք նույն «հարմարվողականության» պարտադրված մասնակիցն ենք՝ պիտի և վերջ: Այ հենց այդ «պիտի»-ն էր նրանց վերջին զանգի տոնական քողի տակ թաքնված աղմուկը: Դա էր այն անհանգիստ զանգը, որ հնչում էր սրտից սիրտ: Դա լռության զանգ էր, որ ճեղքում էր բոլոր պատերը, որ ուղիղ խփում էր դահլիճում նստածների բանականությանը:

Սա այն զանգն էր, որ չղողանջեց, չլուսաբանվեց, չմասսայականացվեց: Խուլերը համեստ են, էստեղ չկա ավելորդ ճոխություն: Բեմից հնչող երաժշտությունը և հումորային համարները լսող ծնողների, ուսուցիչների և ներկաների համար էին: Խուլ ընկերներս լավ էին պատրաստվել: Իսկ որքա՞ն ենք մենք պատրաստ՝ գոնե մի պահ լռեցնելու աշխարհի աղմուկը, որ խանգարում է զգալ, տեսնել և վերջապես լսել:

«Երբեմն ես մտածում եմ՝ խուլ լինելն էլ իմ առաքելությունն է, որ մարդիկ տեսնեն այն, ինչ չեն լսել»,-ասում է ընկերս:

Հ.Գ. Մի բան էլ, ամեն ինչ այդքան էլ տխուր չէր: Վերջին զանգի լռությունը խախտեց խուլ երկու ընկերներիս սիրո աղմուկը: