elada petrosyan

Հարսիկը

Հետաքրքրվելով հին ավանդույթներով և սովորություններով՝ այս անգամ էլ զրույցի բռնվեցի Արշալույս տատի հետ, որն աշխուժությամբ և թախծոտ աչքերով պատմում էր, թե ինչպես է 17 տարեկան հասակում ամուսնացել:

-Էն ժամանակ սենց խոսքեր կային, ասում ին. «Հասանք խնամոնց դուռը, խմինք խնամոնց ջուրը, տարանք խնամոնց դուստրը»: Նախքան էս ամեն ինչը, ինձ տեսել են իմ ամուսնու հերն ու մերը, սկզբից իրանք են եկե ինձ տենալու, հավանել են, գնացել են, նոր հիրանց տղին են ուղարկե, տղեն եկել ա, հավանել ա, ինձ նշանել են…

-Իսկ ո՞նց են եկել քեզ ուզելու, Արշալո՛ւյս տատ:

-Ես գնըմ էի աշխատանքի, ասեմ, որ ծխախոտ էի շարըմ: Ես, որ գնացի, հիրանք եկան հայաթ, հետո նստե, իմ ծնողների հետ խոսացել են, հիրանք հավանել են ընձի, գնացել են: Հետո տղին էլ ուղարկեցին, տղեն էլ էկավ, տեսավ՝ մաշինով կար իմ անըմ, քվորս համար շոր իմ կարըմ՝ բալկոնեն դրած, ասեմ, որ տեղը-տեղին հիմանաս, սպիտակ սառոչկա էի կարըմ քվորս համար, դբրոցական:

Հետո գնացել էր, ծնողների հետ զրուցել էր: Հա, ասեմ, որ հինքը շոֆեռ էր աշխատըմ կողքի գյուղում, մեր գյուղացի չէին հիրանք, դրանից հետո էլ էկել են, ինձ նշանել են:

53 թվի դեկտեմբերի 5-ին մեր հարսանիքն էր, էն ժամանակ դեկտեմբերի 5-ը կոչվըմ էր կոնսուտիցիայի օր (սահմանադրության), էդ օրը իմ հարսնիքն էր:

-Տա՛տ, բա նշանդրե՞քը:

-Ասինք, հընցանք: Նշանդրեքը՝ էլ ի՞նչ, եկան, նշանին, գնացին:

-Իսկ նշանդրեքիդ ի՞նչ նվերներ էին բերել քեզ:

-Վա՜յ, քո տունը շինվի, ա՜յ… Բերին մի զույգ ականջօղ, մի հատ էլ մատանի՝ ոսկի, գաթա ին բերել, հալվա ին բերել, կոնյակ ին բերել: Կիսուր-կեսրարիս էլ էի հավանել, որ չհավանեի, ո՞նց իմ էթըմ հարս:

Ու 51 թվին ոչ մի բան՝ պաչիկ-մաչիկ, տենց բաներ չեն հելե: Ծնողներն էլ հավանել են, տվել են: Մեզ չեն էլ հարցրե, էն վախտ տենց բան չկար:

Իսկ նշանդրեքի հաջորդ օրը կիսուր-կեսրարս եկան հիրանց տղու հետ, էդի ավանդույթ էր, պարտադիր գալիս ին «խնամու գլուխ հարցուց»: Խնամու սիրտը առնըմ ին, որ հիրանց աղջկան տվել են մարդի:

Նշանդրեքից հետո էլ երկու անգամ եմ տեսե նշանածիս: Էն էլ մենակ նշանդրեքից հետո քրոջս մարդը կանչեց «Փեսախում», էն վախտ փեսեքին տուն ին կանչըմ, հրավիրըմ էին տուն՝ ղոնախ, էդ մի անգամն ա եկե, գնացե:

Իսկ տղու տունը ես գնացել եմ, երբ հիրանց մոտը հուխտ կար՝ Սուրբ Վարդանի հուխտ էր կոչվըմ, էդ ժամանակ մեզի հրավիրել են հիրանց տունը՝ մատաղ ուտելու, էդ ժամանակ եմ գնացե ու էլ չեմ գնացե: Հիրանց տուն էթալուց հաքիր իմ մարգիզեթից դերյա՝ ռոզվի գույնի, սիրուն, ինձ էլ լավ սազըմ էր, երկար թևերով, երկար շոր էր:

Էդ ժամանակ էլ կարճը մոդա չէր, չէինք հաքնըմ, աղբորս կնիկն էր կարել էդ շորը, ըտենց էլ հագել եմ: Կիսուրս էդ գույնը տեսավ, հավանեց, նույն էդ ձևի՝ ռոզվի, ընձի պսակի շոր առավ:

Նախքան մեր հարսանիքն էլ հարսընքավորինք՝ իմ քեռու տղի հարսնիքն էր, գնացել էինք Էրևան քաղաք, արտելում կարեցինք էդպես պսակի շոր, բայց ոչ պսակ եմ դրե գլխիս, ոչ քող են քցե, ոչ մի բան: Մազերս հուսած՝ էդ ձևի գացել եմ հարս, մեկ էլ մի բարակ շալ էր հուսերիս քցած:

Դեկտեմբերի 5-ին էլ հարսնիքս էր: Էն ժամանակ ոչ թե գալիս ին անմիջապես աղջկա տունը հարսին տանելու, այլ աղջիկը պտի պարտադիր մի բարեկամի տուն տանեին, դա հարսին տանելու տրադիցիան էր: Խնամիներն եկան մեր բարեկամի տնից պարելով, ուրախանալով ընձի բերին: Ահագին ժողովուրդ էին էկե, երկու հոգով չէին:

Զուռնով, դհոլով, կլառնետ չկար, բերեցին հարսին տուն, կոզբանդը կապին:

Հարսանքուր էլ ունեիմ՝ զալոն էր իմ հարսնաքուրը, էն վախտ հաշվի չէին առնըմ՝ ամուսնացած ա, հղի ա: Զալոն էլ հղի էր: Ազաբ էլ կար՝ մարդուս ընգերն էր, ըտենց բերին հորս տուն, կոզբանդը կապին, հետո հացկերություն արեցին՝ կերան, խմեցին ու հարսին ճանապարին: Մեր հայաթից իջել ենք մինչև մեր շոշը, ընդեղ ավտոն կայնըցրած՝ գռուզավիկ ավտոն, ընձի հանեցին փեսի հետ կուզովը, հարսնքվորներն էլ հետներս, կեսը՝ սանկով, կեսը՝ ձիով, բայց ինձ գռուզավիկ ավտոյով հարևան գյուղ հարս տարան:

Ափսեն ջարդեցինք, մտանք ներս, ընձի տնից հանին դուս ու տարան հարևանի տուն, ու հիրանք շարունակեցին հիրանց կերուխումը:

Հարևանի տունը մե հատ թախտ կար, հանին կայնցրին էդ թախտի կողը: Ուրեմն մի հատ ամանով ջուր ին դրե, ավել ին դրե, ավելի վրեն էլ բարձ ին դրե: Ես չի էլ հիմանըմ, մեկ էլ կայնած եմ, զալոն ասեց.

-Աղջի, հիջի ցաձ:

-Հնչի՞, զալո:

Ասեց.

-Հիջի ցաձր, ասեմ:

Հիջա ցաձր, ասեց.

-Էդ բարձը վերց, դի կրաղ,- վերցել եմ, դրե կրաղ,- էդ դռան հետևը ջրից մի քիչ ցանի, ավելն էլ դիր դռան հետևը,- էդ գործողությունն էլ էդ ժամանակ եմ արե:

Դրանից հետո ընձի պտի տանեին «Խաղտուն»:

«Խաղտուն»-ը մե՜ծ հացատուն էր, որի մեջը մեծ տեղ կար՝ նստարանները դրած, հարսնքվորը պտի նստեր էդ հացատան մեջ: Յոթ պար էր՝ ձախպար պարըմ ին, վերվերի պարըմ ին, նազանի պարըմ ին, գյովունդ պարըմ ին, շալախո պարըմ ին: Էդ պրծնըմ էր, նոր հարսին առնըմ ին, գալըմ ին կեսուրի տունը: Էդի արդեն մոտավոր գալիս էր ժամը 1-ից 2-ը, տրանից հետո էլ արդեն հարսնքվորները ցրվըմ էին:

Նստելու վախտ էլ նվեր տվին՝ մի հատ չեխական կտոր, ու մինչև կիսուրս նվեր չտար, չէի նստելու, ոսկեղենն էլ շատ քիչ էր, ոսկեղեն չեմ ստացե:

Ամուսանացա: Մեկ տարի հետո ունեցել եմ մեծ աղջկաս՝ 54 թվին ծնված: Ունեմ հինգ երեխա՝ 3 տղա, 2 աղջիկ: Հըմի 81 տարեկան եմ, վերջ… Էլ ի՞նչ:

elizabet harutyunyan

Քեզ ես եմ հետաքրքրում

Բարև, ես բարևում եմ քեզ եթե ոչ առաջին, ապա երկրորդ անգամ։ Եթե քեզ հարցնեմ՝ ինչպե՞ս ես, կասես՝ լավ, իսկ եթե հարցս լինի հռետորական, այսինքն՝ պատասխանի ակնկալիք չունեցող, կհիշես բոլոր քեզ հուզող հարցերը։ Այսպիսով՝ հուսամ լավ ես։ Ների՛ր, պետք է պատմեմ քեզ իմ մասին։ Ես դեռ 16 տարեկան եմ, նայի՛ր ասում եմ` «դեռ», մտածելով՝ «արդեն»։ «Դեռ» ասելուս պատճառն այն է, որ կյանքն առջևում է, իսկ «արդեն» մտածելունը այն, որ եթե այս 16-ին գումարես ևս 16, կարող ես հանգիստ համարել, որ կյանքիդ կեսը կամ ամենալավ դեպքում 1/3-ն ապրել ես։ Երևի նկատել ես, որ նյութերս արդեն իրենց մեջ հումոր չեն պարունակում: Չէ, չհավատաս, ես չեմ լրջացել, մեծացել, նույն ջրիկն եմ։ Ուշադիր ևս մեկ անգամ կարդա նախորդ նախադասությունը, գտիր գլխավոր իմաստ պարունակող բառը։ Մտածում ես՝ «ջրի՞կ»-ն է, չէ, «նույն»-ն է: Հա, ես միշտ եմ մտածել էսպիսի բաների մասին, բարձրաձայնելու կարիք չեմ տեսել: Ա՜յ քեզ հիմար, հանգիստ կարող ես ծիծաղել, ես գիտեմ՝ հիմա էլ բարձրաձայնելու կարիք չկա:

-Քեզ հետ ոչ մեկը յոլա չի գնում:
Ու միշտ խնդիրը իմ մեջ էի փնտրում։ Հնարավոր է՝ կարդաս գրածս և մտածես. «Հա, Էլիզա, քո մեջ է խնդիրը, որ ես հետդ ընկերություն չեմ անում»: Հնարավոր է՝ ես շատ ակտիվ եմ կամ չափից շատ կոպիտ, հնարավոր է, հակառակը՝ շատ սիրալիր եմ եղել քեզ հետ և կարծել ես, որ թեթևամիտ եմ: Չգիտեմ, դու ասա։
Յոլա չի՞ գնում… Իրականում ես երբեք չեմ պահանջել ինձ հետ «յոլա գնան»: Եթե ես ունեմ մարդիկ, որոնք ինձ ասում են՝ զգույշ կլինես, ինչի՞ս են պետք մարդիկ, ովքեր պիտի ինձ հետ «յոլա գնան»։
Եթե կուզես, քեզ կպատմեմ իմ մանկության ընկերուհու մասին: Նրա հետ ընկերություն եմ արել 14 տարի, հետո պարզել, որ վերջին 4 տարվա մեջ իր համար այդ ընկերությունը ձևականություն էր։ Արի՝ պատմեմ մեկ ուրիշի մասին։ Չէ, սպասիր, քեզ դա քիչ է հետաքրքրում։ Ասեմ ավելին, եթե նյութիս սկզբում կարդացել ես, որ նյութն իմ մասին է, և շարունակում ես կարդալ, ուրեմն քեզ ես եմ հետաքրքրում։ Հետ վերադառնամ ինձ։ Ես շուրջ 8 տարի է, ինչ զբաղվում եմ սպորտով, կարատեիստ եմ։ Ամեն անգամ նոր ծանոթությունների ժամանակ ինձ ասում են.
-Հա՜, քեզնից պետք է զգուշանանք։
Ինձնի՞ց, զգուշանա՞լ: Չէ, ինձնից պետք չէ զգուշանալ, ես փողոցում անցնող մարդկանց վրա չեմ հարձակվում, երբ կողքիս կանգնում են, չեմ կծում, անգամ լայն ժպտում եմ։ Ես բավականին սիրալիր եմ, հաճախ տուժել եմ իմ սիրալիրությունից, բայց չեմ դադարելու մարդասեր լինել։ Հաճախ են ասում, որ ժպիտս գեղեցիկ է։ Օրեր առաջ իմացա, թե ինչ տեսք ունեմ, երբ չեմ ժպտում.

-Բերանիդ անկյունները կախվում են ներքև ու դառնում ես տխուր «սմայլիկ», մուննաթը դեմքիցդ թափվում ա, ժպտա՛ միշտ։
Ու ես կժպտամ, դուք եք էդպես ուզում:

eva khechoyan

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Հայու գեն

Նեշվիլյան օդանավակայանն իմ երկար ճամփորդության վերջին կետն էր, որտեղ հանդիպելու էի հյուրընկալող ընտանիքիս ու ուղևորվելու այն քաղաքը, որտեղ անցնելու էր տարիս:

Իջա Նեշվիլի օդանավակայանում: Շուրջս օտար դեմքեր, ճամպրուկներ: Հանկարծ նկատում եմ մի սևահեր, բարձրահասակ տղամարդու քննող հայացք: Ուղիղ ինձ է նայում, առանց աչքը կտրելու: Պինդ սեղմում եմ անձնագիրս ու հեռախոսս: Ով գիտե, վերջիվերջո օդանավակայանը գողության ամենահավանական վայրերից է: Անցնում է մի քանի րոպե: Տղամարդը դանդաղ քայլերով մոտենում է ինձ: «Մեղա, մեղա…», մտածում եմ ես, ու արդեն պատրաստվում մի քայլ հետ գնալ ու…

-Հա՞յ ես,- լսում եմ նրա թունդ ձայնը:

-Հայ եմ,- թեթևացած պատասխանում եմ ես ու ժպտում:

-Ուզում էի ազգանունդ տեսնել, նոր մոտենալ: Էս ի՞նչ կա Նեշվիլում:

Պատմում եմ այն քամիների մասին, որ ինձ հասցրել են աշխարհի մյուս ծայրը: Ինքն էլ իրենից է պատմում: Պարզվում է՝ երեխաները Հայաստանում են:

Տղամարդն ինձ ուղեկցում է մինչև հոսթ ընտանիքս, գրպանից հանում այցեքարտը, տալիս հոսթ ծնողներիս:

-Ինչ որ բանի կարիք ունենա՝ իմաց տվեք,- ասում է նա, ձեռքը դնում ուսիս, աչքով տալիս ու հեռանում:

-Ըհը, ստեղ են ասել՝ «հայու գեն»,- մտքում ասում եմ ես ու ժպիտով ճանապարհում ազգակցիս:

lyusya balabekyan

Ի՜նչ լավ բան է համացանցը

Երբ տատիկիս պատմեցի, որ օնլայն ընկերություն եմ անում Մարոկկոյից իմ հասակակից աղջկա հետ, զարմացած նայեց ինձ՝ չհասկանալով ո՛չ «օնլայն» բառը, ո՛չ էլ Մարոկկոյից ընկերուհի ունենալու փաստը:

Ուրախացա: Ֆրանսերեն սովորելու համար համացանցում օգնություն խնդրեցի կայքերից մեկում գրանցված իմ հասակակիցներից, ու հանկարծ հայտնվեց մի աղջիկ՝ 14 տարեկան: Շուտով իմացա, որ նա լավ գիտի իմ հայրենիքի պատմությունը:

Զարմացա: Երբ գրեցի, որ իմ հայրենիքը Հայաստանն է, նա շտապեց ինձ պատասխանել՝ մի՞թե դա այն երկիրն է, որտեղ 1915 թ.-ին մեծ ցեղասպանություն է եղել: Որտեղի՞ց գիտեր. պարզվեց, որ իրենց պատմության դասագրքերում է այդ մասին գրված, և այնպիսի նկարներ է տեսել, որ… Երբ շարունակեցինք զրուցել, պարզվեց, որ նա գիտեր անգամ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: Մի պահ նույնիսկ սկսեցի կասկածել. գուցե հայկական արմատնե՞ր ունի:

Տխրեցի: Ցավ ապրեցի, որ նա իմ հայրենիքի պատմության սև էջերը գիտի: Իհարկե, ես դեռ կշարունակեմ ներկայացնել իմ Հայաստանը նրան, բայց նա մի կարևոր միտք ասաց՝ դատապարտելով այդ ոճրագործությունը. «Միայն Աստված կարող է վերցնել քո կյանքը, քանի որ նա է քեզ կյանք պարգևել՝ անկախ կրոնից և ազգային պատկանելությունից»:

Հպարտացա: Երբ հրապարակում են, որ այսինչ երկիրն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, փաստաթուղթ է ստորագրել, մենք՝ հայերս, սկսում ենք ավելի հավատալ, որ արդարությունը կհաղթանակի մի օր: Իսկ այսօր ես վստահ կարող եմ ասել, որ այն փաստը, որ հեռավոր Մարոկկոյում ապրող մուսուլման մի աղջիկ դատապարտում է մեր թշնամիների կատարած ոճրագործությունները, վեր է ամեն տեսակ փաստաթղթերից: Հպարտ եմ, որ վաղը ես մենակ չեմ, ինձ հետ ոտքի է կանգնելու ամբողջ մարդկությունը:

Ի՜նչ լավ բան է համացանցը…

anahit gasparyan charencavan

Ես հեռուստացույց չեմ դիտում

Հաճախ եմ լսել «ես հեռուստացույց չեմ դիտում» արտահայտությունը: Նախկինում գուցե կզարմանայի, բայց հիմա հասկանում եմ, թե որքան հաճելի է, երբ օրդ այնքան հագեցած է, որ կարիք չունես սպանելու ժամանակդ ինչ-որ «օճառապղպջակային օպերաների» կամ «դժբախտ ու հարազատ նռան հատիկների» վրա:

Վերջերս փորձեցի ուղղակի տեսնել, թե ինչ նորություն կա հեռուստաաշխարհում: Առաջինը, իհարկե, այն 2 րոպեն մեկ հանդիպող «սուպեր» գովազդներից մեկն էր, որ ավելի երկար է տևում, քան հենց հաղորդումը: Անցա առաջ: «Միսս Հայաստան» մրցույթն էր: Արդեն այն պահն էր, երբ պետք է մասնակիցները գային բեմ, և վարողները հայտնեին հաղթող մասնակցի անունը: Հաղորդավարները, որոնք երևի թե ընտրվել էին լոկ իրենց արտաքին տեսքի համար, ձախողեցին մրցույթը` «հրաշալի» հումորներ անելով, մոռանալով կարդալ մասնակիցների անունները և ամեն վայրկյան իրենք իրենց համոզելով, որ այդքան էլ վատ չեն կարողանում երեկոն վարել: Տեխնիկական խնդիրների պատճառով ետնաբեմից չէին բերում ծրարը, իսկ հանդիսատեսին պետք էր ինչ-որ կերպ զբաղեցնել: Հաղորդավարները առաջարկեցին հանդիսատեսին ծափահարել ծրարին, մինչ այն կբերեն: Երբ ոչինչ չստացվեց, նրանք առաջարկեցին մասնակիցներին ծափահարել հանդիսատեսին, որոնք էլ նույն ժամանակ պիտի ծափահարեին ծրարին, իսկ այդ ընթացքում հաղորդավարները կծափահարեին իրենք իրենց: Բոլորը բոլորին ծափահարեցին, բայց ծրարը այդպես էլ տեղ չհասավ, և նորից սկսվեցին «սուպեր» գովազդները: Ինքս ինձ հարց տալով, թե ինչու եմ նայում այդ, ընկերներիցս մեկի ասած, «սինլքոր արարողությունը»՝ փոխեցի ալիքը:

Դե, կզարմանայի, եթե ամեն ալիքում գովազդի չհանդիպեի: «Զգա թարմության բույրը», «Դիտեք միայն մեր եթերում», «Դու դու չես, երբ քաղցած ես», «Մի գրեք մեր հեռախոսահամարը, պարզապես հիշեք այն» և այլ այսպիսի արտահայտություններից հետո վերջապես հանդիպեցի մի լրատվական ծրագրի: Հիմա կմտածես՝ վերջապես մի կարգին բան գտավ: Ես էլ այդպես կարծեցի, բայց, ավաղ, հենց այն պահն էր, երբ հաղորդավարը հորդորում էր չփոխել ալիքը, քանի որ մի քանի րոպե անց պիտի սկսվեր հեռուստասերիալ, որը, ըստ ավանդության, կդառնար նոր «Սանտա Բարբարա» հայկական հեռուստաաշխարհում:

Այսքանից հետո ինձ ոչինչ չէր մնում անելու, քան վերցնել հեռուստավահանակը, անջատել հեռուստացույցը, վերցնել մի կարգին գիրք, այդ պահին՝ «Փոքրիկ իշխանը», և սկսել կարդալ, այլ ոչ թե վատնել «ժամանակ» կոչվող ամենաթանկ բանը:

Հայ-ճապոնական ցուցահանդես

Հոկտեմբերի 11-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսի բացման արարողությունը։ Հայ-ճապոնական «էյբիք» կազմակերպությունը, համագործակցելով Ճապոնիայի «Գալերիա Գինձա Ի Չոմե» ցուցասրահի հետ, մեկ տասնամյակ է, ինչ կազմակերպում է համատեղ ցուցահանդեսներ Հայաստանում և Ճապոնիայում:

Այս ցուցահանդեսը նվիրվում է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և գործելու է մինչև հոկտեմբերի 15-ը:
-Դեռևս 2006 թվականից պարբերաբար անցկացվել են ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ճապոնիայում: Ուզում եմ միայն նշել, որ ճապոնական աշունը Հայաստանում շարունակվում է։ Չնայած նրան, որ Հայաստանի և Ճապոնիայի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն է, մշակութային հարաբերությունները ունեն հարյուրավոր տարիների պատմություն։
Հենց այս խոսքերով էլ կատարվեց ցուցահանդեսի բացումը։ Մարդիկ շատ էին, և անգամ զարմացա, որ այդքան մարդ կա, որ հետաքրքրվում է ճապոնական մշակույթով։ Հանդիպեցինք հայերի, որոնք ուսումնասիրում էին ճապոներենը, անգամ բավականին լավ տիրապետում այդ լեզվին և կարողանում էին հաղորդակցվել։ Ես ինքս ինձ հետ հայ-ճապոնական զրուցարան էի վերցրել և ողջ ընթացքում փորձում էի հասկանալ ի՞նչ են խոսում, ինչևէ, դա ինձ չհաջողվեց։

Ցուցահանդեսում ներկայացված էին հայ և ճապոնացի արվեստագետների աշխատանքները։ Ես չեմ կարող առանձնացնել մեկը, բոլորը հիասքանչ էին և նման չէին մեկը մյուսին։

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Դդմաքանդակների օր

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Հոկտեմբերի 31-ին Ամերիկայում նշվում է Հելոուինը: Բազմաթիվ քրիստոնյաների կողմից քննադատվող ու «հակակրոնական» համարվող Հելոուինն իրականում ոչ մի հակակրոնական կամ դիվական հիմք չունի, քանի դեռ չի հասել էն կետին, որտեղից սկսվում են բուն տոնի հետ բացարձակ կապ չունեցող նորարարությունները (վախ, արյունահեղության տեսարաններ, քայլող դիակներ, հոգիներ): Տոնն իրականում կարելի է նշել որպես ջերմ ընտանեկան տոն:

Աշնանային արձակուրդի ընթացքում հյուրընկալ ընտանիքի հայրս առաջարկեց դդումներ փորագրել, որպես Հելոուինի առթիվ տան շեմի դեկորատիվ մաս: Դդմի փորագրումն ամբողջովին կախված է փորագրողի երևակայությունից, ու եթե դու գտնում ես, որ մինիոնի դեմքով դդումն ավելի գրավիչ կլինի տանդ շեմին՝ արա էդպես: Միյուն (փոխանակման ծրագրով մյուս աշակերտը, որին հյուրընկալում է Ռիչարդսոնների ընտանիքը), մինիոնների մեծ սիրահար է: Մինիոնի տեսքով դդում փորագրելն իր մտահղացումն է:

Հոսթ (հյուրընկալ) հայրս փորագրում է անհոգ դեմքով, անատամ, բայց անկախ ամեն ինչից, ժպտացող դդում: Ես էլ… Դե, ինչ մտքովս անցավ:

Իսկ հիմա ամենակարևոր պահը: Ավարտելուց հետո դդումների ներսում մոմեր ենք դնում: Մութն ընկնելուն պես վառում ենք մոմերն ու դդումները շարում տան շեմին: Երեքս մի քանի քայլ հետ ենք կանգնում, որ ավելի տեսանելի լինի: Ահա դրանք:

Հելոուինը մոտենում է…

laura sekoyan

Ալյուրն աղացինք

Աշուն է եկել, և դա արդեն ամեն ինչ փոխում է։ Ամռանը մեր բակի ճոճանակն էր հարևանների սուրճ խմելու ու զրուցելու վայրը, իսկ աշունն այդ վայրը տեղափոխվում է մեր հյուրասենյակ։

Սովորական աշնանային օրերից մեկն էր, երբ պատուհանից տեսա դարպասից ներս մտնող հարևաններին։ Ավանդական սուրճից ու մի թեթև բամբասանքից հետո բոլորը սկսեցին բողոքել աշնան հոգսերից՝ չմոռանալով ավելացնել սպասվող ձմռան հոգսերը։ Մի մասը բողոքում էր, որ ծախսերն են շատ, մյուսը՝ դեռ շատ բաներ չի հասցրել անել: Նմանատիպ շատ բողոքներ էին հասնում ականջիս, երբ հարևան Հասմիկը փոխեց թեման։ Նա տատիկիս ասաց, որ պայմանավորվել է մեքենայի վարորդի հետ, որը էժան գնով կտանի Քաղսի՝ ալյուր աղալու։ Տատիկս, իհարկե, համաձայնեց, և սկսեցին խոսել այն մասին, թե ով որքան ցորեն է տանում աղալու։

Հաջորդ օրը, երբ դասից եկա, մառանի ցորենի պարկերը չկային։ Երկու-երեք ժամ անց տեսնեմ՝ մի մեքենա եկավ, որի մեջ ալյուրով լցված պարկեր կային։ Այդպես մառանը նորից լցվեց, բայց այս անգամ ալյուրի պարկերով։ Տատիկս յոթ հարյուր կիլոգրամ ցորեն էր տարել աղալու, իսկ հարևան Հասմիկը՝ երկու հարյուր կիլոգրամ։ Բավականին գումար էին ծախսել ալրաղացում։ Իսկ գթասիրտ վարորդը, կիսելով գյուղացու հոգսը, քիչ գումար էր վերցրել։ Երեկոյան նորից հավաքվեցին մեր տանը՝ այդ առիթով սուրճ խմելու, և տատս, որը հասցրել էր արդեն խմոր հունցել ու հաց թխել, մի բաժակ սուրճի շուրջ գովում էր նոր աղացած ալյուրը։

Եվ իսկապես, տնական ալյուրից թխված հացերը շատ համեղ են։ Թեև աշունը շատ ծախսատար է, բայց այդ ծախսերը չանելն անհնար է։ Աշնան ծախսերն ուղղված են ապահով ու հանգիստ ձմեռ ունենալուն, իսկ միայն ալյուր աղալը դեռ բավական չէ։

Milana Gevorgyan

Արի Հրազդան

Իմ քաղաքը սկսվում է լուսաբացին փողոցը մաքրող տատիկներից ու պապիկներից: Սկսվում է ժամը 7:30-ին ուսանողական ավտոբուսներին սպասող ուսանողներից ու 7:45-ին աշխատանքի շտապող Սերոժ պապիկից:

Իմ քաղաքը սկսվում է Կարինե տոտայի գրախանութից ու դեղատան դիմաց հերթ կանգնած հիվանդներից: Այն սկսվում է 1-12-րդ դասարանցիների դպրոց հաճախելուց: Քաղաքիս արևածագերը սկսվում են քոլեջի բակում սիրած աղջկան սպասող տղայից ու զինվորի գալստյանը սպասող մորից:

Քաղաքս սկսվում է Հայկի շնորհքից ու պաղպաղակի թուղթը աղբամանի մեջ գցելուց:

Այս փոքրիկ ու մի կերպ գունավորված քաղաքը սկսվում է Սուսան տոտայի խանութի պարտքերից ու նարդի խաղացող պապիկների ծերակույտից:

Դատարկված քաղաքս սկսվում է Վարդուշ տոտայից, որը բոլորի հետևից ասում է՝ աղջի, մի սրան տեսեք, անվերջ բողոքում է երկրի վիճակից ու օրը մեկին ջերմ խոսքեր է շշնջում, օրինակ՝ հողերս գլխիդ, կամ էլ բոլոր աղջիկներին մաղթում է, որ «տանողի տունը մնան»: Բայց մեկ է՝ քաղցրություն կա քաղաքումս: Քաղաքս սկսվում է «MyBookStore»-ցի Լևոնի Mercedes ավտոմեքենայից, որը լուռումունջ «MyCorner»-ի մոտ կանգնած է:

Քաղաքս վերջանում է, երբ հոգնած աչքերս տրորելով՝ փակում եմ պատմության գիրքն ու լույսն անջատում՝ մտածելով, որ վաղը Հրազդանը էլ ավելի լավը կդառնա: Քաղաքս վերջանում է գիշերվա ժամը մեկի շների հաչոցով ու Բարության պուրակի հանգչող լույսերով:
Եթե ուզում ես լինել քաղաքիս սկիզբն ու վերջը, գրողը տանի, թո՛ղ ու արի Հրազդան: Արի՛ ու հասի՛ր Սերոժներին, Վարդուշներին, Սուսաններին: Արի՛ հասիր մեզ:
Քաղաքիս սկիզբն ու վերջը լինելու համար բացականերդ շատ-շատ են, ու եթե ուզում ես այն սկսվի ու ավարտվի քեզնով, թո՛ղ ու արի Հրազդան: