Laura Yesayan

Մեր ապրելու և արարելու ցանկությունը

Ձեզանից քանի՞սը գիտեն, որ քաղաք Իջևանից 22 կմ հեռավորության վրա է գտնվում սահմանամերձ Այգեհովիտ գյուղը, նույն ինքը՝ Ուզունթալան (թարգմանությամբ՝ երկար բացատ): Եվ որպեսզի հասկանաք, թե ինչ կապ ունեն Այգեհովիտ և սահմանամերձ բառերը միմյանց հետ, կներկայացնեմ մի քանի ստույգ տվյալներ:

Այգեհովիտ գյուղը հյուսիս-արևելքից սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանին, իսկ վերջինիս հետ սահմանը ընդամենը 12 կիլոմետր է: Դե, երևի այս տվյալներն էլ ոչինչ չեն ասի ձեզ, մինչև չլսեք կրակոցի ձայներն ու չտեսնեք սահմանը:

Թե երբ է հիմնադրվել գյուղը, կամ ովքեր են եղել նրա առաջին բնակիչները, դեռևս անհայտ է, քանի որ ոչ մի պատմական աղբյուր այդ մասին ոչինչ չի հայտնում: Ոմանք այն կարծիքին են, որ գյուղի բնակիչները եկվորներ են, ովքեր ներգաղթել են Լեռնային Ղարաբաղից 16-18-րդ դարերում: Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1837 թվականին ծնված Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը իր «Տեր Սարգիս» վեպում նշում է, որ ներկայիս գյուղի բնակիչները բնակվելիս են եղել ներկայիս Կայան անունը կրող տարածքում, որը այն ժամանակ կոչվել է Ճալա: Հետագայում, մոտավորապես՝ 18-րդ դարի երկրորդ կեսից, գյուղի բնակիչները բարձրացել են դեպի անտառի փեշերը և ճալա գյուղից դեպի հարավ ՝ երեք կիլոմետր հեռավորության վրա, հիմնել են նոր գյուղ և այն անվանել Ուզունթալա:

Ամենաուշագրավ փաստը Այգեհովիտի մասին այն է, որ մինչև այսօր Այգեհովիտ գյուղի անտառում՝ մի գեղատեսիլ վայրում, որտեղից էլ ի դեպ պարզ երևում է սահմանը, կանգնած է 12-13-րդ դդ-ում կառուցված անտառի զարդը՝ Սուրբ Սրվեղը: Վանքը կառուցվել է Վրաստանի արքունիքում ծառայած Իվանե և Զաքարե Զաքարյան եղբայրների օրոք: Խորհրդային տարիներից այն այլևս չի գործել, զրկվել է հատուկ խնամքից և ժամանակի ընթացքում ավերածությունների ենթարկվելով դարձել է կիսաքանդ հուշարձան: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում վանքը վերանորոգելու ուղղությամբ:

Այսօրվա Այգեհովիտ համայնքն ունի 3700-ից ավելի բնակիչ, ովքեր զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ և նաև մշակաբույսերի աճեցմամբ:

Բնակավայրում կա 2 միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, հացի փուռ, խանութներ, մշակույթի պալատ, մարզադաշտ, և այլն:

Այստեղ կյանք կա, այստեղ ապրելու ու արարելու ցանկություն կա, այստեղ մարդիկ կերտում են իրենց և իրենց երեխաների ապագան՝ չվախենալով ոչ թշնամու կրակոցից, ոչ էլ որևէ այլ խոչընդոտից: Անցած անգամ էլ եմ ասել և հիմա էլ կասեմ, որ գնալու եմ սովորելու ու հետ գամ Ճալես կամ Ուզունթալաս, իսկ ավելի ճիշտ՝ իմ սիրուն Այգեհովիտը:

manik poghosyan

Իմ հերոսը

Մենք բոլորս էլ ունենք, չէ՞, մեր սրտի ու հոգու ամենախոր լարերում պահած մեկին, ում ցանկանում ենք նմանվել, ով մեզ ոգևորում է ու ով մեզ համար օրինակ է։ Դա կարող է լինել սիրած երգիչ, դերասան, ֆուտբոլիստ, էական չէ։ Մանկուց դեռ ընտանիքումս իմ մեջ սերմանել են սեր դեպի ֆուտբոլը։ 5 տարեկանում ես չէի կարող պատկերացնել, թե ոնց կարող են միլիոնավոր մարդիկ նստել, սրտի թրթիռով սպասել, նայել, բղավել, հուզվել մի մարդու կամ մի թիմի հաղթանակի համար։ Մեծանալով սկսեցի սիրել ֆուտբոլը։ Ես սիրահարվեցի այդ սպորտաձևին։ Դե ինչպես բոլորը, այնպես էլ ես, ունեմ իմ նախընտրելի, սիրելի ֆուտբոլիստը։ Ընկերներս, ինձ ճանաչելով, նյութը կարդալուց  միանգամից գլխի կընկնեն։ Իսկ մինչ ես մի փոքր կպատմեմ իր մասին, դու փորձիր կռահել, թե ով է նա:

Դաջվածքներ չունի, քանի որ տարեկան երկու անգամ արյուն է հանձնում։ Բարեգործություն է արել Պաղեստինի դպրոցների համար, 3 մլն եվրո է հատկացրել Աֆրիկայի սովից տառապող պետությունների ժողովուրդներին, ավելի քան 2մլն եվրո նվիրաբերել է գլխուղեղի քաղցկեղով տառապող երեխաների բուժմանը` խնդրելով գաղտնի պահել այն։ Երբեք չի հանձնվել ու կատարել հորը տված խոստումը` ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Գլխի ընկա՞ր։ Նա Կրիշտիանու Ռոնալդու Դուշ Սանտուշ Ավեյրուն է, նույն ինքը՝ Ռոնալդոն։

Այո, այո, նա նույն Ռոնալդոն է, ով հեռավոր տարիներ առաջ ծնվեց Պորտուգալիայի արվարձաններից մեկում, ծայրահեղ աղքատ ընտանիքում, իսկ այսօր դարձավ միլիոնավոր մարդկանց կուռքն ու մոտիվացիան։ Ես սկսեցի սիրել ու ուսումնասիրել ֆուտբոլի մյուս կողմը նրա շնորհիվ։

Նա մարդ է, ում մանկությունը նման է եղել դժոխքի։ Մարդ, ում կենսագրությունն ու կյանքը ինձ ավելի հետաքրքիր էր դառնալու, քան իմը։ Մարդ, ով ինձ սովորեցրել է, որ կյանքի հարվածները մարդուն կոտրել չեն կարող։ Մարդ, ում օրինակով ես ևս մեկ անգամ համոզվել եմ, որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Մարդ, ում շնորհիվ ես սիրեցի ֆուտբոլ։ Կյանքի հարվածները չկոտրեցին նրան, այլ ընդհակառակը, ուժ տվեցին դիմակայելու ցանկացած դժվարության։

Նա հասել է իր գագաթնակետին, իսկ դու կարող ես նստել տանը հեռուստացույցի առաջ ու շարունակես քննադատել նրան։

Laura Yesayan

Որտեղ է Այգեհովիտը

Այգեհովիտ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, Աղստև գետի ստորին հոսանքի աջափնյա մասում, Իջևանից 17կմ հյուսիս-արևելք:

Հենց այսպես էլ կարող էր սկսել իմ բովանդակալից նյութը հայրենի օջախիս մասին, բայց փաստագրական տեղեկություններից զատ ես ձեզ կներկայացնեմ Այգեհովիտը այգեհովիտցու աչքերով:

Ես Լաուրան եմ, ծնվել ու արդեն 17 տարի է ապրում եմ Այգեհովիտում, եթե անկեղծ, ինձ ուրիշ տեղ արդեն չեմ պատկերացնում: Զարմանալի կապ կա իմ ու Այգեհովիտի  միջև: Գիտե՞ք ինչ տեսակ կապի է նման ՝ մոր ու մանկան: Հա, հա, մի ծիծաղեք, հենց էլ այդպես: Ուրեմն հենց գյուղից դուրս եմ գալիս, ամեն ինչ խառնվում է ներսումս, փոթորկվում, անբացատրելի հույզեր են առաջանում, հենց վերադառնում եմ գյուղ՝ ամեն ինչ խաղաղվում է, ներսս հանգստանում:

Մոռացա ասել, որ Այգեհովիտը սահմանամերձ գյուղ է: Հըն, արդեն վախեցա՞ք:

Դե մի բան պատմեմ ՝լսեք: Եթե ճիշտ եմ հիշում, 2015 թվականի սեպտեմբերն էր, սիրուն, աշնանային ու գունավոր օրերից  մեկը: Հերթական անգամ դասից վերադարձա, տատին իր ձեռքով քաղած խաղողից բերեց, բա թե.

-Կե, ա բալա, դասից ես եկել: Հմի ուժերդ հատել ա:

Մեր բարբառն էր, տատին ասում էր` կեր, բալես, դասից ես եկել, հիմա ուժերդ վերջացել են: Հիմա ձեզ կտրեմ այս սիրուն առօրեականից ու տանեմ բուն դեպքի վայր: Սենյակումս նստած մի պահ ականջներս խլանալու աստիճան ցավ զգացին ու պատուհանից նայելով հասկացա, որ հակառակորդը ռմբակոծել է գյուղը՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին: Տատս խառնվեց իրար: Շատ վախկոտը դուրս եկավ էս կինը, հավաքեց մեր իրերը և ուղարկեց Իջևան՝ հարազատների տուն: Լացը աչքերիս ասում եմ.

-Տատ, ախր չեմ ուզում գնալ, բա դու ու պա՞պը, բա մեր տո՞ւնը, ո՞նց գնամ:

-Ցավդ տանեմ, մենք պատերազմ տեսած մարդիկ ենք: Աստված չանի` նույնը կրկնվի, խելոք գնացեք:

Տատը պինդ գրկում է մեզ ու օրհնանքով ուղարկում:

Հիմա մտածում եք բնակչությունը այս դեպքից հետո գնաց, չէ՞: Ասեմ, որ չէ: Այգեհովիտս 3000-ից ավել բնակիչ ունի, ընտիր երիտասարդություն ու ջիգյարով մարդիկ: Այգեհովիտը բարգավաճում է, որովհետև մենք ենք իր ապագան,  շատ լուսավոր ապագան:

Ամենավերջում ուզում եմ ասել, որ հայրենիքդ ու տունդ այնքան շատ պետք է սիրես, որ այդ սիրուց թշնամին անգամ սարսափի:

Իսկ ես ապրում եմ ու ապրելու եմ Այգեհովիտում, սովորելու եմ ու հետ գամ գյուղս՝ այն ավելի բարգավաճ դարձնելու նպատակով:

Հայաստանը հրաշալի է, Տավուշը՝ բացառիկ:

Laura Yesayan

Իմ որոշումը

Ողջույն հարազատս կամ գուցե ընկերս, կամ գաղափարակիցս: Չգիտեմ:

Առաջին անգամ որոշել եմ կիսել մտքերս քեզ հետ: Մի քանի ամսվա մտքերս հավաքել ու եկել եմ քեզ պատմելու:

Մի քանի տարի մտածելուց ու մի քանի մասնագիտությունների վրայով անցնելուց հետո (իրավաբան, լրագրող և այլն) որոշեցի, որ մանկության երազանքս անփոփոխ է: Այն է` դառնալ թարգմանչուհի: Չկարծեք, թե հեշտ կայացրի այս որոշումս: Որոշմանս կայացման օրվանից կարծիքներ էի լսում.

-Օտար լեզու յուրաքանչյուր մասնագետ էլ պետք է իմանա:

-Մի նորմալ մասնագիտություն չկա՞, որ ընտրես:

-Որ ավարտես` ի՞նչ ես աշխատելու, գոնե մտածե՞լ ես:

Ու ես հիասթափվել էի մինչև հոգուս խորքը: Չէի ուզում շարունակել պարապմունքներս, չէի ուզում շփվել մարդկանց հետ, բոլոր մասնագիտություններից զզվում էի: Բարեբախտաբար երկար չտևեց այս չարաբաստիկ շրջանը: Ես հասկացա, որ այո, ես ուզում եմ ընդունվել հենց օտար լեզուների ֆակուլտետը: Այո, ես գիտակցում եմ, թե հետո ինչ եմ աշխատելու ու իմ շրջապատի հարցերի պատասխանը գործնական կերպով կապացուցեմ մի քանի տարի հետո:

Ասեմ նաև, որ բիզնես ծրագրեր ունեմ, որոնք նույնպես իրականացնելու եմ: Եվ վերջապես, կապ չունի` բժիշկ ես, ծրագրավորող, թե կոշկակար: Յուրաքանչյուրը գիտակ է իր գործում, իսկ հասարակությունը հասարակություն չէ առանց լավ մասնագետի:

Ամենավերջում ուզում եմ ասել, որ երբեք մի հրաժարվեք ձեր նպատակներից հանուն որոշ մարդկանց ցանկության: Ու կապ չունի` այդ մարդը ծնողդ է, ընկերդ, թե մեկ ուրիշը, միշտ գնացեք ձեր նպատակների հետևից:

Alla Virabyan

Աղբյուրի մոտ

Մի քանի շաբաթ առաջ հեռախոսիս զանգ եկավ: Պատասխանեցի, ուսուցիչս էր․

-Գյուղում ամառային դպրոց է կազմակերպվում, տևելու է երկու շաբաթ, ամեն օր սկսվելու է առավոտյան ժամը իննից: Երեխաների հետ դասեր ենք անելու, խաղեր ենք խաղալու: Կցանկանա՞ս կամավոր ջոկատավար լինել:

Ես առանց երկար-բարակ մտածելու՝ համաձայնեցի, չգիտեմ՝ ինչու, ախր, երեխաների հետ աշխատել չեմ սիրում, բայց զգում էի, որ ինչ-որ բան եմ գտնելու, կամ գուցե ինչ-որ մարդկանց։

Վաղ առավոտյան մենք հանդիպեցինք եկեղեցում, ստացանք մեր Տեր Աբելի օրհնությունը, և նա իր մեքենայով երեխաներին տարավ աղբյուր, իսկ մենք՝ կամավորներով, որոշեցինք առավոտները քայլել, դե, ոնց էլ չլինի՝ նախավարժանք է, էլի:

Երեխաները բաժանվեցին ջոկատների, ինձ բաժին հասավ միջին խուբը՝ ընդամենը ութ հոգի, որոնցից երեքը տղաներ էին՝ Անդրանիկը, Դերենիկը ու Սամվելիկը: Հպարտությամբ ասում եմ, որ իմ ջոկատը ուրիշ էր: Իսկ տղաները, այ նրանք ամենաուրիշն էին։ Դերենիկին ու Սամվելիկին մեր դպրոցից ճանաչում էի։ Սամվելիկին՝ որպես մի չարաճճի, իսկ Դերենիկին՝ ուղղակի խելացի երեխա, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ չեմ ճանաչել: Իսկ այ Անդրանիկը կողքի գյուղից էր, չգիտեմ՝ ինչու, մեջս զգացում կար, որ ամբողջ կյանքում ճանաչել եմ իրեն: Շատ արագ կապվեցի այս եռյակի հետ:

-Ընկեր Ալլա, կարա՞նք Ձեզ հետ ման կյալով կյանք: Ամոթ չի՞ մենք տղեքով մաշինով գնանք, Դուք վետով,- ասաց Սամվելիկը։

-Չէ, ամոթ չի, դուք երեխեք եք ու կհոգնեք ճանապարհին,- ասացի ես։

-Մինա կյալ դենք, ընկեր Ալլա։

Անդրանիկը ամեն օր գալիս էր, ուղղակի ձեռքիցս բռնում և քայլում, զրուցում:

Այս երեքը դարձան կյանքիս թանկ մարդկանցից: Նրանք, որոնց ես երբեք չէի ունեցել։

Անսովոր էր, ես ընկերություն էի անում երեխաների հետ: Սկսեցին ամեն առավոտ ինձ հետ քայլելով գնալ աղբյուր, էլ մեքենա չէին նստում: Նույնիսկ ցանկանում էին ինձ տուն ուղեկցել դասի ավարտին:

Հանգստի ժամին ես ու Սամվելը ճոճանակին նստած զրուցում էինք, հետո լռություն տիրեց։

-Ինձ սաղ ասըմ են, որ չար եմ։ Դուք է՞լ եք այդպես մտածըմ, ընկեր Ալլա, բայց ճիշտը կասեք, հա՜, չխաբեք,- հանկարծ ասաց նա։

-Դու շատ լավն ես,- ասացի ես, իսկ նա գլուխը բարձրացրեց, ժպտաց ինձ ու վազեց դասի:

Մի քանի օր հետո լսեցի, որ Սամվելիկի մայրը զարմացել է երեխայի լավ պահվածի վրա և հայտնել ուսուցչիս, նույնիսկ շնորհակալություն հայտնել երեխայի վրա լավ ազդելու համար: Ես երջանիկ էի: Երեխաները դաս էին անում և կամաց-կամաց ընկնում դպրոցական ռեժիմի մեջ, խաղում էին տարբեր խաղեր ու ինձ էլ կանչում միանալու, իսկ ես անմիջապես վեր էի կենում ու սկսում խաղալ:

Սկզբում ինձ թվում էր՝ երկու շաբաթը այնքան շատ է, որ երեխաների հետ չեմ կարող մի ամբողջ օր անցկացնել, բայց հետո օրերը, ժամերը ուղղակի սկսեցին չհերիքել: Օրերս առանց նրանց չէի պատկերացնում: Մոտենում էին վերջին օրերը, մի առավոտ մտքիս ծայրով անցավ չգնալ, որպեսզի ավելի չկապվեմ երեխաների հետ, կամ էլ ուղղակի փախչել, որ հրաժեշտ չտամ այն հարազատ մարդկանց, որոնց գտել էի: Բայց հասկացա, որ վերջին օրը կորցնելը մեծ սխալ կլինի:

Արդեն վերջին օրերին Անդրանիկը, Սամվելիկը և Դերենիկը անընդհատ ծաղիկներ էին նվիրում ինձ՝ լացակումած աչքերով, բայց ցույց չէին տալիս՝ տղաներին հատուկ բնավորությամբ: Ինձ թվում էր՝ այդ ծաղիկները երբեք չեն թառամի: Վերջին օրը շատ կարճ էր: Տունդարձի ժամանակն էր, բայց այս անգամ ոչ վերադառնալու սպասումով:

-Երեխե՜ք, ո՞վ հեռախոս ունի,- ասաց Անդրանիկը։

-Ինչի՞դ ա պետքը։

-Ուզըմ եմ ընկեր Ալլայի համարը վեր ունեմ ու շուտ-շուտ զանգեմ,- ասաց Անդրանիկը, իսկ Սամվելը ու Դերենիկը սկսեցին այս ու այն կողմ նայել՝ հեռախոսի փնտրտուքով:

Ներսումս ինչ-որ բան ցավաց, ես ոչինչ չէի ասում, որովհետև եթե մի հնչյուն անգամ ասեի, արցունքներս կհոսեին:

Նրանք ուշադիր նայում էին ինձ, իսկ ես համառորեն ժպտում էի: Վազելով եկան, գրկեցին։

-Մենք Ձեզ շատ-շատ կկարոտենք, բայց մյուս տարի էլ կհանդիպենք այստեղ, չէ՞։

-Էն մի տարի էլ կգաք, չէ՞, ընկեր Ալլա,- նորից կրկնեցին հարցը:

Ես ուղղակի գլխով համաձայնության նշան տվեցի, հրաժեշտ տվեցինք, և ամեն ինչ ավարտվեց:

Հիմա ամեն օր դպրոցում տեսնում եմ Դերենիկին ու Սամվելիկին, բարևում ու անկեղծ ժպտում, իրական ժպտում, իսկ այ, Անդրանիկին շատ եմ կարոտում, բայց միշտ հիշում եմ, միշտ:

Ես այսօր ունեմ մարդիկ, որոնց մի ամբողջ կյանքն էլ չէր հերիքի ունենալու համար…

anushikdavtyan

ՀԴՄ կտրոն պահանջո՞ւմ ես

 Վերջերս ինձ մի հարց է հուզում: Ինչո՞ւ մարդիկ, անգամ հեղափոխությունից հետո, առևտուր իրականացնող սուբյեկտներից ՀԴՄ կտրոն չեն պահանջում։ Իհարկե, անժխտելի է, որ կտրոն պահանջողների և ինքնակամ տպողների թիվը հեղափոխությոնից հետո շատ-շատ աճել է, բայց ես նկատում եմ, որ դեռ մարդիկ կան, որ չեն պահանջում` հատկապես երիտասարդները։

Գրեթե համոզված եմ, որ իրազեկվածության խնդիր չկա։ Վարչապետն անձամբ է իր խոսքում կարևորել կտրոն պահանջելու կարևորությունը, բազմաթիվ անգամ է շեշտվել, որ վերջերս ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը բարձրացվել են հենց պահանջված մեծաքանակ կտրոնների շնորհիվ։

Հետևաբար, ինչու՞մ է կայանում խնդիրը։ Հեղափոխությունից առաջ իրավիճակն այլ էր։ Մարդիկ չէին վստահում իշխանություններին և չգիտեին, թե ինչ կլինի այդ հարկերից հավաքված գումարի հետ։ Քաղաքացին վատ էր զգում գնալ, տնտեսվարողից ամեն անգամ «վերցնել» այդ մի քանի հարյուր դրամը ու տալ «Սերժին»։ Ինչ-որ տեղ սա հասկանալի է։

Քանի որ հիմա իշխանությունների հանդեպ կա մեծ վստահություն, և նման խնդիր չկա, ենթադրում եմ, որ մարդիկ հին իներցիայով են վարվում ու այնքան չեն պահանջել, որ հիմա դժվար է նրանց համար։ Բայց սա չի արդարացնում  նրանց (չ)արածը։ Ես ՀԴՄ կտրոն պահանջելը համարում եմ մարդու քաղաքացիական պարտքը։ Ես երբեք չեմ կարող հասկանալ այն մարդուն, ով իմանալով, որ ՀԴՄ կտրոն պահանջելը ուղիղ ազդում է իր, իր հարազատների, հարևանների բարեկեցության վրա, չի պահանջում։

Մենք չպետք է թույլ տանք, որ որևէ մեկի ապօրինի գործելաոճի պատճառով, տուժի մեր պետությունը, մեր բարեկեցությունը։ Ընդհանրապես, մենք պետք է մերժենք ցանկացած ապօրինություն մեր շրջապատում։

Եկեք հարցին նայենք նաև ոչ թե արժեքային, այլ անձնական տեսանկյունից։ Յուրաքանչյուր ընտանիքում էլ կա հարկ վճարող ՝ մեկը առևտուր է անում, մյուսը՝ աշխատավարձից, մյուսը՝ այլ կերպ։ Ես, օրինակ՝ ամեն ամիս իմ աշխատավարձից հարկ եմ տալիս մոտ 50․000 ՀՀ դրամ, այդ դեպքում ինչո՞ւ ես չպետք է խանութից պահանջեմ կտրոն, որով մի քանի հարյուր դրամ կուղարկեմ պետբյուջե։ Չէ՞ որ անարդար կլինի, որ ես հարկ վճարեմ, մյուսը՝ ոչ։ Գոնե այս մտածելակերպով, եթե ոչ արժեքային, պետք է առաջնորդվի քաղաքացին ու հետո մանրադիտակով հետևի, թե ինչպես է այդ հավաքված գումարը ծախսում կառավարությունը։

Եթե անկեղծ ասեմ, փոքրիկ մոնիթորինգ եմ արել և պարզել, որ իմ շրջապատից հիմնականում այն մարդիկ են ասում իբր Նոր Հայաստանում բան չի փոխվել, ովքեր երբեք ՀԴՄ կտրոն չեն պահանջում։ Սա արդեն ինքներդ դատեք։

Ես կարելի է ասել, ամեն օր, ամեն տեղ քարոզում եմ, որ պետք է ՀԴՄ կտրոն պահանջել։ Հույս ունեմ՝ այս հոդվածը շատերին մտածելու տեղիք կտա ու կհամոզի, որ այսուհետ կտրոն պահանջեն։

sona ghavalyan

Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթը

Ճիշտ է, ավարտվեց ավանդույթ դարձած Հաղարծնի հոգևոր-մշակութային ամենամյա շաբաթը, բայց այդ օրերի ամենաջերմ հուշերը արևավառ մնացին:

Մեր Հաղարծինը հոգևոր-մշակութային հարուստ ժառանգություն ունի։ Կանաչազարդ պատմություն ունի՝ քարերին թողած, խորհուրդ խորին ունի իր մեջ և ապրելու հավիտենավառ տենչ։ Մենք հնարավորինս շատ ջերմություն ու լույս պիտի տանք, որ հազարամյակներով ապրի ու շարունակի ծաղկել բազմադարյան պատմություն ունեցող մեր վանքը։ Տավուշ աշխարհի «սիրո քաղաքը» պիտի շարունակի պատմություն կերտել, որտեղ աշխարհիկն ու հոգևորը կխաչվեն իրար, և երկնային արդար սիրո կենարար լույսով կհամակվեն ամենքը։ Ու պիտի ամեն տարի Հաղարծինն ավելի մեծ թվով կանաչ շապիկավորների թևաբաց իր գիրկն առնի, իսկ իր կամավոր-կամակոր ընկերներն անպարփակ սեր պիտի տան ու հոգևոր անսպառ ջերմություն առնեն նրանից։

Այս տարի Հաղարծինը՝ մեր հույսի ու լույսի քաղաքն իր գիրկն ընդունեց ութսուն կամավորների։ Ութսուն երիտասարդներ՝ ստեղծագործ, շնորհաշատ, ողջախոհ ու կենսասեր, հնարավորություն ունեցան լավագույնս ինքնադրսևորվելու, ինքնահաստատվելու ու ինքանաճանաչվելու։ Յոթ կենսաթրթիռ ու կանաչերանգ օրերը մեզ ավելին տվեցին, և մեր էության մեջ ամբարվեցին հոգևորն ու աշխարհիկը։ Լուսապայծառ ընկերներ գտնելը, հոգևոր աշխարհին մերձենալը, Տավուշ աշխարհի բնության սքանչության մեջ ապրելը վեհացրին հոգեպես։

Իրապես շնորհակալ եմ ապրող Հաղարծնին ու կամավոր-կամակոր ընկերներներիս այլուն-փայլուն գույներ ու կարոտավառ հուշեր ընծայելու համար:

Գևորգ Սարգսյանի հոբելյանական ցերեկույթը

Նռանէ մանկապատանեկան թատրոնի հեղինակությամբ՝ օգոստոսի 17-ին Արշակունյաց 5 հասցեում տեղի ունեցավ խորհրդահայ դրամատուրգ Գևորգ Սարգսյանի ծննդյան 85 և ստեղծագործական գործունեության 65-ամյա հոբելյաններին նվիրված ցերեկույթ, որը կոչված էր լինելու հոգեհարազատների հանդիպում, քանի որ դահլիճում էին հոբելյարի ընկերներ, գործընկերներ, հարազատներ ու արվեստի երկրպագուներ:

Միջոցառմանը ներկա էին պատվիրակություններ Համահայկական գրողների միությունից՝ գրող Աբգար Ափինյանի գլխավորությամբ, Կալիֆորնիայի հայ գրողների միությունից՝ բանաստեղծ Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվ. պետական դրամատիկական թատրոնից՝ հանձին թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ գրող, երգիծաբան Հրանտ Հորիզոնը, Հայաստանի գրողների միության անդամ, բեմադրիչ, պրոֆեսոր Ռուբեն Մարուխյանը, թատերագետ Գարիկ Ղազարյանը և ուրիշներ: Միջոցառմանը իր գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկավ երգիչ Արծրուն Անանյանը:

Միջոցառումն անցավ ջերմ ու հարազատ միջավայրում՝ հագեցած թատրոնի ու արվեստի ապրեցնող շնչառությամբ, որի համար շնորհակալ ենք բոլոր ներկաներին:

 

Երկու խոսք Գևորգ Սարգսյանի մասին

Առաջին մասնագիտությամբ գյուղատնտես Գևորգ Սարգսյանը մուտք գործեց հայ թատերական աշխարհ հեռավոր 1950-ականներին, որ գյուղատնտեսի հոգատարությամբ դառնար ու մնար արվեստի այս երկու ճյուղերի հոգատար մշակը, ով իր արդար աշխատանքով է վաստակել այն սերն ու հարգանքը, որը կա և որի ցայտուն վկայությունն է դեռևս խորհրդային տարիներին միության գրեթե բոլոր երկրներում ռեկորդային քանակով բեմադրվելը:

Այո՛, Գևորգ Սարգսյան դրամատուրգը գալիս է տասնամյակների հեռուներից՝ իր հետ բերելով նոր շունչ ու զարթոնք թատերագրական գրականության այն ժանրերում, որոնց կրողն ու պահպանողն է ահա արդեն վեցուկես տասնամակ:

Որտեղի՞ց է գալիս Գևորգ Սարգսյանը և ի՞նչ ուղեբեռով. Գևորգ Սարգսյանը գալիս է մեր պատմական անցյալից՝ ծանոթացնելու մեզ մեր անմահների հետ: Հենց Գ. Սարգսյանի միջոցով ենք կենդանություն առած տեսնում և ծանոթանալու առիթ ունենում Խորենացու, Մաշտոցի, Նարեկացու, Րաֆֆու, Թումանյանի ու նրանց խորախորհուրդ մտորումների հետ՝ տեսնելով նրանց կյանքն ու ապրումները, որոնք հանրագիտարանային չոր տեղեկատվությունից դուրս են ժայթքել Գ. Սարգսյանի գրչի միջոցով:

Որտեղի՞ց է գալիս Գևորգ Սարգսյանը և ի՞նչ ուղեբեռով. Նա գալիս է վեցուկես տասնամյակների հեռուներից՝ բերելով իր հետ այն խորհուրդը, որը մատուցում է մեծի իրավունքով իր նոր կատակերգական «Թակարդներ երիտասարդ զույգի համար» ժողովածուի պիեսներով, որոնք այժմ տպարանում են և շուտով կհանձնվեն գրասեր հասարակության դատին:

Գևորգ Սարգսյանը 85 տարեկան: Կենսախինդ ու հոգատար արվեստագետը հիրավի ապրել է այնպես, որ կյանքի վայրիվերումներն ու բարդությունները չեն կորացրել նրա ուսերը, և այսօր էլ, այս պատկառելի տարիքում նա շարունակում է իր առաքելությունը, իր արվեստապահպան գործունեությունը:

Երջանիկ ենք, որ Նռանէ մանկապատանեկան թատրոնի և անձնապես մեր կողքին ունենք Գևորգ Սարգսյան արվեստագետին ու բարեկամին, ում հոգատար վերաբերմունքը չի սպասեցնում երբեք:

Շնորհավորելով հոբելյարին ծննդյան 85 և ստեղծագործական կենսագրության 65 ամյակների առթիվ՝ մաղթում ենք նրան երկար տարիների կյանք ու առողջություն, իսկ նրա գրչին՝ անսպառ թանաք, որպեսզի շարունակի սնուցել հայ ժամանակակից դրամատուրգիայի արմատները:

anna khachatryan

Ինչի մասին կգրեի

-Եթե թերթում աշխատեիր, ինչի՞ մասին կգրեիր,- Քրիստինե Ալագուլյանը հարցրեց:

-Ես..ես..,-խոշոր աչքերս մերթ հառում էի նրա դեմքին, մերթ դողացող ձեռքերիս, այդ պահին թպրտացող սրտիս անհամաչափ զարկերն էի միայն լսում,- ես կգրեի սահմանում ապրող հերոսների մասին, կասեի, որ այն, ինչ անում է հակառակորդի դիրքերից մի քանի մետր այս կողմ ապրողը, երբեք չի անի սահմանից կիլոմետրերով հեռու ապրող որևէ մեկը, կխոսեի…

-Բավական է, ո՞ր մարզից ես:

-Տավուշի,- այդ պահին ո՛չ դողում էի, ո՛չ այս ու այն կողմ նայում, միայն մտածում էի՝ ինչ կլինի հաջորդ հարցը:

-Ապրե՛ք դուք, սահմանապահնե՛ր…

Ասաց ու այդ հարցի դիմաց հինգ նշանակեց: Մի քանի րոպե էլ, և վե՛րջ:

Քննասենյակից դուրս գալուց հետո հիշեցի մի դեպք, որն ապացուցում է ասածս:

…Օգոստոսն էր, չեմ հիշում՝ տասնհի՞նգ, թե՞ տասնվեց թվականի: Բարեկամուհիս մի քանի օրով գյուղ էր եկել՝ հանգստանալու: Ճաշեցինք, զրուցեցինք, հիշեցինք անցած-գնացած օրերը: Երեկո էր արդեն, այգում նստեցինք՝ մաքուր օդ շնչելու: Ոչ մի ձայն չէր լսվում, այնքան միապաղաղ ու հանգստացնող էր այդ լռությունը, բայց հանկարծ ամեն ինչ չքացավ վայրկենապես. թշնամին սկսեց կրակել…

Մինչ մենք կվազեինք հեռուստացույցը միացնելու, որպեսզի նորություններն իմանանք, աչքս ընկավ բարեկամուհուս պայուսակի վրա. նա մեծ արագությամբ իրերն էր հավաքում, որ հաջորդ օրը վերադառնա քաղաք:

«Եթե նա մեկ օր անգամ չկարողացավ մնալ սահմանին մոտ գյուղում, ապա ողջ կյանքն այնտեղ ապրող մարդիկ ի՞նչ ասեն. այն մարդիկ, ովքեր սիրելի ֆիլմ չունեն, որովհետև իրենց կյանքն արդեն իսկ  ֆիլմ է, այն մարդիկ, ովքեր թշնամու նշանառության տակ հող են մշակում, քարից հաց քամում: Այդ մարդիկ խորն արմատներով կառչած են իրենց ՀԱՅՐԵՆԻ հողին…»

Երանի այս դեպքը հասցնեի պատմել Ալագուլյանին…